ԳՐԻԳՈՐ Ե ՔԱՐԱՎԵԺ

ԳՐԻԳՈՐ Ե ՔԱՐԱՎԵԺ

(1193-1195)
 

Գրիգոր Տղայի Սսում վախճանվելը հեշտացրեց Լեւոնի միջամտությունը, որի սուր աչքից չէր վրիպում ոչ մի ազգային ձեռնարկ, որ նա չծառայեցներ իր ծրագրերին: Կաթողիկոսական աթոռի թեկնածուների պակաս չէր զգացվում: Կարող էին հայրապետական աթոռին հավակնել Գրիգոր Ապիրատը, որը Շահանի որդին էր եւ Գրիգոր Տղայի հորեղբորորդին, եղել էր Տարսոնի եւ Լամբրոնի, իսկ ավելի ուշ՝ Անտիոքի արքեպիսկոպոս եւ անգամ Կեսարիայի, ավելի երիտասարդ Ապիրատի քրոջորդին՝ Ներսես Լամբրոնացին, որ Տարսոնի արքեպիսկոպոսն էր՝ ընդամենը 40 տարեկան, Սսի արքեպիսկոպոս Հովհաննեսը, որը Կոստանդին Օշինյանի որդին էր եւ Լամբրոնացու հորեղբորորդին, ինչպես նաեւ Սեբաստիայի Անանիա արքեպիսկոպոսը, որը Պետրոս Գետադարձի ազգատոհմից էր: Սակայն բուն Հայաստանի եպիսկոպոսները, որ աղբյուրներում առավելապես հիշվում են որպես «Արեւելեայք», Հռոմկլայի ժողովից հետո կասկածով էին նայում սրանց վրա, քանի որ Ներսեսը եւ Գրիգորը հանդես էին եկել որպես Կաթոլիկ Եկեղեցուն զիջումներ անելու գծի հետեւորդներ: Արեւելյանները պաշտպանում էին երիտասարդ Գրիգոր եպիսկոպոսին (մինչեւ կրոնավոր դառնալը՝ Վահրամ), որը Ներսեսի եղբորորդին էր եւ Ապիրատի հորեղբորորդին: Լամբրոնացին, դիմելով Լեւոն իշխանին, մեղադրում է արեւելյաններին, որ նրանք գերադասում են երիտասարդ հայրապետ ունենալ: Նրա հաջորդ խոսքերից պարզ է դառնում, որ Գրիգոր Քարավեժը կաթողիկոս դարձավ շնորհիվ Լեւոնի միջամտության: Լեւոն Ռուբինյան իշխանի գործելակերպը միանգամայն հասկանալի է: Կամենալով իր իշխանապետությունը հռչակել թագավորություն եւ հեռանկարում իր տիրույթների մեջ մտցնել նաեւ բուն Հայաստանը՝ Լեւոնը ձգտում էր ոչ միայն ձեռք բերել խաչակիրների աջակցությունն ու հովանավորությունը, այլեւ արեւելյանների բարեհաճությունը:


Գրիգորին բարձրացնելով հայրապետական աթոռ՝ նա անտարակույս ձեռք էր բերում արեւելյանների բարեկամությունն ու համակրանքը, այլեւ իրեն հլու-հնազանդ եկեղեցական առաջնորդ: Մ. Օրմանյանի կարծիքով՝ հայրապետական աթոռ բարձրանալիս Գրիգոր-Վահրամը 25 տարեկանից պակաս չէր, քանի որ արդեն ձեռնադրվել էր եպիսկոպոս: Նա տեսքով գեղեցիկ էր, մարմնեղ եւ պատմության մեջ հայտնի է որպես Գրիգոր Ե Քարավեժ՝ կապված նրա մահվան հետ, երբ նա քարավեժ արվեց Կոպիտառում: Երբեմն նրան կոչել են նաեւ Գահավեժ, սակայն ընդհանրական գործածականը Քարավեժ մականունն է, որը, հասկանալի է, չի օգտագործվել նրա կենդանության օրոք: Պատմիչները նրա կաթողիկոսությանը հատկացնում են մեկ կամ երկու տարի, մեկ տարի եւ հինգ ամիս, ուստի նրա աթոռակալությունը պետք է դնել 1193-1195 թվերի միջոցին: Նրա գործունեության մասին, դժբախտաբար, տեղեկություններ չեն պահպանվել: Հաստատվել է Հռոմկլայում, զբաղվել հայրապետական գործերով եւ, անտարակույս, օժանդակություն չի ստացել ո՛չ Ապիրատից եւ ո՛չ էլ Ներսես Լամբրոնացուց: Ամեն ինչ հավաստում է այն մասին, որ նա սերտ հարաբերությունների մեջ է եղել արեւելյանների հետ, որոնք հույժ պատվել են Քարավեժ Գրիգորի օրհնության թուղթը: Նրանք անգամ հատուկ պատգամավորություն էին ուղարկել նորընտիր երիտասարդ կաթողիկոսին: Արեւելյանները դեմ էին խաչակիրների հետ մերձենալուն, որը պաշտպանություն է գտել հայրապետի կողմից:


1193 թվին Լեւոն Ռուբինյանը ձերբակելեց Անտիոքի դուքս Բոհեմունդին, որը ժամանակին նենգորեն ձերբակալել էր Լեւոնի ավագ եղբայր Ռուբենին: Բոհեմունդը փորձեց նույն խաղը խաղալ Լեւոնի գլխին, սակայն վերջինս, լուր առնելով իր կնոջ հորաքրոջից, որ Բոհեմունդի կինն էր, ձեւացրեց, թե ոչինչ չգիտի եւ իր հերթին հանդիպման հրավիրեց Բոհեմունդին երկու երկրների սահմանագլխին, որ իբր դրանից հետո միասին գնան Անտիոք: Բոհեմունդը, ոչինչ չկասկածելով, եկավ հանդիպմանը եւ ձերբակալվեց իր ուղեկիցների հետ միասին: Այժմ Լեւոնը նրա առաջ խիստ պահանջներ դրեց՝ ազատելու համար:


Բանակցությունները, որի միջնորդներն էին Հեթում Սասունցին եւ Մամեստիայի իշխանությունը, խիստ ձգձգվեցին, եւ գործին միջամտեց Հենրիկոս Կամպանիացին, որն իր վրա էր վերցրել ոչնչացված Երուսաղեմի թագավորության անունը: Վերջինս ավելի հաջողեց, եւ կնքվեց փաստաթուղթ, թե ինչ պայմաններով կարող է Բոհեմունդ դուքսը գնել իր ազատությունը: Նա պետք է վերադարձներ Ռուբենից խլած տիրույթները, ամուսնացներ իր անդրանիկ որդի Ռայմոնդին նոր վախճանված Հեթում Սասունցու այրի Ալիծի հետ, որի որդիները, որ կունենար Ռայմոնդից, հայտարարվում էին Անտիոքի դքսական իշխանության ժառանգներ: Կասկածներ կան, որ Լեւոնն անմասն չէր Հեթում Սասունցու մահվանը: Ալիծի երկրորդ ամուսնությունը նրան երջանկություն չբերեց: Նրա ամուսինը, որ փաստորեն գերության մեջ էր Լեւոնի մոտ, 1196 թվին մահացավ ծանր հիվանդությունից հետո, իսկ շատ չանցած՝ Ալիծը տղա ունեցավ, որին մկրտեցին Ռուբեն-Ռայմոնդ անունով: Լեւոնը, որ արու զավակներ չուներ, մտքին դրեց նրան իր ժառանգը դարձնել եւ երկու իշխանությունները դրանով միավորել՝ ստեղծելով հզոր Հայկական պետություն:


Հետաքրքիր զարգացում ունեցան կաթողիկոսի եւ Լեւոնի փոխհարաբերությունները: Նոր հայրապետը բնավ խամաճիկ չդարձավ՝ չնայած այդ պաշտոնին տիրացել էր Լեւոն Ռուբինյանի բարեհաճության շնորհիվ: Հայոց Եկեղեցու ավանդներին հավատարիմ եւ օտարատյաց հայրապետը բոլորովին չընդունեց Լեւոնի եւ նրա համախոհների զիջողական կեցվածքը Կաթոլիկ Եկեղեցու նկատմամբ եւ ոչ մի թուղթ չստորագրեց: Նա իրոք ինքնիշխան գործելակերպ որդեգրեց: Նրա հակառակորդներն սկսեցին նրան մեղադրել անարժան հայրապետ լինելու մեջ եւ դիմեցին Լեւոնին, թերեւս նրա ցուցումներով, որ միջոցներ ձեռնարկի: Բայց եւ ոչ մի պատմիչ որոշակի մեղք չի ներկայացնում նրան: Դժվար չէ ենթադրել, որ պատճառը արեւելյանների հետ սերտ համաձայնությունն էր եւ Կաթոլիկ Եկեղեցուն զիջումներ անելուց կտրականապես հրաժարվելը: Լեւոնին կաթողիկոսի դեմ գրգռողներից էին կաթողիկոսական աթոռի նախկին թեկնածուները եւ այլեւայլ եպիսկոպոսներ: Նախանձոտ անձանց մեջ Կիրակոս պատմիչը հիշում է Հովհաննես Սսեցուն, Անանիա Սեբաստացուն եւ վեց եպիսկոպոսների, որոնց անունները չեն հիշվում: Անշուշտ դրանց մեջ էին Ներսես Լամբրոնացին, Ապիրատ եպիսկոպոսը, ինչպես հավաստում է Սամվել Անեցին: Այս ամենը կատարվում էր ոչ առանց Լեւոն Բ-ի ցուցումների, որը հանուն թագավորական իշխանության՝ պատրաստ էր զիջումների գնալու կաթոլիկ կղերին: Իրավացի է Մ. Օրմանյանը, երբ գրում է, թե պետք չէր այդքան քծնել լատիններին, քանի որ Լեւոնն ինքն էլ կարող էր իր իշխանապետությունը հռչակել թագավորություն:


Չարակամները 4-5 անգամ դիմեցին Լեւոնին, սակայն Գրիգոր Քարավեժն ուժգին դիմագրավում էր այդ զրպարտություններին՝ սատար ունենալով արեւելյան եպիսկոպոսներին: Տեսնելով, որ կաթողիկոսին իրեն հնազանդեցնել չի կարողանում, որոշվեց նրան բռնությամբ աթոռազրկել: Դրա համար պետք էր Գրիգորին դուրս բերել Հռոմկլայից, աթոռազրկել եւ ապա միայն եղածն օրինականացնել եկեղեցական ժողովով ու նոր հայրապետ ընտրել: Այդ կատարելու համար Սսի Հովհաննես եպիսկոպոսն իբր բարեկամական այցով մեկնեց Հռոմկլա եւ պատվով ընդունվեց կաթողիկոսի կողմից: Նրա հետ կամ հետո եկան կաթողիկոսի շատ թշնամիներ, որոնք թվով գերազանցեցին հայրապետանոցի պահապաններին: Սրանք Հովհաննես եպիսկոպոսի կարգադրությամբ տիրեցին Հռոմկլային եւ ձերբակելեցին Գրիգոր Ե կաթողիկոսին: Երբ վերջինս Հովհաննեսին հարցրեց, թե կատարվածն ինչ է նշանակում, պատասխան ստացավ, որ ձերբակալված է: Գրիգորը զնդան նետվեց եւ առնվեց խիստ հսկողության ներքո: Հռոմկլայեցիք, իմանալով այդ մասին, փորձեցին բերդը գրավել, սակայն եռօրյա կռիվներից հետո ոչնչի չհասան: Հաղթելով հռոմկլայեցիներին՝ Հովհաննես Սսեցին ձերբակալված կաթողիկոսին բերեց Սիս, իսկ Լեւոնը կարգադրեց նրան կալանքի առնել Կոպիտառ ամրոցում՝ մինչեւ իբր ճշմարտությունը պարզելու համար անհրաժեշտ քննության ավարտը:


Սա առաջին դեպքն էր, որ կաթողիկոսն ամբաստանվելուց առաջ ձերբակալվում էր: Չնայած Մ. Օրմանյանը հակված է կարծելու, որ Լեւոնը չէր դրա նախաձեռնողը, որ մեղավորները եպիսկոպոսներն էին, մենք կարծում ենք, որ անգամ եպիսկոպոսներն ամբաստանում էին հայոց հայրապետին հենց նրա ցուցումներով եւ խորհուրդներով: Զրպարտողների մեջ առաջինը Սսի եպիսկոպոս Հովհաննեսն էր, որից ետ չէր մնում Տարսոնի արքեպիսկոպոս Ներսեսը, որ աչք ուներ կաթողիկոսական աթոռին: Լեւոնը եղածին օրինականություն տալու համար կամեցավ եկեղեցական ժողով գումարել եւ մեղադրանքները քննել: Սակայն գործը եկեղեցական ժողովին չհասավ, քանի որ կաթողիկոսը սպանվեց: Հայտնի չէ, թե Գրիգոր հայրապետը բերդում ինչքան մնաց: Համենայն դեպս, այդ պետք է ձգվեր երկու ամսից ոչ պակաս: Հավանաբար չարախոսները լավ գիտեին, որ ամբաստանությունները հիմնավորել չեն կարողանալու, ուստի դիմեցին նրան ֆիզիկապես ոչնչացնելուն: Իբր թե նա փորձում է բերդից փախչել, սակայն կտավը պատռվում է, եւ նա քարավեժ է լինում: Իրականությունն այն է, որ նրան քարավեժ արեցին նրանք, ովքեր հավակնում էին կաթողիկոսական աթոռին: Եթե կային մարդիկ, որ կուզենային ազատել կաթողիկոսին, ապա նրա քարավեժ լինելուց հետո մարմինը չէին թողնի տեղում:


Այս ամբողջը՝ կտավի եւ փախուստի պատմությունը, Մ. Օրմանյանը, հիրավի, համարում է ճշմարտությունը ծածկելու փորձ: Եվ, իրոք, չնայած պատմական հիշատակների բացակայությանը՝ դժվար չէ տեսնել, որ կաթողիկոսին պարզապես վայր էին նետել պարսպից, եւ չի բացառվում, որ հենց Լեւոն իշխանի գիտությամբ: Պարզից էլ պարզ էր, որ արեւելյանների մասնակցության դեպքում եկեղեցական ժողովը չէր հանդգնի գահընկեց անել կաթողիկոսին: Ուստի Լեւոնին ժողով պետք չէր, այլ նոր եւ հնազանդ կաթողիկոս: Որ Լեւոնը կարող էր որոշել վերացնել կաթողիկոսին, կասկածներ չի հարուցում, քանի որ ժամանակներն այդպիսին էին, եւ նպատակին հասնելու համար միջոցների առաջ կանգ չէին առնում: Իհարկե թե՛ Լեւոն իշխանը եւ թե՛ նրա կամակատարները կասկածը փարատելու համար ցավ էին հայտնել կատարվածի համար, պատվով թաղել նրան եւ խուսափել պաշտոնապես նրան դատապարտելուց: Կաթողիկոսը թաղվեց Դրազարկի վանքում՝ իր քեռի Գրիգոր Տղայի գերեզմանի հարեւանությամբ: Կաթողիկոսի կյանքի թելը կտրվեց, քանի որ անզիջում էր քեղկեդոնական կամ Կաթոլիկ Եկեղեցուն որեւէ հարցում զիջելու մեջ: Անգամ նրա հակառակորդները չկարողացան նրան որեւէ պաշտոնական մեղադրանք ներկայացնել: