ԳՐԻԳՈՐ Գ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ

ԳՐԻԳՈՐ Գ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ

(1113-1166)
 

Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսը կտակ էր թողել՝ Բարսեղ Ա Անեցու մահից հետո իր քրոջ թոռ Գրիգորին հայրապետական աթոռ բարձրացնելու՝ իր կամքի մասին, իսկ Բարսեղ Ա Անեցին էլ մահից առաջ նրան եպիսկոպոս էր ձեռնադրել՝ դրանով իսկ առավել մեծ ուժ հաղորդելով կտակին: Սակայն ոչ մեկի մտքով չէր անցել, որ Բարսեղ կաթողիկոսի անակնկալ մահով Գրիգոր Պահլավունու հայրապետությունը տեղի կունենա նրա դեռահասության շրջանում: Հայ իշխաններից Կոմագենեում հաստատված Վասիլ Կամսարականը եւ Թորոս Ռուբինյանը, որ խիստ ընդարձակել էր իր իշխանությունը Կիլիկիայում, խորապես հարգելով Վկայասեր կաթողիկոսին, կողմ էին հայրապետական աթոռի թեկնածուին, որին պաշտպանում էր Սեւ լեռան կամ Ամանոսի հայ հոգեւորականությունը, որի նշանակալից մասը սերվում էր Վկայասեր կաթողիկոսի աշակերտներից: Թերեւս դրան հավելվում էր նաեւ այն հանգամանքը, որ հասարակության շրջանում բավական ուժեղ էր հայրապետական աթոռը սերնդաբար եւ ժառանգաբար հաջորդելու գաղափարը, եւ Գրիգորի տարիքը դեր չխաղաց նրա կաթողիկոսանալու հարցում: Հրավիրվեց եպիսկոպոսների ու Եկեղեցու հայրերի ժողով Քեսունի մոտ գտնվող Կարմիր վանքում՝ այդ ժամանակվա կաթողիկոսանիստ կենտրոնում, եւ Գրիգոր Գ Պահլավունին ձեռնադրվեց Հայոց կաթողիկոս:


Սկզբնաղբյուրների տվյալներով՝ նա այդ պահին 18, 20 կամ 22 տարեկան էր, իսկ ըստ Սամվել Անեցու՝ անգամ 15 տարեկան: Մ. Օրմանյանը հավանական է գտնում, որ նորընծա կաթողիկոսն այդ ժամանակ 20 տարեկան էր, քանի որ Ուռհայեցու ասելով՝ նա տղայական հասակի էր: Եթե հին շրջանում տղայական հասակը կարող էր անգամ 18-ից ցածր համարվել, ապա ավելի ուշ ժամանակներում տղայական տարիքն ավելի մեծ էր ընկալվում: Գրիգոր Գ Պահլավունին, որի մականունը պայմանականորեն տվել է Մ. Օրմանյանը, իր աթոռանիստը պահպանեց Շուղրի կամ Կարմիր վանքում, իսկ Ծովքում նրա հոր եւ հորեղբայրների մահից հետո իշխանությունն անցավ Ապիրատ իշխանի Վասիլ որդուն:


Սակայն Գրիգոր Գ Պահլավունու կաթողիկոսանալն առաջ բերեց դժգոհություն Վասպուրականում, որտեղ Աղթամարի եպիսկոպոս Դավիթ Թոռնիկյանը, նորընծա կաթողիկոսի տղայական տարիքն արհամարհելով, իրեն հռչակում է կաթողիկոս: Համախոհ 5 եպիսկոպոսներ Ձորովանքի եկեղեցում նրան ձեռնադրում են կաթողիկոս՝ հիմնավորելով այն հանգամանքով, որ դա Արծրունյաց թագավորների աթոռն է, եւ վայել է, որ Աղթամարի եպիսկոպոսը լինի պատրիարք, քանի որ Վահանիկ կաթողիկոսն այնտեղ է վախճանվել, եւ Վասպուրականում են գտնվում Գրիգոր Լուսավորչի պատարագի սեղանը, գավազանը եւ մաշկեղեն գոտին, Հռիփսիմեի հողաթափը եւ դաստառակը, ինչպես նաեւ արյունոտ պարեգոտը եւ վերջապես՝ Աբդլմսեհ նահատակի բազուկը, Ապարանից խաչը եւ շատ վկաների կամ մարտիրոսների մասունքներ: Հարկ է հիշել, որ Լուսավորչի Աջի՝ Աղթամարում գտնվելու փաստը, որին անդրադառնում է Մ. Չամչյանը, աղբյուրներում իր հաստատումը չունի, եւ իրավացի է Օրմանյանը՝ ենթադրելով, որ գավազանը շփոթվել է հայոց առաջին կաթողիկոսի աջի հետ: Անտարակույս է, որ հինգ եպիսկոպոսներով ձեռնադրված լինելը ցույց է տալիս, որ Դավիթ Թոռնիկյանի ձեռնարկը հեռու էր օրինական լինելուց, եւ հայ պատմիչները մերժում են Գեորգի ժամանակներից Աղթամարի կաթողիկոսության սկզբնավորվելը, եւ եղածը լոկ Դավիթ Թոռնիկյանի մեծ հավակնությունների դրսեւորում էր:


Վերջինիս արածը Հայոց Եկեղեցին, փաստորեն, պարսավում էր, չնայած, դատելով ամեն ինչից, Դավիթ Թոռնիկյանը եղել է գործունյա եւ ձեռներեց անձ: Թոռնիկյանների իշխանատոհմի նախահայր է համարվում ոմն Թոռնիկ Արծրունին, որը տոհմակից էր Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմին եւ Ամյուկի իշխանն էր ու զոհվել էր Աստիճանսի ճակատամարտում՝ Սրահանգների զորավարների դեմ կռիվներում: Հիշյալ Թոռնիկի որդին էր Աբդլմսեհ իշխանը, որը փեսայացել էր Գրիգոր դուքսին՝ ամուսնանալով վերջինիս Մարիամ անունով դստեր հետ, որը եւ պարգեւել էր նրան Թոռնիկ իշխանին, տեր Դավթին, տեր Ստեփանոսին ու տեր Գրիգորին: Թոռնիկ իշխանի որդին էր Թադեոսը, իսկ վերջինիս որդին՝ Թոռնիկը, որի զավակ Աբդլմսեհ իշխանը ժամանակակից է եղել խաչակիրների կողմից Երուսաղեմի գրավմանը: Հիշյալ Աբդլմսեհ իշխանն ունեցավ յոթ տղա եւ հինգ դուստր, որոնցից էր Դավիթ Թոռնիկյանը, որն ըստ Վասպուրականի պատմիչների՝ նմանվել է Հեսսե Բեթղեհեմացուն եւ իրեն հռչակել է կաթողիկոս:


Չնայած Դավիթ Թոռնիկյանի հուսահատ ջանքերին, աջ ու ձախ տրված ընծաներին եւ խնդրանքներին՝ նրա դիմումներն ընդունելություն չգտան, եւ ինքն էլ չընդունվեց Եկեղեցու հայրերի կողմից: Նա մեծ հույսեր ուներ իր կողմը գրավելու Անին, սակայն մերժվեց հայոց նշանավոր մայրաքաղաքի ավագների կողմից: Մի պահ միայն նրա նկատմամբ համակրանք ցուցաբերեցին Սյունիքի եւ Արտազի աթոռները, սակայն ընդամենը մեկ տարի անց եկեղեցական ավանդույթները եւ Գրիգոր կաթողիկոսի դիրքերի ուժեղանալը ստիպեցին նրանց խզել իրենց հարաբերությունները հակաթոռ կաթողիկոսի հետ: Ձեռքերը ծալած չէին նստել նաեւ Կիլիկիայի եւ Կոմագենեի հայ հոգեւորականները: Ամենայն հավանականությամբ հենց Կարմիր վանքում ժողով գումարվեց, որտեղ հավաքված մեծ թվով եպիսկոպոսներ, վարդապետներ, հոգեւոր հայրեր, միայնակեցներ, իբր 2500 մարդ, բանադրեցին հակաթոռ կաթողիկոսին եւ նրա կողմնակիցներին: Մեկ այլ սկզբնաղբյուր ժողովի մասնակիցների թիվը համարում է 300: Ներսես Շնորհալին, հիշատակելով 2500 եկեղեցականների, ոչինչ չի ասում իշխանական դասի եւ աշխարհականների մասնակցության մասին, չնայած անտարակույս է, որ խնդիրը չէր կարող լուծվել առանց նրանց մասնակցության: Թե՛ Վասիլ Կամսարականը, որի տիրույթներում գումարվել էր ժողովը եւ թե՛ Թորոս Ռուբինյանն ու մյուս իշխանները, որոնք իշխանություններ ունեին Կիլիկիայում եւ նրան հարող շրջաններում, բոլորովին մտադիր չէին թույլ տալ, որ հայրապետական աթոռի ազդեցությունն իրենց տիրույթներից տեղափոխվի Վասպուրական:


Դավիթ Թոռնիկյանի ձեռնարկը համազգային բնույթ չստացավ, սակայն Հայոց Եկեղեցու պառակտման պատճառ դարձավ, եւ Աղթամարի կաթողիկոսությունը երկար գոյատեւեց որպես հակաթոռ կաթողիկոսություն՝ արժանի ոչ մի արդյունք չտալով: Եթե ավելի խորը մոտենանք խնդրին, ապա կտեսնենք, որ Դավիթ Թոռնիկյանի պառակտիչ քայլը սոսկ նրա մեծ հավակնությունների արդյունք չէր, այլ բուն Հայաստանի եւ նորաստեղծ Հայաստանի մրցակցության արտահայտություն, թե հայրապետ ընտրելիս ում պետք է պատկանի գլխավոր եւ որոշիչ ձայնը: Եվ քանի որ նորաստեղծ Հայաստանը կառավարվում էր հայ անկախ իշխանների կողմից, իսկ բուն Հայաստանը գտնվում էր օտար նվաճողների իշխանության ներքո, ապա առաջինի ազդեցությունը գնալով մեծանում էր՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով նրա հոգեւորականության համար, չնայած ավանդական իրավունքն անկասկած բուն Հայաստանի հոգեւորականության կողմում էր: Այդ հակասությանն ինչ-որ լուծում տալու համար հատուկ կանոն ընդունվեց, որ նորակազմ Հայաստանի կողմից կատարված կաթողիկոսական ընտրությունը պետք է ստանար բուն Հայաստանի չորս մեծ աթոռների՝ Բջնիի, Հաղպատի, Տաթեւի եւ Արտազի հավանությունը: Իրավացի է Մ. Օրմանյանը՝ կարծելով, որ չորս աթոռների մեջ սկզբում եղել է Անին, սակայն վերջինիս կործանումից հետո այդ իրավունքն անցել է Բջնիին: Հիշյալ չորս աթոռներին տրված իրավունքի մասին ժողովական որոշումը հստակ արձանագրված չէ, սակայն իրողությունը կասկածներ չի հարուցում: Շատ հնարավոր է, որ Սյունյաց եւ Արտազի աթոռների հեռանալը հակաթոռ կաթողիկոսությունից արդյունք էր նրանց տրված հիշյալ իրավունքի: Նման կարգի հաստատումը հնարավորություն տվեց երիտասարդ Գրիգոր կաթողիկոսին ամրապնդելու իր հայրապետական իշխանությունը եւ շրջաբերականներ ուղարկելու Հայոց Եկեղեցու բոլոր եպիսկոպոսներին:


Քեսունի Վասիլ Կամսարական իշխանն ամուսնացել էր Թորոս Ռուբինյանի եղբոր՝ Լեւոնի դստեր հետ, որը, թվում է, թե պետք է ամրապնդեր հայերի միությունը նորաստեղծ Հայաստանում, սակայն հետեւանքները բոլորովին այլ եղան: Բոլդվին Դ’Բորկը, ով Ուռհայի կոմսն էր, պատերազմ սկսեց Վասիլի դեմ, չնայած վերջինս նրա խնամին էր. Վասիլի զոքանչը Բոլդվինի քույրն էր:


Բոլդվինը պաշարեց Ռաբանը, սակայն անառիկ քաղաքաբերդը գրավել չկարողացավ: Այդ ժամանակ Թորոս Ռուբինյանը Բոլդվինին օգնելու նպատակով իր մոտ հրավիրեց Վասիլին եւ նենգորեն կալանավորելով՝ հանձնեց Բոլդվինին: Անկախ ամեն տեսակի բացատրություններից, Թորոսի արածն ազգային մեծ դավաճանություն էր, որովհետեւ խոշտանգումների ենթարկված Վասիլը ստիպված եղավ իր տիրույթները զիջել Բոլդվինին, եւ հայոց իշխանությունը Քեսունում ընկավ: Պատմությունը ոչինչ չի հայտնում Թորոս իշխանի տիրույթների՝ ի հաշիվ Վասիլի իշխանության ընդարձակելու մասին, ուստի նրա այդ դավաճանությունից քաղած միակ օգուտը միակ հայ իշխանապետ մնալն էր: Տիրելով Քեսունի իշխանությանը՝ Բոլդվինը կալանքից ազատեց Վասիլին, որը սկզբում մեկնեց իր աներ Լեւոնի մոտ եւ այնուհետեւ Կոստանդնուպոլիս՝ թերեւս բյուզանդացիների օգնությամբ իր իշխանությունը վերականգնելու հույսով, սակայն, չնայած փայլուն ընդունելությանը, ոչ մի արդյունքի չհասավ: Որպես հետեւանք այս ամենի՝ Կարմիր վանքի հայոց հայրապետանոցը զրկվեց հայ իշխանապետի հովանավորությունից, եւ Գրիգոր կաթողիկոսը ստիպված եղավ Շուղրի կամ Քեսունի Կարմիր վանքից տեղափոխվել Ծովքի կամ Դլուքի դղյակ, որն իր տոհմի հայրենիքն էր, եւ որտեղ իշխան էր նրա եղբայր Վասիլը: Այս ամենը տեղի ունեցավ 1116 թվին:


Բոլդվին կոմսը զենքի ուժով նշանակալից ընդարձակեց իր իշխանությունը: Դրա անմիջական հետեւանքը եղավ Տափար սուլթանի Բուրսուխ զորավարի հարձակումը Եդեսիայի վրա, որը սակայն ավարտվեց անհաջողությամբ, քանի որ քաղաքը 30 օր հերոսաբար դիմադրեց թշնամուն: Դրանից հետո Բոլդվինը գրավեց Քեսունը, Բիրթան, այսինքն՝ Պիրը կամ Բիրեջիկը, որտեղ իշխում էր Օշինյան տոհմից Աբլղարիբը: Վեջինս մեկ ամբողջ տարի դիմադրեց, սակայն ի վերջո օժանդակություն չգտնելով մյուս հայ իշխանների կողմից՝ թողեց իր տիրույթներն ու ապաստանեց Թորոսի մոտ՝ հաստատվելով Անարզաբայում: Շուտով ընկավ Արեւընտանի Բագարատ իշխանի իշխանությունը, իսկ Կարկառի իշխան Կոստանդինը համառ դիմադրությունից հետո գերի ընկավ թշնամու ձեռքը եւ Սամոսատի բանտում էլ կալանքների մեջ մահացավ: Լատին իշխանը գրավեց Մարաշը, որտեղ ամեն տեսակի ապօրինություններ ու բռնություններ կատարվեցին: Կռիվների ընթացքում Հռոմկլան, որ Քեսունի բերդերից էր, հանձնվեց Ժոսլինին կամ Ջոսլինին, որը սակայն բարեմիտ մարդ էր եւ բարեկամ Ծովքի իշխանական տանը: Գրիգոր կաթողիկոսը, որ հաստատվել էր Ծովքում, ենթարկվելով այլազգիների հարձակումներին եւ չվստահելով բերդի ամրություններին, եկեղեցական սպասքը տեղափոխում է Հռոմկլայի բերդ եւ դրանց պահպանությունը հանձնում Ժոսլինի կնոջը՝ հավանաբար 1120 թվին: Այդ շրջանում այլադավանները երեք նշանավոր պետություն ունեին. Սելջուկյան տերությունը, որ գործում էր Աբբասյանների անունից, Ֆաթիմյանների պետությունը կամ խալիֆայությունը Եգիպտոսում, Ռումի կամ Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը, որոնց հարձակումներին զուգահեռ արշավանքներ էին ձեռնարկում Կասպից ծովի կողմերից ինչ-ինչ զորախմբեր: Քրիստոնյա տերություններից քաղաքական ասպարեզում շարունակում էր նշանակալից կշիռ ունենալ Բյուզանդական կայսրությունը, որ տիրում էր Փոքր Ասիայի կարեւոր մասին, Վրացական պետությունը Այսրկովկասի շրջանում եւ Լատինական կամ խաչակրաց չորս պետությունները՝ Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի դքսությունը եւ Տրիպոլքի ու Եդեսիայի կոմսությունները, որոնցից վերջին երեքը ձեւականորեն ենթարկվում էին Երուսաղեմի թագավորությանը: Այս խառնարանում հայկական շատ իշխանություններ վերացան, եւ միայն Կիլիկիայի Ռուբինյան իշխանությունն էր, որ գնալով ընդարձակվում էր եւ գոյատեւեց շուրջ երեք դար:


1118 թվին մահացած Ալեքս Ա Կոմնենոսին հաջորդեց Հովհաննես Բ Կոմնենոսը, որն ավելի հայտնի է Ծիրանածին անունով: Ալեքս Կոմնենոսը մեծապես ատում էր հայերին եւ անգամ հրաման տվեց հայերին կրկնամկրտել: Նրա որդին կրոնամոլ չէր եւ Կիլիկիայի իշխանության նկատմամբ միշտ նույն քաղաքականությունը վարեց: Այդ նույն տարում Բաղդադում մահացավ Մսթատր-Պիլլահ խալիֆը՝ 24 տարի սելջուկ սուլթանների գերիշխանության ներքո կառավարելով: 1115 թվին մահացավ սուլթան Տափարը, եւ Պարսկաստանում նրան փոխարինեց սուլթան Մասուդը, որին հաջորդեց Մսթարխետ-Պիլլահը, որի փորձերն ինքնուրույն գործելու ուղղությամբ ոչնչի չհանգեցրին սելջուկների խիստ ճնշման պայմաններում:


1135-ին նա սպանվեց դավաճանների կողմից: Նրա քաղաքականությունը շարունակել փորձող նրա որդի Ռաշիդ-Պիլլահը 1136 թվին գահընկեց արվեց, իսկ խալիֆական իշխանությունն անցավ նրա հորեղբայր Մքթաքի-Լիամրուլլահին: Իսկ երբ 1138-ին Ռաշիդ-Պիլլահը փորձեց վերադարձնել իշխանությունը, նա հոր նման սպանվեց, իսկ նրա հորեղբայրն իշխեց մինչեւ 1160 թիվը՝ սուս ու փուս ենթարկվելով սելջուկներին: 1117-ին Ռումի սուլթանությունում իշխում էր մեկ այլ Մասուդ, որի իշխանությունը շարունակվեց մինչեւ 1155 թիվը: Նա ժամանակակից եղավ Հայոց կաթողիկոսին եւ նրա հետ այլեւայլ շփումներ ունեցավ: 1118-ին մահացավ Երուսաղեմի թագավոր Բոլդվին Բուլոնցին, եւ նրան հաջորդեց Եդեսիայի կոմս Բոլդվին Դ’Բորկը, որն այդ ժամանակ գտնվում էր Երուսաղեմում: 1118 թվի ապրիլի 7-ին՝ Ծաղկազարդի օրը, նա գահ բարձրացավ՝ իր թագադրությունը մեկ տարով հետաձգելու պայմանով, եթե Եվրոպայից այդ ընթացքում գար Բուլոնցիների երրորդ եղբայրը եւ ժառանգեր իշխանությունը: Եվ քանի որ ոչ մեկը չեկավ, Բոլդվինը թագադրվեց: Սրա ձեռքով էր, որ հայկական շատ իշխանություններ վերացան:


1129 թվին մահացավ հայոց Թորոս Ռուբինյան իշխանը: Հավանաբար, ինչպես հավաստում է Հայսմավուրքը, նա իր մահկանացուն կնքեց արաց ամսվա 26-ին կամ փետրվարի 2-ին: Սակայն Մ. Օրմանյանը, հաշվարկելով շարժական տոմարով, չի բացառում, որ նա մահացել է 1129 թվի օգոստոսի 11-ին: Նրան հաջորդեց իր եղբայր Լեւոնը, քանի որ որդին՝ Կոստանդինը, մահացել էր. նրան ինչ-ինչ ամբարիշտ մարդիկ ձերբակալել էին եւ թունավորել: Պատմիչների տեղեկություններն այնպիսին են, որ կարելի է ենթադրել, թե Թորոսի մահից հետո Կոստանդինը կենդանի էր, եւ նրան թունավորել տվեց հենց Լեւոնը եւ տիրեց իշխանությանը: Լեւոն Ռուբինյանի գործերը սկզբում հաջողակ էին, եւ նրան հաջողվեց գրավել Տարսոնը, Ադանան եւ Մսիսը կամ Մոփսուեստիան, որոնք պատկանում էին բյուզանդացիներին: Նա քաջ պատերազմող էր եւ խնամիական կապեր ուներ խաչակիրների հետ:


Ինչ վերաբերում է Գրիգոր կաթողիկոսին, ապա, չնայած այն բանին, որ նա շարունակում էր գտնվել հայրենական դղյակում, որպես կաթողիկոս աստանդական վիճակ ուներ: Նա բանակցությունների մեջ մտավ Մանուչեին հաջորդած Աբուլսվարի հետ, որպեսզի հաստատվի Անիում: Վերջինս հայերի նկատմամբ լավ չէր տրամադրված, սակայն կաթողիկոսին իր քաղաքում տեսնելը, ըստ երեւույթին, կարեւոր համարելով՝ համաձայնվեց: Սակայն Աբուլսվարն ընկավ: Վրացական զորքերի Անի մտնելով, կարծես, հարցը տեղափոխվում էր դրական ուղի, սակայն շուտով քաղաքին տիրեց Փաթլունը եւ այնպիսի հակահայկական քաղաքականություն սկսեց, որ Գրիգոր կաթողիկոսի՝ Անիում հաստատվելը դարձավ անհնարին:


Ծովքում Գրիգորի օգնականն էր իրենից հինգ տարով կրտսեր եղբայրը՝ Ներսես Շնորհալին: Վերջինս քահանա ձեռնադրվեց շուրջ 1120-ին: Ինչ վերաբերում է եպիսկոպոսական ձեռնադրությանը, ապա պատմությունն այդ մասին տեղեկություններ չի պահպանել: Չնայած ավելի ուշ նրա եպիսկոպոսական իշխանության մասին տեղեկություն կա: Դրանից ելնելով՝ Մ. Օրմանյանը նրա եպիսկոպոս ձեռնադրվելը դնում է 1125-ի կողմերում:


Գրիգոր հայրապետը ստիպված էր զբաղվել Հայոց Արեւելից կողմերի՝ այսպես կոչված Աղվանից կաթողիկոսության խնդրով: Մեկ ու կես տարվա պաշտոնավարությունից հետո՝ 1131-ին, մահացել էր Ստեփանոս կաթողիկոսը, եւ 8 տարի շարունակ աթոռը թափուր էր մնացել: Չկարողանալով անձամբ գալ Արցախ՝ նա ուղարկեց Կարնո Սահակ եպիսկոպոսին, որը 1139 թ. հունիսի 11-ին հանգուցյալ Ստեփանոսի հորեղբորորդի Գագիկին կաթողիկոս օծեց՝ Գրիգորիս անունով, եւ նոր կաթողիկոսը Վարդավառի տոնին մյուռոնօրհնեք կատարեց եւ եպիսկոպոս ձեռնադրեց: Ութ պարապ տարիների ընթացքում մյուռոնը վերջացել էր, եւ եպիսկոպոս ձեռնդրելու անհրաժեշտություն էր առաջացել:


Այժմ տեսնենք, թե ինչպես էին զարգանում դեպքերը Ռուբինյանների իշխանությունում: Ինչպես ասվեց, սկզբում ամեն ինչ հաջող էր: Նա բարեկամություն ուներ խաչակիրների հետ եւ Ազազի պատերազմում մեծ վտանգից անգամ փրկել էր Անտիոքի Ռոջերին եւ դարձել նրա սիրելին: Այսպես շարունակվեց մինչեւ 1135 թիվը, երբ Սարվանդիքար բերդը գրավելու հետ կապված՝ նրա հարաբերությունները խաչակիրների հետ լարվեցին: Անտիոքի դուքսը Երուսաղեմի թագավորի օգնությամբ պատերազմ սկսեց Լեւոնի դեմ, որին օգնում էր Եդեսիայի կոմսը: Սակայն թշնամին ավելի ուժեղ գտնվեց եւ ավերեց Ռուբինյանների իշխանությունը, իսկ Իկոնիայի սուլթանությունը, օգտվելով դրանից, ներխուժեց Կիլիկիա եւ մեծ թվով գերիներ տարավ: Որքան էլ տարօրինակ լինի, չնայած երկրի ավերմանը, Անտիոքի դուքսի արշավանքը նրան առանձին օգուտ չբերեց սելջուկների արշավանքի հետեւանքով, եւ որոշ ժամանակ դադար տիրեց: 1138-ին Անտիոքի նոր դուքս Բոհեմունդը նենգորեն ձերբակալեց Լեւոնին եւ բանտարկեց: Վերջինս ուներ չորս որդի՝ Թորոս, Ստեփանե, Մլեհ եւ Ռուբեն, ինչպես նաեւ մի հարճորդի՝ Կոստանդին անունով: Հոր ձերբակալությունից հետո, փոխանակ նրա վրեժը լուծելու, նրանք իրար վրա հարձակվեցին եւ հարճորդի Կոստանդինին կուրացրին: Չստանալով օժանդակություն իր զավակներից՝ Լեւոնը, հույսը կորցնելով, 60 հազար դահեկան փրկագին վճարեց, վերադարձրեց ոչ միայն Սարվանդիքարը, այլեւ Ադանան ու Մսիսը, պատանդ տվեց իր զավակներին եւ երկամյա բանտարկությունից հետո ազատվեց ու ետ վերադարձավ: Սակայն շուտով նա հարձակման անցավ, զիջած քաղաքներն ու հողերը ետ առավ եւ միայն Եդեսիայի կոմսի միջնորդությամբ հաշտություն կնքեց՝ ետ ստանալով իր պատանդ որդիներին:


Այդ ժամանակներում Կիլիկիայում հայտնվեցին բյուզանդական զորքերը, եւ Լեւոն Ռուբինյանը, հավատարիմ իր կնքած պայմանագրին, հարձակվեց նրանց վրա եւ կասեցրեց նրանց շարժումը: Խաչակիրները գոհ մնացին, սակայն հայերի եւ բյուզանդացիների հարաբերությունները խիստ սրվեցին: Հովհաննես Կոմնենոս կայսրն ուղղակի արշավեց Լեւոնի դեմ՝ հայոց իշխանությունը ոչնչացնելու նպատակով: Թշնամին հարձակվեց կիլիկյան քաղաքների վրա: Լեւոնը, որ այդ ժամանակ փորձում էր գրավել Սելեւկիա քաղաքը, ստիպված արագ վերադարձավ Դաշտային Կիլիկիա: Նա անցավ Վահկա բերդը, որը 1137 թվին նվաճվեց թշնամու կողմից: Լեւոնը գերի ընկավ եւ տարվեց Կոստանդնուպոլիս, որտեղ էլ գերության մեջ մահացավ, իսկ Հայոց իշխանությունը մի քանի տարով դադարեց գոյություն ունենալուց:


Ստեղծված ծանր իրադրության մեջ Գրիգոր կաթողիկոսին այլ բան չմնաց, քան բարեկամական հարաբերություններ մշակելը խաչակիրների հետ: Առավել մոտիկն Անտիոքի դքսությունն էր, որի հետ Լեւոն Ռուբինյանը հաշտվել էր եւ նրանց պատճառով էլ իր վրա էր հրավիրել բյուզանդացիների թշնամությունը: Սակայն խաչակիրներն էլ հայկական տարրի խիստ կարիքն ունեին, ուստի 1141 թվին լատիններն Անտիոքում եկեղեցական ժողով գումարեցին՝ հրավիրելով Գրիգոր կաթողիկոսին եւ նրա եղբայր Ներսես Շնորհալուն: Ժողովը գումարվել էր քննելու համար Անտիոքի պատրիարք Հռոդոլփոսի դեմ առաջ քաշված ամբաստանությունը, որ հասել էր մինչեւ Հռոմի պապին: Ինոկենտիոս Բ պապն իր կողմից Անտիոք ուղարկեց Օստիայի կարդինալ-եպիսկոպոս Ալբերիկոսին՝ քննելու ամբաստանության հանգամանքները: Անտիոքի պատրիարքը մեղադրվում էր Տանկրեդին թունավորելու մեջ, եւ ենթադրվում էր, որ Գրիգորը եւ Ներսեսը՝ որպես տեղացիներ, կարող էին օգնել գործի քննությանը:Հռոդոլփոսին դատապարտեցին, իսկ հայոց հոգեւոր այրերին հաջողվեց հարաբերությունների մեջ մտնել լատինների հետ, որոնց բարեկամությունն այդ դժնդակ պայմաններում կարող էր օգտակար լինել հայերի համար:
 

Ավելորդ է ասել, որ հայերի նման լատիններն էլ իրենց խնդիրներն ունեին, որոնց մասին դեռ բացահայտ չէին խոսում: Նրանք կամենում էին իրենց Եկեղեցուն ենթարկել հայերին: Այդ նպատակով Ալբերիկոսը Գրիգոր կաթողիկոսին խնդրեց իր հետ Երուսաղեմ գնալ, որտեղ նա մտադիր էր սուրբ վայրերն այցելել եւ լատինների գործերն Արեւելքում մոտիկից քննել: Գրիգորը ստիպված էր համաձայնել դրան: Ուստի նա իր եղբորը՝ Ներսեսին ուղարկեց Ծովք, իսկ ինքն Ալբերիկոսի հետ մեկնեց Երուսաղեմ, որտեղ նրանք միասին տոնեցին 1142 թ. Զատիկը (ապրիլի 19-ին): Ալբերիկոսը մի ժողով էլ գումարեց Երուսաղեմում, որին հարկավ մասնակցեց նաեւ հայոց հայրապետը: Նա ստիպված եղավ այստեղ պաշտպանել հայոց դավանությունը, բացատրել առկա տարբերությունները: Ոչ մի փաստ չկա, որ հայոց հայրապետն այդ ժողովում գնացել է զիջումների: Գրիգորը պարզապես փորձել է ցույց տալ, որ տարբերություններն էական չեն եւ անհրաժեշտության դեպքում կարող են ուղղվել: Ասենք, որ նա, ձգտելով ձեռք բերել լատինների աջակցությունը, հազիվ թե կարող էր այլ կերպ գործել: Լատիններն էլ, չկորցնելու համար հայերի բարեկամությունը, առանձնապես առաջ չեն գնացել իրենց պահանջներում: Իսկ համաձայն Կիրակոս Գանձակեցու՝ դրանով վերականգնվել է Տրդատ թագավորի եւ Գրիգոր Լուսավորչի եւ Կոստանդիանոս կայսեր եւ Սելբեստրոսի միջեւ կնքված դաշինքը, չնայած այդ ժամանակ դեռ դաշանց թուղթ չկար, եւ անգամ լատինները չեն ակնարկել այդ մասին:


Գրիգորը միանգամայն գոհ վերադարձավ Երուսաղեմից: Ալբերիկոսն էլ իր հերթին պապին միանգամայն դրական ներկայացրեց հայ-լատինական հարաբերությունները, եւ Հռոմի պապը սիրո գիր ուղարկեց հայոց հայրապետին՝ եկեղեցական ընծաներով հանդերձ՝ գավազան եւ հայրապետական քող: Հավանաբար Հայոց կաթողիկոսը երբեմն-երբեմն օգտագործեց այդ գավազանը, սակայն այն սովորական կիրառություն չստացավ: Մ. Օրմանյանի կարծիքով՝ հայրապետական քողը թերեւս եղել է պալլիումը, որը եմիփորոնի նմանություն ուներ եւ ոչ թե քողի: Ցավոք, այս խնդիրը ճշտել հնարավոր չէ, քանի որ լատին հեղինակներն ընծաների մասին ոչինչ չեն հայտնում: Պապի նամակը ստացվեց 1143 թվին, եւ Գրիգոր կաթողիկոսը նույնպես սիրո գիր ուղարկեց՝ ընծաների հետ միասին, որոնք Հռոմ տարավ հատուկ պատվիրակությունը: Սակայն ո՛չ ընծաների, ո՛չ նամակի եւ ո՛չ էլ պատվիրակության մասին տեղեկություններ չեն պահպանվել: Ասվում է միայն, որ պատվիրակության ուղեւորությունը տեւել է մեկուկես տարի: Ձգձգվելու պատճառը թերեւս այն է, որ 1144-ին Ինոկենտիոս Բ-ն մահացել էր, իսկ նրա հաջորդ Լուկիոս Բ պապը, մերժվելով Հռոմի բնակիչներից, փորձել էր ուժով գրավել Հռոմը, սակայն սպանվել էր, եւ 1145-ին պապ էր ընտրվել Եվգենեոս Գ Բեռնարդ Կլարավալլեցին, որը նույնպես մերժվելով Հռոմի բնակիչներից՝ փախել էր Իտալիայի Վիտերբիո քաղաքը, որտեղ հայ պատվիրակները հանդիպել էին նրան:
1307 թ. Սսի ժողովի առնչությամբ ասվում է, որ իրենց ասածները գրված են եղել Հռոմի պապ Եվգենիոսին ուղղված նամակում, որ ուղարկել էին Հռոմ Գրիգոր կաթողիկոսը եւ նրա եղբայր Ներսես Կլայեցին:


Սակայն այդ նամակի ո՛չ հայերեն եւ ո՛չ էլ լատիներեն օրինակները չեն պահպանվել, ուստի դժվար է գաղափար կազմել հայ-լատինական առաջին բանակցությունների մասին: Վավերականը միայն այն է, որ համաձայն Օթոն Ֆրայզինգցու՝ նա 1145 թվին Վիտերբիո քաղաքում է եղել, երբ հայ պատվիրակները գտնվում էին այնտեղ: Ըստ նրա պատմածների՝ հայերը, Ծնունդն ու Հայտնությունը միասին տոնելուց զատ, պատարագում են խմորուն հացով եւ անջուր բաժակով: Եվ որ նրանք Հռոմ են եկել ուսանելու ըստ նրանց սովորության պատարագի կերպը, իսկ պապն էլ, սովորեցնելու նպատակով, նրանց ներկայությամբ մեծ պատարագի հանդես է կատարել եւ փոքր պատարագն էլ՝ ծածուկ: Ասված է նաեւ, որ հայերին շրջապատող ոչ քրիստոնյա ազգերն իրենց գարշահոտ տղաներին լողացնում են հայոց մկրտության ավազանում, եւ հոտն անցնում է, որից հետո նրանք կրկին վերադառնում են իրենց պիղծ սովորությանը: Ասվում է նաեւ, որ հայոց պատվիրակությունը եկել էր պարզելու, թե հայերը մի՞թե պարտավոր են մկրտել այդպիսի երեխաներին: Եթե սրանց շուրջն է եղել պատվիրակության ուղեւորության նպատակը, ապա Մ. Օրմանյանը ցավ է հայտնում Գրիգոր կաթողիկոսի եւ Ներսես եպիսկոպոսի տգիտության եւ ապիկարության համար, որ հիշյալ կետերը պարզելու համար մեկուկես տարով պատվիրակություն էին ուղարկել Հռոմ: Սակայն, շարունակելով իր միտքը, Մ. Օրմանյանը գրում է, որ Գրիգորի պատվիրակները կամեցել են ավելի շուտ ձեռք առնել Օթոնին եւ նրան ընկերակցող լատին եպիսկոպոսներին ու զվարճանալ: Նրա եզրակացությունը միանշանակ է: Գրիգորի պատվիրակներն ամեն կերպ փորձել են ձեռք բերել պապի համակրանքը, որ նրա ձեռքով կարողանան վերականգնել հայկական իշխանությունը, իսկ կրոնական խնդիրներից խուսափել են՝ մեջտեղ բերելով կարեւորություն չներկայացնող կետեր:


Պատվիրակության ձեռք բերած արդյունքների մասին ոչինչ հայտնի չէ: Ինքը՝ Եվգենիոսը, հալածական կացության մեջ էր, ուստի դժվար է ասել՝ հայերը Եվգենիոսից օգնություն ստացան թե ոչ, պապը Հայոց կաթողիկոսին նամակ ուղարկեց թե ոչ, եւ երբ ետ վերադարձավ պատվիրակությունը: Մեր պատմիչներն այդ մասին լռում են, իսկ արտաքինները ոչինչ չեն հայտնում արդյունքների մասին: Այն հավանաբար առանձին օգուտ չի տվել: Ասենք, որ անկախ ամեն ինչից՝ Կիլիկիայում վիճակը փոխվել էր, եւ Հռոմից օգնություն ստանալու հարցն օրակարգից դուրս էր եկել:


Լեւոն Ռուբինյանը բյուզանդացիների կողմից գերեվարվել էր իր Թորոս եւ Ռուբեն տղաների հետ միասին, իսկ Ստեփանեն եւ Մլեհը փրկվել էին գերեվարվելուց՝ գտնվելով Եդեսիայում եւ հյուրընկալվելով կոմս Ժոսլինի եւ նրա կնոջ մոտ, որը նրանց հորաքույրն էր: Մի պահ Հովհաննես կայսրը Լեւոնին ազատեց եւ պալատ ճաշի հրավիրեց, սակայն շարժելով կայսեր նախանձը՝ նա կուրացվեց եւ կրկին իր զավակների հետ բանտարկվեց: 1143-ին Լեւոնը մահացավ բանտում, իսկ Թորոսը, բանտից ազատ արձակվելով, պատվավոր դիրքի հասավ արքունիքում:


Հովհաննեսին 1143-ին հաջորդում է Մանվել Կոմնենոսը, եւ Թորոսը, հարմար պահ ընտրելով, կարողանում է փախչել Կիլիկիա եւ գլխավորել այն շարժումը, որ նպատակ ուներ վերականգնել հայկական իշխանապետությունը: Համաձայն մի պատումի՝ նա ներկայանում է ասորիների Աթանաս պատրիաքին եւ զինված խումբ կազմելով՝ նախ գրավում է Ամուդա բերդը եւ այնուհետեւ վերականգնում իր իշխանությունը: Այլ պատումի համաձայն՝ նա նախ նավով գալիս է Անտիոք եւ այնտեղից մտնելով Կիլիկիա, իր եղբայր Ստեփանեին միացած, գրավում է Ամուդա բերդը եւ ձեռնարկում իշխանության վերականգնումը: Համաձայն մեկ այլ պատումի՝ նրան սիրահարվում է Դշխո անունով մի կին, որը նրան բազում գանձեր է տալիս, եւ Թորոսը փողի օգնությամբ եւ մի քահանայի աջակցությամբ նախ գրավում է Վահկա բերդը, որից հետո նրան ուղեկցում է հաջողությունը: Եվ վերջապես մեկ այլ պատումի համաձայն՝ Թորոսը Կիլիկիա ժամանեց կայսեր բանակի հետ, որի մահից հետո, երբ նրան փոխարինեց որդին, եւ բյուզանդացիները ետ վերադարձան, Թորոսը մնաց Կիլիկիայում եւ ձեռնամուխ եղավ հայկական իշխանության վերականգնմանը: 1145 թ. վերականգնեց Ռուբինյանների իշխանությունը: Նրան օգնեցին բոլոր կիլիկահայերը, որոնք զզվել էին հույների բռնություններից: Նրանք զինվեցին եւ հույներին դուրս վտարեցին: Շուտով հայկական նորաստեղծ ուժերը պաշարեցին Անարզաբան, որտեղ ամրացել էր Անդրոնիքոս դուքսը: Վերջինս սպառնաց Թորոսին, թե այն շղթաները, որոնցով հորդ տարանք, ինձ հետ բերել եմ: Սակայն արդյունքը եղավ հայերի կողմից Անարզաբայի գրավումը, որի ժամանակ գերի ընկան բյուզանդացիներին օգնող մի շարք հայ իշխաններ, որոնց մեջ էին Լամբրոնի Օշինը եւ Բարձրբերդի Վասիլը: Հույն գերիներին մերկացնում էին եւ բաց թողնում:


Հնարավոր է, որ տեսնելով Թորոսի հաջողությունները՝ Գրիգոր կաթողիկոսը կամեցել է տեղափոխվել Կիլիկիա: Սակայն վիճակը խիստ անհանգիստ էր, բարդացել էր Ծովքի վիճակը, քանի որ փորձել էր օգնել Եդեսիայի կոմսին, իսկ համառ կռիվներից հետո՝ 1144 թվին, Եդեսիան ընկել էր Զանքի ամիրայի ձեռքը: Ջոսլինը պաշարվել էր Թլպաշար բերդում, երբ Ծովքի եւ Կարկառի իշխանը, ինչպես նաեւ կաթողիկոսի եղբայր Վասիլը հարձակվել էին պաշարողների վրա եւ նրանց ցրիվ տվել ու քաղաքի պաշտպաններին մթերքի պաշար տալով՝ ետ էին վերադարձել: Ցավոք, Հանձիթի կառավարող Կարա-Ասլանը դարանից հարձակվել էր Վասիլի վրա եւ գերի վերցրել նրան՝ իր 400 ընկերների հետ: Գերեվարված Վասիլին իր հետ վերցնելով՝ Կարա-Ասլանը գալիս է Կարկառ, որտեղ Վասիլի կինն ու զավակներն էին, որոնք էլ բերդը՝ որպես փրկագին, հանձնում են նրան: Վասիլին նա չի սպանում, սակայն մեծ պատիվներով պահում է իր մոտ: Վասիլի կինը եւ զավակները հեռանում են Հռոմկլա՝ ապավինելով նրա ամրություններին: Շուտով Ջոսլինը հայտնվում է վտանգավոր կացության մեջ: Նա օգնության է գնում Անտիոքի դուքս Բոլդվինին, որը կռիվների ժամանակ սպանվում է, իսկ նրա մահվան վրա ողբ է գրում քեսունցի վարդապետ Բարսեղը: Իր հերթին Ջոսլինն էլ ընկնում է Նուրեդդինի ձեռքը եւ գերության մեջ մեռնում: Ջոսլինի կինը, որ ինչպես ասվեց, Թորոսի հորաքույրն էր, այլեւս իրեն ապահով չէր զգում այդ կողմերում, ուստի ուզում է անցնել Եվրոպա, որտեղ գտնվում էր նրա որդին: Նա մտադիր էր կա՛մ այնտեղ մնալ, կա՛մ զորքով ետ վերադառնալ: Հռոմկլա բերդը, որ երբեմն եղել էր Ծովքի իշխան Վասիլի տիրույթներում եւ վերջին շրջանում պատկանել էր Ջոսլինին, շատ հարմար էր պաշտպանության համար՝ շնորհիվ ամուր դիրքի: Եվրոպա գնալուց առաջ, երբ որդին բացակա էր, Վասիլը գերության մեջ, բացակայում էր նաեւ իր Շահան եղբայրը, Ջոսլինի կինը մտածում է բերդն իբրեւ ավանդ հանձնել նրանց կաթողիկոս եղբորը՝ ասելով, որ եթե որդին վերադառնա, ապա բերդը նրան հանձնի, իսկ չվերադառնալու դեպքում ավելի լավ է՝ կաթողիկոսին, քան օտարներին: Այդպես էլ Գրիգոր կաթողիկոսը հաստատվում է Հռոմկլայում, որտեղ մինչ այդ պահ էին տրված հայրապետանոցի թանկարժեք սպասքն ու մասունքները: Այդ, ըստ երեւույթին, կատարվեց 1149 թվին:


Կաթողիկոսանոցը Ծովքում գործեց 33 տարի: Հռոմկլայում հաստատված Գրիգորն այլեւս չմտածեց Կիլիկիա գնալու մասին: Այս միջոցին նա Սյունյաց արքեպիսկոպոս է ձեռնադրում Գրիգոր քահանային, քանի որ 5 տարի պաշտոնավարած Բարսեղը խեղդվել էր Երասխ գետում, իսկ աթոռը թափուր էր մնացել: Բարսեղի եղբայր Գրիգորն ամուսնացած քահանա էր եւ խուսափում էր եղբորը հաջորդելուց, սակայն նրա կին Ծամամը հորդորում է նրան համաձայնել, եւ նա Սյունյաց աթոռին իշխեց մինչեւ 1168 թիվը:


Ջոսլինի կնոջ Եվրոպա մեկնելուց հետո Արեւելք եկավ նրա որդին, որն իրականում նրա խորթ որդին էր: Տեսնելով, որ թուրքերը գրավել են բոլոր շրջակա գավառները՝ նա այլեւս չկամեցավ մնալ ու բնակվել այլազգիների մեջ, այլ վաճառեց Հռոմկլան Գրիգոր կաթողիկոսին եւ վերադարձավ Եվրոպա: Ինչպես իրավացիորեն գտնում է Մ. Օրմանյանը, այն պատմությունը, թե Թորոս իշխանը գյուղեր եւ ագարակներ ու այլ կարգի կալվածներ տվեց Ջոսլինի կնոջը, ճշմարտությանը չի համապատասխանում, քանի որ Եվրոպա մեկնողին կալվածներ տալու կարիք չկար: Հռոմկլան՝ որպես ավանդ, կաթողիկոսի ձեռքում մնաց մինչեւ 1150 թիվը, որից սկսած՝ ամրոցը դարձավ կաթողիկոսի ավատատիրական տիրույթը: Չենթարկվելով ո՛չ լատիններին եւ ո՛չ էլ այլազգիներին՝ Հայոց կաթողիկոսներն աշխատում էին երկու կողմերի հետ էլ հաշտ ապրել՝ երբեմն-երբեմն միայն նվերներ մատուցելով: Ձեռք բերելով ամրոցը՝ կաթողիկոսն ու իր եղբայրը Հռոմկլան վերածեցին հայրապետանոցի եւ հիմնեցին գմբեթակիր կաթողիկե եկեղեցի՝ իր հարակից շինություններով: Հռոմկլան, որպես կաթողիկոսների բնակության մշտական վայր, ավելի շատ կապվում է Ներսեսի, քան Գրիգորի անվան հետ, քանի որ Ներսեսն է, որ ստացավ Կլայեցի մակդիրը, իսկ Գրիգորին այդպիսի մակդիր չտրվեց: Հռոմկլայի հայրապետանոցում նշանավոր դարձավ Վասիլի որդի Գրիգորը, որը կորցնելով հոր պաշտպանությունը՝ անցավ հորեղբոր հովանավորության ներքո, եւ մի տեսակ նրա որդին դառնալով՝ Տղա մակդիրը ստացավ, որը նրա վրա մնաց մինչեւ կյանքի վերջը: Եկեղեցական աստիճան ընդունեց կաթողիկոսի եղբայրներից նաեւ Շահանի որդի Ապիրատը, որը Գրիգոր Տղայի պես հետագայում արժանացավ կաթողիկոսական աստիճանի՝ ժառանգական իրավունքով:


Հայտնի է, որ Գրիգոր Մագիստրոսի հալածանքներից շատ թոնդրակեցիներ փախան Միջագետք եւ ապավինեցին ասորիներին, որոնք հայերից ավելի հեշտությամբ էին հետեւում այլեւայլ կրոնական ու աղանդավորական ուղղությունների: Գրիգոր կաթողիկոսի օրոք սրանց մնացորդները հիշատակվում են Ասորվոց Միջագետքում՝ Ամայք եւ Շպղթան գավառներում, որոնք գտնվում էին Թլկուրանի իշխանության մեջ, որի տերը ինչ-որ անհայտ տոհմի Առյուծ անունով իշխանն էր: Նրանք չեն հիշվում որպես թոնդրակեցի, անվանվում են բնակավայրերի անունով, որպեսզի չհամարվեն ազգային Եկեղեցուց անջատված: Նրանց առանձնացած եւ ինքնուրույն դիրքը, որը երբեմն զսպելու կարիք էր ունենում, ստիպում էր Առյուծ իշխանին, որ նա դիմի Գրիգոր կաթողիկոսին, որ վերջինս պատշաճ հրամաններ տա եւ գլխավորապես խրատի Ամայք եւ Շպղթան գավառների քահանաներին, որոնք աղանդավորների կողմն էին անցել: Ամայքի տեղը հստակ չէ: Անշուշտ գտնվել է Միջագետքում, չնայած Կիլիկիայում էլ հանդիպում է Ամայք անունով մի բերդաքաղաք: Սակայն հազիվ թե կարելի է համաձայնել Մ. Օրմանյանի այն տեսակետին, թե կարելի է եւ հավանական է դրանց նույնացումը: Ավելի շուտ Ամայքի հիշատակությունը Կիլիկիայում պետք է համարել գաղթականության արդյունք: Գրիգոր կաթողիկոսն առաջին անգամ խրատական նամակ է ուղարկում աղանդավորներին՝ փորձելով նրանց ետ պահել աղանդավորական մոլորություններից: Նամակը պատրաստեց կաթողիկոսի եղբայր Ներսեսը: Հենց այդ նամակի քննությունն էլ ցույց է տալիս, որ ամայեցիները եւ շպղթանեցիները նախկին թոնդրակեցիների եւ թուլայլեցիների հետեւորդներն են, որոնց աղանդը փոփոխությունների էր ենթարկվել ասորիների եւ հայերի շփումների հետեւանքով: Պատահական չէ, որ նամակում հիշյալ աղանդավորների հիմնադիրը համարվում է Սմբատ Զարեհավանցին:
Կաթողիկոսի հրամանով եւ նրա անունից գրված Ներսեսի նամակն իր բնույթով կատարյալ վարդապետական է, որտեղ բացահայտվում են աղանդավորների մոլորությունները եւ պատշաճ կերպով հերքվում: Նամակում նշվում էր, թե ինչպես պետք է քննել եւ մեկնել Սուրբ Գիրքը: Առաջին խնդիրը մարդեղությանն էր վերաբերում, թե ինչպես պետք է իմանալ ու հասկանալ երկու բնությունների միասնությունը, եւ որ Քրիստոսի մահը խաչի վրա ո՛չ նշանակում է աստվածային բնության մահը եւ ո՛չ էլ հանդիսանում է սոսկ մարդու մահ:


Անդրադարձ է կատարվում Հայոց Եկեղեցու տեսակետից երկու բնությունների միասնությանը, մերժվում են Նեստորն ու Եվտիքեսը, բայց չի ընդունվում քաղկեդոնիկ ուղղությունը: Նամակում նաեւ անդրադարձ է կատարվում մատաղին, մուկը եւ մողեսը համարվում են անսուրբ կենդանիներ, ասվում է, որ մատաղը հայերի մեջ մտել է Հռոմեական Եկեղեցու հետեւողությամբ: Լատինների ինչ-ինչ սովորություններ, որոնք այսօր իսպառ անհետացել են, հավանաբար կային Ներսեսի ժամանակներում, ուստի եւ նամակում տեղ են գտել մատաղի առնչությամբ: Հետո նամակում խոսվում է եդեմական դրախտի, գիտության ծառի, Նոյի տապանի, Սաբեկա խոյի, Մովսեսի գավազանի եւ այլ հարցերի մասին: Հերքվում են Սմբատ Զարեհավանցու քարոզած մոլորությունները, պաշտպանում է խաչ օծելը, եկեղեցին օրհնելը եւ Հայոց Եկեղեցու ծիսակատարությունները եւ այլն եւ այլն:


Մինչ կաթողիկոսն աստիճանաբար Հռոմկլան վերածում էր հայրապետանոցի, Կիլիկիայում Թորոսը, ծանր կռիվներ մղելով, վերականգնում էր Հայոց իշխանապետությունը: Բյուզանդացիները, չկարողանալով հայերին ընկճել, դիմեցին Իկոնիայի սուլթան Մասուդի օգնությանը, սակայն Թորոսը խորամանկորեն ճանաչեց նրա գերիշխանությունը եւ հայտարարեց, թե հայերը միայն հույների դեմ են, եւ որ անհնար է իրենց տանել դեպի հեռուները: Հայ-սելջուկյան դաշինքը կնքվեց 1153 թվին, սակայն բյուզանդացիների մեքենայությունների հետեւանքով Հայոց իշխանությունը կրկին ենթարկվեց սելջուկների հարձակմանը: Բյուզանդացիներն էլ իրենց հերթին նոր բանակներ են ուղարկում, որոնք պարտություններ են կրում Թորոսի եւ նրա եղբայրներ Ստեփանեի ու Մլեհի զորքերի կողմից: Սակայն երբ Ստեփանեն փորձեց ինքնագլուխ գործել եւ հողեր գրավել Կոմագենեի կողմերում, նա ընկավ հույների ձեռքը եւ եռման կաթսայի մեջ սպանվեց: Թորոսը եւ Մլեհը քայլեր ձեռնարկեցին՝ վրեժը լուծելու համար եւ անգամ հարվածեցին Կիպրոսին: Տեսնելով իր զորավարների ապիկարությունը՝ Մանվել Կոմնենոսն անձամբ դուրս եկավ Թորոսի դեմ 1159 թվին: Այդ ընթացքում Մլեհը փորձեց անգամ սպանել Թորոսին, սակայն վերջինս նրան ձերբակալեց եւ վռնդեց երկրից:


Մլեհն իր հետ Հալեպ տարավ իր համախոհ իշխաններին, ինչը զգալիորեն թուլացրեց Թորոսին, եւ վերջինս դժվարությամբ Երուսաղեմի թագավորի եւ Անտիոքի դքսի միջամտությամբ կարողացավ հաշտություն կնքել կայսեր հետ՝ Անարզաբան եւ Մամեստիան վերադարձնելով բյուզանդացիներին եւ ճանաչելով վերջիններիս գերիշխանությունը: Այսուհանդերձ՝ կայսրությունն էլ ստիպված էր ճանաչել Թորոսի իշխանության գոյությունը: Խաղաղությունը հաստատվեց 1159 թվին՝ տասնհինգամյա պատերազմից հետո, իսկ Մլեհը ծառայության անցավ Հալեպի Նուրեդդին սուլթանի մոտ, որը Զանքիի որդին էր:
Թորոսի իշխանության կողքին Կիլիկիայում գոյություն ուներ նաեւ Լամբրոնի իշխանությունը, որի գլուխ կանգնած էր Օշինը, որը սերում էր Գանձակի կողմերից եւ Օշին Գանձակեցու թոռն էր: Թե՛ Թորոսը եւ թե՛ Օշինը կայսրից ստացել էին Սեւաստոս տիտղոսը եւ ճանաչել նրա գերիշխանությունը: Լամբրոնի Օշին իշխանը խնամիացել էր կաթողիկոսին՝ ամուսնանալով նրա եղբայր Շահանի դուստր Շահանդուխտի հետ: Օշինը վառ արտահայտված բյուզանդամետ էր եւ պատերազմել էր նրանց կողմում Թորոսի դեմ ու գերի ընկել նրա ձեռքը: Թորոսը նրան ազատ էր արձակել՝ մեծ փրկագին վերցնելով (40 հազար դահեկան): Օշինը, չկարողանալով փրկագինն ամբողջությամբ վճարել, ստիպված եղավ չվճարված 20 հազար դահեկանի համար պատանդ թողնել իր որդի Հեթումին: Հետո համաձայնվեց, որ տղան ամուսնանա Թորոսի աղջկա հետ, եւ այդ գումարը ճանաչվի որպես հարսին օժիտ կամ պռույգ: Թորոսը, ամուսնացնելով Հեթումին իր դստեր հետ, նրան ազատ արձակեց՝ կապելով Օշինյաններին իր հետ խնամիական կապերով: Շատ չանցած՝ Թորոսը փորձեց իր իշխանությունն ընդլայնել խաչակիրների աջակցությամբ, սակայն նրա խնամին կրկին անցավ բյուզանդացիների կողմը, ուստի Թորոսն էլ ստիպված եղավ ավերել իր խնամու տիրույթները:


Կաթողիկոսը երկու հայ իշխաններին հաշտեցնելու համար ուղարկեց իր եղբայր Ներսեսին, սակայն վերջինս առանձին արդյունքի չհասավ: Ներսես Շնորհալին եղավ հաշտարար հավանաբար 1164 թվին, քանի որ 1165-ին նա ետ վերադարձավ: Նա սկզբում հանդիպեց Թորոսին, ծանոթացավ նրա պայմաններին: Բայց դա բավական ծանր գործ էր, քանի որ նրա իշխանությունն ավելի հզոր էր, իսկ ինքը՝ Թորոսը, առավել փորձված դիվանագետ, որը, ըստ երեւույթին, մտքին դրել էր այս անգամ վերջ տալ Լամբրոնի իշխանությանը: Հետո Ներսեսն անցավ Օշինի մոտ եւ հաջողեցրեց ընդունել տալ Օշինին Թորոսի պայմանները: Ավելի ուշ նա Օշինին տարավ Թորոսի մոտ, եւ հավանաբար Վահկա բերդում հաշտություն կնքվեց, որի պայմանների մասին մեզ ոչինչ հայտնի չէ: Բնական է ենթադրել, որ Լամբրոնի իշխանը ճանաչեց Թորոսի գերիշխանությունը: Օշինը Ներսես Շնորհալու եղբոր փեսան էր, իսկ Թորոսը՝ եղբոր աները, սակայն հարցը լուծելիս նա առաջնորդվեց համահայկական շահերով: Օշինն ուղեկցեց Ներսես Շնորհալուն վերադառնալիս, եւ երբ հասան Մամեստիա կամ Մսիս քաղաքը, մեծ պատիվներով նրանք ընդունվեցին տեղի բյուզանդական դուքս Ալեքսի կողմից, որը Մանվել կայսեր փեսան էր՝ պրոտոստրատոս աստիճանով, որ նշանակում է հեծելազորի պետ կամ սպարապետ: Այստեղ Ներսես Շնորհալին եւ Ալեքսը քննեցին երկու Եկեղեցիների պառակտման պատճառը: Ալեքսն օրերով Ներսեսին հյուր պահեց՝ շարունակ վիճելով նրա հետ դավանաբանական հարցերի շուրջ: Մամեստիայում էլ Ներսես Շնորհալին շարադրեց իր «Գիր հաւատոյ խոստովանութեան Հայաստանեայց Եկեղեցւոյ» աշխատանքը, որի պատճենը պահպանվել է Լամբրոնացու «Պատճառ խնդրոյ միաբանութեան» ժողովածուում: