ԳՐԻԳՈՐ Է ԱՆԱՎԱՐԶԵՑԻ

ԳՐԻԳՈՐ Է ԱՆԱՎԱՐԶԵՑԻ

(1293-1307)
 

Ստեփանոսի գերությունից հետո կաթողիկոսի ընտրություն չկատարվեց, քանի որ դա հակասում էր եկեղեցական կանոններին, եւ ազգային արժանապատվությունն էլ պահանջում էր հարգել եւ ոչ թե ոտնակոխ անել գերության մեջ գտնվող կաթողիկոսի պատիվը: Կաթողիկոս չկար, սակայն հայրապետական գործերը, ինչպես Կոստանդին Կատուկեցու օրոք, վարում էր Գրիգոր Անավարզեցի եպիսկոպոսը: Սակայն Ստեփանոսի մահից հետո կաթողիկոսի ընտրությունը դարձավ օրակարգի հարց: Հեթում թագավորը ժողով գումարեց եւ ձեռնադրել տվեց կաթողիկոս Գրիգոր Անավարզեցուն: Իրականում ժողով, բառիս բուն իմաստով, չեղավ էլ, պարզապես հավաքված եպիսկոպոսները կատարեցին հայրապետի ձեռնադրությունը: Լատինամոլ թագավորին հաջողվեց կաթողիկոսական աթոռ բարձրացնել գուցե եւ իրենից էլ լատինամոլ եպիսկոպոսի, որը, եթե չլիներ Լեւոն թագավորի կամքը, վաղուց բազմած կլիներ կաթողիկոսական աթոռին: Ըստ էության՝ արեւելյան եպիսկոպոսների կարծիքը հարցնող չեղավ, եւ մի տեսակ օրինական դարձավ տեղապահություն կատարած եպիսկոպոսի կաթողիկոսանալը: Անշուշտ, Գրիգոր Անավարզեցին կարող մարդ էր, ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ գիտնական այր, եկեղեցասեր, հմուտ՝ հույն եւ լատին դպրությունների մեջ: Հավանաբար նա տիրապետում էր նաեւ ասորերենին, քանի որ, Գալանոսի հավաստմամբ, թարգմանություններ է կատարել ոչ միայն հունարենից եւ լատիներենից, այլեւ ասորերենից: Անշուշտ, նա առաքինի կենցաղ ուներ, սակայն եկեղեցասիրության հարցում վարում էր ո՛չ Հայոց Եկեղեցու ավանդական սկզբունքներից բխող քաղաքականություն:


Ծննդյան վայրը հայտնի չէ, չնայած չի բացառվում, որ Սսից լիներ: Ինչ վերաբերում է Մեծքարեցի մականվանը, ապա այն կապված է նրա աշակերտական շրջանը Մեծքարի անապատում անցկացնելու հետ: Դառնալով Անավարզա կամ Անաբարզա քաղաքի եպիսկոպոսը՝ նա այնուհետ ստանում է Անավարզեցի մականունը: Անհասկանալի է մնում նրան տրված Տուրքերիցանց մականունը: Կոչվել է նաեւ Երգեցող, Հոռոմ՝ օտարադավանությանը հարելու, Ջրող՝ պատարագի խորհրդի բաժակին ջուր խառնելու համար: Նա կաթողիկոս ձեռնադրվեց հավանաբար 1293 թվի ամռանը: Արեւելյան եպիսկոպոսները նրա ընտրության դեմ զարմանալիորեն չըմբոստացան, թերեւս, Ստեփանոս Օրբելյանի կշռադատված քաղաքականության պատճառով, քանի որ նա խիստ վտանգավոր էր համարում կաթողիկոսության պառակտումը: Այնուհանդերձ Սյունյաց պատմիչը խիստ քննադատել է կաթողիկոսի որդեգրած ուղղությունը:


Դժվար է ասել, թե ինչն էր պատճառը, սակայն կաթողիկոսի մահից շատ չանցած՝ եպիսկոպոսները հաշտություն առաջարկեցին Հայոց թագավորությանը: Թերեւս դրա շարժառիթը Քեթբուղայի սուլթանական իշխանության տիրանալն էր, որովհետեւ նա վախենում էր մայրաքաղաքից հեռանալ՝ հնարավոր հակաելույթներից խուսափելու համար: Ուստի ամեն ինչ արեց՝ արտաքին հակամարտություններին վերջ տալու համար: Եգիպտոսում սկսված սովն էլ ժողովրդի կողմից դիտվում էր քրիստոնյաների դեմ բռնություններ կիրառելու պատճառով աստվածային պատուհաս: Կողմերը շուտով համաձայնության եկան: Հայերը զիջեցին Ծագը, Ապլճեսը եւ Բեհեսնի ամրոցը, ինչպես նաեւ՝ Մարաշը կամ Գերմանիկեն, իսկ եգիպտացիները վերադարձրին ավար տարած՝ Հայոց Եկեղեցու սրբությունները, մասնավորապես Գրիգոր Լուսավորչի Աջը, որոնք բերվեցին Սիս: Լուսավորչի Աջի դարձը հավանաբար տեղի ունեցավ 1294 կամ 1295 թվերին: Ինչ վերաբերում է Գրիգոր Անավարզեցուն, ապա նա հայրապետանոցը հաստատեց Սսում:


Իրեն ուժեղ զգալով կաթողիկոսական աթոռի վրա՝ Գրիգոր Անավարզեցին համոզեց Հեթում թագավորին բանտից ազատել Կոստանդին Կատուկեցուն, քանի որ գտնում էր, որ իր դեմ գործելու դեպքում էլ առանձին վտանգ չի ներկայացնի: Նա բանտարկությունից ազատվեց, թերեւս, հենց 1293 թվին, այսինքն՝ Անավարզեցու հայրապետանալու տարում: Այդ է հավաստում մասունքների պահարանի վրա Կատուկեցու թողած արձանագրությունը: Պահարանն սկզբում պահվում էր Իտալիայի Ալեքսանդրիա քաղաքի մոտ գտնվող Բոսկո Մարենգո գյուղի Դոմինիկյան վանքում, սակայն հետագայում հայտնվեց Սանկտ Պետերբուրգի կայսերական թանգարանում: Կատուկեցու թողած վերը հիշված արձանագրությունը 1883 թվին արժանացել է Լեյդենում գումարված գիտաժողովի մասնակիցների ուշադրությանը: Արձանագրությունը գրելիս Կատուկեցին Լամբրոնի ամրոցից ոչ շատ հեռու գտնվող Սկեւռայի վանքում էր: Նա նշանակվել էր Սկեւռայի առաջնորդ, որը պարզապես պատվավոր գերություն էր, քանի որ նրան թույլ չտվեցին վերադառնալ Խորին վանք: Հատկապես հետաքրքիր է, որ Կատուկեցին իր հիշատակարան-արձանագրության մեջ չի նշում կաթողիկոսի անունը, սակայն երկիցս հիշվում է Հեթումը, ինչը մտածել է տալիս, թե Կատուկեցուն ազատողը, այնուամենայնիվ, առաջին հերթին եղել է թագավորը, սակայն, թերեւս, Անավարզեցու հորդորով կամ գոնե համաձայնությամբ:


Անավարզեցին այլեւս ազատ էր իր գործողությունների մեջ, որի արդյունքը եղավ ստրկահոգի ձեւով խաչակրաց ծեսերն ու սովորությունները ներմուծելը Հայոց Եկեղեցի: Նա քաջ գիտակցում էր, որ իրեն ընդդիմադիր են ոչ միայն արեւելյան եպիսկոպոսները, այլեւ Կիլիկիայի բնակչության մեծ մասը, ուստի նորամուծություններն իրականացնում էր ժամանակ առ ժամանակ՝ փոքր չափաբաժիններով: Նա իր ծրագրերն սկզբում իրականացնում էր կաթողիկոսարանում եւ փորձում համակիրներ գտնել հոգեւորականների շրջանում: Նա համբերատար սպասում էր, որ իր նորամուծություններին ընտելանան: Այդ պատճառով խուսափում էր հրամաններ արձակելուց, ինչը պարզ հավաստումն է այն բանի, որ Անավարզեցու կատարածները կամ մտածածները եկեղեցական օրենքի կամ կանոնի ուժ չունեին: Անավարզեցին հասկանում էր, որ իր արածները ոչինչ չարժեն, քանի դեռ եկեղեցական ժողովը դրանք չի հաստատել: Իսկ ժողով այդպես էլ չգումարվեց:


Նախքան կաթողիկոսի լատինամետ գործողություններին անցնելը՝ մի քանի խոսքով անդրադառնանք Սսի եւ Աղթամարի կաթողիկոսությունների փոխհարաբերություններին: Կամենալով հարթել հայրապետանոցի եւ բուն Հայաստանի եպիսկոպոսների հակասությունները՝ կաթողիկոսն օրհնել տվեց Աղթամարը՝ վերացնելով Աղթամարի աթոռի վրա դրված բանադրանքը, որ ընդունել էր Սեւ լեռան ժողովը: Աղթամարին թույլ տրվեց անարգել վարել իր իշխանությունը: Աղթամարում այդ ժամանակ կաթողիկոսել էին Սեֆեդին իշխանի որդիներ Ստեփանոսը, Ստեփանից հետո՝ Եղիշե Աղբակեցին, այնուհետեւ՝ Սեֆեդինի մյուս որդի Զաքարիան: Թե ո՞ր կաթողիկոսի օրոք է բանադրանքը հանվել, պարզ չէ: Հետագայում բանադրանքը վերականգնվեց, եւ Անավարզեցու արածը վաղանցիկ եւ անհետեւանք եղավ:


Խաչակիրները կաթողիկոսին առաջարկեցին պատարագի բաժակին ջուր խառնել իրենց նմանությամբ: Սկզբում չհամաձայնեց, սակայն այնուհետեւ ընդունեց առաջարկը, ինչը հայադավանության դեմ պայքարի գլխավոր մեկնակետն էր: Նա պատարագի բաժակին ջուր խառնելու համար, որը եթե ոչ միշտ, ապա ինչ-որ ժամանակ ծածուկ էր անում, ստացավ Ջրող մականունը: Դժվարն առաջին զիջումն էր: Այնուհետեւ, փաստորեն, ջնջելով Հայոց Եկեղեցու ավանդական կարգերը՝ համաձայնեց ընդունել հույների եւ լատինների կողմից ընդունված յոթ ժողովները, որով ընդունելի ժողովների թիվը հասավ 14-ի: Նա ընդունեց նաեւ երկու բնության, երկու ներգործության սկզբունքը՝ պնդելով, թե մի Հայոց կաթողիկոս եւ մի Աղվանից կաթողիկոս, որոնց անունները չի տալիս, նույնպես ընդունել են այն: Նա համաձայնվեց Սուրբ Ծնունդը նշել դեկտեմբերի 25-ին՝ բաժանելով այն Հայտնության տոնից: Գնաց ուրիշ շատ զիջումների եւս, որոնց վրա կանգ առնելն իմաստ չունի: Պետք է մասնավորապես նշել, որ Հայոց Եկեղեցում նույնպես ժամերգությունները պետք է եկեղեցում կատարվեին, քահանայական աստիճանները տրվեին լատինների նմանությամբ, պատկերներն ընդունվեին անխտիր եւ առանց օրհնության: Առաջարկված կետերից մի քանիսը դեռ ժամանակին հույներն էին փորձում պարտադրել հայերին՝ միաբանության հասնելու համար, սակայն նոր պահանջները գալիս էին լատիններից:


Գրիգոր Անավարզեցու օտարասիրությունն այնպիսի չափեր ընդունեց, որ նա փորձեց, թելադրված պահանջներից զատ, այլ փոփոխություններ էլ մտցնել Հայոց Եկեղեցում: Դրանցից էր առավոտյան ժամերգության մեջ Մեծացուսցէ կարգը հանապազօրյա դարձնելը, ինչը Հայոց Եկեղեցում, հին ծեսին համապատասխան, կատարվում էր կիրակի օրերին եւ նվիրված էր Քրիստոսի մարդեղությանը կամ հայտնությանը: Այս նպատակով նա Մեծացուսցէ-ի բազմաթիվ շարականներ հորինեց, որոնք հաստատուն կիրառություն չգտան, սակայն Մեծացուսցէ-ի ամենօրյա լինելը դարձավ սովորական, իսկ կաթողիկոսն էլ ստացավ Երգեցող մականունը: Նրա գրած շարականներից գոնե 33-ը մեզ են հասել, որոնցից 9-ը պատկանում են Աստվածհայտնության տոնին, որի 9 օրերը բաժանված են երկու Ճրագալույցների, երկու եռօրյաների եւ թլփատության տոնի: Նաեւ հորինել է 18 կանոն՝ Հայոց Եկեղեցու պաշտոնական տոներին համապատասխան, չնայած դրանցից շատերը նախապես իրենց շարականներն են ունեցել: Մնացած 6 կանոնները նախատեսված էին նոր տոների համար, որոնք ինքն էլ մուծել էր Հայոց Եկեղեցի: Շարականները բնավ չեն հավաստում Անավարզեցու գրական մեծությունը, ինչը խոստովանում են անգամ կաթողիկոսի կողմնակիցները: Նրա գրած շարականներից եւ ոչ մեկը չի գործածվում այլեւս, եւ դրանց խափանման պատճառը եղել է Գրիգոր Տաթեւացին: Անավարզեցու գործերից միայն, թերեւս, լատին սրբերին վերաբերող գործերն են, որ պահպանվել են «Յայսմաւուրք»-ում: Այդ պատճառով էլ «Յայսմաւուրք»-ը եղել է նրա հատուկ ուշադրության առարկան:


Առանց իր ծրագրերը քննելու եւ ընդունելու՝ կաթողիկոսը ձեռնամուխ եղավ դրանց իրականացմանը՝ չսպասելով, որ դրանք եկեղեցական ժողովի հավանությանն արժանանան: Հրաման տրվեց, որ ով կուզենա իրեն նմանվել, կարող է հրաժարվել հնավանդ ծեսից եւ նոր կարգն օգտագործել: Նա փորձում էր նորամուծությունները կիրառել ոչ միայն Կիլիկիայում, այլեւ բուն Հայաստանում՝ դրա համար ուղարկելով 4 պատգամավորություններ Այրարատի եւ Վասպուրականի վարդապետներին, Տարոնի եւ Սյունյաց հոգեւոր այրերին: Սակայն բուն Հայաստանում Անավարզեցու ճիգերը բոլորովին ապարդյուն անցան՝ լոկ առաջ բերելով արեւելյան եպիսկոպոսների բուռն դիմադրությունը:


Կիլիկիայի քաղաքական կյանքում նույնպես հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան: Հեթում թագավորը 1294-ին հրաժարվեց իշխանությունից՝ այն հանձնելով իր Թորոս եղբորը: Նա հեռացավ Ֆրանցիսկյանների վանքը, բայց այդտեղից էլ շարունակում էր ուղղություն տալ Թորոսի քաղաքականությանը՝ առաջ բերելով ավագանու լուրջ դժգոհությունը: Նրա դեմ դավադրություն կազմվեց, սակայն դավադրությունը ճնշվեց, իսկ Հեթումը կրկին իշխանության գլուխ եկավ: Իշխանական գործերից հեռու էր նաեւ Թորոսը, ուստի թագավորական խնամակալ դարձավ նրանց երրորդ եղբայր Սմբատը: Նորից փորձեր արվեցին՝ բյուզանդացիների եւ լատինների հետ միաբանության հասնելու: Երկրում գնալով ուժեղանում էր դժգոհությունը Հեթումի եւ Թորոսի դեմ, որից օգտվելով՝ Սմբատն իրեն թագավոր հռչակեց: Օծման հանդիսությունները տեղի ունեցան 1299 թվի հունվարի 6-ին: Սակայն Հեթումը բացարձակ չհրաժարվեց թագավորական իշխանությունից, եւ Սմբատն օրենքի առաջ ընդամենը խնամակալ էր:


Գրիգոր Անավարզեցին, որ եղել էր Հեթումի գործակիցը, քաջալերեց Սմբատին, որ թագավորական իշխանությունը սեփականի, որից հետո Սսի Սբ Սոփիայի հայրապետանիստ վանքում նրան օծեց թագավոր: Դրա մասին տեղյակ չէին անգամ Հեթումը եւ Թորոսը: Սա ցույց է տալիս, որ Անավարզեցին Սմբատի մեջ տեսնում էր իր ծրագրերի պաշտպանին: Սմբատը փորձեց ստանալ Եվրոպայի օգնությունը եգիպտացիների դեմ, սակայն էական օգնություն չստացավ:


Իմանալով Սմբատի թագադրության մասին՝ արտասահմանում գտնվող Հեթումը եւ Թորոսը շտապեցին վերադառնալ Կիլիկիա, սակայն Սմբատը նրանց ստիպեց հեռանալ Կիլիկիայից: Նրանք ապաստան գտան բյուզանդական կայսր Անդրոնիկոս Բ Պալեոլոգի մոտ եւ օգնություն խնդրեցին, իսկ Սմբատն էլ, օգտվելով դրանից, մեծ ընծաներով ներկայացավ Ղազան խանին եւ բարեկամություն հաստատելով նրա հետ՝ մոնղոլ կին բերեց: Կիլիկիա վերադառնալիս՝ Կեսարիայի մոտերքում նա հանդիպեց իր եղբայրներին՝ Հեթումին եւ Թորոսին, որոնք բյուզանդական կայսրից մեծ քանակությամբ ոսկի վերցնելով՝ գնում էին Ղազան խանի մոտ: Սմբատը նրանց ձերբակալեց եւ բանտարկեց Բարձրբերդում: Սակայն անգամ դրանից հետո իրեն ապահով չզգալով՝ մի քանի իշխանների խորհրդով սպանեց Թորոսին եւ կուրացրեց Հեթումին: Վերջինս բանտարկվեց Բարձրբերդի մոտ գտնվող Մոլեւոնի ամրոցում: Շատ հետաքրքիր է Գրիգոր Անավարզեցու կեցվածքը: Նա իր լռությամբ լոկ քաջալերում է Սմբատ թագավորի ձեռնարկները: Նա երբեք հանդես չեկավ Հեթումի եւ Թորոսի պաշտպանությամբ, իսկ Հռոմի պապ Բոնիֆակիոսը գոհացավ նրանով, որ հայոց թագավորն իրեն նվիրված անձ է: Այդ է ցույց տալիս նրա՝ 1298 թվին Սմբատին գրած նամակը, որտեղ պարզորոշ Սմբատը համարվում է Հռոմի Եկեղեցին պատվող անձնավորություն: Սակայն օգնության հարցում որոշակի ոչ մի խոստում չի տալիս՝ խորհուրդ տալով համբերել՝ մինչեւ օգնության պահը կգա: Նա նամակով դիմել է նաեւ Գրիգոր Անավարզեցուն, սակայն ոչինչ չի գրում Սմբատի՝ եղբայրներից մեկին սպանելու եւ մյուսին կուրացնելու մասին: Օգնության հարցում նա կաթողիկոսին կրկին համբերության խրախույս է կարդում:


Հռոմի պապը միաժամանակ օրինավոր է համարում Սմբատի ամուսնությունն Իզաբելի կամ Զաբելի հետ, սակայն դա արվում է Հայոց կաթողիկոսության համար ստորացուցիչ արտահայտություններով:
Սմբատը, հաշվեհարդար տեսնելով իր եղբայրների հետ, կարծում էր, որ կստանա ձեռքերի ազատություն: Սակայն նրա սպասելիքները չարդարացան, քանի որ նրա դեմ հանդես եկան Կապանի իշխան Կոստանդինը եւ նրա կրտսեր եղբայրը, որ թվով չորրորդն էր, եւ ստիպեցին Սմբատին փախչել հոռոմների երկիր: Սակայն Բյուզանդական կայսրություն հասնել նրան չհաջողվեց, քանի որ ձերբակալվեց Կոստանդին իշխանի կողմից եւ նետվեց Մոլեւոն ամրոցի բանտը, որտեղից ազատ արձակվեց կուրացած Հեթումը: Վերջինիս հրամանով գահ բարձրացավ Կոստանդինը, որի թագավոր օծվելու մասին տեղեկություններ չեն պահպանվել: Կոստանդինի իշխանությունը երկար չտեւեց, եւ նա մեկ տարի անց՝ 1299-ի վերջերին, գահընկեց արվեց: Ըստ երեւույթին, Հեթումին կուրացնելու գործողությունն այնպես էր կատարվել, որ նրա տեսողությունը վերականգնվեց, եւ նա վերադարձավ իշխանության՝ դրանից զրկելով իր եղբորը: Իրեն ապահովելու համար Սմբատին եւ Կոստանդինին նա վտարեց Կիլիկիայից՝ աքսորելով Կոստանդնուպոլիս եւ խնդրելով կայսրին՝ հսկել նրանց: Այս ամենն անակնկալ էր Անավարզեցու համար, սակայն նա անտարբեր եղավ փոփոխությանը, քանի որ Հեթումի վերադարձը չէր խանգարում իր ծրագրերին: Հեթումի երկրորդ իշխանության շրջանում կրկին սրվեցին մոնղոլա-եգիպտական հարաբերությունները: Հայերն ստիպված էին կռվել մոնղոլների կազմում եւ 1299 թվի դեկտեմբերի 25-ի Եդեսիայի ու 1300 թվի հունվարի 9-ի ճակատամարտերում մոնղոլների տարած հաղթանակից հետո հայկական զորամասերը եգիպտացիներին հալածեցին մինչեւ Երուսաղեմ: Հեթումը, Երուսաղեմ հասնելով, անգամ ուխտ կատարեց Քրիստոսի գերեզմանի վրա: Արշավանքը դրանով ավարտվեց, եւ մոնղոլներն ու հայերը ետ դարձան: Երկրի վիճակը նշանակալից չափով կայունացավ, իսկ Իկոնիայի սուլթանությունը վերականգնելու ելած Ալայեդդինը ձերբակալվեց հայերի կողմից, եւ Հեթումը նրան ուղարկեց Ղազան խանին:


Համարելով իր գործն ավարտած՝ Հեթումը կրկին վանք մտավ: Սակայն իշխանությունից հեռանալիս նա գահ բարձրացրեց իր սպանված եղբոր՝ Թորոսի 12-ամյա որդուն՝ Լեւոնին, որը 1301 թվին հանդիսավորությամբ թագավոր օծվեց: Պարզվեց, որ վանք գնալը ձեւական բնույթ ուներ, եւ Հեթումը, անգամ գահից հրաժարվելով, նպատակ ուներ իր ձեռքում պահել թագավորական իշխանության սանձերը: Մանկահասակ թագավորին ամուսնացրին Ագնեսի հետ, որն Ամորի Լուսինյանի դուստրն էր եւ այդ ժամանակ անգամ 7 տարեկան չկար: Ամուսնությունը չհաս էր, սակայն պարզ չէ, թե Հայոց կաթողիկո՞սը թույլ տվեց այդ, թե՞ Հռոմի պապը: 1301 թվին սկսվեցին մոնղոլա-եգիպտական հաշտության բանակցությունները: Գրիգոր Անավարզեցին էլ, օգտվելով Հեթումի դիրքերից, շարունակեց քարոզել իր հռոմեամետ ուղղությունը՝ պատգամավորություններ ուղարկելով արեւելյան եպիսկոպոսների մոտ: Սակայն այստեղ նրա խոփը քարին առավ: Հատկապես նրան ընդդիմադիր էր Ստեփանոս Օրբելյանը, որը, սակայն, գիտակցաբար շատ չէր սրում հակադրությունը, որպեսզի գործը չհասնի Եկեղեցու պառակտմանը: Սյունիք եկավ կաթողիկոսի պատգամավոր Կոստանդինը՝ Կեսարիայի եպիսկոպոսը: Նա հավանաբար Սյունիք ժամանեց 1297 թվին՝ պաշտպանելու համար Անավարզեցու ծրագիրը: Սակայն շատ հետաքրքիր է, որ Անավարզեցին այդպես էլ պաշտոնական գրություն չուղարկեց՝ վախենալով, անկասկած, արեւելյան եպիսկոպոսների ձեռքը հանցանշան տալուց: Ստեփանոս Օրբելյանը խորհրդակցություն հրավիրեց, որին մասնակցեցին տեր Սարգիսը եւ տեր Գրիգորը՝ Սյունիքի վիճակից, Բջնիի աթոռակալ տեր Հովհաննեսը, Հաղպատի եպիսկոպոս տեր Հովհաննեսը, Հավուց թառի եպիսկոպոս տեր Մխիթարը, Վանական վարդապետի եղբորորդի տեր Մարգարեն, Գողթնի եպիսկոպոս տեր Սարկավագը, Եսայի բանասեր վարժապետը կամ Նչեցին, Դավիթ վարդապետը, ինչպես նաեւ Տարսայիճի որդի Էլիկում Օրբելյանը, Իվանեի որդի Լիպարիտ Օրբելյանը եւ Պապաք ու Էաչի Պռոշյանները, որոնք Հասան իշխանի զավակներն էին: Անավարզեցու առաջարկը բացարձակապես մերժվեց: Նման բովանդակությամբ պատասխան ուղարկվեց Հայոց կաթողիկոսին:


Չնայած կաթողիկոսի նկատմամբ հարգալից տոնին՝ նամակում նշվում էր, որ ամենուրեք լսվում է, թե Հայոց կաթողիկոսը հոռոմ է եւ նրանց հետ դաշնադիր: Ասվում է, որ այդ մասին Օրբելյանը լսել է դեռ Կիլիկիայում, եւ որ այդ պատճառով էլ Անավարզեցին այն ժամանակ կաթողիկոս չընտրվեց: Ասվում էր նաեւ, որ Հայոց Եկեղեցին պետք է հարազատ մնա Շահապիվանի, Նոր քաղաքի (Վաղարշապատի), Դվնի առաջին, երկրորդ եւ երրորդ, Պարտավի, Թեոդուպոլսի, Մանազկերտի, Անիի երկու ժողովների որոշումներին: Նամակում բարձրացվում էին դավանաբանական խնդիրներ, որոնց մանրամասների մեջ մտնելը բոլորովին իմաստ չունի: Պարզապես կաթողիկոսին հասկացնում էին, որ իրենց հանգիստ թողնի եւ եթե փոփոխություններ է ուզում կատարել, ապա թող դրանք անի Կիլիկիայում: Պարզ եւ հստակ ասվում էր, որ արեւելյան եպիսկոպոսները պատրաստ էին իրենց սուրբ հայրերի հետ դժոխք իջնել, բայց հոռոմների հետ երկինք չբարձրանալ: Չնայած նամակը գրված էր եպիսկոպոսների եւ իշխանների անունից, սակայն, ըստ էության, դրա հեղինակը Ստեփանոս Օրբելյանն էր: Իրենց ասածը հիմնավորելու համար Սյունյաց պատմիչը դիմում էր Գրիգոր Նեսկեսարացու եւ Աթանաս Ալեքսանդրացու գործերին: Կոստանդին Կեսարացին, սարսափած նամակի բովանդակությունից, փորձեց ինչ-ինչ պատճառաբանությամբ հրաժարվել այն կաթողիկոսին տանելուց: Սակայն ի վերջո ստիպված եղավ նամակը տանել Անավարզեցուն: Արեւելյանների պատասխանը ներքին խռովություններ առաջ բերեց Կիլիկիայում, որի հետեւանքով մի պահ Անավարզեցու գործունեությունն ընդմիջվեց: Նամակն ուղարկելուց շատ չանցած մահացավ Ստեփանոս Օրբելյանը՝ 1304 թվին: Նրան հաջորդեց Հովհաննես Օրբելյանը, որը Լիպարիտի որդին էր եւ Ստեփանոս Օրբելյանի սանը: Մոտավորապես այդ ժամանակներում մահացան Էլիկում եւ Լիպարիտ Օրբելյան իշխանները, եւ Հովհաննես Օրբելյանը մետրոպոլտությունը միացրեց Սյունյաց իշխանությանը, որի համար արժանացավ Անավարզեցու մեղադրանքին, թե նա դարձել է նաեւ մարմնավոր, այսինքն՝ աշխարհիկ իշխան:


Ստեփանոս Օրբելյանի մահը ոգեշնչեց կաթողիկոսին, որը կրկին պատգամավորություններ ուղարկեց բուն Հայաստան: Սակայն Անավարզեցու ծրագրերը կրկին ընդունելություն չգտան: Հովհաննես Օրբելյանը կրկին ընդդիմացավ դրանց: Մեղադրանքը հստակ էր, թե ինչո՞ւ է կաթողիկոսը գործակցում առանց իրենց հետ խորհրդակցելու: Այնուհետեւ թղթակցություն սկսվեց Սյունյաց մետրոպոլտի եւ Ծործորի վանքի առաջնորդ Զաքարիայի միջեւ: Եկեղեցում ներհակությունն ուժեղացավ այն աստիճանի, որ Հեթումն անգամ, հավանաբար, Անավարզեցուն խորհուրդ տվեց, որ կաթողիկոսը մտերմական թղթով դիմի արեւելյան եպիսկոպոսներին:
Վեճերը հատկապես ծավալվում էին պատարագի բաժակին ջուր խառնելու շուրջ, որը լատիններն էին պարտադրում հայերին, իսկ վերջիններս միտք չունեին այդ հարցում զիջելու: Ինչ վերաբերում է Անավարզեցու փաստարկներին, ապա դրանք շատ տկար էին՝ ընդդիմադիրներին համոզելու համար: Կաթողիկոսի նամակի պարունակությունը պարզ հավաստում է, որ նրա հեղինակն առանձնապես ուժեղ գործ չէր գրել: Մտերմական ոճը թուլացրել էր նրա պաշտոնական կողմը, իսկ հեղինակը հայտնում է իր անհատական կարծիքը՝ առանց այն պարտավորիչ դարձնելու եւ գումարվելիք ժողովի հաստատմանն է թողնում իր առաջարկը: Իսկ Հայոց Եկեղեցու համար կաթողիկոսի անհատական կարծիքը դավանաբանական արժեք չուներ:


Անավարզեցու նամակի ճակատագիրն անհայտ է, սակայն մի բան հստակ է, որ այն այլեւս մեջտեղ չեկավ: Անավարզեցին մի երկրորդ նամակ էլ գրեց, որը պատճենով չի պահպանվել: Սակայն Գալանոսի երկից դժվար չէ տեսնել, որ այն ունեցել է միեւնույն բովանդակությունը եւ տեղ գտել Սսի ժողովի փաստաթղթերում: Պարզվում է, որ Անավարզեցին խուսափում է եկեղեցական ժողով գումարելուց եւ փորձում է այդ բեռը բարդել Հեթումի կամ Լեւոնի վրա: Նա լավ էր հասկանում, որ իր հրավերը շատերը չեն ընդունի, եւ նոր վեճերի համար դուռ կբացվի: Սակայն ժողով այդպես էլ գումարել չհաջողվեց 1305 եւ 1306 թվականներին, քանի որ եգիպտացիների արշավանքները չէին դադարում: 1304-ին մահացել էր Ղազան խանը, եւ Հեթումն անձամբ շնորհավորել էր նրա հաջորդ Ղարբանթային, քանի որ եգիպտացիների դեմ պայքարում շատ էլ հույս չուներ Հռոմի պապի օգնության վրա: Խանին շնորհավորելու համար Թավրիզ եկան նաեւ Հովհաննես Օրբելյանը եւ Զաքարիա Ծործորեցին, սակայն հայտնի չէ, թե նրանք հանդիպեցի՞ն Հեթումին, թե՞ ոչ: Հեթումը փորձեց դիմակայել եգիպտացիներին եւ բազմիցս հարվածել թշնամիներին, սակայն Հռոմի պապից օգնություն չեղավ, իսկ Մոնղոլական պետությունը թուլանալով կորցրեց իր հետաքրքրությունն այդ հեռավոր երկրամասերի նկատմամբ: Այնպես որ՝ մոնղոլներից եւս օգնություն չստացվեց: Այդ ժամանակներում էլ քաղաքական թատերաբեմում հայտնվեց մի նոր գիշատիչ պետություն, որը XIII դարի վերջից ստացավ Օսմանյան պետություն անունը:


Հայաստանը եւ այսրկովկասյան երկրներն ավերած, սակայն ի վերջո պարտություն կրած Ջալալ-եդ-դինի զորամասերից մեկն իր հրամանատարի սպանությունից հետո հաստատվում է Իկոնիայի սուլթանությունում եւ իր՝ սուլթանությանը մատուցած ծառայության դիմաց ստանում է տիրույթներ Պրուսա քաղաքի մերձակայքում: Նրանց առաջնորդի անունն Էրթողրուլ էր, որին հայերը Սուլեյման էին անվանում: Սա հաջողակ գտնվեց բյուզանդացիների դեմ պայքարում եւ մեծապես ընդարձակեց իր տիրույթները նրանց հաշվին, իսկ նրա մահից հետո՝ 1288-ին, իշխանության եկած նրա որդի Օսմանի անունով իշխանությունն սկսեց կոչվել Օսմանյան: Օգտվելով քաղաքական բարենպաստ կացությունից՝ քանի որ մոնղոլները 1294-ին ջախջախել էին Իկոնիայի սուլթանությունը, Օսմանը 1299-ին իրեն սուլթան հռչակեց՝ փաստորեն որպես Իկոնիայի սուլթանության հաջորդ, եւ խիստ ընդարձակեց իր իշխանության սահմանները: Կիլիկիայի համար շուտով նա նույնպես դարձավ վտանգավոր ուժ:


Ինչ վերաբերում է համահայկական խնդիրներին, ապա Հեթումը եւ Լեւոնը այդպես էլ ազգային ժողով չհրավիրեցին, իսկ Գրիգոր Անավարզեցու առողջությունը վատացավ, եւ նա մահացավ: Մահվան որոշակի ժամանակը հայտնի չէ, սակայն պարզ է մի բան, որ նա մահացավ մինչեւ 1307 թվի Սսի ժողովը: Եվ քանի որ վերջինս տեղի ունեցավ 1307 թվի մարտի 19-ին, ապա Մ. Օրմանյանի կարծիքով՝ նրա մահը պետք է դնել 1307 թվի հունվարին: Նա իր ամբողջ կյանքում համոզված հռոմեամետ էր եւ այդպիսին էլ կնքեց իր մահկանացուն: Սակայն նրան այդպես էլ չհաջողվեց պաշտոնապես հռոմեադավան դառնալ եւ ո՛չ էլ կարողացավ Հայոց Եկեղեցին հռոմեադավան դարձնել:


Սակայն նրա գործակից Հեթումը, այնուամենայնիվ, որոշեց հռոմեադավանությանը պաշտոնական ընթացք տալ: Օգտվելով կաթողիկոսի ընտրության հանգամանքից՝ նա եկեղեցական ժողով գումարեց՝ հրավերներ ուղարկելով Լեւոն թագավորի անունով: Սակայն հրավիրվածները, որպես կանոն, Կիլիկիայից էին եւ նրա անմիջական հարեւան երկրամասերից: Մասնակից 26 եպիսկոպոսներից 16-ը Կիլիկիայից էին, 5-ը՝ Իկոնիայից, իսկ վերջին 5-ը՝ Մեծ Հայքի հարավարեւմտյան երկրամասերից՝ Մեծկերտից, Խորձյանից, ինչպես նաեւ Մարանդից եւ Անիից, որոնք թերեւս այդ ժամանակ պարզապես գտնվում էին Սսում: Կղեմես Գալանոսը հիշում է այս 26 եպիսկոպոսներին, սակայն վերեւում խոսքը 36 մասնակցի մասին էր: Ըստ որում, այս ցուցակները միմյանց նկատմամբ տարբերություններ ունեն: Երկրորդում բացակայում են առաջին ցուցակի մի քանի անուններ, եւ ավելացված են բուն Հայաստանից 11 եպիսկոպոսի անուններ: Քանի որ փաստական նյութ գրեթե չկա, Մ. Օրմանյանը հավանական է համարում, որ պակաս եղողները, հավանություն չտալով ձեռնարկին, հեռացել են, իսկ ավելացվածներն ուշ են եկել՝ ձեռնադրվելու նպատակով: Ժողովին մասնակցել են նաեւ շատ վարդապետներ, որոնցից 10-ը պարզապես վարդապետ են հիշվում, 7-ը՝ իբրեւ վանահայր: Իշխաններից եւ ազատանուց ժողովին մասնակցել են Լեւոն թագավորը, Հեթում թագավորահայրը, Կապանի տեր Օշինը, Լամբրոնի տեր Ալինախը, Կանչիբերդի տեր սպարապետ Օշինը, Ասկուռայի տեր մարաջախտ Ռեմունդը (Ռայմոնդ) եւ շատ ուրիշներ: Մասնակիցների մեջ հիշվում են նաեւ մեծ թվով քահանաներ ու կրոնավորներ:


Ժողովը գումարվեց Սսի Սբ Սոփիա եկեղեցում եւ նույն օրն ավարտեց իր հիմնական խնդիրը: Առանց քննության, թագավորի եւ թագավորահոր ճնշման ներքո, ժողովն ընդունեց Քրիստոսի երկու բնությունը, ինչպես սահմանել էր Գրիգոր Անավարզեցին, Տիեզերական կամ Կաթոլիկ Եկեղեցու տոները՝ Ավետիսը, Սբ Ծնունդը, Մկրտությունը եւ Քառասնօրյա գալուստը՝ համապատասխանաբար մարտի 25-ին, դեկտեմբերի 25-ին, հունվարի 6-ին եւ փետրվարի 2-ին եւ այլն: Ժողովը ոչ միայն ընդունեց պատարագի բաժակին ջուր խառնելը, այլեւ յոթ ժողովների որոշումները: Ժողովի նպատակը եղավ միաբանվել հռոմեադավան եւ Բյուզանդական Ուղղափառ Եկեղեցիների հետ, չնայած Հռոմեական Եկեղեցին հերետիկոս էր համարում Բյուզանդական Ուղղափառ Եկեղեցուն, եւ դրանով իսկ դուրս գալ կրոնական մեկուսացումից: Իսկ դրա հեռահար նպատակը նրանցից զինվորական օգնություն ստանալն էր:


Սակայն ժողովի որոշումները գործնականում մնացին թղթի վրա: Ժողովի կարեւորությունը նշելու համար 26 եպիսկոպոսներին ավելացված են 30 վարդապետների եւ աշխարհիկ իշխանների անունները, ինչը, սակայն, բնավ չի մեծացնում ժողովի կարեւորությունը: Եվ բնավ հասկանալի չէ, թե ինչու այն առավելություն ուներ դրան նախորդած Հայոց Եկեղեցու ժողովների նկատմամբ: Ժողովը չունեցավ անգամ կաթողիկոս-նախագահ եւ առաջին ստորագրողը՝ Կոստանդին Կեսարացին, լոկ Կեսարիայի եպիսկոպոսն էր: Ըստ էության, Սսի ժողովը ոչ միայն նշանավոր չէր, այլեւ ապօրինի էր, իսկ նրա որոշումները՝ ո՛չ վավերական, որոնք ընդունվել էին թագավորի եւ թագավորահոր ճնշման տակ:


Հասկանալի է, որ ժողովի ապօրինի որոշումները պետք է առաջ բերեին ընդդիմադիր շարժում: Դրանց դեմ հանդես եկավ Մովսես Երզնկացի վարդապետը՝ արտահայտելով արեւելյան եպիսկոպոսների կարծիքը: Նա պարզ նշում էր, որ ժողովի մասնակիցները մեծ թիվ չեն կազմել, եւ անհրաժեշտ էր ժողովին հրավիրել ողջ հոգեւորականության ընտրանին: Ժողովին չեն մասնակցել Վասպուրականի, Սյունիքի, Տարոնի եւ այլ շատ երկրամասերի ներկայացուցիչները, հետեւաբար արեւելյանների համար Սսի ժողովի որոշումները պարզապես անընդունելի էին: Սսի ժողովը հենց մարտի 19-ին ավարտեց իր աշխատանքները, իսկ չորս օր անց տեղի ունեցավ նոր կաթողիկոսի ընտրությունը: Առայժմ բաց թողնելով ընտրության հանգամանքները՝ նշենք, որ այդ ժամանակներում գործել է Հեթում Ա թագավորի կրտսեր եղբայր Հովհաննես եպիսկոպոսը, որը դարձավ Գռների վանքի առաջնորդ եւ հայտնի է արքայեղբայր եւ րաբուն մականուններով: Նա մահացավ 1284-ին՝ առանձնապես մեծ գործունեություն չունենալով:


Հեթում Ա-ի ավագ եղբայրներից Բարսեղը եղել է Սսի արքեպիսկոպոս եւ Դրազարկի վանքի առաջնորդ: Հեթում Բ-ի եղբայր Ներսեսը եղել է լոկ քահանա, որը վախճանվել է ընդամենը 22 տարեկան հասակում՝ 1301 թվի մայիսի 26-ին կամ մայիսի 7-ին: Թերեւս եղել է Արքակաղին վանքի միաբան: Արքայական ծագում ունեին Հեթում պատմիչը, որը Կոռիկոսի իշխանն էր, Հեթում Ա-ի Օշին եղբոր որդին, որը զինվորական բարձր դիրքի հասավ: Նա աչքի ընկավ գրական ճաշակով եւ կարողությամբ: Հետագայում կրոնավորների դասն անցավ՝ մտնելով լատին միաբանություններից մեկի մեջ: Հեթում պատմիչը, որ Կղեմես Ե պապի հանձնարարությամբ գրեց մոնղոլների պատմությունը, որի հայերեն բնագիրը դեռ չի գտնվել, մահացավ Ֆրանսիայի Պուատյե քաղաքում, որի վանքերից մեկի միաբան էր:


Մեծ հռչակ ունեցավ Կիլիկիայի վարդապետներից Գեւորգ Սկեւռացին, որը կոչվել է նաեւ Լամբրոնացի՝ իր ծննդավայրի անունով: Նրա գլխավոր երկասիրությունն է «Արուեստ գրչութեան» գործը: Մահացել է 1301 թվին: Նրա աշակերտներից էր Մովսես Սկեւռացին: Գեւորգի քեռին էր Գրիգոր Սկեւռացին, որ հայտնի է իր գրած ճառերով ու մեկնություննեորվ: Ստեփանոս քահանա Գույներիցանցը եղել է ձեռագրերի ճարտար ընդօրինակող: Մեծ հռչակ ունեցավ Հովհաննես Պլուզ վարդապետը, որից սակայն մեզ մի հիասքանչ ոտանավոր է հասել: Նշանավոր էր վերն արդեն հիշատակված Մովսես Երզնկացի վարդապետը՝ ազնվական ծագումով: Նա մահացավ 1323-ին՝ աչքի ընկնելով իր մի շարք աշխատություններով: Նա Անավարզեցու ծրագրի ամենակատաղի հակառակորդներից էր: Ոչ պակաս եւ անգամ շատ ավելի նշանավոր էր Հովհաննես Երզնկացի վարդապետը, որը հիշվում է նաեւ Ծործորեցի մականունով, քանի որ երկար ժամանակ գտնվել էր Ծործորա վանքում: Կոչվել է նաեւ Քաղցրիկ՝ իր գրած երգերի ու շարականների համար, Պլուզ՝ փոքրամարմին լինելու համար, եւ Մաշածին՝ անհայտ պատճառներով: Նա աչքի ընկավ Ներսես Պարթեւ կաթողիկոսի նշխարների հայտնության շնորհիվ, որին նա նվիրեց իր աշխատություններից մեկը: Ներսեսի նշխարները հայտնվեցին Թիլում՝ սարկավագ Պատվականին գիշերը երեւացած տեսիլքի միջոցով: Նշխարներն ամփոփվում են Տիրաշենի վանքում, իսկ աջը պահվում է քաղաքի եկեղեցիներից մեկում: Ներսեսի նշխարները հավանաբար հայտնաբերվեցին 1273 թվին, չնայած ժամանակագրական այլ տվյալներ են պահպանվել: Հովհաննես Երզնկացին 1280 թվին Երզնկայի վանքի համար կանոններ եւ սահմաններ է պատրաստում, 1281-ին ուխտի է մեկնում Երուսաղեմ, վերադարձին այցելում է Հակոբ Կլայեցի կաթողիկոսին Հռոմկլայում եւ հաստատվում այնտեղ որպես ուսումնարանի վերակացու:


Գրել է «Մեկնութիւն քերականի» աշխատությունը, որը հայերենի մասին փայլուն աշխատություն է: Ատենաբանությամբ հանդես է եկել Հեթում եւ Թորոս արքայազների ասպետության կարգն անցնելու ժամանակ: Հետո գնացել է Տփղիս, որտեղ գրել է «Յաղագս երկնային շարժմանց» գիրքը՝ Վախթանգ Ումեկյան իշխանի խնդրանքով եւ Հովհաննես եպիսկոպոսի հորդորներով: Հետո անցնում է Ծործորա վանք, որտեղ գրում է Մատթեոսի Ավետարանի մեկնությունը: Ավելի ուշ մերձենում է Դոմինիկյան միաբաններին՝ զուտ ուսումնական նպատակներով, երբ վերջիններս սկսել էին տարածվել բուն Հայաստանում: Նա թարգմանել է Թովմա Ակվինացու գործերի մի մասը: Լինում է նաեւ Անիում, որտեղ ժողովրդին մեղքերի մեջ մեղադրելու եւ ապաշխարության քարոզ կարդալու համար նրան թմրադեղ են տալիս, մերկացնելով պտտում ողջ քաղաքում եւ զամբյուղի մեջ դնելով՝ կախում են ավագ եկեղեցու դռնից, որից հետո բրածեծ են անում եւ վտարում քաղաքից: Իբրեւ թե Երզնկացին դրանից հետո բարձրանում է բլուրը, անիծում, որին հաջորդում է Անիի երկրաշարժը: Հազիվ թե վերջին պատմությունը, կապված անեծքի հետ, ճիշտ է: Նա մահացել եւ թաղվել է Երզնկայի Սբ Նշան եկեղեցում:


Երզնկացու ժամանակակիցն է եղել Նչեցի վարդապետը, որն աշակերտել է Ներսես Տարոնեցուն՝ Մշո Առաքելոց վանքում: Նա Սասունի Նիչ ավանից էր: Ուսումն ստանալուց հետո նա գնում է Սյունիք եւ հաստատվում Վայոց ձորի Գլաձորի վանքում՝ ձեռք բերելով մեծ համբավ որպես վարդապետաց վարդապետ: Ըստ որոշ տվյալների՝ նրա աշակերտների թիվը հասել է 363-ի: Թողել է մի շարք աշխատություններ՝ քերականի եւ մարգարեությունների մեկնություններ: Այս շրջանում էր, որ լատին քարոզիչների ազդեցությամբ ձեւավորվեցին ունիթորական եւ հակաունիթորական ուղղությունները: Լատին քարոզիչներն սկզբում գործում էին Պարսկահայոց սահմաններում՝ բնօրրան ունենալով Պարսկաաստանի Սուլեյմանիա քաղաքը: Հետո նրանք իրենց կենտրոնը դարձրին Նախիջեւանը եւ Սյունյաց Ճահուկ գավառը: Այստեղից էլ ծագեց հայ ունիթորների Ջահկեցի մականունը: Եսայի Նչեցին իր գործունեությամբ հանդես եկավ ունիթորության դեմ:


Անհնար է կրկին չհիշել Ստեփանոս Օրբելյանին՝ Սյունյաց մետրոպոլտին եւ նշանավոր պատմիչին, որին մեծ հռչակ բերեց «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը: Ունեցել է շինարարական մեծ գործունեություն: Նա է ձեռնարկել Տաթեւի երրորդ շինությունը, Նորավանքին նվիրված Դլենա խաչը, եկեղեցական զանազան ընծաները եւ այլն:
Այս շրջանում է նահատակվում Գրիգոր Բալուեցի վարդապետը: Նա սկզբում ամուսնացյալ քահանա էր, սակայն այրի մնալով՝ գնում է Խոր վիրապի եւ Կայենի վանքերը եւ վարդապետական աստիճան ստանում:


Վերադառնալով Բալու՝ հաստատվում է Սբ Հակոբի վանքում՝ արժանանալով բնակչության հարգանքին եւ սիրուն: Գրիգորը Խարբերդում էր, երբ քաղաքը ենթարկվեց եգիպտացիների հարձակմանը, եւ տեղի իշխանի եղբայրը գերի ընկավ նրանց ձեռքը: Իշխանը որոշում է քրիստոնյաներին հարստահարելով՝ ազատել իր եղբորը: Նա մի շուն է սատկացնում, կախում մզկիթի դռնից եւ դրա մեջ մեղադրում քրիստոնյաներին: Ձերբակալվում են Գրիգոր վարդապետը եւ քաղաքի 45 պատվավոր այրեր: Փորձում են իսլամացնել Գրիգորին եւ հաջողության չհասնելով՝ 1290 թվի փետրվարի 10-ին գանահարությամբ սպանում են նրան եւ նրա երկու աշակերտներին: Մեկ այլ անձ էլ, որի անունը Կիրակոս էր, 1291 թվին նահատակվեց Վայոց ձորի Շատիկի վանքում: Նա սպանվեց պատարագելու ժամանակ՝ մահմեդականի կողմից: