Առաքինությունն անպարտելի է

Առաքինությունն անպարտելի է

Առաքինությունն անմահ է և անպարտելի, չի ենթարկվում ներկա աշխարհի անկայունությանը, այլ առավել վեր է բարձրանում պղծության թակարդից, ամբողջ մարդկությանը նայում է բարձունքից, և չի զգում այն, ինչ մյուսների համար շատ դժվար է թվում: Այլ ընդհակառակը, բարձր ժայռի վրա կանգնած մարդու նման ծիծաղում է ալիքների վրա՝ տեսնելով, որ նրանք աղմուկով հարվածում են ժայռին և անմիջապես վերածվում փրփուրների: 
 

Այդպես էլ առաքինի մարդը, լինելով անվտանգ վայրում, չի փորձվում ոչ մի կենցաղային տհաճ ալեկոծություններից, այլ ապրում է խաղաղ՝ վայելելով իր խորհուրդների հանդարտությունը և պատկերացնելով, որ ներկա կյանքի գործերն անցնում են այդքան շուտ ու արագ՝ ոչնչով չտարբերվելով գետի հոսանքից: Քանզի, ինչպես ծովի ալիքներն են մեկ անասելի բարձունքների հասնում, մեկ էլ հանկարծ ընկնում ցած, այդպես էլ մենք տեսնում ենք այն մարդկանց, որոնք անհոգություն են ցուցաբերում առաքինությունների մեջ առաջադիմելու գործում և տրվում են արատներին, իրենց իմաստունների տեղ դրած վեր են բարձրացնում հոնքերը և առաջադիմում են ներկա կյանքի գործերի մեջ, բայց հանկարծ կործանվում են և ընկնում ծայրահեղ աղքատության մեջ: Նրան է մատնանշում Դավիթ մարգարեն՝ ասելով. «Մի՛ վախեցիր, երբ մարդը հարստանում է և մեծանում է փառքը նրա տան, քանզի մեռնելիս հետը ոչինչ չի տանի և նրա տան փառքն իր հետ չի թաղվի» (Սաղմ. 48:17-18): Եվ ճիշտ է ասում. «Մ՛ի վախեցիր», թող քեզ չվրդովեցնի նրա հարստության լիությունը և փառքի շքեղությունը, որովհետև որոշ ժամանակ անց դու կտեսնես նրան գետնին պառկած, անշարժ, մեռած դիակ, որդերի կեր դարձած, զրկված այդ ողջ հարստությունից և փառքից, անկարող իր հետ որևէ բան վերցնելու, այլ այդ ամենը թողնում է այստեղ:

 


Ուրեմն, մի՛ շփոթվիր նայելով ներկային և մի՛ փաղաքշիր նրան, ով կարճ ժամանակում զրկվելու է ամեն ինչից: Որովհետև ներկա կյանքի երջանկությունն ու հարստությունը չեն ուղեկցում այս կյանքից հեռացողին, այլ նրանք, այստեղ թողնելով իրենց ողջ հարստությունը, գնում են մերկ և ձեռնունայն՝ իրենց վրա կրելով միայն պղծությունից և հարստությունից կուտակված մեղքերի բեռը: Բայց առաքինության մեջ ոչ մի նման բան չկա: Ընդհակառակը, նա այստեղ էլ մեզ բարձր է կանգնեցնում մեր վատ ցանկություններից և անպարտելի է դարձնում, մեզ անասելի բավականություն է պարգևում և չի թողնում ենթարկվել կյանքի տարուբերումներին, ուղեկցում է մեզ նաև այստեղից ելնելու ժամին և հատկապես այն ժամանակ, երբ մենք նրա օգնության կարիքն ենք ունենում, այդ ահավոր օրը մեզ մեծ օգնություն է ցուցաբերում՝ մեր վրա իջեցնելով Դատավորի ողորմությունը: Եվ ինչպես այստեղ դժբախտությունների ժամանակ վեր է բարձրացնում մեզ դրանցից, այդպես էլ հետագայում իրեն ունեցողներին ազատում է տանջանքներից և արժանացնում հավիտենական երանությունների:

 

 

Սուրբ Հովհան Ոսկեբերան
Ռուսերենից թարգմանեց Գայանե ԹԵՐԶՅԱՆԸ
Սկզբնաղբյուրը՝ «Շողակնե երկշաբաթաթերթ

  • 2021-11-11
×