Նորապսակների օրհնության կարգ՝ Տեառնընդառաջին

Նորապսակների օրհնության կարգ՝ Տեառնընդառաջին

Եթե մեկին հարցնեք՝ «Կցանկանա՞ք արդյոք, որ ձեր ընտանիքն ամուր լինի, և սերը նրանում երբեք չպակասի», ցանկացած ողջամիտ մարդ կպատասխանի. «Այո՛, իհարկե, դա իմ երազանքն է, ես շատ եմ ուզում երջանիկ ընտանիքի մի մաս լինել»: Երջանիկ ընտանիքի համար պետք է հաստատուն ու խորը հիմք, որը ստեղծվում է ամուր հարաբերություններից:

 
 
Եկեղեցու հայրերը, ինչպես նաև մեր իմաստուն նախնիները մշտապես կարևորել են ամուսնական առագաստի սրբության, կնոջ և տղամարդու փոխադարձ հավատարմության հանգամանքը` որպես ընտանեկան խաղաղության ու երջանկության հիմնական երաշխիք: Քրիստոնեական ընտանիքում գլխավորը սիրո առկայությունն է թե՛ Աստծո և թե՛ միմյանց նկատմամբ։ Ըստ Աստծո հրամանի. «Աճեցե՛ք և բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը և տիրեցե՛ք դրան» (Ծննդ. Ա 28): «Ընտանիք լինել» նշանակում է աջակցել միմյանց կյանքի անխուսափելի փոփոխությունների ընթացքում: Սերը ոչ միայն ընտանիքի, այլև քրիստոնյայի կյանքի առանցքն է: Մեզ համար չկա երջանկություն, եթե չկա հաղորդակցություն Աստծո հետ, իսկ Աստծո հետ հաղորդակցությունը սիրո միջոցով է, այն սիրո, որ Նա տածում է մեր նկատմամբ: Քրիստոնեական ընտանիքը Եկեղեցու մանրակերտն է, և այն սերը, որ կա Եկեղեցու հանդեպ պետք է լինի նաև ընտանիքում:
 
 
 Սիրո հիմքի վրա կառուցված ընտանիքների` մասնավորապես նորապսակների համար, առանձնահատուկ նշանակություն ունի Տեառնընդառաջի տոնը, քանի որ այդ օրը բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ: Այս օրը, ևս մեկ անգամ, շատ լավ հնարավորություն է՝ ստանալու Աստծո օրհնությունը, և ամուր հիմքերի վրա շարունակելու կյանքի ընթացքը՝ վստահ լինելով, որ կյանքում ոչ մի դժվարություն չի կարող խաթարել իրենց նորաստեղծ ընտանիքի հիմքերը:
 
 
Մարիետտա Խաչատրյան
 
 
  • 2021-05-10
×