(1058-1065)
Պետրոս Գետադարձի մահվան պահին Հայոց Եկեղեցին փաստորեն զրկված էր օրինական առաջնորդից: Սեբաստիան ի վիճակի չէր հայության կենտրոնի վերածվելու, Կարսի, Լոռու եւ Սյունիքի թագավորություններն ի վիճակի չէին համազգային խնդիրներ լուծելու, երկիրը մասամբ նվաճված էր սելջուկ-թուրքերի կողմից, իսկ մնացած մասով ավերվում, կողոպտվում եւ գերեվարվում էր նրանց հրոսակների ասպատակությունների հետեւանքով: Ահա այսպիսի պայմաններում սկսվեց Խաչիկի հայրապետությունը 1058 թ., որն արդեն փաստական հովվապետն էր երկրի՝ Պետրոս կաթողիկոսի կամքով: Խաչիկ Անեցու ավագ եղբայր Անանիան, որ Պետրոս Գետադարձի հետ եկել էր Սեբաստիա, Խաչիկի կաթողիկոսության հարցում խնդիրներ չհարուցեց, իսկ կաթողիկոսի հավատարիմ մարդկանցից Եղիսեն, դառնալով Սեբաստիայի եպիսկոպոս, կաթողիկոսական աթոռի նկատմամբ հավակնություններ հանդես չբերեց: Դեռ մինչեւ ձեռնադրությունը Խաչիկն արդեն վարում էր կաթողիկոսական գործերը, ուստի նրա օրինական լինելու խնդրում ընդհանրապես խնդիրներ չծագեցին: Անեցի մականունը ստացավ Անիում բնակվելու եւ գործելու համար, իսկ նրա ծննդավայրը հայտնի չէ:
Կարծես թե հարցերը կարգավորվել էին, սակայն պարզվեց, որ բյուզանդացիները բոլորովին էլ բավարարված չեն Հայոց թագավորությունը վերացնելով եւ ցանկանում են իրենց եկեղեցուն ենթարկել Հայոց Առաքելական Եկեղեցին: Նպատակն անշուշտ հայերի ուծացման խնդիրն էր, հունացումը, որ բյուզանդական իշխանությունները կամենում էին իրագործել միաբնակությանը վերջ տալու միջոցով: Քաղաքական այս նոր ընթացքը կյանքի կոչվեց Կոստանդին ԺԱ Դուկասի կամ Տուկիծի 1059 թվականին գահ բարձրանալով: Նա իր առջեւ խնդիր դրեց քաղկեդոնականացնել հայերին: Իմանալով Պետրոսի մահվան եւ Խաչիկի առաջիկա ձեռնադրության մասին՝ նա քայլեր է ձեռնարկում ձեռնադրությունը խափանելու ուղղությամբ եւ հրաման է տալիս, որ Խաչիկին Կոստանդնուպոլիս ուղարկեն: Միաժամանակ կարգադրվում է, որ Պետրոս Գետադարձի Սեբաստիայում ունեցած հարստությունները, ինչպես եւ նրա՝ այլ վայրերում ունեցած գանձերը հավաքվեն եւ նույնպես իրեն ուղարկվեն: Կայսրը հակված էր կարծելու, եւ դրա պատճառը կաթողիկոսի (Պետրոս Գետադարձի) մեծ արծաթասիրությունն էր, որ նա մեծ հարստություններ ունի, սակայն մայրաքաղաք ուղարկված հարստությունները նրա սպասելիքները չարդարացրին:
Կոստանդնուպոլիս բերված Խաչիկին սկսեցին նեղել, որ նա պահված գանձերի տեղը հայտնի կամ հանձնի: Մայրաքաղաք բերվեց նաեւ Եղիսե Սեբաստիայի եպիսկոպոսը, որը նույնպես բռնաճնշումների ենթարկվեց՝ Պետրոս կաթողիկոսի գանձերը հայտնաբերելու համար: Անգամ Սեբաստիայում շատերը խոշտանգումների ենթարկվեցին, որը ենթադրել է տվել Մ. Օրմանյանին կարծելու, որ Պետրոս Գետադարձի կյանքի վերջին տարիներին Խաչիկը հավանաբար գտնվել է Սեբաստիայում: Խաչիկին կամենում էին հարկատու դարձնել, սակայն իրական նպատակը հայոց հայրապետարանը Կոստանդնուպոլսին ենթարկելն էր: Իսկ դրան օրինական ձեւ տալու համար ամեն կերպ ցանկանում էին Հայոց Եկեղեցին հարկատու դարձնել: Հասկանալի է, որ դա հիանալի գիտակցում էր Խաչիկ Անեցին, որը պարզ հայտարարեց, թե հարկատվությունը մինչեւ իր ժամանակները չի եղել, հետեւաբար ինքն էլ դրան համաձայն չէ: Սակայն Խաչիկ կաթողիկոսը բյուզանդացիների համար ամուր ընկույզ դուրս եկավ: Նա չհամաձայնվեց ո՛չ հարկատվությանը եւ ո՛չ էլ քաղկեդոնականություն ընդունելուն:
Խաչիկ Անեցին կայսրության մայրաքաղաքում կալանված մնաց երեք տարի՝ ոչ միայն չարժանանալով Պետրոս կաթողիկոսին տրված պատիվներին, այլեւ նեղության ու հալածանքների մեջ՝ փաստորեն աքսորում: Նրան պարզ հայտարարեցին, որ ինքն այլեւս այնտեղից դուրս չի գա, եթե կայսեր պահանջները չկատարի: Խաչիկն իր գաղափարներին հավատարիմ մնաց եւ ենթարկվեց խոշտանգումների եւ զանազան մարմնական պատիժների: Կայսրն անգամ, զարմացած նրա հաստատակամությունից, ի վերջո տեղի տվեց եւ առանց հարկի տակ դնելու՝ նրան թույլ տվեց վերադառնալ Հայաստան: Իսկ մինչ այդ, ինչպես հավաստում է Լաստիվերտցին, մի հոռոմ (այսինքն՝ բյուզանդացի) իշխան եւ մի վանական ներկայացան կայսերը, որ նա վանականին Հայոց կաթողիկոսությանը տա՝ խոստանալով հարկ տալ: Իբրեւ թե այդ երկուսի չարաչար մահը ազդում է կայսեր վրա, որը որոշում է Խաչիկին բաց թողնել: Իրականությունն այն է, որ հայերը եւս քնած չէին, եւ Գագիկ Բ Բագրատունին Պիզուից եւ Ատոմ Արծրունին Սեբաստիայից մեծ ջանքեր գործադրեցին եւ ի վերջո մեծ դժվարությամբ Խաչիկին ազատեցին: Խաչիկի հետ ազատ արձակվեցին նաեւ Եղիսե եպիսկոպոսը եւ մյուս հայ եպիսկոպոսները: Հազիվ թե կարելի է հավատալ այն տեղեկությանը, թե նրանք պատրաստվել էին հեծյալ գունդ դուրս բերել կաթողիկոսին ազատելու համար: Այն պարզապես անիրագործելի էր, սակայն չի բացառվում, որ կարեւոր դեր կատարեց կաշառքը, քանի որ բյուզանդական արքունիքը կաշառակերության բույն էր դարձել: Այն հարցին, թե ով էր վարում կաթողիկոսական գործերը երկրում, երբ Խաչիկը բանտարկված էր, ըստ երեւույթին, ճիշտ է պատասխանում Մ. Օրմանյանը՝ ենթադրելով, որ հայրապետանոցի հոգսերը ժամանակավորապես հոգացել է Խաչիկի եղբայր Անանիա եպիսկոպոսը, որի անունը չի հիշվում Կոստանդնուպոլիս ուղարկվածների եւ ձերբակալվածների շարքում: Բայց դա նորմալ փոխանորդություն չէր, քանի որ Անանիան գտնվում էր Սեբաստիայում:
Պետրոս կաթողիկոսից շատ չանցած մահացավ եւ Գրիգոր Մագիստրոսը, որը նրանով հիացած անձերից էր: Կոստանդնուպոլսյան կալանքից ազատվելու առիթով նա անգամ Պետրոս Գետադարձին խաչանիշ ցուպ, գավազան մական, զարդարված բաժակ եւ սուրբ յուղի անոթ ուղարկեց՝ արտահայտելով իր ուրախությունն այդ կապակցությամբ: Մագիստրոսն ամենից առաջ գիտության մարդ էր, եւ կուսակալի պաշտոնը հազիվ թե նրա սրտովն էր, սակայն ստիպված էր այդ պաշտոնում մնալ մինչեւ իր կյանքի վերջը: Նրա կյանքի վերջին տարիները խիստ արդյունավոր եղան վարչական գործերով, եւ նա կարեւոր դեր կատարեց իրեն վստահված բռնակա թեմերում խաղաղություն հաստատելու եւ դրանք բարեկեցիկ դարձնելու ասպարեզում: Բայց նրա կատարածի մասին, եթե չհաշվենք թոնդրակյան շարժման ճնշումը, ո՛չ ինքն է հայտնում, եւ ո՛չ էլ պատմությունը հիշատակներ է թողել: Մեզ այսօր նա ամենից առաջ ներկայանում է որպես գիտնական, որի գրչին են պատկանում մի շարք գրական աշխատություններ, նշանակալից թվով նամակներ, տաղասացություններ, քերականի մեկնությունը եւ Պլատոնի գործերից Տիմեոսի եւ Փեդովնի իմաստասիրությունների ու Էվկլիդեսի «Երկրաչափության» թարգմանությունները: Նա մահացավ 1059 թվին՝ 68 տարեկան հասակում եւ թաղվեց Օկոմիի վանքում, որը Մ. Օրմանյանի ենթադրությամբ համապատասխանել է Հասան-ղուլայի Սբ Աստվածածնին, որտեղ մինչեւ 1915 թ. Մեծ Եղեռնը անգամ ցույց էին տալիս նրա գերեզմանը: Գրիգոր Մագիստրոսը մեծ թվով զավակներ թողեց՝ չորս տղա եւ չորս աղջիկ՝ Վասակը, Վահրամը, Վասիլը, Փիլիպեն, իսկ աղջիկներից (որոնց անունները չեն պահպանվել) մեկն ամուսնացել էր Վեստ Սարգսի, երկրորդը՝ Թոռնիկ Մուշեղյանի, երրորդը՝ Ապիրատի որդի Վասակ իշխանի, եւ չորրորդը՝ Ծովքի իշխանի հետ: Վասակ իշխանը չորս զավակ ունեցավ՝ Գրիգոր, Հասան, Ապլջահապ եւ Բարսեղ, որոնցից վերջինը հետագայում կաթողիկոս դարձավ:
Իսկ Ծովքի իշխանի զավակներն էին Ապիրատը, Վահրամը, Վասակը եւ Գրիգորը, որոնցից վերջինը նույնպես կրոնական աստիճան ընդունեց եւ եպիսկոպոս դարձավ: Ծովքի իշխանի Ապիրատ որդու զավակներն էին Վասիլը, Շահանը, Գրիգորը եւ Ներսեսը, որոնցից վերջին երկուսը՝ Գրիգոր Պահլավունին եւ Ներսես Շնորհալին, կաթողիկոսներ դարձան: Վասիլի որդին էր Գրիգոր Տղան, Շահանի որդին՝ Գրիգոր Ապիրատը, իսկ նրանց քույրը՝ Շահանդուխտը, Ներսես Լամբրոնացու մայրն էր: Մագիստրոսի արական ճյուղը շարունակություն չունեցավ, քանի որ Վասիլը եւ Փիլիպեն մահացան երիտասարդ հասակում, Վահրամը, որ միայնակեց դարձավ եւ ավելի ուշ՝ կաթողիկոս՝ Վկայասեր անվամբ, անորդի էր: Ինչ վերաբերում է Անտիոքի դուքս դարձած Վասակին, ապա նա սպանվեց 1076 թվին ժողովրդական հուզումների ժամանակ: Մագիստրոսի տոհմին մեծ հռչակ բերեցին նրա երկու՝ վերը նշված դուստրերի սերունդները, որոնք պահպանեցին իրենց Պահլավունի անունը: Պարզ չէ միայն՝ այդ անունը նրանք պահպանեցին ի պատիվ Մագիստրոսի տոհմի՞, թե՞ փեսաները եւս Պահլավունիներ էին: Համենայն դեպս, ամեն ինչից դատելով՝ Պահլավունի էր Հասանի թոռ Վասակը: Ինչ վերաբերում է Ծովքի իշխանին, որի անունն անգամ չի պահպանվել, դժվար է ասել, թե նա Պահլավունի է եղել թե ոչ: Սակայն շատ արդյունավոր եղան այս ճյուղի ներկայացուցիչներ Պահլավունին, Շնորհալին, Գրիգոր Տղան եւ Ներսես Լամբրոնացին, որոնք կաթողիկոսներ դարձան:
Սելջուկ-թուրքերը չբավարարվեցին Մեծ Հայքի ավերումով ու գերեվարությամբ: Նրանց բանակներն արշավելով հասան մինչեւ Սեբաստիա, որը պաշարեցին Բարիկենդանի Վարդավառի օրը, այն է՝ 1059 թ. հուլիսի 4-ին, եւ 8 օր ամեն տեսակի խժդժություններ գործելով՝ հեռացան՝ մեծ թվով գերիներ տանելով: Ատոմը եւ Աբուսահլը ստիպված էին ապաստան փնտրել Խավարտանեք բերդում, քանի որ Սեբաստիան անպարիսպ էր: Այս դեպքերի ժամանակ Խաչիկը դեռ Սեբաստիայում էր եւ դրանից հետո միայն տարվեց Կոստանդնուպոլիս, ինչպես հավաստում է Մ. Ուռհայեցին: Սեբաստիա ուղարկված Դուկաս կայսեր զորքերն առանձին հաջողության չհասան, եւ ավերածություններն ու գերեվարությունն ու կոտորածները շարունակվեցին մինչեւ Տուղրիլ սուլթանի մահը՝ մինչեւ 1064 թվականը, երբ իշխանության գլուխ եկավ նրա եղբայր կամ հորեղբորորդի Ալփ-Ասլանը, որը նոր ուժով արշավանքներ կազմակերպեց դեպի Հայաստան: Լոռու թագավոր Կորիկեն՝ Դավիթ Անհողինի որդին, մի կերպ ազատվեց նրա բռնություններից՝ նրան կնության տալով իր դստերը, իսկ Վանանդի թագավոր Գագիկ Աբասյանը, որի զորքերը հաղթել էին Տուղրիլի ուղարկած զորամասերին, Ալփ-Ասլանի դեսպանին ներկայացավ սգո սեւ հագուստներով՝ ասելով, որ սուգ է պահում Տուղրիլի մահվան առիթով: Պատասխանն Ալփ-Ասլանի դեսպանին դուր եկավ, եւ թագավորությունն առժամանակ զերծ մնաց սելջուկյան արշավանքներից: Սակայն նա մեծ հույսեր չուներ պահպանելու իր թագավորությունը, ուստի Դուկաս կայսեր մոտ բանագնացներ ուղարկեց՝ առաջարկելով Կարսը հանձնել բյուզանդացիներին, որի փոխարեն ստացավ Ծամնադավ, Լարիսա, Ամասիա եւ Կոմանա քաղաքները՝ շրջակա գյուղերով: Հետաքրքիրն այն է, որ Լարիսան գտնվում էր Սենեքերիմին գրված հողերի մեջ, իսկ Ծամնդավը՝ նրա որդի Դավթին տրվածների, որոնց թվում էին ե՛ւ Կեսարիան, ե՛ւ Խավարտանեքը: Դժվար չէ տեսնել, որ Արծրունիների տիրույթների սահմանները փոփոխվել էին, այլապես նշյալ տարածքները Գագիկ Աբասյանին չէին տրվի: Իսկ Արծրունիների այսպես կոչված թագավորությունը շարունակում էր պահպանվել: Թե՛ Արծրունիների եւ թե՛ Բագրատունիների տիրույթները հիմնականում Փոքր Հայքում էին, եւ շատ հնարավոր է, որ նաեւ հարեւան էին:
Մինչ այս ամենը կատարվում էր, Խաչիկ կաթողիկոսը, ազատվելով կոստանդնուպոլսյան կալանքից, գալիս է Տարանտա (այժմ՝ Տարենտե), որտեղ կայսրը նրան երկու վանք էր նվիրել: Նա վերստացել էր նաեւ Մեծ Հայքում իրեն պատկանող կալվածները: Չթույլատրելը վերադառնալ Անի պայմանավորված էր նրանով, որ կայսրը կասկածներ ուներ, թե նա կարող է ժողովրդին ապստամբեցնել: Խաչիկը հաստատվում է Թավբլուրում, որը դառնում է կաթողիկոսանիստ: Շատ հետաքրքիր է, որ Տարանտան հայկական անգամ խամաճիկ թագավորությունների տարածքում չէր գտնվում: Այն բյուզանդական կուսակալության մեջ էր՝ Կոկիսոնի երկրամասի տարածքում: Խաչիկի նկատմամբ անուղղակի հսկողություն էր հաստատվում: Խաչիկը Թավբլուրում մնաց երեք տարի, այլ խոսքով՝ հովվապետեց ընդամենը 6 տարի: Մյուս տվյալները, որ պահպանել են Կիրակոս Գանձակեցին, Վարդան պատմիչը եւ Սամվել Անեցին, համապատասխանաբար՝ սակավ ժամանակ, երկու տարի եւ յոթ տարի, քննություն չեն բռնում: Խաչիկի թավբլուրյան գործունեության մասին հիշատակներ չեն պահպանվել: Պատճառը ոչ միայն բյուզանդական բռնաճնշումներն էին, այլեւ երկրի տագնապային վիճակը:
1065 թվին Ալփ-Ասլանը գրավեց Անին՝ իր իշխանության երկրորդ տարում: Տարեթվային տվյալների պակաս հեղինակների մոտ չկա, սակայն դրանք տատանվում են 1065-ի շրջակայքում, ուստի իմաստ չունի դրանց անդրադառնալ: Քաղաքը գրավվեց 1065 թվականի օգոստոսի 15-ին՝ Տիրամոր տոնի օրը՝ երկուշաբթի: Քաղաքն ահավոր ավերվեց, բնակչությունը կոտորվեց, շատերը քշվեցին գերության: Շատ քահանաների այրեցին, գեղեցիկ աղջիկներին իրենց մայրերի հետ տարան Պարսկաստան, շատերին մորթազերծ արին, որի հետեւանքով քաղաքով անցնող գետի ջրերը կարմրեցին, այնքան որ մեծ էր սպանվածների թիվը: Թշնամին տապալեց եկեղեցու թանկարժեք խաչը, որը տարան եւ դրեցին Նախճավան քաղաքի մզկիթի դռանը: Մատթեոս Ուռհայեցու օրերում խաչը դեռեւս այնտեղ էր գտնվում: Լաստիվերտցին այս ամենի համար մեղադրում է հույներին, որոնց անարդարություններն առաջ են բերել Տիրոջ ցասումը: Չնայած մեծ կորուստներին՝ Անին չդադարեց գոյություն ունենալուց եւ դեռ երկար ժամանակ երկրի կարեւոր տնտեսական ու մշակութային կենտրոններից մեկն էր:
Անիի ավերումն ու բնակչության գերեվարությունը մեծ սուգ պատճառեցին Խաչիկ կաթողիկոսին, որ այդ ժամանակ գտնվում էր Թավբլուրում: Շատ հնարավոր է, որ հայրենիքի մահը սոսկ արագացրեց նրա մահը, որը տեղի ունեցավ նույն՝ 1065 թվականին, չնայած չպետք է մոռանալ, որ նա արդեն առաջացած տարիք ուներ: Տարակույս չկա, որ նա մահացավ Թավբլուրում ամառվա վերջերին եւ հավանաբար նույն տեղում էլ թաղվեց, չնայած տեղեկություններ չեն պահպանվել: Խաչիկ Անեցու կաթողիկոսությունը կարճ տեւեց, սակայն, չնայած արդյունավետ գործունեության վերաբերյալ տեղեկություններ չկան, նա ներկայանում է որպես հայրենասեր եւ բարձր անձնավորություն: Նա իր գործելակերպով որեւէ չափով չվարկաբեկեց հայոց հայրապետի բարձր պատիվը: Ի տարբերություն իր քեռու՝ նա անշահախնդիր էր, հավատքի հարցերում անհողդողդ, հայրենասեր եւ հայրենիքի պաշտպան: Նա իրոք արժանի էր Գրիգոր Լուսավորչի արժանավոր ճանաչվելու:
Խաչիկի մահը մեծ խնդիրներ առաջ բերեց Հայոց Եկեղեցու համար, քանի որ Կոստանդին Դուկաս կայսրը միտք հղացավ վերացնել Հայոց հայրապետական աթոռը, որի համար արդեն Խաչիկին փաստորեն ձերբակալել եւ տարել էին կայսրության մայրաքաղաք: Չկարողանալով իր ուզածին հասնել Խաչիկի օրոք՝ նա որոշեց իր ուզածին հասնել նրա մահից հետո՝ հույսը դնելով այն բանի վրա, որ Փոքր Հայք եւ Կապադովկիա տեղափոխված հայ արքայիկներն ու իշխանները չեն հանդգնի նրան դիմակայել: Դրան կարծես նպաստում էր այն հանգամանքը, որ Խաչիկ կաթողիկոսը ինչ-ինչ պատճառներով իրեն հաջորդ չէր նշանակել:
Վերջին՝ Անանիա, Խաչիկ, Պետրոս Գետադարձ եւ Խաչիկ մյուս կաթողիկոսներն իրար ազգական էին, եւ մի տեսակ կաթողիկոսական ընտանիք էր ձեւավորվել: Բյուզանդացիների կարծիքով, եթե ընտրություն տեղի չունենար, ապա հայերը, անտերունչ մնալով, ստիպված կլինեին քաղկեդոնականություն ընդունելու: Այդ նպատակով Դուկաս կայսրը Կոստանդնուպոլիս է հրավիրում Սեբաստիայի թագավոր Ատոմին եւ նրա եղբորը՝ նրանց հետ համաձայնության գալու համար: Հավատքի հարցերը, անշուշտ, անհրաժեշտ էր քննել կաթողիկոսի հետ, սակայն բյուզանդական արքունիքը ձգտում էր այդ անել աշխարհիկ անձանց միջոցով: Կայսրը հատկապես մեծ հույս ուներ համաձայնության գալ Ատոմ Արծրունու հետ, որն արդեն երկար ժամանակ ապրում էր կայսրության ներքին գավառներում եւ բավական մոտեցել էր հույներին: Ատոմ եւ Աբուսահլ Արծրունիները եկան Կոստանդնուպոլիս՝ իրենց հետ բերելով Սանահնի վանքի միաբաններից Հակոբ Քարափնեցի վարդապետին: Լսելով կայսեր առաջարկը՝ նրանք հրաժարվեցին խնդիրը լուծելուց՝ պատճառաբանելով, որ այդ հարցում առաջնային է Գագիկ Աշոտյանի ձայնը՝ որպես Անիի թագավորի կամ շահնշահի: Կայսրն անակնկալի եկավ, որովհետեւ լավ ծանոթ էր Գագիկ Բ-ի հախուռն բնավորությանը: Ավելին, Ատոմը եւ Աբուսահլը ոչ միայն պնդեցին իրենց ասածը, այլեւ գաղտնի տեղյակ պահեցին Գագիկ Բ-ին, որն այդ ժամանակ գտնվում էր Կոստանդնուպոլսում: Այս դեպքերի առնչությամբ չի հիշվում Գագիկ Աբասյանի անունը, բայց հայտնի է, որ գնացել է Կոստանդնուպոլիս մինչեւ Գրիգոր Վկայասեր կաթողիկոսի ձեռնադրությունը: Իսկ այդ համապատասխանում է ճիշտ այդ ժամանակահատվածին:
Ասենք հնարավոր էլ չէր առանց նրա լուծել այդ խնդիրը: Այլ խոսքով՝ կայսրին ներկայացան Փոքր Հայք եւ Կապադովկիա տեղափոխված բոլոր հայ նշանավոր դեմքերը: Նրանց առաջ կրկին դրվեց հարկատվության խնդիրը, որպեսզի արտոնեն նոր կաթողիկոսի ընտրությունը: Մինչ աշխարհիկ իշխաններն իրենց արժանավայել էին պահում, Ատոմն ու Աբուսահլը խուսափում էին ամեն տեսակի բանակցություններից՝ սպասելով Գագիկ Աշոտյանի եւ Գագիկ Աբասյանի ժամանելուն, կայսրը կարողացավ իր կողմը գրավել Հակոբ Քարափնեցի վարդապետին, որն ի վերջո բյուզանդացիների կողմն անցավ եւ անգամ գրեց հայերի եւ հոռոմների (իմա՛ բյուզանդացիների) միաբանության մասին հատուկ աշխատանք, որը որպես կարեւոր գործ՝ կայսեր հրամանով տրվեց պահելու Սուրբ Սոֆիայի գրապահոցում, այլ խոսքով՝ պատրիարքական դիվանում: Այդ ժամանակ էլ Կոստանդնուպոլիս ժամանեց Գագիկ Աշոտյանը, որին կայսրը ներկայացրեց Քարափնեցու գործը՝ մտածելով, որ նա ստիպված պետք է համակերպվի: Հակառակ սպասվածին՝ Գագիկ Աշոտյանը ոչ միայն մերժեց կայսեր պահանջը, այլեւ մինչեւ իսկ կայսեր ներկայությամբ պատռեց Քարափնեցու գրածը: Նա համարձակ հայտարարեց, որ մի ինչ-որ վարդապետի գրածը չի կարող նշանակություն ունենալ, եթե դրան դեմ են բոլոր մյուս վարդապետները, եւ որ ինքը, լինելով հմուտ՝ եկեղեցական եւ դավանական հարցերի մեջ, կարող է Հայոց Եկեղեցու ուղիղ դավանանքը պաշտպանել: Առավել համարձակ նա հանդիմանեց Հակոբ Քարափնեցուն՝ արածի համար: Մատթեոս Ուռհայեցին անգամ հավաստում է, որ Գագիկ Աբասյանը Սբ Սոֆիայի տաճարում ամբիոններ էր բարձրանում՝ հոռոմաց բոլոր վարդապետների հետ վիճաբանելու հավատքի հարցերում: Գագիկ Աշոտյանի փայլուն կրթության արդյունք պետք է համարել այն, որ նա ոչ միայն բանավոր վիճում էր հավատքի հարցերի շուրջ, այլեւ հատուկ հավատի գիր գրեց, որն ուղղված էր կայսրին եւ պաշտպանում էր Հայոց Եկեղեցու հավատքի ճշտությունը:
Հազիվ թե հայերի բացատրություններն ու մեկնությունները բյուզանդացիների սրտովն էին, սակայն շուտով իրենք հասկացան իրենց ձեռնարկման ողջ վտանգավորությունը եւ ավելի լավ համարեցին արտոնել ընտրությունը՝ տեսնելով ոչ միայն հայերի հաստատամտությունը, այլեւ վախենալով իրենց գործելակերպով հայերին մղել համարձակ գործողությունների, որոնք կարող էին սպառնալ կայսրության անվտանգությանը: Անուղղակիորեն ստացվեց, որ Գագիկ Աշոտյանին հաջողվեց ձեռք բերել թագավորի եւ պատրիարքի հավանությունը, սակայն նա Կոստանդնուպոլսից վերադարձավ հույների վրա կատաղած եւ իր գործունեությամբ ամենուրեք աշխատում էր խայտառակել նրանց եւ որոշեց այլեւս Կոստանդնուպոլիս ոտք չդնել: Այլ խոսքով՝ կայսրը եւ Գագիկ Աշոտյանը բնավ էլ սիրով ու խաղաղությամբ չէին վերջացրել իրենց բանակցությունները: Կա մի հանգամանաք եւս, որ համաձայն Վարդան պատմիչի՝ Գագիկ Աբասյանն էր կայսրից թույլտվություն խնդրել Հայոց կաթողիկոս ընտրելու համար, եւ չի բացառվում, որ, ինչպես գրում է Մ. Օրմանյանը, Գագիկ Աշոտյանը, համաձայն իր հախուռն բնավորության, դեռ մինչեւ ձեռնադրության թույլտվություն ստանալը հեռացել էր կայսրության մայրաքաղաքից՝ բյուզանդական արքունիքին ու կայսրին վախեցնելով հայոց հնարավոր ընդդիմությամբ, եւ միայն դրանից հետո էր, որ Գագիկ Աբասյանը կարողացավ հավանեցնել կայսրին թույլատրելու կաթողիկոսի ձեռնադրությունը: Շատ հնարավոր է, որ նրան մեծապես նպաստեց նրա կինը՝ Մարիամ թագուհին, որը ձեռք էր բերել Եվդոքսիա կայսրուհու սերն ու մտերմությունը: Այսպես թե այնպես՝ կնճիռը հարթվեց: Կայսրը նվերների արժանացրեց Գագիկ Աբասյանին, Ատոմ եւ Աբուսահլ Արծրունիներին եւ մյուս հայ իշխաններին: Դրանց մեջ, ամենայն հավանականությամբ, չկար Գագիկ Աշոտյանը: Հայ մեծամեծները վերադարձան հայրենիք՝ ստանալով կաթողիկոսի ընտրության արտոնությունը:
Խաչիկ հայրապետի օրոք Հայաստանում նշանավոր էին ներքոհիշյալ վարդապետները՝ Տիրան Կապանեցին, Սայլահանը կամ Արիստակես Լաստիվերտցին, որը Լաստիվեր գյուղից էր՝ հայտնի նաեւ Սայլահան անունով, Ատոմ Անձավացին, որը «Ատոմագրքի» հեղինակն էր, Անանիա եւ Գրիգոր Նարեկացիները, Սարգիս Սեւանեցին, որը կարող է նույնանալ Սարգիս Սեւանցի կաթողիկոսին, Հովսեփ Ընծայեցին, որն ըստ Մ. Օրմանյանի՝ Հովսեփ Հնձացին է, Գեւորգ Ուծեցին կամ Գեւորգ Ուռհայեցին, Դիոսկորոս Սանահնեցին (Պետրոս Գետադարձի հակաթոռ կաթողիկոսը), Անանիա Հաղպատեցին, որն ըստ Մ. Օրմանյանի՝ Անանիա Սանահնեցին է, Հակոբոս Քարահատյանը, Անտոն վարդապետը, Տիմոթեոս վարդապետը, Հովհաննես Կոզեռնը, Պողոս, Հովսեփ եւ Հովհաննես վարդապետները, Գեւորգ Թամռեցի դպրապետը, Պարկճակ վարդապետը, որոնց նշանակալից մասը ծանոթ չէր Հայոց պատմությանը: Սակայն չպետք է տարակուսել, որ նրանք իրոք նշանավոր էին հայ իրականության մեջ, ազգասեր գիտուններ, որոնք անհաղթներ են կոչվում եւ հայոց հավատքի անընկճելի ջատագովներ: