Զատիկ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Զատիկ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ


Զանգերի ներքո երեխաները մտնոեւմ են հարթակ:

Հողմը փչեց ի հարավեն


Հողմը փչեց ի հարավեն,
Ազատվեցին դաշտք ձյուներեն,
Բերկրություն է ամեն տղոց,
«Քրիստոս յարեավ ի մեռելոց»:

 

Առուները խոխոջացին,
Ծառերն ահա բողբոջեցին,
Օդը լի է ձայնիվ թռչնոց,
«Քրիստոս յարեավ ի մեռելոց»:

 

Տղա, աղջիկ ուրախ, զվարթ,
Փթթեցին զերդ կոկոմ վարդ,
Ոխ, քեն չունի սիրտը մարդոց,
«Քրիստոս յարեավ ի մեռելոց»:

 

ՇԱՐԱԿԱՆ` «Սուրբ Աստված…»

Սուրբ Աստված, Սուրբ և հզոր, Սուրբ և անմահ,
Որ յարեարդ ի մեռելոց,
Ողորմեա մեզ:

 

(Երգել երեք անգամ)

Երեխա – Սբ Զատկից քառասունինն օր առաջ սկսվում է Մեծ Պասը: Պասի ընթացքում մարդիկ հրաժարվում են կենդանական ծագում ունեցող կերակուրներից` մսից, կաթնեղենից, ձկնեցենից, հավկիթներից, և ճաշակում են բուսական ծագում ունեցող կերակուրներ:
Երեխա – Սակայն շատ կարևոր է, որ պահքի ընթացքում մարդիկ ոչ միայն հրաժարվեն այս կամ այն անուշահամ ուտեստներից, այլև անցանկալի արարքներից` ծուլությունից, բարկությունից և միմյանց նկատմամբ լինեն ավելի ներողամիտ, զիջող, բարի, աշխատասեր, ինչպես նաև հաճախեն եկեղեցի և աղոթեն:
Երեխա – Հայաստանի որոշ վայրերում ընդունված է եղել Մեծ պասի առաջին օրը սոխից կամ կարտոֆիլից պատրաստել ակլատիզ, որը պահքի ընթացքում օրացույցի դեր է կատարել: Ակլատիզը զարդարել են յոթ փետուրներով, որոնք խորհրդանշել են Մեծ պասի յոթ շաբաթները: Շաբաթը լրանալուն պես փետուրներից մեկը պոկել են: Վերջին` յոթերորդ փետուրը պոկել են Զատկից մեկ օր առաջ, իսկ հաջորդ օրը տոնել են Զատիկը: Ակլատիզը սովորաբար դրվել է տան որևէ նկատելի անկյունում կամ կախվել է տանիքից և օրացույցի դեր է կատարել:


Երեխա
Ակլատիզ, չվանը վիզ,
Եկավ մեզ հյուր,
Կախվավ երդիս:

 

Երեխա
Ակլատիզը եկավ մեզ հյուր,
Վրան ունի յոթը փետուր:

 

Երեխա
Քրիստոնյաները բարեսեր,
Գիտեն, որ կան մի շարք ծեսեր,
Սուրբ Պատարագ ու փակ խորան,
Եվ Մեծ Պահքի ոսկե շղթան:

 

Երեխա – Մեծ պասն ունի յոթ կիրակի, որոնց անվանումները կապված են Աստվածաշնչի պատմությունների, առակների կամ Հիսուս Քրիստոսի կյանքի որևէ դրվագի հետ: Կիրակիների անունն են:
Երեխա – Բուն բարեկենդան: Այսպես է կոչվում Մեծ պահքի առաջին կիրակին: Բարեկանդան, նշանակում է ուրախություն, բարի կյանք և խորհրդանշում է Ադամի ու Եվայի դրախտային կյանքը: Այդ օրը մարդիկ տոնախմբում են, զվարճանում, զանազան կերակուրներ ճաշակում, որպեսզի քառասունինն օր պահք պահեն:
Երեխա – Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման կիրակի և խորհրդանշում է Ադամի ու Եվայի դրախտից հեռանալը: Աստվածաշնչից մեզ ծանոթ պատմությունից գիտենք, որ Աստված Ադամին ու Եվային պատվիրում է, որ դրախտի բոլոր ծառերի պտուղներից ուտեն, բացի բարու և չարի գիտության ծառից: Սակայն Ադամն ու Եվան, չեն հնազանդվում Աստծուն և արտաքսվում են դրախտից:
Երեխա – Վատ արարքներն էլ նման են արգելված պտուղին, որոնցից մարդիկ միշտ պետք է հեռու մնան` կատարելով Աստծու պատվիրանները:
Երեխա – Մեծ պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի կիրակի: Այն մեզ հիշեցնում է Հիսուսի պատմած առակներից մեկը, որտեղ որդին հեռանում է հայրական տնից, սակայն հետո զղջում է և վերադառնում:
Երեխա – Տնտեսի կիրակի: Այն Մեծ պահքի չորրորդ կիրակին է և մեզ հիշեցնում է Հիսուսի պատմած մեկ այլ առակ անիրավ տնտեսի մասին, ով վատնում է իր տիրոջ ողջ ուեցվածքը:
Երեխա – Մեծ պահքի հինգերորդ կիրակին Դատավորի կիրակին է: Ավետարանական առակում մի դատավորը տեղի է տալիս այրի կնոջ խնդրանքներին և նրա դատը տեսնում է:
Երեխա – Վեցերորդը Գալստյան կիրակին է: Այն նվիրված է Հիսուս Քրիստոսի աշխարհ գալուն:
Երեխա – Իսկ Մեծ Պահքի վերջին` յոթերորդ կիրակին Ծաղկազարդն է: Այն նվիրված է Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մտնելու հիշատակին: Ծաղկազարդը նաև մանուկների օրհնության օրն է:
Երեխա – Ծաղկազարդից մինչև Զատիկ ընկած շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ, քանի որ խորհրդանշում է Հիսուսի երկրային կյանքի վերջին շաբաթը:
Երեխա – Երբ ավարտվում է Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան, սկսվում է Հիսուս Քրիստոսի Հարության մեծ տոնը:

 

ՇԱՐԱԿԱՆ` «Քրիստոս հարյավ ի մեռելոց»:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Մահուամբ զմահ կոխեաց,
Եւ յարութեամբն իւրով
Մեզ զկեանս պարգեւեաց.
Նմա փառք յաւիտեանս. Ամեն:

 

Երեխա – Ավետարաններից իմանում ենք, որ Հիսուսի Հարության լուրն առաջինն իմանում են երեք հավատացյալ կանայք: Երբ նրանք գնում են քարայր, որտեղ դրված էր Հիսուսի մարմինը, տեսնում են, որ քարայրը դատարկ է, և շատ են զարմանում: Հանկարծ հայտնվում են երկու հրեշտակներ և ավետում, որ Հիսուս հարություն է առել:

 

Ներս է մտնում հրեշտակի զգեստով մի երեխա և ասում (հնարավորության դեպքում կարելի է հրեշտակի դերակատարին հագցնել հրեշտակների զգեստներ):


Երեխա – Ինչո՞ւ եք Հիսուսին այստեղ փնտրում, Նա այստեղ չէ, այլ հարութություն է առել:

 

Երեխաները ներակներին ավետիս են տալիս:

 

Երեխաներ - ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ:
Հանդիսատես - ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:

Հրեշտակների պար (պարում են 3-4 երեխա «Բարի հրեշտակ» երգի երաժշտության ներքո):

ԵՐԳ` «Բարի հրեշտակ» (Զարեհ եպս. Ազնավուրյան):

 

Բարի հրեշտակ


Բարի հրեշտակն այս առավոտ,
Թռչկոտելով անկողնուս մոտ,
«Ժպտուն, զվարթ մանկիկ,-ասաց,-
Ե՛լ և երգե Քրիստոս Հարյավ»:

 

Սիրտս լցված սուրբ հրճվանքով
Ես էլ երգեոմ թեև թոթով,
Բայց մանկական անուշ լեզվով
Քրիստոս հարյավ, Քրիստոս հարյավ:

 

Եվ կլսենք ահա այսօր,
Մարդիկ, հրեշտակ, աշխարհ բոլոր,
Կերգեն անուշ եղանակով,
«Քրիստոս հարյավ, Քրիստոս հարյավ»:

 

Երեխա - Նո՛րն է ծնունդ առնում էսպես,
Ու շարունակ պտույտ գալիս,
Դա հրաշք է, ուրիշ էլ ի՞նչ,
Եվ անունն է այդ հրաշքի
Հարություն կամ Կարմիր Զատիկ:


Ուրախ երաժշտության ներքո գալիս է Ուտիս տատը` ծաղկավոր հագուստով և գոգնոցով, ձեռքին` կարմրաներկ հավկիթներով լի կողով:

Երեխա - Եկա՜վ, եկա՜վ, Ուտիս տատը եկավ:

Պարում է, ապա ձվերը ցույց տալով` ասում.

Ուտիս տատ - Բերեցի՜, Զատկի հավկիթները բերեցի՜: Տեսեք որքա՜ն գեղեցիկ են դրանք:

Ձվերը բաժանում է երեխաներին:

 

Երեխա - Հենց սովածանան, Զատկի փլավը միտը կբերեն:
Երեխա - Ջրօրհնեքը ճրագլիսով, Զատիկը` Արևլիսով:
Երեխա - Զատկե Զատիկ է, նավակատիկ է, չամչի հատիկ է:
Երեխա - Կարմիր ձուն Զատկին կսազե:
Երեխա - Զատիկն առանց ձվի չի լինի:
Երեխա - Ինչու՞:
Երեխա - Որովհետև ձուն մի կողմից օրինակ է աշխարհի,
Երեխա - դրսի կեղևը նման է երկնքի,
Երեխա - սպիտակ թաղանթը` օդի,
Երեխա - սպիտակուցը` ջրի,
Երեխա - դեղնուցը` երկրի:
Երեխա - Ձուն նաև խորհրդանիշ է Հարության:

 

Երեխա - Տատի՛կ, ինչու՞ են ձվերը կարմիր ներկում:
Ուտիս տատ - Կարմիրը Քրիստոսի արյան գույնն է: Իմացեք նաև, որ Զատկի տոնին ընդունված է միմյանց շնորհավորելու հետ մեկտեղ ներկած ձվեր նվիրել` ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Իսկ վերցնողը պետք է պատասխանի. «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:
Երեխա – Այս սովորույթը շատ հին է: Քրիստոսի հետևորդ մի բարեպաշտ կին` Մարիամ Մագդաղենացի անունով, երբ գնացել է Տիբերիոս կայսերը ավետելու Հիսուսի Հարությունը, կարմրաներկ հավկիթ է նվիրել նրան: Այստեղից էլ եկել է Սուրբ Հարության տոնին միմյանց շնորհավորելիս կարմիր ձու նվիրելու սովորույթը:
Երեխա - Ուտի՛ս տատի, ի՞նչ են պատրաստում Զատկի տոնին:
Ուտիս տատ – Զատկին եփում են չամչով փլավ:
Երեխա - Իսկ ինչու՞ են Զատկին չամչով փլավ եփում:
Ուտիս տատ - Որովհետև բրինձը խորհրդանիշն է համայն ժողովրդի, իսկ չամիչները` քրիստոնյաների:

 

ԵՐԳ` «Չամչով փլավ» (Ա. Մովսիսյան, Երեքից տասներեք, Երևան, 1999):

 

Չամչով փլավ

(Թոռնիկներ)

Տատիկ, տատիկ, մեր մի հատիկ,
Բրինձ լվա, փլավ արա:

 

Կրկ. Լավ ես եփում, բոլորից լավ,
Հենց մեր սիրած չամչով փլավ:

 

(Տատիկ)

Իմ թոռնիկներ, խելոք ու լավ,
Հիմա բերեմ տաք-տաք փլավ:

 

Կրկ. Անուշ արեք հատ-հատ ու լավ,
Հենց ձեր սիրած չամչով փլավ:

 


Երեխա - Տատի՛կ, իսկ ինչու՞ են նաև ձուկ կերել:
Երեխա – Թոռնիկներս, առաջին դարում, երբ հալածել են քրիստոնյաներին, նրանք միմյանց ձկան նշանով են ճանաչել:
Ուտիս տատ - Զատկի սեղանը զարդարել են ոչ միայն ներկած ձուն, չամչով փլավը, ձուկը և գինին, այլև կանաչիներից պատրաստված աղցաններն ու տարբեր ճաշատեսակները, որոնք խորհրդանշում են գարնան զարթոնքը, զանազան ապուրներ` երինջապուրը, թանապուրը, փիփերթով ապուրը, չորաթանը:

 

1. Մի տուն ունեմ, դուռ չունի,
Դուրսն արծաթ, մեջը` ոսկի: (ձու)

 


2. Աստված մի տուն է շինել,
Ոչ դուռ ունի, ոչ կտուր: (ձու)

 

3. Կարաս ունեմ մի պուճուր,
Մեջը երկու գույնի ուր: (ձու)

 

4. Մի տուն գիտեմ
Քանդվել ունի, շինվել չունի: (ձու)

 

5. Թևեր ունի, չի թռչում,
Ածան է, չի կչկչում: (ձուկ)

 

6. Այնտեղ, ուր մենք ենք շնչում,
Իսկույն իր շունչն է փչում: (ձուկ)



7. Այն կյանքում ապրում է,
Այս կյանքում մեռնում: (ձուկ)

 

Երեխա - Կարմի՛ր Զատիկ,
Կյանքի՛ Զատիկ,
Տեր Հիսուսի Հարության օր,
Թող շողշողա՛ բազմապատիկ
Մեր մեջ լույսը քո ջերմացնող:

 

Զատկի առածանի

1. Ժողովրդի հետ սև օրն էլ Զատիկ է:
2. Պաս բռնողը Զատկի համը չի գիտենա:
3. Զատիկն էկավ, չունեմ կապա,
Ով նվիրի ինձ մի կապա,
Նրան կասեմ Հաջի պապա:
4. Հավը կուտե հատիկ-հատիկ,
Ծով ձմեռեն կելնե Զատիկ:
5. Զատիկն ասել ա` հենց գամ, արմանաս, հենց գնամ` զարմանաս:

 

Երգ-պար
Յալալի

Յալալի, հրեշտակն ավետիս է տվել,
Յալալի, հավը հավկիթ է ածել,
Յալալի, հավկիթ կարմիր ենք ներկել,
Յալալի, ձուկը համով ենք եփել,
Յալալի, չամչով փլավ ենք կերել,
Յալալի, կարմիր գինի ենք բերել,
Յալալի, Զատկի մոմերն ենք վառել,
Յալալի, Տերն հարություն է առել:


Զատկական զրույցներ

Հացը գետնին գցելը մեղք է

Մի արդար ու հավատավոր մարդ, հաց ուտելով ճանապարհ է գնում: Ինչպես է պատահում, ձփռքից մի փշուր հաց է ընկնում և կորչում խոտերի մեջ: Փնտրում է նա հացի կտորը, փնտրում և այդպես էլ չի գտնում:
Շատ է վշտանում խեղճ մարդը, որ մեղք է գործել, և ուրիշ ճար ճգտնելով` հետևյալ միջոցին է դիմում. գնում է մի քաղաք, աշխատանքի անցնում, շատ չարչարվում, քրտինք թափում և կարողությւոն դիզում: Վաստակած միջոցներն առած` նա վերադառնում է այն հողակտրոը, որտեղ կորցրել էր հացի փշուրը, վրան Աստծու տաճար է կառուցում և մեջն աղոթում, «մեղա հացիկ» ասում:
Ու էս բոլորը նրա համար, որ հացը գետին ընկնելու մեղքը քավի:

 

Հացի փշուրն ու հրեշտակը

Ասում են, թե հենց հացի փշուր է գետնին ընկնում, երկնքից անտեսանելի հրեշտակ է իջնում և մի ոտքով հացի փշուրի վրա կանգնում, որ այն ոտնատակ չընկնի, չպղծվի: Գետնին ընկած հացի բոլոր փշուրների վրա մ-մի հրեշտակ է կանգնում և քանի որ մի ոտքի վրա կանգնելը շատ դժվար է, մարդիկ պետք է հրեշտակների օգնության շտապեն, հացը գետնից վերնեն և մի բարձր տեղ դնեն:
Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիրն է ընկել, մաքրվել:

 

Այո, հացը սուրբ է թե ամենօրյա գործածության, թե թե տոնական սեղաներին: Զատկի սեղանին այն հանդես է գալիս եռակի խորհրդով. Ծլարձակած ածիկի տեսքով, որ ակնկալում է առաջիկա տարում հացի առատությւոն, երկրորդ` սովորական հացի տեսքով, ծիսական հացի կամ թխվածքի ձևով, որը կապվում է գարնան խորհրդի հետ:

 

Երգ-պար
Ճոր պար

Օր պար, ճոր պար,
Ոսկե գնդին բարեբար,
Մեծ պապ, արի գողտուկ տար,
Շատ պզտիկ է, չէ, չենք տար:
Ճոր անենք, ճոր պաչ անենք,
Ոսկե թախտին պար անենք,
Զատկին մենք նոր շոր կարենք,
Սա էլ մաշվի, նորն անենք:
Երեխա - Զատկական տոնահանդեսներն ուղեկցվել են զանազան խաղ-մրցություններով, որոնցից տարածված են եղել հատկապես ձվախաղերը:
Երեխա - Երեխաներն ու երիտասարդները Ծաղկազարդի տոնին խումբ-խումբ շրջում էին տնետուն, Ծաղկազարդի երգեր երգում, իսկ տանտիկինները նրանց տալիս էին ձու և խաշած ցորենից, սիսեռից, չամչից և շաքարհատիկներից պատաստած «հատիկ» կոչվող քաղցրավենիք: Ձու նրանց շատ էր պետք, քանի որ առջևում Զատիկն էր` տոնին բնորոշ ձվախաղերով:

 

1-ին խաղ: Սիրված խաղերց էր ձուգլորիկը, որը խաղում թեք տեղանքում: Խաղիմ մասնակցում են 10-15, նույնիսկ 20 հոգի: Խաղի ընթացքում մասնակիցներից յուրաքանչյուրն աշխատում է ձուն այնպես գլորել, որ դիպչի նախորդ մասնակիցնրի գլորած ձվերից մեկին: ԽԱղից դուրս է մնում նա, ում գլորած ձուն ոչ մի ձվի չի հարվածում: Վերջում մնացած միակ մասնակիցը դառնում է խաղի հաղթող` որպես պարգև ստանալով բոլոր ձվերը:
2-րդ խաղ: Զվարճալի խաղ է նաև ձուպտտոցին: Խաղն սկսելուց առաջ ընտրում են դատավոր: Նրա հրահանգից հետո մասնակիցներն սկսում են պտտեցնել իրենց ձվերը: Ում ձուն երկար է պտտվում, նա էլ ճանաչվում է հաղթող և ստանում է մյուս մասնակիցների ձվերը:
3-րդ խաղ: Ձվախաղերից ամենատարածվածը բոլորիս շատ հայտնի ձուկոտրոցին է:

 

Երեխաները մոտենում են մյուս խմբերի երեխաներին և նարնց տալով մեկական ձու` խաղում են ձուկոտրոցի: Խաղի ընթացքում հնչում է ժողովրդական ուրախ երաժշտություն:

 

Հաջորդ 2 խաղերն առաջարկում է հանդիսավարը:

 

Խաղ 1-ին
Արագաշարժ թռչունները

Նախապես բացատրելով խաղի կանոնները` յուրաքանչյուր խմբից կենտրոն են հրավիրվում երկու երեխա: Դահլիճի կենտրունում դրվում են մասնակից խմբերի թվով դատարկ կողովներ, որոնցից հավասար հեռավորության վրա դրվում է ձվերով լիքը մեկ կողով: Խաղավարի հրահանգից հետո մասնակիցները կքանստած, թռչնի նման ոստոստելով, մոտենում են հավկիթներով լիքը կողովին և վերցնելով ձվերը` նույն ձևով ետ են դառնում դեպի իրենց կողովը և ձուն դնում մեջը: Ամեն անգամ մեկ ձվից ավելի չեն վերցնում: Հաղթում է այն թիմը, որին հաջողվում է ավելի շատ հավկիթ հավաքել:
Խաղն ընթանում է ժողովրդական ուրախ երաժշտության ուղեկցությամբ:

 

Խաղ 2-րդ
Ճարպիկ թռչունները

Խաղավարը կենտրոն է հրավիրում յուրաքանչյուր խմբից մեկական երեխայի: Դահլիճի կենտրոնում դրվում է կողով` մեջ մասնակիցների թվից մեկով պակաս հավկիթներ: Հնչում է երաժշտություն: Մասնակիցները պարելով պտտվում են կողովի շուրջ: Երաժշտության անակնկալ դադարից հետո մասնակիցներն արագ մոտենում են կողովին և վերցնում մեկական հավկիթ: Խաղից դուրս է մնում այն մասնակիցը, ով չի կարողանում հավկիթ վերցնել: Խաղավարը կողովից պակասեցնում է մեկ հավկիթ: Խաղը շարունակվում է այնքան, մինչև մասնակիցներից մեկը դուրս մնա: Հաղթողն ստանում է «ամենաճարպիկ թռչուն» տիտղոսը և իր թեիմի համար վաստակում է հավկիթներով լի կողովը:

 

Ծափահարում են բոլոր մասնակիցներին, հաղթողներին շնորհավորում են և որպես պարգև տալիս կողովով լիքը կարմրաներկ հավկիթներ, որպեսզի միջոցառումից հետո խմբի երեխաների հետ ճաշակեն:
Շնորհավոր Սուրբ Զատիկ:

 

Երեխաներ.
-ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ:
Հանդիսատես.
-ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:

 

Դաստիարակներըը և երեխաները միասին.

-ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ:

 


ԵՐԳ` «Զատիկ» (Ռ. Հարոյան, Զատիկ, Երևան, 1996):

Զատիկ
Տարվա մեջ ուրախալի,
Դու մի հատ ես, ա՜յ Զատիկ,
Քեզ պես անուշ, քաղցր օր,
Չկա, չկա ոչ մի օր:

 

Կրկ. Բարով եկար, ա՜յ Զատիկ,
Գարնան սիրուն խատուտիկ:

 

Ուշ ես գալիս, շուտ գնում,
Երկու օր էլ չես մնում,
Քո կարոտը մեր սրտում,
Միշտ անպակաս է մնում:

 

Կրկ. Բարով եկար, ա՜յ Զատիկ,
Գարնան սիրուն խատուտիկ:


Երգում են բոլոր մասնակիցները: Կրկներգի ժամանակ երեխաները ծափ են տալիս:

 

  • 2021-12-11
×