Նվիրական արժեքների պաշտպանությունն ու սրբության ձգտումը մարդուն տանում են հոգևոր պայքարի բովով: Մեր հոգին Աստծո շունչն ու պատկերն է՝ ամենաթանկ պարգևն Աստծուց, որն իր մեջ պարփակում է Աստծուն նմանվելու մեր միտքը, կամքը և առաքելությունը: Այս վսեմ առաքելության ճանապարհին մեղքը, իր տարատեսակ դրսևորումներով, արատավորում է մարդու հոգին: Մեղքից՝ զղջում, մոլությունից՝ առաքինություն ճանապարհը դյուրին չէ և մեզնից պահանջում է հոգևոր պայքար և սխրանք. «Հովհաննես Մկրտչի օրերից մինչև այժմ երկնքի արքայությունը բռնադատվում է. և հզորներն են հափշտակում այն» (Մատթեոս ԺԱ 12):
Երբ մեղքը թմրեցնում է մեր ողջախոհությունը և մեր ազատ կամքն ուղղում չարի ծառայությանը, այդտեղ Աստծո ողորմությունը մեզ նախապատրաստում է հոգևոր քաջության, որպեսզի անառակ որդու պես համարձակորեն բռնենք ապաշխարության և Երկնային Հոր տան ճանապարհը:
Հոգևոր շրջադարձի շարժիչ ուժ կարող է լինել սրտացավ խորհուրդը, հոգեշահ քարոզը, նույնիսկ պատահականորեն բացված աստվածաշնչյան տողը՝ պայմանով, որ համարձակորեն մեր հոգևոր լսելիքը բացենք Աստծո կանչի առջև: Աստծո շնորհը գալիս է մեզ զորացնելու, որպեսզի չհամակերպվենք մեղքի՝ հոգին աղճատող վնասների և հիասթափությունների հետ: Արիությունը մեր հոգու այն արդար բարկությունն է, որ ուղղվում է ոչ թե այլոց՝ մեր կամքին հնազանդեցնելուն, այլ մեզ՝ Աստծո կամքին ծառայեցնելուն, քանի որ «ծառայությունը մեղքին՝ մահվան է տանում, իսկ եթե Աստծու հնազանդությանը՝ արդարության» (Հռոմեացիներ Զ 16): Արիությամբ և սրբության նկատմամբ նախանձախնդրությամբ էր Մովսես մարգարեն հանդիմանում մոլորյալ ամբոխին, որը, ճշմարիտ Աստծո պաշտամունքը թողած, երկրպագում էր հորթի կուռքին: Արիությամբ էին վառվել նաև սուրբ Վարդանանք՝ հոգևոր և ազգային սրբությունները պաշտպանելիս: Ճգնավորների արիությունը մեղավոր կրքերի դեմ հոգևոր պատերազմում ևս սխրանք է:
Հայրերի վարքից մի դրվագ մեզ պատմում է համբերության մեջ արիացած սրբի մասին, ով համբերում է անհավատների հալածանքներին և լուտանքներին, սակայն չի հանդուրժում և հակադարձում է, երբ ծաղրում են քրիստոնեական իր սուրբ հավատը՝ իրեն հերետիկոս անվանելով: Ապաշխարության տեսանկյունից արիության առաքինությունն օժանդակում է մարդու խոհեմությանը՝ գիտակցելու մեղքը և ապաշխարությամբ ազատվելու դրանից: Քանի-քանիսն են հայտնվում մեղքի մեջ և չեն ունենում իրենց մեղքը գիտակցելու քաջություն…
Նրանք էլ, ովքեր գտել են այդ կարևոր գանձը, գոտեպնդվել են հավատի մեջ և ձեռք բերել կրքերին իշխելու փորձ, պետք է հոգ տանեն, որպեսզի արիությունը կատարի Աստծո կամքը, այսինքն՝ սնվի Տիրոջ պատվիրաններից և ոչ թե փառատենչությունից, ամբարտավանությունից. «Եթե բարկանաք, մի՛ մեղանչեք» (Սաղմոս Դ 5): Եթե մեր աչքի գերանը չտեսնելով՝ ուզենք դիմացինի աչքի շյուղը դուրս քաշել, եթե նույնիսկ քննենք արարածներիս համար անքննելի երևույթները, ապա արիությունը կդառնա հանդգնություն՝ հակառակ Աստծո կամքին: Եվ հակառակը, եթե արիությունը պակասի մեր մեջ, անմիջապես վախը կծվարի մեր սրտում, իսկ վախը թերահավատության նշան է: Հանդգնությունն ու երկչոտությունը հաճելի չեն Աստծուն, և մեզ շեղում են արիության արքայական ճանապարհից. «Դու մի՛ վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ» (Եսայի ԽԱ 10): Ճշմարիտ երկյուղը միայն Աստծուն պետք է ընծայել, որովհետև «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է» (Առակներ Ա 7): Աստվածավախությունը շնորհ է, իսկ մարդուց վախենալը՝ պիղատոսյան թուլություն:
Ուրեմն, երբ հանդգնության և երկչոտության մեղքերից ազատվելու համար զղջման աղոթքով մեր մեղքերն ենք խոստովանում Աստծո և խոստովանահոր առջև, նաև խնդրենք Աստծո շնորհը՝ հոգու արիության, առաքինության համար, որպեսզի այն գոտեպնդի թե՛ մեր հավատը, թե՛ բանականությունը:
Աշոտ քահանա ՍԱՖԱՐՅԱՆ
Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ
Սկզբնաղբյուր` «Շողակն Արարատյան» ամսաթերթ