ՊՈՂՈՍ Ա ՍՍԵՑԻ

ՊՈՂՈՍ Ա ՍՍԵՑԻ

(1374-1382)
 

Պողոս Ա Սսեցին կաթողիկոս ձեռնադրվեց Լեւոն Ջիվանյանի Կիլիկիա ժամանելուց կարճ ժամանակ առաջ՝ չորս տեղապահների կառավարման շրջանում: Նրա անձի վերաբերյալ տեղեկություններ չեն հասել: Հայտնի չէ անգամ ծննդավայրը, եւ Մ. Օրմանյանի կողմից նրան տրված Սսեցի մականունը պայմանական է: Հիմնավորումն այն է, որ այդ ծանր պայմաններում հազիվ թե կարելի էր հայրապետացու բերել այլ վայրերից, երբ Սիսը գործնականում պաշարված վիճակի մեջ էր: Կաթողիկոս Պողոսը, անշուշտ, հույս ուներ, որ Լեւոն Ջիվանյանի գահին բազմելով՝ վիճակը կկայունանա, եւ թագավորությունը դուրս կգա հիշյալ անելանելի վիճակից: Սակայն դրա փոխարեն նա տեսավ Հայոց թագավորության անկումը:


Լեւոն Ջիվանյան-Լուսինյանը ձմռան պատճառով Կոռիկոսում մնաց մի քանի ամիս եւ գարնանը ծրագրեց գրավել Տարսոնը, որը պաշտպանում էին ընդամենը 300 զինվոր, իսկ քաղաքի բնակչությունն ամբողջությամբ հայեր էին: Ձեռնարկը չստացվեց ջենովացիների չկամության պատճառով, որոնք նույնիսկ Կոռիկոսի կառավարչի միջոցով Տարսոնի ամիրային տեղյակ պահեցին հիշյալ ծրագրի մասին: Իսկ երբ Կիպրոսից զինվորներ խնդրեց, որ ուղեկցեն իրեն դեպի Սիս, ջենովացիները մեղադրեցին նրան՝ իրենց դեմ արշավանքի փորձ ձեռնարկելու համար: Նրանք անգամ երկու նավ ուղարկեցին՝ Լեւոնին ձերբակալելու համար, ուստի վերջինս գիշերով հեռացավ Կոռիկոսից՝ տեղի հայոց եպիսկոպոսի եւ ավագների միջնորդությամբ՝ խոստանալով Տարսոն չմտնել: Նա մորն ու կնոջն ուղարկեց Կոռիկոսի բերդը, իսկ ինքը չորս ուղեկցով նավով ուղեւորվեց դեպի Սիս: Իսկ առավոտյան նրա զինակիր Սոհիե Դուլկարոն 25 աղեղնավորով, 25 հեծյալով մյուս նավով դուրս եկավ Կոռիկոսից եւ 30 փարսախ հեռավորության վրա միացավ նրան: Սսից դուրս գալով՝ Լեւոնը հեծյալներով 2 օրվա ընթացքում, առանց նժույգից վայր իջնելու, 1374 թ. հուլիսի 26-ին հասավ Սիս: Լեւոնի գալը մեծ ոգեւորություն առաջ բերեց հայերի մեջ: Նրան ցույց տրվեց փայլուն ընդունելություն, իսկ հուլիսի 27-ին նրան հավատարմության երդում տրվեց: Հուլիսի 29-ին 150 հայ հեծյալ ուղարկվեց՝ Լեւոնի մորը եւ կնոջը բերելու համար: Շուտով նրանք եւս ժամանեցին Սիս: Կարճ ժամանակ անց Լեւոնը համոզվեց, որ գանձարանում սպասվելիք գումարը չկա, եւ սկսեց չորս տեղապահներին նեղել՝ ականջ չդնելով նրանց պատճառաբանություններին: Նա եկեղեցական ժողով գումարեց եւ Վասիլ Թորոսյանին ու Կոստանդին Հեթումյանի այրուն բանտարկեց, սակայն ոչ մի արդյունքի չհասնելով՝ որոշ ժամանակ անց նրանց ներում շնորհեց:


Լեւոնը մերժեց հայոց ծեսով թագադրվել եւ հայտարարեց, որ օծվելու է հռոմեական ծեսով: Դրա համար նա իր հետ բերել էր մի ֆրանցիսկյան լատին եպիսկոպոսի: Նա գտնում էր, որ Հռոմի պապը չի օգնի, եթե ինքը թագադրվի հայոց օրենքներով: Սա առաջ բերեց հայերի դժգոհությունը: Համոզվելով իր բռնած դիրքի վտանգավորության մեջ՝ նա ի վերջո համաձայնվեց, որ թագադրման ծեսը կատարվի նաեւ հայոց կաթողիկոսի կողմից: Նա նախ օծվեց լատին եպիսկոպոսի կողմից, որը նրա աջ կողմում էր գտնվում, եւ այնուհետեւ՝ հայոց կաթողիկոսի կողմից, որը ձախ կողմում էր: Թագադրությունը տեղի ունեցավ Սբ Սոֆիայի մայր եկեղեցում 1374 թ. սեպտեմբերի 14-ին՝ Խաչի վերացման տոնի օրը: Մարգարիտն օծվեց որպես Հայոց թագուհի, Սոհիե Դուլկարոն նշանակվեց մարաջախտ, իսկ լատին ասպետ Մատթեոս Շապպը կարգվեց դիվանապետ: Դուլկարոն ամուսնացավ Լեւոնի այրու՝ Ռեմի կոմսուհու, իսկ երկրորդը՝ Կոստանդին Հեթումյանի այրու հետ: Լեւոնը ցույց տվեց իր անբարյացակամությունը հայոց դավանանքի նկատմամբ, սակայն դրանով միաժամանակ պարզ է դառնում, որ հայ հասարակությունը մերժում էր հռոմեադավանությունը: Լեւոնի գալը ոչինչ չփոխեց: Թագավորությունը շատ չանցած կործանվեց, եւ դրանում կարեւոր դեր ունեցավ Լեւոնի մոլեռանդ հռոմեադավան լինելը:


Եգիպտացիներն ասպատակում էին մինչեւ Սսի դարպասները, եւ սսեցիները ութ տարի չէին կարողանում մշակել իրենց հանդերը: Նրանք ստիպված էին թշնամիներին հարկ տալ, որ պետքական ապրանքները ներկրվեն քաղաք: Լեւոնը կամենում է շարունակել այդ գիծը, բայց Դավուդ զորավարը նրա պատվիրակությանը ձերբակալում է եւ արգելում սննդամթերքի ներկրումը քաղաք: Ցավոք, այդ գործում իրենց քսու վարմունքով դեր խաղացին որոշ հայեր: Լեւոնը հարձակում է ձեռնարկում թշնամիների դեմ, հաղթում է, սակայն Դավուդը շարունակում է սաստկացնել պաշարումը 12 հազարանոց բանակով: Հայոց թագավորը ստիպված հարկ է վճարում, իսկ Դավուդը թույլատրում է քաղաք պարեն բերել: Եգիպտական սուլթանը մտադրվել էր վերջ տալ Հայոց թագավորությանը, մանավանդ որ այն հայտնվել էր լատին իշխանի ձեռքերում: 1375 թ. հունվարի 5-ին Սիսը պաշարվեց Աբուբեքիր զորավարի 15 հազարանոց բանակով: Դարդել լատին պատմիչը մեղադրում է որոշ հայերի, որ աջակցել են թշնամուն: Սա ցույց է տալիս, որ հայերն առավել քան դժգոհ էին Լեւոնի իշխանությունից:


Այս ամենով հանդերձ, Սիսը թշնամուն ցույց տվեց համառ եւ հետեւողական դիմադրություն: Սակայն նրանց ուժերը նվազ էին եւ զուրկ համալրվելու հնարավորությունից: Լեւոնը բնակիչներին կարգադրեց քաշվել միջնաբերդ, իսկ քաղաքը կրակի տվեց եւ ստիպեց հայերին հավատարմության երդում տալ՝ մինչեւ մահ պատերազմել: Հայերը գաղտնի բանակցությունների մեջ մտան Հալեպի ամիրա Մելիքի հետ, որը 15 հազարանոց բանակով 1375 թ. փետրվարին հասավ Սիս: Դարդելի այս տեղեկության ճշտությանը դժվար է հավատալ, քանի որ փետրվարի 25-ին բերդապահ հայերը ետ մղեցին թշնամու հարձակումը: Այս կռվում ծնոտից վիրավորվեց Լեւոն Ե-ն՝ կորցնելով երեք ատամ: Կռվում սպանվեց Կեջեղակ վարդապետը: Եգիպտացիները Լեւոնին առաջարկեցին անձնատուր լինել եւ իր ուղեկից հեծյալներով անվտանգ ետ վերադառնալ կամ էլ մահմեդականություն ընդունել եւ որպես սպարապետ՝ սուլթանի մոտ ծառայության անցնել: Լեւոնը, իհարկե, մերժեց: Սակայն վիճակը գնալով դժվարանում էր՝ պարենի պաշարների սպառվելու հետ կապված:


Նման պայմաններում լատինները գաղտնի բանակցությունների մեջ մտան Մելիքի հետ՝ անձնատրության խնդրով՝ համաձայնելով անգամ սպանել Լեւոն թագավորին: Դավադիրների գլուխ կանգնած էր Մատթեոս Շապպ ասպետը: Դավադիրները մարտի 24-ին փորձեցին սպանել թագավորին եւ նրա հայ թիկնապահներին: Հայ թիկնապահները կռվում ընկան, բայց երկու հայ եւ մեկ լատին ասպետի հաջողվեց արքային պարանով իջեցնել բերդի մյուս աշտարակը: Իմանալով այդ մասին՝ հայերը գնդեր կազմեցին Լեւոնին պաշտպանելու համար, սակայն աշտարակը լատիններից ետ վերցնել չկարողացան: Դարդելը կամենում է հայերին դավաճան դուրս բերել, սակայն իր վկայություններով հավաստում է միանգամայն հակառակը: Հայերն էին, որ պաշտպանել էին Լեւոն թագավորին: Լատինները փորձեցին աշտարակը հանձնել Մելիք ամիրային, բայց վերջինս նրանց չվստահեց, քանի որ ազգով հայեր չէին:


Հայերն էլ իրենց հերթին կարողացան գրավել աշատարկը եւ կոտորել լատիններին: Սակայն պարզ էր, որ քաղաքը պաշտպանել այլեւս հնարավոր չէր, ուստի կաթողիկոսի հետ որոշեցին անձնատուր լինել: Այդ մասին տեղյակ պահեցին Մելիք ամիրային եւ բերդը հանձնեցին:


Չունենալով հայերի օժանդակությունը եւ դավադրության ենթարկվելով լատինների կողմից, որոնք կոտորվել էին հայերի կողմից, Լեւոնը նույնպես ստիպված եղավ անձնատուր լինել՝ նախօրոք Մելիք ամիրայից երդումնագիր ստանալով իր կյանքի ապահովության համար: Սսի անձնատուր լինելու օրը որոշակի հայտնի չէ: Մ. Օրմանյանն այն դնում է 1375 թ. ապրիլի 16-ին: Մելիք ամիրան քաղաքում կառավարիչ թողեց եւ գիշերով հեռացավ: Գերիների մեջ էին Մարիամ թագուհին, Լեւոնը՝ իր կնոջ ու զավակների հետ, Դուլկարո մարաջախտը՝ Ռեմի կոմսուհու հետ, Պողոս կաթողիկոսը եւ շատ իշխաններ ու քաղաքի ավագներ: Նրանք բերվեցին Հալեպ ապրիլի 30-ին, մայիսի 1-ին հանդիսավորությամբ մտան քաղաք: Մելիք ամիրան տեղեկացրեց Եգիպտոսի սուլթանին՝ ունեցած հաջողության մասին: Լեւոնն իշխեց, փաստորեն, ընդամենը ինն ամիս՝ դառնալով Կիլիկիայի Հայկական թագավորության վերջին գահակալը:


Թագավորության անկումով մեծացավ Եկեղեցու եւ կաթողիկոս Պողոսի դերը ազգային հարցերում: Լատին պատմիչ Դարդելի համար Պողոս հայրապետը մատնիչ եւ դավաճան է, սակայն մեղադրանքի բուն պատճառը նրա՝ հռոմեադավանության չհետեւելն է:


Մեկ ամիս անց հայ գերիները Հալեպից ուղարկվեցին Եգիպտոս՝ սուլթանի կարգադրությամբ: Հուլիսի 9-ին նրանք հասան Կահիրե (չի բացառվում նաեւ հուլիսի 11-ը), եւ գերիների մեծ մասը, որոնց թիվը 69 էր, ընդունելով սուլթանի իշխանությունը, վերադարձավ Կիլիկիա: Մարիամ թագուհին, Ռեմի կոմսուհին եւ նրա ամուսինը իրավունք ստացան հաստատվել Երուսաղեմում: Վասիլ Թորոսյանը եւ չորս այլ անձինք հավատափոխ եղան, չնայած դրանից առանձնապես չշահեցին:


Թագավորության անկումից հետո Պողոս կաթողիկոսի գործունեության վերաբերյալ տեղեկություններ գործնականում չեն պահպանվել: Նրա մահը սովորաբար դնում են 1377 թվին, սակայն Սամվել Անեցու շարունակողը նրա հաջորդ Թեոդորոսի գահակալության սկիզբը դնում է 1382 թվին եւ նրան վերագրում է 9 տարվա կաթողիկոսություն, ինչը համապատասխանում է Թեոդորոսի սպանության թվականին: Ըստ Դավրիժեցու՝ Թեոդորոսը պաշտոնավարել է 8 տարի, ուստի Մ. Օրմանյանի կարծիքով՝ Պողոսի կաթողիկոսական շրջանը պետք է հասցնել մինչեւ 1385 թվականը: Ուստի հազիվ թե կարելի է համաձայնել Չամչյանի այն պնդման հետ, թե Պողոսը կաթողիկոսել է ընդամենը 4 տարի: Քննության առնելով առկա վկայությունները՝ Մ. Օրմանյանն ի վերջո գալիս է այն եզրակացության, որ Պողոսը պաշտոնավարել է 8 տարի եւ մահացել է 1382 թվին:


Մահմեդականները կրոնական հարցերում ավելի հանդուրժող գտնվեցին, քան մինչ այդ հռոմեադավանները: Հայկական իշխանություններն արագ հարմարվեցին ստեղծված պայմաններին եւ կարողացան լեռնային շրջաններում բավականին ուժեղանալ, բայց շատ տեղերում էլ նրանք թուլացան եւ անգամ անհետացան: Հպատակ իշխանների վերջին մնացորդներից էր Զեյթունի իշխանությունը, որն իր կիսանկախ վիճակը պահպանեց մինչեւ 19-րդ դ. երկրորդ կեսը: Ըստ երեւույթին, թագավորությունը լեռնային մասում շարունակում էր պահպանվել, քանի որ 1424 թ., ըստ կիլիկեցի մի ժամանակագրի, թագավորել է Կոստանդինը եւ իշխել 48 տարի: Սակայն, մեկ այլ տեղեկությամբ, 1424-ին Կիլիկիայում հիշվում է Սմբատ անունով թագավոր: Կոստանդինը չի ենթարկվել Եգիպտոսի սուլթանին եւ հաջողությամբ ետ է մղել նրա արշավանքը:
Պողոս կաթողիոսը, որ հավանաբար նպաստել է հայ իշխանական դասի ամրապնդման գործընթացին, մահացավ բնական մահով: Նա եղավ հայոց դավանանքի մեծ ջատագով:


Այս խառնակ ժամանակներում բուն Հայաստանում իրենց գործունեությունն ուժեղացրին ունիթորները, որոնք քաջալերվելով Արեւմուտքից՝ բռնություններ էին գործում ազգային Եկեղեցու դեմ: Նրանք փորձում էին, հեղինակություններն օգտագործելով, իմաստակ պատճառաբանություններով կասկածի տակ առնել Հայոց Եկեղեցու ծեսերն ու դավանանքը: Հայադավաններին նրանք անգամ անհավատներ էին հռչակում: Դրանցից մեկը Մխիթար Ապարանցին էր, մեկ ուրիշը՝ Հովհաննես Դավրիժեցին:


Հայոց Եկեղեցու հայրերն ստիպված եղան ուսումնասիրել ունիթորների աղբյուրները, սովորել լատիներեն եւ պայքարել ունիթորների դեմ հավասար պայմաններում: Այդ ընթացքում գտնվեցին վարդապետներ, որոնք գայթակղվեցին եւ անցան ունիթորների կողմը, սակայն նրանց մեծագույն մասը դարձավ հայկական դավանանքի ջերմեռանդ պաշտպան:


Հիշյալ գրծիչների թվին էր պատկանում Հովհաննես վարդապետ Որոտնեցին՝ ծագումով ազնվական: Նա Իվանե իշխանի որդին էր եւ ծնվել էր Ծղակ գավառի Որոտնի մոտակայքում գտնվող Վաղանդան գյուղում 764 թ. նավասարդի 30-ին, այսինքն՝ 1315 թ. հունվարի 29-ին: Իվանե իշխանը սերում էր Օրբելյաններից, եւ Որոտնեցին նրա եւ Վախախ տիկնոջ զավակն էր: Որոտնեցին ունի մեկ այլ մականուն՝ Կախիկ, որը Մ. Օրմանյանը կապում է նյութական հանգամանքների հետ: Որոտնեցին Գլաձորի համալսարանում աշակերտել է Եսայի Նչեցի վարդապետին, սակայն նրա ուսուցիչների մեջ հիշվում է նաեւ Տիրատուր անունով մի վարդապետ: Նչեցու մահից հետո նա հավանաբար հաջորդում է նրան, թերեւս, ընդամենը 25 տարեկան հասակում: Չնայած չի բացառվում, որ Հովհաննես Որոտնեցին ոչ թե հաջորդել է անմիջապես Եսայի Նչեցուն, այլ մեկ այլ վարդապետի, որի անունը մեզ հայտնի չէ: Որոտնեցին այնուհետեւ տեղափոխվում է Տաթեւ՝ հիմք դնելով, փաստորեն, Տաթեւի համալսարանին:


Նշանավոր եղավ Սարգիս Ապրակունեցին, որն աշակերտել է ոչ միայն Նչեցուն, այլեւ Հովհաննես Որոտնեցուն: Նա հաստատվում է Ապրակունյաց վանքում, որը հեռու չէր Սբ Կարապետ վանքից: Նպատակն ունիթորներին մոտիկից ճանաչելն ու նրանց դեմ պայքարելն էր: Նա պայքարում է Կարապետ Ճագարակեր ունիթորի դեմ՝ օգտագործելով Հակոբ Քռնեցու՝ լատիներենից կատարած թարգմանությունները:


Աչքի ընկավ Դարաշամբի կամ Շամբիձորի վանքի միաբանության վարդապետ Սարգիսը: Սակայն թե՛ նա եւ թե՛ Սարգիս Ապրակունեցին փափագում էին միաբանության կետեր գտնել երկու դավանանքների միջեւ եւ օգտվել արեւմտյանների ուսումից: Հովհաննես Որոտնեցին այդ առումով ոչ մի զիջման չգնաց: Իսկ նրա աշակերտներից Մաղաքիա Ղրիմեցի վարդապետն ավելի արմատական դիրք որդեգրեց: Նա Ղրիմի Կաֆա քաղաքից էր (այժմ՝ Թեոդոսիա)՝ մեծ տան որդի եւ մեծ հարստության տեր: Եկեղեցուն ծառայելու փափագը նրան բերում է Տաթեւ, որտեղ նա աշակերտում է Որոտնեցուն: Նա զգալի աշխատանք է կատարում Նախիջեւանի վանքերը ծաղկեցնելու եւ աշակերտություն հավաքելու ուղղությամբ: Տեսնելով, որ ունիթորները բռնությունների կողմնակից են, նա սկսեց գործել նրանց օրինակով՝ անհրաժեշտության դեպքում նույնպես բռնություններ գործադրելով՝ դրա համար ծախսելով իր մեծ հարստությունը եւ այլ միջոցներ:


Նա կարողացավ լեզու գտնել պետության պաշտոնյաների հետ եւ նրանց միջոցով հալածել ունիթորներին: Իր անբասիր եւ մենակյաց կենցաղի համար ստացավ Ճգնավոր մականունը: