ՀԱԿՈԲ Բ ԱՆԱՎԱՐԶԵՑԻ

ՀԱԿՈԲ Բ ԱՆԱՎԱՐԶԵՑԻ

(1327-1341)
 

Կոստանդին Լամբրոնացին մահացավ 1326 թվին, սակայն նրան հաջորդած Հակոբ Բ Անավարզեցին կաթողիկոսական աթոռ բարձրացավ միայն 1327 թ. սկզբներին՝ ըստ Մաղաքիա Օրմանյանի ենթադրության, հավանաբար, Աստվածհայտնության տոնին: Նա Գրիգոր Տուրքերիցանցի քրոջորդին էր: Նա եղել է Կապանի եպիսկոպոսը, որը երբեմն-երբեմն ընդգրկվել է Արեւմուտքի հետ բանակցող դեսպանությունների մեջ: Ավելի ուշ եղել է Անավարզայի (իմա՛ Անաբարզա) եպիսկոպոսը՝ հաջորդելով Ադանայի ժողովի մասնակից Հովհաննես Անավարզեցուն: Կոչվել է նաեւ Տարսոնացի, Սսեցի, սակայն Մ. Օրմանյանը նպատակահարմար է գտել նրան ներկայացնելու Անավարզեցի անունով:


Հակոբ Բ-ն կաթողիկոս օծվեց Լեւոնի եւ Օշինի հովանավորությամբ՝ հաշվի առնելով նրա լատինասեր ուղղվածությունը: Սակայն նա մոլեռանդ լատինասեր չէր եւ մշտապես փորձել է զսպել անսանձ լատինասերներին: Կիլիկիայում, ցավոք, տիրում էր այն մտայնությունը, որ Արեւմուտքի հետ բարեկամությունն անհրաժեշտ է երկրի պաշտպանության համար: Դրա արդյունքում մեծ արտոնություններ էին տրվել լատին խաչակիրներին եւ կրոնավորներին, նրանց հետ հաստատել խնամիական ու ազգակցական կապեր: Կաթոլիկ հոգեւորականները հայտնվել էին անգամ արքունիքում՝ որպես խորհրդատուներ: Կասկածից վեր է, որ Հակոբ Բ-ն կապեր է ունեցել լատինասերների հետ, սակայն իր մեջ ուժ է գտել հրաժարվելու անգամ կաթողիկոսությունից, սակայն հետ չի կանգնել իր սկզբունքներից:


Դժբախտաբար, լատինամոլությունը ոչ միայն տարածված էր Կիլիկիայում, այլեւ սկսել էր ամուր դիրքեր ձեռք բերել բուն Հայաստանի արեւելյան շրջաններում: Պապականության ներկայացուցիչներն իրենց կենտրոնը դարձրին Սուլթանիա քաղաքը եւ այնուհետեւ սկսեցին լայն քարոզչություն հարեւան երկրներում: Լատին քարոզիչների մեջ կայն շատ ունակ եւ մեծ գիտելիքների տեր մարդիկ, այնպես որ Գլաձորի համալսարանի վարդապետ Եսայի Նչեցին անգամ հետաքրքրված էր Մարաղայի լատին եպիսկոպոս Բարթողիմեոս Պոնտացու գիտական կարողությամբ, մի մարդու, որ հմուտ էր բնական գիտությունների եւ աստղագիտության ասպարեզում: Եսայի Նչեցին 1328-ին Մարաղա ուղարկեց իր աշակերտ Հովհաննես Քռնեցի վարդապետին, որը պետք է լատինների մոտ եղած օգտակարը հավաքեր եւ բերեր Հայաստան: Սակայն շատ հնարավոր է, որ Քռնեցին, հակված լինելով դեպի լատինասիրությունը, համոզում է Եսայի Նչեցուն իրեն ուղարկել Մարաղա: Հովհաննես Քռնեցին Մարաղա մեկնեց Հակոբ վարդապետի հետ եւ մեկուկես տարի մնաց այնտեղ: Նա ուսումնասիրեց կաթոլիկ աստվածաբանությունը եւ միաժամանակ հայերեն սովորեցրեց մի շարք լատին հոգեւորականների: Թերեւս նա էլ նրանց մեջ սերմանեց Հայաստանում հռոմեադավանությունը տարածելու միտքը: Վերադառնալով հայրենիք՝ Քռնեցին կարողացավ իր կողմը գրավել քեռի Գեւորգին, որը Քռնայի գյուղապետն էր, եւ նրա կնոջը՝ Էլթիկին: 1330 թվին նրա հետ Հայաստան եկան լատին հոգեւորականներ Բարթողիմեոսը եւ Պետրոս Արագոնացին:


Քռնայի գյուղապետը 60 օրվա ընթացքում կառուցում է Ս. Աստվածածին եկեղեցին եւ կից՝ լատինական վանք, որտեղ Հովհաննես Քռնեցին հավաքում է իր զինակից վարդապետներին, որոնցից 12-ի անունները պատմությունը պահել է. Հակոբ Քռնեցի, Մարգար Օծոպեցի, Հայրապետ Յոթնաղբյուրցի, Հովհաննես Ծվանցի, Սիմեոն Բասենցի, Ներսես Տարոնեցի, Առաքել Արտազացի, Լալ Արտազացի, Գրիգոր Ապրակունեցի, Կոստանդին Կաղզվանեցի, Հովհաննես Կաղզվանեցի եւ Սիմեոն Խաչենցի: Այս ամենի շնորհիվ Մարաղայի Բարթողիմեոս եպիսկոպոսը Նախիջեւանի արքեպիսկոպոս կարգվեց եւ դարձավ նոր միաբանության առաջնորդ: Կաթոլիկ Եկեղեցուն միանալու կողմնակիցներն ստացան Ունիթոր (Unitor) անունը, այլ խոսքով՝ Միաբանող, որ նպատակ ուներ Հայոց Եկեղեցին միացնելու Կաթոլիկ Եկեղեցուն: Միաբանող կամ ունիթոր հայերի միաբանության համար կանոնադրություն կազմվեց Դոմինիկյանց միաբանության կանոնադրության նմանությամբ: Հայ կաթոլիկների առաջին ձեռնարկը եղավ լատինական գրքերի հայերեն թարգմանությունը: Թարգմանվեցին նաեւ լատինական ծիսարանները: Նպատակը մեկն էր. տիրել հայերի մտքերին եւ ուժեղացնել հռոմեադավանների դիրքերը: Թարգմանության մեջ Բարթողիմեոսին մեծապես օգնեց Ֆրաթեր (Եղբայր) Պորտիոսը, որը Ֆրանցիսկյան միաբան էր եւ հմուտ՝ հայերենի մեջ:
Եսայի Նչեցին փորձեց ճիշտ ուղու վրա բերել Հովհաննես Քռնեցուն, սակայն հաջողության չհասավ: Հայտնի են Լատին Եկեղեցու ջատագովների դեմ գրած նրա զանազան նամակներն ու աշխատությունները:


Հակոբ Բ Անավարզեցին խորապես գիտակցեց Հովհաննես Քռնեցու կատարածի ողջ վտանգավորությունը եւ 1332 թ. մարտի 6-ին նամակ գրեց նրան՝ դատապարտելով օտար ծեսերի եւ դավանության ընդունումն ու կիրառությունը: Կաթողիկոսի հորդորներն ազդեցություն չգործեցին: Ընդհակառակը՝ լատինասերները շարունակեցին իրենց բուռն գործունեությունը: Նրանք հայածեսությունը համարում էին մոլորություն: Բարթողիմեոսը եւ նրա կողմնակիցները հայադավան վարդապետությունը հռչակեցին անվավեր ու չեղյալ: Հանդիպելով դիմադրության՝ Բարթողիմեոսն ստիպված եղավ առժամանակ հրաժարվել ծայրահեղություններից: 1333-ին Բարթողիմեոսը մահացավ՝ իրեն հաջորդ թողնելով Հովհաննես Քռնեցուն: Շատ չանցած՝ ծեր հասակում, մահացավ Եսայի Նչեցին:


Մինչ բուն Հայաստանում սկսել էր տարածվել ունիթորական շարժումը, 1329 թվին լրացավ Լեւոնի տասնամյա խնամակալության պայմանաժամը, եւ Օշինն իշխանությունը հանձնեց նրան: Լեւոնն իր մեջ զսպված ցասումն ու վրեժխնդրությունը պարպեց՝ առաջին հերթին ձերբակալելով իր խնամակալ Օշին պայլին, որն իր քեռին էր ու աները: Շատ չանցած՝ ձերբակալվեց մյուս խնամակալ Կոստանդինը, որն Օշինի եղբայրն էր: Հետաքրքիրն այն էր, որ Օշինի գլուխն ընծա ուղարկվեց Եգիպտոսի Նասր սուլթանին, իսկ Կոստանդինինը՝ Թավրիզի տիրակալ Բուսայիդին: Որքան էլ պատմիչները փորձեն արդարացնել Լեւոնի կատարածը, իրականությունն այն է, որ թագավորը սպանել տվեց նաեւ իր կնոջը, որն Օշինի դուստրն էր: Պատմությունը չի պահպանել ոչ մի փաստ, որն արդարացներ թագուհու սպանությունը: 1331-ին նա ամուսնացավ երկրորդ անգամ՝ Սիկիլիայի (իմա՛ Սիցիլիայի) թագավոր Ֆրեդերիկ Ա-ի դստեր հետ, որը Կիպրոսի Հենրիկոս Բ թագավորի այրին էր: Թագավորի ամուսնության մեջ Հակոբ կաթողիկոսը որեւէ դեր չխաղաց եւ ոչ էլ կարողացավ նրան հետ պահել անտեղի ձեռնարկներից:


Շուտով բացահայտվեցին թագավորի լատինամոլ գծերը: Շատ պաշտոններ հանձնվեցին լատիններին, եւ լատին հոգեւորականների համար ստեղծվեցին ամեն տեսակի դյուրություններ: Լեւոնի կարծիքով՝ Հայոց թագավորությունն Արեւմուտքի պաշտպանության կարիքն ուներ, եւ ձգտում էր այնտեղից օգնություն ստանալ թշնամական շրջապատման եւ վտանգի ահագնացման դեպքերում: Արքունիքը կորցրել էր իր հարեւան մահմեդական պետությունների հետ հաշտ ու խաղաղ հարաբերություններ պահպանելու հնարավորությունը:


Թերեւս այդ հաշվի առնելով՝ Լեւոն արքան իր մոտ հրավիրեց հորաքրոջ որդիներին, որոնց Օշին պայլն աքսորել էր, եւ նրանք հաստատվել էին Հռոդոս կղզում: Լուսինյան եղբայրներից Ջիվանին հանձնվեց պայլությունը, Բոհեմունդին՝ Կոռիկոսի իշխանությունը, իսկ Գվիդոնն իր մորաքրոջ՝ Ռիթա կայսրուհու օգնությամբ կուսակալ նշանակվեց Աքայայում: Լատին իշխան Բոլդվինը նշանակվեց մարաջախտ, իսկ Բոհեմունդ անունով մեկն ստանձնեց սենեսջալությունը: Թագավորին թվում էր, թե իր այդ քաղաքականության միջոցով օգնություն կստանա Արեւմուտքից: Օգնություն այդպես էլ չստացվեց, սակայն երկիրն աստիճանաբար վերածվում էր խաչակրաց պետության: Լատինամոլությանն ընդդիմանում էին երկրի ազգային ուժերը, որոնց գլուխ կանգնած էին Հայոց կաթողիկոսները: Լատինամոլությունը չհանդուրժեց նաեւ Հակոբ Բ Անավարզեցին: Չդառնալով հռոմեադավան՝ նա շարունակեց մերձենալ լատինների հետ՝ օգնություն ստանալու ակնկալիքով: Այս անորոշ վարքագծի պատճառով նրանք ստացան Աղթարմա կոչումը:


Կատարյալ հռոմեադավան դարձան Հովհաննես Քռնեցին եւ նրա կողմնակիցները Նախիջեւանի երկրամասում: Քռնեցին անձամբ գնաց Հռոմ՝ ստանալու Հռոմի պապի օժանդակությունը՝ ընդարձակելու համար իր միաբանությունը: Քռնեցին լատինական ծեսով ուխտադրություն կատարեց եւ ճանաչվեց միաբանողների գավառական կարգի առաջնորդ: Դրանից օգտվելով՝ Քռնեցին շրջաբերական նամակով դիմեց հայ միաբանողներին՝ տալով հարկ եղած հրահանգները: Նամակում նշվում էր 19 մոլորություն, որ թույլ է տալիս Հայոց Եկեղեցին: Դրանց մեջ նա թվարկում է միաբնակությունը, վերջին դատաստանից առաջ արքայությունը եւ դժոխքը չընդունելը, Հռոմը քրիստոնեական Եկեղեցիների գլուխ չճանաչելը, Քաղկեդոնի ժողովի մերժելը եւ այլն եւ այլն:


Քռնեցին եւ նրա ընկերները Հռոմում կրկին ձեռնադրվեցին եւ մկրտվեցին եւ իրենց հերթին շատերին մկրտեցին ու ձեռնադրեցին: Այս քաղաքականությունն սկսեցին կիրառել ոչ միայն Նախիջեւանում, այլեւ Տփղիսում, Կաֆայում, ուր ճենովացիք էին իշխում, իսկ շատ չանցած՝ նաեւ Կիլիկիայում, որտեղ հաստատվել էին Ուրմիայից ու Կարինից եկած Ներսես Պաղոնը եւ Սիմեոն Բեկը, որոնք մինչ այդ հիշյալ վայրերի եպիսկոպոսներն էին եղել: Մ. Օրմանյանը միանգամայն իրավացիորեն Ներսես Պաղոնին նույնացնում է Քռնեցու ընկեր Ներսես Տարոնեցու, իսկ Սիմեոն Բեկին՝ Սիմեոն Բասենցի վարդապետների հետ: Ունիթորական ուղղությունը մուտք գործեց Կիլիկիա՝ առաջ բերելով Հայոց կաթողիկոսի զայրույթը: Նա անգամ կարողացավ Լեւոն արքային համոզել, որ Ներսեսին ու Սիմեոնին ձերբակալի եւ հանձնի կաթողիկոսին: Ձերբակալվածները խոստացան իրենց բռնած դիրքից հրաժարվել, սակայն ազատվելուց հետո իրենց քարոզչությունը շարունակեցին Կանչի բերդում եւ այլուր: Ժողովուրդը պատրաստվում էր Ներսեսին քարկոծել, եւ նա միայն կաթողիկոսի օգնությամբ խուսափեց քարկոծվելուց եւ հեռացավ Կիլիկիայից: Կաթողիկոսն անգամ գրեց Հռոմի պապին, որ նա խրատի յուրայիններին, իսկ ունիթորներն իրենց հերթին բողոքում էին պապին, թե կաթողիկոսը եւ թագավորը հալածում են իրենց, ավերում իրենց եկեղեցիները:


1335 թ. Կիլիկիան մեծ հարձակման ենթարկվեց Նասր սուլթանի կողմից. թշնամին ավերեց Տարսոնը եւ Ադանան, մեծ կոտորած կազմակերպվեց ժողովրդի շրջանում: Պապը որպես օգնություն տվեց 30 հազար ոսկի, իսկ Ֆրանսիայի թագավորը՝ 10 հազար: Սակայն պայման էր դրված, որ օգնությունը կստացվի, եթե հայերն իրենց քաղաքականությունը փոխեն ունիթորների նկատմամբ: Թագավորը թողեց Սիսը, որ չընկնի թշնամու ձեռքը: Նա օգնության խնդրանքով նամակներ էր ուղարկում Բենեդիկտոս ԺԲ պապին, սակայն օգնություն այդպես էլ չստացվեց, բացի ցավակցական պատասխաններից: Այս ամենից հետո հայոց արքան ստիպված եղավ 1337 թվին բանակցել եւ ծանր պայմաններով հաշտություն կնքել Եգիպտոսի Նասր սուլթանի հետ: Թշնամուն անցան Ջահան գետից արեւելք ընկած հողերը, եւ հայոց թագավորը պարտավորվեց այլեւս Արեւմուտքի եւ Հռոմի պապի հետ բանակցություններ չվարել:


Հռոմի պապի միակ հոգատարությունն այն եղավ, որ 1338 թվի մայիսի 1-ի նամակով հայոց արքային ազատեց Նասր սուլթանին տված երդումից: Սակայն օգնություն այդպես էլ չստացվեց: Այսինքն՝ այս նամակագրությունը կրկին վտանգի տակ դրեց Հայոց թագավորությունը: Երեք տարի խաղաղություն էր տիրում, չնայած բանակցությունները շարունակվում էին Արեւմուտքի հետ: Սակայն դա արվում էր գաղտնի եւ զգուշավոր:
Վիճակը լավ չէր նաեւ բուն Հայաստանում: Բուսայիդ կամ Աբասայիդ խանի մահից հետո նրան հաջորդեց Արփա խանը, որը քրիստոնյա էր: Թերեւս այդ պատճառով նա 6 ամիս անց սպանվեց Աբասայիդի քեռի Ալի փաշայի կողմից, որն անվանապես գահ բարձրացրեց Մուսի անունով մեկին, սակայն իրականում իր ձեռքը վերցրեց պետական իշխանությունը: Նա խստացրեց իր քաղաքականությունը քրիստոնյաների նկատմամբ՝ շատ տեղերում քանդել տալով եկեղեցիները: Վիճակը փոխվեց այն բանից հետո, երբ Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Սեֆեդինյանը ներկայացավ Ալի փաշային եւ նրան համոզեց իր հրամանի անտեղիության մեջ: Դա եղավ, հավանաբար, 1335 թվին: 1336 թվին սպանվեց Ալի փաշան՝ Խալիթ աղայի կողմից, որը մեծ խան հռչակվեց, սակայն իրականում երկիրը բազմաթիվ իշխանությունների բաժանվեց: Այդ վիճակը շարունակվեց մինչեւ Լենկթեմուրի քաղաքական ասպարեզում հայտնվելը:


Բուն Հայաստանում ամրանում էին ունիթորների դիրքերը, որոնք հաջողության էին հասել 3 քաղաքներում եւ 30 գյուղերում: Նրանց գործունեության հիմնական բնագավառը թարգմանություններն էին, որոնք, սակայն, մեծ վնաս հասցրին հայերենին՝ հայերի կողմից բնագրին բառացի հետեւելու եւ լատին հոգեւորականների հայերեն վատ իմանալու պատճառով: Այդ նույն ժամանակ Երուսաղեմի պատրիարքությունը հոգ էր տանում ազգային դավանանքին ու հարստություններին: Եվ այդ գործում նա ստանում էր Նասր սուլթանի աջակցությունը: Նրա թույլտվությամբ 1339 թվին նորոգվեց Սբ Հակոբի պարիսպը, եւ 1341-ին տուրքից ազատվեցին Սբ Հարություն մտնողները:


Լեւոն արքայի գաղտնի բանակցություններն Արեւմուտքի հետ, այնուամենայնիվ, հայտնի դարձան Եգիպտոսում: Դրան հետեւեց 1340 թ. արշավանքը: Թշնամին 16 բերդ ավերեց եւ սպառնաց ավելին անել, եթե հայերը չստորագրեն հաշտության պայմանները: Դա երկրում առաջ բերեց բազմակարծություն՝ արտաքին քաղաքականության հարցում: Լեւոնը պատրաստ էր Արեւմուտքից ետ կանգնել, սակայն լատին պաշտոնյաները եւ լատինամոլ հայ գործիչներն ընդդիմանում էին դրան: Հասարակության երկփեղկվելու արդյունքը եղավ կաթողիկոսի հրաժարվելը հայրապետական իշխանությունից եւ նոր կաթողիկոսի ընտրությունը: Հասկանալի է, որ անկախ Ղ. Ալիշանի կամ Մ. Չամչյանի բացատրություններից, լատինասեր թագավորն ազատվել էր ազգային Եկեղեցու ավանդությունների պաշտպան կաթողիկոսից: Եվ դա կարողացել էր իրականացնել շնորհիվ իր ունեցած քաղաքական իշխանության: Սակայն Հակոբը գահընկեց չեղավ, այլ հրաժարական տվեց: Նա համոզվել էր Արեւմուտքի հետ կապերի անօգտակարության հարցում, տեսել դրա վնասակարությունը, ուստի կողմնակից էր Եգիպտոսի հետ հաշտությունը պահպանելուն: Աջակցություն չգտնելով այդ հարցում արքունիքում՝ նա ստիպված եղավ հրաժարական տալ: Անշուշտ, դրանով նա ազատում էր իրեն անձնական պատասխանատվությունից, սակայն նրա հեռանալը պարզապես դարձավ ունիթորների համար հաջողություն: Այստեղ նա, իհարկե, իր պասիվ վարքագծով ավելի շուտ դրսեւորեց իր տկարամտությունը: Հակաունիթորները կարող էին համախմբվել նրա շուրջը, սակայն իր հրաժարականով նա ջլատեց նրանց ուժերը:


1335 թվին նահատակվեց Ամենավագ Դերջանցին: Նա Գառնբերդակ գյուղից էր՝ Թիմերի եւ Զավենի որդին՝ հողագործ անձնավորություն: Պարտատեր այլազգին պահանջում է պարտքը, իսկ եղբայրը հրաժարվում է նրան օգնել: Նա իր սրտի ցավը հայտնում է ներքոհիշյալ խոսքերով. «Այդ ի՞նչ քրիստոնեություն է, ես չգիտեմ»: Այլազգիները դրանից հետեւցնում են, որ նա հրաժարվում է քրիստոնեությունից եւ մահմեդական դառնում: Դա նրանք վկայում են Հասան դատավորի եւ գավառապետ Մահմուդի մոտ: Ամենավագը մի պահ թաքնվելուց հետո վեռադառնում է Գառնբերդակ՝ մտածելով, որ գործը մոռացված է: Սակայն ճանաչվում է եւ որպես իսլամությունից ետ կանգնող՝ կանչվում է դատարան: Դատավորին չի հաջողվում համոզել նրան մահմեդականություն ընդունել, ուստի մահվան վճիռ է կայացվում: Նրան խոշտանգելով՝ տանում են հրապարակ, եւ գլուխը ջախջախելով՝ սպանում: Նա նահատակվում է մարտի 10-ին եւ թաղվում նույն ամսի 12-ին: Գառնբերդակ գյուղը հայտնի էր մինչեւ 1915 թիվը, սակայն անհայտ է նրա գերեզմանը:


Այս շրջանում գործել է Մխիթար Սասունցի վարդապետը, որը բնիկ սասունցի էր՝ մի ամբարիշտ մարդու որդի: Հոր մահից հետո նա հաստատվում է Կերմանից գյուղում, իսկ մոր մահից հետո՝ Գայլեձորի վանքում: Ավելի ուշ նա փոխադրվում է Արճեշի Կերմանից վանքը եւ դառնում նշանավոր քարոզիչ՝ իր ազդեցիկ խոսքով եւ համոզիչ գործունեությամբ: Նա Հայոց ուղղափառ Եկեղեցու մեծ ջատագովն էր: Ունիթորները փորձեցին նրան ամբաստանել, սակայն նա շարունակեց իր քարոզչությունը եւ սրբությամբ վախճանվեց 1337 թ. փետրվարի 19-ին: Նա հայտնի է նաեւ Կերմանեցի մականունով: