ՍՈՒՐԲ ԱԲԳԱՐ
ՍՈՒՐԲ ԹԱԴԵՈՍ ԵՎ ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ
ՍՈՒՐԲ ՍԱՆԴՈՒԽՏ
Հանդեսի ծրագիր ավագ խմբի համար
Տևողությունը` 35-40 րոպե
Նկարներ` - Ս.Թադեոս և Ս.Բարդուղիմեոս
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՅՈՒԹԵՐ
1. Զգեստներ` - առաքյալների, Սուրբ Սանդուխտի, Աբգար և Սանատրուկ թագավորների, սենեկապանի, սուրհանդակի, զինվորների դերակատարների համար:
2. Լրացուցիչ պարագաներ` - սրեր, թուր, Տիրամոր նկար` Հիսուսը գրկին, ստվարաթղթից գեղարդ, թագ, գավազան շղթաներ, մոմակալներ:
3. Բեմի ձևավորումը`ա. Խորքում սեղան է վրան եկեղեցի, երկու մոմակալ, կարելի է փակցնել երկու առաքյալների պատկերները: բ. Մասնակցող երեխաները երկու շարքով աջ և ձախ կողմերում ըստ հասակի և իրենց խոսքերն ասելիս երկու քայլ դեպի կենտրոն են գալիս , դեմքով շրջվում դեպի հանդիսատեսը:գ. Բեմականացման դրվագները կատարվում են բեմի կենտրոնում` մեղմ երաժշտության ներքո:
4. Բեմասրահի ճակատին գրել` “ Ինձ փառավորողներին պիտի փառավորեմ”:
(Ա Թագ. Բ 30)
5. Հանդիսասրահում` կենտրոնում դրված է երկու սեղան, որոնց վրա վառվող մոմերով մոմակալներ են, Քրիստոնյա Հայաստան թերթեր, առաքյալների մասին պատմող քարոզթերթեր:
Մ Ո Ւ Տ Ք
(Ապա բեմառաջ են գալիս երկու երեխաներ և նայելով դահլիճի աջ և ձախ կողմերում փակցված Ս.Թադեոս և Ս.Բարդուղիմեոս առաքյալների պատկերներին` մեկը մյուսին հարցնում է.)
Թադ- Սիմո՛ն, ապա նայի՛ր այս երկու պատկերներին, ծանո՞թ են դրանք քեզ:
Սիմոն- Իհարկե՛ ծանոթ են:Գիտե՞ս, մենք ընտանիքով հաճախակի այցելում ենք տարբեր եկեղեցիներ և այնտեղ` եկեղեցիների աջ և ձախ պատերին տեսել եմ այդ պատկերները:
Թադեոս- Ճիշտ է, ես այդ պատկերները տեսել եմ նաև իմ եղբոր Հայոց Եկեղեցու պատմության դասագրքում:Եղբայրս ինձ համար կարդացել է նրանց պատմությունը:Նրանք Հիսուս Քրիստոսի առաքյալներն են, Սուրբեր Թադեոսը և Բարդուղիմեոսը:
Սիմոն- Ի՜նչ հետաքրքիր է, իսկ եթե հիմա գնանք քո եղբոր դասարանը և խնդրենք, որ նրանք մեզ համար պատմեն սուրբ առաքյալների պատմությունը:
Թադեոս- Գնա՛նք, գնա՛նք…
(Բեմասրահ են մտնում հինգ երեխաներ, որոնցից չորսը տեղեկություն հաղորդողներ` կանգնում են երկրորդ պլանում իրարից երկուական քայլ հեռավորությամբ, իսկ Շարականից հատված արտասանողը` առջևում, կանգնածների կենտրոնում:)
ՇԱՐԱԿԱՆ
(ասմունք)
Հայրատունկ այգու հրեղեն պարիսպներ,
բարձր աշտարակներ, ոսկեղեն բաժակներ
ու ժիր մատռվակնե′ր,
ո′վ Հայաստանյայց հոգևոր հայրեր`
Բարդուղիմեոս և դու` Թադեոս,
Տիրոջ մոտ բարեխոս եղեք
մեր հոգիների համար:
(Մոտենում են խմբով նստած երեխաների, որոնց մոտ կանգնած է դաստիարակը Հայոց Եկեղեցու պատմության դասագիքրը ձեռքին` բացած վիճակում:Վերջինս տեսնելով երեխաներին ասում է.)
Մանկավարժ - Նե՛րս մտեք, երեխանե՛ր, ինչո՞ւ եք եկել դպրոց և ինչ է ձեզ հետաքրքրում:
Սիմոն- Մենք ուզում ենք Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի մասին պատմությունը լսել, կարելի՞ է…
Մանկավարժ – Իհարկե՛ կարելի է: Խնդրե՛մ նստեք: Մեր այսօրվա դասը հենց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասին է:Նրանք հավատքի առաջին սերմնացաններն են եղել Հայաստանում: Սիրելի՛ աշակերտներ, առաքյալների մասին պատմությունը դուք պատմեք մեր փոքրիկներին:Ապա ո՞վ է սկսում…
(Մի երեխա մոտենում է բեմի կենտրոնին և սկսում պատմել, ապա շարունակում են մյուսները:)
Երեխա - Հիսուսի մահից և հարությունից հետո (34-35թ.թ.) Տիրոջ խոստմանը հավատարիմ Թովմաս առաքյալը Թադեոսին ուղարկում է Հայաստան: Թադեոսը Հայոց առաջին Լուսավորիչը և բոլորից շատ անուն ունեցող առաքյալը` Հուդա Հակոբյանը կամ Ղեբեոսը, հիշված է Ավետարանների մեջ և գրել է մի նամակ, ուր գործածել է Հուդա անունը:
Երեխա - Եդեսիայում նրա ձեռքով կատարվում են բազմաթիվ հրաշքներ, որպեսզի մարդիկ հավատան և կամ հաստատվեն իրենց հավատի մեջ: Առաքյալը ոչ ոքի բռնությամբ չէր դարձնում հավատի, բայց հավատացյալներն օր օրի վրա ավելանում էին: Այս դեպքերից հետո Հիսուս Քրիստոսի Աստծո Միածին Որդու հավատքի սերմերն առաջին անգամ ցանվում են հայ հոգու անդաստաններում.
Երեխա - Թերևս պատահական չէ, որ այս պատասխանը հենց Թադեոս առաքյալին տրվեց, ում վիճակված էր քարոզել դառն ապագա ունեցող մի ժողովրդի մեջ:
Խումբ - Եթե մեկը սիրում է Ինձ, Իմ խոսքը կպահի, և Իմ Հայրը նրան կսիրի, և մենք նրա մոտ կգնանք ու նրա մոտ կօթևանենք:
Երեխա - Ըստ Քրիստոսի խոստումի Թադեոսը բժշկում է և քրիստոնյա է դարձնում Աբգար թագավորին: Թե′ արքան, թե′ նրա ենթականերից շատերը հավատում և մկրտվում են: Իսկ Թադեոս առաքյալը, մետաքսագործ և խույր կարող Ադդեին Եդեսիայի եպիսկոպոս ձեռնադրելով, շարունակում էր իր քարոզչությունը:
(Չորս երեխաները կենտրոնից հեռանում են, երկուսը կանգնում են բեմասրահի աջ և մյուս երկուսը` ձախ կողմերում: Հնչում է երա դասական երաժշտություն հայ կոմպոզիտորների որևէ հայրենասիրական ստեղծագործություն 1-2 րոպե, այս ընթացքում բեմասրահ են գալիս տասներկու տղաներ, երկար շապիկներով և նրանցից յուրաքանչյուրը արտասանում է աղոթքից մեկ տող: Տղաներից յուրաքանչյուրը, որ անվանակոչված է առաքյալի անունով իր անունն արտասանելիս աջը դնում է կրծքին և թեթևակի խոնարհվում :Ապա միացվում է նախապես ձայնագրված տղամարդու ձայնով Հիսուս Քրիստոսի խոսքը.)
ԱՂԵՐՍ ԱՌ ՍՈՒՐԲ ԱՌԱՔԵԱԼՍՆ
Անմահ գառին հզորի
Որ միշտ զենյալ և կենդանի,
Երկոտասան գառանցդ խմբի,
Ձեզ այս աղերս մատուցանի:
Սուրբ Պետրոսի և Անդրեյի,
Երկուց եղբարց նախակոչի,
Հակոբոսի, Հավհաննիսի,
Ձկնորս որդիքն Զեբեթի:
Փիլիպոսի, Բարդուղիմեի,
Թովմայի և Մատթեոսի,
Հակոբ Ալփյա, Թադեոսի,
Շմավոնի, Մատաթեի:
Երկոտասան առաքելոց
Ի Քրիստոսե պսակելոց:
Այս են բաղձանք սրտից մերոց, Փրկել զմեզ յայսոց պղծոց,
Խումբ - Եվ լիցի պահապան ծառայիս Աստուծո. Ամեն:
ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄ
ՆԵՐԲՈՂ ՍՈՒՐԲ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻՆ
(Ասմունքում են երեք երեխաներ)
Գր.Նարեկացի
Տիեզերքի ծաղիկներ
Եվ Եդեմի տան տենչալի տունկեր,
Նախաստեղծ Ադամի ծնունդներ և զարմեր Սիոնի:
Փրկագործության ավազանն ունեցողներ
Եվ ձեր թիկունքի վրա բարձրացողներ,
Երեք-երեք խմբված չորս գնդեր,
Թվով տասներկու ձուլածո ցուլեր`
Կերպավորված քանդակագործական արվեստով,
Դիտում էին դեպի հյուսիս և հարավ, արևելք և արևմուտք...
Հիսուս - (ձայնը վարագույրի ետևից) – Երանի՜ նրան, ով ինձ հավատում է, թեպետ տեսած չլինի, որովհետև իմ մասին այսպես է գրված, թե ովքեր ինձ տեսնում են, ինձ չեն հավատա, իսկ ովքեր չեն տեսնում, կհավատան և կյանք կգտնեն:
Թադեոս –Եղբայրնե′ր, ես հայերեն եմ խոսում: Սուրբ Հոգու շնորհիվ առաքյալներս արդեն խոսում ենք տարբեր լեզուներով և ավետիսը պիտի տարածենք բոլոր մարդկանց: Ես գնում եմ Հայաստան քարոզելու Հիսուսի վարդապետության մասին:
Ավետարանիչ` Մատթեոս - (ձեռքին գալարափաթեթ )- Սուրբ Բարդուղիմեոս առաքյալը նույնպես Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներից էր և հավանաբար այն նույն անձն էր, ում Սուրբ Հովհաննես առաքյալն անվանում է Նաթանայել: Նա ծնունդով Գալիլիայի Կանա քաղաքից էր:Բարդուղիմեոսի կենսագրությունից հատկապես հետքրքրական է նրա` առաքյալ դառնալու պատմությունը:Առաքյալին Հիսուսի մոտ է բերում նրա ընկեր Փիլիպպոսը: Եվ երբ Հիսուսը տեսնում է Նաթանայելին, նրա մասին ասում է.
Հիսուս - Ահա իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա:
Բարդուղիմեոս - Որտեղի՞ց ես ինձ ճանաչում:
Հիսուս – Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսա քեզ:
Բարդուղիմեոս- Վարդապե′տ, դու Աստծու Որդին ես և դու Իսրայելի թագավորն ես:
Ավետարանիչ` Ղուկաս - (ձեռքին գալարափաթեթ) - Նա Զեբեդեոսի որդիների և մյուս աշակերտների հետ Տիբերական լճի ափին ձկնորսություն էր անում, երբ նրանց երևաց Քրիստոսը:Բարդուղիմեոսը մյուս 11 աշակերտների հետ հիշվում է նաև “Գործք առաքելոցում”:
Բարդուղիմեոսը –Հոգեգալուստի օրը ես նկատեցի, որ ինձ հայերեն խոսելու կարողություն է շնորհվել, և հասկացա, որ Հայաստան պետք է գնամ Հիսուսի վարդապետությունը քարոզելու համար:Ես գնում եմ Թադեոս առաքյալի սկսած գործը շարունակելու: Եվ ինձ հետ տանելու եմ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի դաստառակը:
(Դուրս են գալիս բեմից:Ներս է մտնում մի տղա Սենեկապանի զգեստով և Աբգարին նայելով ասում.)
Սենեկապան- Տե′ր արքա, Անան սուրհանդակը վերադարձել է Հրեաստանից և կամենում է մի նամակ ընթերցել:
Աբգար- Նե′րս հրավիրեք:
( Բեմի կենտրոնում դրված է երկար ծածկոցով ծածկած բարձր հենակով աթոռ, որին նստած է Աբգար արքայի դերակատարը:Ներս է մտնում սուրհանդակ Անանը` ձեռքին գալարափաթեթ և դաստառակը` տղամարդու թաշկինակի չափսի սպիտակ կտոր, որի վրա նկարված է Հիսուս Քրիստոսի դեմքը:Անանը բացում է գալարափաթեթը և ընթերցում):
Անան – Տե՛ր արքա, ահա՛ այդ նամակը... Իսկ որ դու Ինձ գրեցիր, որ գամ քեզ մոտ, Ես այստեղ պետք է կատարեմ այն բոլորը, որի համար ուղարկված եմ:Երբ այս բոլորը կատարեմ, կհամբառնամ նրա մոտ, ով Ինձ ուղարկեց, և երբ համբառնամ, քեզ մոտ կուղարկեմ Իմ այս աշակերտներից մեկին, որ քո ցավերը բժշկե և կյանք շնորհե քեզ և քեզ հետ եղողներին: Ահա այս թուղթը հանձնում եմ Տեր Աբգար արքայիդ և նրա հետ Փրկչի կենդանագիր պատկերը` դաստառակը:
(բացում և ցույց է տալիս արքային և հանդիսատեսին, ապա կրկին ներս է մտնում սենեկապանը և ասում):
Երեխա - Ըստ մեր ազգային ավանդության Թադեոսը առաքյալը նախ գալիս է Կապադովկիա, ապա Օսրոենե երկրամասի Եդեսիա քաղաքը, որը քրիստոնեական հնագույն կենտրոններից մեկն էր և քարոզում է Ավետարանը, հանդիպում Հայոց Աբգար թագավորին:
Սենեկապան – Տե′ր արքա, Տուբիա իշխանի տանը Թադեոս անունով մի հրեա է իջևանել, նրա համբավը տարածվել է ողջ Եդեսիա քաղաքում:
Աբգար – Դա այն մարդն է, որի մասին Հիսուս գրեց: Հրավիրեք նրան ինձ մոտ:
(Ներս է մտնում Թադեոսի դերակատարը և ողջունում)
Թադեոս – Ողջո′ւյն, Հայոց Աբգար արքային:
Աբգար –Ողջո′ւյն, իսկապես դու օրհնյալ Հիսուսի աշակե՞րտն ես, որին խոստացավ այստեղ ուղարկել, և կարո՞ղ ես իմ ցավերը բժշկել:
Թադեոս – Եթե հավատաս Հիսուս Քրիստոսին, Աստծու Որդուն, քո սրտի բոլոր ցանկացածները կստանաս:
Աբգար – Ես հավատացի Նրան և Նրա Հորը, ուստի կամենում էի զորքերս առնել և գալ կոտորել Նրան խաչող հրեաներին, եթե հռոմեացիների թագավորությունն այս բանը չարգելեր:
Թադեոս – Ահա մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի կողմից օրհնված մեռոնը` անուշահոտ հեղուկը և նիզակը` գեղարդը, որով զինվորները խոցեցին խաչված Քրիստոսի կողը, հավատացյալները այն սրբությամբ էին պահել և այն նվիրում եմ նախավկա և ի Քրիստոս անդրանիկ հավատացյալ թագավորին` Աբգարին:Այս գեղարդով բազմաթիվ հրաշքներ են կատարվել:
Երեխա – Ապա Թադեոսն անցնում է Հայաստան, ուր և շարունակում է իր եռանդագին քարոզությունը:Հայաստանում Թադեոս առաքյալի քարոզության կենտրոնավայրը Արտազ գավառի Շավարշավան գյուղաքաղաքն էր, հայոց թագավորների ամառատեղին:
Երեխա - Հայաստանի մեջ բոլորը պատրաստ չէին Յիսուսի վարդապետությանը հետևելու: Սանատրուկ թագավորը չսիրեց այս նոր կրոնը:Նա կարծեց, որ իր չաստվածները պիտի նեղանային, եթե ինքը արտոներ իր ժողովրդին հետևելու Յիսուսին և իր չաստվածները պիտի պատժեին իրեն:
Երեխա - Բարդուղիմեոս առաքյալը Թովմաս առաքյալի հետ գնում է նախ Արաբիա, Եթովպիա, Հնդկաստան: Նա այնտեղ բաժանվելով Թովմասից շարունակում է իր անհատական քարոզությունը, 44-60-ական թվականներին մեկնում է Մեծ Հայք` այնտեղ հասցնելու Ավետարանի լույսը:Վերադարձին հանդիպում է Մարաց կողմերում, սակայն շատ հաջողություն չի գտնում:Այնտեղից մտնում է խորին Ասորիք, ուր հրաշագործ քարոզությունից հետո անցնում է Պարթևաստան և ապա այնտեղից` Հայաստան:
Երեխա - Առաքյալը ավետարանը նախ քարոզում է Փոքր Ասիայում, ապա Նա թափանցում է արքունիք և դարձի է բերում թագավորի քրոջը` Ոգուհուն, որի պատճառով ձեռրբակալվում է Հայոց Սանատրուկ թագավորի կողմից, ենթարկվում սաստիկ չարչարանքների:
Երեխա -Բարդուղիմեոսը մտնում է Սյունիք` Որդվատ գյուղը, ապա Գողթն, ուր մեծ խանդավառությամբ ընդունվում է, այստեղ նորադարձների թիվը այնքան շատ էր, որ Առաքյալը Կումսի անունով մի եպիսկոպոս է ձեռնադրում և ինքը ուղղվում է դեպի Դվին: Արտաշատի բլուրի վրա հանդիպում է Թադեոս առաքյալին. Երկու առաքյալները գիշերը այնտեղ են օթևանում:
ՇԱՐԱԿԱՆ`ԵՐԱՆԵԼԻ ՍՈՒՐԲ ԱՌԱՔԵԱԼՔ
Երեխա -Այնտեղ իրենց հանդիպումը խորհրդանշող խաչ են փորագրում մի ժայռի վրա, որի համար իրենց հանդիպման վայրը կոչվում է Օթյաց խաչ:Հաջորդ օրը բաժանվում են իրարից. Թադեոսը ուղղվում է դեպի Արտազ, իսկ Բարդուղիմեոսը դեպի Հեր և Զարևանդ գավառները, ուր Առաքյալի քարոզությունը մեծ սիրով է ընդունվում:
Երեխա – Թադեոսը իր առաքելությունը առաջ էր տանում դեպի հյուսիս, մտնում է Հայոց Սանատրուկ թագավորի սահմանները և դարձի բերում շատ հայերի, որոնք երախայրիքը և հիմքն են կազմում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:
ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱԶԳ ԱՌԱՋԻՆ
Ամեն, ամեն, ամեն օր
Քրիստոնյաներ բյուրավոր
Փառաբանում են Փրկչի
Հայտնությունն այս աշխարհի:
Հպարտությամբ ոտքի ելնենք
Մենք` քրիստոնյա ազգ առաջին,
Հավատարիմ մնալ ուխտենք,
Մեր հավատքի Սուրբ Արքային
Երեխա – Թադեոսը թափանցում է նաև Արքունիք.Դարձի է բերում թագավորի դստերը`կույս Սանդուխտին, նրան սովորեցնում է նոր կրոնի մասին. Սանդուխտը շատ լավ մի ուսանող դարձավ: Թադեոսը նրան բացատրեց, որ Հիսուսին սիրելը և Նրա խոսքերին հետևելը ավելի մեծ արժեք է ներկայացնում, քան թե մի իշխանուհի լինելը:Թադեոսը շատ ուրախացավ, երբ տեսավ, որ Հիսուսի հանդեպ Սանդուխտի ունեցած սերը հետզհետե աճում էր:
Երեխա - Նրա հայրը բազմաթիվ չաստվածներ էր պաշտում և վախենում էր, որ նրանք պիտի բարկանան, որ իր աղջիկը Հիսուսի հետևորդներից մեկն է դարձել: Հայոց թագավորը, երբ իմանում է իր աղջկա քրիստոնյա լինելը, սաստիկ զայրանում է և ամեն միջոցի դիմում նրան իր հեթանոսական կրոնին ետ բերելու համար: Թագավորը շատ քրիստոնյաների սպանեց:
Երեխա - Սանդուխտը շարունակեց պաշտել Աստծուն և հավատալ Հիսուսին: Որպես իշխանուհի նա շատ հանգիստ կյանքով էր ապրում, բայց գիտեր նաև որ կյանքի մեջ վայելուչ հագուստից, համեղ կերակուրից և հաճելի ժամանակ անցկացնելուց բացի ավելի լավ բան կար:Թագավորի ջանքերը իզուր են անցնում. Խոստում, սպառնալիք, հալածանք, բանտարկություն ի զուր են մնում:
ՇԱՐԱԿԱՆ` ՍՈՒՐԲ ՍԱՆԴՈՒԽՏ
Քեւ պարծի այսօր սուրբ եկեղեցի,
Ով վկայուհի սուրբ Սանդուխտ,
որ ըզհայրականըն քո քողեր զպաշտոն,
վասըն Քրիստոսի հեղեր զարիւն սուրբ:
Քեզանով այսօր պարծենում է Սուրբ Եկեղեցին,
Ո՜վ վկայուհի Սուրբ Սանդուխտ,
Որ քո հայրական պաշտոնը ..
Հանուն Քրիստոսի Սուրբ արյունդ հեղեցիր:
Որ ըզտիկնութեանըն քո թողեր ըզփառս.
Եւ աստուածային փառօքըն զարդարեցար,
Այսօր դասակցեալ ընդ զըւարթունս երկնից,
Վասըն մեր առ Տեր բարեխօսեա:
Որ քո տիկնության փառքը թողեցիր,
և աստվածային փառքով զարդարվեցիր,
այսօր դասակցելով երկնային զվարթուններին
Տիրոջ մոտ մեզ համար բարեխոսիր:
Երեխա - Թադեոս առաքյալը հրաշքով ազատվում է մահից ու գնում է բանտ Սանդուխտին քաջալերելու:Սանատրուկ թագավորը իր իշխաններից մեկին ուղարկում է բանտ տարհամոզելու համար իր աղջկան, որպեսզի վերադառնա իր հայրենական հավատքին, իշխանը ինքը հմայված Թադեոս առաքյալի խոսքերից իր հետևորդներով ընդունում է Քրիստոսի Ավետարանը:
Երեխա – Սանդուխտը ընդունելով քրիստոնեությունը իր համար տարբերություն չկար այլևս, թե ինքը հարուստ էր կամ աղքատ, գեղեցիկ էր կամ տգեղ: Նա ըմբռնեց, որ Հիսուս բոլորին սիրում է և նա Հիսուսին սիրեց ամեն ինչից ավելի:
Երեխա – Թագավորը փորձեց համոզել իր աղջկան, որպեսզի միտքը փոխի:Նա կարծեց, որ բանտի կյանքը պիտի ստիպեր իրեն հեռանալ իր նոր հավատքից: Նա նույնիսկ ավելի մեծ պատիվներ խոստացավ, եթե սկսեր վերստին պաշտել չաստվածներին:
Երեխա – Բայց Սանդուխտը մնաց հաստատ իր հավատքի մեջ: Նա հավանաբար պիտի ուզեր հնազանդվել իր հորը, սակայն գիտեր, որ ամեն բանից առաջ նախ պետք էր հնազանդվել Աստծուն:Իր հայրը հարցրեց իրեն, թե ի՞նչ կնախընտրեր` սո՞ւրը, թե՞ թագը:
Երեխա – Նա ընտրեց սուրը, իմանալով, որ այդ սուրը մահ էր նշանակում:Նա չընտրեց թագը, որ նշանակում էր, թե պիտի ազատ արձակվի և պալատ վերադառնա:Նա չուրացավ իր հավատքը, այլ հավատարիմ մնաց մեր Տիրոջը: Ի տես այս բոլորի Սանատրուկը հրամայում է ատյան բերել Թադեոս առաքյալին, Սանդուխտ կույսն ու իրենց հավատակիցները, իզուր են անցնում իրենց տարհամոզման վերջին ճիգը:
ՍԱՂՄՈՍ
(Ասմունքում են երեք երեխաներ` բեմի կենտրոնում)
Զորությունների′ Աստված, մեզ հետ դարձրու,
ցո′ւյց տուր մեզ երեսը Քո, որ ապրենք:
Եվ խնամի′ր այն, որը տնկեց Աջը Քո, որին
Դու զորացրիր Քեզանով...
Զորությունների′ Տեր Աստված, մեզ հետ դարձրու,
ցո′ւյց տուր մեզ երեսը Քո, որ ապրենք...
Սանատրուկ – Ուրացա՞ր ինձ, որդյա′կ, և այն մոլորեցուցչին սիրեցիր:Բայց քեզ ասում եմ, եթե այդ հիմարական մտքից չհրաժարվես, աստվածներով եմ երդվում, որ մահվամբ պիտի պատժեմ քեզ էլ, նրան էլ:
Սանդուխտ – Այն, որ դու մոլորեցուցիչ ես կոչում նա եղավ ինձ անմոլար առաջնորդ ճշմարտության ճամփին և ինձ խավարից լույս բերեց և ճանաչեցրեց ինձ իմ Աստծուն և Հորը:
Սանատրուկ – Ո՞վ է Նա, որ Նրան կոչում ես Աստված և Հայր:
Սանդուխտ- Աստված Նա է, որ ոչնչից ստեղծեց ամեն ինչ:Բայց դուք մոռանալով ձեր Արարչին, երկրպագում եք մեռյալ կուռքերին, որ ոչ տեսնում են և ոչ լսում...
Սանատրուկ – (գավազանը գետնին խփելով) - Տարե՛ք այս անհավատին, կապե՛ք նրան և չարչարեք...
Սանդուխտ- (ծնկում է և աղոթում, հնչում է մեղմ շարականի երաժշտություն, բեմ է գալիս հրեշտակի զգեստով մի երեխա և Սանդուխտի գլխին դնում է ոսկյա թագ, ուսերին կարմիր պատմուճան) -Քրիստոս Փրկիչ իմ, օգնի′ր ինձ:Տեր Հիսուս Քրիստոս, ողորմիր մեզ, ներիր և օրհնիր Հայոց աշխարհը: (թրերով երկու զինվորներ են գալիս և Սանդուխտի ձեռքերը բռնելով դանդաղ քայլերով հեռանում են բեմից), Թադեոսի դերակատարը բեմի աջ կողմում ծնկած բարձրաձայն աղոթում է.)
Թադեոս – Տե′ր իմ Հիսո′ւս, նայիր Քո աղախնին և ամաչեցրու ճշմարտության թշնամիներին:
Հիսուս (ձայն վարագույրի ետևից) –Թադեո′ս, դու ևս պատրաստվիր մարտի:Քեզ նույնպես պիտի շատ չարչարանքներ բերեն, բայց համբերիր և Ես պիտի չթողնեմ քեզ:
Թադեոս – Շնորհակալ եմ Քեզ, Տե′ր իմ, որ չլքեցիր ինձ այս բարբարոսների մեջ: Մի′ թող հավատացյալներին, ովքեր Քեզ ապավինեցին և մի թող, որ չար բանսարկուն նրանց մոտենա:
Հիսուս (ձայն վարագույրի ետևից) –Եղիցի′, եղիցի′:
Երեխա - Նա որոշում է սպանել Թադեոսին, հուսալով, որ իր ժողովուրդը պիտի դադարեր մեր Տիրոջը հավատալուց և Նրա խոսքերին հետևելուց:Թագավորը ճարահատ վճռում է իր աղջկա, Առաքյալի ու նրանց հետևորդների մահը:
Երեխա –4 4 թվականին Հայոց Սանատրուկ արքայի դուստր Սանդուխտ կույսի ու այլ հազարավոր նորադարձ քրիստոնյաների նահատակությունից հետո, Թադեոս առաքյալին նահատակում են Արտազ գավառի Շավարշան Մակու գյուղաքաղաքում, որտեղ երկնքից լույս է ճառագայթում, ճեղքվում է մերձակա ժայռը և իր մեջ ընդունում առաքյալի դին: Թադեոս առաքյալի ու Սանդուխտի նահատակությունը պատճառ է դառնում հավատացյալների թվի աճման:
Երեխա - Աշակերտները Սուրբ Թադեոս առաքյալի մարմինը վերցնում ու թաղում են Արտազ գավառի մեջ` ներկա պարսկական Ատրպատական գավառի արևմտյան կողմում` դաշտում:Այնտեղ նրա գերեզմանի վրա մի փառավոր եկեղեցի է կառուցվում Սուրբ Թադեի վանք անունով: Այն կանգուն է ու գործուն և ամեն տարի հազարավոր ուխտավորներ ուխտի են գնում Թադեի վանք ի հիշատակ իրենց առաջին Լուսավորիչ` Սուրբ Թադեոսի:
Երեխա – Սանդուխտն առաջին հայ նահատակն էր:Նրա ցուցաբերած զորավոր սերը օրինակ և քաջալերանք է հանդիսացել իր, նաև հետագա և մեր սերնդի հայերին: Նա սուրբ կոչվելու պատվին արժանացավ: Սուրբ Սանդուխտ կույսի գերեզմանի վրա կառուցվում է մի վանք նրա անունով, որ հետագայում կոչվում է Նարեկա վանք:Այն այժմ ավերակի է վերածված:
ՇԱՐԱԿԱՆ` ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍԱԲԵՐ
Երեխա - Բարդուղիմեոսը Հեր և Զարևանդ գավառներից անցնում է Անձևացյաց աշխարհը, ուր Տիգրիս գետի մոտ կառուցում է մի եկեղեցի և այնտեղ զետեղում իր հետ բերած Սուրբ Աստվածածնի կենդանագիր նկարը, որի համար և եկեղեցին կոչվում է Սուրբ Աստվածածին կամ Հոգյաց վանք:
Հատված ներբողից
Հիմն արկանէ անդ հավատոյ
Ընդ խորանին կառուցելոյ,
Շինեալ յանուն կուսին հոգւոյ
Եւ պատկերին, որ անդ սրբոյ:
Արդ առաքեալ Բարդուղիմին
Կառուցանէ իւրով ձեռին,
Փոքր ձևով զեկեղեցին
Եւ անուանէ Աստուածածին:
Զտեղին Հոգւոց վանք անուանէ
Եւ ի քըւերս կանայս յանձնէ,
Խրճիթ փոքրիկ նոցա շինէ
Եւ ի դերբուկս բաժանէ:
Երեխա - Շարունակելով իր ճամփան Բարդուղիմեոսը հասնում է Աղբակ, ուր այս անգամ Սանատրուկ թագավորի քույրը` Ոգուհի իշխանուհին ընդունում է նոր հավատքը և մկրտվում: Սանատրուկը մի անգամ ևս տագնապում է և Տերենտիոս անունով իր զորապետին ուղարկում է Առաքյալին ձերբակալելու համար: Սակայն Տերենտիոսն ինքն է հմայվում առաքյալով և ընդունում է նրա հավատքն ու մկրտվում: Երեխա - Թագավորը զայրացած երկրորդ իշխանին է ուղարկում, սակայն այս վերջինը ևս ընդունում է քրիստոնեությունը և նահատակվում է թագավորի հրամանով:Այս միջոցին շատանում է հավատացյալների թիվը. Թագավորի ազգականներից Զարմանդուխտ իշխանուհին ևս դարձի է գալիս ու նահատակվում:
Երեխա - Թագավորը մի ուրիշ նախարարի միջոցով ձերբակալում ու պալատ է բերել տալիս Բարդուղիմեոսին, Ոգուհուն, Տերենտիոսին ու մյուս նորադարձ քրիստոնյաներին:Պալատի մեջ ետ դարձի`տարհամոզումի բոլոր միջոցները ի դերև են լինում, ընդհակառակը Բարդուղիմեոս առաքյալը ավելի է ոգևորում հավատացյալներին:
Երեխա – Համաձայն մի տեղեկության Բարդուղիմեոսին խաչում են, իսկ մեկ այլ աղբյուր վկայում է, որ ողջ-ողջ մորթազերծ են արել: Մովսես Խորենացին պարզապես հայտնում է, որ նա նահատակվել է մեզ մոտ` Արեբանոս քաղաքում: Հավատացյալները թաղում են նրա չարչարյալ մարմինը, որի վրա կամարաձև մի լույս է իջնում ամբողջ տասներկու օր:
Երեխա - Այս հրաշալի երևումը պատճառ է դառնում, որ մեծ թվով մարդիկ դարձի գան և մկրտվեն: Երեք օրեր հետո նահատակվում է նաև Ոգուհին, Տերենտիոսն ու այլ բազմաթիվ հավատացյալներ: Հետագայում Բարդուղիմեոսի մահվան վայրում` գերեզմանի վրա Աղբակ գավառի Ադամակերտ քաղաքի մոտ, (այժմ` Բաշքալա, Թուրքիա), կառուցվում է Սուրբ Բարդուղիմեոս անունով մի փառավոր տաճար և հիմնադրվում վանք: Այն այսօր մի ավերակույտ է միայն:
ԱՌԱՔՅԱԼՆԵՐ
(Ասմունքում են երկու երեխաներ)
Առաքյալները Հիսուսի,
Մայր Հայաստան ճամփորդեցին,
Կենաց խոսքը քարոզելու,
Հավատի լույս սերմանելու:
Երբ հայը զգաց զորությունը
Եվ սրբությունն այդ հավատքի,
Լայն բացեց իր սիրտն ու հոգին,
Ընդունեց լույսն Աստծու խոսքի:
Երեխա -Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների ավետարանական քարոզության վերջին վայրը եղավ Հայաստան աշխարհը, որի հողը ոռոգեցին իրենց արյամբ հանուն Հայաստանյայց Եկեղեցու հաստատության` հանդիսանալով առաջին լուսավորիչները:
Երեխա -Տասներկու առաքյալներից այս երկուսը Հայաստան աշխարհում դարձան Քրիստոսի Ավետարանի առաջին սերմնացանները:Այս երկու սրբազան առաքյալները եղան ցորենի այն առաջին հատիկները, որոնք ընկան Հայաստան աշխարհի մեջ, որպեսզի “մեկը դառնար երեսուն, մեկը` վաթսուն և մեկը` հարյուր”:
Երեխա -Թադեոսը առաջին անձն էր, որ Հայաստանի մեջ քրիստոնեական հավատքը տարածեց, և նրա համար մենք իրեն կոչում ենք Հայաստանի առաջին Լուսավորիչ:Իրեն պատվելու համար նրան տվել են Առաջին Կաթողիկոս տիտղոսը:
Երեխա – Շնորհիվ երկու առաքյալների քարոզչության ժողովուրդը դաստիարակվեց, եկեղեցականներ ձեռնադրվեցին և կրոնական խմբեր կազմվեցին:Հայաստանի ղեկավարները դժբախտաբար քրիստոնեությունը չընդունեցին և կապված մնացին հեթանոսական իրենց հավատալիքներին:
Երեխա – Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների աշխատանքի պտուղն է: Այն դիմացել է դարեր շարունակ և այսօր ևս տակավին աճում է ու զորանում:
ՄԱՐՏԻՐՈՍՆԵՐԻ ԵՐԳԸ
Լուսավորիչ առաքյալները
Սիրո մեջ մկրտվեցին,
Ճշմարտության սուրբ վկաները
Հիսուսին նմանվեցին:
Արդարների հիշատակը
Օրհնությամբ կկատարվի,
Տիրոջ սիրո համար զոհվածներին
Երանի, բյո՜ւր երանի:
Սիրո ճրագ առաջնորդները
Աշխարհում լույս սփռեցին,
Անարգվեցին, հալածվեցին,
Բայց այնտեղ մեծ վարձք ունեն:
Երբ Աստծո այն օրը գա,
Տերունի Սուրբ խաչը`
Երանելի ու պանծալի,
Պիտի շողա ու փայլի:
Փոքր հոտի քաջ հովիվներ
Իրենց անձերը սրի տվին,
Կրակների մեջ օծվելով`
Պաշտոնները կատարեցին:
Ուր որ Ավետարանն Հիսուսի
Քարոզվի ու պատմվի,
Սրբոց վարքը իբր օրինակ
Պիտի հիշվի ու տոնվի:
Երեխա - Ավելի ուշ սուրբ առաքյալների մասունքները տեղափոխվում են նախ Լուպառու, ապա 830 թ. Բենևենտ, իսկ 1000 թ. Օգոստոսի 25-ին Հռոմ: 1994 թ. Ապրիլի 22-ին Թադեոսի և Բարդուղիմեոսի մասունքները տեղափոխվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Երեխա - Որպես Հայաստանյայց Եկեղեցու Հայոց աշխարհի առաջին Լուսավորիչների` Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը տոնակատարվում է Յիսնակի առաջին Կիրակիին հաջորդող Շաբաթ օրը, քանզի նրանց անքակտելիորեն միավորում է այն աստվածային լույս հավատը, որ մշտապես ճառագում է մեր Տեր Հիսուս Քրիստոսից: Սուրբ Թադեոսի հիշատակը տոնվում է նաև Սուրբ Սանդուխտի հետ:
ՇԱՐԱԿԱՆ` ԱՇԱԿԵՐՏՔ ՔՐԻՍՏՈՍԻ
Երեխա - Աներևակալիորեն մեծ է առաքյալների ծառայությունը մեր ժողովրդի կյանքում, քանզի դարեր առաջ նրանց ցանած հավատի սերմերն աճեցին և այնպիսի պտուղներ տվեցին, որ 301 թ. Հայաստանը քրիստոնեությունն իբրև պետական կրոն առաջինն ընդունեց: Եվ իսկապես, դա անհնարին կլիներ, եթե քրիստոնեությունն այնքան տարածված ու զորացած չլիներ մեզանում:
Երեխա - Մեծ ողորմություն է, երբ Աստված է ընտրում իր ժողովրդին և ոչ թե ժողովուրդն` իր Աստծուն: Եվ միթե այս պատմական իրադարձությունները չեն ապացուցում, որ ոչ թե մենք ենք ընտրել մեր Աստծուն, այլ Աստված Ինքն է ընտրել մեզ` հանուն հավատի ու հավիտենության:
Խումբ – Երանի՜ այն ժողովրդին, որի Տերն Աստված է:
Երեխա - Եվ ամբողջ հարցն այն է, որ Ամենաբարձրյալն ընտրեց մեզ, ոչ թե նրա համար, որ մենք ուժեղ էինք և թվաքանակով մեծ:Բնավ ոչ, քանզի եղել են մեզանից շատ ավելի ուժեղներն ու հզորները: Նա ընտրեց մեզ, որովհետև սիրեց մեզ, ինչպես ինքն ասաց.
Հիսուս - (ձայնը վարագույրի ետևից) - Ոչ թե դուք Ինձ ընտրեցիք, այլ Ես ձեզ ընտրեցի և ձեզ կարգեցի, որ դուք գնաք և պտղաբեր լինեք, և ձեր պտուղը մնա, և ինչ էլ իմ անունով Հորից խնդրեք, ձեզ տա: Այս պատվերն եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց:
Երեխա - 1710 տարի է, ինչ մենք պաշտոնապես խոստովանել ենք, որ որդիներն ենք Միակ Աստծո:Արդ, եկեք հոգով ու սրտով խոստովանենք մեզ այդպիսին և ուրախությամբ փառաբանենք Ամենաբարձրյալին, որ ապրում ենք, ազատ ենք և կարող ենք երջանիկ դարձնել մեր կյանքը:
ՇԱՐԱԿԱՆ` ԱՇԱԿԵՐՏՔ ՔՐԻՍՏՈՍԻ
Մանկավարժ– Հայոց Եկեղեցու սիրելի զավակնե′ր, եկեք սուրբ երախտագիտությամբ պահենք հիշատակը Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների, ովքեր իրենց կյանքը տվեցին Տիրոջ կամքի կատարման համար ուսուցանելով մեզ խավարից ու անհուսությունից դուրս գալու ճանապարհը` ցույց տալով, որ մահն անզոր է իրենց Տիրոջ և մեր Փրկչի հանդեպ, որ Տիրոջ ներկայությունը մերձ է յուրաքանչյուրին, ով անկեղծորեն գնում է նրան ընդառաջ, քանզի Նա, Ով հաղթեց աշխարհին, խոստացավ մեզ հետ լինել մինչև աշխարհի վախճանը:
Ուրեմն սիրելինե′ր, թող անմտությունն ու երախտամոռությունը պատճառ չդառնան մեր հավատի կորստյան. Եկեք չկորցնենք այն` տարաձայնություններով գայթակղվելու պատճառով, որովհետև առաքյալները մեր անմահ հոգիներում սերմանել են հավատ և միաբանել մեզ այդ հավատով:
ԻՄ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ
Մ.Իսկաջյան
Ես Քեզ սիրում եմ իմ Տե′ր Աստված,
Որքան բարիքներ ունես ինձ տված,
Երկնքի ցողը, արևի շողը,
Անուշ մայրիկիս սերն ու գորովը:
Շնորհակալ եմ իմ Տե′ր Աստված,
Որքան բարիքներ ունես ինձ տված,
Առվակի ջուրը, ծաղիկի բույրը,
Բարի հայրիկիս սիրո համբույրը:
Երեխա – Աբգար թագավորի նման ազնիվ ու խորունկ հավատքով ապրենք և սիրով լսենք Ավետարանը քարոզող մեր հոգևոր հայրերին:Բարի գործեր կատարենք` շենացնենք մեր երկիրը և սիրենք մեր Մայր Եկեղեցին:
Երեխա – Խոստանում ենք Սուրբ Թադեոսի նման հավատք կերտող լինենք, ուրիշներին օգնենք, որպեսզի ճանաչեն մեր Տիրոջը:Եթե մեր ծնողներին, քույրերին, եղբայրներին և բարեկամներին սկսենք ուսուցանել Հիսուսի մասին մեր բոլոր սովորածները, այդ ժամանակ մենք հետևորդները կլինենք Սուրբ Թադեոսի նպաստելով եկեղեցու բարգավաճմանը:
Երեխա - Հիսուս ուզում է, որ բոլորս սիրենք Աստծուն:Նա գիտեր, որ մենք կարող ենք Աստծուն սիրել, եթե Բարդուղիմեոսի նման պարկեշտ և արդար լինենք:Կարող ենք նմանվել Սուրբ Բարդուղիմեոսին, եթե միշտ արդարությունը փնտրենք և ճշմարտությունը խոսենք:
Երեխա - Այսօր մենք Սուրբ Սանդուխտի նման ստիպված չենք սրի և թագի միջև նախընտրություն կատարել, բայց մենք բազմաթիվ առիթներ ունենք Հիսուս Քրիստոսի ճամփան ընտրելու:Երբեմն Հիսուսին հավատարիմ լինելը նշանակում է, որ մենք պետք է հրաժարվենք մեր սիրած կամ փափագած բաներից:
Երեխա - Սուրբ Սանդուխտի կատարած ընտրությունը կարող է մեզ օգնել մեր որոշումների մեջ:Այսինքն` հետևել մեր Տիրոջը` Հիսուս Քրիստոսի ճանապարհին:
Խումբ Ա –Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք: (Մատթ. 21.22):
Խումբ Բ - Մի′ վախեցիր, այլ միայն հավատա′:(Մարկոս 5-36):
(Ասմունքում է մի երեխա)
ԵԿԵՂԵՑԻՆԵ՜Ր, ՎԱՆՔԵ՜Ր ՀԱՅԿԱԿԱՆ
Կայծակ Լեփեճյան
Վե՛հ անձեռակերտ եկեղեցիներ, վանքե՜ր կաթոգին,
Բյուր քաղաքների կրծքին շողացող` զերթ շքանշան
Կամ ձորերի մեջ հանգիստ խոկացող անտառի ոգին,
Կամ աղավնիներ արծվի տեսքով` խրոխտ ինքնիշխան,
Հավերժ անսասան թառած անմատույց ժայռի գագաթին...
(Հնչում է երգ` ձայնագրություն, կարելի է սովորեցնել գոնե միայն մեկ տունը)
ԵՐԳ` ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ