Համբարձման տոն

Համբարձման տոն

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ
Հ Ա Մ Բ Ա Ր Ձ Մ Ա Ն Տ Ո Ն Ը

(Միջին դպրոցի աշակերտների համար)


«Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը» խորագրով միջոցառման նպատակն է աշակերտների մեջ ամրապնդել տոնի քրիստոնեական խորհուրդն ու ազգային ավանդույթները` դարձնելով դրանց կրողները:
Միջոցառումը բաղկացած է երկու մասից և ամփոփիչ հատվածից: Առաջին մասում ներկայացվում է Սուրբ Գրքի պատմությունը, երկրորդում` Համբարձման տոնին բնորոշ ազգային սովորույթները, իսկ վերջին հատվածում ամփոփվում է միջոցառման խորհուրդը:


ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐԱԳԱՆԵՐ

 

1. Սպիտակ, մոխրագույն և կաթնագույն շապիկներ`առաքյալների դերակատարների համար:
2. Հրեշտակների զգեստներ` հրաշտակների դերակատարների համար:
3. Ազգային տարազ` միջոցառման երկրորդ մասի համար:
4. Ծաղիկներ
• Դահլիճը (կամ այն վայրը, որտեղ անցկացվելու է միջոցառումը) զարդարելու համար,
• Հանդիսատեսին և հյուրերին բաժանելու համար:
5. Կավե սափոր և երկու մագաղաթաձև թղթեր (մեկի վրա պետք է գրված լինի պատգամ)` 12-րդ առաքյալի ընտրության համար:
6. Ծաղկեպսակներ` մասնակիցների գլխներին դնելու համար:
7. Ծաղիներով զարդարված փարչ` վիճակահանության համար:
8. Ծաղկամերë (եկեղեցուն նվիրելու համար)
9. Պարան` «Պարան ձգոցի» պարային բեմադրության համար:
10. Վիճակահանության համար անհրաժեշտ խորհրդանիշեր` նուռ, խաչ, գիրք, արծիվ (թղթից պատրաստված), այբուբեն, դրոշ, ծաղկեփունջ:
11. Կաթնովապուր` միջոցառման ավարտին ներկաներին հյուրասիրելու համար:

 

Ծաղկամերը համարվում է ջանգյուլումի ծաղկափնջերի մայրը: Այն պատրաստում են երեխաները՝ Համբարձման նախորդ օրը հավաքած ծաղիկներից, որոնք ամրացվում են խաչաձև ձողի կամ փայտի վրա: Ջանգյուլումի ընթացքում մնում է վիճակի կուլայի մեջ և հանդիսության ավարտին նվիրվում է եկեղեցուն:

 


Ա Ռ Ա Ջ Ի Ն Մ Ա Ս

 

«Տերունական աղոթքի» երաժշտության ուղեկցությամբ Հիսուսի և 11 առաքյալների դերակատարները ներս են մտնում, կիսաշրջանաձև դիրքով ծնկում են, կենտրոնում` Հիսուսը, և աղոթում: Ավարտին կանգնում են, և Հիսուսի դերակատարն սկսում է իր խոսքը:

Հիսուս – Ես եմ աշխարհի լույսը. ով իմ ետևից գա, խավարի մեջ չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը (Հովհ. 8:12):
- Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (Հովհ. 14:6):
- Եթե ինձ սիրում եք, կպահեք իմ պատվիրանները (Հովհ. 14:15): Եթե Իմ խոսքերը ձեր մեջ մնան, ինչ որ խնդրեք Աստծուց, կտրվի (Հովհ. 16:23):
- Այս է իմ պատվերը, որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ: Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար (Հովհ. 15:12-13):
- Գնացեք ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցեք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում (Մատթ. 28:19-20):

Վերջին պատգամի ընթացքում Հիսուսի դերակատարն օրհնում է առաքյալներին:

 

ՇԱՐԱԿԱՆ` «Սուրբ Աստված»:

Երգելու ընթացքում աշակերտները ծնկում են` ձեռքերի ափերը միացնելով, իսկ Հիսուսի դերակատարը մնում է նրանց մեջտեղում կանգնած` ձեռքերը և հայացքը, դեմքով դեպի հանդիսատեսն ուղղված, քայլ առ քայլ հեռանում է ետնաբեմ, ինչը խորհրդանշում է համբարձումը: Այդ ընթացքում բեմի երկու կողմերից թեթևասահ քայլերով մտնում են հրեշտակների դերակատարները` ձայնակցելով աշակերտներին, և կանգնում են հարթակի տարբեր կողմերում: Շարականի ավարտին հրեշտակների դերակատարներից երկուսը, նայելով հանդիսատեսին, ասում են:

 

Հրեշտակ 1 - Եվ համբարձար հաղթանակած,
Հոր մոտ գահին դու բազմեցիր՝
Որպես միջնորդ ու բարեխոս,
Որպես օգնող, որպես Փրկիչ:

 

Հրեշտակ 2 - Համբարձվեց Աստված, ինչ ուրախություն
Տերը Սրբություն Սրբոցը մտավ,
Հրեշտակների հետ ցնծալի ձայնով
Մեր թագավորին՝ օրհնություն և փառք:

 

Հոգևոր երաժշտության ուղեկցությամբ հրեշտակները հարթակից դուրս են գալիս: Ներս է մտնում մի խումբ, որը ներկայացնում է հավատացյալների բազմությունը, և կանգնում հարթակի տարբեր կողմերում:
Աշակերտները կանգնում են, և Պետրոսի դերակատարն ասում է:

 

Պետրոս – Եղբայրնե՛ր, հիշում ենք բոլորս, թե ինչպես Հիսուսի տասներկու առաքյալներից մեկը` անիրավ Հուդան, երեսուն արծաթով դավաճանեց ու մատնեց Հիսուսին: Արդ, մեկն այս մարդկանցից (ցույց է տալիս հավատացյալների խմբին), որոնք մեզ ուղեկցում էին ամբողջ ժամանակ, երբ Հիսուս երկրի վրա մեզ հետ էր, թող միանա մեզ և բոլորին ավետի Հիսուսի հաղթական Հարույունն ու մարդկությանն ավանդած անանց պատգամները (Տե՛ս Գործք 1:21-22):



Առաքյալների ուղեկցությամբ առաջ են գալիս երկու հոգի: Ապա առաքյալների դերակատարները, ձեռքերը միացնելով, միաձայն աղոթում են.

 

Խումբ – Տե՛ր, Դո՛ւ գիտես բոլորի սրտերը, ցու՛յց տուր այս երկուսից մեկին, որին ընտրեցիր, որպեսզի առնի վիճակն այն պաշտոնի և առաքելության, որից Հուդան ընկավ (Գործք 1:24-25):



Աղոթքից հետո առաքյալներից մեկը վիճակահանության սափորը դնում է Մատաթիայի և Բարսաբայի դերակատարների առջև: Վերջիններս հերթով վերցնում են վիճակները: Այն դերակատարը, ում ընկնում է վիճակը, տալիս է Պետրոսին` կարդալու:



Պետրոս – «Եթե դուք իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք: Եվ կճանաչեք ճշմարտությունը» (Հովհ. 8:31-32):
Այս է Աստծու կամքը, որ Մատաթիան դառնա տասներկուերորդ առաքյալը:



Հոգևոր երաժշտության ներքո տասնմեկ առաքյալները հերթով մոտենում են և ձեռքները դնում Մատաթիայի գլխին:
Պետրոսը, դառնալով հանդիստեսին, ասում է:



Պետրոս – Դու՛ք եք աշխարհի լույսը: Թող այդպես փայլի ձեր լույսը, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է (Մատթ. 5:14, 16):



Մի քանի առաքյալներ, հերթով առաջ գալով, ասում են:

 

Առաքյալ – Այսուհետև հոգ մի՛ արեք և մի՛ ասեք, թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի հագնեք, քանի որ ձեր երկնավոր Հայրը գիտե, թե այդ բոլորը ձեզ պետք են: Նախ խնդրեցեք Աստծու արքայությունը և Նրա արդարություը և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա (Մատթ. 6:31-33):
Առաքյալ – Երբ ողորմություն անեք, թող ձեր ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում ձեր աջը, որպեսզի ձեր ողորմություը ծածուկ լինի, և ձեր Հայրը, որ տեսնում է, ինչ ծածուկ է, կհատուցի հայտնապես (Տե’ս Մատթ. 6:3-4):
Առաքյալ – Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությու՛ն արեք ձեզ ատողներին, աղոթեցե՛ք նրանց համար, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է: Կատարյա՛լ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ (Մատթ.5:44-45, 48):

 


ՎԱՐԱԳՈՒՅՐԸ ՓԱԿՎՈՒՄ Է

Վերջ առաջին մասի


Ե Ր Կ Ր Ո Ր Դ Մ Ա Ս


Հարթակ են մտնում ազգային տարազով մի քանի մասնակիցներ (ցանկալի է, որ այս հատվածում բոլոր աշակերտները լինեն ազգային տարազով, իսկ գլխներին` ծաղկեպսակներ) և ասում:



Աշակերտ – Հիսուսի պատգամի համաձայն` Համբարձումից հետո Նրա աշակերտները գնացին աշխարհի չորս կողմերը` Հիսուսի պատգամներն ուսուցանելու, քրիստոնեական եկեղեցիներ հիմնելու և մարդկանց հոգիներում սերմանելու հավատ, հույս և սեր:
Աշակերտ – Հայոց հողն էլ օրհնվեց: Հիսուսի 12 առաքյալներից երկուսը` Թադեոսն ու Բարդուղիմեոսը, կենաց խոսքը քարոզեցին Հայաստանում: Նրանց ցանած հավատի սերմերը ծլարձակեցին, և 301 թվականին քրիստոնեությունը դարձավ Հայաստանի պետական կրոն:
Աշակերտ – Քրիստոնեության շնչով կենդանություն առան հայոց լեռներն ու դարձան աղոթաշունչ վանքեր: Սուրբ Գրքի պատգամները հավերժացան հայոց հայրերի ու մայրերի շուրթերին: Քրիստոնեությունը նոր շունչ հաղորդեց հայ ժողովրդի մշակույթին ու կենցաղին:
Աշակերտ – Հայ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի երկրային կյանքն ու գործերը փառաբանելու համար հաստատեց մի շարք տոներ, որոնց միջոցով հավատացյալները ողջ տարի հիշում և հոգեպես հաղորդակցվում են Հիսուսի փրկչական կյանքին:
Աշակերտ – Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոներից է Համբարձման տոնը, որը նշվում է Սուրբ Հարության տոնից քառասուն օր հետո` բազմախորհուրդ ծեսերով ու հանդիսություններով:
Աշակերտ – Հայ ժողովուրդն էլ Համբարձման տոնը դարերի ընթացքում համեմել է գեղեցիկ սովորություններով և ավանդույթներով:



Վարագույրը բացվում է: Հնչում է «Համբարձումն եկավ» երգը: Խումբը երգելով մտնում է ներս և կանգնում հարթակի տարբեր կողմերում: Մասնակիցների ձեռքներին լինում են ծաղիկներ, տերևներ, քարեր, որոնք պետք է դրվեն վիճակի կուլայի մեջ: Մասնակիցները տեղում կանգնած, պարային քայլեր են անում:
Այս ընթացքում մի աշակերտ ասում է:



Աշակերտ - Համբարձման տոնից մեկ օր առաջ, չորեքշաբթի օրը, հարսներն ու աղջիկները յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար էին հավաքում, դաշտերից ու այգիներից ծաղիկներ էին քաղում և փնջեր կապում, որոնցից մեկը խաչաձև էր լինում և կոչվում էր Ծաղկամեր, որը տոնի ավարտին նվիրվում էր եկեղեցուն:
Աշակերտ - Աղբյուրներից հավաքած ջուրը կուլայի մեջ էին լցնում, յուրաքանչյուրը մի իր էր գցում, և գեղեցիկ ծաղիկներով զարդարում էին այն: Ապա դնում էին բաց երկնքի տակ, որպեսզի համբարձման գիշերվա աստղազարդ երկնքի լույսն ընկներ ծաղիկների վրա և առավոտյան ցողով օծվեին վիճակի ծաղիկները:
Աշակերտ - Հինգշաբթի առավոտյան ջանգյուլումի մասնակիցները տնետուն էին շրջում, տանտիրուհուն, հարսին կամ աղջկան նվիրում էին ծաղկեփունջ` նրանցից ստանալով կաթ, բրինձ, ձու, քաղցրավենիք, միրգ, երբեմն նաև մանրադրամ: Ընտանիքի անդամները նաև մի-մի իր էին գցում փարչի մեջ` վիճակահանությանը մասնակցելու համար:

 

ԵՐԳ` «Համբարձում յայլա»:

Երգի ընթացքում մի քանի մասնակցի ուղեկցությամբ ներս է մտնում ճերմակ հագուստով մի փոքրիկ աղջիկ, ձեռքին` վիճակի կուլան: Խմբի ուղկեցությամբ այն դրվում է հարթակի կենտրոնում: Բոլոր մասնակիցները մոտենում են և ձեռքների եղածը գցում փարչի մեջ: Ապա խումբը պարում է ազգագրական պար:
Պարի ավարտին, երաժշտության ուղեկցությամբ, մասնակիցներից մի քանիսը հանդիսատեսին ծաղիկներ են նվիրում:

 

Աշակերտ – Ժողովուրդը Համբարձման տոնն անվանում է նաև վիճակ, որը կապված է Քրիստոսի համբարձումից հետո` առաքյալների ու աշակերտների ժողովում, Պետրոս առաքյալի առաջարկով մատնիչ Հուդայի փոխարեն վիճակահանությամբ 12–րդ առաքյալի՝ Մատաթիայի ընտրության հետ:



Աշակերտ - Որոշ գավառներում տղաները ջանգյուլումի ժամանակ` տոնական խնջույքի, երգ ու պարի թեժ պահին, իրենց ուժն էին ցուցադրում խաղ-մրցույթներով՝ կոխ էին բռնում, ձի հեծնում, պարան ձգում և այլ ուժաչափ խաղեր էին խաղում:



Ժողովրդական պարեղանակ (հնչում է զուռնայի երաժշտություն, բեմ են բարձրանում կոխ բռնող և պարան ձգող աշակերտների խմբերը):



Աշակերտ - Ու պարից հետո լեն հրապարակ
Բաց արին էնտեղ, արձակ գլխատան, Զուռնաչին փչեց կոխի եղանակ,
Ահել ու ջահել իրարով անցան:

 

Խաղ-մրցույթները կարելի է ներկայացնել բեմադրված պարի ձևով:

 

Աշակերտ - Հայաստանում Համբարձման օրը շատերը գնում են Ծաղկեվանք: Այնտեղ է գտնվում նաև Վարվառե կույսի գերեզմանը: Ավանդությունը պատմում է, որ Վարվառե կույսը, քրիստոնյա լինելու համար հալածվելով հոր կողմից, նահատակությունից առաջ Տիրոջը խնդրում է, որ ծաղիկ հիվանդություն ունեցող երեխաների մայրերը իրենց զավակների համար իր անունով բժշկություն գտնեն: Այս ավանդությունն էլ հիմք է հանդիսացել, որ Արայի լեռան վրա գտնվող ուխտատեղին կոչվի Ծաղկեվանք:
Աշակերտ - Առաջներում ջան գյուլումը համարվում էր նորահարսների ու աղջիկների տոն: Վիճակի համար հորինված երգերի ու քառյակների հետ կապում էին իրենց բախտն ու ճակատագիրը, ցանկություններն ու ակնկալիքները, սակայն քաջ գիտակցում էին նաև, որ վիճակահանությունը մի գեղեցիկ խաղ է` տոնին բնորոշ մյուս խաղերի նման, որոնք աշխուժություն են հաղորդում տոնական օրվան:

 


Ժողովրդական երաժշտության ուղեկցությամբ երեխաները, շրջանի մեջ առած վիճակ հանող երկու փոքրիկ աղջնակներին, պարելով ուղեկցում են հարթակ: Փոքրիկները նստում են գորգի վրա, նրանցից մեկի ձեռքին Ծաղկամերն է: Նրանք նստում են գորգին` վիճակի իրերով լիքը զամբյուղի առջև: Նրանց շուրջը նստում են փոքրիկներ, որոնք պիտի հանեն վիճակ-մաղթանքները: Նրանցից քիչ ետ կանգնում է վիճակ-քառատողերը կարդացող աղջիկների խումբը:

 

Աշակերտ - Դե հանի՛ր, փոքրի՛կ, վիճակն ի բարին,
Երգելով գովե՛նք վիճակ ստացողին:


Վիճակներ

Վիճակ-մաղթանքները վերագրվում են՝

1. Միջոցառման հյուրերին, հանդիսատեսին: (Խորհրդանիշը` ծաղկեփունջ):
2. Թիվ ________ դպրոցի բոլոր աշակերտներին: (Խորհրդանիշը` գիրք):
3. Թիվ ________ դպրոցի բոլոր երեխաների ընտանիքներին: (Խորհրդանիշը` նուռ):
4. Թիվ ________ դպրոցի ուսուցիչներին: (Խորհրդանիշը` այբուբեն):
5. Հայոց բանակին: (Խորհրդանիշը` արծիվ (թղթից պատրաստված)):
6. Հայոց անկախ հանրապետությանը: (Խորհրդանիշը`դրոշ):
7. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: (Խորհրդանիշը` խաչ):

 

Վիճակներ
1. Աստված ամենակարող է և ամենատես: Նա Իր զավակներին պարուրում է անսահման սիրով, զարդարում բազում շնորհներով ու հայրաբար առաջնորդում կյանքի բոլոր ուղիներում: Ով կամենում է բախտավոր լինել, թող ապավինի Աստծուն և Նրա պարգևած շնորհներն ի գործ դնի իր և շրջապատի համար բարիք գործելու ճանապարհին: Արեք այն, ինչ կամենում եք և կարող եք անել, և Աստծուն հանձնեք այն, ինչ կամենում եք, բայց չեք կարող անել:
2. Իմաստությունն ու գիտելիքը մարդու ամենամեծ հարստությունն են և անհաղթ զենքը, որը պաշտպանում են հոգևոր, նյութական ու մարմնական թշնամիներից, մարդու կյանքը դարձնում բովանդակալից և օգնում ստեղծելու մնայուն բարիքներ: Ուստի մարմնի քաղցը հագեցվում է սակավ կերակրով, իսկ մտքի քաղցը հագեցում չունի, որովհետև որքան ավելի միտքը սովորում, այնքան մեծանում է նրա քաղցը:
3. Ծնողները պարտավոր են իրենց մանուկներին կրթել բարի վարքով, հոգեշահ խրատներով և իրենց առաքինագործ կենցաղավարության օրինակներով:
4. Ուսուցիչները պիտի օժտված լինեն բազում շնորհներով և ամեն ինչում մշտապես օրինակ լինեն իրենց աշակերտների համար, քանզի աշակերտներն առավել սովորում են այն, ինչ տեսնում են իրենց ուսուցչի մեջ, քան այն, ինչ տեսնում են մյուս բոլոր մարդկանց մեջ:
5. Կա երեք ճշմարտություն` սրտի, բերանի և գործի: Բայց հաճախ մարդկանց աչքին ոչ մի զորություն չունի սրտի ու բերանի ճշմարտությունը, եթե չհետևի գործի ճշմարտությունը: Անպարտելի Հայկ նահապետի ու Վարդանանց քաջերի հետնորդ հայ զինվորները մշտապես գործով են ապացուցում և պիտի ապացուցեն իրենց մեծագույն սերն ու նվիրումը հանդեպ հայրենին:
6. Ազգի երջանկության համար չորս բան է անհրաժեշտ. առաջին` մեծ ու առաջնային համարել օրենքի պահպանությունը, երկրորդ` ցանկալի արդյունքի հասնելու համար աշխատել ազգովի, երրորդ` նեղության ժամանակ միմյանց թիկունք կանգնել, չորրորդ` հասարակության օգտի ու բարու համար ջանք թափել: Բայց ամենից կարևորը մայր հայրենիքը սիրելն է այնպես, ինչպես հայրենիքն է հավասարապես սիրում մեզ`իր զավակներին, ու կարոտն աչքերին` սպասում նրանց տունդարձին:
7. Հայոց Եկեղեցին ծննդավայրն է հայի հոգու, բարձր բերդը հավատքի, լույսի փարոսը կյանքի: Հայոց Եկեղեցին տունն է ամեն մի հայի, և ամեն մի հայի օջախ մի ուրույն եկեղեցի է, ուր դարեր շարունակ հայոց հայրերն ու մայրերը իրենց զավակներին սնել են քրիստոնեության հավերժական պատգամներով` նրանց հոգիներում դրոշմելով մի անանց ճշմարտություն, որ Սուրբ Ավետարանը մեր հայրն է, իսկ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր մայրը:

 

Աշակերտ – Հիշե՛նք, որ այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագույն տոներից մեկն է` Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Համբարձումով իր լրումին հասավ Հիսուսի` մարդացած Աստծու փրկագործական առաքելությունը:
Հիսուս համբարձվեց, գնաց, սակայն մարդկանց թողեց հավատ, հույս և սեր: Հավատքն Աստծուն ճանաչել է տալիս, հույսը` մոտեցնում Նրան, իսկ սերը` միավորում Նրա հետ:


Աշակերտ – Երբ մեղքի պատճառով մարդը զրկվեց դրախտային կյանքից, Աստծու Միածին Որդին իջավ երկնքից, մարդացավ և Իր խոսքով և գործով մարդկությանը ցույց տվեց դրախտի ճանապարհը: Խաչելությամբ քավեց մարդկանց մեղքերը, հարությամբ` հաղթեց մահվանը և համբարձվելով երկինք` մարդու առաջ բացեց երկնքի արքայության ճանապարհը:

 

Աշակերտ – Հիսուս, շրջելով երկրի վրա, մկրտվելով ջրում և թաղվելով գերեզմանում, մաքրեց հողն ու ջուրը, իսկ Հարությունից հետո` օդն ու կրակը: Փրկիչը մարմնով բաժանվեց մարդկանցից, սակայն մշտապես բոլորի հետ է հոգու միջոցով: Հիսուս Համբարձվեց, որպեսզի Սուրբ Հոգուն առաքի, որպեսզի Նրա շնորհներով զորացած` առաքյալները ողջ աշխարհում հիմնեն քրիստոնեական եկեղեցին:

 

Աշակերտ - Եվ այսօր` Համբարձման տոնին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է նաև 1441 թ. Հայոց կաթողիկոսական աթոռը Կիլիկիայի Սիս մայրաքաղաքից տեղափոխելու և Սուրբ Էջմիածնում վերահաստատելու տոնը: Հայոց հողն Աստծու օրհնությանն արժանացել է արարչությունից ի վեր: Հայ ժողովրդին վիճակվել է այնպիսի արժեքներ, որոնք վկայությունն են Աստծու սիրո:

 

Աշակերտ - Մեզ վիճակվել է այս հողում ապրել, ուր արարչության հենց սկզբում Աստված դրեց դրախտը, որը ողողում էին Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնող չորս գետերը՝ Գեհոնը , Փիսոնը, Եփրատը և Տիգրիսը:

 

Աշակերտ - Աշխարհակործան ջրհեղեղից հետո Նոյան տապանը իջևանեց Բիբլիական լեռան՝ Արարատի փեշին, որտեղից մարդկության երկրորդ ծնունդն սկսվեց:

 

Աշակերտ - Աստծու կամոք Հիսուսի տասներկու առաքյալներից երկուսը՝ Թադեոսը և Բարդուղիմեոսը, եկան Հայոց աշխարհ և Ավետարանի քաղցր լուրը բերեցին՝ հայոց հողը լուսավորելով փրկչական անմարելի լույսով:

 

Աշակերտ – Սբ. Գրիգոր Լուսավորչի չարչարանքներով և Խոր Վիրապի տառապանքի գբից դուրս գալով՝ մի ամբողջ ազգ ծնվեց և առաջինն այստեղ՝ հայոց աստվածօրհնյալ երկրում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց:

 

Աշակերտ - Աշխարհում որևէ ժողովրդի եկեղեցի չհիմնվեց Աստծու էջքով: Հիսուս, որ երկրից երկինք համբարձվեց Երուսաղեմում, Իր երկնային փառքով իջավ Հայոց հողում և Իր լուսեղեն Աջով հիմնարկեքը կերտեց Լուսո խորանի՝ Սուրբ Էջմիածնի:

 

Աշակերտ - Գոհություն ու փառք տանք Աստծուն մեզ Մեսրոպ Մաշտոց պարգևելու համար, որի անսասան հավատի ու նվիրումի պատասխանը եղավ աստվածապարգև գիրը հայոց, որը իմաստավորեց հայի գոյությունը՝ հարատևելու որպես ազգ և Աստվածաշունչը խոսեց հայերեն:

 

Աշակերտ - Գոհություն ու փառք Աստծուն, որ մեր ժողովուրդը բազում դարերի ընթացքում վասն հավատո, վասն հայրենյաց գոյամարտում հայացքը միշտ ուղղել է դեպի վեր և հաղթող դուրս եկել:
Աշակերտ - Եվ այսօր էլ Համբարձման տոնին խնդրենք մեր փրկիչ Աստծուն.
- Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ՝ Հիսուս Քրիստոս, համբարձվելով ՝մեզ միայնակ չթողեցիր, խոստացար ուղարկել Մխիթարիչ Սուրբ հոգուն, Ում ներկայությունը թույլ չի տա, որ մեր մեջ մարի հույսը, հույսը՝ հանդեպ գալիք ժամանակների արդարության, ազնվության, խաղաղության և իհարկե անբիծ սիրո, և մեր շուրթերին հարատևի աղոթքը:

 

Աշակերտ - Ուրեմն՝ մեկ տեղ աղոթքի կանգնենք
Մեր հայրենիքի շենության համար,
Եվ աղոթենք մենք վասն միության,
Վասն փրկության գալիք հաղթության:

 

Հոգևորականի օրհնության խոսք:
Հոգևորականի խոսքից հետո նվիրել Ծաղկամերը` որպես նվեր եկեղուցուն: Շնորհավորանքներից հետո ներկաներին հրավիրել ճաշակելու տոնի համով կաթնապուրը (հյուրասիրությունը կարելի կազմակերպել բակում):

 


ՀԱՎԵԼՎԱԾ

 

• Միջոցառումն սկսելուց առաջ կարելի է տարրական դասարանների երեխաների մասնակցությամբ կազմակերպել կավճանկար` «Համբարձման տոնը» խորագրով: Միջոցառման ավարտին ներկաներին և մասնակիցներին հրավիրել` դիտելու երեխաների աշխատանքները և հանձնել խրախուսական միցանակներ: Միջոցառման մասնակից երեխաների գլխներին կարելի է դնել ծաղկեպսակներ:

  • 2021-12-11
×