ՄԵՍՐՈՊ Ա ԱՐՏԱԶԵՑԻ

ՄԵՍՐՈՊ Ա ԱՐՏԱԶԵՑԻ

(1359-1372)


Հակոբ Ա Անավարզեցուն հայրապետական աթոռի վրա փոխարինեց սբ Թադեոսի վանքի առաջնորդ Մեսրոպ Ա Արտազեցին: Նրա ընտրությունն իրոք որ զարմանալի է եւ մտածել է տալիս, թե նա այդ ժամանակ ինչ-ինչ պատճառներով գտնվել է Սսում եւ ընտրվել է կաթողիկոս՝ թեկնածուների պայքարի հետեւանքով: Փորձ է արվել նրան նույնացնելու Խորձյանի եպիսկոպոսի հետ, սակայն դրա համար առանձին հիմքեր չկան: Մեսրոպը հայոց հայրապետ ընտրվեց 1359-ին: Արտազեցիները դեմ չէին ուսման եւ գիտության բնագավառում օգնություն ստանալ կաթողիկոսից, սակայն բոլորովին չէին ընդունում Լատին Եկեղեցու վերադասությունը Հայոց Եկեղեցու նկատմամբ: Նրանք անհողդողդ էին Հայոց Եկեղեցու դավանաբանության պաշտպանության հարցերում: Մեսրոպին հաջողվեց իր ճկուն քաղաքականությամբ կրքերը հանդարտեցնել, բախումների առիթ ծառայած հանգամանքները վերացնել կամ ըստ հնարավորինս նվազեցնել:


Լատինների կողմից հանդիպելով դիմադրության՝ նա վճռական միջոցներ ձեռնարկեց՝ մտքերը հանդարտեցնելու համար: Կոստանդին թագավորի համաձայնությամբ նա Սսում ժողով գումարեց, որը որոշում ընդունեց բաժակին ջուր խառնելը խափանել եւ ջրախառն բաժակի կիրառությունը Կիլիկիայում դադարեցնել: Եթե ճիշտը խոստովանենք, մինչ այդ դա միայն կիրառվում էր, փաստորեն, Սսում եւ այն էլ՝ ոչ ամենուրեք: Ժողովի մասին, դժբախտաբար, մանրամասներ չեն պահպանվել, սակայն նրա նշանակությունը վեր է ամեն կասկածից, ինչը փորձում են ժխտել լատինասերները: Սսի նոր՝ 1361 թ. ժողովը փաստորեն մերժեց Սսի եւ Ադանայի ժողովի ընդունած որոշումները՝ կարեւոր դեր խաղալով Հայոց Եկեղեցու պատմության մեջ:


Գնալով վատանում է Կիլիկիայի Հայոց թագավորության վիճակը: Երկիրը պարզապես գնում էր դեպի անկում: Եվ մեծ էր այդ գործընթացում լատինամոլների դերը: Հալեպի կառավարիչ Բեկ-Թիմուրը 1360-ին գրավեց Տարսոնը եւ Ադանան, իսկ Կիպրոսի թագավորությունը՝ Կոռիկոսի անառիկ բերդը: Բավարար ուժեր չունենալով՝ Կոստանդին արքան աշխատում էր գոնե մնացածը պահպանել: Երկրի աղետները նրան գերեզման իջեցրին 1363 թվին: Նա թագավորեց 19 տարի եւ որքան կարողացավ, աշխատեց երկարաձգել թագավորության անկումը: Նրա մահից հետո Կիպրոսի թագավոր Պետրոս Ա-ն կամեցավ հայոց գահ բարձրացնել Ջիվան Լուսինյանի 24 տարեկան որդուն՝ Բոհեմունդին, սակայն նա մահացավ Վենետիկում, երբ ուղեկցում էր Կիպրոսի թագավորին՝ Հռոմի պապին այցելելիս: 1369 թ ապրիլի 11-ին վերցվեց հատուկ պապական կոնդակ՝ Բոհեմունդի եղբոր՝ Լեւոնի անունով, որը, սակայն, այդպես էլ մնաց Կիպրոսի թագավորի մոտ:


Թագավորական իշխանության համար պայքար սկսվեց Լուսինյանների եւ մի շարք բախտախնդիրների միջեւ, որոնցից էին Լեւոն Լուսինյանը եւ Նիկոլ Լուսինյանը: Այս պայքարում ուժեղացավ Նզրեցիների կողմը, եւ գահ բարձրացավ Կոստանդինի հորեղբորորդի Կոստանդինը, որն արքունի Հեթում Ջամբռլայի կամ սենեկապետի որդին էր: Նոր գահակալը թագավորեց 1363 թվականից՝ 40 տարեկան հասակում՝ իշխելով 10 տարի: Անունների նմանությունը պատճառ է դարձել հաճախ նրանց նույնացնելուն: Հայոց թագավորին հաջողվեց իշխաններին իր շուրջը համախմբել, լեզու գտնել Կիպրոսի թագավորի հետ եւ դրանով խափանել Լեւոն Լուսինյանի՝ իր դեմ գործերը: Պատահական չէ, որ Կիպրոսի Պետրոս Ա թագավորն այդպես էլ պապի կոնդակը մեջտեղ չբերեց: Սակայն, եթե Լեւոն Լուսինյանը տեղյակ էլ լիներ կոնդակից, գործնականում ոչինչ անել չէր կարող:


Կոստանդին Նզրեցին թեկուզեւ թագավորեց 10 տարի, սակայն իր գործունեությամբ որեւէ կերպ աչքի չընկավ: Գնալով նվազեցին թագավորության սահմանները եւ տարածքը, Սիսը գործնականում հայտնվեց շրջապատման մեջ: Կոստանդինի հույսը Կիպրոսի թագավորությունն էր արտաքին քաղաքականության ասպարեզում, իսկ ներքին քաղաքականության մեջ ատելի էր դարձել՝ հարստություն ձեռք բերելով ժողովրդին կեղեքելու միջոցով: Նա այնքան զզվեցրել էր իր հպատակներին, որ նրանք 1368-ին փորձեցին թագավորությունը հանձնել Պետրոս Ա-ին: Վերջինս Կիլիկիայի թագավորությունն իր պետությանը կցելու կարիք չուներ, քանի որ այն ճանաչում էր նրա գերագույն իրավունքը: Սակայն շատ չանցած՝ թերեւս 1369-ին, նա էլ սպանվեց Կիպրոսի ավագանու կողմից: Նրան գուցե եւ ավելի էին ատում Կիպրոսում, քան Կոստանդինին՝ Կիլիկիայում: Նրան հաջորդեց իր 9-ամյա որդի Պետրոս Բ-ն, որի խնամակալը դարձավ Հովհաննես Լուսինյանը: Կոստանդինին հաջողվեց լեզու գտնել նաեւ Հովհաննես Լուսինյանի հետ՝ ուղարկելով հարուստ ընծաներ եւ պարգեւներ: Ուստի Հովհաննես Լուսինյանը եւս կոնդակը թաքցրեց:


Կիլիկիայի թագավորությունը ենթարկվում էր եգիպտացիների համառ գրոհներին: Եթե նրանց զսպում էին Կիպրոսի նավատորմի հարվածները, ապա Պետրոս Ա-ի սպանությունից հետո անսանձ դարձան: Սակայն Լիպարիտ զորավարը կարողանում էր հաջող գրոհներով պարտության մատնել եգիպտացիներին: Սակայն շուտով նա էլ սպանվեց, եւ նրա գործը շարունակեց Հեթումը՝ աչքի ընկնելով իր մեծ խիզախությամբ: Դժբախտաբար նա էլ սպանվեց Գրիգոր անունով մի դավաճանի կողմից: Սիսը գտնվում էր օրհասական վիճակում:


Կոստանդինը լատինասեր չէր, բայց ունիթորների ազդեցությունը երկրում եւ մասնավորապես Սսում մեծ էր: Վերջիններս գտնում էին, որ պետք է օգնության համար դիմել Եվրոպային եւ մասնավորապես Հռոմի պապին: Կոստանդին թագավորի այրին՝ Մարիամ թագուհին, անցել էր լատինասերների գլուխ եւ պատվիրակություն ուղարկել Արեւմուտք՝ օգնության խնդրանքով: Ուրբանոս Ե պապը, որ պապական աթոռը կրկին տեղափոխել էր Հռոմ, Մարիամ թագուհուն ամուսնացնելով Բրունսվիքի Օթոն իշխանի հետ, փորձեց ուժեղացնել Կիլիկիայի թագավորությունը: Գործարքը չհաջողվեց, սակայն Լուսինյաններն ավելի համարձակ դարձան:
Մեսրոպի գործունեության մասին աղբյուրները լռում են: Պարզ է մի բան, որ նա Լուսինյաններին չի նպաստել: 1372-ին նա մահացավ:


Մեսրոպ կաթողիկոսի օրոք, ինչպես տեսանք, ուժեղացան Նախիջեւանի կաթոլիկ հայերը, որոնք յոթ վանքերում հարյուրի չափ միաբաններ ունեին: Ծանր ժամանակներ ապրեց Երուսաղեմի աթոռը: Պետրոս Ա-ն 1365 թվին կարողացել էր գրավել Ալեքսանդրիա քաղաքը եւ ջախջախել եգիպտացիներին՝ մեծ ավերածություններ գործելով եւ կոտորածներ կազմակերպելով: Տեղեկություն է պահպանվել, որ իբր միայն 12 հազար կույս աղջիկ է գերի տարել: Եգիպտացիներն իրենց վրեժը փորձեցին լուծել Պաղեստինի քրիստոնյաներից: Սկսվեցին հալածանքներ, փակվեցին եկեղեցիներ, կրոնափոխության փորձեր արվեցին, եւ շատերը մահվան դատապարտվեցին: Սբ Հարության տաճարը չորս տարի փակ մնաց, իսկ Սբ Հակոբի հայ միաբանությունը երկու անգամ տարվեց Գազա՝ դատելու համար: Տանջանքների ենթարկվեց Մկրտիչ պատրիարքը, բրածեծ լինելով՝ նահատակվեցին Գրիգոր եւ Կիրակոս աբեղաները եւ ուրիշներ: Միայն չորս տարի անց հալածանքները դադարեցին, եւ Մկրտիչ պատրիարքը վերահաստատվեց իր պաշտոնում:


Ծանր է նաեւ Աղթամարի աթոռի վիճակը: Ներսես Ա Փոլատ կաթողիկոսի օրոք այն միայն 15 միաբան ուներ: Նրան հաջորդեց Զաքարիա մարտիրոսը: Ամենուրեք տիրում էր խեղճություն եւ տառապանք: