Երաժշտություն
Մեսրոպ Մաշտոցի «Ապաշխարության շարական»
Հեղինակ Ծնվեց Նա՝ այր մի Մաշտոց անունով.
ԵՎ մենք՝ Նրանով միշտ զինավառված,
Միասին եղանք՝ ցիր ու ցան արված.
Անվերջ կրելով զարկեր ու հարված…
Հաղթեցինք դաժան ժամանակներին …
Մնացինք կանգուն:
Երաժշտությունը շարունակվում է:
(Բեմի վրա նստած է Մեսրոպ Մաշտոցը)
Մ. Մաշտոց Հայ ժողովուրդը չի կարող առաջնորդվել օտար գրերով և գրականությամբ:
(Բեմ են բարձրանում Սահակ Պարթևն ու Վռամշապուհ արքան եկեղեցու
զանգերի ներքո: Նրանց է մոտենում Մ»Մաշտոցը և ասում)
Մ. Մաշտոց Աստված օգնական Վեհափա՛ռ տեր:
Սահակ Պարթև Աստված օրհնի:
Մ. Մաշտոց Խնդրում եմ ժողովենք զաշխարհահոգ խորհուրդն երանելի միաբանելոցն և ի գյուտ նշանագրաց Հայաստան ազգին հասանէր:
Սահակ Պարթև Եկեք դիմենք Վռամշապուհ թագավորին:
Վռամշապուհ արքա Գիտե՞ք ասորի Դանիել եպիսկոպոսի մասին:
(Մ. Մաշտոցն ու Սահակ Պարթևը հավանություն են տալիս)
Վռամշապուհ արքա Լսել եմ, որ նա գտել է հայկական այբբենը:
Մ. Մաշտոց Ո՜վ մեծն արքա, խնդրում եմ հոգ տարեք գրեր ստեղծելու ուղղությամբ:
Վռամշապուհ արքա Ես հրովարտակ կուղարկեմ Հաբել երեցի մոտ: Նա ասորի Դանիել եպիսկոպոսի մերձավորն է:
Կանչե՛ք Վահրիճին ինձ մոտ (գավազանը գետնին զարկելով)
Ժողովուրդ Ու՞ր է Վահրիճը, ու՞ր է Վահրիճը:
1-Վահրիճին Վռամշապուհ արքան կամենում է տեսնել:
2-Կանչե՛ք Վահրիճին, ու՞ր է նա:
(Գալիս է Վահրիճը և, խոնարհվելով, մոտենում Վռամշապուհ արքային)
Վռամշապուհ արքա Կգնա՛ս Հաբել երեցի մոտ, նրանից կվերցնես գրերը և շտապ ետ կգաս:
Գնա՛:
(Վահրիճը խոնարհվելով դուրս է գալիս)
Հաբել երեց Ի՞նչն է բերել քեզ այստեղ, որդյակս:
Վահրիճ Արքայիս հրամանով եմ այստեղ: Եկել եմ գրերի ետևից:
(Հաբելը տեղից վեր է կենում, գրերը վերցնելով, տալիս է Վահրիճին):
Վահրիճ Շնորհակալ եմ Տեր:
(Վահրիճը վերադառնում է, գրերը տալիս է թագավորին:
Մաշտոցն ու Պարթևը շատ ուրախանում են)
Հեղինակ Ղազար Փարպեցու գրքում կային հիշատակություններ, ըստ որի այդ գրերը Հայկական են, իսկ մեկ այլ տեղ հակառակ միտք է արտահայտում.
«Իսկ արքային Հայոց, սուրբ Կաթողիկոսաւն Սահակավ և երանելայն Մաշտոցի, ընկալեալ զնշանագիրսն ի Հաբելէ՝ ուրախ լինեին: Բայց տեղեկացեալ գիտացին, ոչ լինել բավական այնու նշանագրօք, ստոյգ հոլովել զհեգանայ բառից հայկականաց հագներգաբար, մուրացածիւն այնոսիկ գծագրութեամբ…»:
Կորյուն Դանիելյան նշանագիրքն իսկ յայլոց դպրութեանց թաղեալք և յարուցեալք դիպեցան:(Մ.Մաշտոցը,Ս. Պարթևն ու Վռամշապուհ արքան իրար հետ քննարկում են գրերը,բայց հավանուտյուն չեն տալիս:)
Հեղինակ Դանիելյան գրերը ստանալուց հետո, թագավորի օժանդակությամբ դպրոցներ են բացում, իսկ Մաշտոցը ստանում է վարդապետական աստիճան և սկսում է ուսման գործով զբաղվել, սակայն ջանքերն իզուր էին: Այդ այբբենը մեր մայրենի լեզվի հնչյուններին բոլորովին չհամապատասխանեցին:
Մ. Մաշտոցը, Սահակ Պարթևը և Վռամշապուհ արքան երկրորդ անգամ նույն հոգսի մեջ ընկան:
Վռամշապուհ արքա Ո˜վ հայ ժողովուրդ, դանիելյան գրերը չհամապատասխանեցին հայ լեզվին, այդ պատճառով Մաշտոցը իմ հրամանով և հայր վեհափառի (ցույց է տալիս Սահակ պարթևին) համաձայնությամբ մի խումբ երիտասարդների հետ կմեկնեն արտասահման՝ ձեզ համար նոր այբբեն ստեղծելու համար:
(Թագավորը կանգնած է Մաշտոցի և Պարթևի հետ ամբիոնում: Դադարից հետո …
Վռամշապուհ արքա Հոգևոր բռնության դեմ հոգևոր զենք է հարկավոր: Մենք կարի՛ք ունենք հայոց գրի ու գրականության:
Մ. Մաշտոց Ես պատրաստ եմ ծառայել իմ ժողովրդին: Եվ եթե շատերը վաղուց զգում էին հայերեն գիր ու գրականություն ունենալու կարիքը, ապա ես ծրագիր եմ ներկայացնում:
Մշտամռունչ աղոթքն ու բազկատարած պաղատանքն առ
Աստված, տրտմական հոգսերով պաշարված ու
մտածմունքների ծփանքի մեջ ընկած, ես կստեղծեմ մայրենի
լեզվի նշանագրերը:(Երաժշտության ներքո Մաշտոցն ու աշակերտները իջնում են բեմից:)
Հեղինակ Ժողովրդի նիրհած ոգին պիտի արթնանար լոկ սեփական գիր ու գրականություն ունենալու շնորհիվ: Եվ ինքը դարձավ Հայրենյաց Ոգին:
(Ժողովուրդն ուրախությամբ և խանդավառությամբ ճանապարհում են Մաշտոցին: Նա գնում է երաժշտության ներքո)
Ժողովուրդ
Սահակ Պարթև 1.Աղոթենք Մաշտոցի սուրբ գործի համար (Սահակ Պարթևի հետ):
Յանուն Հօր, և Որդւոյ, և Հոգւոյն Սրբոյ, Ամէն.
«Տե՛ր ուղղեա՛ զգնացը Քո ի ճանապարհ խաղաղութեան,
Տե՛ր ուղղեա՛ և առաջնորդեա՛,
Հոգվոց մերոց և յամենայն հավատացելոց՝
Գնալ ի ճանապարհ խաղաղութեան,
Եվ ի կեանսն արդարության,
Եվ ի կեանսն յավիտենից
Փառք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ.
Այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից.
Ամէն…
(Երաժշտության ներքո Մաշտոցը գնում է)
Հեղինակ Մաշտոցը գնում է Միջագետք (բեմականացվում է), լինում է Ասորիքի Ամիդում և Եդեսիա քաղաքներում: Ներկայացնում է Ակակիոս և Բաբիլաս եպիսկոպոսներին, որոնք բազմաթիվ կղերականների և իշխանների հետ ընդունելություն են կազմակերպում՝ Մաշտոցին մեծարելու նպատակով: Մաշտոցը աշակերտներին բաժանում է երկու խմբի:
Մ. Մաշտոց Իմ ուսյալ սաներ, երկու խմբի բաժանվեք: Այս խմբին հանձնարարում եմ մնալ Եդեսիայում, սովորել ասորական դպրություն (դադար … ): Իսկ այս խումբը կուղարկեմ Սամոսատ քաղաք՝ հունարեն լեզվով կրթություն ստանալու:
Կորյուն
Ժողովուրդ Եվ այսպես նա շատ նեղություններ քաշեց իր ազգին մի բարի օգնություն գտնելու համար: Նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ՝ հայերեն լեզվի նշանագրեր: Մաշտոցը դասակարգեց այդ տառերը, որոշեց նրանց տեղերը հայոց այբուբենում: Դա 405 թվականն էր:
1.Եդեսիայում նորագյուտ տառերը դասավորեց՝ օգտվելով հունական այբուբենի հերթականությունից, տառերին տվեց անուններ, որոշեց նրանց թվային արժեքները: Ապա անցնելով Սամոսատ՝ հմուտ հունագետ Հռոփանոսի օգնությամբ կատարելագործեց նորագյուտ տառերի գծագրությունը:
Լսվում է միջնադարյան հայկական ժողովրդական երաժշտություն
Հեղինակ Աշնանային պայծառ առավոտ էր: Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատից դուրս եկավ նախարարական զորագունդը, հետո՝ հայոց Վռամշապուհ արքան և Սահակ Պարթև կաթողիկոսը՝ ժողովրդի և իշխանների ուղեկցությամբ (բեմականացվում է): Նրանք գնում էին դիմավորելու Մեսրոպ Մաշտոցին և նրա օգնականներին, որոնք իրենց հետ բերում էին Հայոց նորաստեղծ տառերը: Այդ օրը հայ ժողովրդի կյանքում ամենամեծ տոնն էր:
(Այդ երաժշտության ներքո ժողովուրդը ծնծղաներով,դափերով,ուռենու ,դափնու ճյուղերով,պարելով դիմավորում են Մաշտոցին:)
Ժողովուրդ 1-ին. Դու մոտենում ես արևի նման,
Եվ ներշնչում ես հոգիների մեջ հավատ ոսկեման…
2-րդ. Քեզ ծնեց ազգս,
Որ ինքն առավել վարքով ազգանար,
Եվ խավար ցրող փարոս ունենար
իր լեռ կատարին…
3-րդ. Քեզ ծնեց ազգս,
Որ նենգ սրի տեղ,
Ունենար արև ու պայծառ քնար…
4-րդ. Դու օտար երկրից տուն վերադարձար,
Քեզ հետ բերելով քոնը՝ մայրենին…
5-րդ. Եվ քո գանձերով դուրս շպրտեցիր,
Օտարամուտն ու օտար վայրենին…
6-րդ. Դու մի անուն չես Մաշտոց անունով…
7-րդ. Դու ամբողջ ազգ ես լցված անհունով…
8-րդ. Դու քո տառերով կառուցված տաճար…
9-րդ. Դու ծավալվելու ընդունակ ճամփորդ…
10-րդ. Դու միշտ սնվող գետ, դու հո՛րդ, միայն հո՛րդ…
11-րդ. Դու մեր արյունը մաքրելու պատճառ,
Դու մեր հավատի լուսեղեն շքերթ…
Բոլորը միասին. Դու հա˜ր ուսուցիչ,
Մենք հա˜ր աշակերտ…
Կոմիտաս. Երգ. «Ո˜վ մեծասքանչ դու լեզու»
Ո˜վ մեծասքանչ դու լեզու,
Ո˜վ հեշտ բարբառ մայրական,
Քաղցրահնչյուն բառերուդ,
Նման արդյոք այլ տեղ կա՞ն:
Դու որ նախ ինձ հնչեցիր,
Նախ սիրո, ո˜հ հեշտ խոսքեր,
Այն նախ զքեզ թոթովելս,
Դեռ իմ մտքէն չէ ելեր:
Կրկներգ. Իմ մայրեին քաղցր լեզու,
Կյա՛ց անսասան, կյա՛ց հավետ,
Կյա՛ց միշտ լեզուդ միշտ հարգարժան,
Կյա՛ց ծաղկալից, ծաղկավետ:
Ինչ դառն վիշտ է սրտիս,
Երբ օտար տեղ ու լեզու
Բռնի իրեն զիս քաշե,
Սրտես արյուն կը հեղու,
Ո˜հ զայն օտարն ես սիրել
Բնավ չեմ կարող ի սրտե,
Չէ այն, չէ քաղցր իմ լեզու,
Որ սիրով զիս կ’ողջունե:
Կրկներգ. Իմ մայրեին քաղցր լեզու,
Կյա՛ց անսասան, կյա՛ց հավետ,
Կյա՛ց միշտ լեզուդ միշտ հարգարժան,
Կյա՛ց ծաղկալից, ծաղկավետ:
Երեց Օրհնի՛ր տառերն այս, Վեհափառ Տեր:
Սահակ Պարթև (Երաժշտության ներքո) Օրհնեալ են տառերն այս, որ գրվել են սուրբ Մաշտոցի ձեռքով:
(Մաշտոցի շարականի ներքո երկու սարկավագ բուրվառներով կատարում են խնկարկություն)
Երգ. «Հայրապետական մաղթերգ»
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ո՛վ Աստված,
Երկար կեանք տուր Հայրապետին,
Երկար օրեր՝ Հայոց Հօր:
Տէ՛ր անսասան պահիր Դու միշտ,
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ:
Կորյուն Եվ առեալ զանընդդիմակաց հրամանն հանդերձ սակերօք կայսերագիր նշանակելովք՝ վասն մանկտույն յաշակերտություն առ ի կէս ազգէն Հայոց ժողովելոյ:
(Հնչում է Մաշտոցի շարականը ,այդ երաժշտության ներքո)
Երեց Խունկ կը բուրեն,
Որդան կարմիր ու մագաղաթ կը բուրեն,
Վանք կը բուրեն. ապաշխարանք կը բուրեն,
Ծոմ ու Մեծ Պահք ու ճգնություն կը բուրեն,
Ավետարան կը բուրեն,
Խաչ ու Նարեկ – Աղօթք ու ողբ ու շարական կը բուրեն:
Մահ կը բուրեն,
Հերոսամարտ ու նահատակ կը բուրեն,
Արև ու արտ կը բուրեն,
Կեանք կը բուրեն,
Վերազարթնում ու յաղթանակ կը բուրեն,
Ուր որ ըլլան հողմացրիվ,
Ուր որ գաղթեն – Վարդապե՛տ,
Քու տառերդ ազատություն կը բուրեն:
(Աշակերտները նստած են հատակին, Մ. Մաշտոցը նրանց տառերն է սովորեցնում)
Մ. Մաշտոց Իմ ուսյալ սաներ, ես այնքան էլ հեշտ ճանապարհով ձեռք չբերեցի հաղթանակը: Կայսրական իշխանների կողմից իմ պատվին կազմակերպված մեծամեծ ընդունելությունները չէին կապվում անկեղծ սիրո հետ, այլ ունեին նվաճողական նպատակներ: (Դադար, քայլում է սենյակում); Ու՞մ հայտնի չէ, որ բյուզանդական կայսրությունը ամեն կերպ ձգտում էր Արևելյան Հայաստանի հաշվին ընդարձակել իր տերիտորիան:
Մաշտոցի աշակերտ (I) Ի՛մ ուսուցիչ, կարևորն այն է, որ դու կարողացար վերացնել հունական իշխանությունների կամայականությունները և մեր հայրենքին էլ լուսավորել մայրենի դպրության լույսով:
Մաշտոցի աշակերտ (II) Անցյալը ներկային, ներկան գալիքին կապող անխորտակելի կամուրջ այբուբենը մեզ կապում է մե՛զ հետ:
Մաշտոցի աշակերտ (III) Աշխարհապաստան բոլոր հայերի հայացքներն ուղղված կլինեն դեպի հայրենիք Քո՛ լույսի ձգողությամբ: Եվ Քո ոգին հայությանը կկանչի Արարատ, Վաղարշապատ և Օշական:
Հեղինակ Եվ թևածեց հայոց այբբենը հայոց աշխարհի երկնակամարում: Յուրաքանչյուր տառ կարծես մի-մի աստղ դարձած փայլեց երկնքոմ և աղոթք դարձած արձագանքեց:
(Զանգերի ղողանջների ներքո աշակերտներն ասում են տառերը, իսկ հեղինակը կարդում է աղոթքը)
Աշակերտներ Ա˜յբ
Հեղինակ Արարիչ
Աշակերտներ Բե˜ն
Հեղինակ Բովանդակ
Աշակերտներ Գի˜մ
Հեղինակ Գոյութեանց
Աշակերտներ Դա˜
Հեղինակ Դատավոր
Աշակերտներ Ե˜չ
Հեղինակ Երկնից
Աշակերտներ Զա˜
Հեղինակ Զօրավոր
Աշակերտներ Է˜
Հեղինակ Էություն
Աշակերտներ Ը˜թ
Հեղինակ Ըստհուն
Աշակերտներ Թո˜
Հեղինակ Թագավոր
Աշակերտներ Ժե˜
Հեղինակ Ժամանակաց
Աշակերտներ Ինի˜
Հեղինակ Իրաց
Աշակերտներ Լյու˜ն
Հեղինակ Լուսոյ
Աշակերտներ Խե˜
Հեղինակ Խավարի
Աշակերտներ Ծա˜
Հեղինակ Ծովուց
Աշակերտներ Կե˜
Հեղինակ Կենսականաց
Աշակերտներ Հո˜
Հեղինակ Համայնից
Աշակերտներ Ձա˜
Հեղինակ Ձայն
Աշակերտներ Ղա˜տ
Հեղինակ Ղողանջանաց
Աշակերտներ Ճե˜
Հեղինակ Ճեմարան
Աշակերտներ Մե˜ն
Հեղինակ Մտաց
Աշակերտներ Հի˜
Հեղինակ Հիսուս
Աշակերտներ Նու˜
Հեղինակ Նազովրեցի
Աշակերտներ Շա˜
Հեղինակ Շնորհ
Աշակերտներ Վօ˜
Հեղինակ Ոգեշունչ
Աշակերտներ Չա˜
Հեղինակ Չարեաց
Աշակերտներ Պե˜
Հեղինակ Պատաղիչ
Աշակերտներ Ջե˜
Հեղինակ Ջանադիր
Աշակերտներ Ռա˜
Հեղինակ Ռաբբի
Աշակերտներ Սե˜
Հեղինակ Սուրբ
Աշակերտներ Վե˜վ
Հեղինակ Վկայարան
Աշակերտներ Տյու˜ն
Հեղինակ Տէր
Աշակերտներ Րե˜
Հեղինակ Մեր
Աշակերտներ Ցո˜
Հեղինակ Ցանկալի
Աշակերտներ Ու˜ն
Հեղինակ Է
Աշակերտներ Փյուր Քե˜
Հեղինակ Փառք Քրիստոսի
Մաս երկրորդ
Հայ կնոջ կերպար Իմ հայ ժողովուրդ, ուստրեր և դուստրեր, ամեն զգացմունք դեպի յուր ազգն ու հայրենիքը, դեպի ծնողն ու մայր լեզուն, պիտի կենդանի պահենք հավերժ մեր սրտում: Ես, որպես մայր համայն հայության, հանգստություն կունենամ լոկ այն ժամանակ, երբ զավակներս խոսեն հայերեն, մտածեն ու աղոթեն հայերեն:
Թո՛ղ օրհնյալ լինի տիրոջ կամքը, թո՛ղ փառավորվի նրա անունը, ով պարգևեց մեզ այս գանձը:
I աշակերտ Սուրբ Երրորդության ժողովուրդ է հայ ժողովուրդը: Երբ երեք սրբություն միացել են իրար, նույնիսկ պարտությունն ու անկումը գրանցվել են իբրև հաղթանակներ, իսկ հաղթանակները ճանապարհ են հարթել դեպի անմահություն:
II աշակերտ Սահակ-Մեսրոպյան դպրոցի աշակերտները երեք «զորաբանակների»՝ Գրի, Խաչի, Սրի զինվորներ էին՝ Եղիշե, Ղևոնդ, Վարդան, Եզնիկ Կողբացի, Կորյուն (Մաշտոցի շարականի ներքո)
Ի՞նչ է, ու՞ր է, ուրկէ՞ կա գայ հայու ոգին:
Մեր պապերու հնադարեան դպրությունն է ու հին լեզուն,
Ձմեռ բուքին Նարեկացու վանքի խուցին ճրագն է ան,
Մագաղաթե հին, հին մատեան տաղարանի,
Ու Մեսրոպի գերեզմանին ու երազին,
Այբբենգիմն է հայու ոգին:
III աշակերտ Իր ժողովրդի պատմության ձայնին ունկնդիր՝ Սուրբ Մեսրոպն առաջինը հասկացավ՝ հոգևոր ձուլումն առավել սոսկալի է, քան մարմնավորը: Եվ իզուր չէ, որ հայրենի բարեկամ օտար հայագետները վկայում են. «Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է Աղոթքի լեզու»: Այբուբենը սկսվում է «Ա» տառով՝ այսինքն Աստծո անունով, և վերջանում «Ք» տառով՝ Քրիստոս:
I աշակերտ Հայոց այբուբենի առանձնահատկությունները.
- Այբուբենը հենվում է ոչ թե մեկ առանձին բարբառի, այլ ամբողջ ազգային հնչյունների համակարգի վրա:
III աշակերտ - Տառերն ունեն աջընթաց գրություն:
- Այբուբենը զերծ է ամեն կարգի լրացուցիչ նշաններից:
II աշակերտ - Այբուբենում չկա որևէ տառ, որ դիրքերը փոխելիս փոխի արտասանությունը:
- Այբուբենում յուրաքանչյուր տառ իր թվային արժեքն ունի: Այդ առումով այն բաժանվում է չորս մասի.
Ա – Թ (1-9)
Ժ – Ղ (10-90)
Ճ – Ջ (100-900)
Ռ – Ք (1000-9000)
IV աշակերտ Մաշտոցի գյուտը միանգամից լուծում տվեց հետևյալ խնդիրներին.
Ա. Հայագիր ու հայալեզու դարձան քրիստոնեական գրքերը, հոգևոր քարոզներն ու ծեսերը:
V աշակերտ Բ. Ստեղծվեց հայալեզու ինքնուրույն և թարգմանական գրականություն՝ հարստացնելով հայրենի և համաշխարհային մշակույթի գանձարանը:
VI աշակերտ Գ. Հայ ժողովուրդը փրկվեց պարսկաբյուզանդական ձուլումից, ապահովեց հոգևոր մշակութային և լեզվական միասնությունը:
VII աշակերտ Մաշտոցը ծավալել է թարգմանչաց շարժումը: Սահակ Պարթևը և Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ սկսեցին Աստվածաշնչի թարգմանությունը: Այդ ժամանակ էր, որ նա գրեց առաջին հայերեն նախադասությունը
Մեսրոպ Մաշտոց «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
VIII աշակերտ Խոսելով Մեսրոպ Մաշտոցի հիմնած վանական և ճգնավորական միաբանությունների մասին՝ Կորյունը գրում է.
Կորյուն «Կրոնական մենաստաններում ծաղկում էին հոգևոր երգերը, Աստծո հետ խոսելով արվեստը՝ աղոթքը, պաղատանքները, ժամերգությունը: Թերևս հենց այդ օրերին էլ ծնվեցին Մաշտոցի ապաշխարության երգերը: (Շարականի գեղեցիկ հնչյունների ներքո)
III աշակերտ «Յամենայն ժամ աղաչանք իմ այս են.
Ի մեղաց մերոց սուրբ արա զիս, Տէ՛ր,
Յանցանաց իմոց զարհուրի սիրտ իմ,
Աղաչեմ զքեզ, թո՛ղ ինձ, Տէ՛ր.
Արտասուաց իմոց մի՛ լռեր. Տէ՛ր.
Զի պանդուխտ եմ ես յանցավոր երկրի.
Արդ, անկեալ աղաչեմ, փրկի՛չ և բարերա՛ր:
Խնայեա՛ յիս ի մեղացեալս և ողորմեա ինձ՝ բազմամեղիս:
(Հնչում է շարականը)
I աշակերտ Մեր պատմիչները սերունդներ են դաստիարակել, ներշնչել հայրենյաց ոգին սերունդների արյան մեջ, ներարկել հայ լինելու հպարտությունը:
II աշակերտ Առաջին տպագիր գրքերն արտաքին տեսքով նման էին մատյաններին: Հայ տպագրիչները ժամանակի առաջադեմ մտավորականներն էին, կրթված մարդիկ: Զարգանում էր գրատպությունը: Հայ գրատպության նվիրյալներն արագ են արձագանքում դարի նորություններին և այսօր Հակոբ Մեղապարտի ժամանակներից սկիզբ առնող հայ գիրքը տպագրվում է նորագույն սարքավորումների միջոցով:
III աշակերտ Մեզ հասել են Հակոբ Մեղապարտի ստեղծած հինգ անուն գրքեր՝ «Ուրբաթագիրք», «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզայտումար», «Տաղարան»: Ահա թե ինչ է պատգամում մեզ Մխիթար Սեբաստացին
Մխիթար Սեբաստացի Օտարները հայոց կղզի կը կոչեն. Հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար է: Աղօթքին հետ՝ աշխատանք, առաքինության հետ՝ հայրենասիրություն, հավատքի հետ՝ գաղափարական սևեռակետ. և միշտ Հայաստան, ամեն ինչ հայրենիքին համար է, հայ ժողովրդի համար: Կրոնը և ազգասիրությունը երկու անշփոթելի գաղափարներ են. ապրել՝ առանց մեկը մյուսին զոհելու:
Հեղինակ Պրպտեցե՛ք հայ գիրքի, հայկական տպագրութեան պատմական էջերը և կը տեսնէ՛ք մեր ժողովրդի իրական պատկերը:
Գարեգան Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց
VII աշակերտ XIX դարի վերջին քառորդից սկսած, տպարաններ են բացվում Արևելյան Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում. Այդ տպարանների գործունեությունը գրեթե երբեք դադար չեն առել;
VIII աշակերտ Երևանը ուշ՝ 1920-ականներից դառնում է հայ գրատպության կենտրոն: 2012 թվականին ողջ հայությունը տոնում է հայ գրերի գյուտարար սուրբ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650 ամյակը և «Ուրբաթագրքի»՝ հինգ դարադարձը:
IX աշակերտ Յունեսկօ-ն նկատի ունենալով հայ առաջին տպագիր գրքի հինգ հարյուր ամյակը, Երևանը հռչակել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք. 2012 թվականի ապրիլի 23-ից մինչև 2013 թվականի ապրիլի 23-ը Երևանում կտիրի գիրքը:
Երրորդ մաս (գրքեր՝ Ուրբաթագիրք, Տաղարան, Աղոթագիրք, Պատարագատետր)
I Գիրք Ես հայ Գիրքն եմ…
Ես գրչային հայ մշակոյթին թագն ու պասկն եմ: Հայ դպրության ապարանքին անկյունաքարն եմ: Ես հայ գիրին սկիզբն ու վերջն եմ: Ինձմով սկսեր է հայ ազգին հայկականությունը: Յիսուսաբորբ ու հայատրոփ Մեսրոպ Մաշտոցի հրաշակերտումն եմ ազգագրաւ և Յակոբ Մեղապարտի պէս տեսլապաշտ հայորդիի մը սխրագործությունն եմ:
II Գիրք Հայ Գիրքն եմ ես…
Ավելի զորավոր, քան ամէնէն մահազդու զէնքը: ես հայ դպրությունն եմ, ավելի ամրակուռ, քան ամէնէն ժայռապարիսպ միջնաբերդը: Ես կա՛մ, կապրի՛մ ու կը գոյատևե՛մ, որովհետև սոսկ թուղթ ու մելան ու տիպ չեմ: ես Ոգի եմ: Ես Գաղափար եմ: Ես Լույս եմ, հայ միտքի ու հայ հոգիի թագավորությունն եմ, զոր ոչ մեկ թշնամի բանակ կրնայ գրավել ու իր մականին հպատակ ու գերի դարձնել: Ձոյլ կաղապարն եմ Հայ Հոգիին, իր մտածումներով, զգացումներով, ապրումներով:
III Գիրք Ես հայ Գիրքն եմ…
Հայ դպրութեան հայրերուն անմեռ կտակն եմ, մշտախոս պատգամն եմ: Հայ դարերուն հարուստ և հարստացուցիչ ժառանգությունն եմ:
Ես հայկականութեան անսպասռ սափորն եմ; Կաթ ու գինի ու մեղր եմ: Կաթի պես կը սնուցէմ: Գինիի պես կը գինովցնեմ, մեղրի պէս կը զորացնէմ հայ Հօգին:
IV Գիրք Ես հայ Գիրքն եմ…
Հայ գրիչին ձեռագործն եմ, հայ ճակատի քրտինքին պտուղն եմ: Հայ արցունքին մրգարիտն եմ: Եվ ծնունդն եմ հայ սրտի երկունքին:
Երգ. «Հայոց լեզու»
Պատմեք վանքի մաշված քարեր,
Հայր Մաշտոցի կյանքի մասին,
Ինչպես Հայոց գիրը ստեղծեց,
Շունչ պարգևեց հայոց ազգին:
Թե նա ինչպես զօր ու գիշեր,
Իր սաներով մի շունչ դարձած,
Մի կողմ թողած վայելք ու սեր,
Տառապանքի ճամփով անցավ:
Կրկներգ. Մեսրոպատառ երկաթագիր հայոց գրեր.
Դուք մեր կյանքի, դուք մեր բախտի Մասին սարեր,
Ջրեր անցաք, հրեր անցաք դարձաք տառեր,
Ձեզնով մենք կանք ու կմնանք դար ու դարեր:
Պատմեք վանքի մաշված քարեր,
Հայր Մաշտոցի կյանքի մասին,
Ինչպես վառվեց ու մաքառեց,
Մինչև հասավ սուրբ երազին:
Աշխարհն անցավ մեղվի նման,
Ու տուն բերեց նեկտարն անգին,
Իբրև աղբյուրն անմահական,
Եվ իմաստուն խորհուրդ կյանքի:
Կրկներգ. Մեսրոպատառ երկաթագիր հայոց գրեր.
Դուք մեր կյանքի, դուք մեր բախտի Մասին սարեր,
Ջրեր անցաք, հրեր անցաք դարձաք տառեր,
Ձեզնով մենք կանք ու կմնանք դար ու դարեր:
ԱՎԱՐՏ
Բեմի վրայից բոլոր աշակերտները մի կողմ են անցնում, իջնում է Մատենադարանի շենքի մեծ կտավը և չորս կերպարները՝ Մովսես Խորենացին, Մխիթար Սեբաստացին, Սահակ Պարթևը, Վռամշապուհ արքան գրավում են իրենց տեղերը նկարի առջև՝ ձեռքներին պահելով սուրբ գրքերը: Իսկ Մեսրոպ Մաշտոց ու Կորյունը նստում են նրանց առջև: Ստացվում է Մատենադարանի շենքի ընդհանուր պատկերը: Հնչում է հին միջնադարյան խրոխտ երաժշտություն;