ԹԵՈԴՈՐՈՍ Բ ԿԻԼԻԿԵՑԻ

ԹԵՈԴՈՐՈՍ Բ ԿԻԼԻԿԵՑԻ

(1382-1392)
 

Թե ինչպես անցկացվեցին Թեոդորոս Բ Կիլիկեցու ընտրությունները, դժվար է ասել, եթե հաշվի առնենք ստեղծված ծանր կացությունը: Ապագա կաթողիկոսը, թերեւս, Կիլիկիայից էր, քանի որ դժվար էր թե՛ հայրապետության թեկնածու գտնելը եւ թե՛ բոլոր ձեւակերպումներով ձեռնադրությունը կազմակերպելը: Պետք է ենթադրել, որ նա վայելել է Կոստանդին կոչված թագավորի հովանավորությունը եւ պաշտպանություն է գտել Սսի ամիրայի մոտ: Մ. Օրմանյանը գտնում է, որ Թեոդորոսը կաթողիկոսական աթոռ բարձրացավ 1382-ին: Հայտնի է, որ նա մեկնել է Մսր (Եգիպտոս) եւ մեծ պատվով ընդունվել Բարխուղ սուլթանի կողմից (իմա՛ Բարկուկ), որն առաջ խնամակալ էր եղել: Նպատակը, անշուշտ, սուլթանի աջակցությունն ստանալն էր:


Այդ նույն տարում Լեւոնն ազատվեց գերությունից եւ 1382 թ. հոկտեմբերի 7-ին Ալեքսանդրիայից մեկնեց Եգիպտոս: Դա նախորդեց Թեոդորոսի այցին Եգիպտոս: Լեւոնը գրեթե մոռացության էր տրված Կահիրեում մինչեւ 1377 թիվը, երբ մի քանի լատին ուխտավորներ, դեռ մինչեւ Երուսաղեմ գնալը, Կահիրեում նրան հանդիպեցին: Տեսակցողների մեջ էր նաեւ Հովհաննես Դարդել քահանան, այլ խոսքով՝ Դարդել պատմիչը: Լեւոն Ե Լուսինյանի պատմածներն էլ, անտարակույս, դրվել են նրա պատմության հիմքում, ինչը ծնել է բազմաթիվ հակասություններ, քանի որ Հայոց վերջին գահակալը փորձել է հետին թվով արդարացնել իր գործողությունները: 1377 թ. օգոստոսին Կիպրոսի թագավորից, Նեապոլի թագուհուց եւ Գվիդոնի դուստր Զաբելի միջնորդությամբ՝ բյուզանդական կայսրից պատվիրակություն եկավ Եգիպտոս՝ խնդրելով ազատել Լեւոնին: Սակայն պատվիրակությունը հաջողության չհասավ: Եգիպտացիները մինչ այդ Լեւոնից, անշուշտ բռնությամբ, համաձայնություն էին վերցրել, որ նա Կահիրեից հեռանալ չի կամենում, ինչը մերժման հիմք ծառայեց: Հովհաննես Դարդելը, որ դարձել էր Լեւոնի խոստովանահայրը, մեկնեց Եգիպտոս 1379 թ. եւ 1380 թ. մարտի 5-ին միջնորդեց Արագոնի թագավոր Պետրոս Դ-ին՝ Լեւոնին ազատելու կապակցությամբ: Հանդիպումը կայացավ Բարսելոնա քաղաքում, սակայն եգիպտացիների բարեհաճությունը ձեռք բերելու համար հարուստ ընծաներ ճարել չկարողացավ: Այդ պատճառով Դարդելը մեկնեց Կաստիլիա եւ հանդիպեց Խուան Ա թագավորին 1380 թ. նոյեմբերի 29-ին Մեդինա Կամպո քաղաքում: Դարդելը պատմեց բանտային ծանր պայմանների մասին, եւ թե ինչպես փորձում են Լեւոնին մահմեդականացնել: Չնայած իրականում Լեւոնը Կահիրեում գտնվում էր լավ պայմաններում, Դարդելի պատմածը տպավորություն թողեց Կաստիլիայի թագավորի վրա, եւ նա խոստացավ օգնել: Սակայն մի շարք իրադարձություններ խանգարեցին, հատկապես Ավինիոնի պապ Կղեմես է-ի եւ Հռոմի պապ Ուրբանոս Զ-ի միջեւ ծավալված պայքարը, ուստի Դարդելը միայն 1382 թ. մայիսի 21-ին կարողացավ Կաստիլիայի թագավորի ընծաներով եւ նամակներով մեկնել Եգիպտոս:


Դարդելն իր ուղեկիցների հետ Ալեքսանդրիա հասավ 1382 թվի օգոստոսի 14-ին, այնուհետեւ անցավ Կահիրե եւ նամակներն ու ընծաները տալով սուլթանին եւ բարձրաստիճան անձանց՝ 1382 թ. սեպտեմբերի 30-ին կարողացավ Լեւոնի ազատման իրավունքն ստանալ: Լեւոնն էլ, ազատելով իր հետ գերության մեջ եղած ընկերներին, սուլթանի գետանավով Կահիրեից մեկնեց Ալեքսանդրիա եւ այնտեղից հոկտեմբերի 7-ին ուղեւորվեց Եվրոպա: Եգիպտացիները մոռացել էին նրանից երդում վերցնել՝ իրենց դեմ չգործելու համար, եւ երբ փորձեցին դա անել, Լեւոնն արդեն մեկնել էր: Հայոց վերջին գահակալը մեկնեց սկզբում Հռոդոս եւ այնտեղ էլ իմացավ Կիպրոսի թագավոր Պետրոս Բ-ի մահվան մասին (հոկտեմբերի 10-ին): Կիպրոս գնալ նրան չհաջողվեց, քանի որ Հռոդոսի ասպետները չուզեցին թշնամանալ ջենովացիների հետ, ուստի Լեւոնը մեկնեց Վենետիկ, ուր հասավ դեկտեմբերի 12-ին: Վենետիկցիները նրան Կիպրոս գնալու համար նավեր չտվեցին, ուստի Լեւոնն ակամա խառնվեց պապերի միջեւ սկսված պայքարին՝ պաշտպանելով Ավինիոնի պապին: Այդ նպատակով նա մեկնեց Ավինիոն եւ Կղեմես Է-ի կողմից մեծ պատվով ընդունվեց որպես իսկական թագավոր:
Դարդելին պատվելու համար Լեւոնը նրան նշանակեց ատենադպիր Հայոց, այսինքն՝ անձնական քարտուղար, իսկ Ավինիոնի պապը նրան տվեց Նեապոլի թագավորության մեջ Տորտիբալիի եպիսկոպոսությունը (հավանաբար՝ Terlizzi-ի): Այդ նշանակումից հետո Լեւոնն ատենադպիր Հայոց նշանակեց Հովհաննես Կորտինի անունով կրոնավորին: Լեւոնի կինը եւ դուստրը հավանաբար մահացել էին Եգիպտոսում կամ Երուսաղեմում՝ մինչեւ նրա ազատվելը գերությունից:


Բուն Հայաստանում այդ շրջանում շարունակվում էր պայքարը Հայոց դավանանքի պաշտպանների եւ ունիթորների միջեւ: Մաղաքիա Ղրիմեցի վարդապետը Հովհաննես Որոտնեցու օգնությամբ կարողացավ Երնջակի վանքում ծնունդ առած գայթակղության առաջն առնել: Ապրակունյաց վանքի Սարգիս Ապրակունեցին, որ չէր հարել ունիթորներին, սակայն չէր կարողացել վանքում գայթակղության դեմն առնել, տեղափոխվում է Նախիջեւանից ոչ հեռու գտնվող Աստապատի վանքը: Ղրիմեցին իր անձնական միջոցներով օգնում է հիշյալ վանքերին եւ գայթակղության առաջն առնում տեղի կառավարիչների օգնությամբ: Բռնություններ կիրառվեցին, քանի որ այլ ճանապարհ չկար ունիթորների բռնություններին դիմադրելու համար: Հայ ունիթորների մի մասը գետակուր արվեց, մյուս մասին խայտառակեցին՝ մերկ շրջեցնելով, իսկ շատերն էլ փախան ֆրանկների երկիրը: Սակայն նշանակալից թվով կրոնավորներ զղջացին իրենց արարմունքի համար: Այս ամենի հետեւանքով Աստապատի եւ Ապրակունյաց վանքերը փայլեցին եւ առաջադիմեցին:
Ուսման ծարավի շատ երիտասարդներ եկան հիշյալ վանքերը եւ հետագայում կարեւոր դեր խաղացին ունիթորների դեմ պայքարում: Շատ չանցած՝ մահացավ Մաղաքիա Ղրիմեցին:


1386 թ. տեղի ունեցավ Լենկթեմուրի արշավանքը Հայաստան եւ հարեւան երկրներ: Նա 1335 թ. ծնվել էր Քեշ քաղաքում, 1361-ին հիմնել սեփական իշխանություն, որը նա արագ ընդարձակեց եւ հզորացրեց: Նրան ենթարկվեց Սուլթանի ամիրա Էդիլը եւ օգնեց հալածելու Թավրիզի ամիրա Ահմեդին, սակայն մեղադրվեց դավադրություն կազմակերպելու մեջ եւ պղնձամանում խաշվելով՝ սպանվեց: Լենկթեմուրն արշավեց դեպի Կարս, Վան, Սյունիք: Մեզ անհայտ պատճառներով, քանի որ տեղեկություններ չկան, Աստապատի եւ Ապրակունիսի վանքերը հավանաբար զերծ մնացին թշնամու վայրագություններից: Այդ ժամանակներն էր, որ մահացավ Մաղաքիա Ղրիմեցին՝ թերեւս թունավորվելով ունիթորների կողմից: Այդ տեղի ունեցավ 1384 թվին: Ամիսն ու օրը անհայտ են: Թաղվել է Ապրակունյաց վանքում:


Լենկթեմուրի արշավանքը շարունակվեց: Թշնամին գրավեց Երնջակը, Բջնին, Գառնին, Սուրմառին եւ շատ ու շատ վայրեր: Մոնղոլ հորդաներն իրենց երեք արշավանքների ընթացքում տարածվեցին Առաջավոր Ասիայով մեկ՝ ամենուրեք ավերելով երկիրը եւ ոչնչացնելով բնակչությանը: Ավերածության ենթարկվեց նաեւ Վրաստանը, սակայն հատկապես տուժեց Հայաստանը: Նրա հարվածներից չխուսափեցին կարա-կոյունլուները եւ ակ-կոյունլուները, որոնք հաստատվել էին համապատասխանաբար Կենտրոնական եւ Հարավային Հայաստանում: Հայ բնակչությունն ստիպված էր ապավինել լեռնային անառիկ շրջաններին՝ այդ ընթացքում տալով մեծ կորուստներ: Այնքան զարհուրելի էին Լենկթեմուրի զորքերը, այնքան սարսափելի, որ անգամ Կարա-Յուսուփը մատաղ արեց Առաքելոց վանքում: Եվ կարողացան ետ մղել հակառակորդին: Միայն 2000 հոգի, անակնկալ շփոթից, գահավիժեցին եւ մեռան, իսկ մի թուրքմեն 100 մոնղոլի սպանեց: Հրաժարվելով լեռները արշավելուց՝ Լենկթեմուրի զորքերը շարժվեցին Բաղեշ (Բիթլիս), ընդունեցին Բաղեշի ամիրայի հպատակությունը եւ այնուհետեւ շատ գերիներ վերցրին Արծկեից, որոնք տարվեցին Սամարղանդ՝ Կարապետ աբեղա Ջուղայեցու հետ, որը հետագայում Սամարղանդի քրիստոնյաների եպիսկոպոսը դարձավ:


Այդ շրջանում Մուշի գավառից մի կին փախչողների ետեւից բարձրանում է Խույթի լեռները՝ իր 8 տարեկան տղայի հետ: Հանկարծ նա նկատում է, թե ինչպես հետապնդող մոնղոլները մոտենում են, եւ փախուստի հնարավորություն չկա: Իմանալով, թե ինչ է սպասվում իրեն եւ որդուն, նա սրով սպանում է որդուն եւ այնուհետեւ ինքն իրեն վայր է նետում ժայռից: Այս մասին հայտնում է Թովմա Մեծոփեցին, որն իր հերթին տեղեկացել էր կատարվածին Առաքելոց վանքի վանահայր Բարթողիմեոսի եղբայր Դավիթ աբեղայից, որն ականատես է եղել այդ իրադարձությանը: Դժբախտաբար այդ խիզախ կնոջ անունը պատմությունը չի պահպանել:


1387 թվին նահատակվեցին Սեբաստիայի եպիսկոպոս Ստեփանոսը եւ նրա երկու ընկերները, բայց ոչ մոնղոլների կողմից: Քաղաքի սելջուկ ամիրա Բուրհանեդդինը, որ իշխանությանը տիրացել էր նախորդ ամիրային սպանելով, խիստ կասկածամիտ էր եւ վախենում էր անգամ թուրքերի դավադրությունից: Չարախոսներն ամիրային հարցրին, թե Ստեփանոս եպիսկոպոսը նույնպե՞ս համակիր է իր թշնամիներին: Ստեփանոսը ձերբակալվեց Սեղբեստրոս եւ Թորոս աբեղաների հետ միասին: Ձերբակալվածներին տարան Աղշար լեռը, ուր հանգստանալու էր մեկնել ամիրան: Սկսվեց քննություն, եւ Ստեփանոսը զորավոր կերպով պաշտպանեց իրենց անմեղությունը, սակայն ամիրան պահանջեց հավատափոխ լինել: Հասկանալի է, որ հայ եպիսկոպոսը հրաժարվեց՝ առաջ բերելով ամիրայի զայրույթը: Ամիրան որոշեց նրան եւ երկու աբեղաներին մահապատժի ենթարկել: Դահիճը երկու անգամ հարվածեց, բայց չկարողացավ գլուխը կտրել, ինչը կախարդական զորության վերագրվեց: Դրանից հետո Ստեփանոս եպիսկոպոսին, բառիս իսկական իմաստով, հոշոտեցին անդամահատելով, Սեղբեստրոսը եւ Թորոսը նույնպես գլխատվեցին: Նահատակների դիակներն անթաղ մնացին, բայց հայերին հաջողվեց գաղտնի վերցնել նրանց մարմինները եւ հողին հանձնել: Միայն գլուխը տարվեց՝ հորը ցույց տալու համար, ինչը ողբի վերածվեց հոր եւ մոր համար: Նահատակությունը տեղի է ունեցել հունիսի 23-ին: Հոր եւ մոր կենդանությունը հավաստում է, որ Ստեփանոս եպիսկոպոսը տարիքավոր չէր: Ամիրան, դրանով չբավարարվելով, կարգադրում է կողոպտել Սբ Նշանի վանքը եւ մի քանի ուրիշ վանքեր էլ: Չորս վանքի առաջնորդ Միքայել վարդապետը 36 աբեղաների հետ ենթարկվում է տանջանքների եւ այնուհետեւ գլխատվում: Բայց աստվածային պատիժը հասավ նաեւ Սեբաստիայի ամիրային, որը սուլթան Բայազետ Յըլդըրմի կողմից ձերբակալվեց եւ տանջահար արվելուց հետո սպանվեց:


Լենկթեմուրը, անհաջողության հանդիպելով Տարոնում, շարժվեց Վասպուրական՝ տարածելով ավեր ու ոչնչացնելով բնակչությանը: Թշնամին ընդունեց Արծկեի ամիրա Սահանդի կամ Սահաթի հպատակությունը, ընդարձակեց նրա տիրույթները: Արծկե ամիրան նահատակել էր Մարտիրոս Կողբացի տանուտիրոջը՝ խեղդելով Երասխ գետում: Հետո Լենկթեմուրն անցավ Տոսպ, բայց տեղի իշխանավոր Եզդինը քրիստոնյաների օգնությամբ ամրացավ Վանի բերդում եւ 25 օր դիմադրեց: Սակայն ի վերջո պարտություն կրեց: Նա հպատակություն հայտնեց Լենկթեմուրին, սակայն վերջինս խիստ զայրացած էր Վանի հերոսական պաշտպանության պատճառով: Մոնղոլ տիրակալը կարգադրեց կանանց ու երեխաներին գերի պահել, իսկ բոլոր տղամարդկանց՝ քրիստոնյա թե մահմեդական, վայր նետել Վանա բերդի ժայռից: Դրությունն այնքան բարդացավ, որ Թովմա ՄԵծոփեցու խոսքերով՝ վերջին նետվածները չէին մահանում: 1387 թ. սեպտեմբերի 5-ին Վանի ժայռից նետեցին 7 հազար տղամարդու: Բռնակալին կարողացավ սթափեցնել Մինարեի երգիչը՝ «Ղիամաթի սալա», այսինքն՝ «Աշխարհի վերջն է» խոսքերով: Զաքարիա արքեպիսկոպոսը եւ Պողոս վարդապետը, որ գտնվելով Վանի բերդում՝ ընկել էին թշնամու ձեռքը, անգամ ազատ արձակվեցին: Դրանից հետո Լենկթեմուրը վերադարձավ Սամարղանդ: Դրան հետեւեց մահաբեր սովը՝ ստիպելով մարդկանց շուն ու կատու ուտել, իսկ երբ դրանք սպառվեցին, սկսեցին իրենց երեխաներին ուտել:


Շատերն էլ անբնական ուտելիքներից մահացան: Ամենուրեք տիրում էին թշվառությունն ու մահը:
Սյունիքը համեմատաբար քիչ տուժեց Լենկթեմուրի արշավանքներից: Շարունակում էին գործել Ապրակունիսի եւ Աստապատի վանքերը: Մաղաքիա Ղրիմեցու մահվանից չորս տարի անց, կյանքի 73-րդ տարում, իր մահկանացուն կնքեց Հովհաննես Որոտնեցին՝ 1388 թ. հունվարի 13-ին՝ Աստվածահայտնության ութօրեքին, որը Մաղաքիա Օրմանյանի կարծիքով՝ շփոթված է բուն տոնի՝ հունվարի 6-ի հետ: Նա հիվանդացավ մի որոշ ժամանակ եւ մահվանից հետո հողին հանձնվեց Ապրակունյաց վանքում՝ Ղրիմեցու գերեզմանի հարեւանությամբ: Թողել է բազմաթիվ աշխատություններ. Հովհաննու Ավետարանի եւ Պողոս առաքյալի նամակների մեկնությունը, բազմաթիվ քարոզներ եւ Փիլոնի, Արիստոտելի ու Պորփյուրի փիլիսոփայական աշխատությունների բացատրությունները: Տիրապետում էր օտար լեզուների եւ մասնավորապես լատիներենին, ինչն օգնում էր նրան ունիթորների դեմ պայքարում: Նա, հիրավի, հակաունիթորական պայքարի առաջնորդն էր, որի գործը շարունակեցին նրա աշակերտները: Եկեղեցին նրան դասեց սրբերի շարքը, սակայն հայտնի չէ, թե դա երբ կատարվեց: Ինչ-ինչ պատճառներով նրա անունը տեղ չի գտել «Յայսմաւուրք»-ի մեջ:


Որոտնեցուն հաջորդեց Գրիգոր Տաթեւացին, որն անգամ իր ուսուցչին գերազանցեց: Գրիգոր Տաթեւացին Արճիշեցի Սարգսի որդին էր, որն անհանգիստ վիճակի պատճառով գաղթել էր, ամուսնացել մի վարդապետի աղջկա հետ եւ հաստատվել Վայոց ձորում, որտեղ էլ ծնվել է Գրիգոր Տաթեւացին: Թերեւս 14 տարեկանում աշակերտել է Որոտնեցուն, 28 տարի մնացել նրա մոտ, ուստի Մաղաքիա Օրմանյանը նրա ծնունդը դնում է 1346 թվին: Քահանայացել է Երուսաղեմում, ուր նա գնացել էր Որոտնեցու հետ: Վարդապետ է ձեռնադրվել Երզնկայում՝ Որոտնեցու կողմից: Ծայրագույն գավազանն ստացել է 1387 թվին, իսկ 1388-ին հաջորդել է Որոտնեցուն: Նա Ապրակունյաց վանքում մնաց 2 տարի եւ 1390-ին տեղափոխվեց Տաթեւ, քանի որ պակասել էին Ապրակունյաց վանքի եկամուտները: Նրան հովանավորեցին Օրբելյան իշխանները՝ ի դեմս Իվանեի որդի Սմբատի եւ թոռան՝ Բուրթելի, թոռնորդի Էլիկումի եւ արքեպիսկոպոս Առաքելի:


Գրիգոր Տաթեւացին նոր շունչ հաղորդեց Տաթեւի վանքին: Նա բազմաթիվ աշակերտներ հավաքեց եւ սկսեց նրանց ուսուցանել:
Սարգիս Ապրակունեցին, թողնելով Աստապատը, սկզբում հաստատվեց Խոյ կամ Հեր քաղաքում եւ այնուհետեւ՝ Քաջբերունիքի կամ Արճեշի Խառաբաստ գյուղի մոտ գտնվող Սուխարու Սբ Աստվածածին վանքում: Այդ տեղը Սարգսի աշակերտ Սադաղ վարդապետին մատնանշեց Քաջբերունիքի եպիսկոպոս Զաքեոսը: Սարգսի ջանքերով Սուխարու վանքը դարձավ Հայոց Եկեղեցու ջահերից մեկը եւ հայ մշակույթի կարեւոր կենտրոն: Հաստատվելով Սուխարու վանքում՝ նա աշակերտներ հավաքեց եւ փայլուն միաբանություն հաստատեց:


Աստապատի եւ Ապրակունյաց վանքերի անշքանալու հետեւանքով շատ վարդապետներ ցրվեցին երկրով մեկ: Հակոբ վարդապետը հաստատվեց Կարբի գյուղի մոտ գտնվող Սաղմոսավանքում: Գեւորգ վարդապետը գնաց Երզնկա՝ իր շուրջը հավաքելով բազմաթիվ աշակերտների: Գրիգոր Տաթեւացու աշակերտներից Հովհաննես վարդապետ Քաջբերունցին 1391 թ. Ապրակունյաց վանքից մեկնում է հայրենի Քաջբերունիքի Մեծոփա վանքը: Մեծոփա տաճարի շինությունը տեղի ունեցավ ավելի ուշ՝ 1402-ին: Որոտնեցու աշակերտներից էին նաեւ Ստեփանոս Դարացին եւ Վարդան Հոգոցեցին: Վերջինս Սարգսին հաջորդեց Սուխարու վանքում, իսկ Հակոբ Ովսանացին նահատակվեց:


Պատմությունը հիշատակներ է պահպանել նաեւ Որոտնեցու, Սարգսի եւ Գրիգոր Տաթեւացու այլ աշակերտների մասին:


Հիշյալ շրջանում նահատակվում է Ավագ անունով մի հասարակ արհեստավոր: Նա երիտասարդ ժամանակ Սալմաստ էր գնացել եւ աշխատել պարսիկների մեջ՝ պահելով իր քրիստոնեությունը: Հետո վերադարձել էր հայրենի քաղաք՝ շարունակելով զբաղվել իր արհեստով: 30 տարի անց մի պարսիկ, Սալմաստից գալով Բաղեշ, նրան տեսել է շուկայում եւ հայտարարել, թե նա Սալմաստում իսլամություն է ընդունել: Ավագը դա հերքել է, սակայն խաժամուժը նրան տարել է ամիրայի մոտ՝ որպես իսլամն ուրացողի: Նրան ստիպել են իսլամանալ եւ հաջողության չհասնելով՝ սպանել 1390 թ. մեհեկի 17-ին կամ փետրվարի 23-ին: Ավագը սովորաբար Բաղիշեցի է կոչվում, սակայն հայտնի է նաեւ Սալմաստեցի անունով, քանի որ երկար ժամանակ ապրել եւ աշխատել է Սալմաստում:


Հիշյալ շրջանում վկայեց նաեւ Եղիսաբեթ տիկինը Խառաբաստ գյուղից: Նա հայտնի էր իր թեթեւ բարքով, Բերկրիի մեջ իսլամացել էր եւ Վանում զբաղվում էր պոռնկությամբ: Մի առիթով նա խոստովանում է, որ քրիստոնյա է՝ ծառա սուրբ Աստվածածնի, որի համար նրան սպառնում են թաթար ամիրան, նրա կինը եւ դատավորը, սակայն վերաիսլամացնել չեն կարողանում: Դրանից հետո նա քարկոծվում է 1391 թ. մարտի 9-ին:


Թեոդորոս կաթողիկոսը շատ հիշատակներ չի թողել: Կիլիկիայի լեռնային շրջանները, ընդհանուր առմամբ, խաղաղ էին ապրում՝ թագավոր Կոստանդինի օրերում: Այս պայմաններում Թեոդորոսը հազիվ թե գործունեության լայն դաշտ ունենար: Մեծոփեցին մռայլ գույներով է ներկայացնում Կիլիկիայի հայ կաթողիկոսների գործունեությունը: Պողոս կաթողիկոսը լատինամետ չէր, բայց ժամանակի ընթացքում Հայոց Եկեղեցին բավական մերձեցել էր լատինականին: Խոսքը, անշուշտ, վերաբերում է կիլիկյան աթոռին, քանի որ բուն Հայաստանում Տուտեորդիների, Որոտնեցիների եւ Տաթեւացիների շնորհիվ հայոց դավանանքն ավելի ուժեղ էր: Սակայն այստեղ էլ, հակառակ Հայոց Եկեղեցու ջատագով հայրերի, սկսել էին լատինամետ մտքեր հնչել: Չնայած Լեւոնի ձերբակալվելով՝ Արեւմուտքից օգնություն ստանալու հույսը մարել էր, այնուամենայնիվ գաղափարներն ավելի կենսունակ դուրս եկան: Մեծոփեցին միանգամայն իրավացի է, երբ գրում է, թե Սսի վերջին կաթողիկոսները լատինամոլ էին, բայց ոչ կատարյալ հռոմեադավաններ:


Աղթարմայական էր դարձել Թեոդորոսը թե ոչ, դժվար է ասել: Ավելի շուտ՝ ո՛չ: Համենայն դեպս դրա օգտին է խոսում նրա սպանությունը 16 տանուտերերի կողմից՝ քրիստոնյաների նենգության պատճառով: Մեծոփեցին փորձում է կաթողիկոսին սպանելու մեղքը բարդել օտարների վրա՝ դրանով իսկ ցույց տալով, որ նա աղթարմայական չէր եւ նրանց նենգության զոհն էր դարձել: Իսկ Թեոդորոսը սպանվեց Սսի ամիրայի հրամանով՝ 1392 թ.: Խնդիրը, թերեւս, քաղաքական էր, որը եւ պատճառ էր դարձել Հայոց կաթողիկոսի սպանության: Սակայն պահպանված նյութը շատ սուղ է եւ հնարավորություն չի տալիս հեռու գնացող եզրակացություններ անելու: