Հիսուս Քրիստոս իր կյանքով ու գործով մեզ սիրո և դրանից բխող ողորմության, հոգատարության լավագույն օրինակն է տալիս: Նա առանձնակի հոգածություն ու խնամատար վերաբերմունք է ցուցաբերում կարիքավորների նկատմամբ: Այս առումով առանձնահատուկ է Ղուկասի ավետարանը, որ ընդգծում է Հիսուսի կարեկցանքը բոլոր նրանց հանդեպ, ովքեր լավ հասարակությունից դուրս են գտնվում: Այդօրինակ մարդկանց շարքին են դասվում՝ աղքատները, հիվանդները, դիվահարները, մաքսավորները, երեխաները: Դիտարկման համար որպես նմուշ-օրինակ վերցնենք բարի սամարացու առակը (Ղուկ.10:33): «Գթալ», «կարեկցել» բայը հունարեն այն բառի թարգմանությունն է, որը կազմված է «աղիք» բառարմատից, և բառացիորեն նշանակում է «նրա աղիքները շարժվեցին»: Ղուկասի ավետարանում այս բառը գործածված է Աստծո համար. «Աստված իր գթառատ ողորմությամբ իբրև Արեգակ՝ երկնքից պիտի ծագի մեզ վրա» (Ղուկ 1:78), Հիսուսի համար. «Երբ Տերը կնոջը տեսավ, գթաց նրան և ասաց. “Մի լար”» (Ղուկ 7:13), Անառակ Որդու առակի հոր համար. «Հայրը տեսավ նրան և գթաց» (Ղուկ 15:20): Բարի սամարացու առակի մեջ սամարացին միակն է երեք անցորդների մեջ, ով նկատում է մահամերձ մարդուն և գթում է նրան: «Գթալ» բայի վերոնշյալ ստուգաբանությունը մատնանշում է ծնողական հարաբերությունը, հատկապես մայրական, երբ մայրը տեսնում է իր զավակին վտանգի մեջ: Սամարացին իր խնամքով նրան կյանք է վերադարձնում, նրան վերաբերվում է որպես ծնող: Առակի պատգամն այն է, որ հավիտենական կյանքը ժառանգելու, այսինքն՝ Աստծո կողմից որդի համարվելու պայմանը մերձավորի հանդեպ հայրական կամ ծնողական վերաբերմունք ցուցաբերելն է: Այլ խոսքով՝ ով իրեն կդրսևորի հոր պես, Աստծո հետ կմտնի որդիական հարաբերության մեջ:
Հիսուս և աղքատները
Ավետարանական ժամանակաշրջանում բնակչության գերակշռող մասը պատկանում էր սոցիալական ցածր խավին, նրանք, ովքեր ապրում էին գյուղական վայրերում և ոչ միայն մեծ ունեցվածք չունեին, այլև քաղաքական ուժ և ազդեցություն: Իրական աղքատները Հիսուսի ժամանակ մուրացկաններն էին, ովքեր ապավինում էին մյուսների օգնությանը: Նրանք գրեթե վտարված էին համայնքից և որևէ սոցիալական հարգանք չունեին: Աղքատությունը հաճախ ուղեկցվում էր հիվանդությամբ, կուրությամբ, անդամալուծությամբ, հաշմանդամությամբ: Պատմական ուսումնասիրության համաձայն՝ Հիսուսի հետևորդները մեծավ մասամբ հենց ցածր կամ հասարակ խավից էին: Նոր Կտակարանում չկա մեկ ուրիշ ավետարան կամ գիրք, քան Ղուկասի ավետարանը, որ այդքան ընդարձակորեն անդրադառնա Հիսուս Քրիստոսի պատգամի սոցիալական բովանդակությանը: Դիտարկենք մեկ դրվագ Ղուկասի ավետարանից: Կույր մուրացկանի բժշկումը (Ղուկ. 18:35-43): Երիքով մտնելու ճանապարհին Հիսուս և նրան ուղեկցող բազմությունը հանդիպում են մի մուրացկան կույրի: Երբ վերջինս իմանում է, թե ով է անցորդը, աղաղակում է. «Հիսուս, Դավթի Որդի, ողորմիր ինձ»: Կույրը Հիսուսից հենց սկզբից տեսողություն չէր խնդրում, այլ ողորմություն: Իսկ ողորմություն խնդրելը նրա գործն էր, նրա ապրուստի միակ միջոցը, քանի որ նա չէր տեսնում, հետևապես և չէր կարողանում քայլել: Նկատում ենք Հիսուսի ուղեկիցների վերաբերմունքը կույր մուրացկանի նկատմամբ. «Առջևից գնացողները սաստեցին նրան, որ լռի»: Սակայն Հիսուս անտարբերություն չի դրսևորում և կարգադրում է նրան իր մոտ բերել: Հիսուս կույրին չի հարցնում, թե՝ «ինչ ես ուզում, որ քեզ տամ» կամ «ինչքան ես ուզում որ քեզ տամ», այլ՝ «Ինչ ես ուզում, որ քեզ համար անեմ»: Հիսուս վերստին կյանք է վերադարձնում կույր մուրացիկին, որպեսզի վերջինս իր ձեռքի աշխատանքով հոգա իր ապրուստը:
Հիսուս և հիվանդները
Չորացած ձեռքով մարդու բժշկումը (Ղուկ 6:6-11): Հիսուս շաբաթ օրով ժողովարան է մտնում ուսուցանելու: Այնտեղ չորացած ձեռքով մի մարդ կար: Հիսուս ինքն է նախաձեռնություն դրսևորում անդամալույծին բժշկելու՝ հարուցելով Օրենքի Ուսուցիչների ու փարիսեցիների վրդովմունքը: Հիսուս ցույց է տալիս, որ շաբաթը մարդուն ազատելու համար է: Հիսուս պահում է շաբաթը, որովհետև կատարում է այն, ինչ Աստված էր արել՝ ազատելով Իսրայելին Եգիպտոսի գերությունից (Բ Օր. 5:15): Աստված Իսրայելին փրկել էր փարավոնի ձեռքից: Հիսուս էլ բարիք է գործում՝ կյանք ու շարժունակություն տալով անդամալույծի չորացած ձեռքին: Բժշկված մարդն անդամալույծ էր, քանի որ նրա ձեռքն անշարժացած էր, այսինքն՝ աշխատանքի անկարող էր, դատապարտված էր մշտական շաբաթի, կամ ավելի ճիշտ, զրկված էր շաբաթը պահելու կարողությունից, որովհետև շաբաթն ու հանգիստը հարաբերվում են շաբաթվա մյուս վեց օրերի աշխատանքի հետ: Հիսուս, հետևաբար, ոչ միայն ինքն է շաբաթը պահում, ոչ միայն փարիսեցիներին ու Օրենքի ուսուցիչներին է հրավիրում վերագտնելու շաբաթի ճիշտ իմաստը, այլև անդամալույծին է շաբաթը պահելու ունակություն պարգևում՝ վերադարձնելով նրան աշխատելու կարողությունը: Բորոտի բժշկումը (Ղուկ 5:12-14): Հիսուս արձագանքում է բորոտի խոսքերին. «Տեր, եթե ուզենաս, ինձ կարող ես մաքրել» (5:12) «Ուզում եմ, մաքրվիր» (5:13): Հիսուս ցույց է տալիս, որ իր կամքը համընկնում է իր զրուցակցի կամքին: Միևնույն փափագը նրանց մերձեցնում է: Հիսուսի զորությունը հանդիպում է մարդու տկարությանը: Հիսուս դիպչում է նրան: Բորոտները պատկանում էին սոցիալական այն խավին, ովքեր վտարված էին հասարակության միջից իրենց հիվանդության պատճառով, որը ոչ միայն վարակիչ էր, այլև Օրենքի համաձայն՝ անմաքրություն: Դիպչել բորոտի՝ նշանակում է սեփական անձը նրա հիվանդությամբ վարակելու վտանգին ենթարկել և, Օրենքի համաձայն, նրա անմաքրությունից պղծվել: Հիսուս, բժշկելով բորոտին, նրան լիարժեք կյանք և հասարակություն է վերադարձնում:
Հիսուս և մանուկները
Ավետարանիչներն առանձնացրել են մի գողտրիկ դրվագ՝ առնչված մանուկների հանդեպ Հիսուսի ունեցած վերաբերմունքին: Ոմանք մանուկներ են բերում Հիսուսի մոտ, որպեսզի վերջինս ձեռքը դնի նրանց վրա: Հիսուս, չնայած իր աշակերտների խոչընդոտին, ձեռքը դնում է մանուկների վրա և օրհնում է նրանց: Ավելին՝ Հիսուս մատնանշում է մանուկներին որպես օրինակ իրեն հետևողների համար. «ով Աստծո արքայությունը չընդունի մանկան պես, չի մտնի այնտեղ» (Մրկ. 10:15): Հետաքրքրական է Մարկոսի ավետարանի այս դրվագի կառուցվածքը: Այն սկսվում է հետևյալ նախադասությամբ. «Ժողովրդի միջից ոմանք մանուկներ բերեցին Հիսուսի մոտ, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա», և եզրափակվում է այսպես. «իսուս ձեռքը նրանց վրա դրեց»: Գործածված են գրեթե նույն բառերն ու արտահայտությունները, որոնք տեսնում ենք հիվանդների վերաբերյալ պատումների մեջ: Մանուկները նույնպես թույլ ու անպաշտպան են՝ հանձնված իրենց ծնողների կամ մեծահասակների խնամքին: Երկնքի արքայությունը, իրապես, հենց նրանցն է, ովքեր կարիքավոր են:
Տ. Ռուբեն աբեղա Զարգարյան