ԿՈՍՏԱՆԴԻՆ Գ ԿԵՍԱՐԱՑԻ

ԿՈՍՏԱՆԴԻՆ Գ ԿԵՍԱՐԱՑԻ

(1307-1323)
 

1307 թվի մարտի 19-ին Հեթում կրոնավոր-թագավորահայրը եւ Լեւոն թագավորը միօրյա ժողով գումարեցին եւ չորս օր անց՝ մարտի 23-ին, խորհրդավոր հանգամանքներում կամակատար եպիսկոպոսների ձեռքով կաթողիկոս օծեցին Կոստանդին Կեսարացուն: Նպատակն այն էր, որ Զատկի օրն իրենց գաղափարակից կաթողիկոս ունենան: Գալանոս Կղեմես պատմիչի համաձայն՝ կաթողիկոս է դարձել Կոստանդին Կեսարացի հերձվածողը: Այդպես են որակում նրան նաեւ հետագայում: Ստեփանոս Օրբելյանի խոսքերով՝ Կոստանդին Կեսարացին եղել է Անավարզեցու նվիրակը:


Մաղաքիա Օրմանյանը, ելնելով մեզ հասած նյութերից, գրում է, որ Կեսարացին իրավամբ կարող է կոչվել «առաջին աղթամարայ ի Սիս», քանի որ նա առաջին անգամ կիսապաշտոնական ձեւով հետեւել է հռոմեադավանությանը կամ կաթոլիկությանը: Նրա այդ վարքագիծը պարզորոշ դրսեւորվեց դեպի Սյունիք կատարած ուղեւորության ժամանակ, երբ նա հրաժարվեց Ստեփանոս Օրբելյանի պատասխան նամակն իր հետ վերցնելուց, քանի որ դրան համաձայն չէր: Եթե Անավարզեցի կաթողիկոսն իր ծրագրերը կյանքի կոչելու համար եկեղեցական ժողովի կարիք ուներ եւ իր անձնական մտքերը պաշտոնապես չհռչակեց եւ չհամարձակվեց բացահայտ գործադրել, ապա Կեսարացին աներկբայորեն պաշտպանեց Սսի ժողովի որոշումները, որոնք փաստորեն իր գործն էին եղել: Միայն թե նա այլեւս առաջնորդվում էր Սսի ժողովի պաշտպան պալատականների խոսքով եւ համակիր եպիսկոպոսների կարիք չուներ: Իրողությունն այն էր, որ Սսի ժողովի մասնակից եպիսկոպոսներն անգամ չհամարձակվեցին ամեն տեղ կիրառել հիշյալ ժողովի որոշումները: Իսկ ժողովուրդը դրանք չընդունեց: Հեթումի, Լեւոն արքայի եւ Կոստանդինի դեմ մարդիկ լցված էին ատելությամբ: Արեւելյան եպիսկոպոսները, մասնավորապես Սյունիքի հոգեւոր առաջնորդները չընդունեցին եւ մերժողական պատասխան նամակ ուղարկեցին:


Ցավոք, ժողովրդի եւ հոգեւորականության մեծ մասի կողմից չընդունված Սսի ժողովի որոշումները ծանր հետեւանքներ ունեցան Հայոց թագավորության եւ ազգի համար: Հայկական հասարակությունը երկփեղկվում էր այնպիսի շրջանում, երբ Եգիպտական սուլթանության հարձակման սպառնալիքը շարունակում էր պահպանվել, իսկ իսլամ ընդունելուց հետո մոնղոլների վերաբերմունքը հայերի նկատմամբ սկսել էր թշնամական երանգներ ձեռք բերել: Կիլիկիա ուղեւորված Փիլարղու կամ Բիլարղու զորավարը շատ վատ ընդունեց Սսում մոնղոլների կողմից մզկիթ կառուցելու ծրագրին հայերի ցույց տված ընդդիմությունը: Թերեւս դա չհանգեցներ երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների վատացմանն ու խզմանը, եթե մոնղոլ զորավարին Հեթումի եւ Լեւոն արքայի դեմ չգրգռեին Սսի ժողովի որոշումներից դժգոհ իշխաններն ու հոգեւորականները: Փիլարղուն նենգությամբ իր մոտ հրավիրեց Լեւոն արքային ու Հեթումին եւ տեղ հասնելուն պես սպանել տվեց երկուսին էլ՝ նրանց հետ եկած 40 իշխանների հետ մեկտեղ: Այդ եղեռնագործությունը տեղի ունեցավ 1307 թվի նոյեմբերի 17-ին, չնայած «Յայսմաւուրք»-ն այն դնում է նոյեմբերի 16-ին: Այդ տեղի ունեցավ Սսի ժողովից ընդամենն ութ ամիս անց:


Հեթումը զոհ գնաց իր մոլեռանդ լատինամոլությանը, որը երկրին միայն բազում փորձանքներ բերեց: Դժվար է անգամ այսօր պարզել, թե նա առաջնորդվում էր քաղաքական շարժառիթներո՞վ՝ հուսալով ստանալ արեւմտաեվրոպացիների օգնությունը, թե՞ անկեղծորեն կամենում էր հասնել քիստոնեական բոլոր Եկեղեցիների միավորման: Հեթումից մեզ է հասել մի Աստվածաշունչ՝ ինքնագիր հիշատակարանով, որը բարեպաշտության հետ միասին՝ ազգասիրության կրքոտ երանգներ ունի: Շատ ավելի քիչ բան գիտենք Լեւոն Գ արքայի մասին: Գործնականում՝ ոչինչ, որովհետեւ պատմությունը, ըստ էության, նրա մասին հիշատակներ չի պահպանել:
Փիլարղուի հետ հանդիպմանը Հեթումն իր հետ չտարավ իր եղբայր Օշինին: Վերջինս, իմանալով կատարվածի մասին, Կապանի բերդից անմիջապես եկավ Սսի բերդ եւ հայ իշխանների ու բանակի գլուխ անցնելով՝ հարձակվեց Փիլարղուի վրա եւ մոնղոլներին դուրս քշեց ոչ միայն Անաբարզայից, այլեւ ամբողջ Կիլիկիայից: Նա իշխանությունն իր ձեռքը վերցրեց, սակայն չշտապեց թագավոր օծվել: Թերեւս պատճառն այն էր, որ նա ձգտում էր պահպանել բարեկամությունը մոնղոլների հետ: Մոնղոլների հետ թշնամանալը հղի էր մեծ վտանգներով, երբ Եգիպտական սուլթանությունը նենգ պլաններ էր հետապնդում Կիլիկիայի Հայկական թագավորության նկատմամբ, իսկ լատինները լքել էին հայերին: Նա իր եղբայր Ալինախին հատուկ պատգամավորությամբ ուղարկեց մոնղոլների մոտ՝ ցույց տալու համար Փիլարղուի նենգությունը բարեկամ հայերի նկատմամբ: Մոնղոլ խանը, խնդիրը մանրամասն քննելով, Փիլարղուին մահվան դատապարտեց, որն իրականացրեց Ալինախը:


Մոնղոլներն արդարությունը լրիվ վերականգնելու համար Ալինախին հանձնեցին Փիլարղուի կողմից անմեղ սպանվածների արյան գինը: Ալինախի վերադառնալուց հետո, երբ վերականգնված էին հայ-մոնղոլական բարեկամական հարաբերությունները, Օշինն օծվեց Հայոց թագավոր 1308 թ. Տարսոնում: Օշինը կրտսերն էր իր յոթ եղբայրների մեջ: Այս դեպքերից շուրջ 10 տարի անց՝ 1317-ին, մահացավ Ալինախը, որը մասնակցեց իր եղբոր թագադրության հանդիսավոր արարողությանը: Օշինը եւ Ալինախը երկվորյակներ էին: Օշինը թագավոր օծվեց հավանաբար 25 տարեկան հասակում:


Օշինը կրոնական հարցերում զարմանալիորեն հետեւեց իր եղբորը՝ Հեթումին: Նա իր առջեւ խնդիր դրեց Սսի ժողովի որոշումները կյանքի կոչել: Կրոնական հարցերում ընդդիմադիրներին մահվան էին դատապարտում՝ խռովելով ժողովրդին: Հոգեւորականությունը եւ ժողովուրդը բոլորովին լատինասիրություն հանդես չբերեցին, եւ Սսի ժողովի որոշումները շարունակեցին մնալ թղթի վրա: 1308 թ. ժողովրդական լայն զանգվածները եւ մեծ թվով հոգեւորականներ Ադանայում հավաքվեցին եւ մերժեցին Սսի ժողովի որոշումները:


Թագավորը եւ կաթողիկոսը անուշադրության մատնեցին այդ իրողությունը եւ մնացին իրենց բռնած դիրքում, որին հետեւեց բողոքի ավելի մեծ ալիքը 1309 թվին Սսում:
Ժողովրդական հզոր ցույցերը, ցավոք, փոխանակ թագավորին եւ կաթողիկոսին բերելու ազգային դավանանքի, պատճառ դարձան, որ նրանք իրենց համակիր իշխաններով փորձեն ճնշել ժողովրդական բողոքի ալիքը: Ուժ գործադրվեց ժողովրդի դեմ, շատ տղամարդիկ ու կանայք զոհվեցին, մեծ թվով հոգեւորականներ բանտ նետվեցին կամ աքսորվեցին Կիպրոս կղզի, որտեղ թագավորում էր Օշինի քեռայր Ամորին:


Ժողովրդական բողոքը կարծես թե ճնշվեց, սակայն Սսի ժողովի որոշումները մնացին թղթի վրա՝ գուցե թե կիրառվելով միայն արքունիքում: Սակայն բռնությունները շարունակվեցին, շատերին գաղտնի սպանեցին, իսկ մեծ թվով աքսորյալներ մահացան Կիպրոսում:


Օշինը եւ կաթողիկոսը ոչ մի հետեւություն չարեցին կատարվածից: Ընդհակառակը, նրանց լատինամոլությունն ավելի ուժեղացավ: Օշինն իրար հետեւից դեսպանություններ էր ուղարկում Հռոմի պապին՝ Կղեմես Ե-ին, եւ Անգլիայի Էդուարդ Բ թագավորին՝ օգնության խնդրանքով: 1311-ին պապից որպես օգնություն ուղարկվեցին վեց ֆրանցիսկյան կրոնավորներ՝ Հայոց թագավորին պետական գործերում խորհրդատու լինելու եւ լատինամոլությունն ամրապնդելու նպատակով, իսկ Անգլիայից՝ օգնության հույս պարունակող նամակներ: Որոշ աշխարհականներ առեւտրի բերումով գաղթեցին Իտալիա, որտեղ հայածես եկեղեցիներ հիմնեցին: Նրանց մեջ հատկապես հաջողակ էր Մարտիրոս Սեւլեռնցին, որը 1307 թ. հաստատվել էր Ճենովայում, իսկ 1309-ին պապից իրավունք էր ստացել կառուցելու Սբ Բարթողիմեոսի եկեղեցին: Իտալիայում էր հաստատվել Դավիթ վարդապետը, որը Պադովա քաղաքում հայկական վանք էր հիմնել: Այս ընթացքում Օշինի ավագ եղբայր եւ նախկին թագավոր Սմբատը փորձեց Կոստանդնուպոլսից գալ եւ տիրել Հայոց գահին, սակայն չհաջողեց եւ ավելի ուշ մահացավ Եվբեա կղզում: Օշինի մյուս եղբայր Կոստանդինը, որ ազատվել էր Հեթումի մահից հետո, վախճանվեց Կոստանդնուպոլսում:


1310-ին սպանվեց Կիպրոսի թագավոր Ամորին, որի մահը մեծապես մտահոգեց Օշինին: Գահին կրկին տիրացավ Հենրիկոս Բ-ն, որը թշնամանք էր տածում Հայոց թագավորության նկատմամբ: Ամորիի կինը՝ Զապլունը, իր հինգ զավակներով ապաստանեց Կիլիկիայում: Այդ զավակներն էին Հուգոնը, Հենրիկոսը կամ Անրին, Գվիդոնը կամ Գուին, Հովհաննեսը կամ Ջիվանը եւ Բոհեմունդը կամ Պեմունդը, որոնք առաջիկայում Հայոց արքունական գերդաստանի մաս կազմեցին: Օշինը 1310 թվին արու զավակ ունեցավ, սակայն թագուհին, երկունքից շատ չանցած, մահացավ:


1314-ին Հայոց թագավորությունը ենթարկվեց մոնղոլների ասպատակությանը, իսկ 1315-ին՝ եգիպտացիների արշավանքին, որոնց զոհ գնացին մեծ թվով խաղաղ բնակիչներ: Եվ փոխանակ մտածելու երկրի սահմաններն ամրացնելու մասին՝ թագավորը եւ կաթողիկոսը շարունակեցին իրենց մոլեռանդ լատինամոլությունը: Զարմանալ կարելի է, որ այդ բարդ պայմաններում Օշինն անձամբ գալիս է բուն Հայաստան եւ հանդիպում Տարոնի ու Աղձնիքի եպիսկոպոսների հետ եւ Բաղեշում էլ հավաք է կազմակերպում, որ համոզի արեւելյան եպիսկոպոսներին հարել լատինականությանը: Հաջողության չհասնելով՝ նա որոշում է նոր եկեղեցական ժողով գումարել եւ վերստին քննության առնել Սսի ժողովի որոշումները: Արդեն վերստին քննությունն ի չիք էր դարձնում Սսի ժողովի որոշումները: Ժողովը գումարվեց Կղեմես Ե պապի մահից հետո, երբ պապ էր դարձել Հովհաննես ԻԲ-ն կամ ԻԱ-ն՝ մի գործունյա եւ եռանդուն անձնավորություն: Նա նամակ գրեց Օշինին եւ Կոստանդին Կեսարացուն, որ նոր ժողովով ամրապնդեն 1307 թ. Սսի ժողովի որոշումները: 1316 թ. հրավիրվեց Ադանայի ժողովը, սակայն Մ. Օրմանյանը հակված է այն դնելու 1317 թ. հուլիսի 10-ին՝ Այլակերպության տոնին: Ժողովին մասնակցում էին 18 եպիսկոպոս եւ 7 վարդապետ, այն դեպքում, որ Սսի ժողովին մասնակցել էին 26 եպիսկոպոս եւ 17 վարդապետ: Եպիսկոպոսներից 10-ը Կիլիկիայից էին, որոնցից 6-ը մասնակցել էին Սսի ժողովին: Նրանք էին Կոստանդին կաթողիկոսը, Սսի Կոստանդին, Տարսոնի Հովհաննես, Անարզաբայի Հովհաննես, Բարձրբերդի Ստեփանոս եւ Մարաշի Գրիգոր եպիսկոպոսները: Չանդրադառնալով մյուսներին՝ լոկ նշենք, որ բուն Հայաստանից մասնակցում էին Տարոնի Հովհաննես, Կարսի Մարկոս, Սալմաստի Հակոբ, Նփրկերտի Ավետիք, Մարանդունյաց Կոստանդին եպիսկոպոսները:


Վարդապետների մասնակցության խնդիրը մասնավոր չքննելով՝ նշենք, որ ժողովին մասնակցում էր ընդամենը 10 իշխան՝ հակառակ Սսի ժողովի 14 մասնակցի: Նրանք էին Օշին թագավորը, արքայաեղբայր Ալինախը, մարաջախտ Սմբատը, սենեսջալ Ռեմունդը, պրոքսիմոս Թորոսը, Սմբատկլայի տեր Սմբատը, Օշին Կոպիտառցին, Լիկոս Խնձորովիրին կամ Կիսառաման, որոնք մասնակցել էին Սսի ժողովին, եւ նորերից՝ Հեթում սպարապետը եւ Կոռիկոսի իշխան Օշինը:


Քռնեցին վկայում է, որ Ադանայի ժողովը գումարվեց դոմինիկյանների խորհրդով, որոնց ուղարկել էր Հովհաննես ԻԲ պապը: Ինչպես նշվեց, ժողովը նպատակ ուներ վերահաստատելու Սսի ժողովի որոշումները: Ժողովն անդրադարձավ բաժակի ջրի խնդրին, որը զուտ լատինական Եկեղեցու խնդիրն էր: Ադանայի ժողովի որոշումները վերաբերում էին նաեւ Ծննդյան տոնին, որն առաջարկվում էր նշել դեկտեմբերի 25-ին, Ավետումը՝ մարտի 25-ին, Տյառնընդառաջը՝ փետրվարի 2-ին, Վերափոխումը՝ օգոստոսի 15-ին, եւ Խաչվերացը՝ սեպտեմբերի 14-ին, սրբերի տոները կատարել ըստ «Յայսմաւուրք»-ի թվականների: Օգտագործվում էր Քրիստոսի երկու բնության բանաձեւը, պատարագի սեղանի վրա գորբորա դնելը, աստիճանավորներն իրենց կարգն ու զգեստ ունենալը, Զատկին, Ծնունդի եւ Մկրտության ճրագալույցներին ձեթով ու ձկով բավարարվելը եւ սբ Աստվածածնի մեջ Քրիստոս ավելացնելը: Ժողովում 18 եպիսկոպոսները վճիռ կայացրին, որ ովքեր չեն հավանի իրենց որոշումները, մերժվում են Հռոմի Կաթողիկե եւ Առաքելական Սբ Եկեղեցիների կողմից:


Ինչպես եւ սպասելի էր, Ադանայի ժողովի որոշումներն արժանացան Սսի ժողովի որոշումների ճակատագրին, քանի որ հռոմեադավանների իսկ խոստովանությամբ՝ դրանք չկիրառվեցին: Հայոց եկեղեցական հինավուրց կառույցը շատ ավելի ուժեղ գտնվեց, քան Օշին թագավորի ու Կոստանդին կաթողիկոսի հռոմեամետ դիրքորոշումը: Բուն Հայաստանում, Փոքր Ասիայում եւ անգամ Կիլիկիայում Հայոց Եկեղեցին համարձակորեն մերժեց Ադանայի ժողովի որոշումները՝ ունենալով ժողովրդի աջակցությունն ու սերը:


Հայոց մեջ, չնայած Սարկավագ վարդապետի կողմից անշարժ տոմար մտցնելուն, շարունակում էր օգտագործվել շարժական տոմարը: 1317 թվին, երբ հայկական շարժական տոմարի նավասարդի 1-ը համընկավ Հուլյան տոմարի հունվարի 1-ին, այլեւս շարժական տոմարի օգտագործումը դարձավ անիմաստ, եւ հայերն անցան անշարժ տոմարի:


Ադանայի ժողովից մի փոքր առաջ՝ 1316 թ., այրիացած Օշին թագավորը Տարսոն քաղաքում ամուսնացավ երկրորդ անգամ՝ Նեապոլի Ռոբերտո թագավորի եղբոր՝ Փիլիպպոսի դստեր՝ Ջիովաննա-Իրենեի հետ: 1317 թ. օգոստոսի 26-ին՝ 34 տարեկան հասակում, արկածի զոհ դարձավ թագավորի եղբայր Ալինախը: Նա Կյուդնոս գետում իր արաբական նժույգի սմբակից մահացու հարված էր ստացել: Թաղվեց Դրազարկի վանքում՝ արքունական դամբարանում:


Օշինը Հռոմի պապին փութաց մատուցել Ադանայի ժողովի որոշումները: Նամակը Հռոմ տարան Կապանի Հակոբ եպիսկոպոսը եւ Նորբերդի իշխան Ստեփանոսը: Սակայն Հովհաննես պապն այլ լուրեր էլ ստացավ, թե Ադանայի ժողովի որոշումները չեն գործադրվում, իսկ ովքեր դրան հավանություն էին տվել, ապա միայն՝ առերես համակերպվելով: Այդ պատճառով էլ պապը հարցուփորձի ենթարկեց Հակոբ եպիսկոպոսին, որը նրան համոզեց նամակի ճշտության մեջ: Դրանից հետո Հռոմի պապը գոհունակության պատասխան ուղարկեց: Թագավորն ու կաթողիկոսը լատինների հետ մերձենալու մեջ օգնություն էին ակնկալում Արեւմտյան Եվրոպայից, սակայն գործնական օգնություն այդպես էլ չէր ստացվում: Ստեղծված երկպառակտիչ վիճակը պատճառ դարձավ, որ Երուսաղեմի աթոռը բաժանվի Սսի կաթողիկոսությունից: Հայերը հաստատվել էին Երուսաղեմում Տրդատ Գ Մեծի եւ Գրիգոր Լուսավորչի ժամանակներում: VIII դարում հայերը Պաղեստինում 70-ի չափ վանքեր ունեցան: Չնայած տեղեկությունների պակասին՝ դժվար չէ ենթադրել, որ թեմակալ եպիսկոպոս հայերը Երուսաղեմում ամրացել են դեռեւս այդ ժամանակներից:


637 թ. Օմար խալիֆը, տիրելով Երուսաղեմին, հատուկ հրովարտակով Հայոց պատրիարքին ճանաչել է հայերի եւ հույներից տարբեր դավանանքի քրիստոնյաների պետ: Փաստորեն դրանից հետո Երուսաղեմի եպիսկոպոսները մահմեդական իշխանի կողմից ճանաչվել են պատրիարքներ: Հայ եպիսկոպոսներն իրենց իրավունքները պահեցին ինչպես մահմեդական տիրապետության, այնպես էլ խաչակրաց իշխանության շրջանում: Սալահեդդինը, խաչակիրներից գրավելով Երուսաղեմը, հայոց եպիսկոպոսության դիրքն ավելի բարձրացրեց, որպեսզի իրեն չմեղադրեն քրիստոնյաներին թշնամի լինելու մեջ: Ռուբինյան թագավորները զանազան տիրույթներ նվիրեցին Երուսաղեմի հայոց եպիսկոպոսին, որի կենտրոնն էր Սբ Հակոբի վանքը Սիոնի բարձունքի վրա:


Հարկ է նշել, որ Երուսաղեմի հայոց եպիսկոպոսները մշտապես նախանձախնդիր են եղել Հայոց Եկեղեցու ավանդույթներին, չնայած մշտապես շփվել են օտար դավանությունների հետ: Այստեղ երբեք հույսը չէին դնում Արեւմուտքի օգնության վրա: Նրանք չընդունեցին ո՛չ Սսի եւ ո՛չ էլ Ադանայի ժողովների որոշումները: Երուսաղեմի աթոռակալ Սարգիսն իր դիրքն ապահովելու համար դիմեց Եգիպտոսի սուլթան Նասր-Մուհամեդին, որը հատուկ հրովարտակով նրան ճանաչեց հայերի ինքնագլուխ պատրիարք, ինչպես նաեւ մյուս դավանակից միաբնակների: Դա խիստ բարձրացրեց Սարգիս պատրիարքի դիրքերը: Նա իրեն կաթողիկոս չհռչակեց, ոչ էլ եպիսկոպոս ձեռնադրելու իրավունք վերապահեց: Ստեղծված իրավիրճակի հետ ստիպված էր համակերպվել Սսի կաթողիկոսությունը: Եգիպտոսի սուլթանի օգնությամբ Սարգիս պատրիարքը վերջ տվեց վրաց ոտնձգություններին Սբ Հակոբ վանքի նկատմամբ: Թերեւս մոնղոլներին ենթակա վրաց թագավորները կամենում էին ներկայանալ որպես հայոց թագավորներ եւ տիրել Երուսաղեմում Հայոց Եկեղեցու ունեցվածքներին: Օմար խալիֆի տված հրովարտակը բավական եղավ, որ Սարգիս պատրիարքը հաղթեր:


Օշինի թագավորության շրջանը խիստ անհանգիստ էր: Իկոնիայի սուլթանության փլատակների վրա հանդես եկած Կարամանի իշխանությունը 1318 թվին ասպատակ սկսեց մինչեւ Տարսոնի կողմերը, սակայն ջախջախվեց Կոռիկոսի իշխան Օշինի գնդերի կողմից: Սակայն դրան հետեւեց 1319 թ. արշավանքը Եգիպտոսի սուլթանության կողմից, որը հանգեցրեց մեծ ավերածությունների եւ կոտորածների: Չնայած Օշինը կրկին դիմեց Հռոմի պապին, սակայն օգնություն այդպես էլ չստացվեց: Ընդհակառակը՝ Արեւմուտքը հույս ուներ, որ հայերը ու Կիպրոսի թագավորությունն իրենց ուժերով ի վիճակի են վերականգնելու Երուսաղեմի խաչակրաց թագավորությունը:


Բուն Հայաստանում 1319 թվին մեծ երկրաշարժ եղավ, որից հատկապես տուժեցին արեւելյան գավառները: Մեծ ավերներ եղան Գեղարքունի գավառում: Կործանվեցին Արտազի գավառի Սբ Թադեոս մեծ վանքն ու եկեղեցին, որոնք, սակայն, Զաքարիա արքեպիսկոպոսի ջանքերի շնորհիվ արագ վերականգնվեցին: Երկրաշարժից մեծապես տուժեց Անի քաղաքը: Օշինը եւ Կոստանդին կաթողիկոսը, փոխանակ նպաստելու երկրի վերաշինությանը, Արեւմուտքից հուսախաբված եւ օգնության ակնկալիքը կորցրած, ուժ չգտան իրենց մեջ գոնե լատինամոլությունից հրաժարվելու: Շատ չանցած՝ 1320 թ. հուլիսի 20-ին, Օշին թագավորը մահացավ՝ 37 տարեկան հասակում: Թերեւս նա զգացել էր իր մոտալուտ մահը եւ թագավորական իշխանությունը կտակել էր Լեւոն անունով 10-ամյա որդուն (որն Օշինի առաջին կնոջից՝ Զաբելից էր, քանի որ երկրորդ կնոջից՝ Հովհաննայից ծնված որդին սակավակյաց եղավ): Լեւոնն այդ տարիքում ի վիճակի չէր երկիր կառավարելու, սակայն հայրը կազմել էր մի խնամակալական խորհուրդ, որը երկիրը կկառավարեր մինչեւ նրա 20 տարեկան դառնալը: Խնամակալներ դարձան Կոռիկոսի իշխան Օշինը՝ Հեթում պատմիչի որդին եւ Օշին թագավորի աներձագը, որը նաեւ պայլ տիտղոսն ստացավ՝ որպես բուն խնամակալ, Կոստանդին մարաջախտը, որ Օշին Կոռիկոսյանի եղբայրն էր, եւ Նշիրի իշխան Հեթումը, որ թագավորության սենեկապետն էր: Չնաչած որոշ պնդողներին՝ չորրորդ խնամակալ չի եղել: Օշին արքան թաղվեց Դրազարկի արքունական դամբարանում:


Օշին Կոռիկոսյանը տեր կանգնեց մանկահասակ թագաժառանգին եւ թագուհուն: Շուտով դեռահասակ Լեւոն արքայազնն օծվեց թագավոր: Օշին պայլն ամուսնացավ Հովհաննա թագուհու հետ, իսկ իր նախկին կնոջից Ալիծ անունով դստերն ամուսնացրեց մանկահասակ թագավորի հետ՝ ավելի ուժեղացնելով իր դիրքերը: Դրանով իսկ նա մի տեսակ թագավորահայր դարձավ:


Օշին պայլը, օգտագործելով իր դիրքը, շատ բերդերի տիրացավ՝ սպանելով դրան ընդդիմացողներին: Սակայն դրան հակառակ՝ ընդդիմադիրները գնալով ուժեղանում էին: Նա շարունակեց լատինամոլության գիծը՝ Կոռիկոսի եպիսկոպոս հաստատելու համար դիմելով Հռոմի պապին: Այս քաղաքական գիծն առաջ բերեց Եգիպտոսի անթաքույց թշնամությունը: Անգամ մոնղոլների համար հայերը դարձան կասկած հարուցող: Դրա արդյունքում Կիլիկյան Հայաստանը ենթարկվեց մոնղոլ Թեմուրթաշի եւ եգիպտական սուլթան Նասր-Մուհամեդի զորքերի հարձակմանը: Երկիրն ավերվեց, արշավանքին զոհ դարձան շատ զորավարներ՝ Կանչի բերդի տեր Կիոդինը, Հեթում իշխանը, նրա եղբայր Կոստանդինը եւ էլի 21 նշանավոր ասպետներ: Շատ տուժեցին Այասի բերդը եւ քաղաքը: Հայոց կաթողիկոս Կոստանդինը եւ Օշինը դիմեցին Հռոմի պապին, սակայն հրավիրված ժողովի որոշումը եղավ աղոթել հայերի համար, իսկ օգնություն այդպես էլ չստացվեց:


1323 թ. մահացավ Կոստանդին Գ Կեսարացի կաթողիկոսը: Նա հովվապետեց 16 տարի: Իր խիստ ընդգծված լատինամոլության պատճառով նա չընդունվեց թե՛ հոգեւորականության մեծագույն մասի եւ թե՛ ամբողջ ժողովրդի կողմից:


Կոստանդինի օրոք նշանավոր եղավ Կարնո եպիսկոպոս Գրիգորը, որը նահատակվեց 1321 թ. հունիսի 20-ին: Մոնղոլ Թեմուրթաշը Կիլիկյան արշավանքից հետո հայտնվեց Կաղինում եւ փորձեց հայոց եկեղեցիները կողոպտել եւ ձերբակալելով Գրիգոր եպիսկոպոսին ու նրա հորեղբայր տեր Պապ քահանային՝ բռնի թլփատել տվեց նրանց: Սակայն Գրիգոր եպիսկոպոսը հրաժարվեց մահմեդականանալ ու ծանր տանջանքներից հետո գլխատվեց քաղաքի հրապարակում: Նրա մարմինը թույլատրվեց թաղել միայն մահապատժի երրորդ օրը եւ հողին հանձնվեց Սբ Սարգիս եկեղեցու մոտ, որը չի պահպանվել: