Մենք բոլորս ուղևորներն ենք միևնույն նավի, որը սահում է կյանքի ծովի վրայով: Արդյո՞ք նավաբեկության ժամանակ պատրաստ ենք մեր մակույկն ընդունել մարդկանց, ովքեր իրենց սեփական փրկօղակը չունեն: Արդյո՞ք պատրաստ ենք, մակույկի ծանրությունից խորտակման վտանգին ենթարկվելով հանդերձ, դեպի ափ գնալու համար ընկերակիցներ վերցնել հետներս:
«Սիրիր ընկերոջդ, ինչպես քո անձը». մեծագույն պատվիրանն է սա: «Ամբողջ մտքով, սրտով, հոգով ու զորությամբ» Աստծուն սիրողներն արդյո՞ք գործնականում կարողանում են ըստ պատշաճի արտահայտել իրենց սերը մարդո՛ւ հանդեպ:
Սերը միայն ժպիտ ու քաղցր խոսքեր չէ: Սերը պատասխանատվություն է և պարտականություն: Սերն աստվածանմանության մեր հատկորոշիչն է: Ի՜նչ հեշտ է սիրել, երբ դիմացինդ համակրելի է և երբևէ խնդիրներ չի ստեղծում քեզ համար: Որքա՜ն լավն է նա, ինչպե՜ս եմ ես սիրում նրան. որովհետև մշտապես, երբ կարիքը ունեմ, կողքիս է: Այդպես սիրել կարող ենք բոլորս: Քչերն են միայն, որ սիրում են ոչ թե հանուն իրենք իրենց, այլ հանուն սիրո առարկայի: Սիրում եմ, որովհետև այդ սերն անհրաժեշտ է քեզ: Որովհետև քո մեջ Քրիստոս է բնակվում: Իմ հացը կուլ չի գնում, երբ գիտեմ, որ Խաչյալ Տերը քաղցած ինձ է նայում: Առողջությունս խաթարվում է խղճի խայթով, երբ Քրիստոս տառապում է անբուժելի ցավից: Որքան էլ տաք հագնված լինեմ, սառը մի շունչ է սողոսկում մարմինս, երբ տեսնում եմ, որ աղքատ մի Ղազարոս ձյունն է կրում իբրև հագուստ: Այսպես ապրո՞ւմ ենք մենք: «Քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և ինձ ջուր տվիք` խմելու. օտար էի, և ինձ ձեր մեջ առաք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի և ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և այցի եկաք» (Մատթ. 25:35-36): Քրիստոս ասում է, որ յուրաքանչյուր մարդու հանդեպ հոգատարությունդ խնամք է նախ Իր` Աստծո Որդու հանդեպ:
Անցնում ենք մի մուրացիկի կողքով, հարյուր դրամ ենք դնում նրա գլխարկի մեջ և գոհացած մեր ազնիվ արարքից՝շարունակում ճանապարհը: Ինչ խոսք, դա բարեպաշտ մարդու արարք է: Բայց բարեպաշտությունը նվազագույն շեմ չի հանդուրժում:
Եթե ամբողջապես լինենք Քրիստոսի ծառան, այդ դեպքում միայն կլինենք մեր անձերի Տերը:
Երբևէ մտածե՞լ ենք` ինչո՞ւ է նա` փողոցում կուչ եկած այդ կիսամերկ ծերուկը, այդտեղ անցկացնում իր օրը: Հարյուր դրամ նվիրելով` մեր առաքելությունը նրա կյանքում արդյոք ավարտվե՞ց: Ո՞վ, եթե ոչ մենք, պետք է մեզ աղերսանքով նայող մարդուն ավելին ընծայենք, քան ինքը խնդրում է: Ի՞նչ ունենք դրամից բացի, որ կարող ենք նվիրել նրան` թեկուզ փոքր-ինչ էլ ինքներս մեզ նեղություն պատճառելով: Իհարկե ժամանակ և հոգու ջերմություն: Չէ՞ որ Աստված Հավիտենությունից պոկել և մեզ` մարդկանցս է նվիրել ժամանակի մի երկար ու չընդհատվող շղթա: Այդ խորհրդավոր ու հրաշալի շղթայից մեկ օղակ ինչո՞ւ չտանք նրան, ում համար երբեք ոչ ոք ժամանակ չի ունենում: Նրա համար անտեսված լինելն այնքան սովորական է դարձել, որ երբ մոտենաս և գումարից բացի մեկ այլ օգնություն առաջարկես, գուցե վախենա` կարծելով, թե ուզում ես վնասել իրեն: Հոգատարություն պարտադրել թերևս պետք չէ, բայց առաջարկելը պարտադիր է: Շտապում ենք չէ՞, շատ գործեր ունենք: Իսկ ի՞նչ կլիներ, եթե Աստված էլ մեզնից խնայեր հոգատարության իր ժամերը: Այն, ինչ ունենք, պարգև է Տիրոջից: Անենք այնքան, որքան առավելագույնս կպատի մեր ուժը:
Նրա՛ ընկերն ենք մենք, ում գահավիժելուց ոչ թե պետք է կանգնենք գլխավերևում ու կարծիքներ հայտնենք ընկնելու պատճառների ու հետևանքների մասին, այլ ձեռք մեկնենք, անգամ եթե նրա անկման ուժը կարող է կորացնել մեր մեջքը կամ ծալել մեր ծնկները:
Ես այսօր էլ չեմ մոռանում այն ծերուկին, ում տեսա տարիներ առաջ. մտավ ճաշարան, որտեղ ես ընթրում էի, և խոհարարից ուտելու բան խնդրեց: Նա երևի հաճախ էր այդպես վարվում` գումար չունենալով հանդերձ, որովհետև աշխատակցուհին բարկացավ և փորձեց նրան դուրս հրավիրել: Համառությունը ծերուկին ուղեկցեց դեպի սրահի խորքը, սեղաններից մեկի մոտ նստեց և հրաշքի էր սպասում: Ես շարունակում էի ընթրել, իսկ նա նայում էր. քաղցած մարդը, ում նույնպես, ինչպես ինձ և յուրաքանչյուրին, արարել է մեր Տերը: Եվ եթե ե՛ս չեմ նրա փոխարեն քաղցած ու ցնցոտիավոր, դա իմ արժանիքը չէ, այլ Նրա բարի կամքը, ով ստեղծել է ինձ այնպիսին, ինչպիսին ե՛մ: Այդ պահին մտածում էի` ահա, Քրիստոս է նայում ինձ. հիշեցի ավետարանական հատվածը` «Քաղցած էի և ինձ ուտելիք տվիք»:
Այնուհետև վեր կացա, վճարեցի ընթրիքիս գումարը և… դուրս եկա ճաշարանից:
…Ո՞ւմ էր հարկավոր սուրբգրային այդ տողերի իմացությունս, եթե ես կյանքի չկոչեցի այն: Ցայսօր այդ մարդու աչքերով ինձ է նայում Քրիստոս, ում քաղցած թողեցի ճաշարանում` բազմատեսակ ուտեստների հարևանությամբ…
Այն դրամը, որով պետք է նրա համար որևէ ուտելիք գնած լինեի, ոզնու նման երկար ժամանակ գլորվում էր խղճիս տափաստանում:
Մաքուր խղճից ավելի մեծ հարստություն մարդը չի կարող ունենալ: Աստծուց ստացած մեր պարգևներից առավելագո՛ւյնը պետք է վերադարձնենք Տիրոջը, որին փառք Իր բոլոր բարիքների համար:
Տերը թող օգնի, որ բոլորս զգանք հանդարտ խղճով ապրելու բերկրանքը:
Տեր Եղիշե քահանա ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ
Սկզբնաղբյուրը՝ «Շողակն» երկշաբաթաթերթ