(1286-1289)
Կլայեցու մահվանից քառասուն օր անց կաթողիկոսական աթոռ բարձրացավ Կոստանդին Բ Կատուկեցին՝ ընտրվելով աշխարհագումար ժողովում: Տոհմական հաջորդության խնդիրը դադարել էր, եւ կաթողիկոս կարող էր դառնալ առավել արժանավոր թեկնածուն: Հավանաբար թեկնածուների մեջ էր նաեւ Գրիգոր Անավարզեցի եպիսկոպոսը, սակայն նրա բուռն լատինամոլությունը պատճառ դարձավ, որ ընտրվի Կոստանդին Կատուկեցին: Հայոց արքան փորձում էր ավելի դատավորի դերում հանդես գալ: Չնայած նա լատինամոլ չէր, սակայն շատ հակառակվել էլ չէր կամենում: Այն մեղադրանքը, թե նա պաշտպանել է լատինամոլ Գրիգոր Անավարզեցու թեկնածությունը, բոլորովին անհիմն է: Ստեփանոս Օրբելյանի տեղեկությունները, համենայն դեպս, դա են փաստում: Ավելին, նա դեմ է եղել Անավարզեցու թեկնածությանը: Հայոց թագավորը փորձեց անգամ համոզել Ստեփանոս Օրբելյանին կաթողիկոսանալ, սակայն վերջինս չհամաձայնվեց: Թերեւս, Օրբելյանի թեկնածության օրակարգից դուրս գալը պայմանավորված է այն իրողությամբ, որ լատինները խուսափում էին կաթողիկոսական աթոռ բարձրացնել Արեւելյաններից որեւէ մեկին: Կոստանդինին օծեցին Սսում՝ Սուրբ Սոփիի ավագ եկեղեցում 1286 թվի ապրիլի 13-ին, իսկ հաջորդ օրը, դարձյալ մեծ հանդեսով, եպիսկոպոս ձեռնադրեցին Ստեփանոս Օրբելյանին:
Մինչ այդ Կոստանդին Կատուկեցին առաջնորդն էր Խորին անապատի, որը գտնվում էր Բարձրբերդի եւ Լեւոնկլայի մերձավորությամբ: Կատուկեցին ծնվել էր Կիլիկիայի Կատուկ գյուղում, որի տեղը շատ էլ հստակ չէ: Կատուկը նշանավոր ավան չէր, ուստի երբեմն նրան կոչել են նաեւ Կեսարացի: Սակայն դա շփոթ է, քանի որ, ինչպես ցույց է տալիս Մ. Օրմանյանը, Կոստանդին Կատուկեցին եւ Կոստանդին Կեսարացին տարբեր կաթողիկոսներ են: Կոստանդին Կատուկեցին հայտնի է, իրավամբ, նաեւ Պրոնագործ կամ Պրոնգործ մականունով, որ նշանակում է այծի բուրդ գործող արհեստավոր՝ թերեւս կապված նրա հոր զբաղմունքի հետ: Համենայն դեպս, հայտնի չէ, թե ինչու են նրան այդպես կոչել:
Իր գործունեության մեջ Կոստանդին Կատուկեցին երբեք լատինամոլ չի եղել: Ուստի Սամվել Անեցու կողմից նրան աղթարմայության մեջ մեղադրելը ոչ մի հիմք չունի: (Աղթարմայության մեջ մեղադրվում էին նրանք, ովքեր հայադավանությունից անցնում էին հռոմեադավանության: Բառը, թերեւս, ծագում է թուրքերեն «աքթարմա» բառից, որ նշանակում է մի նավից մյուսը փոխադրվել: «Աղթարմա»-ի արտաքին նմանությունը «Աղթամար»-ին զուտ պատահական է): Ստեփանոս Օրբելյանը հավաստում է նրա լատինամոլ չլինելը եւ փորձում նրան պաշտպանել, երբ նրան կարգալույծ արեցին: Թագավորը եւս փորձում էր կրոնական հարցերից հեռու մնալ, եւ նրա ճկուն արտաքին քաղաքականությունը՝ ի դեմս եգիպտացիների հետ հաշտության, մոնղոլների հետ բարեկամության եւ խաչակիրների հետ զգուշավորության, Հայոց թագավորությանը պարգեւեց խաղաղ զարգացման մի քանի տարի:
Ստեփանոս Օրբելյանը Սսում արժանացավ հատուկ պատիվների: Նախկինում բուն Հայաստանը ներկայացնում էին Անիի եպիսկոպոսները, այժմ այդ տեղն աստիճանաբար անցնում է Սյունյաց աթոռին՝ շնորհիվ Սմբատ եւ Տարսայիճ Օրբելյանների: Կաթողիկոսը վերականգնեց Սյունյաց աթոռների մետրոպոլտության իրավունքը, իսկ Ստեփանոսին թանկարժեք հագուստներ, մետրոպոլտական թագ եւ եմիփորոն նվիրեց: Նա բազում ընծաների արժանացավ նաեւ թագավորի կողմից, որը նույնպես նրան թագ տվեց: Մեկը հունածես եպիսկոպոսական թագ էր, իսկ մյուսը՝ լատինածես եպիսկոպոսական խույր: 1287 թվին Ստեփանոսը վերադարձավ իր աթոռը:
Նշված շրջանում Սյունյաց աթոռը երկփեղկված էր երկու աթոռների, որոնցից մեկը Տաթեւում էր, իսկ մյուսը՝ Նորավանքում: Սյունյաց Հովհաննես եպիսկոպոսը Տաթեւի աթոռի ավերվելուց հետո եկել եւ հաստատվել էր Նորավանքում, եւ նրա հաջորդը՝ Ստեփանոս Փախրըլմսեհը, նույնպես եպիսկոպոսություն հաստատեց Նորավանքում: Նրան հաջորդած Սարգիսն էլ մինչ այդ Նորավանքում էր եպիսկոպոսացել: Սրան հակառակ՝ տեր Ստեփանոսի հորեղբորորդի Հովհաննեսը, ձեռնադրվելով Աղթամարի կաթողիկոսի կողմից, հաստատվեց Տաթեւում, եւ վիճակը պառակտվեց: Սարգիսը, չկամենալով կռիվների մեջ մտնել, իրեն պահեց Վայոց ձորը, Ճահուկը եւ Նախճավանը՝ իբրեւ Նորավանքի սեպհական ժառանգություն, իսկ մնացածը թողեց Հովհաննեսին, ինչը հաստատվեց կաթողիկոսի կողմից: Այդ առիթով Սարգիսն անգամ մեկնեց Կիլիկիա, հետո՝ Երուսաղեմ, որտեղ էլ մահացավ: Տարսայիճը կամենում էր Սյունյաց աթոռը բարձրացնել՝ վերջինիս մետրոպոլտին բուն Հայաստանում վերածելով կաթողիկոսական տեղապահի:
Թվում էր, թե ամեն ինչ կարգադրված էր, սակայն Ստեփանոսի վերադառնալուց շատ չանցած՝ Տաթեւի եպիսկոպոսը փորձեց այդ խափանել այլազգիների միջոցով՝ մեղադրելով Ստեփանոսին մոնղոլների առաջ ոչ բավարար հավատարմության մեջ: Սակայն մեծ էր Տարսայիճի հեղինակությունը մոնղոլների մոտ, եւ առավել քան հմուտ գործեց Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոսը: Նա անձամբ ներկայացավ Արղունին կաթողիկոսի նամակով, որը թարգմանվեց եւ ներկայացվեց մոնղոլ խանին: Բանսարկություններն իզուր անցան, եւ Ստեփանոսը, հաստատվելով իր պատիվների մեջ, վերադարձավ Սյունիք: Մոնղոլները դեռ հեթանոս էին, եւ հայերը հույս ունեին, որ նրանք քրիստոնեություն կընդունեն:
Դրա համար հիմքեր կային, քանի որ մոնղոլ խանը պատվիրակներ էր ուղարկել Լուգդունի ժողովին: Ցավոք, դեպքերն այլ զարգացում ունեցան: Ահմեդը, որ իսլամ էր ընդունել, սկսեց հալածել քրիստոնյաներին, եւ Արղունի գահ բարձրանալով էր, որ կրկին մոնղոլներն սկսեցին բարյացակամ վերաբերվել քրիստոնյաներին: Արղունն էլ իր հերթին հույս ուներ քրիստոնյաների օգնությամբ գրավել Եգիպտոսը: Մոնղոլներին քրիստոնեացնելու համար մի շարք պապեր քարոզիչներ ուղարկեցին մոնղոլների մոտ, սակայն ավելի հաջողակ գտնվեցին նեստորականները: Հիշատակության արժանի է այն փաստը, որ հռոմեադավան եպիսկոպոսը եւ նեստորական կաթողիկոսը միացյալ օրհնություն կատարեցին եւ արժանացան Արղունի պատիվներին ու ընծաներին:
Չնայած Ստեփանոսը հաստատվեց Սյունյաց աթոռին, շարունակում էր ենթարկվել Տաթեւի եպիսկոպոսների խարդավանիչ քաղաքականությանը: Սակայն նա ի վերջո հաղթանակ տարավ ոչ միայն մոնղոլների օգնությամբ, այլեւ հոր աջակցությամբ: Տաթեւի եպիսկոպոս Գրիգորը եւ Նորավանքի տեր Սարգիսը ճանաչեցին նրա իշխանությունը: Վերջինս աչքի ընկավ իր շինարարական գործունեությամբ ոչ միայն Նորավանքում, այլեւ ոչ հեռու գտնվող Արփայի վրա կամուրջ կառուցելով: Ստեփանոսը եղած աթոռները պահպանեց՝ իր ենթակայության տակ վերցնելով:
Արղունի իշխանությունը, ընդհանուր առմամբ, խաղաղ ժամանակաշրջան էր, սակայն նա, ստեպ-ստեպ կասկածելով իր զորավարներին դավադրության մեջ, նրանցից շատերին մահապատժի ենթարկեց: Սպանվեց նաեւ վրաց թագավոր Դեմետրեն: Սակայն Արղուն խանն էլ երկար չապրեց եւ մահացավ 1289 թվին՝ Մուզանի դաշտում թունավորվելով իր հարճերից մեկի ձեռքով: Քեզաթուն կամ Գանջիաթուն Ստեփանոսին վերահաստատեց իր պաշտոնում: Տարսայիճը մահացավ 1290 թվին, եւ ժառանգության խնդիր ծագեց նրա զավակների միջեւ: Ի վերջո խանի վճռով իշանությունն անցավ Տարսայիճի ավագ որդի Էլիկումին: Վերջինս, չկամենալով գրգռել իր եղբայրներին, նրանց մաս հանեց հայրական ժառանգությունից: Ստեփանոսը մինչ այդ հորից կալվածքներ էր ստացել, իսկ Փախրադուլը մահացել էր երիտասարդ հասակում: Կալվածքներ ստացան Տարսայիճի երկրորդ կնոջից ծնված Ջալալը եւ Էլիկում Սմբատյանի որդին՝ Լիպարիտի հորեղբորորդին: Սյունիքում խաղաղություն էր, եւ անգամ այսպես կոչված՝ Աղվանից կաթողիկոս Ստեփանոսը եւ շատ հոգեւորականներ ապաստանեցին Սյունիքում՝ ապավինելով Ստեփանոս մետրոպոլիտի հյուրընկալությանը:
Լեւոն թագավորը մահացավ 1289 թվի փետրվարի 6-ին: Այդ մասին մանրամասներ չեն պահպանվել: Հայտնի է, որ նա իրենից հետո թողել է յոթ տղա եւ երեք աղջիկ, որոնցից երկու տղան եւ մի դուստրը մահացել են վաղ տարիքում: Նրա կինը՝ Կիր-Անը, վախճանվել էր արդեն 1285-ին եւ թաղվել Դրազարկում, երբ ամուսինն այցի էր գնացել Արղունին: Վերադառնալով՝ սգաց կնոջ մահը, իսկ հաջորդ՝ 1286 թվին իր երկրորդ որդի Թորոսին ամուսնացրեց Հուգոն Գ թագավորի դուստր Մարգարիտի հետ, քանի որ ավագը՝ Հեթումը, չէր ցանկացել ամուսնանալ: Վերջինս գտնվում էր լատին հոգեւորականների ազդեցության տակ, որոնք հաստատվել էին Կիլիկիայում նախորդ թագավորների եւ կաթողիկոսների օրոք՝ օգտվելով խաչակիրների հետ չհակառակվելու նրանց քաղաքականությունից: Հեթումը դարձել էր հռոմեադավան եւ Ֆրանցիսկյան միաբանության անդամ: Հասկանալի է, որ կուսակրոն դարձած Հեթումը չէր ցանկացել ամուսնանալ: Սակայն, այնուամենայնիվ, Հեթումը վանական կյանքով չէր ապրում եւ զբաղվում էր պետական գործերով: Լեւոն Բ-ի մահից հետո Հեթումը գահ բարձրացավ՝ առանց օծվելու, որպեսզի այն չխանգարի կրոնավորի իր կացությանը:
Ֆրանցիսկյան միաբանության հիմնադիրն է եղել Ֆրանցիսկոս Ասսիզացին, որն Իտալիայի Ասսիզա քաղաքից էր: Նա սկզբում կրում էր Ջիովաննի Բերնարդոնե անունը, իսկ Ֆրանցիսկոս մականունն ստացել է ֆրանսերեն խոսելու համար: 1206 թվին նա ճգնավոր է դառնում եւ իր առաքինի կենցաղով շատ աշակերտներ ունենում: 1209 թ. արդեն 129 աշակերտ ուներ, որոնք ուսուցչի նման բոկոտն էին ու բացագլուխ եւ հաստատվել էին Ասսիզիայի մոտ գտնվող Պորզյունկուլայի վանքում: 1219-ին գումարված ժողովին արդեն մասնակցում էր 5000 կրոնավոր՝ Եվրոպայի տարբեր երկրներից: 1223-ին Հոնորիոս պապը պաշտոնապես վավերացնում է միաբանության կանոնադրությունը: Ֆրանցիսկոսի առաջարկած կանոնադրությամբ Եվրոպայով մեկ սփռված վանքերը պետք է գտնվեին մեկ ընդհանուր առաջնորդի իշխանության ներքո եւ պետք է ուղղակի ենթարկվեին Հռոմի պապին՝ անկախ թեմական իշխանությունից: Նրանք քարոզում էին ոչ նյութապաշտություն, ողորմությամբ ապրել եւ քարոզչությամբ զբաղվել: Առաջին նպատակը Եվրոպայում քրիստոնյաների մեջ ավետարանական առաքինություններ քարոզելն էր, սակայն ավելի ուշ ավելացվեց քարոզը ոչ քրիստոնյաների շրջանում՝ ի նկատի ունենալով մահմեդականներին: Մի քանի անհաջող փորձերից հետո նա այլեւս տեղից տեղ չգնաց, սակայն նրա աշակերտները ցրվեցին՝ քարոզելու Եվրոպայի քրիստոնյա եւ Մերձավոր Արեւելքի մահմեդական երկրների մեջ:
Ֆրանցիսկոս Ասսիզացին մահացավ 1226 թվին՝ 44 տարեկան հասակում: Սակայն նրա գործը շարունակվեց եւ զարգացավ: 1212 թվին Ֆրանցիսկոսը կանանց վանականություն հաստատեց, որի գլուխ կարգեց Կլարա Ասսիզացուն: Գործն ավելի ընդարձակելու համար հատուկ երրորդական ազատ դաս էլ հաստատեց, որը հաջորդում էր այր ֆրանցիսկյաններին եւ կլարյաններին: Այս դասի մեջ ընտրված էին անխտիր բոլոր այր ու կին աշխարհականները, որոնք աշխարհիկ կյանքով էին ապրում, սակայն պարտավորվում էին հնարավորության շրջանակներում հետեւել վանական կանոններին: Հավանաբար Հեթումը հիշյալ երրորդականներից էր, որոնց համար ամուսնությունը, սակայն, արգելված չէր: Ֆրանցիսկյանները հատկապես փորձեցին հռոմեադավանությունը տարածել Արեւելքի քրիստոնյաների շրջանում: Նրանք բավական հաջողեցին Կիլիկյան Հայաստանում՝ հայոց թագավորների եւ կաթողիկոսների զիջողամիտ քաղաքականության պատճառով: Կազմակերպությունը խիստ մեծացավ, եւ նրանից սերեցին 10-ից ավելի միաբանություններ, որոնք ընդունում են իրենց հիմնադիր Ֆրանցիսկոս Ասսիզացուն, սակայն իրարից տարբերվում են կանոնադրության, սքեմի, կենցաղի եւ գործունեության ձեւերով:
Այս շրջանում Կիլիկիայում գործել է մեկ այլ միաբանություն եւս, որ հայտնի է Դոմինիկյանց անունով: Հիմնադրել է Դոմինիկոս Կուզման, որն Իսպանիայի Կալահորրա քաղաքից էր: Դոմինիկոսը պայքար սկսեց ալբիգոյան կոչված աղանդավորների դեմ՝ Ֆրանսիայի Լանգդոկ նահանգի Աքվետանիա երկրամասում: Ենթադրվում է, որ ալբիգոյանները ծագում էին պավլիկյաններից:
1211-ին միաբանությունը ձեւավորվեց, իսկ 1225-ին Հռոմի պապը տվեց իր հավանությունը: Նրանց կենտրոնն էր Իտալիայի Բոլոնիա քաղաքը, որտեղ էլ հաստատվեց Դոմինիկոսը: Դոմինիկյանները հայտնի էին Քարոզիչ եղբայրներ անունով եւ գործում էին՝ ունենալով Հռոմի պապի աջակցությունը: Դոմինիկոսը մասնակցել է ալբիգոյանների դեմ 1213 թ. խաչակրաց արշավանքին, որին զոհ գնաց 16000 աղանդավոր: Դոմինիկոսը եւս հաստատեց տղամարդկանց մենաստաններ եւ կանանց կուսանոցներ: Նա մահացավ 51 տարեկան հասակում՝ 1221 թվին: Դոմինիկյանների քարոզը հատկապես ուժեղացավ առաջնորդի մահից հետո, երբ Հռոմի Գրիգոր Թ պապն աղանդավորների դեմ պայքարելու համար հավատաքննություն կամ ինկվիզիցիա մտցրեց: Վերջինիս դատարանները հանձնվեցին դոմինիկյան կրոնավորներին: Դոմինիկյանները գործունեություն ծավալեցին նաեւ Կիլիկյան Հայաստանում: Քարոզիչների մեջ աչքի ընկավ Բարտոլոմեո Բոլոնացին, որին ուսումնական նպատակներով դիմում էին նաեւ հայ վարդապետները: Սրա օրոք էլ Հայաստանում ծնունդ առան ունիթորական եւ հակաունիթորական շարժումները: Ունիթորները ձգտում էին հասնել Հռոմեական եւ Հայկական Եկեղեցիների միաբանությանը, իսկ հակաունիթորները հակադրվում էին դրան:
Այս ակնարկը տրվեց միայն մի նպատակով՝ ցույց տալու համար, թե հայոց թագավորը վանական ինչ միաբանության էր հարել: Հեթումի գործակցությունը Հռոմի պապի հետ խորացավ, իսկ Նիկողայոս Դ պապը նրան ուղարկեց մի հանգանակ, որը նույնն էր Կղեմես Դ պապի կողմից Միքայել Պալեոլոգ կայսրին ուղարկած հանգանակին: Լատին հոգեւորականությունն ամեն ինչ անում էր, որ հայերին հռոմեադավան դարձնի: Նամակներ ուղարկվեցին շատ իշխանների եւ իշխանուհիների, որոնց մեջ էին Մարիամ իշխանուհին՝ Հեթում Լամբրոնացու դուստրը, արքայազն Թորոսը, Լեւոն սպարապետը, Օշին մարաջախտը եւ ուրիշներ:
Հասկանալի է, որ նման պայմաններում խորապես սառելու էին թագավորի եւ կաթողիկոսի փոխհարաբերությունները: Կաթողիկոսը մտադիր չէր հռոմեադավան դառնալ եւ ընդունել պապի հանգանակը: Թագավորը կաթողիկոսի դեմ դուրս բերեց նրա հակառակորդներին, որոնց գլուխ էր կանգնած Գրիգոր Անավարզեցին: Թե ինչեր տեղի ունեցան, ցավոք, պատմությունը հիշատակներ չի պահպանել, սակայն գործը վերջացավ կաթողիկոսին գահընկեց անելով: Սսում ժողով գումարվեց, ուր կաթողիկոսին զանազան մեղադրանքներ ներկայացվեցին՝ սուտ վկաների միջոցով: Այնքան անհիմն էին մեղադրանքները, որ Ստեփանոս Օրբելյանը համարել է լսողների համար անարժան եւ անպատշաճ: Նրան ամբաստանում էին այն խնդրում, թե շարբաթ է խմում պատարագից առաջ կամ էլ հարկեր է հավաքում Հռոմկլայի լկտանոցներից: Հայոց Եկեղեցու օրենքով՝ այդ հարկերը կարելի էր հավաքել, իսկ շարբաթ խմելը, եթե այն ճիշտ էր, Ստ. Օրբելյանը բացատրում էր մարմնի տկարությամբ: Ավելորդ չի լինի նշել, որ այդ գումարներով կաթողիկոսը պահում էր բերդապահ զինվորներին: Սակայն ժողովը ճշմարտություն չէր փնտրում եւ լոկ նպատակ ուներ գահընկեց անել կաթողիկոսին: Վերջինս անգամ ներկա չէր ժողովին եւ բացատրություններ տվել է պատգամավորներին եւ ոչ թե ժողովին:
Հիշատակության արժանի է այն փաստը, որ կաթողիկոսն այդ ժամանակ գտնվում էր Սսում, ավելի ճիշտ՝ նրա մատույցներում, որ Գլխաբացի էր կոչվում, իսկ ավելի ուշ՝ Հին կաթողիկոսարան: Հայտնի չէ անգամ, թե նա պատահաբա՞ր էր գտնվում Կիլիկիայում, թե՞ նրան բերել էին տվել: Եվ ամբողջ զավեշտն այն է, որ գտնվելով Կիլիկիայում՝ կաթողիկոսը չի հրավիրվել ժողովին: Ժողովը գումարվել էր լոկ կաթողիկոսի հակառակորդների մասնակցությամբ, ներկա չէին բուն Հայաստանի եպիսկոպոսները, հետեւաբար որոշումն ապօրինի էր: Սակայն շատ լավ հասկանալով կատարվածը՝ կաթողիկոսը հրաժարվում է կաթողիկոսությունից: Հրաժարականը նա տվեց կաթողիկոսական հանդերձները հագին եւ Գրիգոր Լուսավորչի Աջով օրհնելով Հայոց թագավորությունը՝ գոհություն հայտնեց Քրիստոսին, որ իրեն մարմնավոր տառապանքի է մատնել: Որից հետո հանում է հայրապետական հանդերձները եւ զարդերը, մատանին եւ գավազանը՝ եպիսկոպոսական սքեմի հետ, եւ լուռ դուրս է գալիս ու առանձնանում Խորին անապատում: Սակայն կամավոր հրաժարումը միայն կասկածանքներ ծնեց հակառակորդների մոտ: Նրանք վախենում էին, որ կաթողիկոսը կգնա բուն Հայաստան եւ այնտեղ կվերականգնի իր հայրապետական իրավունքը:
Ուստի նրան շղթայակապ նետում են Լամբրոնի բերդը՝ դրանով հագուրդ տալով իրենց հռոմեամոլությանը:
Մի բան ճիշտ է. եթե կաթողիկոսը գնար բուն Հայաստան, ապա արեւելյան եպիսկոպոսները կճանաչեին նրա հայրապետական իշխանությունը, քանի որ իր սկզբունքներով կաթողիկոսը Հայոց Եկեղեցու դավանության մեծ պաշտպանն էր: Սակայն, անկախ ամեն ինչից, անհրաժեշտ էր արեւելյան եպիսկոպոսներին բացատրել կատարվածը, քանի որ հակառակ դեպքում Եկեղեցին կարող էր պառակտվել: Բուն Հայաստան ուղարկեցին Ստեփանոս Սկեւռացի վարդապետին, որն ուսանել էր Տաթեւի վանքում եւ կարող էր ընդունելի լինել արեւելյանների համար: Ստ. Օրբելյանը, որ այդ ժամանակ բուն Հայաստանի եպիսկոպոսների գլուխ էր, լսելով եւ կարդալով ամբաստանությունները, կաթողիկոսի կողմից մեղքեր չտեսավ: Սակայն մյուս կողմից՝ կաթողիկոսը կամավոր հրաժարվել էր, ուստի որոշեցին կատարյալ չեզոքություն պահպանել:
Կոստանդին Կատուկեցին հայրապետեց ընդամենը 3 տարի՝ 1286-ից մինչեւ 1289-ը: Գահընկեցությունը եղավ 1289 թվի վերջերին: