Այսօր ամենքս հոգևոր երջանկությունն ունենք աստվածային օրհնությանն արժանանալու կենարար այս ավետիսով. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»: Տիրոջ Ծննդյան ավետիսը մեր փրկության գրավականն է: Սակայն աշխարհը, որի փրկության համար Քրիստոս մարդացավ, չցանկացավ ընդունել Փրկչին: Այս իմաստով, օրվա խորհուրդը ոչ միայն ներկայացնում է աստվածային տնօրինության հրաշալի մի պատմություն, այլ նաև դատապարտում մարդկային հոգու տկարությունն ու չարիքը: Չէ՞ որ, ինչպես այն ժամանակ այնպես էլ այսօր, մարդիկ շարունակում են մերժել Քրիստոսի փրկության հրավերը, թեև մասնակցում են Սուրբ Ծննդյան տոնակատարություններին, սակայն ավելի կարևորում են տոնի արտաքին կողմը: Ոմանց համար այս տոնն առիթ է խնջույքի, շնորհավորանքներ կամ նվերներ ընդունելու, միմյանց տներ այցելելու, ոմանց համար էլ` Քրիստոսի Ծննդյան մասին խոսելու և այդ պատմության մեջ սեփական փրկությունը տեսնելու:
Շատ հեշտ է պատմել Քրիստոսի ծննդյան մասին, սակայն եկեք փորձենք հասկանալ, թե ի՞նչ հրաշք է Աստծո հայտնությունն այս աշխարհում, որտեղ տիրապետող են կուռքերի վերածված բազմաթիվ նյութական արժեքներ: Ու այս բազմազանության մեջ ինչպիսի սխրանք է պահանջվում յուրաքանչյուր քրիստոնյայից՝ ընտրելու Ճշմարիտը, Սերը, Փրկությունը, սեփական օրինակով պատմելու մարդացած Փրկչի մասին: Օրվա խորհրդի ողջ հանճարեղությունն այն է, որ խոսքը գնում է Հին Կտակարանի Աստծո մասին` Իր բոլոր ստորոգելիներով. Արարիչ, Տեր, Փրկիչ, Ամենակալ, Ահեղ, Զորավոր, Հավիտենական, Աստված, Ում գահը երկինքն է և ոտքերի պատվանդանը` երկիրը: Աստված, Ով սիրում ու պատժում է, Ում ծառայում են հրեշտակները, արևն ու լուսինը: Ահա ա՛յս Աստված ծնվեց Ս. Կույսից մի փոքր մսուրում: Այս ամենով հանդերձ, դժվար է մարդու պատկերացումներն Աստծո մասին համախմբել և համեմատել Բեթղեհեմյան մսուրում ծնված և ապաստանած Մանկան հետ: Մեզ մնում է ծնկի իջնել և երկրպագել այդ Մանկանը, ինչպես հովիվներն ու մոգերը:
Իրապես սա հրաշք է, հրաշք, որ այսօր հայտնվում է մեզ, բայց հաջորդ օրը մոռանում ենք, քանի որ սովոր չենք, վախենում ենք ապրել հրաշքով: Այդ հրաշքը Աստվածորդու ծննդով սկսված այն նոր կյանքն է, որը մեզ առաջնորդում է հրաժարվել մեղքից ու չարիքից և ապրել աստվածահայտ կյանքով` Աստծո շնորհով ու ողորմածությամբ:
Մանուկ Հիսուս իր ծննդյան պահից գրկեց ողջ աշխարհը, մարդկանց` աստվածային Իր սիրով փրկության առաջնորդելու և պահպանելու համար:
Այսօր երկիրը երկինք դարձավ: Երկինքն այն տեղն է որտեղ ներկա է Աստված: Աստված մեզ հետ է, ինչը նշանակում է, որ մեր փրկությունը դարձավ իրական, ինչպես մեր կյանքն է իրական:
Օրվա խորհուրդը հաստատում է այն ճշմարտությունը, որ Աստծո փառքը կատարյալ մարդն է, իսկ մարդկային կատարելությունը` աստվածահաճո կյանքը:
Ոչ ոք Աստծուն չստիպեց մարդանալ, ոչ ոք չի կարող Աստծուն երկնքից երկիր իջեցնել, մենք միայն կարող ենք ընդունել Տիրոջը, Նրա սերն ու շնորհները: Ընդունել՝ նշանակում է հավատալ, պայքարել, մերժել չարիքը և մեր ազնիվ ընթացքի ու զգացումների պտուղները ընծայաբերել Մանուկ Հիսուսին: Թե ի՛նչ ընծաների մասին է խոսքը, պարզ է դառնում, երբ հիշում ենք հովիվներին, ովքեր իրենց անկեղծ հավատքի ու վստահության մեջ ստացան բարի ավետիսը: Հիշում ենք նաև իմաստուն մոգերին, ովքեր ոսկի, կնդրուկ և զմուռս ընծայաբերեցին Տիրոջը: Ոսկին խորհուրդն է մարդկային կյանքի ողջ գանձարանի, բոլոր արժեքների, այն ամենի, ինչ ունի մարդը, որոնք իմաստ ունեն, եթե Տիրոջ փառքին են ծառայում:
Որպեսզի կնդրուկը պիտանի լինի, պետք է կրակ: Այն անուշահոտություն է, որը ծխում է, եթե կրակ կա: Այդ կրակը մեր հավատքն է, մեր սերն ու նվիրումը: Զմուռսը խորհրդանիշն է սգի և հույսի, եթե մարդը սգում է իր չարիքների, մեղքերի համար, ապա ունի հույսը փրկության:
Չմոռանանք Հովսեփին, ով հանդես եկավ որպես պաշտպան և խնամող ոչ միայն Մարիամի, այլև Հիսուսի: Հովսեփը նախ Մարիամի հետ իր ամուսնությամբ պաշտպանեց Հիսուսին: Թույլ չտվեց, որ Մարիամը խայտառակվի և քարկոծվի, քանի որ հրեաները Աստվածածնին կմեղադրեին անառակության մեջ և կդատապարտեին: Հովսեփը հետևեց հրեշտակի հորդորին և ընդունելով Մարիամին իր հովանու ներքո, ընդունեց նաև Հիսուսին, մինչ Քրիստոսի ծնվելը դարձավ քրիստոնյա: Այսպիսով Հովսեփը թողեց Հին ուխտը հանուն Նորի։
Աշխարհը չցանկացավ ընդունել Մանուկ Հիսուսին, Բեթղեհեմում ոչ մի տաք անկյուն չգտնվեց Հիսուսի համար և Տերը ծնվեց քարայրում: Աշխարհն իր չարությամբ Աստծո համար քարայրից ու մսուրից բացի այլ բան չկարողացավ պատրաստել: Սա դեռ ամենը չէր, հալածանքները շարունակվեցին. Հերովդեսը փնտրում էր մանկանը՝ սպանելու համար, ուստի սուրբ ընտանիքը ստիպված էր փախչել Եգիպտոս:
Ս. Ծննդյան տոնի ուրախությունն այս փորձությունները չեն, իհարկե, այլ այն, որ չնայած մարդիկ, աշխարհը, չարն իրենց ողջ դաժանությամբ մերժեցին Մանկանը և ցանկանում էին սպանել, սակայն Մանուկ Հիսուս հաղթեց աշխարհին աստվածային Իր սիրով ու խոնարհությամբ: Բեթղեհեմյան մսուրը այսօր մեր խորհրդածությունների կենտրոնում է ոչ միայն նրա համար, որ այնտեղ ծնվեց Քրիստոս, այլ որ այնտեղ ներկա էին նաև Հովսեփն ու Մարիամը, ում հավատքը բավական եղավ դիմակայելու չարի փորձություններին և մարդկային դաժանությանը: Փառք Աստծո, որ հենց նրանց ձեռքում էր մարդկության փրկությունը, նրանց խնամքին ու պաշտպանությանն էր հանձնված անպաշտպան Մանուկը: Այս սուրբ ընտանիքը խորհրդաբար ներկայացնում է Սուրբ Եկեղեցին, որտեղ ծնվում է Աստված և ապրում որպես Տեր և Փրկիչ:
Սիրելինե՛ր, կանցնեն Ս. Ծննդյան այս տոները, հրաշքի պարգևած ոգևորությունը, բայց չմոռանանք, որ Քրիստոսի Ծնունդն ուղեկցվում է Տիրոջը հավատարիմ մարդկանց հավատքի փորձությամբ: Աստված ծնվում է որպես անպաշտպան մի մանուկ, այն դեպքում, երբ մարդուց պահանջվում է արդարություն, հավատք ու նվիրում:
Իրական արդարությունն այն չէ, երբ մարդը ձգտում է արդարության ամեն գնով, այլ այն, երբ մարդը ձգտում է արդարության հանուն ճշմարտության, սիրո ու ողորմածության հաղթանակի: Հովսեփը ոչ միան արդար էր, այլև ողորմած, նրա արդարությունն անբաժանելի է ողորմածությունից, ինչպես սերը՝ ճշմարտությունից:
Այսօր Աստվածհայտնության տոն է. չմոռանանք, որ Աստված հայտվեց նրանց, ովքեր փնտրում էին Իրեն: Արդյո՞ք մենք այսօր փնտրում ենք Տիրոջը: Այս հարցերի պատասխանը պիտի լինի մեր կյանքը, ամուր հավատքը, սերն ու քաջությունը ամեն գնով Տիրոջը հետևելու:
Ո՞վ փրկեց աշխարհը. Աստվածամարդը թե՞ մարդը, դժվար է ասել. սակայն Ս. Ծննդյան խորհուրդը մեզ բացահայտում է, որ նախ մարդիկ փրկեցին Աստծուն այս աշխարհում, ապա Աստված փրկեց մարդուն և աշխարհը: Այս հրաշալի համագործակցության մեջ է բացահայտվում մեր փրկության խորհուրդը: Ուստի այսօրվա ավետիսը թող համախմբի ամենքիս` Տիրոջ հետ լինելու և համագործակցելու: Այսօր մեր հոգու և մտքի ողջ կարողություններն ուղղված են դեպի Բեթղեհեմյան քարայրը, որտեղ արդար Հովսեփն է, բարի հովիվները, իմաստուն մոգերը, Մարիամը, ով խոսում է հրեշտակների հետ: Այդ քարայրում իմ, ձեր, ամենքիս երջանկությունն է, Փրկությունը, Որը գուցե դեռ փոքր է, կարիք ունի պաշտպանի` մեր արդարությանն ու ողորմածությանը, սիրուն ու հավատքին, ազնվությանն ու իմաստությանը: Իսկ, մյուս կողմից, փոքրը մենք ենք, մենք կարիք ունենք Մանուկ Հիսուսի, Տիրոջ ողորմության ու սիրո, Ում վայել է փառք և պատիվ, հավիտյանս հավիտենից: Ամեն:
Եսայի քհն. Արթենյան