Հոգևոր անդաստան.Դեպի Ավետյաց երկիր

Հոգևոր անդաստան.Դեպի Ավետյաց երկիր

Տիեզերքի կենտրոնում մենք ենք` մարդիկս, Աստծո արարչագործության թագն ու պսակը: Մեր կյանքը, կյանքի յուրաքանչյուր վայրկյանը պարգևն է մեր Երկնային Հոր, որի պատկերով ու նմանությամբ ենք արարված մենք:

 

Մեծ պահքի երկրորդ կիրակին կրում է Ադամի և Եվայի` դրախտից արտաքսվելու խորհուրդը: Եդեմական երանությունից արտաքսված` մեր կյանքը վերադարձի մի ճանապարհ է դեպի Ավետյաց երկիր:


Օձը հրապուրեց Եվային` ճաշակել տալով բարու և չարի գիտության պտղից: Մինչ այդ մարդն ապրում էր դրախտային երանության և անսահման բարու տարածքում: Մարդը վայելում, ապրում և զգում էր Աստծո ներկայությունը` առանց ընտելանալու երանավետ վիճակին, իր մեջ չկրելով ձանձրույթ կոչվող ախտը: Բայց եկավ ինքը` գայթակղությունը` օձի կերպարանքով, ասելու, որ կա մեկ այլ բան, քան այն ամենը, ինչ տեսնում են և ինչ ունեն Ադամը և իր կողակիցը: Նոր իրողություն ճանաչելու ցանկությունը խախտեց մարդկանց խաղաղ առօրյան: 
Եվ գիտության պտղով նա ճանաչեց նաև չարը: Եվ Երկիր մոլորակի առաջին բնակիչները, իրացնելով իրենց անձնիշխանությունը, հակվեցին դեպի չարը: Սակայն ազատ կամքն ինքնին դեռևս չարիք չէ: Չարիք է, երբ այդ կամքը գործադրվում է սատանային ծառայակից լինելուն:


«Դրանից չուտեք և չմոտենաք, որպեսզի չմեռնեք»,- պատվիրել էր Աստված (Ծննդոց Բ 16-17): Բայց աստվածային պատգամը վիճարկվեց, և պտուղը ճաշակեց նաև Ադամը` հետևելով կողակցի հորդորին: Եվ մահը Ադամով մտավ աշխարհ:


Երբ բարու կողքին չարի գիտությունն էլ հայտնվեց Ադամի և Եվայի տեսադաշտում, դրախտի բնակիչները սկսեցին նկատել իրենց մերկությունը: Եվ փորձեցին թաքնվել Աստծուց: Այսօր այդպես ենք անում նաև մենք՝ անտեսելով Աստծո պատվերները, պատասխանատվությունից խուսափելով և թաքնվելով: Մեզանից շատերը, որ մեղադրում են առաջին մարդկանց դրախտային կյանքը կորցնելու համար, այսօր ոչնչով չեն տարբերվում Ադամից ու Եվայից: Մեղանչում ենք և մեր արարքը արդարացնող պատճառներ փնտրում, հեռանում ենք Աստծուց և փորձում թաքնվել Ամենատեսի աչքից: Մենք ենք ինքներս մեզ արտաքսում Աստծո ներկայության այգուց:


«Ո՞ւր ես»,- կանչում է Աստված: Սա մեզ դեպի ետ` դեպի դրախտային խաղաղություն կանչող ձայնն է, որի դեմ փակում ենք մեր ականջները: Փակում ենք, որովհետև չարի որոգայթները գայթակղիչ են, իսկ մենք այդ թակարդներում դեռ մի քիչ էլ ենք ուզում մնալ...


«Ո՞ւր ես»,- ձայն է տալիս Աստված, իսկ մենք Ադամի նման պատասխանում ենք նրան. «Նա՛ տվեց ինձ այդ պտուղը, և հասկացա, որ մերկ եմ, դրա համար թաքնվել եմ»: Իսկ «նա», ում մեղավոր ենք համարում մեր սայթաքումների համար, իր հերթին ի՛ր արդարացումն ունի.«Օ՛ձը խաբեց ինձ»:


«Ո՞ւր ես»,- ազդու ձայնով ողջ մարդկությանը մի վերջին անգամ կանչեց Աստված: Այդ ձայնը, այդ փրկչական խոսքը Հիսուս Քրիստոս է: Եթե Ադամով մեղքը, մեղքով էլ` մահը աշխարհ մտավ, Քրիստոսով մենք ազատագրվեցինք մահվան ճիրաններից` մեղքերից մաքրվելու ճանապարհով: Բացվեցին Եդեմական պարտեզի դարպասները, և մարդկությունը նորից ճանապարհ ընկավ դեպի Կորուսյալ դրախտ: «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը,- ասաց Հիսուս,- այլ կերպ չեք կարող մտնել Երկնքի արքայություն, եթե ոչ ինձանով» (Հովհաննես ԺԴ 6): Եվ մենք դարձանք հավիտենական արարածներ: Հավիտենությունը այստեղ է` մեր մեջ: Հավիտենական արքայությունը կարող ենք վայելել հիմա, այս վայրկյանից սկսած, զգալ Աստծո և Քրիստոսի ներկայությունը, Սուրբ Հոգու ներգործությունը: Զգալ անմահության բերկրանքը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ապրել մաքուր խղճով՝ Քրիստոսի պատվերների կատարմամբ: «Իսկական տոնը մաքուր խղճմտանքն է»,- ասում է սուրբ Հովհան Ոսկեբերանը: Իսկական տոնը Աստծո ներկայությունը վայելելն է:


Հավատը մշտական պայքարն է կասկածի դեմ: Այդ պայքարում թո՛ղ թրծվի մեր հավատը: Լինե՛նք խոնարհ, ճի՛շտ տնօրինենք կյանքի` մեզ բաժին ընկած ժամանակը, Աստծուց մեզ տրված շնորհներին հաղորդակից դարձնե՛նք մեզ շրջապատողներին: Լինե՛նք խոնարհ, այլապես Աստված Ինքը կխոնարհեցնի մեզ մարդկանց առջև: Եվ չշեղվե՛նք ճանապարհից, որը տանում է դեպի Ավետյաց երկիր, դեպի կորցրած դրախտ: Ճանապարհ, որը մատնանշել է մեզ մեր Տերը` Հիսուս Քրիստոս:

 

Եղիշե քահանա Նուրիջանյան

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

  • 2021-12-11
×