Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ

Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Երուսաղեմ մտնելիս Հիսուսին դիմավորող բազմությունը բացականչում էր. «Օրհնեալ է թագավորը, որ գալիս է Տիրոջ անունով, խաղաղություն երկնքում և փառք Բարձրյալին»: Այսպիսի հանդիսավորությամբ հրեաներն ընդունեցին Մեսիային: Ուրախության ու ցնծության առիթ իրականում կար, քանի որ Հիսուս սովորական թագավոր չէր, Ով զենքի ուժով գրավում ու զավթում էր տարածքներ, այլ այն թագավորն էր, որի մասին գրված է Զաքարիայի մարգարեության գրքում. «Ուրախացիր խնդությամբ դուստրդ Սիոնի, կանչիր ցնծությամբ դուստրդ Երուսաղեմի, ահա գալիս է քո թագավորը քեզ մոտ, քո արդար, փրկագործ խոնարհ թագավորը` հեծած էշի քուռակի վրա»: Եվ ահա Երուսաղեմ է գալիս արդար թագավորն՝ արդարություն բերելով ամեն մի մարդու, ով կհավատա իրեն: Երուսաղեմ է մտնում խոնարհ թագավորն` Իր օրինակով սովորեցնելով խոնարհություն ու հաստատելով սիրո թագավորությունը: Երուսաղեմ է մտնում փրկագործ Թագավորը` ազատելու մարդկանց մեղքի կապանքներից։ Ուստի կարելի է պատկերացնել, թե ինչու էին մարդիկ ցնծում և ինչու մենք այսօր հոգու ցնծությամբ և ուրախությամբ մասնակից ենք օրվա խորհրդին:


Այսօր Հիսուս գալիս է դեպի մեզ` բախելով մեր սրտի դռները: Իսկ մենք պիտի կարողանանք ուրախությամբ, փառաբանությամբ, զղջումով ու աղոթքով դիմավորել մեր Փրկչին, ինչպես Ս. Պողոս առաքյալն է ասում Փիլիպեցիներին ուղղված թղթում. «Միշտ ուրախ եղե՛ք Տիրոջով»: Իսկ մեր ուրախությունը պիտի լինի առավել գիտակցված ու կատարյալ, քանի որ մենք այսօր ունենք աստվածային ամբողջական հայտնությունը:


Քրիստոսի մուտքը Երուսաղեմ ցույց է տալիս նախ՝ Տիրոջ քաջությունը, երբ Նա բացահայտ մտնում է Երուսաղեմ՝ իմանալով, թե ինչ է Իրեն սպասվում այնտեղ։ Ցույց է տալիս նաև Հիսուսի հավակնությունը. Նա մտնում է Երուսաղեմ որպես Օծյալ, Փրկիչ, Մեսիա։ Հիսուս հավակնում էր ամենաբարձր կոչմանը։ Օրվա խորհուրդը նաև հնչեցնում է Տիրոջ կոչը յուրաքանչյուրիս՝ բացեք ձեր սրտի դռները։ Մեծ Պահքի ողջ ընթացքը մեզ համար ճանապարհ էր դեպի Քրիստոս, արեցինք ինչ որ կարողացանք։ Իսկ Ծաղկազարդից սկսած՝ Ավագ շաբաթն այն շրջանն է, երբ Քրիստոս Ինքն է գալիս դեպի մեզ և կոչ անում՝ մեր սրտի դռները բացել Իր առաջ։


Հաճախ մենք Քրիստոսին ընդունում ու փառաբանում ենք որպես երջանկություն, առողջություն, հաջողություն պարգևողի, սակայն Տերն ի պատասխան մեր աղոթքների գալիս է թագավորելու մեր սրտերին։


Տերը չընդունեց այն թագավորական պատիվները, որ մարդիկ մատուցեցին իրեն, բայց Նրան ուրախացրեց միայն մանուկների փառաբանություններն ու օրհնությունները, որոնք անկեղծ ու մաքուր հավատքի վկայությունն էին։


Ծաղկազարդի ուրախության մեջ կար նաև ողբերգություն, մարդիկ օրեր անց նույն ոգևորությամբ պահանջեցին Քրիստոսի խաչելությունը՝ հայտարարելով թե չարագործ է։


Այսօրվա տոնի ուրախությունը թեև ոգևորում է մեզ, սակայն կարևոր է, որ այդ ոգևորությունը վերածվի հոգևոր փորձառության, այլապես մենք էլ պիտի այդ ոգևորության մարման արդյունքում պահանջենք Քրիստոսի մահը։ Մենք ուրախ ենք, որ Տերը գալիս է դեպի մեզ, սակայն հարց է՝ մենք մինչև վերջ կգնանա՞ք Նրա հետևից դեպի Գողգոթա։


Ուստի Օրվա խորհուրդը մեզ սովորեցնում է ոչ միայն դիմավորել Քրիստոսին, այլ նաև՝ հետևել Նրան։ Հրեաները զգեստները փռեցին Քրիստոսի ոտքերի առաջ, որի խորհուրդը հասկանալու համար պետք է հիշենք, որ նախկինում զգեստն արտացոլում էր մարդու հոգևոր վիճակը: Եկեղեցու հայրերից մեկն ասում է, որ զգեստը հոգու շարունակությունն է, ուստի երբ զգեստը տարածում էին ինչ-որ մեկի ոտքերի առաջ, նշանակում է իրենց անկեղծ սերն ու հարգանքն էին ցույց տալիս այդ մարդուն: Այդպես հրեաներն իրենց պատրաստակամությունն էին հայտնում` հրաժարվելու սեփական անձից և իրենց հոգին ու անձը ընծայելու Քրիստոսին: Ճիշտ նույն օրինակով էլ այսօր հնարավորություն ունենք մեր սերն ու երախտիքը հայտնելու ամենակալ Աստծուն և մեր մեղավոր ու աղտոտված հոգու զգեստներից մերկանալով` հագնելու նորը, մաքուրը` մեր անձը ծառայեցնելով Տիրոջ կամքին և պատվիրանապահությանը:


Հրեաները արմավենու ճյուղեր էին փռում Քրիստոսի ոտքերի առաջ: Այս ժեստը հասկանալու համար պետք է իմանանք, որ հնում կանաչ և պտղատու ծառը խորհրդանշում էր բարի ու պտղաբեր մարդուն: Արմավենին տարբերվում էր իր գեղեցկությամբ և դիմացկունությամբ, ինչը խորհրդանշում է մարդկային հոգու ամրությունն ու գեղեցկությունը: Ուստի, երբ հրեաներն արմավենու ճյուղեր էին տարածում Քրիստոսի ոտքերի առաջ, դրանով իրենց հոգու բարի զգացումներն էին դրսևորում և միևնույն ժամանակ պատրաստակամությունը` հետևելու Քրիստոսին: Այդպես և մենք, դիմավորելով Տիրոջը, պիտի կարողանանք մեր հոգում արթնացնել բարի որակներ, որոնցով մշտապես ամուր կմնա մեր հավատքն, իսկ հոգին՝ կենսունակ:


Վերջապես հրեաները փառաբանությամբ և օվսաննաներով դիմավորեցին Հիսուսին, որով ցանկանում էին իրենց ուրախությունն արտահայտել, ինչպես և մենք այսօր այստեղ ենք՝ դիմավորելու Քրիստոսին` մեր սրտի դռները բացելով Աստծո առաջ, փառաբանելու Տիրոջը. Օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, խաղաղություն երկնքում և փառք բարձունքներում. ամեն:


Եսայի քհն. Արթենյան

  • 2021-12-11
×