Փոքրերի աշխարհից

Փոքրերի աշխարհից

Մանկությունը չի լինում լավը կամ վատը: Մանկությունը լինում է սովետական և հետսովետական,- կատակելով ասում է Վաչո պապն ու մաղթում, որ յուրաքանչյուր երեխա  կարողանա ունենալ այնպիսի մանկություն, որ  հետո թոռներին պատմելու բան ունենա:

Երկու լիքը գրպան հիշողություն ու մի պաղպաղակ ձեռքին Վաչո պապը գնում է գյուղի մի ծայրից մյուսը՝ թոռանը տեսնելու, շնորհավորելու ու իր մանկության մասին հետաքրքիր պատմություններ պատմելու համար:

Երբեմն չափազանցված, երբեմն տխուր, երբեմն էլ լրիվ հորինված պատմություններին միշտ սիրով սպասում է Հայաստանում գտնվող նրա միակ թոռը՝ Արթուրը:

-Սիրում եմ, որ պապիկը պատմումա իրա մանկությունից: Ճիշտա, իրանց ժամանակ սենց լավ բաներ չեն եղել՝ խաղեր, հեռախոսներ, դրա համար տխրում եմ պապիկի համար, բայց որ գալիսա՝ թողում եմ իմ հեռախոսով խաղա,- ասում  է Արթուրն ու պապիկին համբերատարությամբ սովորեցնում հեռախոսից օգտվելու ձևերը:

Պապի պատմություններից հասկանում ենք, որ նա ոչ այնքան հեշտ ու անհոգ մանկություն է ունեցել, սակայն այնտեղից իր հետ վերցրել է միայն լավ հիշողությունները: Ինչպես ինքն է ասում՝ «երկու լիքը գրպան հիշողություն»:

 

Ի՞նչ բերել փոքրերի աշխարհից, որ այդքան պակասում է մեծերի աշխարհում:
 

«Եթե հնարավորություն ունենայի մանկությունից ինձ հետ ինչ-որ բան բերելու՝ դա կլիներ տատիկի ոտքերին պառկելու ու հեքիաթ լսելու հնարավորությունը»: Աննա

«Մանկությունից ինձ հետ կվերցնեի «շուշա» կոնֆետները, բայց հենց սովետականները, դրանց համն ուրիշ էր: Ամեն անգամ կուտեի դրանցից մեկն ու կհիշեի…»: Գրիգոր

«Տատիկի պատրաստած առավոտյան ձվածեղը: Հավատացե՛ք, այն անմահական էր»: Հասմիկ

«Խաղերը: Ես ինձ հետ կվերցնեի խաղերը: Հիմա բակերում երեխաները այդպիսի խաղեր չեն խաղում»: Լենա

«Պարզությունը ու չխաբելու անհրաժեշտությունը: Մանկության անհոգությունը հենց դրա մեջ էր»: Վահե

«Հրաշքներին հավատալու կարողությունը»: Գագիկ

 

Կանգառի դիմացի շենքում է ապրում Վաչո պապը, ում տան պատուհանից ամեն օր երևում են նարդի խաղացող 70-80-ամյա «երեխաներն» ու 7-12 «մեծիկները»:

Ամեն օր կանգառի դիմացի խաղահրապարակում հանդիպում են մեծերն ու փոքրերը: Փոքրերը սկսում են քաղաքական հարցեր քննարկել, իսկ մեծերը խաղալ՝ նարդի, շախմատ, երբեմն նաև ֆուտբոլ: Մեկը ուզում է վերադառնալ մանկություն, մյուսը՝ որքան հնարավոր է շուտ փախչել այդտեղից: Մեծ թե փոքր, հարկավոր է միշտ պատրաստ պահել «հիշողության գրպանները» փոքրերի աշխարհից ինչ-որ բան վերցնելու համար:

 

Հասմիկ Թամամյան

  • 2021-08-09
×