Հոգևոր անդաստան. «Սիրեցե՛ք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի...»

Հոգևոր անդաստան. «Սիրեցե՛ք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի...»

«Սիրեցե՛ք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի...»
Հովհաննես ԺԳ 34


Սիրելի՛ ընթերցող, այսուհետև վերոնշյալ խորագրի ներքո Ձեզ կներկայացնենք Արարատյան Հայրապետական թեմի հոգևորականների քարոզները:

 

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի այս բարձրագույն պատվիրանը մինչև այսօր էլ հնչում է որպես կոչ նոր կյանքի, քանզի Տիրոջից մեզ պարգևված սիրո մեջ է բովանդակվում քրիստոնեական հավատքը:


Անբացատրելի և անգնահատելի է Աստծո սիրո դրսևորումը: Մենք Տիրոջը նմանվում ենք այն ժամանակ, երբ սկսում ենք սիրել: Մեր կյանքի ամբողջ ձգտումը, նպատակը պետք է դարձնենք այդ վեհ զգացողությանը հասնելը: Մեր ժամանակներում, ցավոք, մարդկության մեջ այս գաղափարը շատ է շահարկվում: Այն կորցրել է իր իրական արժեքն ու բովանդակությունը: Մարդիկ գիտակցաբար թե անգիտակցաբար հեռանում են ճշմարիտ՝ աստվածային սիրուց: Մարդկության պատմության մեջ եղել են գաղափարներ, որոնք համապատասխանել են քրիստոնեական հավատքի ճշմարտություններին, սակայն կյանք չեն ունեցել այն պատճառով, որ դրանց մեջ ներկա չէր Սերը՝ Հիսուս Քրիստոս: Ինչքան շուտ գիտակցի մարդկությունը այս պարզ ճշմարտությունը, այնքան կյանքը կնորոգվի և իր իրական դրսևորումը կստանա: Պատահական չէ, որ Քրիստոս Իր աշակերտներին ասաց.«Դո՛ւք եք երկրի աղը» (Մատթեոս Ե 13):


«Սիրեցե՛ք միմյանց, ինչպես Ես ձեզ սիրեցի...»(Հովհաննես ԺԳ 34) : Սիրո բացակայությունը իր վառ արտահայտությունն է գտնում մարդկային զանազան հարաբերությունների մեջ.միմյանց չզիջելու, ներողամտության բացակայության, դիմացինին լսելու անկարողության... Եթե մարդիկ միմյանց սիրեին, չէին լինի պատերազմներ, սպանություններ, գողություններ, անհամաձայնություններ: Կյանքը կընթանար խաղաղ ու հանգիստ հունով:



Մարդը, եթե ցանկանում է իրապես վայելել կյանքը, պետք է վերադառնա իր արմատներին, իր նախաստեղծ վիճակին, երբ դրախտում էր և որտեղ էլ խաբվեց և զրկվեց Աստծո ներկայությունից: Մեր մեջ առկա է դրախտը կորցնելու այդ հիշողությունը: Պարզապես պետք է այն արթնացնել և ապրել այդ տեսիլքով ու երազանքով: Միանշանակ կարելի է ասել.այն մարդն է իսկապես ապրում իր կյանքը, ով ամեն օր փորձում է իրականացանել դրախտ վերադառնալու անսահման ձգտումը: Երբ Աստված տեսնում է Իրեն հասնելու մեր այդ տենչանքը, օգնում է և ժամանակի ընթացքում մարդուն արժանացնում Իր անսահման Սերը վայելելու բերկրանքին: Այդ դեպքում է միայն, որ Նա սկսում է մեզ ավելի՛ շատ սիրել: Չկա ավելի երանելի վիճակ, քան այն զգացողությունը, որ Աստված սիրում է քեզ: Ահա սա՛ է մարդկանց կողմից այդքա՜ն փնտրված երջանկությունը:


Իսկապես երջանիկ է այն մարդը, ով գտել է Աստծուն: Մարդիկ այսօր ուրիշ տեղերում են փորձում գտնել երջանկությունը և այդպես էլ չեն գտնում, որովհետև երջանկությունը Քրիստոսի մեջ է: Մեկը երջանկությունը փնտրում է ընկերական շրջապատում, մյուսը՝ նյութական ձեռքբերումների, նվաճումների և այլ աշխարհային՝ թվացյալ ճշմարտություն հանդիսացող իրողություններում:


Մենք պետք է արթնանանք քնից, գիտակցենք, որ Աստված մեզ ստեղծել է ապրեցնելու համար: Ահա այդ է պատճառը, որ Իր Միածին Որդուն զոհաբերեց: Աստծո զոհաբերության այս անգնահատելի արժեքի մասին խորապես մտածելը, խորապես գիտակցելը մարդուն ստիպում է ևս մեկ անգամ անդրադառնալ սեփական անձին, մեղավորության զգացողության ապրումները վերարթնացնել, զղջալ, ապաշխարել և արժանանալ փրկությանը:


Եկեք Եկեղեցու սուրբ հայրերի խորհուրդներով մեր կյանքի ամեն մի օրը դարձնենք նոր սկիզբ և նորոգենք մեր հին մարդուն: Աղոթում ենք, որ Աստծո այդ անսահման սիրո դիմաց երախտապարտության մեծ զգացումով մենք էլ փորձենք Նրա Սիրուն սիրով պատասխանել՝ մեզ հեռու պահելով մեղքերից, որով էլ կարժանանանք Տիրոջ որդիները կոչվելու բարձրագույն կոչմանը: Ամեն:

 

Արարատ քահանա ՕՐԴՈՅԱՆ
Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

  • 2021-12-11
×