Գտնվել եկեղեցու ծոցում և քայլել Քրիստոսի խոսքի շավիղներով, նշանակում է խոստացված արքայությունն ու հավիտենական երանությունը վայելել այսօր, այս պահին և հիմա: Յուրաքանչյուր օրը պայքար է` նորոգելու սեփական հոգին, որ չվտարվենք Աստծո տնտեսության սպասավորությունից:
Մեծահարուստի և նրա տնտեսի մասին ավետարանական առակը պատմվում է բոլոր եկեղեցիներում: Առակը հետևյալն է. մեծահարուստը, լսելով, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, որոշում է ազատել նրան իր զբաղեցրած պաշտոնից: Տնտեսը, ստեղծված իրավիճակից ելք գտնելու և ապագայում էլ կենսական հենակետերը չկորցնելու համար իր մոտ է կանչում տիրոջ պարտապաններին և զեղչում է նրանց պարտամուրհակները: Նպատակը մեկն էր. պաշտոնից ազատվելուց հետո ապաստան գտնելու հույս ունենալ իր հանդեպ երախտագիտությամբ լցված այս կամ այն ընկերոջ տանը, և սեփական ապրուստը հոգալ: Մեծահարուստը, որքան էլ առաջին հայացքից զարմանալի է թվում, գովում է տնտեսին հնարամիտ քայլի համար:
«Այս աշխարհի որդիներն ավելի հնարամիտ են» իրենց երկրային գործերը հաջողեցնելու համար, քան «լույսի որդիները իրենց սերնդի մեջ» (Ղուկաս ԺԶ 8): Հիսուսի այս արտահայտությունն է անիրավ տնտեսի առակը հասկանալու բանալին: Փրկչի պատվերն է` աստվածային հրահանգների կատարման մեջ լինել նույնքան ջանասեր, որքան տնտեսը և նրա նմանները իրենց այսաշխարհային գործերը կարգավորելիս:
«Չեք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային (Ղուկաս ԺԶ 13),- ասում է Հիսուս, ապա պատվիրում,- անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկաս ԺԶ 9):
Իսկ ի՞նչ է մամոնան: Մամոնան նյութն է: Գերի ենք մամոնային, երբ անհրաժեշտից ավելի ենք հոգում սեփական մարմնի պարարտացման մասին: Մեզ տրված նյութական բարիքներից պահ չենք տալիս արքայության ամբարներում` աղքատի և տնանկի, որբի և հիվանդի միջոցով:
Մերկ, քաղցած ու ծարավ է մնում Քրիստոս, մինչդեռ մենք մեկի փոխարեն բազմաթիվ շապիկներ ունենք, ուտում ենք հարկ եղածից ավելին: Խմում ենք աստվածաբուխ աղբյուրներից, իսկ Աստծուն ծարավ ենք թողնում. մեկ բաժակ ջուր չենք տալիս Հավիտենության արքային, Ով մեզ է նայում տնանկ և անուժ որբի կամ ծերունու աչքերով:
«Եղբայրասիրությունը թող հաստատ մնա ձեր մեջ,- ասում է Պողոս առաքյալը: Մի՛ մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակների հյուրընկալեցին առանց իմանալու: Հիշեցե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ. հիշեցե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք» (Եբրայեցիներ ԺԳ 1-4):
«Գանձեր դիզեք երկնքում». Աստվածորդու պատվերն է: Այս աշխարհում արդարորեն վաստակած մեր իրական դրամը կարող ենք կուտակել երկնքում` որպես վճար հավիտենության: Տնանկի ձեռքո՞ւմ է մեր փրկությունը, որբի աչքերո՞ւմ, երբ նրանց դեմքին ժպիտ ենք առաջացնում, հիվանդի սրտու՞մ, երբ մեր ժամանակն ու միջոցներն ենք ներդնում հանուն նրա ապաքինման:
Պարծենանք Տիրոջ երկյուղով, խնդրենք Նրանից հավիտենական կյանքը, և այս աշխարհում անհրաժեշտը ավելիով կտրվի մեզ: Եվ Հիսուսի խոսքի համաձայն` անիրավ մամոնային մեզ բարեկամներ դարձնենք, որպեսզի «երբ այն պակասի, մեզ հավիտենական հարկերի տակ ընդունեն» (Ղուկաս ԺԶ 9):
Եղիշե քահանա Նուրիջանյան
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ