Քրիստոս Իր մարմինը մեզ տվեց` դրանով իր մեծագույն սերն արտահայտելով մեր հանդեպ: Ուրեմն, ոչ միայն սիրով, այլ նաև գործով Քրիստոսի մարմնի անդամները լինենք, միավորվենք այդ մարմնի հետ: Դրա համար Նա իջավ և միավորեց Իր մարմինը մեզ հետ, որպեսզի միություն կազմենք Նրա հետ, ինչպես մարմինը՝ գլխի: Եվ դա մեծագույն սիրո դրսևորում է: Հոբն էլ ցույց տվեց դա, երբ խոսեց իր աղախինների մասին, որոնք այնքան շատ էին սիրում նրան, որ ցանկանում էին միավորվել նրա մարմնի հետ. «Երանի նրա մսով հագենանք» (Հոբ 31:31):
Այդպես էին ասում նրանք՝ ցանկանալով արտահայտել իրենց մեծագույն սերը նրա հանդեպ: Հենց այդ նպատակով էլ այդպես վարվեց նաև Քրիստոս, որպեսզի Իր հետ փոխադարձ բարեկամություն հաստատենք, և որպեսզի ցույց տա Իր սերը մեր նկատմամբ, Նա թույլ տվեց ցանկացողներին ոչ միայն տեսնել Իրեն, այլև՝ շոշափել, ճաշակել և միավորվել Իր հետ և Իրենով հագեցնել մեր ցանկությունները: Ուրեմն, հեռանանք այդ ընթրիքից առյուծների պես՝ ի սարսափ դևերի և խորհենք մեր գլխի՝ Քրիստոսի և այն սիրո մասին, որ նա ցույց տվեց մեր նկատմամբ: Հաճախ ծնողները, ասում է Նա, իրենց երեխաների համար ուրիշ սնուցողներ են փնտրում, իսկ ես այդպիսին չեմ, այլ կերակրում եմ ձեզ Իմ մարմնով, Ինձ եմ առաջարկում ձեզ` ցանկանալով, որ դուք բոլորդ ընտիր լինեք և բարի հույսով լցվեք ապագայի հանդեպ: Որովհետև, եթե մեկն այստեղ իրեն ամբողջությամբ տալիս է ձեզ, ապա առավել ևս կտա այնտեղ: Ես ցանկացա լինել ձեր եղբայրը: Ես ձեզ համար մարմին և արյուն դարձա և այդ մարմինն ու արյունը, որոնց միջոցով մտերմացա ձեզ հետ, նորից ձեզ եմ տալիս:
Այդ արյունը ձեզ պայծառացնում և թագավորական տեսք է հաղորդում, աննկարագրելի գեղեցկություն է տալիս, չի թողնում, որ խամրի հոգու ազնվությունը՝ անդադար նրան կերակրելով և խմեցնելով: Սննդից գոյացող մեր արյունը միանգամից արյուն չի դառնում, այլ սկզբնական շրջանում այլ տեսք է ունենում, իսկ այդ արյունը այդպես չէ, այլ անմիջապես հագեցնում է հոգուն և նրան մի առանձնահատուկ հզոր ուժ է հաղորդում: Այդ արյունն արժանաբար ընդունելը հեռացնում և վանում է մեզանից դևերին, մեր մեջ է հրավիրում հրեշտակներին և հրեշտակապետերին: Դևերը, ուր որ տեսնում են Տիրոջ արյունը, փախչում են այնտեղից, իսկ հրեշտակները հավաքվում են այդտեղ: Թափվելով խաչի վրա՝ այդ արյունը հեղեղեց ամբողջ տիեզերքը: Այդ արյան մասին շատ իմաստուն խոսքեր է ասել Ս. Պողոս առաքյալը եբրայեցիներին ուղղված թղթում: Այդ արյունը սրբագործել է անհասանելի և սուրբ վայրերը: Եթե նրա տեսքը միայն այդպիսի զորություն ուներ եբրայական եկեղեցում և Եգիպտոսում, երբ արյունով օծվեցին դռների կողափայտերը, ապա առավել ևս ինքը՝ Ճշմարտությունը: Այդ արյունը սրբագործեց ոսկե զոհասեղանը: Առանց դրա հոգևորականը չէր համարձակվի մտնել անմերձենալի վայրերը: Այդ արյան շնորհիվ էր ձեռնադրվում քահանան: Այն խորհրդանշորեն մաքրում էր մեղքերը: Եթե որպես խորհրդանիշ այդպիսի ուժ ուներ, եթե մահը այդպես սարսափում էր ստվերից, ապա մի՞թե հնարավոր էր չվախենալ բուն ճշմարտությունից: Այդ արյունը մեր հոգիների փրկությունն է, նրանով է լվացվում հոգին: Այն մեր մտքերը կրակից պայծառ է դարձնում և մեր հոգիները՝ ոսկուց մաքուր: Այդ արյան հեղման շնորհիվ մեզ համար երկինքը հասանելի դարձավ:
Իսկապես երկյուղալի է Եկեղեցու խորհուրդը, իսկապես երկյուղալի է զոհը: Դրախտից դուրս եկավ զգայական գետեր հոսեցնող աղբյուրը, հենց այդ ընթրիքից էլ առաջանում է հոգևոր գետեր բխեցնող աղբյուրը: Այդ աղբյուրի մոտ տնկում են ոչ թե անպտուղ ուռենի, այլ՝ մշտադալար ծառ՝ մինչև երկինք բարձրացող և անթառամ պտուղներ տվող: Եթե մեկը տանջվում է տոթից, թող գնա այդ աղբյուրի մոտ և զովացնի իր տապը, որովհետև այդ աղբյուրը ոչնչացնում է երաշտը և զովացնում այրվածին ոչ թե արևից, այլ շիկացած սատանայի նետերից: Նրա սկզբնաղբյուրն ի վերուստ է և նրա ակունքն էլ այնտեղից է, և այնտեղից է նա հագենում: Այդ աղբյուրը բազում վտակներ ունի, որոնք բխեցնում է Մխիթարիչը, իսկ որպես միջնորդ հանդիսանում է Որդին ոչ թե բահով նրանց համար ճանապարհ հարթելով, այլ՝ մեր մեջ ցանկություն առաջացնելով: Այդ աղբյուրը լույսի աղբյուր է՝ ճշմարտության ճառագայթներ սփռող: Նրա մոտ են հավաքվում նաև երկնային զորությունները, որպեսզի զմայլվեն գետակների գեղեցկությամբ, որովհետև նրանք հստակորեն տեսնում են նաև մոտալուտ պարգևների ուժը և նրանց անմերձենալի փայլը: Եթե մեկն իր ձեռքը մտցնի հալված ոսկու մեջ, ապա այն անմիջապես ոսկեգույն կդառնա:
Դրանից առավել շատ գործողություններ են կատարվում նաև այստեղ՝ խորհրդի առաջ կանգնած հոգում: Ուժգին կրակ է բորբոքվում և սլանում դեպի այս գետը, բայց չի այրում, այլ միայն մաքրում է այն ամենը, ինչին դիպչում է: Այդ արյունը հնում նախատիպ էր զոհասեղանի, զոհի՝ սահմանված օրենքով: Այն տիեզերքի գինն է, նրանով Քրիստոս գնել է եկեղեցին, նրանով Նա զարդարել է ամեն ինչ: Ինչպես մեկը, որ ծառաներ է գնում, նրանց համար ոսկի է տալիս և հետո, ցանկանալով նրանց զարդարել, զարդարում է ոսկով, այդպես էլ Քրիստոս թե՛ գնեց մեզ և թե՛ զարդարեց մեզ իր արյունով: Հաղորդակցվելով այդ արյան հետ՝ կանգնում ենք հրեշտակների, հրեշտակապետերի և մյուս երկնային զորությունների կողքին՝ զգեստավորված Քրիստոսի թագավորական զգեստներով և ձեռք բերած հոգևոր զենքեր: Բացի դրանից` մենք զգեստավորվում ենք նաև հենց Թագավորով: Բայց որքան մեծ և զարմանալի է այդ խորհուրդը, այնքան էլ վստահելի է այն, որ եթե մոտենում ես նրան անկեղծորեն, ապա մոտենում ես փրկությանը, իսկ եթե մոտենում ես նենգությամբ, ապա այն քեզ համար դառնում է պատիժ և տանջանք», «որովհետև, - ասում է, - ով ուտում է և խմում Աստծուն անարժանորեն, իր իսկ դատապարտությունն է ուտում և խմում» (Ա Կորնթ. 11:29):
Եթե թագավորական ծիրանին պղծողը պատժվում է այն պատառոտողի հետ հավասար, ապա ինչն է զարմանալի, եթե Քրիստոսի մարմինն անարժանաբար ընդունողը ենթարկվի նույն պատժին, ինչին որ նրանք, ովքեր պատառոտել են Նրա մարմինը մեխերով: Տե՛ս, թե ինչ սարսափելի պատիժ է ցույց տալիս Ս. Պողոս առաքյալը հետևյալ խոսքերով. «Մովսեսի օրենքը արհամարհած մեկին անողորմաբար սպանում էին երկու կամ երեք մարդու վկայությամբ: Իսկ որչափ ավելի խիստ պատժի արժանի պիտի համարեք նրան, ով ոտնահարել է Աստծո Որդուն և անմաքուր համարել նոր ուխտի արյունը, որով մաքրվել է ինքը և անարգել շնորհի Հոգին» (Եբր. 10:28-29): Ուշադիր լինենք, սիրելինե՛րս, մեր անձի հանդեպ, որպեսզի վայելենք այդ բարիքները: Իսկ եթե ցանկություն կառաջանա մեզ մոտ ասել ինչ-որ անպարկեշտ բան, կամ նկատենք, որ մեզ իշխում է բարկությունը կամ ցանկացած այլ կիրք, մտածենք, որ մենք արժանացել ենք ստանալ Հոգուն: Այդ խորհուրդները մեզ ետ կպահեն անմիտ կրքերից: Իրականում, մինչև ե՞րբ պիտի կապված մնանք ներկայիս իրերից: Մինչև ե՞րբ պիտի ոտքի չկանգնենք: Մինչև ե՞րբ պիտի անհոգ լինենք մեր փրկության հանդեպ: Խորհենք, թե ինչի մեզ արժանացրեց Աստված, գոհություն հայտնենք, փառավորենք նրան ոչ միայն հավատքով, այլ նաև գործով, որպեսզի արժանանանք նաև գալիք բարիքներին, շնորհիվ և մարդասիրությամբ մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Նրա հետ նաև Հորը և Սուրբ Հոգուն փառք այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Ռուսերենից թարգմանեց Գայանե ԹԵՐԶՅԱՆԸ
Աղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ