ՄԽԻԹԱՐ Ա ԳՌՆԵՐՑԻ

ՄԽԻԹԱՐ Ա ԳՌՆԵՐՑԻ

(1341-1355)
 

1341 թվին կաթողիկոս դարձավ Բարձրբերդ գավառի Գռների վանքի առաջնորդ Մխիթար Ա Գռներցին: Ժողովուրդը նրան տվել էր Մխիկ փաղաքշական անունը: Նա մոտ էր կանգնած արքունիքին: 1335 թվին, երբ երկիրը ծայրահեղ վիճակի մեջ էր, նա՝ որպես դեսպան, ուղարկվում է Եգիպտոսի Նասր սուլթանի հետ բանակցելու: Մոտ է եղել խաչակիրների հետ, սակայն նրանց մոլի հետեւորդը չէր: Ավելին. բավական ամուր է կանգնած եղել Հայոց Եկեղեցու դավանաբանական դիրքերում: Նա ձգտել է թե՛ լատիններին գոհացնել եւ թե՛ հայկական դիրքերը չթուլացնել: Մոլի ունիթորներ Ներսես Պաղոնը եւ Սիմոն Բեկը, հուսախաբվելով Մխիթար Գռներցուց, փորձում են աջակցություն գտնել Ավինիոնում՝ Բենեդիկտոս ԺԲ պապի մոտ: Այդ նույն ժամանակ Ավինիոն հասան Լեւոն թագավորի պատվիրակներ Դանիել Մինոր ֆրանցիսկյան կրոնավորը եւ պալատական Թորոս Միքայելյանցը՝ պապից ռազմական օգնություն ստանալու խնդրանքով՝ կապված եգիպտական մոտալուտ հարձակման հետ: Հայ ունիթորները փորձեցին այդ հանգամանքն օգտագործել իրենց նպատակների համար:


Բենեդիկտոս պապն անմիջապես օգտվեց առիթից եւ հանձնարարեց, որ իրեն գրավոր ներկայացնեն հայերի եւ լատինների դավանաբանական տարբերությունները: Լատինամոլ հայերն ու Կիլիկիայից հեռացած լատին հայատյաց հոգեւորականներն ամիջապես ներկայացնում են մի մեծ ցուցակ՝ Հայոց Եկեղեցու մոլորությունների վերաբերյալ: Դրանց գլուխ էր կանգնած Ներսես Պաղոնը, որն իրեն անգամ Մանազկերտի արքեպիսկոպոս էր կոչում: Ներսես Պաղոնը պարզ հայտարարեց, որ հայերն օգնության մասին հույսեր չպետք է փայփայեն, քանի դեռ չեն հրաժարվել իրենց մոլորություններից:


Պակաս խորամանկ չէր գործում Բենեդիկտոս պապը, որը հասկանալով, որ խաչակրաց շարժումը որոշակիորեն անկում է ապրում, փորձում էր կրոնական խնդիրներ հարուցելով՝ հրաժարվել հայերին ռազմական օգնություն տրամադրելուց: Լեւոն արքան փորձեց Դանիելի ձեռքով բացատրություն ուղարկել, որին անշուշտ մասնակցել էր կաթողիկոսը, սակայն շոշափելի ոչ մի արդյունքի չհասան: Ավելին. հայերից պահանջեցին ժողով գումարել եւ 117 տարբերությունները մեկ առ մեկ քննարկել եւ իրենց հպատակությունը հայտնել Հռոմեական Եկեղեցուն: Դա ընդամենն օգնությունից խուսափելու փորձված միջոց էր:


Երկրորդ մերժումն ստանալուց շատ չանցած՝ հուսախաբ եղած Հայոց Լեւոն արքան, որ ծանր վիճակի մեջ էր հայտնվել եգիպտական արշավանքի հետեւանքով, ստիպված եղավ կենսագործել հայ-եգիպտական հաշտության ծանր պայմանները: Դանիելը երկրորդ անգամ ձեռնունայն ետ վերադարձավ՝ իրեն խաբված զգալով: Բայց ժողով, այնուամենայնիվ, հրավիրվեց: Նպատակը Հռոմի պապին գոհացնելն էր եւ այն հույսը, որ ի վերջո ռազմական օգնություն ցույց կտան: Մինչ այդ՝ 1342 թվին, մահացավ Լեւոն արքան՝ ընդամենը 33 տարեկան հասակում: Մահվան հանգամանքները պարզ չեն: Չի բացառվում, որ նրան սպանեցին հակաունիթորները:


Լեւոնի մահով սպառվեց Կոռիկոսյան կամ Պապեռոնյան տոհմի արական ճյուղը: Լեւոնն անժառանգ էր, ժառանգներ չունեին նաեւ նրա հորեղբայրները: Մոտիկ ազգականներ էին դիտվում Լեւոն Դ-ի Զաբել կամ Զապլուն դստեր՝ Ամորի Լուսինյանից ունեցած զավակները, որոնցից երկուսն սպանված էին, մեկը գտնվում էր Հունաստանում, իսկ վերջին երկուսը բարձր դիրք էին զբաղեցնում Սսի արքունիքում:


Ավագության կարգով գահը պետք է հանձնվեր Գվիդոնին, որն Աքայայում կուսակալ էր, սակայն ժամանակի սղության եւ մի շարք ձեւականությունների պատճառով պայլության պաշտոնը վարող Ջիվան Լուսինյանը թագավոր հռչակվեց՝ վերցնելով Կոստանդին անունը: Դրան մեծապես նպաստեց ոչ այնքան իբր Գվիդոնի հրաժարվելը գահից, որքան եգիպտական 1342 թ. արշավանքը Լեւոնի մահվան օրերին: Սակայն Ջիվանի գահակալությունը ոչ մի օգուտ չբերեց: Երկիրը կրկին ավերվեց, եւ մեծ թվով հայեր կոտորվեցին թշնամու կողմից:


Ժողովը, որ նպատակ ուներ ձեռք բերել Բենեդիկտոս պապի բարեհաճությունը, հրավիրվեց 1342 թվին: Սակայն Մ. Օրմանյանը հակված է այն դնելու 1343-ին: Ժողովականները պետք է քննեին, ինչպես վերը նշվեց, Հայ եւ Լատին Եկեղեցիների միջեւ գոյություն ունեցող տարբերությունները եւ հայ քրիստոնյաների 117 մոլորությունները: Վերջիններիս ցուցակը հայերեն մեզ չի հասել, պահպանվել է միայն դրա լատիներեն թարգմանությունը, քանի որ ցուցակը կազմել էին հայ ունիթորները:


1342-ին մահացավ Բենեդիկտոս պապը, եւ մայիսի 19-ին նրան հաջոդել էր Կղեմես Զ պապը, որի անունը հիշվում է վերոնշյալ գրության մեջ:


Լեւոնը մահացել էր 1342 թ. օգոստոսի 26-ին, տեղի էր ունեցել եգիպտական արշավանքը, այնպես որ Մ. Օրմանյանը, անտարակույս, ճիշտ է, երբ ժողովի հրավիրումը դնում է 1343 թվին, թերեւս՝ սկզբներին:
Ժողովը գումարվեց Սսում՝ մասնակցությամբ 30 եպիսկոպոսի, 15 վարդապետի, 7 սարկավագի եւ մի քանի քահանաների: Նրանց անունները պահպանվել են ցուցակի լատինական թարգմանության մեջ՝ աղավաղված գրություններով: Մ. Չամչյանը փորձել է դրանք վերականգնել: 20 եպիսկոպոս Կիլիկիայից էին. Բարսեղ Սիսի, Վարդան Տարսոնի, Ստեփանոս Անազարբայի, Բարսեղ Բարձրբերդի, Գրիգոր Ադանայի, Հովհաննես Այասի, Ներսես Կապանի եւ ուրիշներ: Եպիսկոպոսներից 8-ը թեմեր չեն ունեցել: Թե ինչ կարգի են աղավաղված անունները, պատկերացում են տալիս Կապանը Կամպանիայի, Մաշարդը Մաթիքարի, Կոկիսոնը Կոգվանիայի, Համանը Կամանտիայի կամ Մաշկեւորը Մասգուկիմիայի հետ նույնացնելը:


Վեց եպիսկոպոս Փոքր Ասիայից էին. Մարկոս Կեսարիայի, Բարսեղ Իկոնիայի, Սիմոն Սեբաստիայի, Ստեփանոս Տրապիզոնի, Բարսեղ Անկյուրիայի եւ Գրիգոր Տիանայի: Բուն Հայաստանից մասնակցել են միայն երեք եպիսկոպոս. Դավիթը Տարոնից, Դանիելը Չմշկածագից եւ Մեսրոպը Խորձյանից: Սակայն սա էլ խիստ թեական է, քանի որ անուններն աղավաղված են: Թերեւս ճիշտ է կարդացվում միայն Տարոնի Դավիթ եպիսկոպոսի անունը: Վարդապետներից հիշատակվում են Դանիել Սսեցին, այսինքն՝ ֆրանցիսկյան կրոնավորը, Բարսեղ Մաշկեւորցին, Ներսես Պոսինանդացին եւ կաթողիկոսարանի պաշտոնյաներ Հովհաննեսն ու Ստեփանոսը:
Մյուսները վանահայրեր են. Հովհաննես Ակների, Կարապետ Մեծքարի, Թորոս Մովսիսավանքի, Ստեփանոս Միակեցերի, Հովհաննես Բլուրի եւ ուրիշներ: Սակայն այս անվանումները նույնպես պայմանական են, քանի որ պահպանված թարգմանությունն անունները խիստ աղավաղել է: Նույնը կարելի է ասել ավագերեցների մասին: Ընդհանուր տպավորությունն այն է, որ գումարված ժողովն իր կազմով գերազանցապես կիլիկյան բնույթ ուներ: Հետեւաբար այն հազիվ թե կարելի է կոչել Հայոց Եկեղեցու ընդհանրական ժողով: Զարմանալիորեն մասնակիցների թվում չեն հիշատակվում աշխարհիկ դեմքեր, ինչը հարիր չէր հայոց ազգային ժողովի բնույթին: Իրավացի է Մ. Օրմանյանը, երբ գրում է, որ ժողովն իրականում մասնավոր խորհրդակցություն էր, որ նպատակ ուներ հաճոյանալ լատիններին՝ ինչ-ինչ զիջումներով:


Գրության մեջ քննվում են 117 մոլորությունները, եւ տրվում պատասխաններ: Անդրադառնալն այդ հարց ու պատասխանին գործնականում իմաստ չունի: Նշենք միայն, որ պատասխանները տրվել են՝ ելնելով Տիեզերական առաջին երեք ժողովների եւ հետագայում Հայոց Եկեղեցու գումարած ժողովների որոշումների լադով: Հիշյալ ցուցակը եւ վերջինիս վերլուծությունը հնարավորություն են տալիս ծանոթանալ հայ ունիթորների մտքին ու գործին, ինչպես նաեւ պապականության բռնած դիրքն ըմբռնելուն: Անգամ լատին շատ հեղինակներ, քննելով 117 մոլորությունների խնդիրը, դրանցից շատերը համարել են անհիմն եւ ծիծաղաշարժ: Գալանոսը դրանցից ուշադրության արժանի է համարում միայն 30-ը: Սսի ժողովը, անշուշտ, կատարյալ ազգային ժողով չէր, այլ արտաքին օգնություն ստանալու համար մի ձեռնարկ: Շատ պատասխաններ հնարավորություն են տալիս բավական հստակ պատկերացնելու Հայոց Եկեղեցու ընդհանուր ուղղությունը: Լատին պատմիչն անգամ գրում է, թե թագավորի հորդորներով էր հրավիրվել այդ ժողովը, որ հայերը հնազանդվեն Հռոմեական Եկեղեցուն: Նույնիսկ Հայոց Եկեղեցու հակառակորդներն են հավաստում, որ լատին թագավորից ու նրա կամակատարներից ու ազգակիցներից զատ՝ ճշմարիտ հռոմեադավաններ չկային հայերի մեջ:


Թերեւս Մխիթար կաթողիկոսի զիջումներն արժեք ունենային, եթե Հայոց թագավորությունը լատինների օգնական ուժով վտանգից ազատվեր: Սակայն օգնություն այդպես էլ չստացվեց: Իրականում մեծ հուզումներ եղան, եւ անգամ Ջիվան-Կոստանդինն սպանվեց 1343 թ.՝ իր բռնությունների համար: Սակայն Դարդելը 1344 թվի օգոստոսի 17-ին է դնում նրա մահը եւ այն էլ՝ գունդստաբլի պաշտոնում: Իրողություն, որ պարզապես ճիշտ չէ, քանի որ նա թագավոր էր հռչակվել:


Պալատական խարդավանքների պատճառով Գվիդոն Լուսինյանն ստիպված եղավ հրաժարվել Աքայայի կուսակալությունից եւ վերադառնալ Կիլիկյան Հայաստան: Նա այստեղ կարողացավ տիրել թագավորությանը, իսկ Ջիվան-Կոստանդինը կամավոր հրաժարվեց արքայական իշխանությունից: Արդեն 1343 թ. մարտի 8-ին Գվիդոնը թագավոր է հիշատակվում՝ կապված Անգլիայի Էդուարդ Գ թագավորին դեսպան ուղարկելու հետ: Ջիվան-Կոստանդինը երկու զավակ թողեց՝ 5 տարեկան Բոհեմունդին եւ 2 տարեկան Լեւոնին: Վերջինս Գվիդոն էլ է կոչվում եւ եղել է Կիլիկիայի վերջին՝ Լեւոն Ե Լուսինյան թագավորը:


Շատ հնարավոր է, որ Կղեմես Զ պապը, ստանալով Սսի ժողովի ընդարձակ բացատրությունները հայերի 117 մոլորությունների վերաբերյալ, գոհունակություն ապրեց՝ արտահայտված պատրաստակամության եւ ոչ թե պատասխանների պարունակության կապակցությամբ: Սակայն հայ ունիթոր Պաղոնը եւ նրա գործակիցները պղտորում էին պապի միտքը՝ փորձելով ենթաիմաստներ գտնել պատասխանների մեջ: Պաղոնի եւ նրա գործակիցների համար դա առանձնապես դժվար չէր, քանի որ Հայոց կաթողիկոսն ունիթորների նորաձեւությունների կողմնակից չէր, այլ ընդհակառակը՝ ջատագով էր Հայոց Եկեղեցու ինքնության: Ասենք, որ Կղեմեսն էլ ուրախությամբ էր ականջ դնում հայ ունիթորներին, քանի որ դրանով ազատվում էր հայերին օգնություն ցույց տալու ծանր բեռից:


Գվիդոնը եւ Մխիթար կաթողիկոսը նոր պատվիրակություն ուղարկեցին Ավինիոն, որի մեջ էին Հովհաննես Կրագեցի եպիսկոպոսը եւ վերը հիշատակված Դանիել Մինոր ֆրանցիսկյան կրոնավորը, ինչպես նաեւ երկու ասպետ: Վերջիններս պապի խորհրդով գնացին Ֆիլիպ Զ թագավորի մոտ՝ օգնության խնդրանքով, իսկ կրոնավորները մնացին Ավինիոնում, որոնց պապը կաթոլիկ եպիսկոպոսներ կարգեց:
Այդ ընթացքում Գվիդոնն իրեն առավել քան մոլեռանդ էր պահում՝ ստիպելով հայերին հետեւել լատինական ծեսերին, ինչպես նաեւ հեռացնելով հայերին պաշտոններից եւ նրանց փոխարինելով լատին պաշտոնյաներով: Հասկանալի է, որ դա առաջ է բերում հայերի բուռն վրդովմունքը:


1344 թ. նոյեմբերի 17-ին Գվիդոնն սպանվեց Ադանայում հայ զինյալ իշխանների կողմից: Սպանվեց նաեւ նրա եղբայր Բոհեմունդը, ինչպես նաեւ շատ զորականներ, որոնց արքան բերել էր Արեւմուտքից: Վերջիններիս թիվը 300-ի չափ էր: Սպանվածների մեջ էր պատարագ կատարող դրաներեց քահանան, որը ծեսը կատարում էր Կաթոլիկ Եկեղեցու կարգով: Դավադրությունը մի քանի իշխանի գործ չէր, այլ համազգային շարժում՝ լատինամոլ թագավորի դեմ:


Լուսինյանների տոհմում գահակալի հարմար թեկնածուներ չկային: Ջիվան-Կոստանդինի զավակները փոքր էին, իսկ Գվիդոնը միայն երկու աղջիկ ուներ: Ուստի գահ բարձրացրին Բաղդովինոս (Բաղդուին) մարաջախտի որդի Կոստանդինին՝ Նզրեցիների տոհմից: Նա գահի վրա, ըստ էության, բռնավոր էր եւ չէր սերում արքայական ընտանիքից: Չնայած այլ տեղեկությունների համաձայն՝ նա Կոստանդին-Լեւոնի մորեղբորորդին էր: Նրա կինն էր Օշին խնամակալի եւ Հովհաննայի՝ Օշինի այրի թագուհու դուստր Մարիամը, իսկ Օշինը Լեւոն պայլի քեռին էր: Թերեւս ճիշտ է Մ. Օրմանյանը, որ Կոստանդինն անցել է շարժման գլուխ եւ դարձել թագավոր: Գուցե նա արդեն թագավոր էր հռչակվել Տարոնում եւ իր անունով դրամ էլ էր հատել եւ հետո միայն տիրացել Սսին:


Գվիդոնի սպանությունը հարմար առիթ եղավ, որ Կղեմես պապը հրաժարվի օգնություն ցույց տալուց: Նոր դեսպանությունները, որպես կանոն, մերժում էին ստանում: Պայմանը մեկն էր, որ Հայոց Եկեղեցին հրաժարվի իր ինքնությունից եւ հնազանդվի Կաթոլիկ Եկեղեցուն: Նոր միայն դրանից հետո պապը խոստանում է օգնության ձեռք մեկնել հայերին: Այդ պահանջներով Կղեմեսը Կիլիկիա ուղարկեց Անտոն Կայետացուն, Հովհաննես Կոլոնացուն (Քյոյնեցուն ?) 1346 օգոստոսի 31-ին:


Կոստանդին Նզրեցին գահ բարձրացավ հակաունիթորական ալիքի վրա: Սակայն նա նույնպես կամենում էր ձեռք բերել լատինների բարեհաճությունը՝ զանազան խոստումներ տալով, ինչպես նաեւ դավանաբանական հարցերում զիջումների գնալով: Ստիպված էր այդ գծին հետեւել Մխիթար կաթողիկոսը: Նրանց կարծիքով՝ այդ էր պահանջում երկրի շահը: Պապի պատվիրակները Կիլիկիայում մնացին 8 ամիս, այլ խոսքով՝ մինչեւ 1347 թ. ամռան սկիզբը՝ ամեն ինչ անելով թագավորին, կաթողիկոսին եւ հայոց ավագանուն կաթոլիկության մղելու համար:


Սակայն անգամ տրված խոստումները ոչինչ չարժեին, քանի որ Հայոց Եկեղեցին հիմնովին հռոմեադավանության չանցավ: Երկու կողմերն էլ մի տեսակ մրցակցություն էին սկսել, թե որ կողմը մյուսին կխաբի:
Կղեմեսը ձեւ արեց, որ իր պատվիրակների կողմից բերված հայերի հայտարարությանը հավատում է եւ խոստացավ 1347 թ. սեպտեմբերի 27-ին տարեկան 12 հազար ոսկի եւ 1000 ձիավոր ուղարկել հայերին, սակայն միաբանության պայմանով: Բնական է, որ գործնականում ոչ մի օգնություն էլ չի եղել: Ձիավորները դեռ պիտի հավաքվեին, իսկ ոսկիները պետք է վճարեր Կիպրոսի թագավորը՝ Արեւելքի լատիններից: Կրակին յուղ էին լցնում Ներսես Պաղոնը եւ Կոստանդին Կարսիլին՝ անընդհատ գրգռելով ներքին վեճերը:


Ջիվան-Կոստանդինի այրին իր զավակներով՝ Բոհեմունդի եւ Լեւոնի հետ գտնվում էր Կոռիկոսի բերդում: Կոստանդին թագավորի մարդիկ փորձում են մեղրով թունավորել երեխաներին, սակայն նրանց մայրը՝ Սուլթան տիկինը, մեղրով հյուրասիրում է մի աղքատ կնոջ, որը մեռնում է, իսկ իրենք փրկվում են: Երեխաներին փորձում են սպանել 2 ասպետների ձեռքով, սակայն Սուլթան տիկինը երեխաների հետ Կոռիկոսից փախչում է Կիպրոս, սակայն այնտեղ լավ ընդունելություն չի գտնում: Ծովափից հեռանալով՝ տեղափոխվում են Ս. Սիմեոնի դղյակ, սակայն վիճակը փոխվում է, երբ Կիպրոսի թագավոր Հուգոնը նրանց վերցնում է արքունիք: Հուգոնը մահացավ 1361 թվին, իսկ Սուլթան տիկինը եւ երեխաները վայելում են նրա որդու՝ Պետրոս Ա-ի հյուրընկալությունը: Երեխաներն առաջադիմում են զինվորական գործի մեջ՝ մտածելով հայկական գահին տիրելու մասին՝ որպես Գվիդոնի եղբորորդիներ: Նրանք իրենց մայրական կողմից համարում էին Պապեռոնյան տոհմի ժառանգներ:


Իսկ այդ ընթացքում Կիլիկիայի Հայկական թագավորությունն աստիճանաբար քայքայվում էր: Կարամանցիները հյուսիսից գրավում են Պապեռոնը, եգիպտացիք՝ Այասին, իսկ Լիպարիտ զորավարի որոշ հաջողությունները վիճակը չեն շտկում: Կղեմես Զ պապը սուտ խոստումներ էր տալիս՝ այն կապելով հայերի մոլորություններից ազատվելու պահանջի հետ: Հայերի մոտ էլ ոչինչ չէր փոխվում, քանի որ սպասված օգնությունը չկար ու չկար, իսկ լատին կրոնավորները եւ հայ ունիթորները շարունակ լուրեր էին ուղարկում պապին, թե հայերը պարզապես կեղծում են: 1351 թվին նա Մխիթար կաթողիկոսից նոր բացատրություններ պահանջեց: Վերջինս լոկ պատասխանեց, որ պապը լավ կանի ամեն հանդիպած լրատուի ականջ չդնի: Պապը պահանջում է վերջնական հայտարարություն, որը պետք է քննության առնեին Արեւելքի եպիսկոպոսները, իսկ Պաղոնին հանձնարարվում է դրա թարգմանությունը: Թե ինչ եղավ նրա գործունեությունը, հայտնի չէ, սակայն մի բան պարզ է, որ նրանից լավ բան սպասելն իմաստ չուներ:


Մխիթար կաթողիկոսը մահացավ 1355 թվին՝ 14 տարի հովվապետելուց հետո: Նա հռոմեադավան չդարձավ, սակայն փորձում էր պապին համոզել, որ ինքը կանգնած է հռոմեադավանության դիրքերում: Պատահական չէ, որ ժամանակակիցները Մխիթարին համարում են ուղղափառ, այսինքն՝ հայկական դավանանքի: Մխիթարի բռնած դիրքն էլ կարելի է հասկանալ: Քանի որ Հայոց թագավորությունը ծանր կացության մեջ էր, նա փորձում էր ամեն գնով ձեռք բերել Արեւմուտքի օգնությունը: Այսուհանդերձ՝ նա ամեն կերպ ընդդիմանում էր հռոմեադավանությանը: Նրա բռնած այդ տատանողական վարվելակերպը լավ պայմանավորված էր երկիրը փրկելու եւ Եկեղեցին անաղարտ պահելու քաղաքականությամբ: Հռոմի պապերը (Ավինիոնում նստած) ավելի լավ կանեին հրաժարվել կեղծ խոստումներից, եւ այն ժամանակ հայերը կմտածեին փրկության այլ ուղիների մասին: