Հոգևոր անդաստան. Համբերելու օրինակ վերցրեք մարգարեներից

Հոգևոր անդաստան. Համբերելու օրինակ վերցրեք մարգարեներից

Մարդ արարածն իր կյանքի ընթացքում անխուսափելիորեն հանդիպում է նեղությունների և դժվարությունների, որոնք երբեմն թեթև են լինում, երբեմն՝  ծանր։ Նեղությունները կյանքից եկող փորձություններ են, որոնց  առջև պետք է հաստատուն մնալ, կարողանալ հաղթահարել դրանք։ Համբերող մարդը կդիմանա բոլոր տեսակի նեղություններին և Աստծո օգնությամբ հաղթանակած դուրս կգա դրանցից։ Երբ համբերատարությամբ  ենք դիմագրավում  նեղություններին, դառնում ենք ավելի դիմացկուն և կերտվում ենք Քրիստոսի օրինակով։

 

 Նեղությունների առկայությունը։ Աշխարհի վրա ապրող յուրաքանչյուր մարդ պետք է հանդիպի նեղությունների։ Քրիստոս այս իրողությունը հաստատեց՝ ասելով. «...Աշխարհի վրա նեղություններ պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհաննես  ԺԶ  33): Հետևաբար, նեղությունները անպակաս պիտի լինեն  մեր կյանքից, և պետք է պատրաստվել դիմագրավել դրանց, զինվել և զրահավորվել Աստծո խոսքի զորությամբ։ Պետք է դրանց դեմ կանգնել հավատքով և վստահությամբ, որպեսզի Նա կարողանա մեզ հաղթանակած դուրս բերել այդ բոլոր նեղություններից։ Շատ հաճախ մարդիկ, նույնիսկ հավատացյալները, նեղությունների հանդիպելիս  ընդվզում, ըմբոստանում, դժգոհում և  գանգատվում են Աստծո դեմ: Նրանք չգիտեն, որ այդ ձևով մեղանչում են, որովհետև, Աստված Ամենաբարին լինելով, նեղություններ ու չարիք չի կամենում մարդկանց։ Ուստի այդ ամենը առաջ է գալիս մեր  գործած մեղքերի և սխալների պատճառով։ Ինչպես Երեմիա մարգարեն է հիշում՝ ասելով. «Միթե դրա պատճառն այն չէ՞ր, որ դու լքեցիր ինձ այն ժամանակ, երբ քեզ բերում էի անապատի ճանապարհով» (Երեմիա Բ 17)։ Աստված երբեք չի մասնակցում  փորձություններին և նեղություններին, դրանք չարի, նրա գործակիցների և մեր արաքների պատճառով են մեզ հանդիպում։ Ընդհակառակը՝ Աստված մեզ դրանք հաղթահարելու ուղիներ է ցույց տալիս  (Ա Կորնթացիներ Ժ 13)։ Ուստի չպետք է մեղադրել Աստծուն մեզ հանդիպած նեղությունների և փորձությունների համար, այլ փորձենք դաս քաղել դրանցից՝ Քրիստոսի օրինակով մեր հավատքի մեջ ամրանալով և թրծվելով։

 

Համբերության անհրաժեշտությունը։ Համբերությունը մարդու նկարագրի կարևորագույն հատկանիշներից է։ Երբ անհամբեր և անտեղի բարկացող անձնավորություններ ենք, պետք է պատրաստ լինենք դրանց հետևանքները կրելու։ Բարկանալը մարդկային է, բայց բարկության պատճառով մեղանչելը՝ հրեշավոր։ Պողոս առաքյալը եփեսացիներին  գրած իր նամակի մեջ, մեջբերելով սաղմոսերգուի խոսքերը, ասում է. «Բարկանաք՝ մի մեղանչեք. թող արեգակը ձեր բարկության վրա չմտնի»   (Եփեսացիներ Դ 26): Քրիստոսի այս պատվիրանը ուղղված է մեզանից յուրաքանչյուրին, որովհետև բարկությունը մեզ առաջնորդում է բազմաթիվ մեղքերի։

 

Բարկությունը համարվում է յոթ մահացու մեղքերից  մեկը։ Բարկացած մարդը դառնում է անկառավարելի և հայտնվում է չարի ճիրանների մեջ։ Չարագործը միշտ փորձում է նեղություններով և այլ միջոցներով մեզ բարկացնել, որպեսզի մեղք գործենք և հեռանանք մեզ համբերություն և հանդուրժողականություն սովորեցնող Աստծուց, Ով մեծահոգի է և ողորմած մեր կատարած անթիվ մեղքերի նկատմամբ։ Քրիստոս Ինքը դարձավ համբերության կատարյալ օրինակ, երբ հանձն առավ ամեն տեսակի չարչարանք։ Ընդհակառակը՝ նույնիսկ խաչի վրա Իր հոգին ավանդելու պահին ներում հայցեց Երկնավոր Հորից՝ Իրեն խաչողների համար (տե՛ս Ղուկաս ԻԳ 34)։ Պետք է մարգարեների նման համբերող լինել, ովքեր Աստծո կողմից  էին ուղարկվել և  Սուրբ Հոգու ներշնչումով  Նրա անունից խոսում էին մարդկանց հետ։

 

Որպես քրիստոնյաներ պետք է սովորենք համբերել, որպեսզի արժանանանք երկնքի արքայությանը։ Ինչպես ասվում է Մատթեոսի Ավետարանի մեջ  «Ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի» (Մատթեոս Ժ 22):

 

Ուստի  ձգտենք նեղությունները դարձնել փորձառություն՝ մարզելու և կերտելու համար մեր անձը, իսկ համբերատարությունը՝ որպես հրամայական,  դարձնենք մեր կյանքի նշանաբանը։ Գործե՛նք Քրիստոսի համբերության օրինակով, Ով ամեն ինչ հանձն առավ՝  հանուն մարդկանց փրկության։

 

Պարգև  քահանա ՊԱԼԳԵՈՐԳՅԱՆ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-12-11
×