Բարի Հովվի մասին առակը
(Հովհ. 10: 1-16)
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է և ավազակ. իսկ ով դռնով է մտնում, հովիվ է ոչխարների: Դռնապանը նրա համար բացում է դուռը, և ոչխարները լսում են նրա ձայնը. նա իր ոչխարներին անուններով է կանչում և նրանց դուրս է հանում: Եվ երբ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջևից է գնում, և ոչխարները հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը: Օտարի հետևից չեն գնա, այլ կփախչեն նրանից, որովհետև չեն ճանաչում օտարների ձայնը»: ... «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Ես եմ ոչխարների դուռը: Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու ավազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին: Ես եմ դուռը. եթե մեկը Իմ միջով մտնի, կփրկվի. կմտնի ու կելնի և ճարակելու բան կգտնի: Գողը գալիս է միայն, որպեսզի գողանա, սպանի և կորստյան մատնի. Ես եկա, որպեսզի կյանք ունենան և` առավել ևս ունենան: Ես եմ լավ Հովիվը. լավ հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար: Իսկ վարձկանը, որ հովիվ չէ, և ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին և փախչում: Եվ գայլը հափշտակում է նրանց ու ցրում. քանի որ վարձկան է, և ոչխարների համար հոգ չի տանում: Ես եմ լավ Հովիվը. և ճանաչում եմ Իմ ոչխարներին ու ճանաչվում նրանցից: Ինչպես Հայրը Ինձ ճանաչում է, Ես էլ ճանաչում եմ Հորը. և Իմ կյանքը կտամ Իմ ոչխարների համար: Ես ունեմ նաև այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց ևս պետք է այստեղ բերեմ. և Իմ ձայնը պիտի լսեն. և պիտի լինի մի հոտ և մի Հովիվ»։
Մեկնություն
Գողերը սուտ քրիստոսներեն են, իսկ վատ վարձկանները՝ սուտ վարդապետները, դպիրներն ու փարիսեցիները, ովքեր ձևացնում են, թե հովվություն են անում ժողովրդին, բայց չեն պաշտպանում։ Ավելի շատ ուզում են օգտվել ժողովրդի կաթից ու բրդից, քան թե հոգալ ժողովրդի օգուտն ու բարեկեցությունը:
Հիսուս Քրիստոս Իր սքանչելի խոսքի մեջ Ինքն Իր մասին վկայում է, որ Բարի է` վկայակոչելով կիր գործերը: Նախ Տերը ներկայացնում է գող-ավազակի տարբերակիչ առանձնահատկությունները. գողը չի մտնում դռնով, այսինքն` Սուրբ Գրերով, քանզի նրանցով մենք մերձենում ենք Աստծուն, և նրանք են մեզ ապահով պահում Աստծո տուն` Սուրբ Եկեղեցի` ճշմարիտ գիտությամբ: Ուստի, գողը Սուրբ Գրերով չի մտնում ոչխարների փարախը` նրանց համար հոգ տանելու, այլ ուրիշ` ապօրինի, ճանապարհ է հարթում իր համար: Իսկ Հովիվը ներս է մտնում Սուրբ Գրքով, և դռնապանը Նրա համար բացում է դուռը: Դռնապանը Սուրբ Հոգին է: Նրանով` ճշմարիտ գիտության և իմաստության Հոգով, բացվում են Գրերը, որոնցով Տերը` որպես հովիվ, հոգ է տանում մեր մասին` մտնելով մեր հոգիները: Բացի դրանից, երե դուռ ասելով ի նկատի ունենք աստվածային գրվածքների խոսքը, և Տերն Ինքը Խոսքն է, ապա կարող է և Դուռ կոչվել: Ով այս դռնով Հոր մոտ կմտնի ու Նրա ոչխարը կդառնա` կփրկվի:
Ու ոչխարները լսում են Հովվի ձայնը և գնում Նրա հետևից: Իսկ փարիսեցիներն ու հրեա ժողովուրդը չհետևեցին Նրան և դրանով իրենց համար վկայեցին` թե «ոչխարներ» չեն, այլ` «այծեր»: Եվ այն ժամանակ Քրիստոս առանձնացրեց Իր գառներին և դուրս բերեց անհավատների միջավայրից: Այսօր էլ Նա գնում է գառների առջևից և նրանց տանում դեպի Ճշմարտություն: Այդպես և Իր աշակերտներին առաքեց, «որպես ոչխարներ` գայլերի մեջ» (Մատթ. 10:16):
Ասելով` թե «օտարի հետևից չեն գնա», Տերը ցույց է տալից, որ ստախոսների մահվանից հետո ոչ ոք նրանց չի հետևի: Իսկ Քրիստոսի հետևից և´ Նրա կենդանության օրոք, և´առավել ևս մահվանից հետո ամբողջ աշխարհը գնաց (Հովհ. 12:19):
«Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան» խոսքը մարգարեների մասին չասաց, այլ` Թևդասի և Հուդայի (տե´ս` Գործ. 5:36-37), և այլ խառնակիչների, քանզի «ոչխարները նրանց չլսեցին», իսկ մարգարեներին լսում էին, ովքեր Քրիստոսին հավատացին, նրանց միջոցով հավատացին: Ասում է` «եկան», և ո´չ` «առաքվեցին», քանզի մարգարեները գալիս էին` Աստծուց առաքված լինելով, իսկ սուտ մարգարեները, վերոհիշյալ խառնակիչների նման, ինքնագլուխ իրենց մոլորությունն էին քարոզում, և Աստված նրանց մասին է ասում. «Ե´ս չուղարկեցի այդ մարգարեներին, սակայն նրանք գնում էին» (Երեմ. 23:21):
Գայլը սատանան է, որ Սուրբ Գրքում կոչվում է նաև առյուծ (Ա Պետ. 5:8), կարիճ (Ղուկ. 10:19), օձ (Ծննդ. 3:1), իժ, քարբ և վիշապ (Սաղ. 90:13): Նա «հափշտակում է» ոչխարին, երբ կլանում է մեկնումեկին չար գործերով, «ցրում է», երբ չար խորհուրդների միջոցով խռովեցնում է հոգին: Նրա ծառայակիցները` սուտ մարգարեները, աղանդավորներն ու պառակտողները, գալիս են «ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են» (Մատթ. 7:15):
Ոչխարների համար Իր անձը վտանգելու մասին խոսելով` Հիսուս բացատրում է փրկագործության խորհուրդը. «Լավ հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար»: Այսպես և Քրիստոս խաչվեց, որպեսզի փրկի բոլոր հավատացյալներին, ովքեր լսեցին Նրա զայնը: Տերն ասաց. «Ես եկա, որպեսզի կյանք ունենան», և այժմ Քրիստոսի մեջ բոլորը կյանք ունեն, քանզի բոլորն էլ հարություն պիտի առնեն և պիտի ապրեն, «և` առավել ևս» Երկնքի Արքայությունը կստանան: Ապա ասում է. «Իմ կյանքը կտամ Իմ ոչխարների համար», նշելով, որ տանջանքների է գնում ոչ թե բռնությամբ, այլ` կամավորապես. «Այն ինձնից ոչ ոք չի վերցնում, այլ Ես Ինքս եմ այն տալիս» (Հովհ. 10:18): «Ճարակելու բանը» գալիք վայելչությունն ու հանգիստն է, ուր Տերը մտցնում է մեզ, ըստ մարգարեի խոսքի. «Տերն իմ հովիվն է, և ինձ ոչինչ չի պակասի» (Սաղ. 22:1):
«Ես ունեմ նաև այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն», - ասում է Տերը: Այստեղ հիշված ոչխարների գավիթը Իսրայելի փարախն է, հրեա աստվածածանոթ ժողովուրդն է, որի անձնատուր և փրկագործ Հովիվը Մեսիան է, իսկ այս փարախից դուրս գտնվողները հեթանոսներն են, ճշմարիտ Աստծուն չճանաչող և կուռք պաշտող ժողովուրդները։ «Նրանց ևս պետք է այստեղ բերեմ», - ասում է Տերը, - «և պիտի լինի մի հոտ և մի Հովիվ»: Քանզի Քրիստոսի մեջ «խտրություն չկա ո´չ հրեայի և ո´չ հեթանոսի» (Գաղ. 3:28), այլ բոլոր ունեն մեկ պատկեր, մեկ կնիք մկրտության, մեկ Տեր` Բանն Աստծո և Աստված, քանզի նույնն է Աստված Հին և Նոր Կտակարանների:
(Ըստ հայ նշանավոր Մաղաքիա Օրմանյանի «Համապատում» գրքի և Մոսկվայի պատրիարք Ֆիլարետի խրատներից)