Հոգևոր խրատանի. Ճշմարիտ պահեցողություն

Հոգևոր խրատանի. Ճշմարիտ պահեցողություն

Սիրելի՛ ընթերցող, «Հոգևոր խրատանի» խորագրի ներքո այսուհետ կներկայացնենք մեր հոգևոր հայրերի խորհուրդները և մտքերը: Այստեղ դուք կգտնեք հավատի և ճշմարիտ քրիստոնյայի վարքի մասին պատգամներ: Հույս ունենք, որ այս խորագրի ընթերցումով ձեզ համար օգուտ կքաղեք՝ հուսալով Աստծո առատ ողորմությանը: Ըստ այդմ. «Ով մեղավորին հետ դարձնի մոլորության ճանապարհից, իր հոգին մահվանից կփրկի և բազում մեղքերը կծածկի» (տե՛ս Հակոբ Ե 20):

 

Ճշմարիտ պահեցողություն

 

• Ոչ ոք թո՛ղ չտխրի, ոչ ոք թախծո՛տ չերևա, այլ ցնծա՛, ուրախանա՛ և փառավորի մեր հոգիների համար Հոգացողին, որ բացել է մեզ համար այս սքանչելի ճանապարհը, և դուք մեծ խնդությամբ ընդունեք պահքի սկսվելը:
Հովհան Ոսկեբերան

 

• Պահեցողության պատճառով մեծամտանալը անմտություն է, քանի որ կարո՞ղ է արդյոք վարպետը մեծամտանալ նրանով, որ ինքը շատ գործիքներ ունի, եթե նա դրանցով ոչ մի օգտակար բան չի անում: Եվ այդպես էլ պահքը և մնացած բոլոր մարմնավոր ջանքերը միջոց են` առաքինություն ձեռք բերելու, և ոչ թե իրենք են հանդիսանում առաքինություն:
Հայր Զոսիմա

 

• Զգուշացիր պահքը գնահատել լոկ պարզ ժուժկալությամբ: Նրանք, որ իրենց զսպում են ուտեստեղենից, բայց անկարգ են պահում, նմանվում են սատանային, որը չնայած ոչինչ չի ուտում, բայց չի դադարում մեղք գործելուց:
Բարսեղ Կեսարացի

 

• Ոմանք չափազանց պահանջկոտ են ուտելիքի հանդեպ և թույլ չեն տալիս, որ իրենց բերանները վատ կերակուր մտնի, բայց այնքան էլ զգույշ չեն այն խոսքերի նկատմամբ, որ դուրս են գալիս իրենց շրթունքներից:
Հերոնիմոս Երանելի

 

• Զղջումը, աղոթքը, ապաշխարությունն անբաժան պետք է լինեն պահեցողությունից, քանի որ սրանք են հիմնական պայմանները, որտեղ գործում է Աստծո բուժիչ ու քավիչ զորությունը:
Շնորհք Պատրիարք

 

• Կերակրի չափավոր օգտագործումը, հայրերի կարծիքով, այնպես պետք է լինի, որ կերակրի ամենօրյա օգտագործումից հետո դեռ քաղց զգաս: Կերակրի այսպիսի օգտագործումը կպահի հոգին և մարմինը հավասարակշռված վիճակում, և ետ կպահի մարդուն ծայրահեղորեն պահքին ու ծոմապահությանը տրվելուց, որով տկարանում է մարմինը, ետ կպահի նաև գերհագեցումից, որը ճնշում է հոգին:
Հովհաննես Կասիան

 

• Առաջին պատվիրանը պահքն է, որ Աստված տվեց Ադամին` ասելով. «Բոլոր պտուղներից կեր». սա ուտելիքի համար էր, «Բայց միայն մեկ պտղից մի կեր» (Ծննդոց Բ 16-17). սա էլ պահքի համար էր: Ադամը, քանի որ պահեցողություն չարեց, զրկվեց դրախտից և չարչարանքների այս աշխարհը ժառանգեց: Ուստի, եթե մենք սրբությամբ պահք պահենք, կվերադառնանք դրախտ` մեր հայրենի տունը:
Հովհաննես Երզնկացի

 

• Առաջին սրբերը, երբ կամենում էին մերձենալ Աստծուն, նախ մաքրվում էին պահքով, ապա մերձենում Մաքուրին և աստվածատեսներ լինում: Իսկ ովքեր հեռացան պահքից, հեռացան Աստծու շնորհներից և բազում չարիքներով չարչարվեցին: Ահա Ադամը հեռացավ պահքի պնդությունից և դուրս ելավ դրախտից դեպի տատասկոտ երկիրը...
Հովհան Մանդակունի

 

• Սիրե՛նք պահքը և ամեն տեսակի այլ առաքինություններ և շտապենք ամեն օր բարի գործեր անելու, որպեսզի քառասնօրյա սուրբ պահքի ընթացքում հոգևոր գնումներ կատարենք, հավաքելով առաքինի գործերից մեծ հարստություն:
Հովհան Ոսկեբերան

 

Պատրաստեց Աստղիկ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

  • 2021-11-11
×