ԿՈՍՏԱՆԴԻՆ Ե ՍՍԵՑԻ

ԿՈՍՏԱՆԴԻՆ Ե ՍՍԵՑԻ

(1372-1374)


Կոստանդին Ե Սսեցի կաթողիկոսի ընտրությունը տեղի ունեցավ գերանհանգիստ պայմաններում, երբ Սիսը գրեթե կտրված էր արտաքին աշխարհից: Կոստանդին Հեթումյանը, որ հայտնի էր իր բռնապետական կեցվածքով, կամենում էր որեւէ մեկին ձեռնադրել կաթողիկոս եւ պահել իր ազդեցության տակ: Այդպիսին եղավ Կոստանդին եպիսկոպոսը, որին Մ. Օրմանյանը փորձել է նույնացնել Մխիթարի ժողովի մասնակից, թեմ չունեցող եպիսկոպոսներից Կոստանդինին՝ պատշաճ գտնելով նրան տալ Սսեցի մականունը: Կոստանդինը Հայոց հայրապետությունը ստանձնեց առաջացած տարիքում, ինչի մասին վկայում է նրա ընդամենը երկու տարի կաթողիկոսելը: Նրա գործունեության մասին շատ բան հայտնի չէ: Դատելով ամեն ինչից՝ նա հույսեր էր փափագում Արեւմուտքի օգնության խնդրում եւ համակրում էր Լուսինյաններին:


Այս շրջանում երկրում աճում է Լուսինյանների ազդեցությունը, որոնք կամենում էին գահընկեց անել Կոստանդին Հեթումյանին եւ գահ բարձրացնել Լեւոն Ջիվանյան-Լուսինյանին: Այս նպատակով հատուկ պատվիրակություն ուղարկվեց Կիպրոս՝ ներում հայցելով Գվիդոնի, Բոհեմունդի եւ լատին ասպետների սպանության համար եւ Կիլիկիա հրավիրելու Լեւոն Ջիվանյանին: Սակայն Լեւոնն անմիջապես չհամաձայնվեց առաջարկությունն ընդունել՝ չկամենալով հայտնվել հայ իշխանների զորքերի ազդեցության տակ: Նրան ամենաշատը հետաքրքրում էին կրոնական խնդիրները, քանզի ջերմեռանդ հռոմեադավան էր, սակայն Նզրեցի Կոստանդինների շրջանում կաթոլիկությունը մեծապես տկարացել էր:


Դեպքերը զարգանում էին գլխապտույտ արագությամբ: Տարսոնում հաստատված Մանչակ ամիրան ասպատակեց Սսի շրջակայքը, եւ քաղաքը հայտնվեց ծանր կացության մեջ: Կոստանդին Հեթումյանը մտածում էր անգամ հարստություններ վերցնելով` փախչել Կիպրոս, սակայն ինքն էլ էր հասկանում դրա անհնարինությունը, քանի որ ծովափի ողջ երկարությամբ վխտում էին եգիպտացիները եւ հնարավոր չէր անվտանգ հասնել ծովեզերք: Նա փորձեց լեզու գտնել նրանց հետ՝ Սիսը եւ Կիլիկիան եգիպտացիներին հանձնելու պայմանով, միայն թե իր կյանքին վտանգ չսպառնար եւ կարողանար Կիպրոս մեկնել իր հարստություններով: Սակայն նրա ծրագրերը բացահայտվեցին, որն էլ առաջ բերեց համընդհանուր զայրույթ: Թագավորը զրկվեց իր վերջին պաշտպանից եւ 1373 թվականին սպանվեց:


Փաստորեն հաղթեց լուսինյանական թեւը, եւ Մարիամ թագուհին նշանակվեց երկրի խնամակալ կամ տեղապահ՝ մինչեւ նոր թագավորի օծումը: Նա իրեն օգնական վերցրեց Գվիդոնի եղբայր Բոհեմունդի խորթ որդուն՝ Բարթողիմեոս ասպետին եւ Թորոս մարաջախտի որդի Վասիլ զորավարին:


Այս իրադարձություններից հետո Լեւոնը համաձայնվեց թագավորել Կիլիկիայում, ինչը պաշտպանություն գտավ նաեւ կաթողիկոսի կողմից: Պաշտոնական նամակներ փոխանակվեցին, բանակցություններ վարելու համար Կիպրոս ուղարկվեցին համուսցի սեպուհ Լեւոնը եւ սսեցի երկու տանուտերեր, որոնք պետք է Սիս առաջնորդեին Լեւոն Ջիվանյանին: Պատվիրակությունը ներկայացավ Կիպրոսի թագավոր Պետրոս Բ-ին, որն ընդամենը 13 տարեկան էր: Փաստորեն երկիրը կառավարում էր նրա հորեղբայր Հովհաննես Լուսինյանը: Պատվիրակությունն այնուհետեւ հանդիպեց Լեւոն Ջիվանյանին, որն այդ ժամանակ 31 տարեկան էր եւ Կիպրոսի բանակի հրամանատարներից մեկն էր: Կիպրոսի թագավորի օժանդակությունը պետք էր նրան Կիլիկիայի գահին տիրելու համար: Նա իր համաձայնությունը տվեց, սակայն գործն անմիջապես գլուխ չեկավ, քանի որ Կիպրոսի թագավորությունը պատերազմում էր Ջենովայի դեմ, եւ Լեւոնը կարող էր Կիպրոսից հեռանալ միայն պատերազմն ավարտվելուց հետո: Ըստ որում, Լեւոնը պայման դրեց, որ պետք է պահպանի կաթոլիկական հավատքը, այլ խոսքով՝ նա ստանձնում էր հայոց թագավորի գահը՝ հռոմեականությունը պաշտպանելու համար: Պատվիրակներն այդ պայմանին շատ ուշադրություն չդարձրին եւ համակերպվեցին նրա գալու հետաձգման փաստի հետ:
Փաստորեն Լեւոն Ջիվանյանն այդ պահից դիտվում էր հայոց թագավոր, ուստի նա որոշեց ինչ-որ ժամանակ երկիրը կառավարել տեղապահների կամ խնամակալների՝ Մարիամ թագուհու եւ նրա երկու տեղակալների, ինչպես նաեւ Բոհեմունդի այրու՝ Ռեմի կայսրուհու միջոցով: Նրանց որպես օգնական նշանակվեցին Կոստանդ զինակիրը եւ Մանվել թարգմանը, որը Իտալիայի պատգամավորության անդամ էր եղել եւ ապա վերադարձել Կիպրոս:


Պատվիրականությունը հիշյալ անձանց հետ նավով վերադարձավ Կոռիկոս, սակայն Սիս գնալ չկարողացավ, քանի որ այն պաշարված էր Հալեպի ամիրա Բեկ-Թեմուրի կողմից: Պատվիրակության անդամները ստիպված եղան Սիս գնալ հետիոտն՝ թուրքական հանդերձանքներով: Նրանց վերադարձը ոգեւորեց սսեցիներին, եւ նրանք ամրոցի վրա բարձրացրին Լեւոն Ջիվանյան-Լուսինյանի դրոշը: Ավելին՝ սսեցիները զինված հարձակվեցին թշնամիների վրա եւ նրանց քշեցին: Այս դեպքերը հավանաբար տեղի ունեցան 1373 թ. հուլիս-օգոստոս ամիսներին կամ էլ սեպտեմբերին: Ինքը՝ Լեւոն Ջիվանյանը, երկիր ժամանեց սեպտեմբերին, երբ Բեկ-Թեմուրի զորքը ջախջախված էր, սակայն պատմությունն այդ մասին ճշգրիտ հիշատակություններ չի պահպանել:


Վրահաս ձմեռը եգիպտացիներին ստիպեց դադարեցնել իրենց հարձակումները, իսկ Սսում հանդարտվեցին կրքերը, եւ ներքին խնդիրները մի պահ երկրորդ պլան մղվեցին: Բոլորն սպասում էին թագավորի գալստյանը: Թագավորին համակիր էր նաեւ կաթողիկոսը:


Այդ միջոցին Ջենովայի ռազմական ուժերը գրավեցին Ֆամագոստա նավահանգիստը, եւ Կիպրոսի թագավորությունը պարտվեց: Պետրոս Ա-ի սպանության գործով սկսվեցին քննություններ, եւ այլ կասկածյալների հետ Լեւոն Ջիվանյանն էլ բանտարկվեց: Նա ազատվեց Պետրոս Ա-ի այրու՝ էլեոնորա թագուհու միջնորդությամբ, ով անձամբ դիմեց ջենովական ծովակալի օգնությանը: Վերջինիս թագուհին տեղեկացրեց նաեւ այն մասին, որ Լեւոնը պատրաստվում է մեկնել Կիլիկիա՝ տիրելու հայոց գահին: Ջենովացիք համաձայնվեցին, սակայն, որպես տուգանք, 36 հազար կիպրական արծաթ դրամ պահանջեցին: Լեւոնի մայրը՝ Սուլթան տիկինը, եւ կինը՝ Մարգարիտ տիկինը, կարողացան հազիվ վեց հազար դահեկան գտնել եւ մնացած 30 հազարի դիմաց տվեցին Մարգարիտի կալվածքը: Լեւոնն ազատվեց եւ պարտավորվեց Էլեոնորա թագուհուն թողնել իր կնոջ մեկ այլ կալվածքը եւ Կոռիկոս չմտնել: Ավելին՝ նա ստիպված եղավ 10 հազար ֆիորին վճարել որպես վարձ եւ 300 դուկատ էլ՝ իր կարասիները բռնագրավումից ազատելու համար: Դրա պատճառով էլ նրա գալուստը Կիլիկիա ձգձգվեց, եւ նա միայն 1374 թ. Զատկի օրը, այսինքն՝ ապրիլի 2-ին կարողացավ մոր, կնոջ եւ հետեւորդների հետ Կոռիկոս գալ, որն այդ ժամանակ պատկանում էր Կիպրոսի թագավորությանը, սակայն այդ պահին գտնվում էր Ջենովայի տիրապետության տակ: Նա պետք է հաղթահարեր Տարսոնի ամիրայի տիրույթները՝ Սիս հասնելու համար, որը 8 օրվա հեռավորության վրա էր Կոռիկոսից: Կոստանդին Սսեցին մահացավ դեռ մինչեւ Լեւոնի Սիս հասնելը: Նրա կաթողիկոսելը, որ կարճատեւ էր, առանձնապես աչքի չընկավ: