Մոմավառության մասին

Մոմավառության մասին

Մոմի լույսը խորհրդանշում է մեր հավատքի լույսը, քանի որ Քրիստոսի գալստյամբ մեղքերի խավարը և անհնազանդությունը վերացան, ու երկրում աստվածպաշտության լույսը հաստատվեց, և ամենքս լուսավորվեցինք Քրիստոսով:

 
Եկեղեցի մտնելիս գրեթե միշտ մոմ ենք վառում սրբապատկերների առջև: Այս գեղեցիկ սովորությունը մեզանում լայն տարածում ունի և ձգվում է մինչև դարերի խորքը: Աստծո տանը ճրագ կամ մոմ վառելու ավանդությունը գալիս է դեռևս Հին Ուխտի ժամանակներից: Աստված Մովսեսի միջոցով ժողովրդին պատվիրեց, որ ձիթենու զուլալ, անարատ ձեթ բերեն լույսի համար, որպեսզի մշտավառ ճրագ լինի վկայության խորանում (Ելք ԺԷ 20-21): Ս. Գիրքն ասում է նաև. «Սողոմոն արքան պատրաստել տվեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե մոմակալները, ճրագակալները, մոմ կտրելու մկրատները» (Գ Թագ.Է 49): Հետագայում, երբ քրիստոնեությունը հաստատվեց աշխարհում, մոմը պահպանեց իր կիրառական և ծիսական նշանակությունը նաև նորահաստատ քրիստոնեական Եկեղեցում: Պետք է ասել, որ մոմն ու ճրագն ի սկզբանե նույն նշանակությամբ են օգտագործվել և ունեցել են միևնույն հոգևոր ու նվիրական իմաստը. ինչի շնորհիվ Եկեղեցին առ այսօր պահպանել է ճրագ վառելու ավանդույթը: Վաղ շրջանում հեթանոսների գործադրած հալածանքների պատճառով, որոնք տևեցին երեք դարից ավելի, քրիստոնեական պաշտամունքները կատարվում էին գիշերով, ստորգետնյա և վերգետնյա գաղտնի աղոթատեղիներում ու մատուռներում, որտեղ, բնականաբար, մոմեր ու կանթեղներ էին վառում` շինության տարածքը լուսավորելու համար: Այդպես էլ հետագայում եկեղեցու ներսը լուսավորելու և կատարվող արարողություններին շքեղություն ու տոնականություն հաղորդելու համար մոմավառությունը մնաց որպես ծեսի կարևոր բաղադրիչ մասը: Սակայն պատճառը միայն լույս տալու պարագան չէր: Մոմավառության սովորությունը և Հին Ուխտում, և Նորում, բացի կիրառական նշանակությունից ուներ և ունի նաև խորհրդաբանական ներքին իմաստ:


ՄՈՄԻ ԵՎ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ` ԸՍՏ Ս. ԳՐՔԻ ԵՎ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐԻ


Վառվող մոմն առաջին հերթին խորհրդանշում է Քրիստոսին և ապա` քրիստոնյաներին. «Ես եմ աշխարհի լույսը, ով Իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը»:

Հովհ. Ը 12


«Դուք եք աշխարհի լույսը… Եվ ճրագը վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են: Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»:
Մատթ. Ե 14-16


Հիսուսի բերած աստվածային լույսը Ս. Հոգու ներգործությամբ փոխանցվեց առաքյալներին, ովքեր էլ նույն Ս. Հոգու զորությամբ և գործակցությամբ տարածեցին այն աշխարհով մեկ` լուսավորելով մեր խավար հոգիները: Այդպիսով վառվող մեկ Մոմը` Հիսուս, Ս. Հոգու զորությամբ վառեց բազում այլ մոմեր` քրիստոնյաներին, և այդ մոմերի հուրը չհանգեց, այլ ՙվառվելով՚ տարածվեց ու տարածվում է աշխարհում: Ուրեմն, մեր ձեռքին վառվող մոմը խորհրդանշում է հավատքի լույսը, Քրիստոսի պատվիրաններն աչքի առաջ ունենալը և դրանց կատարումը:
Ինչպես մոմն է մեռած և խավար առանց հրի, նույնպես «Հավատքն առանց գործերի մեռած է»:(Հակ.Բ 26)


Ինչպես մոմն ու հուրն առանց պատրույգի չեն վառվում, նույնպես էլ հավատքն ու գործն առանց սուրբ նպատակի անպիտան են: Ով ունենա հավատք և Աստծո սիրո համար բարի գործ անի, նա’ է արժանի Աստծո արքայության և մեղքերի թողության: Վառվող մոմը խորհրդանշում է մեր աղոթքն ու ողորմությունը, որը մեր ձեռքով ընծայում ենք Քրիստոսին: Այն նաև մեր անձի փրկության խորհրդանիշն է, որովհետև մոմն ինքնին հուր է, մոմանյութ և պատրույգ, նույնպես և մեզ երեք բան է հարկավոր փրկության համար: 
Նախ` ճշմարիտ հավատք, որ խորհրրդանշում է մոմանյութը:

Երկրորդ` բարի գործեր, որ խորհրրդանշում է հուրը:

Երրորդ` ճշմարիտ և սուրբ նպատակ, որ խորհրրդանշում է պատրույգը. ամեն բարի գործ Աստծո սիրո համար ենք անում և ոչ թե ի ցույց մարդկանց: Եվ ինչպես վառվող մոմը տարբերվում է հանգած մոմից, այդպես էլ՝ կենդանի հավատը՝ մեռած հավատից, որովհետև վառվող մոմից լույս է ելնում, իսկ հանգածից` դառը ծուխ: Այդպես էլ կենդանի հավատքից ելնում է ճշմարտության լույս` լուսավորելով մարդկանց ճանապարհը: Ինչպես մոմի նյութը և յուղը միշտ վառ են պահում լույսը, այսպես էլ առաքինության գործերն օգնում և միշտ վառ են պահում աղոթքների լույսը, իսկ անիրավության և մեղքերի գործերը միշտ մարմնին հակառակ են և հանգցնում են աղոթքների լույսը: Եվ ամենից գլխավորը՝ մոմը նշանակն է մեր երկյուղած սիրո առ Աստված և Իր սրբերը: Մոմը, որ վառում ենք, խորհրդանշում է այն մեծագույն և կատարյալ զոհաբերությունը, որ մարդը պետք է մատուցի իր Արարչին: Այսինքն` Աստծուն պետք է նվիրաբերի սեփական անձը` իր ինքնիշխան կամքը հոժարակամ ստորադասելով ու ենթարկելով Աստծո կամքին: Եկեղեցին իր բոլոր պաշտամունքները կատարում է խնկարկումով և մոմավառությամբ: Բերենք մի քանի օրինակ: Ծիսական արարողությունների ժամանակ քահանայի կամ Ավետարան ընթերցող սարկավագի երկու կողմում կանգնում են երկու մոմակիրներ, նրանք խորհրդանշում են Հիսուսի Հարությունն ավետող երկու լուսավոր հրեշտակներին, «Որոնք նստել էին, մեկը` սնարին, և մյուսը` ոտքերի մոտ, այնտեղ, ուր Հիսուսի մարմինն է եղել»: (Հովհ.Ի 12)


Ս. Ծննդյան և Զատկական Ճրագալույցներին, Տեառնընդառաջի երեկոյան հավատացյալներն իրենց ձեռքում մոմ են ունենում, որի խորհուրդը հետևյալն է: Ճրագալույցի գիշերային ժամի տոնը բազում վառվող լույսերով և մոմերով են կատարում, որովհետև այս տոնի Տերը Քրիստոսն է` Երկնավոր Լույսը, և հարկ է լույսով կատարել Լույսի տոնը: Մոմի լույսը խորհրդանշում է այն աստղը, որն առաջնորդեց մոգերին և կանգնեց այնտեղ, ուր Մանուկն էր: Այդ պատճառով այդ օրը` երեկոյան, վառվող մոմերով ենք եկեղեցի մտնում: Տեառնընդառաջին մեր ձեռքին մոմ ենք ունենում, որովհետև ինչպես Ս. Կույսը, Հովսեփը, Աննա մարգարեուհին և Սիմեոն ծերունին իրենց ձեռքում Քրիստոսին ունեին, այնպես էլ մենք` մոմ: Քանի որ մոմն ինքնին հուր է, մոմանյութ և պատրույգ, բայց և մեկ մոմ է, այնպես էլ Քրիստոս` երեք իրողություն: Աստվածությունը` իբրև հուր, անապական մարմինը` որպես հստակ մոմ, բանական հոգին` որպես պատրույգ, որոնցով լուսավորվեցին բոլոր արարածները: Ծերունի Սիմեոնն ասում է. «Լույս, որ հայտնություն կլինի հեթանոսների համար»: (Ղուկ. Բ 25-3)


Ուշագրավ է, որ ժամանակին մեր Եկեղեցում եղել է մոմի և հրի օրհնության կարգ, որը կատարվել է Տեառնընդառաջին և Զատկական Ճրագալույցի երեկոյան: Ավագ շաբաթվա Ավագ երեքշաբթի օրը մեր ձեռքերի վառվող մոմը խորհրդանշում է տասը կույսերին (Մատթ. ԻԵ 1-13): Կույսերն օրինակ են քրիստոնյաների: Նրանցից հինգը իմաստուն են, հինգը` հիմար: Իմաստուն են նրանք, ովքեր այս աշխարհում հարատևում են հավատի գործերի մեջ. այսինքն` աղոթքով, պահքով և ողորմությամբ, և սպասում են Հիսուսի Երկրորդ Գալստին: Ինչպես Ավետարանում է գրված. «Կեսգիշերին ձայն լսվեց, ահա փեսան գալիս է», հիմար կույսերը, ովքեր իրենց լապտերները հանգցրել էին (այսինքն` չունեին հավատի գործեր), պիտի մնային խավարում, իսկ իմաստուն կույսերը, ովքեր իրենց լապտերները վառ էին պահել, Փեսայի հետ պիտի մտնեին Լույսի սրահը` Երկնքի Արքայություն: 
Այսպիսով, Եկեղեցում մոմ վառելով` հավատացյալն արտահայտում է իր հավատքը, հույսն ու սերն առ Աստված: Նա խնդրում է, որ ինչպես մոմը` փոքրիկ լույսը, հալածեց տաճարի ներսի խավարը, այնպես էլ Լույս Քրիստոս հալածի հավատացյալների մեղքերի խավարը: Եվ խիստ կարևոր է, որ երբ եկեղեցում մոմ ենք վառում, չվերածենք այն ինքնանպատակ ու մեքենայական գործողության, այլ մշտապես մտաբերենք, որ մոմը և մոմավառությունն ունեն ներքին իմաստ և խորհրդաբար հիշեցնում են աստվածպաշտական ու փրկագործական կենսապարգև իրողությունների մասին:

 

Վիգեն սարկավագ Ղազարյան

 
  • 2021-11-11
×