• Մեղքը պատճառ է անպատվության, իսկ այն ծնվում է անբանությունից: Եթե պարապությունը բարիք լիներ, ապա հողը ամեն բան կտար առանց ցանելու և մշակելու, բայց նա ոչ մի նման բան չի անում:
Հովհան Ոսկեբերան
• Ով չի ատել մեղքը, եթե նույնիսկ այն չի կատարում, դասվում է մեղավորների շարքում: Երկնավոր Դատավորի առջև անհայտ ոչինչ չկա, այնպես որ զուր ես աշխատում թաքուն մեղանչել:
Նեղոս Սինայեցի
• Առաքինության պսակը սերն է, մոլորության պսակը՝ սեփական մեղքերի արդարացումը:
Հայր Եսայի
• Տևական հիվանդությունները բժշկվում են մեծ ջանքերով միայն, հարատև ջանք գործադրելով, նույն բանը կարելի է ասել նաև մեղավոր սովորությունների համար:
Բարսեղ Մեծ
• Վախեցի՛ր նորից ընկնել այն մեղքերի մեջ, որոնք ողորմած Աստվածը ներել է քեզ ապաշխարության խորհրդով, բայց եթե տկարության պատճառով նորից մեղանչես, մի՛ ընկիր հուսահատության փոսը:
Եփրեմ Ասորի
• Ով չի լացում մեղքերի համար, նա կլացի մեղքերի պատժի համար:
Հայր Արսեն
• Եկեք մենք էլ նմանվե՛նք Աստծո սրբերին և կամովին խոստովանե՛նք մեզ դառնացնող մեղքերը, մեր սրտից հանե՛նք, ներե՛նք մեր եղբայրների հանցանքները:
Վարդան Այգեկցի
• Աստծուն այնքան չեն բարկացնում մեր կատարած մեղքերը, որքան մեր չուղղվելու ցանկությունը. վաղվան մի՛ թող այն, վաղը երբեք վերջ չունի:
Հովհան Ոսկեբերան
• Ապաշխարի՛ր յուրաքանչյուր մեղքի համար և մահվանից առաջ տարակուսանք չես ունենա:
Անտոն Անապատական
• Ամեն օր քննի՛ր կատարածդ մեղքերը, աղոթի՛ր դրանց համար և Աստված քեզ դրանք կների:
Հայր Եսայի
• Երբ մեկն ընկնի որևէ մեղքի մեջ և չտրտմի դրան համապատասխան, ապա նորից հեշտությամբ կընկնի նույն ցանցի մեջ:
Մարկոս Ճգնավոր
• Եթե ամեն տարի միայն մեկ մոլություն արմատախիլ անենք, շուտով կատարելության կհասնենք:
Թովմաս Գեմբացի
• Միայն հավատ ու հույս ունեցիր անձիդ մեջ, դո՛ւրս եկ մեղքերից և թող դրանք և ստույգ կերպով հաւատա՛, որ Աստուած կարող է քեզ ապրեցնել:
Վարդան Այգեկցի
• Հեռու չէ հունձքի ժամը, մաքրե՛նք որոմից մեր հոգու արտը:
Նեղոս Սինայեցի
• Վա՛յ այն մարդուն, որ չի ուզում փախչել յուրաքանչյուր մեղքից:
Հայր Եսայի
Պատրաստեց Աստղիկ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ