Աստված մարդուն իր պատկերով և նմանությամբ արարեց ու պատվիրանի միջոցով հնարավորություն տվեց մարդուն իր անձնիշխան կամքը բարու մեջ գործադրելով`ժառանգել երկնքի արքայությունը: Աստված ազնիվ վարվեց մարդու հետ, հակառակ դրան՝ մարդը պատվիրանազանց անազնիվ արարքով անհնազանդություն ցուցաբերեց, և Ադամն, երկրորդելով իր մեղքն անազնիվ պատճառաբանությամբ, Աստծուն մեղադրելով` ասաց. «Այս կնոջը, որ տվեցիր ինձ, նա տվեց ինձ ծառի պտղից, և ես կերա»: (Ծննդ. 3:12): Մարդը մեղքի պատճառով ոչ միայն երկնքի արքայությունից զրկվեց, այլև դրախտից արտաքսվելով՝ դատապարտվեց մահվան: Ժամանակների լրումին Աստված ուղարկեց իր Միածին Որդուն, Ով Իր վրա վերցնելով ամբողջ մարդկության մեղքը, խաչի վրա ինքնազոհաբերմամբ մեզ ազատեց մեղքի և մահվան իշխանությունից:
Աստված ուզում է, որ մենք բոլորս ազնիվ լինենք: Մարդն ազնիվ և արդար է այն ժամանակ, երբ ապրում է Աստծո կամքի համաձայն, պատվիրանների գործադրմամբ: Ազնվության և արդարության խտացումը մենք տեսնում ենք Ոսկե կանոնի մեջ. «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց, որովհետև այդ իսկ են Օրենքն ու մարգարեները» (Մատթ. 7:12):
Այս խրատի մեջ է ամփոփված ազնվության և արդարության անշեջ հուրը, որ արթնացնում է մեր թմրած խիղճը, ազնվացնում մեր մտածումները: Եթե մենք դժվարությունների, փորձությունների մեջ ենք, ցանկանում ենք, որ մարդիկ մեզ օգնեն, գութ, կարեկցանք և ողորմություն հանդես բերեն, որքանո՞վ ենք ազնիվ, եթե մենք նույն ցանկությունների մեջ չենք դիմացինի հանդեպ:
Մարդու ազնվությունը դրսևորման երեք հանգրվան ունի.
1. ազնվություն Աստծո հանդեպ (ամեն բան սկսվում է սրանից),
2. ազնվություն մարդկանց հանդեպ (արմատախիլ է անում երկերեսանիությունն ու կեղծավորությունը),
3. ազնվություն սեփական անձի հանդեպ (արմատախիլ է անում ինքնախաբությունը):
Այս երեքի առկայության դեպքում միայն կարելի է ասել, որ մարդն ազնիվ է: Առաջին հայացքից թվում է, թե ամենակարևորն առաջինն է, սակայն այդպես չէ: Առաջինից բխում են մյուս երկուսը, և եթե գործընթացը չի զարգանում՝ հասնելով բոլոր երեք հանգրվաններին, ուրեմն այդպիսի մարդու մասին դեռ չի կարելի ասել, որ ազնիվ է: Աստված ուզում է, որ մարդն ազնիվ լինի ամեն ինչում, ազնիվ լինի ինքն իր հետ, ազնիվ լինի ընտանիքում և բոլոր տեսակի մարդկային հարաբերություններում: Չէ՞ որ ազնվությունը նման է արդարությանը. ինչպես անհնար է լինել մի քիչ արդար, ճիշտ այդպես էլ անհնար է լինել մի քիչ ազնիվ: Եթե ազնիվ ես, ուրեմն՝ ամեն ինչում և ամեն բնագավառում:
Ս. Հակոբոս առաքյալը պատգամում է. «Եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել և չի սանձահարում իր լեզուն, այլ զբաղեցնում է իր սիրտն, այդպիսի մեկի համար զուր է բարեպաշտությունը» (Հակոբ. 1:26):
Աստվածաշունչն օգնում է մեզ ազնվության ու արդարության դռնով ներս մտնել: Աղոթենք Աստծուն ու խնդրենք, որ օգնի մեզ գտնել մեր բոլոր սխալներն ու թերությունները և ձգտենք հասնել ազնվության՝ Ս. Պողոս առաքյալի խոսքի համաձայն. « Ուզում ենք ամեն ինչում բարի ընթացք ցույց տալ» (Եբր. 13:18):
Կանցնեն մեր կյանքի օրերը, այս աշխարհն էլ իր ամբողջ փառքով կվերանա, բոլորս կկանգնենք Աստծո արդար դատաստանի առաջ: Երանի այն մարդուն, ով Ավետարանի կյանքն ապրելով՝ կլսի Աստծո ձայնը. «Ով բարի և ազնիվ ծառա´, ժառանգի´ր աշխարհի սկզբից քեզ համար պատրաստված Աստծո արքայությունը»:
Խորեն քահանա Մարուքյան