(1323-1326)
Կոստանդին Գ Կեսարացուն հաջորդեց Սսի եպիսկոպոս Կոստանդին Դ Լամբրոնացին, որը Լեւոն արքայի հրամանով կաթողիկոս ձեռնադրվեց 1323 թ. հունվարի 6-ին: Կոչվել է նաեւ Դրազարկեցի՝ անտարակույս Դրազարկի վանքի առաջնորդ լինելու պատճառով: Կասկած չկա, որ եղել է Կոստանդին Գ Կեսարացու գործընկերներից մեկը եւ թերեւս այդ պատճառով էլ հաջորդել է նրան: Այս իրողությունը նաեւ ցույց է տալիս, որ Հռոմկլայից հեռանալուց հետո կաթողիկոսները Սիսը դեռ չէին դիտում կաթողիկոսանիստ: Քաղաքական հարցերում եղել է հմուտ: Հույսը կորցնելով Արեւմուտքի օգնությունից՝ նա, չնայած իր առաջացած տարիքին եւ տկար առողջությանը, մեկնեց Եգիպտոս, ներկայացավ Նասր սուլթանին եւ հաջող բանակցությունների միջոցով կնքեց հաշտություն 15 տարի ժամանակով: Հայերը պետք է որոշ քանակությամբ հարկեր վճարեին եւ վերականգնեին եգիպտացիների կողմից քանդված ամրոցները:
Այս ընթացքում Օշին պայլը, փոխանակ մտածելու երկրի անվտանգության ապահովման մասին, շարունակում էր իր բռնությունները: Նա բանտ նետեց անգամ Ամորի Լուսինյանի այրի Զապլուն տիկնոջը՝ չորս զավակների հետ: Հետո հրաման տվեց տիկին Զապլունին խեղդել, նրա ավագ որդուն՝ Հուգոնին, թունավորել, իսկ Հենրիկոսին՝ սովով եւ ծարավով սպանել: Փոքրահասակ Ջիվանը եւ Բոհեմունդը (Պեմունդը) աքսորվեցին եւ հաստատվեցին Հռոդոս կղզում՝ Հյուրընկալ ասպետների մոտ: Գվիդոնը գտնվում էր Կոստանդնուպոլսում՝ իր մորաքույր Ռիթա կայսրուհու մոտ, որով խուսափեց հաշվեհարդարից:
Օշին պայլն իր կնոջ՝ Հովհաննայի մահից հետո մնաց իր դստեր՝ Մարիամի հետ: Նա շարունակում էր կապեր պահպանել լատինների հետ՝ ուղարկելով դեսպանություններ եւ պահպանելով նամակագրություն, ինչը չէր վրիպում եգիպտացիների աչքից: Այդ պատճառով 1324 թվին նրանք կրկին արշավեցին Կիլիկիա: Դա երկրին մեծ վնաս պատճառեց: Օշին պայլի այդ վարքագիծը, անշուշտ, չէր կարող լինել կաթողիկոսի սրտով, որը որոշակիորեն հեռացել էր լատինամոլությունից: Ուստի Օշին պայլի եւ Լեւոն արքայի ուղարկած դեսպանները մեկնում էին Արեւմուտք՝ առանց կաթողիկոսի միջնորդության:
Կոստանդին Լամբրոնացին մահացավ չորս տարվա հովվապետությունից հետո: Նա թաղվեց Դրազարկի վանքում, որի առաջնորդն էր եղել մինչեւ Սսի եպիսկոպոս դառնալը: