(1220-1267)
Հովհաննես կաթողիկոսի մահից հետո հայրապետական աթոռի պատրաստի ու հարմար թեկնածու չկար, քանի որ Պահլավունի եպիսկոպոսների սպառումից հետո Հեթումյանների տոհմը եւս այդ կարգի եպիսկոպոս չուներ: Շատերը հակվում էին դեպի Գրիգոր Սկեւռացին, որը Լեւոն թագավորի խոստովանահայրն էր: Ռուբինյանների հեղինակությունը նույնպես էապես թուլացել էր, քանի որ Լեւոն արքայի դուստր Զաբելի պաշտոնապես թագուհի լինելով հանդերձ՝ փաստական իշխանությունը Կոստանդին պայլի (խնամակալի) ձեռքում էր, որը Սիր Ատանի եւ Հովհաննեսի մահով իր ձեռքում էր կենտրոնացրել երկրի ողջ իշխանությունը: Նրանից շատ բան էր կախված, եւ իշխաններն ու եպիսկոպոսները կաթողիկոս ընտրեցին Կոստանդին Բարձրբերդցուն կամ Մավռիանցուն, որը ոմն Վահրամի որդին էր, ընտրության պահին նա Մլիճի եպիսկոպոսն էր, իսկ Մ. Օրմանյանի կարծիքով՝ հավանաբար Բարձրբերդի եպիսկոպոսը, քանի որ Մլիճը վանք էր եւ ոչ թե թեմ:
Չնայած պատմիչները հակված են կարծելու, որ Կոստանդին Բարձրբերդցին ընտրվեց իր արժանիքների համար, սակայն դա չի բացառում Կոստանդին պայլի խաղացած վճռորոշ դերը: Նա ընտրվեց կաթողիկոս 1221-ին, երբ հավանաբար 35-40 տարեկան էր եւ հովվապետեց 46 տարի՝ արժանանալով ժողովրդի, իշխանավորների եւ հոգեւորականության սիրուն:
Լեւոն արքայի մահից անցել էր երկու տարի: Երկիրը թագավոր չուներ, իսկ Զաբելի իշխանությունը հազիվ թե ընդունելի էր Արեւելքի ավանդույթների կրող հայերին: Այդ հիանալի էր հասկանում նաեւ Կոստանդին պայլը, ուստի նա եկեղեցականների ու զորքի համաձայնությամբ որոշեց ամուսնացնել Զաբելին, որն այդ ժամանակ ընդամենը մոտ 7 տարեկան էր: Իշխանների անմիաբան կեցվածքի պատճառով որոշվեց Զաբելին կնության տալ Անտիոքի դուքս Բոհեմունդի որդի Ֆիլիպին, որն այդ ժամանակ 18 տարեկան էր: Բոհեմունդը նույն Տրիպոլսեցին էր՝ Լեւոն արքայի հակառակորդը եւ Ռուբեն-Ռայմոնդի մրցակիցը, որը կարողացել էր տիրել Անտիոքին: Ֆիլիպին կանչելը եւ նրան Զաբելին կնության տալը, թերեւս, պետք է բացատրել այն իրողությամբ, որ հայ իշխաններն այս ճանապարհով կամենում էին Անտիոքի դքսությունը միավորել Կիլիկյան Հայաստանին:
Ամուսնությունը տեղի ունեցավ 1222-ին: Հայերի դրած պայմանով՝ Ֆիլիպը պետք է հայադավանություն ընդուներ եւ հայենակ կառավարեր երկիրը: Ըստ երեւույթին, մինչեւ Ֆիլիպի 20 տարեկան դառնալը՝ Կոստանդինը շարունակում էր իր խնամակալական գործունեությունը, սակայն դրանից հետո Ֆիլիպը ձեռնամուխ եղավ Հայոց թագավորության լատինականացմանը:
Մինչ Ֆիլիպը փորձում էր ինքնուրույն քաղաքականություն վարել, որը վիրավորում էր հայերի արժանապատվությունը, Արեւելքից արշավեցին թաթար-մոնղոլները, որոնք հզոր պետություն էին ստեղծել Չինգիզ-խանի առաջնորդությամբ: Նրանք ջախջախեցին Խարեզմշահերի թագավորությունը, որի Մուհամեդ սուլթանը մահացավ Կասպից ծովի անբնակ կղզիներից մեկում, ուր հաստատվել էին բորոտները: 1220 թվին Սեւբեդեյ բահատարը եւ Ջեբե-Նոյոնը՝ ընդամենը 20 հազարանոց բանակով պարտության մատնեցին հայ-վրացական զորքերին եւ այնուհետեւ շարժվեցին դեպի Հյուսիսային Կովկաս: Շատերը կարծում էին, որ թաթար-մոնղոլները քրիստոնյաներ են եւ գալիս են մահմեդականների դեմ կռվելու, որը պատճառ դարձավ, որ տեղ-տեղ նրանց խաչով ու թափորով դիմավորեն: Սակայն Չինգիզ-խանի զորավարների արշավանքը որոշակիորեն քրիստոնյաների դեմ էր, ուստի խաչով դիմավորողները կոտորվեցին, եւ քրիստոնեական սրբությունները պղծվեցին: Մոնղոլների հաղթանակը ժողովրդի կողմից ընկալվեց որպես աստվածային պատիժ, քանի որ վրացիները եւ վրացադավան հայերն անարգում էին Հայոց Եկեղեցին եւ նրա սրբերին: Իվանե Զաքարյանի քաղկեդոնական կինը կարգադրել էր անգամ ավերել բջնեցի սրբակրոն հայ քահանայի գերեզմանը, որը շրջակա գյուղերի բնակիչների համար դարձել էր ուխտատեղի, հանել ու այրել էր տվել հայ քահանայի ոսկորները եւ տեղը հրամայել էր շուն մորթել: Մոնղոլական արշավանքից Հայաստանը եւ հայ ժողովուրդը ծանր կորուստներ ունեցան:
Թաթար-մոնղոլներն արեւմուտք չէին հասել, եւ շատերին թվում էր, թե նրանք ասուպի պես հայտնվեցին ու անհետացան: Իսկ Կիլիկյան Հայաստանում Ֆիլիպը պարզապես ատելություն էր զգում հայերի նկատմամբ եւ ուրացավ իր տված բոլոր երդումները: Նա ծաղրի էր ենթարկում հայ իշխաններին, շարունակում էր լատինական սովորությունները եւ պետական պաշտոններում նշանակում էր լատին իշխանների: Հայոց գանձերը եւ անգամ Լեւոն արքայի ակնակուռ թագը նա ուղարկեց Անտիոք: Հայ իշխանների համբերության բաժակը լցվեց, եւ իմանալով, որ գանձերի ետեւից Զաբել թագուհու հետ ինքն էլ է գնում Անտիոք, հարձակվեցին նրա թիկնապահ գնդի վրա եւ ձերբակալեցին Ֆիլիպին Ջահան (իմա՛ Ջեյհան) գետից այն կողմ՝ Համդուն գավառում, գահընկեց արեցին եւ զնդան նետեցին: Կոստանդին պայլը, որ հավանաբար ինքն էլ կազմակերպել էր հայ իշխանների ելույթը, վերադարձավ իր խնամակալական պաշտոնին, քանի որ թագավոր չկար, իսկ Զաբելն ընդամենը 8 տարեկան էր: Ֆիլիպին ազատելու համար պայման դրվեց վերադարձնել տարված գանձերը եւ Լեւոն արքայի թագը, սակայն Բոհեմունդը դրանք չվերադարձրեց, իսկ որդին մնաց Թիլի բանտում: Հավանաբար նա բանտում մնաց երկու կամ երեք տարի, որտեղ էլ մահացավ, որի հետեւանքով կրկին օրակարգի հարց դարձավ Զաբելին ամուսնացնելը: Միաժամանակ հայերը Կիլիկիայից վռնդեցին լատիններին եւ անգամ Տարսոնի եւ Մամեստիայի լատին եպիսկոպոսներին, որոնց կարգել էր Լեւոն արքան: Հռոմի պապը կաթողիկոս Կոստանդին Բարձբերդցու միջոցով եւ Երուսաղեմի պատրիարքի միջնորդությամբ փորձեց նրանց կրկին վերահաստատել իրենց աթոռներին:
Կոստանդին պայլը, որ կրկին իր ձեռքում էր կուտակել պետական իշխանությունը, լավ հասկանալով, որ Զաբելի գոյության պայմաններում ինքը չի կարող տիրել թագավորական իշխանությանը, որոշեց Զաբելին ամուսնացնել իր Հեթում որդու հետ: Կոստանդինը Լեւոն արքայի քեռու որդին էր, այլ խոսքով՝ մոտ էր կանգնած թագավորական ընտանիքին: Նա ձեռք բերեց կաթողիկոսի համաձայնությունը եւ Տարսոն քաղաքում իր 11 տարեկան որդուն մեծ հանդիսավորությամբ ամուսնացրեց Զաբելի հետ: Ամուսնության ծեսը կատարեց կաթողիկոս Կոստանդինը:
Կոստանդին պայլը, որ իրեն հռչակեց թագավորահայր, իր Սմբատ որդուն կարգեց սպարապետ կամ գունդստաբլ, որը հայտնի է ոչ միայն որպես զինվորական, այլեւ պատմիչ եւ իրավագետ: Մյուս որդիներից Բարսեղը, որ հոգեւոր աստիճան էր ստացել, դարձավ Դրազարկի առաջնորդ եւ Սսի արքեպիսկոպոս, Լեւոնը նշանակվեց իշխանաց իշխան կամ մարաջախտ, իսկ Օշինը կարգվեց Կոռիկոսի իշխան եւ պայլ: Պաշտոններ ստացան Կոստանդին պայլի մյուս զավակները եւս: Հոգեւոր դասի համակրանքը շահելու համար Կոստանդին թագավորահայրը մեծ օժանդակություն ցույց տվեց վանական հաստատություններին: Նրա օրոք շարունակվեց հայության հոսքը բուն Հայաստանից Կիլիկիա, որի մեջ մեծ թիվ էին կազմում արհեստավորները եւ կրթյալ անձինք: Նրանց Կիլիկիա էր բերում թաթար-մոնղոլների արշավանքների վտանգը: Կոստանդինը բարեկամական հարաբերություններ հաստատեց Իկոնիայի սուլթանության հետ, ինչպես նաեւ Հռոմի պապի եւ գերմանական ասպետների միաբանության հետ:
Այս ընթացքում հակառակություն հանդես եկավ 12-ամյա Զաբելի եւ Հեթումի միջեւ: Նա սիրում էր Ֆիլիպին եւ խռոված էր նրան իրենից բռնի անջատելու համար: Չմոռանանք, որ Զաբելի մայրը ֆրանսուհի էր, որն իր դստեր մեջ լատնամետ եւ հայերին հակակիր զացումներ էր առաջ բերել: Զաբելը մորը տեսնելու պատրվակով մեկնեց Իսավրիայի Սելեւկիա քաղաքը՝ ապաստանելով Հյուրընկալ ասպետների իշխանությանը: Բանակցությունները ոչինչ չտվեցին: Մայրը հրաժարվեց դստերը ետ ուղարկել, իսկ ասպետներն էլ չքմեղ տեսք ընդունեցին, թե չեն կարող բռնանալ իրենց օգնությանն ապավինած Զաբելի վրա եւ նրա կամքին հակառակ՝ նրան հանձնել հայերին: Այդ ժամանակ Կոստանդինը զորքով շարժվեց Սելեւկիա, եւ ասպետներն իրենց հեղինակությունը պահպանելու համար առաջարկեցին, որ իրենք դուրս գան բերդից, որից հետո հայերը գրավեցին Սելեւկիան եւ վերցրեցին Զաբել թագուհուն: Հայերի մեկնելուց հետո ասպետները կրկին հաստատվեցին Սելեւկիայում: Թե ինչպես զարգացան հետագա դեպքերը, հայտնի չէ, սակայն շուտով Զաբելը դարձավ օրինակելի ամուսին՝ պարգեւելով իր ամուսնուն երեք արու եւ հինգ աղջիկ զավակ, որոնցից թագաժառանգ Լեւոնը ծնվեց 1236 թվին, երբ լրացել էր Զաբելի 20 տարին: Զաբելը դրանից հետո եթե պետական գործերով զբաղվել էլ է, ապա պատմությունը հիշատակներ չի պահպանել: Զաբելը երկար չապրեց: Նա մահացավ 1252-ին, երբ ընդամենը 37 տարեկան էր: Նրա հուղարկավորությունը հանդիսավորությամբ կատարեց Կոստանդին կաթողիկոսը: Նա հողին հանձնվեց Դրազարկի վանքում՝ Ռուբինյանների հանգստարանում:
Կոստանդին թագավորահայրը հմուտ քաղաքագետ էր եւ կարողացավ բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլոր հարեւան պետությունների հետ: Նրա օրոք կառուցվեց Սսի Սբ Սոֆիայի եկեղեցին, նորոգվեցին Սսի եւ Տարսոնի պարիսպները, առեւտրական հարաբերությունները զարգացան Ճենովայի եւ Վենետիկի հետ, հատուկ արտոնություններ ստացան ասպետական միաբանությունները: Այս ընթացքում Կոստանդինը սխալմունք ունեցավ վերադարձնել Լամբրոնի ամրոցը Լամբրոնի իշխանին, որ իր աներձագն էր, սակայն վերջինս հանդես եկավ թագավորական իշխանության դեմ: Նա անգամ ընդունեց Իկոնիայի սուլթանի գերիշխանությունը եւ Հռոմի պապին բողոքեց, որը խնդրեց Կոստանդին Լամբրոնացուն չնեղացնել:
1228 թ. տեղի ունեցավ խաչակրաց վեցերորդ արշավանքը գերմանական կայսր Ֆրիդրիխ Բ-ի ղեկավարությամբ: Խաչակրության իրականացմանը մեծապես օգնեց Գրիգոր Թ Հռոմի պապը: Մալիք-ալ-Քյամիլը՝ Եգիպտոսի սուլթանը, դիմեց խաչակիրների օգնությանը՝ իր եղբայրների ապստամբությունը ճնշելու համար եւ ստիպված եղավ Երուսաղեմը վերադարձնել նրանց: Քաղաքը, սակայն, խաչակիրների իշխանության տակ մնաց ընդամենը 12 տարի, քանի որ Եգիպտոսի Մալիք-ալ-Սալեմ սուլթանը 1241-ին այն վերագրավեց: Օգտվելով Երուսաղեմի ազատագրումից՝ Հայոց կաթողիկոս Կոստանդինը 1238 թվին ասորվոց կաթողիկոսի հետ այցելեց Երուսաղեմ: Դրա շնորհիվ հայ-խաչակրաց հարաբերությունները բարեկամական բնույթ ստացան: Սակայն շուտով պարզ դարձավ, որ հաջող խաչակրության հետեւանքով քաջալերված Անտիոքի պատրիարքները փորձեցին իրենց ենթարկել Հայոց կաթողիկոսությունը: Անտիոքի պատրիարքի ապօրինի հավակնությունները պաշտպանություն գտան Հռոմի Գրիգոր Թ պապի կողմից, որը 1238 թ. հունվարի 26-ին երկու եպիսկոպոսների հատուկ գրությամբ ուղարկեց Հայոց կաթողիկոսի մոտ, որ վերջինիս համոզեն ենթարկվել Անտիոքի պատրիարքին: Կաթողիկոսը, զիջելով թագավորին եւ թագուհուն, ստիպված է լինում այդ ընդունել, Մ. Օրմանյանի կարծիքով՝ հավանաբար այդ ժամանակներին է վերաբերում նաեւ Դաշանց թղթի հանդես գալը:
Հարկ է խոստովանել, որ Կոստանդին թագավորահայրն այս հարցում մեծ ապիկարություն հանդես բերեց: Հռոմի պապը գոհ մնաց հայ իշխանավորների դիրքից եւ անգամ Հայոց կաթողիկոսին նվեր ուղարկեց պալիում կոչված լատինական եմիփորոնը, խույր, ուրար եւ մատանի՝ մեղքերի թողություն տալով բոլոր հայ հավատացյալներին: Ստիպելով Հայոց կաթողիկոսին ճանաչել Անտիոքի լատին պատրիարքի գերագահությունը՝ Հռոմի պապը միաժամանակ ձգտում էր հայերի բարեհաճությունն ու օգնությունն ստանալ խաչակիրների՝ Եգիպտոսի սուլթանության դեմ պայքարում:
Սակայն շատ չանցած՝ հայ-խաչակրաց հարաբերությունները բավականին սառեցին, եւ բյուզանդացիները փորձեցին հայերին իրենց կողմը գրավել եւ դրանով տկարացնել խաչակիրներին: Ինչպես ասվել է, 1204 թվին խաչակիրները գրավեցին Կոստանդնուպոլիսը եւ հիմք դրեցին Լատինական կայսրությանը, որը գոյատեւեց մինչեւ 1265 թիվը: Սակայն բյուզանդացիներն արագ ուշքի եկան եւ 1206 թվից Թեոդորոս Լասկարիսի գլխավորությամբ ստեղծեցին Նիկիայի կայսրությունը: Նրան հաջորդած Հովհաննես Վադակեսը ոչ միայն տիրեց Փոքր Ասիա թերակղզու նշանակալից մասին, այլեւ Թեսադիային: Ահա այս իրադարձություններն էին, որ հիմք հանդիսացան հայ-բյուզանդական միաբանության շուրջ բանակցություններ վարելու համար: Հայերն էլ իրենց հերթին բանակցություններ սկսեցին՝ բոլորովին միտք չունենալով ճանաչելու ուղղափառությունը: Բայց հայերը բանակցություններում զգուշավոր դիրք էին բռնել, քանի որ նրանց կարծիքով՝ խաչակիրներն ավելի զորավոր էին: Իրենց հերթին խաչակիր ասպետները, պարտություն կրելով մահմեդականների դեմ պայքարում, հայոց արքունիքի թույլատրությամբ հաստատվում էին Կիլիկիայում եւ աշխատում ձեռք բերել հայերի հովանավորությունը:
Այդ շրջանում Հայոց Եկեղեցու վարդապետության վերաբերյալ հանդես է գալիս Վինկենտիոս Բելովակեցին՝ լատին մի պատմագիր: Նա հայտարարում է, թե հայերի շատ մոլորություններ վերացվել են Նիկոն Պոնտացու քարոզչությամբ եւ պապերի հորդորիչ նամակներով, սակայն, այնուամենայնիվ, դեռ շատ մոլորություններ ունեն: Հայերի մոլորությունների թվին է դասում Ավագ շաբաթվա երեկոյին ձու եւ պանիր ուտելը, Զատկից մինչեւ Պենտեկոստե ընկած ուրբաթներին միս ուտելը եւ այլն եւ այլն: Նրա կարծիքով՝ հայերի կողմից պահք օրերին ձեթ ու ձուկ ուտելը եւ գինի խմելը պոռնկությունից վատ մեղք է: Մեղադրանքներն այնքան անհեթեթ են ու բազմաթիվ, որ նրանց վրա կանգ առնելը բոլորովին իմաստ չունի:
Մոնղոլական արշավանքները մի պահ դադարեցին՝ կապված մասնավորապես Չինգիզ-խանի մահվան հետ (1227 թ.): Նրանք դեպի Առաջավոր Ասիա կարողացան արշավել միայն 1232 թվին: Բինալ եւ Մոլար զորապետերը մեծաթիվ բանակով, որ առաջ էր շարժվում 15 ուղղություններով, Չարմաղանի գլխավորությամբ սկսեցին հարավարեւմտյան Ասիայի երկրների նվաճումը: Չարմաղանն իր հենակետը դարձրեց Մուզանի դաշտը, որի հիանալի արոտավայրերն իրենց էին ձգում վաչկատուն մոնղոլներին: Մոնղոլները հարձակվում էին միաժամանակ Ռուսիայի, Լեհաստանի, Հունգարիայի վրա՝ հիմք դնելով Ոսկե Հորդա պետությանը, իսկ հարավում նրանք անգամ Հնդկաստան հասան: Թշնամին գրավեց Գանձակը, Շամքորը, Լոռին, Անին ու Կարսը՝ ամենուրեք ավերելով երկիրը եւ կատորելով բնակչությանը: Սակայն Չարմաղանը 1241 թվականին համրացավ, եւ արշավանքը շարունակեց Բաչուն, որը գրավեց Կարինը, Երզնկան, Կեսարիան, Սեբաստիան եւ իրեն ենթարկեց Իկոնիայի կամ Ռումի սուլթանությունը: Արշավանքից մեծապես տուժեցին հայերը եւ Հայաստանը:
Բուն Հայաստանում մոնղոլները գերի վերցրին Վանական վարդապետին եւ Կիրակոս Գանձակեցուն: Վանական վարդապետն աշակերտել էր Մխիթար Գոշին եւ նրանից հետո դարձել ամենահռչակավոր վարդապետը: Նա հիմնադրել է Խորանաշատի վանքն իր հայրենի Տավուշ գյուղի մոտ, ինչպես նաեւ եկեղեցի եւ վանք՝ Լորուտ գյուղի բարձունքի քարաժայռերի մեջ: Ջալալեդինի կողմից Խորանաշատի ավերումից հետո նա առավելապես մնում էր Լորուտի վանքում: Մոլար մոնղոլ զորավարն իր զորքերով պաշարեց Վանականի լեռնային վանքը, որտեղ մեծ թվով բնակիչներ էին ապավինել: Նրանց հորդորդներով Վանական վարդապետը բանակցելու համար ներկայացավ մոնղոլներին՝ ենթարկվելով նվաստացումների: Բնակիչներն ստիպված իջնում են լեռից, իսկ մոնղոլներն ավերում են եւ ավարում վանքը: Գերի են վերցվում Վանական վարդապետը, Կիրակոս Գանձակեցին, Մարկոս եւ Սոսթենես աբեղաները եւ ուրիշներ, իսկ բնակիչներին թույլ են տալիս վերադառնալ իրենց բնակավայրերը: Գերիները մեծ նեղություններ են կրում եւ աշնան կողմերը կարողանում են մաս առ մաս փախչել՝ գիշերները: Միայն երկու քահանա բռնվեցին եւ մահապատժի ենթարկվեցին: Վանական վարդապետին գնեցին հայերը՝ ութսուն դահեկանով: Կիրակոս Գանձակեցուն մոնղոլները պահեցին որպես գրագիր, սակայն նրան էլ հաջողվեց գաղտնի հեռանալ եւ ազատվել: Նա ապաստան գտավ ավերված Գետիկի վանքում: Ինչ վերաբերում է Վանական վարդապետին, ապա նա կրկին հաստատվեց Խորանաշատ վանքում: Վանական վարդապետի երկասիրությունները, որոնցից օգտվել են Վարդան Արեւելցին եւ Կիրակոս Գանձակեցին, ցավոք, չեն պահպանվել:
Իկոնիայի սուլթանությանը տիրելուց հետո մոնղոլները հայտնվեցին Կիլիկիայի Հայկական թագավորության մատույցներում: Իկոնիայի սուլթանն իր մորն ու դստերն ուղարկել էր Կիլիկիա, սակայն Կոստանդին թագավորահայրը, կամենալով լեզու գտնել մոնղոլների հետ, նրանց այցելության գնաց Կեսարիա, քանի որ մոնղոլները դեսպան էին ուղարկել Հայոց թագավորին, եւ համաձայնվեց սուլթանի ընտանիքը հանձնել մոնղոլներին՝ նրանց հետ պայմանագիր կնքելու համար: Հեթում թագավորն անգամ հայտարարեց, թե ավելի լավ էր իր որդի Լեւոնին պահանջեին, քան սուլթանի ընտանիքը, սակայն մոնղոլների ճնշման ներքո նրանց հանձնեց իր մոտ ապաստանածներին: Այս ամենը եղավ 1244 թվին:
Հասկանալի է, որ Իկոնիայի սուլթանը ոխ պահեց հայերի դեմ: Եվ երբ մոնղոլները ետ դարձան, եւ Ղիաեդդին սուլթանը կրկին հաստատվեց իր տիրույթներում, վերջինս 1245 թվին հարձակվեց Կիլիկիայի վրա՝ մեծապես ավերելով երկիրը: Ըստ որում, նրան օժանդակում էր Լամբրոնի Կոստանդին իշխանը: Իկոնիայի սուլթանի զորքերը չկարողացան Կիլիկիայի քաղաքները գրավել եւ ետ նահանջեցին, իսկ հայերը, նրանց հետապնդելով, Մայծառի ճակատամարտում նրանց ծանր պարտության մատնեցին: 1246 թ. սելջուկ-թուրքերը կրկին հարձակվեցին, եւ հաշտություն կնքվեց միայն Պռականա բերդը թշնամուն զիջելով: Ետ դարձող սելջուկներից 100 հազար մարդ ջրախեղդ եղավ հորդահոս անձրեւների պատճառով: 1248 թվին հայերը ետ վերցրին Պռականա բերդը:
Մոնղոլական լուծը ծանր էր, եւ վրացիներն ու հայերը ապստամբություն բարձրացրին զավթիչների դեմ: Սակայն Դավիթ թագավորը եւ շատ մեծամեծներ ձերբակալվեցին: Ճիշտ է, սկզբում նրանց համար մահապատիժ սահմանեցին, սակայն հետո ազատ արձակեցին: Ապստամբության պատճառով մեծ թվով բնակիչներ կոտորվեցին, կանայք անարատվեցին, իսկ հատկապես Հարավային Հայաստանը ենթարկվեց մեծ ավերածությունների:
1241 թվին Վարդան Արեւելցին կամ Մեծը Հռոկլայում հանդիպում է Կոստանդին կաթողիկոսի հետ: Վերջինս այլեւս չուզեց նրանից բաժանվել: Ժամանակները ծանր էին, եկեղեցական կարգերը խաթարվել, հաճախակի էին դարձել ամուսնությունները մերձավորների միջեւ, ամուսնաթողությունները, ապօրինի կենակցությունները, պահքերի անզգուշությունը, հեթանոսական բարքերի տարածումը, կաշառքով ձեռնադրությունները, եկեղեցականների խառնակեցությունը եւ այլն: Դրանց դեմն առնելու համար հայոց հայրապետն ու Վարդան Արեւելցին Հռոմկլայից 1243 թվին գալիս են Սիս մայրաքաղաք եւ եկեղեցական ժողով գումարում: Ցավոք, Սսի ժողովն ազգային համընդհանուր ժողովի չվերածվեց, քանի որ մասանկցում էին միայն Կիլիկիայի եպիսկոպոսները: Բուն Հայաստանի եւ Փոքր Ասիայի հայ եպիսկոպոսներին անգամ հրավեր չուղարկվեց: Կաթողիկոսը մտադիր էր գնալ բուն Հայաստան եւ ձեռք բերել այնտեղի հոգեւոր այրերի համաձայնությունը, սակայն կաթողիկոսն իր մտադրություններն իրագործել չկարողացավ: Ուստի նա Վարդանին ուղարկեց նման առաքելությամբ բուն Հայաստան:
Սսի ժողովի կանոնական որոշումներից, որոնց թիվը 25 է, առաջին չորսը վերաբերում են ձեռնադրությանը: Նշվում էր, որ միայն արժանավորները պետք է ձեռնադրվեն եւ առանց կաշառքի, քանի որ հաճախ այդ սկզբունքը չի պահպանվել մարդկանց աղքատության եւ տկարության պատճառով: Եպիսկոպոսները պետք է ձեռնադրվեն նույն սկզբունքով՝ ունենալով առնվազն 30 տարեկան տարիք: Եպիսկոպոսներից պահանջվում էր, որ ուսուցիչները լինեն անգայթակղ եւ գիտուն: Երեցներ կարող էին ձեռնադրվել առնվազն 30, եւ սարկավագ՝ 20 տարեկանները: Հաջորդ չորս կանոնները վերաբերում էին քահանայագործությանը: Մասնավորապես նշվում էր, որ ամուսնացողներն իրարից հեռու պետք է լինեն վեց ծննդով կամ պորտով, իսկ փեսայի համար նվազագույն տարիք էր սահմանվում 14-ը, հարսի համար՝ 12-ը: Ամուսնացողների համար նման տարիքներ սահմանելը հազիվ թե բանական կարելի է համարել, քանի որ նրանք հազիվ թե լրիվ ձեւավորվում են եւ հասնում խելահասության: Զարմանալի է, որ կարծես հրաժարվում են ամուսնացողների մեջ յոթ պարտ արյունակցական հեռավորություն պահպանելու սկզբունքից: Թերեւս այստեղ առկա է լատինական ազդեցությունը: Մյուս կանոններն առավելապես բարեկարգական բնույթ ունեն կամ վերաբերում են բարոյական նորմերին, քահանաների գործունեությանը կամ լատիններին արված զիջումներին:
Չնայած Վարդան Արեւելցու ջանքերին՝ Սսի ժողովի որոշումները բուն Հայաստանում լավ ընդունելություն չգտան: Հատկապես ծանր տպավորություն թողեցին լատիններին արված զիջումները: Բուն Հայաստանում, սակայն, վիճակը ծանր էր հատկապես մոնղոլների արշավանքների հետեւանքով, ուստի հավանություն չտալով հանդերձ որոշումներին՝ արտահայտեցին իրենց հնազանդությունը եւ հրամանը կատարելու պատրաստակամությունը: Սակայն Սսի ժողովի որոշումներն ընդունելու եւ հավանություն տալու դեպքում միայն նրանք համազգային կանոնի ուժ կստանային: Պատմությունը պահպանել է այն հզոր այրերի անունները, որոնք ստորագրել են հնազանդության թուղթը: Հիշատակության արժանի են Սարգիս Կարնեցին, Սարգիս Անեցին, Հակոբ Կարսեցին, Գրիգոր Բջնեցին, Համազասպ Հաղպատեցին եւ ուրիշներ: Հիշվում են Սանահնի, Գետիկի, Հաղարծնի, Կեչառիսի, Հավուցթառի վանքերը, Այրիվանքը, Հովհաննավանքը, Սաղմոսավանքը եւ ուրիշներ, որոնք գտնվել են դրանց շուրջը: Սսի ժողովի ընդունած կանոնների հետ կապված՝ հիշվում են նաեւ Աղվանից կաթողիկոս Ներսեսը, Հովհաննես Վանական վարդապետը, Ավագ Օրբելյան իշխանը, որ հրաժարվել էր վրացադավանությունից: Եվ քանի որ Վարդանի առաքելության արդյունքը գոհացուցիչ չէր, նա այլեւս չվերադարձավ Հռոմկլա եւ լոկ ուղարկեց նամակները: Վարդան Արեւելցին դրանից հետո հաստատվեց Կայան բերդի մոտ գտնվող Սուրբ Անդրեասի վանքում՝ ուսուցանելով շատ մանուկների:
Հակառակ Վարդան Արեւելցու՝ կաթողիկոս Կոստանդինն ուրախությամբ ընդունեց ուղարկված նամակները եւ Թեոդոս վարդապետի ձեռքով հարուստ ընծաներ ուղարկեց բուն Հայաստանի եկեղեցիներին: Հեթում թագավորն էլ որոշեց մոնղոլների հետ իր հարաբերությունները զարգացնել ոչ միայն իր թագավորության անվտանգությունն ապահովելու, այլեւ բուն Հայաստանի հայության բարօրությանը նպաստելու նպատակով: Շատերը հույս ունեին, որ մոնղոլները կարող են ընդունել քրիստնեություն, ուստի փորձեր արվեցին նպաստելու դրան: Հեթումը 1248 թվին իր եղբայր Սմբատ գունդստաբլին ուղարկեց մոնղոլների մայրաքաղաք:
Ինչ-ինչ պատճառներով Հեթումի այցելությունը Մոնղոլիա ուշացավ, իսկ այդ ընթացքում կաթողիկոսի հանձնարարությամբ Հովսեփ Արտազեցի վարդապետը ձեռնարկեց Սբ Թադեոսի վանքի վերաշինությանը, քանի որ այն ավերվել էր թուրքերի ու վրացիների կողմից եւ ամայացել: Դրա համար կաթողիկոսը դրամ չխնայեց եւ մեծացրեց թեմի տարածքը: Սմբատի դեսպանության բարերար ազդեցության շնորհիվ Հովսեփ Արտազեցին ներկայացավ մոնղոլոկան Անգուն զորավարին եւ ձեռք բերելով նրա համաձայնությունը՝ վերաշինեց եկեղեցին, նավակատիք կատարեց՝ մեծ թվով կրոնավորներ հավաքելով: Անգուն զորավարը նպաստեց նաեւ ուխտագնացության աշխուժացմանը: Մոնղոլներն անգամ ընծաներ էին բերում Սբ Թադեոսի վանքին: Ինչպես հավաստում է Կիրակոս Գանձակեցին, շատ մոնղոլներ մինչեւ անգամ այնտեղ մկրտում էին իրենց ուստրերին եւ դուստրերին:
Այս ժամանակներում էլ եղավ Դավիթ Ծարեցու շարժումը: Վերջինս Ծար գյուղի ջրաղացպանն էր եւ ջրաղաց ուներ Հանդաբերդի մոտ: Նա մի կերպ կերակրում էր իր ընտանիքը: Օրերից մի օր նա հայտարարում է, թե Քրիստոսը երեւացել է իրեն եւ կարգադրել, որ նա ճգնավոր դառնա, մեղավորներին դարձի բերի եւ բժշկություններ կատարի: Նա, հանելով գյուղի ձիթահանքի գերանը, բարձրաբերձ խաչ է պատրաստում եւ սկսում քարոզել՝ ձեռք բերելով հրաշագործի հռչակ: Խաչի մոտ զոհաբերություններ էին կատարվում, իսկ Դավիթը, խաչի տաշեղներ, կտորներ ու կորեկի հատիկներ բաժանելով, թանկ նվերներ էր ստանում: Նրա հռչակն այնքան տարածվեց, որ անգամ երեցներ նրան հարեցին: ժողովուրդը գալիս էր լսելու նրա քարոզները՝ հաստատվելով գյուղում կամ նրան շրջապատող լեռներում ու դաշտերում: Դրան նպաստում էր նաեւ ամառային տաք եղանակը: Բազմությունն այնտեղ զանազան մեղքեր էր գործում, իսկ նա դիվահարներին բուժում էր՝ հաստ բրով անխնա ծեծելով, հաշմանդամներին ստիպում էր պարել ու խաղալ եւ այլն: Նրա բուժումից հիվանդները երբեմն տեղում մեռնում էին, սակայն նա հայտարարում էր, թե վաղուց էր մեռել, եւ միայն դեւն էր նրան շարժում: Դավիթ Ծարեցու դեմ առաջինն արտահայտվեց Խորանաշատից Վանական վարդապետը եւ բանադրեց Ծարեցուց տաշեղներ եւ կորեկներ առնողներին: Հանդես եկան Հաղպատի Համազասպ եպիսկոպոսը, Գետիկի վանքի առաջնորդ Կիրակոսը եւ ուրիշներ: Դադիվանքի Գրիգորիս եպիսկոպոսը եւ Վարդան Հոժարորդիք վարդապետը, որոնց վիճակների մեջ էր Ծար գյուղը, Ծար եկան խաչով, Ավետարանով եւ հավատացյալների բազմությամբ եւ փորձեցին Դավթի խաչը վայր բերել: Նրանք զսպեցին նաեւ դիմադրող գյուղացիներին, զղջացողներին արձակեցին, իսկ Դավիթ Ծարեցուն ձերբակալելով՝ հեռացան: Դրանով էլ այդ շարժումը մարեց:
Միաբանության շուրջը մղվող բանակցությունները, որոնց նպատակը հայերի համար կաթոլիկ քրիստոնյաններին իրենց պաշտպան դարձնելն էր Արեւելքից եկող վաչկատուն ցեղերի դեմ, կրկին առաջ բերեցին վեճեր Սուրբ Հոգու մասին լատինների եւ բյուզանդացիների միջեւ: Կոստանդնուպոլսի ժողովի հանգանակի մեջ տրված էր Սուրբ Հոգու համար «ելող ի Հօրէ կամ բղխի ի Հօրէ» բացատրությունը, որի վրա ավելի ուշ լատիններն ավելացրել էին «եւ յՈրդւոյ» արտահայտությունը, որը բյուզանդացիները համարում էին երկու Եկեղեցիների միջեւ պառակտման պատճառ: Երբ վեճը բորբոքվեց, Ինոկենտիոս Դ պապը դիմեց Կոստանդին կաթողիկոսին եւ Հեթումին՝ իմանալու համար հայերի եւ Հայոց Եկեղեցու դիրքորոշումը: Նամակը Կիլիկիա բերեց Տիմանջ անունով մեկը, եւ քանի որ խնդիրը ձգձվեց, բյուզանդական Մանվել պատրիարքն էլ այդ հարցով դեմեց հայերին՝ խնդրելով Հայոց կաթողիկոսին համախոհ լինել իրենց այդ խնդրում:
Արքան եւ կաթողիկոսը, դրան մեծ կարեւորություն տալով, Սսում ժողով գումարեցին, որին հրավիրվեցին բուն Հայաստանի եպիսկոպոսներն ու վարդապետները: Հիշատակվում են Խորանաշատի Վանական վարդապետը, Գետիկի Կիրակոսը եւ ուրիշներ: Ժողովում, սակայն, համաձայնություն չկայացավ: Պատասխան նամակում նշվում էր, թե Հռոմի պապի նամակում 15 սխալ է տեղ գտել, որոնք հերթով հերքվում են: Այս 15 կետից ուշադրության արժանի են ներքոհիշյալները. ա) Հռոմի աթոռը միայն իրավունք ունի իշխանություն տալու եւ վերցնելու, բ) «Հոգին ի Հօրէ եւ յՈրդւոյ բղխի», գ) «Երկու բնութիւն են ի մարդն», դ) «Միշտ նոր ստեղծանին հոգիք հանապազօր», ե) «Մարիամ կին եւ կոյս է գրել, բայց ոչ երբեք Աստուածածին է յիշել», զ) «Բանն եղեւ հաւասար Հօր» եւ այլն եւ այլն:
Այս խնդիրները վերլուծելն իմաստ էլ չունի, սակայն մի բան պարզ է, որ Հայոց Եկեղեցին դավանաբանական հարցերում էապես առանձնանում էր Լատին կամ Կաթոլիկ Եկեղեցուց: Նամակում միաժամանակ նշվում էր, որ այս վարդապետությունները ո՛չ Պետրոսինն են, ո՛չ Սեղբեստրոսինը, ո՛չ Կեդեստինոսինը, ո՛չ Հուլիոսինը, որոնց Հայոց Եկեղեցին ընդունում էր: Եվ վերջում ավելացվում էր՝ թե լատինները գութ ու սեր ունեն հայերի նկատմամբ, ապա թող օտարների լծից ազատեն բուն Հայաստանի 620 գավառները, որոնք ավերված են թշնամիների կողմից եւ նրանց լծի տակ են: Սակայն հայ հռոմեադավաններն այդուհանդերձ հայտարարում են, թե հայերն ընդունեցին Հռոմի վարդապետությունը եւ հանգանակի մեջ ավելացրին «յՈրդւոյ» արտահայտությունը, ինչը չի համապատասխանում իրերի դրությանը: Հայ վարդապետները հարցերը քննեցին ամենայն մանրամասնությամբ, սակայն հայտնի չէ, թե Հեթումի՝ պապին ուղղված նամակից զատ, կաթողիկոսը պատասխանե՞լ է պապին, թե՞ ոչ: Իսկ եթե պատասխանել է, ապա դրան տեղյակ չեն Վարդան պատմիչը եւ Կիրակոս Գանձակեցին:
Երկու տարվա ուղեւորությունից հետո Մոնղոլիայից 1250-ին վերադարձավ Սմբատ սպարապետը: Նա փայլուն ընդունելություն գտավ մոնղոլական արքունիքում եւ մեծարվեց Գույուք-խանի կողմից: Մոնղոլները համաձայնվեցին, որ հայերին վերադարձվեն նախկինում նրանց պատկանած քաղաքները: Միաժամանակ մոնղոլական խանը համաձայնվեց ընդունել Հեթում թագավորին եւ քննության առնել քրիստոնյաների գործերը: Սակայն մինչեւ Սմբատը Կիլիկիա կվերադառնար, խանը մեռավ, եւ նրան հաջորդեց Մանգու-խանը (1250-1259): Այս ընթացքում Լուգդունի ժողովը (Լիոն) 1245 թվին որոշում կայացրեց նոր խաչակրության կազմակերպման մասին: Յոթերորդ խաչակրաց արշավանքը գլխավորում էր ֆրանսիացի Լյուդովիկոս թագավորը, որն արշավեց Եգիպտոս, հաջողության հասավ Մանսուրայի եւ Տամիաթի կռիվներում, սակայն դրանից հետո գերի ընկավ եւ ազատվեց՝ միայն մեծ փրկագին վճարելով: Նա 1250-ին անցավ Պաղեստին՝ մտածելով Լեւանտի խաչակրաց իշխանությունների ուժերով գրավել Երուսաղեմը: Այս առիթով հայերի հետ էլ բանակցեց, չնայած հայերը Լուգդունի ժողովին չէին մասնակցել: Նա Պաղեստինում մնաց մինչեւ 1254 թիվը: Լատինները հայերի օգնությունն ստանալու համար մոռացության տվեցին դավանաբանական խնդիրները, եւ այդ պատճառով Հայոց կաթողիկոսը ստիպված չեղավ հավատո թուղթ ուղարկել պապին: Հեթումը կարողացավ իրեն բազմիցս դավաճանած եւ անգամ սելջուկներին միացած Կոստանդին Լամբրոնացուն իրեն ենթարկել եւ վստահ չլինելով նրա հավատարմությանը՝ նրան սպանել տվեց իր Լամբրոն ամրոցում: Զաբելի մահից հետո Ասորվոց կաթողիկոսը հաստատվեց Հռոմկլայում՝ վայելելու համար Հայոց թագավորության պաշտպանությունը: Իսկ Իգնատիոս կաթողիկոսը մահից առաջ՝ 1253-ին, Հեթումին կտակեց իր ջորին եւ նշանակալից գումար:
Հեթումը նույնպես ուղեւորվեց Մոնղոլիա՝ բանակցությունների: Նրա ուղեւորության ձգձգվելը հավանաբար պայմանավորված էր այն հանգամանքով, որ Բարսեղ քահանայի միջոցով նախնական բանակցություններ վարվեցին Մանգու-խանի հետ: Եվ մինչ Հեթումը ճանապարհ կընկներ Մոնղոլիա, մոնղոլական խանին հանդիպելու համար այնտեղ մեկնեց նաեւ Սմբատ Օրբելյանը, որի մասին տեղեկացնում է Ստ. Օրբելյանը: Սմբատին հաջողվեց ձեռք բերել Մանգու-խանի բարեհաճությունը, որի մոտ երեք տարի մնալով՝ հաստատվեց իր իշխանությունում: Հեթումի ուղեւորությունը տեղի ունեցավ 1254 թվի մարտին: Նա մոնղոլական տերության մայրաքաղաք հասավ, բանակցեց խանի հետ, 1254 թվի նոյեմբերին ետ վերադարձավ բուն Հայաստան եւ Կիլիկիա հասավ միայն 1256 թվի հունիսի 5-ին: Այլ խոսքով՝ նա երկրից բացակայեց երկու տարուց ավելի: Այս ընթացքում երկրի իշխանությունը գտնվում էր Կոստանդին թագավորահոր ձեռքում, իսկ նրա եղբայրները շարունակում էին վարել իրենց պաշտոնները: Սակայն պատմիչների տեղեկություններից այն տպավորությունն է ստացվում, որ փաստական իշխանությունը նրա հետ կիսել են Լեւոնն ու Թորոսը՝ Հեթումի զավակները: Սակայն իրականում նրանց դերը շատ աննշան պետք է լիներ, քանի որ Լեւոնն ընդամենը 18 տարեկան էր, իսկ Թորոսը՝ անգամ ավելի փոքր: Անշուշտ պետական կառավարմանն իր համեստ ծառայությունն է բերել Կոստանդին կաթողիկոսը՝ մասնակցելով խնամակալությանը:
Հեթումը թաթար-մոնղոլների մայրաքաղաք մեկնեց գաղտնի, քանի որ վախենում էր սելջուկ-թուրքերի վրեժխնդրությունից՝ Իկոնիայի սուլթանի ընտանիքը մոնղոլներին հանձնելու համար: 12 օր անց նա հասավ Կարս, որտեղ հանդիպեց Բաչու զորավարի հետ, դադար առավ Արագածի փեշին գտնվող Վարդենիս գյուղում՝ հայոց Քուրդ իշխանի մոտ, որի կինն էր Խորիշահ Մամիկոնյան իշխանուհին: Այստեղ նրան բերեցին մոնղոլական խանի համար նախատեսված ընծաները, որոնք նա չէր կարողացել վերցնել ծածկաբար մեկնելիս: Այնուհետեւ նա Ճորա Պահակով շարժվեց հյուսիս՝ Բաթուի մոտ, որի որդին՝ Սարթախը, հավատով քրիստոնյա էր: Չորս ամիս անց նա հասավ մոնղոլական արքունիք, որտեղ Հայոց թագավորն ընդունվեց մեծ պատիվներով: Մոնղոլական հորդայում նա մնաց 50 օր, եւ ինչպես արդեն նշվել է, 1254 թվի նոյեմբերին ետ վերադարձավ:
Եթե հավատանք Հեթում պատմիչին, որը Հեթում արքայի եղբոր՝ Օշինի որդին էր, Հայոց արքան յոթ խնդիր է առաջարկել Մանգու-խանին. ա) Մանգուն եւ բոլոր մոնղոլներն ընդունեն քրիստոնեությունը եւ մկրտվեն, բ) մոնղոլների եւ հայերի միջեւ հաստատվի մշտնջենական բարեկամություն, գ) հայերն իրավունք ունենան մոնղոլական երկրներում եկեղեցիներ շինել, որոնք պետք է ապահարկ լինեն, դ) մոնղոլները Երուսաղեմը եւ Տիրոջ գերեզմանը պետք է մահմեդականներից ազատագրեն եւ տան քրիստոնյաներին, ե) մոնղոլները պետք է վերացնեն Բաղդադի խալիֆայությունը, զ) մոնղոլներն անհրաժեշտության դեպքում պետք է զինված օգնություն ցույց տան Հայոց թագավորությանը, է) մոնղոլները պետք է հայերին վերադարձնեն թուրքերի խլած քաղաքները:
Չունենալով այլ հաղորդումներ՝ մենք ստիպված ենք հավատալ Հեթում պատմիչին, թե Մանգու-խանն այդ հարցադրումներին տվեց հետեւյալ պատասխանները. ա) ինքը քրիստոնեություն կընդունի եւ առանց բռնության կհորդորի իր յուրայիններին ընդունելու այն, բ) մշտնջենական բարեկամություն է շնորհում «վնասողական» եւ «պաշտպանողական», գ) ինքը համաձայն է, որ քրիստոնյա հոգեւորականները եւ աշխարհականներն իրավունք ունենան ազատության, դ) հանձնարարում է իր եղբայր Հուլաղուին, որ ազատագրի Երուսաղեմը եւ վերադարձնի քրիստոնյաներին, ե) Բայտոն զորավարին կարգադրված է վերացնել Բաղդադի խալիֆայությունը, զ) խոստանում է հայերին ամեն տեսակի օգնություն եւ աջակցություն, է) հրամայում է, որ հայերին վերադարձնեն նրանցից խլվածը:
Մանգու-խանի քրիստոնյա դառնալու մասին զրույցներ են պտտվել նաեւ լատին խաչակիրների շրջանում, եւ անգամ Հռոմի պապի արխիվում նմանօրինակ նյութեր են պահպանվել: Ասվում է, թե ինչպես Լյուդովիկոս Թ-ն՝ Ֆրանսիայի թագավորը, հատուկ պատվիրակություն է ուղարկում Մոնղոլիա՝ Ռուբրուքի եւ Բարթողիմեոս Կրեմոնացու գլխավորությամբ, սակայն նրանց ուղեւորությունը վերջանում է անհաջողությամբ: Սակայն Հեթում արքայի ուղեւորությունը, այնուամենայնիվ, ունեցավ այն հետեւանքը, որ Կիրակոս Գանձակեցու հաղորդմամբ՝ Մանգու-խանը հրովարտակ արձակեց, որով կարգադրվում էր հայերին եւ Հեթումի երկիրը չնեղել, ինչպես նաեւ ազատության իրավունք էր տրվում եկեղեցիներին՝ իր պետության բոլոր մասերում:
Մինչ Հեթումը փորձում էր կարգավորել հայ-մոնղոլական հարաբերությունները, Կոստանդին Բարձրբերդցի կաթողիկոսը փորձեց բանակցել բյուզանդացիների հետ եւ գալ համաձայնության՝ օգտվելով այն հանգամանքից, որ լատինների համակիր Հեթում արքան բացակայում է երկրից: Բանակցությունների ուղարկվեց Հակոբ վարդապետը, որը հանդիպեց Հովհաննես կայսերը (Վադակես), որի աթոռանիստը Նիկիան էր: Հովհաննես Վադակեսն այդ շրջանում խիստ ուժեղացել էր, տիրել Փոքր Ասիայի նշանակալից մասին եւ ի վիճակի էր սպառնալու նաեւ հայերին: Հակոբ վարդապետը, որ հայտնի էր Կլայեցի, Սսեսցի եւ Տարսոնեցի մականուններով, ինչպես նաեւ Գիտնական եւ Հռետոր մակդիրներով, ինչը վկայում էր նրա մտավոր մեծ կարողությունների մասին, Նիկիայում վեճի մեջ մտավ հույն վարդապետների հետ, որոնց գլխավորում էր Մանվել պատրիարքը: Հիմնական վեճը ծավալվում էր քաղկեդոնականության շուրջ: Սակայն Հակոբը կարողացավ հայկական դավանանքի էությունը մատուցել եւ այն պաշտպանել: Եթե պատմիչի տեղեկությունները հավաստի են, ապա բյուզանդացիները սեր եւ միաբանություն հաստատեցին հայերի հետ: Սակայն դատելով այն իրողությունից, որ բյուզանդացիների կողմից հայերին դավանաբանական հարցերում մեղադրելը եւ նրանց եվտիքականության կողմնակից համարելը չդադարեց, թերեւս, բանակցությունները բոլորովին էլ հարթ չեն ընթացել: Այսուհանդերձ, մի որոշ ժամանակ հանդարտություն տիրեց երկու Եկեղեցիների փոխհարաբերություններում:
Շուտով Կիլիկիա վերադարձավ Հեթում արքան: Նա Ղումուզարի վրայով ձմեռը հասավ Դալաս, որտեղ տեսակցեց Հուլաղուին, որին բաժին էր ընկել Հարավարեւելյան Ասիան: Հայոց արքան որոշ ժամանակ մնաց մոնղոլ խանի մոտ, նորոգեց բարեկամությունը եւ այնուհետեւ շարունակելով ճանապարհը՝ հանդիպեց Բաթուի որդի Սարթախին, որն ուղեւորվում էր Մանգու-խանի մոտ: Մուտք գործելով Այսրկովկաս՝ նա, Երասխն անցնելով, մտավ Սյունիք, ուր հաստատվել էր Բաչուն: Նրա ճանապարհն անցավ Դիզակից Սամարկանդ, Միանեից Թավրիզ եւ Սիսիան: Ութ ամիս անց, անցնելով Քուրդ իշխանի Վարդենիս գյուղով, որտեղից նա Բարսեղ քահանային ուղարկեց կաթողիկոսի մոտ, որպեսզի նրան մատուցի Մանգու-խանի հրովարտակը հայերին հովանավորելու մասին, այնուհետեւ հանդիպելով շատ հայ իշխանների ու հոգեւորականների հետ՝ Բաչուի տրամադրած թիկնապահ գնդով հասավ Կիլիկիա 1256 թվի հունիսի 5-ին: Սեպտեմբերին այցելեց իր հորը Բարձրբերդում, իսկ նոյեմբերի 17-ին Մամեստիայում ասպետ կամ ձիավոր կարգեց իր անդրանիկ որդի Լեւոնին: Հանդիսությանը մասնակցեց Կոստանդին թագավորահայրը՝ որպես կարգադրիչ: Մասնակիցների մեջ էին Կոստանդինի դուստր Մարիամն իր ամուսին Յոպպեի կոմսի հետ, Հեթումի դուստր Սիպիլը եւ նրա ամուսին Անտիոքի Բոհեմունդ իշխանը, մյուս դուստր Ֆիմին եւ նրա ամուսին Սիդոնի կոմս Ժուլիանը եւ մեծ թվով հասարակ ժողովուրդ ու զինվորականներ:
1258-ին Հեթում արքան կորցրեց իր եղբորը՝ Լեւոնին, որը վաղաժամ մահացավ: Հեթումը գնաց Տրիպոլիս՝ վերջինիս կոմսին եւ Անտիոքի դքսին հաշտեցնելու համար, իսկ 1259-ին մասնակցեց իր կրտսեր եղբայր Բալդվինի՝ Գռների վանքի եպիսկոպոս ձեռնադրվելուն, որն ստացավ Հովհաննես անունը: 1259 թվին հայոց արքան կաթողիկոս Կոստանդինի հետ գնաց Միջագետքի Եդեսիա քաղաքը՝ ողջունելու համար Հուլաղուին՝ Բաղդադը գրավելու եւ Արաբական խալիֆայությունը վերացնելու համար: Չնայած Աբբասյան խալիֆները ճանաչել էին սելջուկ-թուրքերի իշխանությունը եւ զրկվել իրենց նախկին շուքից, Արաբական խալիֆայությունը շարունակում էր գոյատեւել որպես կրոնական իշխանություն: Մոնղոլները 1258 թվի փետրվարի 5-ին մոտեցան Բաղդադին: Քաղաքը կարճատեւ դիմադրությունից հետո գրավվեց եւ ահավոր կոտորածի ենթարկվեց: Վարդան պատմիչի ասելով՝ փրկվեցին միայն քաղաքի քրիստոնյաները եւ այն էլ Հուլաղուի կնոջ՝ Տողուզ խաթունի շնորհիվ, որը քրիստոնյա էր: Նա, Հուլաղուի համաձայնությամբ, ուղեւորությունների ժամանակ իր հետ շարժական եկեղեցի էր տանում եւ քահանաներ, որոնք նրա համար պաշտամունքային արարողություններ էին կատարում: Նրա միջնորդությամբ Հուլաղուն շատ քրիստոնյաների ազատություն շնորհեց:
Բաղդադից հետո Հուլաղուն գրավեց Մուփարզինը, որի սուլթանը համառ դիմադրություն ցույց տվեց: Քաղաքում սով սկսվեց: Քաղաքացիներն անգամ սկսեցին իրենց երեխաներին ուտել: Մուփարզինը գրավելուց հետո քաղաքի բնակչությունը ենթարկվեց ահավոր կոտորածի: Մոնղոլներն անգթորեն պատժում էին դիմադրության ամեն մի փորձ, որ մնացյալ ժողովուրդն ահաբեկված այլեւս չդիմադրի: Աստիճանաբար ուժեղացավ մոնղոլական հարկային լուծը: Գնալով Միջագետք՝ Հեթում արքան եւ Կոստանդին կաթողիկոսը ոչ միայն շնորհավորում էին մոնղոլական խանին՝ ռազմական հաջողությունների համար, այլեւ փորձում դյուրություններ ստեղծել քրիստոնյա բնակչության համար: Հեթումը մի կողմից օգնում էր Հուլաղուին Եգիպտոսի դեմ մղվող պայքարում՝ նրա հետ գրավելով Շամի կամ Ասորիքի երկիրը, մյուս կողմից հոգ էր տանում քրիստոնյաներին: Իմանալով Մանգու-խանի մահվան մասին՝ Հուլաղուն Եգիպտոսի դեմ արշավանքը դադարեցրեց եւ արագորեն մեկնեց Մոնղոլիա՝ ժառանգելու իշխանությունը՝ նվաճած երկրների պաշտպանությունը հանձնելով Քիթրուզա զորավարին: Հայոց արքան եւ կաթողիկոսն արշավանքն ընդհատվելու պատճառով վերադարձան Կիլիկիա: Սակայն հետագա դեպքերը զարգացան ի վնաս մոնղոլների: Եգիպտական զորքերը Թաբորի ճակատամարտում 1260 թվին հաղթանակ տարան մոնղոլների նկատմամբ, եւ մոնղոլներն ապավինեցին Հայոց թագավորության պաշտպանությանը: Հեթում արքան նրանց ապահովեց անհրաժեշտ զենք ու զրահով, նժուգներով եւ ռոճիկով, ինչը նրա հեղինակությունը խիստ բարձրացրեց մոնղոլների աչքում:
Հուլաղուին հաջողվեց տիրել խանական իշխանությանը, սակայն իշխանության համար պայքարը նրա եւ նրա ընտանիքի անդամների միջեւ շարունակվեց մինչեւ նրա մահը (1265 թ.): Այդ անիմաստ պայքարը թույլ չտվեց մոնղոլներին նոր մեծամեծ արշավանքներ ձեռնարկել: Կռիվները շարունակվեցին նրանց եւ Եգիպտոսի միջեւ Ասորիքում, որին ստիպված էին մասնակցել նաեւ Կիլիկիայի հայոց թագավորության զորքերը՝ առաջ բերելով եգիպտացիների թշնամությունը: Այդ կռիվներում նշանավոր եղան Անտիոքի 1262 թ. պաշպանությունը, Այնթապի կռիվները, Հալեպի ավարառությունը: