ՀԱԿՈԲ Ա ԿԼԱՅԵՑԻ

ՀԱԿՈԲ Ա ԿԼԱՅԵՑԻ

(1268-1286)
 

Քաղաքական վայրիվերումների, Սսի ավերածության եւ թագավորի սգի պատճառով կաթողիկոսի ընտրությունը ձգձգվեց: Նրա զավակներից մեկը սպանվել էր, իսկ մյուսը՝ գերի ընկել, եւ նա հոգեկան մխիթարություն էր փնտրում Ակների վանքում: Եվ միայն Կոստանդին Բարձրբերդցու մահից 9 ամիս անց արեւելյան եպիսկոպոսների մասնակցությամբ ժողով գումարվեց Մսիս-Մամեստիայում, որը Սսի ավերումից հետո վերածվել էր երկրի փաստական մայրաքաղաքի, եւ Հակոբ Կլայեցին 1268 թվի փետրվարի 12-ին՝ Սահակ Պարթեւի, Ղեւոնդյանց եւ Վարդանանց տոների միջեւ ընկած կիրակի օրը, մեծ հանդիսավորությամբ օծվեց կաթողիկոս: Սա մասնակցել էր հույների հետ ունեցած դավանաբանական բանակցություններին եւ աղբյուրներում հայտնի է ոչ միայն Կլայեցի, այլեւ Սսեցի եւ Տարսոնեցի անուններով, որը հնարավորություն չի տալիս պարզելու նրա ծննդավայրը: Սակայն, այնուամենայնիվ, պետք է նշել, որ ավելի հայտնի է Կլայեցի մականվամբ՝ պայմանավորված, թերեւս, Հռոմկլայի հայրապետանոցում պաշտոնավարելով, թերեւս նաեւ՝ կաթողիկոսի տեղապահ լինելով: Նա, որպես կանոն, հիշատակվում է իբրեւ գիտնական եւ հռետոր, որը, անշուշտ, նրա ստացած բարձր կրթության վկայությունն է: Նա արդեն մեծ համբավ էր ձեռք բերել Մեծքարի վարդապետանոցի առաջնորդ եղած ժամանակներից:


Չնայած այն հանգամանքին, որ նա հիշատակվում է որպես մի մարդ, որ դժվարին գրքերին մեկնություններ է տվել, նրանից այդպիսի աշխատություն չի պահպանվել: Նրանից մեզ է հասել Աստվածածնի ծննդյան «Երգեցեք» շարականը, որը, անշուշտ, հավաստում է նրա մեծ ունակությունների մասին: Ցավոք, նման ուսումնական անձից մեզ ընդհանրական թուղթ չի հասել, ինչը գոնե մինչ օրս որեւէ բացատրություն չի ստացել: Սակայն նա բազմացնել է տվել Ներսես Կլայեցու նշանավոր ընդհանրականը եւ ցրել բոլոր թեմերում:


Կաթողիկոսի ձեռնադրության ժամանակ թագաժառանգ Լեւոնը դեռ եգիպտական գերության մեջ էր: Մի պահ նրան թույլ տվեցին անգամ Երուսաղեմ ուխտի գնալ որպես կալանավոր, հետո շղթայակապ բանտ նետեցին եւ ապա բանտից ազատելով՝ պատիվներով պահում էին սուլթանի պալատում: Եթե հավատանք աղբյուրներին, Ֆնդխտար սուլթանն անգամ մտադիր էր նրան ազատ արձակել, սակայն կամենում էր, որ առաջին քայլը կատարի հայոց թագավորը: Իսկ վերջինս, հույսը դրած Արեւմուտքի եւ թաթարների վրա, չէր շտապում այդ քայլը կատարել: Հույսը կտրելով որեւէ օգնություն ստանալուց՝ նա միայն 1,5 տարի հետո դիմեց Եգիպտոսի սուլթանին: Վերջինս, որ մոնղոլների կողմից Բաղդադը գրավելու ժամանակ գերությունից փախել էր իր ազգական Սղըրի նժույգով, պայման դրեց, որ Լեւոնին փոխանակեն Սղըրի հետ, որը բռնվել էր եւ գտնվում էր գերության մեջ: Հեթումը դրա համար դիմեց Աբաղա խանին եւ կարողացավ Սղըրին վերադարձնելու, մեկ բերդ տալու եւ երկուսը քանդելու պայմանով հաշտություն կնքել: Լատին խաչակիրները շատ վատ ընդունեցին այդ հաշտությունը՝ համարելով վնասակար եւ անիրավ, սակայն Կիլիկյան Հայաստանի շահը պահանջում էր այն կնքել: Լեւոնը վերադարձավ գերությունից մեկ տարի եւ տասն ամիս անց՝ 1268 թվի հունիսի 24-ին:


Հեթումը կամենում էր պետական գործերից հեռանալ եւ Լեւոնին հանձնել թագավորական իշխանությունը, սակայն Լեւոնը ոչ մի կերպ չհամաձայնվեց դրան: Հեթումը հարցը լուծեց խորամանկ ձեւով: Նա գնաց Աբաղա խանին տեսության դեպի Թավրիզ, եւ Լեւոնն ակամա ստիպված էր իր ձեռքը վերցնել երկրի իշխանությունը: Հեթումի վերադառնալուց հետո էլ, երբ Լեւոնը փորձեց կրկին հրաժարվել իշխանությունից, հարմար գտան, որ նա այցելի Աբաղա խանին ոչ միայն շնորհակալություն հայտնելու իր ազատման համար, այլեւ որպես ապագա թագավոր՝ անձնական հարաբերություններ հաստատի նրա հետ: 1269-ին Լեւոնը մեկնեց մոնղոլների խանի մոտ, կրկին իշխանությունն անցավ Հեթումին, սակայն նրա վերադառնալուց հետո Հեթումը, կրոնավոր դառնալով, Մակար կոչվեց, իսկ արքունական գործերն անցան Լեւոնին, որը, սակայն, գործերը վարում էր «Ավագ պարոն» տիտղոսով: Ակների միաբանների շարքն անցած Հեթումը 1270 թվին մահացավ (ըստ «Յայսմաւուրքի»՝ 1271 թվին): Նա մեծ հանդիսություններով հողին հանձնվեց Դրազարկի արքունական հանգստարանում՝ թագավորելով 45 տարի եւ ապրելով ընդամենը 58 տարի:


Երեքամսյա սգից հետո թագաժառանգ Լեւոնը, որ վշտից անգամ հիվանդացել էր, Ֆնդխտար (Փնտուխտար) սուլթանի, Աբաղա խանի եւ կայսր Միքայել Պալեոլոգի հորդորներով (սա 1261 թվին վերականգնել էր Բյուզանդական կայսրությունը՝ Կոստանդնուպոլսից վռնդելով խաչակիրներին) ի վերջո օծվեց թագավոր: Նրա թագադրման հանդիսությունները եղան Տարսոն քաղաքում 1271 թվի հունվարի 6-ին: Հաշվի առնելով թագադրված չլինելու եռամսյա շրջանը՝ Հեթումի մահն իրոք ընկնում է 1270 թվի հոկտեմբեր ամսին: Նա հայոց պատմության մեջ հայտնի է կա՛մ Լեւոն Բ, կա՛մ Լեւոն Գ անունով՝ կապված այն իրողության հետ, թե հաշվարկը կատարվում է Լեւոն Ա իշխանի՞ց, թե՞ Լեւոն Ա (Բ ?) թագավորից: Ճիշտը, անշուշտ, նրան Լեւոն Բ կոչելն է, քանի որ Լեւոն իշխանը թագավոր չի եղել: Վահրամ Րաբունին նրան բնութագրել է որպես այր հեզ, լրջմիտ (երկայնամիտ), ժուժկալ, բարետես, պարկեշտ, ողորմած ու եկեղեցասեր: Նա հատուկ ուշադրության արժանացրեց Մեծքարի վանքը, որտեղ մանուկների համար դպրոց բացեց: Շատ հետաքրքիր է, որ դրա դրդիչը եղավ Հայոց կաթողիկոսը: Նրա օրոք շատ ձեռագրեր գրվեցին, որոնց մի մասը հայ գաղթականության միջոցով անգամ հայտնվեց Իտալիայում:


Լեւոնը գահ բարձրացավ բարդ քաղաքական կացության պայմաններում: Եգիպտական սուլթանությունը, վերջ տալով խաչակրաց իշխանություններին, անմիջապես սահմանակից էր դարձել Կիլիկյան Հայաստանին, եւ վերջինս ինչ-որ չափով հայտնվել էր նրա գերիշխանության ոլորտում: Սակայն մյուս կողմից հայ-եգիպտական հաշտությունը մնում էր երկու երկրների փոխհարաբերությունների հիմքում, եւ այն զսպում էր սուլթանության զավթողական նկրտումները:


Շարունակում էր միաժամանակ գործել հայ-մոնղոլական բարեկամական դաշինքը, որը վերանորոգվել էր Լեւոնի գերությունից ազատվելուց հետո: Ըստ որում, մոնղոլները մշտապես մնում էին Եգիպտական սուլթանության թշնամիները, եւ հայերը՝ որպես դաշնակից, պարտավոր էին հանդես գալ նրանց կողմում: Խաչակիրներն էլ թեկուզ եւ կորցրել էին իրենց տիրույթները, շարունակում էին իրենց գերիշխան դիտել հայերի նկատմամբ եւ մտմտում էին Երուսաղեմի ազատագրությունը: Դա հնարավոր էր անել միայն նոր խաչակրության միջոցով, իսկ հայերը դիտվում էին իբրեւ աջակիցներ: Նրանք պահանջում էին, որ հայերը, հակառակ հայ-եգիպտական հաշտության, Եգիպտոսի դեմ պայքարում իրենց միանան: Միաժամանակ նախկին թշնամիներ խաչակիրների եւ մոնղոլների միջեւ անուղղակի բարեկամություն հաստատվեց, քանի որ նրանց շահերն սկսեցին համընկնել: Բյուզանդական կայսրությունը, որ վերականգնվել էր Միքայել Ը Պալեոլոգի ջանքերով, փորձում էր հաշտության եզր գտնել լատինների հետ եւ քաղաքական դաշտում խնդիրներ չէր հարուցում Հայոց թագավորության համար:
Հայտնի է, որ Ֆրանսիայի Լյուդովիկոս Թ թագավորի 1248 թվի ձեռնարկած խաչակրության անհաջող ելքից հետո՝ 1270 թվին, մի նոր խաչակրության փորձ արվեց, որը թվով ութերորդը եւ վերջինը եղավ: Արշավանքը ձեռնարկվեց դեպի Թունիս, սակայն ժանտախտը հնձեց խաչակիրների շարքերը, եւ ամեն ինչ ավարտվեց կատարյալ անհաջողությամբ:


Խաչակրության գաղափարը դեռ կենդանի էր, չնայած խաչակրություն սկսելու հարցում Եվրոպայի միապետները հանդես չէին բերում առանձին ոգեւորություն: Այսպես թե այնպես 1273 թվին Գրիգոր Ժ պապը հրավիրեց Լուգդունի ժողովը, որը, ի թիվս այլ հարցերի, քննության առավ նաեւ Տիրոջ գերեզմանն ազատագրելու խնդիրը: Լուգդունի ժողով հրավիրվեցին նաեւ հայոց թագավորն ու կաթողիկոսը, Բյուզանդիայի ներկայացուցիչները եւ անգամ մոնղոլները: Ժողովը գումարվեց 1274 թվի մայիսի 7-ին՝ 500 եպիսկոպոսի եւ 1000 վանահոր ու վարդապետի մասնակցությամբ: Ներկա էին Իսպանիայի եւ Ֆրանսիայի թագավորները, ինչպես նաեւ Բյուզանդական կայսեր եւ մոնղոլների պատվիրակները: Հենց առաջին նիստում որոշվեց եկեղեցու տասանորդը վեց տարի շարունակ ծախսել Սուրբ վայրերի ազատման համար: Հուլիսի վերջին մոնղոլական խանի պատվիրակներից մեկը մկրտվեց: Ժողովը երկար գործեց, եւ նրա փակումը տեղի ունեցավ նոյեմբերի 1-ին՝ մեծ հանդիսավորությամբ: Լուգդունի ժողովի առնչությամբ հայերը չեն հիշվում: Մասնակցել են թե ոչ, դժվար է աղբյուրներով հաստատել կամ մերժել: Հավանականն այն է, որ Հայոց թագավորությունն այն դիտում էր որպես քաղաքական ձեռնարկում, եւ եկեղեցական առումով հայերը դրան կարեւորություն չեն տվել: Առավել գործնականն այն է, որ հայոց հայրապետը, տեսնելով լատինների եւ բյուզանդացիների մերձեցման քաղաքականությունը, որոշել է լռության մատնել Հռոմի պապի հրավերը՝ պատասխան չուղարկելով եւ ժողովին էլ պատվիրակներ չուղարկելով: Չի բացառվում, որ քաղաքական նպատակներով Լեւոն Բ-ն պատվիրակներ ուղարկած լինի, սակայն եկեղեցական խնդիրներում խուսափել է միաբանության հարցերից:


Այս շրջանում Սյունյաց աշխարհում փայլեցին Օրբելյանները: Հատկապես աչքի ընկավ Տարսայիճ Օրբելյանը, որն ամուսնացել էր մի արաբ իշխանի դստեր՝ Արուսի կամ Արուսյակի հետ: Վերջինս մկրտվել էր քրիստոնյա եւ դարձել հիանալի հայ: Տարսայիճի եւ Արուս կամ Արուզ խաթունի զավակներն էին Էլիկումը, Ստեփանոսը եւ Փախրադուլը, որոնցից երկրորդը դարձավ Սյունյաց նշանավոր պատմիչը: Սկզբում իշխանությունը Տարսայիճի ավագ եղբոր՝ Սմբատի ձեռքում էր, որը սիրելի էր Հուլաղուին եւ Աբաղային: Նա հաճախ էր հանդիպում նրանց Թավրիզում, որտեղ էլ մահացավ եւ բերվեց հողին հանձնվեց Նորավանքում: Նա անզավակ էր, եւ իշխանությունն անցավ Տարսայիճին, որը մեծ համակրանք ուներ ոչ միայն մոնղոլների մոտ, այլեւ վայելում էր վրաց թագավոր Դավթի սերը: Նրան հաջողվեց վերականգնել Օրբելյանների իրավունքները, որոնք ջնջվել էին վրաց Գեորգի թագավորի օրոք: Տարսայիճը հյուսիսային ասպատակողների, Ռումի սուլթանության եւ Եգիպտոսի դեմ մղված պատերազմներում աչքի ընկավ որպես լավ պատերազմող՝ արժանանալով մոնղոլներից «Ոսկե բալիշ» պարգեւին, որը շքանշան էր՝ մեկ լիտր կշռով: Տարսայիճի հեղինակությանը հարված հասցրեց այն, որ նա իր կնոջ կենդանության օրոք ամուսնացավ Խաչենի իշխան Հասան-Ջալալի դստեր՝ Մինա խաթունի հետ՝ առաջ բերելով հոգեւորականների բուռն դժգոհությունը: Ստեփանոս Օրբելյանը դրա մանրամասների մասին շատ բան չի ասում եւ առավելապես կանգ է առնում նրա աթաբեկական գործունեության վրա: Այդ գործունեության համար Նետիս գյուղում խաչ էին կանգնեցրել նրա անունով:


Կիլիկյան Հայաստանի անդորրը խախտվեց 1275 թվին: Եգիպտական սուլթանությունը հաշտ աչքով չէր նայում հայերի շարունակվող մերձեցմանը մոնղոլների եւ խաչակիրների հետ, ուստի գտնելով, որ հայ-եգիպտական հաշտությունը խաթարված է, 1275 թվին առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայոց թագավորության վրա: Եգիպտական զորքերը Ֆնդխտար սուլթանի գլխավորությամբ մարտին մտան Կիլիկիա եւ մեծ ավերածություններ գործեցին: Քանդեցին Տարսոնի տաճարը, մտան Սիս եւ ավերեցին քաղաքը, սակայն միջնաբերդը գրավել չկարողացան: Միջնաբերդի պաշտպանությունը գլխավորում էր մի երեց, որի անունը պատմությունը չի պահպանել: Ճիշտ է, նա զոհվեց, սակայն սպանեց թշնամու գլխավորներից մեկին եւ ստիպեց, որ հակառակորդը ետ նահանջի: Եգիպտացիները կրկնեցին ավարառական արշավանքը 1276 թվի սկզբին, սակայն ծանր պարտություն կրեցին հայերից Սարվանդիքարի ճակատամարտում: Թշնամին խուճապահար փախավ, սակայն ճակատամարտի հերոսը՝ Սմբատ սպարապետը, հաղթանակից հետո զոհվեց, երբ նրա նժույգը կատաղած բախվեց մի ժայռի: Նա մահացավ մարտի 6-ին՝ 70 տարեկան հասակում: Մոնղոլները ծանր հարված հասցրին Ռումի սուլթանությանը՝ պաշտպան կանգնելով հայերին: Նրանք հայերին առաջարկեցին սելջուկյան մի շարք երկրամասեր, սակայն Լեւոնը, քաջ գիտակցելով իր հնարավորությունները, դրանցից հրաժարվեց՝ խնդրելով Աբաղայից միայն օգնել Սուրբ վայրերի ազատագրմանը: Պարտված եգիպտացիները վերականգնեցին հաշտությունը Հայոց թագավորության հետ: Սակայն դա էլ հնարավոր չէր հայերի կողմից, քանի որ 1277 թվին նրանք ստիպված եղան մոնղոլների հետ դաշնակցած կռվել եգիպտացիների դեմ: 1279 թվին մոնղոլների հետ միասին Լեւոնը պաշտպանում է եգիպտացիներից Հռոմկլայի բերդը, 1280 թվին մասնակցում է Հոմսի ճակատամարտին, որտեղ եգիպտացիները ծանր պարտություն կրեցին: Սակայն եգիպտացիները կրկին ուժեղացան, եւ հայ-եգիպտական հաշտությունը կնքվեց 1282 թվին:


Պատմությունը շատ հիշատակներ չի պահպանել Հակոբ Ա Կլայեցու գործունեության մասին: Նա խուսափում էր լատիններին մերձենալուց, սակայն նույնքան անտրամադիր էր հայ-եգիպտական մերձեցման խնդրում: Նա խուսափում էր եկեղեցական հարաբերությունների խնդիրներ հարուցելուց եւ պաշտպանում էր Հայ Առաքելական Եկեղեցու դավանական անկախությունը: Նրանից հետո Հայոց հայրապետները զիջողամիտ եղան լատիններին դավանաբանական հարցերում: Նա ընդդիմացավ Անտիոքի հույն պատրիարքին, որ կամենում էր գերիշխանություն բանեցնել հայերի նկատմամբ: Բանն այնտեղ հասավ, որ Լեւոնը, քանի որ Անտիոքի գրավումից հետո հույն պատրիարքները նստում էին Կիլիկիայի Տարսոն կամ որեւէ այլ քաղաքում, վերջինիս աքսորեց:


Հայ-եգիպտական նոր հաշտությունը պահպանվեց մինչեւ 1289 թիվը, այսինքն՝ մինչեւ Լեւոն Բ-ի մահը: Հայոց թագավորը սերտ հարաբերություններ հաստատեց բուն Հայաստանի հետ, որին նպաստեցին Տաթեւի արքեպիսկոպոսի՝ կաթողիկոսին այցի գալը եւ Երուսաղեմ ուխտի գնալը: Տաթեւի արքեպիսկոպոսին Տաթեւի սրբավայրի համար թագավորի կողմից հարուստ նվերներ տրվեցին, այդ թվում՝ ոսկեգործ եւ ադամանդազարդ խաչ, արծաթից եկեղեցական սկիհներ եւ բազմաթիվ այլ ընծաներ:
Այս օրերին թունավորվեցին Աբաղա խանը եւ նրա եղբայր Մանգոտանը:


Իշխանության գլուխ բարձրացավ նրանց եղբայր Տանգոտարը, որը մանուկ հասակում մկրտվել էր եւ վերցրել Նիկողայոս անունը, սակայն հետո մահմեդականացել էր եւ դաշինք հաստատել Եգիպտոսի հետ: Դրա հետ մեկտեղ նա սկսեց հալածել քրիստոնյաներին՝ ստիպելով, որ նրանք իսլամ ընդունեն: Նա անգամ պահանջեց, որ հայոց եւ վրաց թագավորները նույնպես մահմեդականություն ընդունեն: Տանգոտարը, որ մահմեդականանալուց հետո հայտնի է Մահումեդ եւ Ահմեդ անուններով, պարտվեց Արղունից՝ իր եղբորորդուց, եւ միջակտուր ձեւով սպանվեց: 1284 թվին իշխանության գլուխ եկավ Արղունը: Գահակալական կռիվները մոնղոլների մոտ պատճառ դարձան, որ նա 1284-ին նոր պայմանագիր կնքեց եգիպտացիների հետ: Արղունի գահ բարձրանալուց շահեց վրաց թագավորը, որին հանձնվեց Հայոց աշխարհը, իսկ վրաց թագավոր Դեմետրեն էլ իր պետության երկրորդ եւ աթաբեկ կարգեց Տարսայիճին:


Քաղաքական այս վայրիվերումների շրջանում իր մահկանացուն կնքեց Հայոց կաթողիկոսը: Նա մահացավ 1286 թվին (չնայած «Յայսմաւուրքը» դա դնում է 1287 թվին): Նա հավանաբար գտել է ինչ-ինչ լուծումներ, սակայն դրանք մեզ չեն հասել: Նրա օրոք մեծ ծաղկում են ապրել հայ մշակույթը, եւ գրվել են շատ ձեռագրեր:
Հակոբ Կլայեցու մահը համընկավ Ստեփանոս Օրբելյանի Կիլիկիա գալուն: Նրան դեռ մոր արգանդում նվիրաբերել էին Եկեղեցուն: Եղել էր փսաղտ, անագանոս, սարկավագ, գերափառ Նորավանքի ուխտի վանահայր եւ Սյունյաց մետրոպոլիտ: 1285-ին նրան ուղարկեցին Կիլիկիա՝ եպիսկոպոս ձեռնադրվելու, եւ վերադառնալուց հետո նրան մեծ տհաճություններ պատճառեցին Տաթեւի աթոռի ներկայացուցիչները: Նա ձեռնադրվեց որպես Սյունյաց մետրոպոլիտ, սակայն նախորդ մետրոպոլիտներ Հայրապետը եւ Հովհաննեսը շարունակում են հայրապետել իրենց վիճակում: Ըստ երեւույթին, Տարսայիճին հաջողվեց համոզել նրանց, որ ընդունեն Ստեփանոսի գերագույն իշխանությունը:


Հակոբ կաթողիկոսի օրոք գործել է մեծ զորավար եւ պատմագիր Սմբատ Գունդստաբլը: Սա հայոց երրորդ աշխարհիկ պատմագիրն է, որը գրել է ոչ միայն Տարեգիրք, այլեւ թարգմանել է Անտիոքի ասսիզները եւ ստեղծել նոր դատաստանագիրք՝ հիմքում դնելով Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը»: Լեզուն միջին հայերեն է՝ ռամկականին մոտիկ: Այդ շրջանում փայլեց Վահրամ Րաբունին, որը Լեւոն Բ-ի խնդրանքով գրել է Ներսես Շնորհալու ոտանավոր պատմության շարունակությունը՝ հասցնելով մինչեւ Լեւոնի վերջին պատերազմները: Նրա երկասիրությունը բաղկացած է 770 տողից: Նրան են վերագրվում նաեւ մի քանի ճառեր:
Մյուս մատենագիրներից նշանավոր են եղել Կիրակոս Արեւելցին (չշփոթել Գանձակեցու հետ), որ մեծ մասամբ ապրել է Կիլիկիայում, Ներսես վարդապետ Մշեցին, որ Առաքելոց վանքի աշակերտ էր եւ հետո վանահայր դարձավ, սովորելով Վարդան Արեւելցու մոտ՝ Հայոց Արեւելից կողմերում էլ մահացավ, Հովհաննես Արճիշեցին կամ Ոսպնակերը, որ Ներսեսի աշակերտն է եղել եւ Ոսպնակեր անունն էր ստացել՝ 17 տարի շարունակ ոսպ ուտելու համար, Մխիթար վարդապետ Սասունցին, Զաքարիա Ծործորեցին, Հովհաննես Երզնկացին եւ ուրիշներ: