ԲԱՐՍԵՂ Ա ԱՆԵՑԻ

ԲԱՐՍԵՂ Ա ԱՆԵՑԻ

(1081 – 1113)
 

Գրիգոր Վկայասեր կաթողիկոսի մահով հայրապետ ընտրելու խնդիր չծագեց, քանի որ 1081 թվից կաթողիկոսական ձեռնադրություն էր ստացել Բարսեղ Ա Անեցին: Նա Ապիրատ Պահլավունու եւ Վկայասերի քրոջ որդին էր, որը Վկայասերի օրինական աթոռակիցն էր ու գործակիցը եւ կաթողիկոսական լիարժեք իշխանություն էր վարում: Անտարակույս նա մասնակցեց իր մորեղբոր թաղմանը՝ Կարմիր վանքի այդ շրջանում, եւ Քեսունի Կարմիր վանքը, որ ստացել էր Շուղր անունը, կարծես թե բոլորի կողմից դիտվում էր հայրապետանոց, ուստի Բարսեղ Ա Անեցին որոշեց թողնել Անին եւ հաստատվել Գող Վասիլի իշխանությունում: Բարսեղը հոգ տարավ Վկայասեր կաթողիկոսի քրոջ որդիներին՝ Գրիգորին եւ Ներսեսին, որոնք Ապիրատ իշխանի որդիներն էին եւ իր մորաքրոջ թոռները՝ ապահովելով նրանց կոչմանն արժանի կրթություն: Նրանցից առաջինն այդ ժամանակ 12 տարեկան էր, իսկ երկրորդը՝ 7: Երեխաներն ուղարկվեցին Քեսունի կամ Շուղրի Կարմիր վանք եւ հանձնվեցին նրա վանահայր Ստեփանոսի խնամակալությանը, որին երիտասարդ հասակում ձեռնադրել էր Բարսեղ կաթողիկոսը, եւ որը հայտնի է նաեւ Մանուկ անունով: Կարմիր վանքը մեծ հռչակ ստացավ իր սաներով, որոնցից հիշատակության արժանի են Գրիգոր Պահլավունի կաթողիկոսը եւ նրա եղբայր Ներսես Շնորհալին՝ վերը հիշված Գրիգորն ու Ներսեսը: Հռչակավոր սաներից էին նաեւ Իգնատիոս Շնորհալին, Սարգիս Շնորհալին, Բարսեղ Շնորհալին եւ ուրիշներ: Մ. Օրմանյանն անգամ հակված է կարծելու, որ Շնորհալի մականվան կրկնությունը ենթադրել է տալիս, որ այն որոշիչ պատվանուն է եղել Շուղրի կամ Կարմիր վանքի աշակերտների համար, ինչպես Քերթող պատվանունը հատուկ էր Սյունյաց, կամ Իմաստասերը՝ Արագածոտնի դպրոցներին: Անտարակույս Ստեփանոս վանահայրը մեծ աշխատանք է կատարել Շուղրում՝ հատկապես դպրոցական կյանքի զարգացման ուղղությամբ, սակայն, դժբախտաբար, պատմությունը մեզ նրա անունով աշխատություններ չի պահպանել: Կորե՞լ են դրանք, թե՞ պարզապես նա չի գրել, դժվար է ասել, սակայն նրա պատրաստած աշակերտները բավական են նրան եկեղեցական նշանավոր գործիչների շարքը դասելու համար, ինչպես իրավացիորեն նշում է Մ. Օրմանյանը: Ըստ այդմ, հայկական արծաթի դարի մեջ նա իր որոշակի լուման ունի:


Հարկավ պետք է ենթադրել, որ Բարսեղ Անեցին շարունակեց մինչ այդ ունեցած իր աշխույժ գործունեությունը: Ցավոք, Վկայասերից հետո նրա գործունեությունը շատ կարճ եղավ, իսկ նրա եկեղեցական ձեռնարկների մասին պատմությունը հիշատակներ չի պահպանել: Ներսես Շնորհալին, որ մեծ ակնածանք ունի Բարսեղ կաթողիկոսի նկատմամբ եւ մեծապես երախտապարտ է նրա կողմից իրեն ցուցաբերած խնամակալության համար, նույնպես ոչինչ չի հայտնում եւ լոկ գովաբանում է Մելիքշահի տված ազատությունները: Թերեւս պատճառն անհանգիստ ժամանակներն էին, որոնք ստիպում էին կաթողիկոսին չհեռանալ Քեսունի իշխանությունից, իսկ անընդհատ պատերազմները հնարավորություն չէին տալիս նրան այցելել իր թեմերը: Սելջուկյան սուլթան Մուհամմեդ Տափարը (Սափար) հաճախակի արշավում էր դեպի արեւմուտք՝ ավերելով Ասորիքում եւ Կիլիկիայում հաստատված լատինական եւ հայկական իշխանությունները: Դրանք ոչ այնքան աշխարհակալական, որքան ավարառուական եւ շարունակական կոտորածների բնույթ ունեին: Ըստ որում, սելջուկների արշավանքների հաջողությունները շատ հաճախ կախված էին լատինական իշխանությունների միջեւ տեղ գտած թշնամական հարաբերություններից: Բարդ էր հայերի կացությունը: Այլազգիներին քշելու համար նրանք երբեմն ստիպված էին օգտվել լատինների օժանդակությունից, սակայն ծանր նեղություններ կրելով խաչակիրներից՝ հաճախ նրանք այլ ելք չունեին, բացի այլազգիների հետ համագործակցելուց: Այսպես, օրինակ, հայերն այնքան էին զզվել ուխտադրուժ խաչակիրներից, որ Ալբիստան քաղաքում դաշնակցելով այլազգիների հետ՝ ֆրանկ զորահրամանատարին հայտարարեցին, թե վերցրու քո ազգն ու գնա, իսկ Ուռհայում պարտավորվեցին հազար դահեկան փրկագին վճարել իրենց առաջնորդ արքեպիսկոպոս Ստեփանոսի համար, որին խաչակիրները պատրաստվում էին կուրացնել: Մինչեւ 562 թ. սահմի ամսի 20-ը, այսինքն՝ մինչեւ 1113 թվականի մայիսի 9-ը խաչակիրներն ամեն տեսակի այլանդակություններ գործեցին Ուռհայում՝ չարությամբ հատուցելով հայերի օգնության դիմաց: Լատինները, որ Արեւելք էին եկել իբրեւ թե քրիստոնեությունը պաշտպանելու համար, երբ բավականաչափ զորեղացան հայերի եւ տեղացի մյուս քրիստոնյաների օգնությամբ, այլեւս ձեռնամուխ եղան նրանց երկրներին տիրելու գործին: Հայկական շատ իշխանություններ ընկան: Միայն Կոմագենեի եւ Արեւելյան Կիլիկիայի շրջանում շարունակում էր իր գոյությունը պահպանել Գող Վասիլի իշխանությունը, իսկ Լեռնային Կիլիկիայի շրջանում ուժեղանում եւ ամրապնդվում էր Թորոս Ռուբինյանի իշխանությունը: Անշուշտ պետք է ենթադրել, որ նրանց ամենալավ խորհրդատուն կաթողիկոսն էր, որի ջանքերով հայկական նոր գաղթականություններ էին գալիս հաստատվում հիշյալ իշխանություններում:


Այլ էր վիճակը բուն Հայաստանում եւ Այսրկովկասում, որտեղ աստիճանաբար սկսեց բարձրանալ Վրաստանը: Վրաց թագավոր Դավիթ Բագրատունին (վրացերեն՝ Բագրատիոնի), որը Գեորգիի որդին էր եւ Բագարատի թոռը, կարողացավ իր տիրույթներին միացնել Ափխազաց թագավորությունը, Կյուրիկե թագավորի տիրույթները Լոռիում, Տփղիսի մահմեդական ամիրությունը եւ ծանր հարվածներ հասցնել Գանձակին: Նրա հրամանով 500 սրահանգ ավազակներ կախաղան բարձրացվեցին: Իսկ երբ Անիի ամիրա Մանուչեի մահից հետո նրա կնամարդի որդի Աբուլսվարը փորձեց Անին վաճառել Կարսի ամիրային, զայրացած անեցիները, որոնք կատաղած էին՝ իրենց եկեղեցու վրա մեծ կիսալուսին ամրացնելու համար, օգնեցին Դավթին գրավելու քաղաքը: Աբուլսվարը եւ նրա որդիները գերի տարվեցին Վրաստան, իսկ Անին հանձնվեց Աբուլեթ եւ Իվանե Օրբելիների կառավարմանը: Քանի դեռ կենդանի էր Դավիթը, շրջակա մահմեդական ամիրությունները մի տեսակ հաշտվել էին ստեղծված կացության հետ, սակայն նրա մահից հետո, երբ գահ բարձրացավ նրա որդի Դեմետրը, երբ այլազգիները համոզվեցին, որ այլեւս չկա Դավիթ Շինարարի հզոր բռունցքը, Աբուլսվար ամիրայի՝ Խորասանում գտնվող եւ գերության չտարված Փաթլուն անունով որդին իսլամական իշխանությունների օգնությամբ մեծ բանակ ժողովեց՝ Անին ետ գրավելու համար: Աբուլեթ Օրբելին սկզբում կազմակերպեց Անիի պաշտպանությունը, որի ժամանակ խիզախությամբ փայլեց քաղաքի հայությունը, անգամ կանայք հերոսաբար կռվում էին քաղաքի պարիսպների վրա, եւ պատմությունը պահպանել է նրանցից մեկի՝ Այծեմնիկի անունը, սակայն փրկելու համար իր եւ իր որդու կյանքը՝ նա Անին հանձնեց Փաթլունին: Մի որոշ ժամանակ Փաթլունը խաղաղություն հաստատեց քաղաքում, սակայն պատմությունը շուտով կրկնվեց, երբ նա փորձ արեց Անիի կաթողիկեի վրա կիսալուսինը վերահաստատել: Ձերբակալվեց ու բանտարկվեց Գրիգոր փակակալը: Եվ երբ կամենում էր կողոպտել եկեղեցին, աստվածային պատիժը վրա հասավ: Նա անակնկալ հիվանդացավ եւ ահաբեկված ոչ միայն ետ կանգնեց եկեղեցին կողոպտելու մտքից, այլեւ Գրիգոր փակակալին ազատ արձակեց: Այսուհանդերձ Փաթլունին հաջողվեց վրացիներից ետ գրավել Գանձակն ու Դվինը, սակայն նրան բախտ չվիճակվեց վայելելու ընդարձակված իշխանությունը: Շուտով նա սպանվեց, եւ նրան փոխարինեց նրա եղբայր Խուշչերը, իսկ շատ չանցած՝ մյուս եղբայր Մահմուդը, եւ վիճակն Անիում կրկին վատթարացավ՝ առաջ բերելով նոր գաղթականություն դեպի Անի:


Հակառակ բուն Հայաստանի, որտեղ հայությունը ծանր օրեր էր ապրում, Կիլիկիայում գնալով ուժեղանում էր Թորոս Ռուբինյանի իշխանությունը: 1107 թվին Թորոսը հարձակման ենթարկվեց սելջուկյան հրոսակ զորաջոկատների կողմից, որոնք Անարզաբայի կողմից մտան նրա իշխանություն եւ ավարի առան այն: Հետո թշնամին մուտք գործեց Գող Վասիլի իշխանություն, սակայն Մարաշի դաշտում ծանր պարտություն կրեց Գող Վասիլի զորքերից, որոնց միացել էին Թորոսի զորամասերը: Թշնամին մեծ կորուստ ունեցավ, իսկ ավարն ու գերիները ետ խլվեցին: Այդ նույն եւ հաջորդ տարիներին թշնամին փորձեց վրեժխնդիր լինել պարտության համար, սակայն կրկին ծանր պարտություն կրեց Հարսան-մսուրի կամ Հիսնմանսուրի ճակատամարտում, որտեղ հատկապես աչքի ընկան Գող Վասիլի զորավարներ Աբլասաթ Տարոնցին, Վասիլի քեռի Պետրոսը, Վասիլ Կամսարական Տղան եւ Տիգրանը: Հարսան-մսուրի ճակատամարտը եղավ 1108 թվի հունիսի վերջերին:


Եվ մինչ հայերը կռվում էին թշնամու դեմ, լատին իշխանները հանդես եկան որպես այլազգիների անուղղակի դաշնակից՝ պատերազմելով միմյանց դեմ: Ուռհայի Բոլդվին եւ Թլպաշարի Ջոսլին կոմսերը հարձակվեցին Անտիոքի դուքս Տանկրեդի վրա: Նրանց հետ էին Գող Վասիլի 800 զինվորներ, որոնք եկել էին հիշյալ լատին իշխանավորներին օգնելու՝ իբրեւ թե այլազգիների դեմ պատերազմելու նպատակով: Սակայն ձեռնարկը ձախողվեց, եւ Տանկրեդը հաղթեց: Դրա վրա զայրացած Բոլդվինը սկսեց հալածել հայերին եւ տեղական մյուս քրիստոնյաներին, իսկ Աբլասաթ Տարոնցին, որն ինչ-ինչ պատճառներով հեռացել էր Գող Վասիլից, չհանդուրժելով ֆրանկ իշխանի կատարածը, վերստին միացավ Գող Վասիլին՝ այդ ընթացքում վերք ստանալով բազկին: Թորոսի իշխանությունը հարձակում կրեց այլազգիներից 1110 թվին, սակայն հայոց իշխանը, տեսնելով թշնամու բազմաթվությունը, ստիպված եղավ հաշտվել իր իշխանության թշնամու կողմից ավարառվելու հետ, քանի որ Գող Վասիլն էլ նրան օգնելու հնարավորություն չուներ: Կարծես աստվածային օգնությամբ թշնամու հրոսակներն իրենց հարձակումներն ուղղեցին այլ կողմեր, եւ Թորոս իշխանը դադար ստացավ վերականգնելու իր իշխանության տնտեսությունը եւ բուժելու պատերազմի վերքերը: Չի բացառվում, որ այդ շրջանում Թորոսի իշխանություն ժամանած լինի Բարսեղ կաթողիկոսը:


Կրկին զորեղացնելով իր իշխանությունը՝ Թորոսը փորձեց այն ընդարձակել Կապադովկիայի ուղղությամբ: Այստեղ նրան հաջողվեց տիրել Կիզիստրա բերդին, որը պատկանում էր ազգությամբ հույն Մանդալե եղբայրներին, որոնք ժամանակին սպանել էին հայոց Գագիկ Աշոտյան թագավորին: Այն ժամանակ հայ իշխանները փորձեցին վրեժ լուծել հայ գահակալի սպանության համար, անգամ Փիլարտոս իշխանը հարձակվեց Կիզիստրայի վրա, սակայն նրանք չհաջողեցին՝ Կիզիստրայի խիստ անառիկության պատճառով: Հազիվ թե հայերը հաշտվել էին դրա հետ, եւ երբ հարմար առիթը ներկայացավ, Մանդալե եղբայրները ստիպված եղան պատասխան տալ դրա համար: Մանդալե եղբայրներից մեկն անգամ խնամիություն ուներ Թորոսի հետ: Այդ առնչությամբ Մանդալեները խոստացել էին Կիզիստրան հանձնել Թորոսին, եւ վերջինս գնաց Կիզիստրայի կողմերը՝ բերդը ստանալու համար: Իր հերթին նա պատրաստ էր նրանց բնակության տեղ առաջարկել իր իշախանության ցանկացած գավառում: Սակայն Մանդալե եղբայրները հրաժարվեցին իրենց խոստումից՝ պատճառաբանելով, թե բերդն իրենց հայրենիքն է: Թորոս իշխանը խիստ զայրացավ, բերած ընծաները ետ տարավ եւ սպառնաց, որ պատրաստ լինեն ամեն ինչի:


Նա բերդի շուրջը դարանակալ զորամասեր տեղադրեց, իսկ ինքը կեղծ հարձակումից հետո իբրեւ թե իր զորամասերով փախուստի դիմեց: Եվ երբ Մանդալե եղբայրների բերդապահները փորձեցին հալածել Թորոսի «փախչող» զորամասերին, հայոց իշխանի դարանակալ ջոկատները գրավեցին Կիզիստրան: Լուր առնելով անառիկ բերդի գրավման մասին՝ Թորոսը մտավ Կիզիստրա, որտեղ ձերբակալվել էին Մանդալե եղբայրները: Հայոց իշխանը նրանցից պահանջեց Գագիկ Աշոտյան թագավորի սուրն ու հանդերձները, որոնք իսկույն հանձնվեցին, սակայն Մանդալեները կտրականապես հրաժարվեցին հայտնել իրենց գանձերի տեղը: Այդ ժամանակ Թորոսը կարգադրեց խոշտանգել ավագ Մանդալե իշխանին, որը ջուր թափելու պատրվակով՝ իրեն ժայռից վայր նետեց եւ ջախջախվեց: Իսկ երբ ձեռնամուխ եղան միջնակ եղբորը խոշտանգելուն, նա Թորոսին սպառնաց հետեւյալ խոսքերով. «Դու հայ մարդ ես, իսկ մենք՝ հոռոմ (հույն - Բ. Հ.) իշխաններ, ի՞նչ պատասխան ես տալու Հոռոմաց թագավորին, եթե մեզ դատես»: Դրա վրա խիստ զայրացած Թորոսը սկսեց նրան կռանի բրով չարաչար հարվածել եւ պատասխանեց. «Ո՞վ էիք դուք, որ Հայոց օծյալ թագավորին սպանեցիք»: Միջնակ Մանդալեն մահացավ նրա հարվածների տակ: Հետո Թորոսի զինվորները գտան հույն իշխանների հարստությունները, ինչպես նաեւ մեծ թվով արծաթի խաչեր եւ ոսկեձույլ պատկերներ, իսկ կրտսեր Մանդալե իշխանը տարվեց Կիլիկիա եւ բանտարկվեց Վահկա ամրոցում: Կիզիստրան միացվեց Թորոսի իշխանությանը: Այնտեղ հայ բերդակալներ հաստատվեցին, իսկ բնակչությունը տեղափոխվեց Պառատիս գետի ափերը: Այսպիսով՝ Գագիկ Աշոտյանի վրեժը լուծվեց միայն 32 տարի անց՝ 1111 թվին:


1112 թվին Գող Վասիլի իշխանությունը ենթարկվեց նոր արշավանքների վերոհիշյալ Մահմուդ զորավարի կողմից: Վերջինս արշավեց Ուռհայի կողմից, իջավ Սուրբ Վկայք կոչվող վայրը, որը Մ. Օրմանյանը սխալմամբ նույնացնում է Մարտիրոսոպոլսին կամ Նփրկերտին, եւ Եղիայի շաբաթ օրը կամ հունիսի 15-ին հասավ Արուճ: Յոթ օր մնալով Արուճում՝ նա կրկին արշավեց Եդեսիա կամ Ուռհա եւ մատնությամբ գրավեց քաղաքը: Բարեբախտաբար այդ նույն ժամանակ Ուռհա հասավ Ջոսլին կամ Ճոսլին Թլպաշարի կոմսը եւ քաղաքացիների օգնությամբ քշեց թուրքերին: Թվում էր, թե ամեն ինչ հաջող է դասավորվում, սակայն Բոլդվինը եւ Ջոսլինը առաջ բերին բոլորի զայրույթը՝ կյանքից զրկելով Ուռհայի բազմաթիվ անմեղ քաղաքացիների: Անտիոքի կոմս Տանկրեդը, որ միայն օգնություն էր տեսել Գող Վասիլից, առանց որեւէ շարժառիթի հարձակվեց վերջինիս վրա՝ ձեւականորեն պատճառ բռնելով նրա կողմից Բոլդվինին ու Ջոսլինին օգնած լինելը: Տանկրեդը գրավում է Ռաբան քաղաքը, իսկ Գող Վասիլը, ետ վերադարձնելով Հարսան-մսուր, Թորեբ եւ Ուրիմ ավանները, որ վերջերս էր գրավել լատիններից, վերստանում է Ռաբանը եւ հաշտություն կնքում Տանկրեդի հետ: Դրանից շատ չանցած՝ նույն տարվա արեգ ամսի 24-ին կամ 1112 թվականի հոկտեմբերի 12-ին նա կնքում է իր մահկանացուն: Իր մեծ հաջողությունների համար նա հայ պատմիչների կողմից հիշատակվում է «իշխան Հայոց» եւ «իշխանաց իշխան» տիտղոսներով:


Մատթեոս Ուռհայեցու խոսքերով՝ նա կարողացել էր իր շուրջը համախմբել Բագրատունիների եւ Պահլավունիների ողջ զորքը, նրա հովանավորության ներքո էր Հայոց կաթողիկոսությունը, իսկ նրա իշխանությունում կենտրոնացել էին մեծ թվով հայեր, եկեղեցու հոգեւոր հայրեր՝ եպիսկոպոսներ, վարդապետներ եւ այլ կրոնավորներ: Իր կառավարման շրջանում նա խիստ ընդարձակել էր իր իշխանությունը՝ տիրելով բազում բերդերի եւ գավառների: Գող Վասիլը, դժբախտաբար, ժառանգներ չուներ, իսկ նրա զորավարներ Աբլասաթը եւ Տիգրանը մինչ այդ սպանվել էին թուրքերի հետ ունեցած կռիվներում: Հավանաբար կենդանի չէր նաեւ նրա քեռի Պետրոսը, որովհետեւ Բարսեղ կաթողիկոսը մեծ ժողով գումարեց եւ նրա հաջորդ հռչակեց Վասիլ Կամսարական Տղա իշխանին: Գող Վասիլը թաղվեց Կարմիր վանքում՝ Գրիգոր Վկայասեր կաթողիկոսի շիրմի հարեւանությամբ:


Գող Վասիլից ոչ շատ վաղ՝ արշավանքներից մեկի ժամանակ, զոհվեց Ծովքի իշխան Ապիրատը: Երկար ժամանակ Ծովքի դղյակը նույնացվում էր Խարբերդի Ծովք լճի ամրոցի հետ, սակայն Կյուլեսերյանի հետազոտությունները ցույց տվեցին, որ նույնանում է Դլուքի կամ Տլուքի հետ: Սկզբում այն հայկական փոքրիկ իշխանություն էր, որը թերեւս հիմնադրել էր Մագիստրոսի փեսան, որի անունը պատմությունը չի պահպանել: Նրան հաջորդեց Ապիրատը՝ ավագ որդին: Նշանավոր եղան նաեւ Ապիրատի եղբայրներ Վահանը եւ Վասակը, որոնք իշխանությունը զենքի ուժով պաշտպանեցին թշնամիներից: Ծովքի իշխանի չորրորդ զավակը՝ Գրիգորը, Եգիպտոսում ձեռնադրվեց եպիսկոպոս՝ Գրիգոր Վկայասեր կաթողիկոսի կողմից: Ապիրատ իշխանի զավակներից էին վերը հիշատակված մանկահասակ Գրիգորը եւ Ներսեսը, որոնք որպես կաթողիկոսացու ներկայացվեցին Բարսեղ Անեցուն: Հարձակումը Ծովքի դեմ եւ պաշարումը ոչինչ չտվեցին, քանի որ ամրոցը խիստ անառիկ էր, սակայն մի հագարացի զինվոր նրան նետահարում է թունավոր նետով: Ապիրատը սպանում է իրեն նետահարողին, սակայն ինքն էլ մեռնում է թունավոր նետից եւ թաղվում հայրենական դամբարանում: Ապիրատի Գրիգոր եւ Ներսես որդիներին մենք դեռ հետագայում կանդրադառնանք, այժմ լոկ նշենք, որ նրա Վասիլ եւ Շահան զավակները զինվորական դարձան, սակայն նրանց զավակներ Տղա եւ Ապիրատ Գրիգորյանները կաթողիկոսացան: Պատմությունը ոչինչ չի ասում, թե Ծովքի իշխանությունում ով հաջորդեց Ապիրատ իշխանին:


562 թվի տրե ամսի 5-ին կամ 1113 թվի մայիսի 26-ին մահացավ Բարսեղ Ա Անեցի կաթողիկոսը: Նա անիմաստ դժբախտ արկածի զոհ դարձավ: Կաթողիկոսը մինչ այդ քահանա էր ձեռնադրել Գրիգորին: Վարդավառի տոնին, այսինքն՝ հուլիսի 13-ին, նրան եպիսկոպոսության պատիվ շնորհելու համար Բարսեղ Անեցին գալիս է Քեսունի կամ Բեհեսնիի մոտ գտնվող Վարդահեր գյուղը: Եվ երբ նա տանիքի վրա աղոթում էր հոգեւորականների հետ միասին, տանիքը փլվում է, եւ հայոց հայրապետը՝ զոհվում: Մեկ այլ տեղեկությամբ՝ այդ դժբախտ պատահարը տեղի ունեցավ Շուղրի կամ Կարմիր վանքում: Թերեւս տեղեկությունների որոշ հակասականությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վարդահեր գյուղը հեռու չէր Կարմիր վանքից: Կործանված տանը, բացի կաթողիկոսից, որեւէ այլ անձ չտուժեց: Վախենալով, որ մինչեւ Վարդավառ կենդանի չի մնա՝ նա առանց հապաղելու եպիսկոպոս է ձեռնադրում Գրիգորին: Պատահարից հետո տարբեր պատմիչներ օրերի տարբեր քանակ են ներկայացնում մինչեւ Բարսեղի մահը՝ 3,5 եւ անգամ 7 օր: Դեպքը տեղի ունեցավ հինանց երրորդ շաբաթին, եւ Բարսեղի մարմինը հողին հանձնվեց Շուղրի Կարմիր վանքում:


Բարսեղ Ա Անեցին հովվապետեց Գրիգոր Ա Վկայասեր կաթողիկոսի օրոք 32 տարի եւ հայոց միակ կաթողիկոսը դարձավ 8 տարի: Նա պատահարի զոհ դարձավ հավանաբար 60 կամ առավելագույնը 68 տարեկանից մի փոքր ավելի տարիքում: Գիտական եւ ուսումնական արժանիքները հավանաբար շատ էլ մեծ չէին, քանի որ իրեն հեռու էր պահում Անիի գրական շրջանակներից, եւ շատ հավանական է, որ սկզբում պարզապես զինվորական է եղել: Կաթողիկոս դառնալով՝ նա ի հայտ բերեց կազմակերպչական անուրանալի հատկանիշներ: Նա եղավ Հայոց Եկեղեցու մեծ պաշտպան օտարազգիների ծանր իշխանության շրջանում: Նրան հաջողվեց ձեռք բերել մելիքշահի բարեհաճ վերաբերմունքը եւ ստանալ ազատություններ հայ ժողովրդի եւ եկեղեցու համար: Բարձր է գնահատել նրա դերը Հայոց Եկեղեցու պատմության մեջ Ներսես Շնորհալին եւ սգացել նրա մահը:


Բարսեղ Ա Անեցու կաթողիկոսության շրջանում նշանավոր հոգեւորականներից էր Գեւորգ վարդապետը՝ Վասպուրականի Անալյուր գյուղից, որը ստացել էր Մեղրիկ մականունը: Նա նորոգեց ու պայծառացրեց Դրազարկի վանքը: Մեղրիկը հիշվում է իր եկեղեցական բարեկարգություններով եւ ճաշոցի կարգավորմամբ եւ հատկապես կրոնավորական կանոնների հեղինակությամբ: Նա վախճանվեց 70 տարեկան հասակում՝ 50 տարվա խստակրոն կյանքից հետո: Նրա մահն ընկնում է հավանաբար 1115 թվի փետրվարի 9-ին կամ հրոտից ամսի 24-ին: Նշանավոր եղավ Մարկոս Մոկացին, որը սկզբում ճգնավորեց իր գավառի Կոհգանակ լեռան վրա, իսկ այնուհետեւ՝ Մարաշի Կոնկըռնաթ լեռան վրա: Աղբյուրների համաձայն՝ նա կանխագուշակել էր Երուսաղեմի թագավորության անկումը եւ մահանալով 1105 թվականին՝ թաղվել է Վահկա ամրոցի մոտ գտնվող Կաստաղոնի վանքում: Հիշատակվում է Երեմիա Անձրեւիկը, որը 30 տարի ջորակեր է ապրել եւ տարիներով լուռ մնացել: Նշանավոր էին Պետրոս Խանթկայորդին եւ Հակոբ Սքանչելին, որոնք հռչակվեցին իրենց ճգնավորությամբ: Կանանցից հռչակվեցին թագավորազուն Խորասուն եւ Մարիամը, որոնք հաստատվել էին Քոբայրի վանքում եւ առաջնորդվում էին Հովհաննես Սարկավագի խրատներով: Նշանավոր ծաղկողներից էին Վկայասեր կաթողիկոսի աշակերտներ Կիրակոս եւ Մատթեոս թարգմանիչ վարդապետները, Սիսիանոս Սեբաստացին, Գրիգոր եւ Հովհաննես Անեցիները, Սարգիս Կունդը, Գրիգոր Իմաստասերը եւ Կիրակոս Դրազարկեցին, որը թերեւս Կուրոս Դրազարկեցին է՝ հռչակված իբր կանոնագիր: