ԳՐԻԳՈՐ Ը ԽԱՆՁՈՂԱՏ

ԳՐԻԳՈՐ Ը ԽԱՆՁՈՂԱՏ

(1411-1418)
 

Հակոբ Գ Սսեցի կաթողիկոսի թունավորումը, ամենայն հավանականությամբ, տեղի ունեցավ կա՛մ անմիջապես Գրիգոր Ը Խանձողատի կողմից, կա՛մ նրա ղեկավարությամբ: Վերջինս այդ եղանակով թափուր դարձրեց կաթողիկոսական աթոռը եւ կարողացավ տիրել դրան: Նրա նախընթաց գործունեությանը, ծագմանը եւ ծննդավայրին վերաբերող տեղեկություններ չեն պահպանվել: Սոսկ կարելի է ենթադրել, որ եղել է ազդեցիկ եպիսկոպոսներից եւ հովանավորվել է արտաքին ուժերի կողմից: Կոչվել է Խանձողատ, սակայն պատճառը հայտնի չէ: Սսի կաթողիկոսների շարքում եղել է, թերեւս, ամենավատթարը: Վիճաբանությունների տեղիք է տալիս նրա հովվապետության տեւողությունը: Մեկ տեղեկության համաձայն՝ նա կաթողիկոսել է 7 տարի, այսինքն՝ մինչեւ 1418 թիվը: Սրան համահունչ է Առաքել Դավրիժեցու այն հաղորդումը, թե 1418 թվին Գրիգոր Խանձողատին աքսորեցին: Սակայն նա հիշատակվում է նաեւ 1420 թվին, ինչը կասկածի տակ է առնում նախորդ տեղեկությունը: Բայց կան հիշատակարաններ, որոնք նրա հովվապետության ավարտը դնում են 1416-ին, քանի որ այդ նույն թվականին հիշվում է Պողոս կաթողիկոսը: Եթե հաշվի առնենք Ե եւ Է տառերի շփոթը ձեռագրերում, ապա հավանական է կարծել, որ նրա կաթողիկոսության ավարտը պետք է դնել 1418 թվին, իսկ 1420 թվականը, հավանաբար, չիմացության արդյունք է:


Գրիգոր Խանձողատի գործունեության 7-ամյա շրջանի մասին հիշատակներ չեն պահպանվել: Ինչ էլ որ հայտնի է, շատ վատ է ներկայացնում նրան: Կիլիկիո կաթողիկոսության խնդիրը գնալով ավելի էր անհանգստացնում Արեւելյան կամ բուն Հայաստանի հոգեւորականությանը: Աղթամարի խնդիրը, որ բարձրացրեց Գրիգոր Տաթեւացին, ամբողջովին ձախողվեց: Իսկ դա էլ, փաստորեն, կապվում էր Կիլիկիայի կաթողիկոսության հետ: Դավիթի գահընկեցությունը միայն նրա ինքնապաշտպանության բնազդն ուժեղացրեց, եւ գաղափարն էլ մեռավ Գրիգոր Տաթեւացու մահով: Սակայն խնդիրը մի տեսակ մարմրում էր: Թե՛ Սյունիքի եւ թե՛ այնտեղ գտնվող վասպուրականցի հոգեւորականները մտադիր էին քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու համար Սսում տեղ գտած անկարգությունները: Նրանք կամենում էին նախկին շուքը վերադարձնել Կիլիկիո կաթողիկոսությանը: Այլապես Սիսն ամփոփվել եւ մեկուսացել էր՝ հայտնվելով մի խումբ եկեղեցականների ձեռքում՝ կտրվելով բուն Հայաստանից եւ համահայկական խնդիրներից: Իսկ այս ամենը միայն անկարգությունների ու խախտումների համար դուռ էր բացում: Թովմա Մեծոփեցու ասելով՝ Կիլիկիայում Կոստանդին Կեսարացու եւ Գրիգոր Անավարզեցու ժամանակներից մնացել էր աղթարմայության խմորը, փչացել էին բարքերը. շատերը գայթակղվում եւ հեռանում էին քրիստոնեությունից, տարածվում էին անառակությունը, հարբեցողությունը, աճել էր արծաթասիրությունը, ծեսերն աղավաղվում էին, մի վիճակում 3-4 եպիսկոպոս էին ձեռնադրում, մեղավորներին հոգեւորական էին ձեռնադրում, աշխարհը լցրեցին նզովքներով եւ բանադրությամբ, խախտեցին Լուսավորչի կանոնները, ո՛չ Լուսավորչին էին ճանաչում եւ ո՛չ էլ՝ նրա աջը:


Խանձողատի ժամանակ բարքերն ավելի վատացան, ինչն ստիպեց բուն Հայաստանի հոգեւորականներին միջամտելու կաթողիկոսության գործերին: Խորհրդակցություններ գումարվեցին, որոնց վերաբերյալ տեղեկություններ չեն պահպանվել: Սյունեցիք, այրարատցիք, արճիշեցիք եւ աղթամարցիք միասնական դիրք գրավեցին աթոռը Կիլիկիայից դուրս բերելու եւ բուն Հայաստան վերադարձնելու հարցում: Ըստ որում՝ հարցը դրված էր այնպես, որ հայրապետական աթոռը պետք է վերահաստատվի Սբ Էջմիածնում, իսկ Աղթամարի կաթողիկոսությունը` վերացվի: Վերջին տեսակետին համակերպվել էր անգամ Աղթամարի կաթողիկոսը: Նա հույս ուներ դառնալու Ամենայն Հայոց կաթողիկոս: Թերեւս այդ պատճառով Դավիթ Աղթամարցին ավելի ուշ հեղինակների կողմից հաճախ մտցվում է Հայոց հայրապետների շարքը:


Արեւելյան եպիսկոպոսները, որպես նախապատրաստական քայլ, պատվիրակ ուղարկեցին Սիս՝ դրությունը տեղում քննելու եւ բարեկարգելու առաքելությամբ: Որպես պատվիրակ ուղարկվեց Երուսաղեմի պատրիարք Պողոս արքեպիսկոպոսը, որը հաջորդել էր Սարգիս պատրիարքին: Պողոսը ծնվել էր Այրարատի Գառնիում: Այդ առաքելության համար Պողոսը դիտվել էր ամենահարմար անձը: Նա պատրիարք էր դարձել 1417 թվին եւ մեծապես օգտակար եղել միաբանությանը: Նա Սիս մեկնեց 1417-ին կամ 1418-ին, սակայն տեղեկություն կա, որ դա եղել է Խանձողատի գահընկեցությունից մեկ տարի առաջ: Պողոսին հաջողվեց կաթողիկոսի զեղծումները մեջտեղ հանել եւ նրանից հեռացնել նրա գործակիցներին ու շահագրգիռ անձանց: Եվ ամենակարեւորը՝ կարողացել է դեպի իրեն տրամադրել տեղի ամիրային: Պողոսին հաջողվեց զեղծումների համար տապալել Գրիգոր Խանձողատին՝ մահմեդական ամիրայի միջոցով: Դա է ապացուցում նաեւ այն փաստը, որ կաթողիկոսին աքսորեցին, ինչը հնարավոր չէր առանց տեղի ամիրայի օգնության: Բայց ո՞ւր եւ ինչպե՞ս, հայտնի չէ: Չի բացառվում, որ անգամ բանտարկվել է գահընկեցությունից հետո: Ավելին. դատելով որոշ կցկտուր հաղորդումներից՝ կարելի է կարծել, որ նրան բռնադատեցին հավատուրացության: Համենայն դեպս, լավ կլիներ, որ այս ենթադրությունը չարդարանար:


Հարկ էր, որ գահընկեցությունը կատարվեր քննությամբ, կանոնական օրենքով եւ եկեղեցական ժողովով: Միայն այս դեպքում կաթողիկոսի գահընկեցությունը կլիներ օրինական: Այլապես նոր կաթողիկոսը կհամարվեր հակաթոռ: Ըստ էության՝ այս դեպքում գործեց ոչ թե օրենքը, այլ բուն ուժը: Օրինականության միակ արտահայտությունը Պողոս պատրիարքին որպես քննիչ ուղարկելն էր: Եվ վերջապես, որ նա ուներ Արեւելյան եպիսկոպոսների օրինական հանձնարարությունը: Երեւի Հայաստանի անկախության բացակայության պայմաններում որեւէ այլ ձեւով հնարավոր չէր կաթողիկոսի գահընկեցությունը:


Անհանգիստ էր քաղաքական կացությունը Գրիգոր Խանձողատի օրոք: Վրաստանի Ախլցխա քաղաքում մեծացել էր պարսիկների թիվը, քանի որ տեղի իշխան Արտբուզին՝ Իվանեի հիմար որդին, ավելի բարձրացնում էր նրանց, քան քրիստոնյաներին: Դա նույնիսկ քրիստոնյաների նախանձը շարժեց: Հայ եւ վրացի երիտասարդները խոզի ոսկորներ են նետում պարսիկների մզկիթ, եւ մահմեդականները վրեժխնդիր լինելու համար հրավիրում են Կարա-Յուսուփին, նրան են մատնում քաղաքը, որ ենթարկվում է ահավոր ավերածության ու կոտորածի: Թշնամին գերիներ շատ վերցրեց, որոնց հնարավոր եղավ ազատել մեծ փրկագնով: Յուսուփի արշավանքը եղավ 1416 թվին: Սակայն Կարա-Յուսուփի մղած հետագա կռիվները նրան հաջողություն չբերին: Նրա թուլացումից օգտվելով՝ ակ-կոյունլու Օսմանը 1417 թվին գրավեց Երզնկան, երբ Շահռուհի զորքերը մոտեցել էին Թավրիզին: Այդ ժամանակ էլ Յուսուփը մահացավ, նրա բանակը ցրվեց, իսկ նրա մնացորդները եկան ձմեռելու Քաջբերունիքում: Թաթարներն ավերում էին երկիրը, մինչեւ որ Բաղդադից եկավ Իսքենդերը, համախմբեց ուժերը եւ հարձակվեց ու ջախջախեց թշնամուն: Սակայն Շահռուհին հաջողվեց կրկին հաջողության հասնել եւ պարտության մատնել կարա-կոյունլու թուրքմեններին: Իսքենդերն ու նրա եղբայր Ասպահանն ստիպված եղան փախչել մինչեւ Մերդին եւ Մուսուլ: Դա տեղի ունեցավ 1421 թվին, սակայն երբ Շահռուհը ետ դարձավ, Իսքենդերը կրկին գրավեց Թավրիզը եւ վերականգնեց իր իշխանությունը:


Վիճակը ծանր էր Փոքր Ասիայում, որտեղ կռիվներ էին մղում եգիպտացիները, կարամանները եւ օսմանցիները: Կիլիկիան իր կարեւոր՝ Տարսոն քաղաքով հայտնվեց բախումների կենտրոնում, եւ Տարսոնը բազմիցս ձեռքից ձեռք անցավ: Մուհամմեդ Չելեբին՝ սուլթան Բայազետ Յըլդըրմի որդին եւ նրա հաջորդը, 1415-ին Ռամազանյաններից գրավեց Տարսոնը, սակայն երեք տարի անց այն գրավվեց եգիպտացիների, իսկ 1419-ին՝ կարամանցիների կողմից: 1420 թվին կրկին հայտնվեցին եգիպտացիները, եւ կարամաններն ստիպված էին լքել Կիլիկիան: Ըստ երեւույթին, այդ պատերազմի ժամանակ Սիսը հարձակումների չէր ենթարկվել, քանի որ վերջին դեպքերի կապակցությամբ այն չի հիշատակվում: