Անհայտ հեղինակ Մի հարուստ մարդ և նրա որդին շատ էին սիրում արվեստի հազվադեպ ստեղծագործություններ: Նրանց հավաքածուում կար ամեն ինչ` սկսած Պիկասոյի կտավներից մինչև Ռաֆայելի կտավները: Նրանք հաճախ միասին նստում և զմայլվում էին արվեստի գլուխգործոցներով: Շուտով պատերազմ սկսվեց, և որդին գնաց կռվելու: Նա շատ քաջ էր, և ճակատամարտում մահացավ` փրկելով մեկ այլ զինվորի կյանքը: Առնելով միակ որդու մահվան լուրը` հայրը շատ վշտացավ: Մեկ ամիս անց` Քրիստոսի Սբ. Ծննդյան տոնից առաջ, դուռը թակեցին: Եկվորը մի երիտասարդ էր` ձեռքին մի մեծ փաթեթ: Նա ասաց.
- Պարոն, դուք ինձ չեք ճանաչում: Ես այն զինվորն եմ, ում կյանքը փրկելիս զոհվեց Ձեր որդին: Այդ օրը նա շատերի կյանքը փրկեց, և երբ ինձ դուրս էր բերում կրակի գծից, մի գնդակ խոցեց նրա սիրտը, և նա իսկույն մահացավ: Նա հաճախ էր պատմում Ձեր և արվեստի հանդեպ Ձեր սիրո մասին: Ապա երիտասարդը ցույց տվեց ձեռքի փաթեթը:
- Գիտեմ, սա մի մեծ բան չէ: Իրականում ես լավ նկարիչ չեմ, սակայն կարծում եմ, որ Ձեր որդին կուզենար, որ Դուք սա ունենայիք: Եվ մեկնեց փաթեթը հորը:Հայրը բացեց փաթեթը: Այնտեղ իր որդու դիմանկարն էր` նկարված երիտասարդի ձեռքով: Հայրն ապշեց` տեսնելով, թե զինվորն ինչպես էր պատկերել իր որդուն: Նայելով նկարի աչքերին` հոր աչքերն էլ արցունքով լցվեցին: Նա շնորհակալություն հայտնեց երիտասարդին և առաջարկեց վճար նկարի դիմաց:
- Ոչ, պարոն, ես երբեք չեմ կարող հատուցել Ձեր որդու արարքը: Դա նվեր է:Հայրը կախեց որդու նկարն իր տանը: Ամեն անգամ, երբ այցելուներ էին գալիս, նախքան արվեստի գործերը ցույց տալը` նա նրանց ցույց էր տալիս որդու դիմանկարը: Մի քանի ամիս անց հայրը մահացավ: Նրա մահից հետո տեղի էր ունենալու նրա հավաքածուի աճուրդը: Կտավներով հետաքրքրված ազդեցիկ շատ մարդիկ հավաքվեցին` տեսնելու նկարները և դրանցից մեկն իրենց հավաքածուի համար գնելու նպատակով: Ամբիոնում դրված էր որդու դիմանկարը: Աճուրդը վարողը զարկեց մուրճը:
- Աճուրդը կսկսենք որդու դիմանկարից: Ո՞վ կառաջարկի գին դիմանկարի համար:Տիրեց լռություն: Ապա սենյակի հետնամասում գտնվողներից մեկը ձայնեց.
- Մենք ցանկանում ենք տեսնել հայտնի նկարները: Բաց թողեք այդ մեկը:Սակայն աճուրդը վարողը պնդեց.
- Որևէ մեկը կառաջարկի՞ գին դիմանկարի համար: Ո՞վ կսկսի գին առաջարկել: 100 դոլար, 200 դոլար…Մեկ այլ ձայն զայրացած բղավեց.
- Մենք չենք եկել`տեսնելու այդ դիմանկարը, այլ` Վան Գոգի, Ռեմբրանդտի և այլոց կտավները: Դե, սկսեք իսկական աճուրդը:Սակայն աճուրդը վարողը շարունակ պնդում էր.- Որդին, որդին: Ո՞վ կգնի որդու դիմանկարը:Վերջապես մի ձայն լսվեց սենյակի վերջին մասից: Խոսողը հոր և որդու երկար տարիների պարտիզպանն էր:
- Ես տաս դոլար կվճարեմ դիմանկարի դիմաց:Լինելով աղքատ` նա չէր կարող ավելին վճարել:
- Առաջարկված գինը` 10 դոլար: Ո՞վ կառաջակի ավելին: Միգուցե որևէ մեկն առաջարկի՞ 20 դոլար:Ամբոխն արդեն սկսեց զայրանալ: Մարդիկ ցանկանում էին տեսնել ավելի արժեքավոր իրեր` իրենց հավաքածուների համար:
- Տվեք դիմանկարը նրան 10 դոլարով: Եկեք տեսնենք մեծ վարպետների գործերը,
- բղավում էին նրանք: Աճուրդը վարողը զարկեց մուրճը:
- Դիմանկարը վաճառված է 10 դոլարով:Երկրորդ շարքում նստած մի մարդ ձայնեց.
- Դե, սկսեք հավաքածուի աճուրդը:Աճուրդը վարող ամբիոնին դրեց մուրճը:
- Ցավոք, աճուրդն ավարտված է: Երբ ես հրավիրվեցի` վարելու այս աճուրդը, ինձ հայտնեցին կտակի գաղտնի մի կետ: Ես իրավունք չունեի բացահայտել այդ գաղտնիքը մինչև այս պահը: Աճուրդի էր դրված միայն որդու դիմանկարը: Ով գներ այն, որպես ժառանգություն կստանար ամբողջ կալվածքը, ներառյալ` նկարների հավաքածուն: Նա, ով գներ որդու դիմանկարը, կստանար ամեն ինչ: Ավելի քան 2000 տարի առաջ Աստված տվեց Իր Որդուն` զոհվելու խաչի վրա: Աճուրդը վարողի նման` այսօր Աստծո պատվիրանն է.
Որդին, Որդին: Ո՞վ կհետևի Նրա Որդուն:
Անգլերենից թարգմանությունը` Լարիսա Նավասարդյանի