Սուրբ Հովհան Ոսկեբերան.Հարստությունը խանգարում է երկինք մտնել

Սուրբ Հովհան Ոսկեբերան.Հարստությունը խանգարում է երկինք մտնել

Փնտրենք այնպիսի հարստություն, որ շաղախված լինի բարի գործերով: Ինչո՞ւ ենք փափագում դրամ ունենալ, երբ այն մեզ երկինք չի բարձրացնում: Եթե որևէ երկրավոր թագավոր հայտարարեր, թե հարուստները տեղ չունեն իր թագավորությունում կամ չեն կարող որևէ պատվի հասնել, ապա մի՞թե բոլորն արհամարհանքով չէին հրաժարվի հարստությունից: Մի՞թե պետք չէ արհամարհել ամեն ինչ և հրաժարվել հարստությունից, որպեսզի հեշտությամբ մտնենք երկնքի արքայություն: Եվ մի՞թե արժանի ենք ներման, երբ ամեն ջանք գործադրում ենք հարստություն ձեռք բերելու համար, այն դեպքում, երբ դա խոչընդոտում է մեր երկինք մտնելուն: Տվյալ դեպքում դու այն հողագործի պես ես վարվում, ով, վերցնելով ցորենը, ոչ թե ցանում է բերրի արտում, այլ ջուրն է լցնում ու ոչ մի օգուտ չի ստանում: Ենթադրենք դու չես վախենում սովից, այնուամենայնիվ, դու անհրաժեշտաբար պիտի վախենաս մահից, պատերազմներից, զրպարտությունից: Սովի դեպքում շատերը զինված կհարձակվեն քեզ վրա, ինչը սովից առավել կսպառնա քո ընտանիքի անվտանգությանը: Ես չգիտեմ՝ արդյոք որևէ մեկը հանկարծակի մահացե՞լ է սովից, որովհետև այս չարիքի դեմ շատ միջոցներ կարելի է մտածել: Բայց դրամի, հարստության և նմանատիպ այլ բաների համար կարող եմ շատ սպանություններ թվարկել՝ գաղտնի և բացահայտ: Բազում այսպիսի օրինակներով լի են փողոցները, դատարանները, շուկաները, ինչպես նաև ծովը, որ լի է արյամբ: Որովհետև ագահության բռնակալ իշխանությունը ոչ միայն ցամաքում է տարածել իր տերությունը, այլև ծովում էլ մոլեգնում է մեծ կատաղությամբ: Այդպիսով, այն, ինչի վրա առավել քիչ կարելի է հուսալ, հարստությունն է, ինչի համար պետք չէ թափառել՝ ենթարկվելով վտանգների, նույնիսկ՝ մահվան: Եվ ըստ Սուրբ Գրքի՝ «Ով կխղճա օձից խայթված օձահմային» (տե՛ս Սիրաք ԺԲ 13):

 

Իմանալով բռնակալության դաժանությունը՝ հարկ կլիներ փախչել ստրկությունից և ոչնչացնել կործանարար սերը: Բայց կհարցնես, թե հնարավո՞ր է արդյոք դա: Հնարավոր է, եթե միայն քո մեջ երկնային սեր հաստատես: Որովհետև ով ցանկանում է երկնքի արքայությունը, նա ծիծաղում է արծաթասերի վրա: Քրիստոսի ծառան հարստության ծառա չի կարող լինել, այլ դրա տիրակալը: Որովհետև նա փնտրում է հատկապես այնպիսի մարդու, ով իրենից փախչում է և փախչում է նրանից, ով փնտրում է իրեն: Նա այնքան չի հարգում իրեն փնտրողներին, որքան իրեն արհամարհողներին: Ոչ ոքի վրա այդքան չի ծիծաղում, որքան իրեն փնտրողների և ոչ միայն ծիծաղում է նրանց վրա, այլև կապում է նրանց անթիվ կապանքներով: Հետևաբար, գոնե այժմ ազատվենք այս կործանարար շղթաներից: Ինչո՞ւ հպատակեցնենք բանական հոգուն անմիտ նյութին՝ անհամար չարիքների մորը: Բայց մի՞թե ծիծաղելի չէ, որ մենք վիճում ենք նրա հետ բառերով, իսկ նա մեր դեմ է դուրս գալիս գործով, մեզ ամեն տեղ ուղեկցում է և մեր անփառունակության պատճառով մեզ հետ ստրուկների և անպիտան ծառաների պես է վարվում: Սրանից ավելի ամոթալի և անազնիվ բան չկա: Ինչպես կվարժվենք ողջախոհությանը, եթե նույնիսկ արծաթի փայլը ապշեցնում է մեզ: Կան մարդիկ, ովքեր այնքան են նվիրված այդ բռնակալ իշխանությանը, որ միայն ոսկու տեսքը նրանց վրա առանձնահատուկ ներգործություն է ունենում: Ոչինչ այնքան չի վնասում հոգու և մարմնի աչքերին, որքան այս կիրքը: Այս կործանարար սերը հանգցրել է կույսերի լապտերները և զրկել նրանց ամուսնական ապարանքից: Ոսկու վրա նայելը թույլ չտվեց խեղճ Հուդային լսել Աստծո ձայնը և նույնիսկ այն աստիճանի հասցրեց, որ նա խեղդամահ եղավ, փորոտիքը թափվեց, ու գլորվեց գեհեն: Հետևաբար, ի՞նչը կարող է այդ հայացքից առավել անօրեն լինել: Ես խոսում եմ ոչ թե նյութական դրամի, այլ դրա հանդեպ անսահման և անսանձ կրքի մասին: Խորհելով այս ամենի մասին՝ փախչենք այդ անբուժելի հիվանդությունից, բուժենք դրա կործանարար խայթը, հեռու պահենք մեզ այդպիսի խոցից:

 

Ռուսերենից թարգմանեց Գայանե ԹԵՐԶՅԱՆԸ

Սկզբնաղբյուրը՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

  • 2021-11-11
×