Տոն Ս. Աստվածածնի տուփի գյուտի

Տոն Ս. Աստվածածնի տուփի գյուտի

«Այսուհետև բոլոր սերունդներն ինձ երանի կտան»
 

Այսպես մարգարեացավ Սուրբ Մարիամ Աստվածածինը, երբ այցելեց իր ազգականուհուն`Եղիսաբեթին`Ս. Հովհաննես Մկրտչի մորը (Ղուկաս 1։48): Եվ մենք այսօր տիրամոր երանության կանչով փորձում ենք վերապրել օրվա խորհուրդը. այսօր Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնն է։

 

Ավանդության համաձայն` Սուրբ Աստվածածնի տուփը, որտեղ պահված էր Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխաններ, ովքեր Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսնում են տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում: Տուփը փոխարինելով կրկնօրինակով՝ երիտասարդներն այն բերում են Կ. Պոլիս և հանձնում պատրիարքին: Պատրիարքը տուփը զետեղում է Սուրբ Աստվածածին եկեղեցում և հաստատում Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը:

 

Սուրբ Կույսի օրինակը դարեր շարունակ կերտել ու ձևավորել է ճշմարիտ հավատացյալի նկարագիրն ու դիմագիծը, միաժամանակ հրաշագործություններով այսօր էլ շարունակում է իր կենդանի ներկայությունն ու ներգործությունն ունենալ մեր կյանքում:

 

Մենք հոգևոր փորձառությամբ ենք վերապրում Սուրբ Տիրամոր լուռ ներկայությունը մեր կյանքում։ Ավետարանը գուցե շատ բան չի պատմում Սուրբ Աստվածածնի մասին, սակայն Ավետարանի սկզբից մինչև վերջ մենք տեսնում ենք Սուրբ Տիրամոր լուռ ներկայությունը Քրիստոսի կողքին. նա մշտապես ուղեկցեց իր Որդուն մինչև Գողգոթա և երբեք չլքեց Նրան՝ ցույց տալով հավատարմության բացառիկ օրինակ, որով մեզ համար առավել ընդգծվում է դեպի Քրիստոս տանող հավատքի ճանապարհը։

 

Իսկ Սուրբ Աստվածամոր խոնարհությունը բացառիկ է. երբ ցանկանում է բարձրաձայնել իր ուրախությունը, նա խոսում է Աստծո մասին ոչ միայն իր երախտագիտությունն արտահայտելով, այլ՝ իր ուրախության ողջ պատճառը տեսնելով Աստծո ներկայության մեջ։

Սուրբ Տիրամոր վերափոխումից հետո սրբուհու գոտին, թաշկինակը, պատկերը մնացին հավատացյալներիս իբրև վկայություն այն բանի, որ Սուրբ Աստվածածինը մեզ չի լքել, մեզ հետ է իր արագահաս բարեխոսությամբ, մայրական սիրով ու հոգացությամբ:

 

Աստվածամոր փառաբանությունը աստվածաշնչային հիմք ունի: Աստվածամայրը Եղիսաբեթի հետ զրույցում ասում է. «Իմ անձը կփառավորի Տիրոջը, և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով, որովհետև Նա իր հայացքը դարձրեց իր աղախնի խոնարհության վրա: Եվ ահա, այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան, որովհետև ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար, և նրա անունը սուրբ է»: (Ղուկ. 1:48): Հետաքրքիր է նաև նկատել. մի՞թե խոնարհություն է, երբ մարդն ինքն իր մասին այսպես է արտահայտվում «Նա իր հայացքը դարձրեց իր աղախնի խոնարհության վրա…»: Այստեղ «խոնարհություն» բառի փոխարեն բնագիր տեքստերում օգտագործված հունարեն բառն ունի նաև «աղքատություն» իմաստը: Իհարկե, սա այն աղքատը չէ, ով ցնցոտիներ է հագնում և մուրացկանությամբ զբաղվում: Այս տեքստում աղքատ՝ նշանակում է մարդ, ով Աստծո կարիքը, Աստծո օրհության և ողորմության փափագն ունի իր կյանքում: Հունարեն բնագրի նույն բառն օգտագործված է նաև լերան քարոզի մեջ, երբ Հիսուս երանի է տալիս հոգով աղքատներին: Նույն քարոզի մեջ հիշատակվող խոնարհները, հեզերը, սգավորները հենց այդ հոգով աղքատներն էին:

 

Եվ ահա, այսօր ամենքս երանի ենք տալիս Տիրամորը, երանի ենք տալիս, քանի որ նա իր ողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնաց Տիրոջը և Օրենքին` իր հավատարմությունն ու հնազանդությունն արտահայտելով պարզապես ասելով. «Ես Տիրոջ աղախինն եմ, պատրաստ եմ կատարել Տիրոջ կամքը»:

 

Մեր նախամայր Եվան ստեղծվեց անմեղ ու ազատ, սակայն մեղանչեց և կորցրեց դրախտը, հետևաբար հարց է առաջանում. ի՞նչ անուն տալ այս պատմությանը. նախամարդու արտաքսում դրախտից, թե՞ Աստծո արտաքսում մարդու սրտից: Աստվածամայրը հակառակն արեց` Աստծուն ընդունեց իր սրտում, իր մեջ և արդյունքում ծնվեց Քրիստոս, իրական ազատ և անմեղ մարդը, Ով եղավ սկիզբը մեր հոգևոր ծննդյան, մեր փրկության:

 

Աստվածամոր օրինակն առիթ չէ պարզապես «երանի» տալ, այլ հնարավորություն՝ այդ «երանին» մերը դարձնել: Երանի մեզ, եթե կարողանանք մեր հոգու աղքատությամբ Աստծուն փնտրել և Աստվածամոր բարեխոսությամբ հարստանալ: Երանի մեզ, եթե կարողանանք մեր հեզությամբ ու խոնահությամբ Տիրոջը ծառայել, երանի մեզ, եթե կարողանանք մեր սիրտը մաքրելով՝ Աստծուն տեսնել, երանի, եթե կարողանանք արդարության և խաղաղության ճանապարհին կանգնել, երանի, եթե մեր ողորմածությամբ Տիրոջ ողորմությանն արժանանաք:

 

Այսօրվա «երանին» պարզապես մաղթանք չէ, այլ մեր` հոգով աղքատներիս պայքարը հանուն արդարության և խաղաղության, աստվածտեսության և փրկության, ողորմության և խոնարհության: Երանի, որ մեր պայքարը մեզ հասցնի դրախտի դռներին, ու Աստվածամոր բարեխոսությամբ այդ դռները բացվեն մեր առաջ և երանի, որ Տիրոջ ողորմությամբ արժանանանք փրկության. Ամեն:

 

Եսայի քհն. Արթենյան

  • 2021-12-11
×