(1019-1058)
Կաթողիկոսական գործերից հեռացած Սարգիս Սեւանցի կաթողիկոսի եւ Հայոց Գագիկ Ա թագավորի ընտրությունը կանգ առավ Պետրոս եպիսկոպոսի վրա: Չնայած տեղեկություններ չեն պահպանվել, անշուշտ, կաթողիկոսի ընտրությունը կատարվեց եպիսկոպոսական ժողովի կողմից: Նրա նախորդող գործունեությունը հայտնի չէ, աղբյուները չեն հիշատակում ծննդավայրը կամ էլ ներկայացնում դրա հետ կապված որեւէ մականուն: Ընդունված է կարծել, որ նա եղել է Խաչիկ Արշարունու եղբայրը կամ էլ Անանիա Մոկացի կաթողիկոսի քեռորդին, թեպետեւ աղբյուրներում այդ մասին ոչինչ չի ասվում: Խաչիկ Արշարունու ընտրությունը, սակայն, եղել է 973-ին, իսկ Պետրոսինը՝ 1019-ին, հետեւաբար 50-ամյա տարբերությունը նրանց միջեւ, քանի որ երկուսն էլ կաթողիկոսական աթոռին հաստատվեցին հասուն տարիքում, գործնականում անհնարին է դարձնում նրանց միջեւ եղբայրական ազգակցությունը, պետք է համաձայնել Մ. Օրմանյանի հետ, թե Պետրոսը հավանաբար Խաչիկ Արշարունու եղբորորդին է եղել: Անտարակույս եղել է կաթողիկոսարանին մոտ կանգնած անձնավորություն, ստացել է բարձր կրթություն եւ համարվել իր ժամանակի առավել գիտուն մարդկանցից մեկը: Նրա հասցեին մեծ գովեստներ է շռայլել Գրիգոր Մագիստրոսը՝ միաժամանակ ակնարկելով նրա քաջատեղյակությունը հելլեն քերթողների, իմաստունների եւ Եկեղեցու հայրերի երկերին:
Մ. Օրմանյանը, ըստ այդմ, հակված է ենթադրելու, որ Պետրոսը հունական կանոնավոր կրթություն է ստացել, իսկ հայտնվելով կաթողիկոսարանում՝ ակտիվորեն մասնակցել է եկեղեցական եւ պետական ու ազգային գործերին: Սարգիս կաթողիկոսի առաջացած տարիքում, ամենայն հավանականությամբ, եղել է նրա օգնականն ու մտերիմը, որը եւ նրան հնարավորություն տվեց բարձրանալու հայրապետական աթոռ: Նախորդ կաթողիկոսի կենդանության օրոք հայրապետ ձեռնադրվելը էապես տարբերվում էր օգնականի կամ աթոռակցի կարգավիճակից, որը տեղ գտավ Պետրոսի օրոք եւ հետագայում սովորական երեւույթ դարձավ:
Պետրոսի աթոռակալությունը համընկավ անհանգիստ ժամանակների հետ: Գագիկ Ա թագավորը, որ հզոր տիրակալ էր, կարողացել էր Անիի թագավորությունը դարձնել ընդարձակ ու ուժեղ պետություն: Հայ Բագրատունիների մեջ նա վերջինն էր, որ իրավամբ կրում էր «Թագաւոր Հայոց եւ Վրաց» տիտղոսը, այսինքն՝ հայադավանների ու վրացադավանների արքա, եւ իր քաղաքական գերիշխանության կամ էլ ազդեցության ներքո ուներ Այսրկովկասյան թագավորությունների ու իշխանությունների մեծ մասը: Գագիկ Ա-ն մահացավ 1020 թվականին, երբ նորօծյալ հայրապետի աթոռակալության մեկ տարին չէր էլ բոլորել: Նրան հաջորդեց նրա անդրանիկ որդի Սմբատը, որ հայտնի էր նաեւ Հովհաննես անունով: Արիստակես Լաստիվերտցին նրան որակում է որպես ծանրամարմին, տարտամ ու հեղգ, թուլամորթ ու պատերազմական գործերում անվարժ, չնայած հետեւելով ինչ-ինչ անձանց՝ նշում է նրա իմաստուն լինելը: Եվ ընդհակառակը՝ Գագիկի կրտսեր որդի Աշոտը պատմիչի կողմից ներկայացվում է մարմնով գեղեցիկ, քաջասիրտ ու պատերազմասեր: Մատթեոս Ուռհայեցին նրա մասին գրում է, թե «այր քաջ էր, անպարտելի եւ յաղթող ի պատերազմուն»: Հասկանալի է, որ նրա վերոհիշյալ արժանիքները ստեղծեցին համակիրների բանակ, եւ Աշոտը փորձեց գահից զրկել Սմբատ-Հովհաննեսին եւ տիրել Անիի թագավորությանը: Նա բնավ մտադիր չէր բավարարվել իրեն հատկացված երկրամասի կառավարչությամբ:
Իր նպատակներին հասնելու համար Աշոտը դիմեց Վասպուրականի թագավոր Սենեքերիմի օժանդակությանը եւ այդ նպատակով անգամ Վան գնաց: Այնտեղից էլ անցավ Բաղդադի խալիֆայություն՝ դրամական նպաստ ստանալով խալիֆից: Վերադառնալիս ուխտի եկավ Վարագա Սբ Նշան եւ թանկարժեք քարերով ու մարգարիտներով զարդարված ոսկի պահարան նվիրեց վանքին: Օգնական զորամասեր ստանալով Սենեքերիմից՝ նա հարձակվեց եղբոր վրա՝ ավարի ենթարկելով Անի մայրաքաղաքի շրջակայքը եւ բազում այլ վայրեր:
Պետրոս կաթողիկոսը պաշտպանեց Սմբատ-Հովհաննեսի իրավունքները, որն ինչ-որ տեղ ծառայեց բյուզանդական ազդեցության ուժեղացմանը: Հետագա նրա ողջ գործունեությունը բացահայտեց Հայոց կաթողիկոսի բյուզանդական քաղաքական շահերի պաշտպան լինելը, ինչը նրան հասցրեց մինչեւ անգամ սեփական երկրի դեմ գործելու: Եվ եթե Անիի թագավորը հակված էր դեպի Բյուզանդական կայսրությունը, ապա նրա եղբայր Աշոտը հակաբյուզանդական գործելակերպ ընտրեց՝ բացահայտ դիմելով խալիֆայության օգնությանը: Պատերազմական գործողությունները եղբայրների միջեւ սկսվեցին, սակայն Սմբատ-Հովհաննեսը, լինելով անհմուտ ու անվարժ պատերազմական գործերի մեջ, շարունակում էր ապավինել Անիի ամրություններին: Եվ քանի որ հարեւաններին ավելի ձեռք էր տալիս անգործունյա թագավորը, քան նրա պատերազմասեր եղբայր Աշոտը, վրաց թագավոր Գուրգենը որոշակիորեն բռնեց Սմբատ-Հովհաննեսի կողմը եւ անգամ դեսպանի բերանով հոխորտաց, որ կգա կձերբակալի Աշոտին եւ կհանձնի Հայոց թագավորին:
Սակայն երբ գործը հասավ պատերազմական գործողություններին, Աշոտը, պողպատյա թրով ճեղքելով վրաց թագավորի զրահը, ծանր վիրավորեց Գուրգենին եւ փախուստի մատնեց իր եղբոր եւ վրաց թագավորի օժանդակ զորամասերը: Աշոտի զորքերը հասան Անի, որը պատրաստ էր անձնատուր լինելու, սակայն հայոց մեծամեծները՝ Վասակ եւ Վահրամ Պահլավունի իշխանները, Կարսի Աբաս, Վրաց Գուրգեն եւ Ափխազաց Գեւորգ թագավորները միաբանվեցին Անիի թագավորի հետ, եւ վերջինս Պետրոս կաթողիկոսի գլխավորությամբ արքունիքի գլխավոր իշխաններին ուղարկեց Աշոտի մոտ՝ հաշտություն կնքելու առաջարկով, որով թագավորության լավագույն մասը հանձնվելու էր Աշոտին, Անին եւ թագավորական իրավունքը՝ Սմբատ-Հովհաննեսին՝ պայմանով, որ վերջինիս մահից հետո գահն անցնելու է Աշոտին:
Եղբոր եւ նրա դաշնակիցների միացյալ ուժի առջեւ հայտնվելով միայնակ՝ Աշոտը, որ թագավորելու էր իր մասնաբաժնում՝ որպես Աշոտ Դ, ստիպված եղավ հաշտվել եւ սպասել եղբոր մահվանը՝ շահնշահությանը տիրելու համար: Անշուշտ, Աշոտի դրդրումով նրա իշխաններից մեկն Ափխազաց թագավորի մոտ մեղադրեց Անիի թագավորին՝ իր Շատիկի բերդը գրավելու մեջ, եւ Ափխազաց թագավորը, զորք ուղարկելով Անի, գերի վերցրեց Սմբատ-Հովհաննեսին եւ կողոպտեց մայրաքաղաքի կաթողիկեն ու կաթողիկոսարանը՝ անարգելով անգամ օծյալ խաչերը: Շատ չանցած՝ ափխազները պարտություն կրեցին, եւ Սմբատ թագավորն ազատվեց՝ պարտավորվելով երեք բերդ որպես փրկագին հանձնել իր նախկին դաշնակցին եւ ներկա թշնամուն: Ավելորդ է ասել, որ Աշոտ Դ-ն ոչինչ չշահեց, իսկ երկիրն ասպատակվեց ու կողոպտվեց: Այս ձախողումից չհուսահատվելով՝ նա Թալինում հիվանդ ձեւացավ եւ եղբորը հրավիրեց իրեն տեսնելու:
Անիի թագավորը Թալին գալուն պես ձերբակալվեց եւ հանձնվեց Ապիրատ Պահլավունի իշխանին՝ սպանելու համար: Սակայն վերջինս թագավորին սպանելու փոխարեն տարավ Անի եւ բազմեցրեց գահին: Վախենալով, այնուամենայնիվ, թե՛ Սմբատի եւ թե՛ Աշոտի վրեժխնդրությունից՝ Ապիրատ իշխանն իր գնդով ծառայության անցավ Դվինի Աբուսահլ կամ Աբուսվար ամիրայի մոտ: Բանսարկություններն իրենց սեւ գործը կատարեցին, եւ Դվինի ամիրան, կասկածելով Ապիրատին, նրան սպանել տվեց: Ապիրատի զորավարներից Սարի իշխանը նրա ընտանիքին ու հեծելագունդը վերադարձրեց Սմբատի տիրույթները եւ հաստատեց հայրենի իշխանության մեջ: Նրա Վասակ որդին հետագայում փեսայացավ Մագիստրոսին:
Աշոտի ձեռնարկները, որոնցից երկիրը միայն տուժում էր, խորապես հեղինակազրկեցին նրան հայ իշխանների աչքում, եւ նա այս անգամ փորձում է դիմել բյուզանդական կայսեր օգնությանը: Կայսրն այդ ժամանակներում գտնվում էր արեւելյան պրովինցիաներում, եւ Աշոտ Դ-ն կամեցավ իր վրայից հեռացնել հակաբյուզանդական տիրակալի կասկածանքը, ազատվել կայսեր թշնամանքի առարկան դառնալուց եւ խաղաղաբար իշխել իր տիրույթներում: Դրանից հետո մինչեւ իր կյանքի վերջը նա այլեւս Անի ոտք չդրեց: Նրա հետագա գործունեության մասին գործնականում ոչինչ հայտնի չէ, չնայած նրան համարկրող Արիստակես Լաստիվերտցին գրում է, թե նա տիրեց բազում գավառների ու բերդերի եւ հզորացավ առավել, քան իր նախորդները:
Մինչ Արաբական խալիֆայությունը բռնել էր մայրամուտի ճանապարհը, տրոհվել բազմաթիվ ամիրայությունների, իսկ ամիրապետերը վերածվել խաղալիքի՝ իրենց պաշտոնյաների ձեռքում, Արեւելքում հայտնվեց մի նոր թշնամի՝ Սելջուկ-թուրքերի տերությունը, որն իր անունը ստացավ զորավար Սելջուկի անունից: Վերջինս, հաղթելով շրջակա ժողովուրդներին ու ցեղերին, ծավալվեց դեպի Պարսկաստան, ոչնչացրեց Ղազնեւինների պետությունը եւ ձեռնամուխ եղավ Առաջավոր Ասիայի երկրների նվաճմանը: Սելջուկյան հիմնական նվաճումները եղան Սելջուկի թոռան՝ Թողրուլի կամ Տուղրիլի օրոք, սակայն մինչ այդ էլ Հայաստանը ենթարկվեց սելջուկյան ասպատակությունների:
Դելումների արշավանքի ժամանակ առաջիններից մեկը զոհվեց Վասակ Պահլավունին, իսկ թշնամին հասավ մինչեւ Նիգ գավառ ու Բջնի բերդը: Գուժկան ստանալու թշնամու հարձակման մասին՝ Վասակ Պահլավունին մի ոչ մեծ գնդով՝ օգնական ունենալով Փիլիպե, Գորգ Չորտվանել եւ Քաջն-Միհրան իշխաններին, հարձակվում է թշնամիների վրա եւ սպանում խիզախությամբ աչքի ընկած եւ Յոթն Գայլ մականունը ստացած մի հսկա խափշիկ զինվորի՝ թրով երկու կես անելով նրա գլուխը: Դրանից ոգեւորված՝ հայերը ջախջախում են թշնամուն եւ հալածում ու հետապնդում նրա մնացորդներին: Հայերն էլ բավական զոհեր են տալիս, այդ թվում՝ Քաջն-Միհրանը կամ Էմրանը: Հաղթանակից հետո Վասակը գալիս է Արագածոտն գավառի Սերկեւլի լեռան մի քարանձավ եւ հանգստանում: Թշնամիներից մեկը, նրան տեսնելով, վերեւից մի խոշոր քար է նետում նրա վրա եւ սպանում՝ մթագնելով հայերի տարած փայլուն հաղթանակը: Վասակի որդին՝ Գրիգոր Մագիստրոսը, եղածը համարել է մարտիրոսություն:
Դրությունն ավելի բարդ էր Վասպուրականի թագավորությունում: Չկարողանալով դիմադրել օրավուր ուժգնացող սելջուկյան ասպատակություններին՝ Սենեքերիմ թագավորը որոշեց բյուզանդացիներին հանձնել իր թագավորությունը՝ փոխարենը ստանալով տիրույթներ կայսրության արեւելյան պրովինցիաներում:
Բանակցությունների համար Սենեքերիմը Կոստանդնուպոլիս ուղարկեց իր որդի Դավթին: Բարսեղ (Վասիլ) Բ կայսրը սիրով առաջարկն ընդունեց, որովհետեւ գործնականում կայսրության սահմաններն ընդարձակվում էին, իսկ Սենեքերիմին հանձնվելիք երկիրը, եթե անգամ թագավորություն էլ կոչվեր, լավագույն դեպքում կառավարության կարգավիճակ կունենար: Ծայրահեղ դեպքում, ինչպես եւ եղավ, ցանկացած ժամանակ կարող էին վերցնել հայերին տրված արտոնությունները: Կայսրը Սենեքերիմին հանձնեց Սեբաստիա քաղաքը եւ նրա շրջակա գավառները, որոնց մեջ էին նաեւ Լառիսա քաղաքը եւ բազմաթիվ բնակավայրեր: Ըստ Սամվել Անեցու՝ Սենեքերիմի ստացած երկիրը ներառել էր Սեբաստիա քաղաքն իր թեմերով:
Իսկ ի՞նչ հանձնեց բյուզանդացիներին Վասպուրականի թագավորը: Աղբյուրները հավաստում են, որ բյուզանդացիները ստացան 8 քաղաք, 72 ամրոց եւ 4000 գյուղ: Սակայն թագավորության 115 վանքերը, ինչպես հավաստում է Սամվել Անեցին, Սենեքերիմը բյուզանդացիներին չհանձնեց: Խնդիրը, անշուշտ, այն մասին չէ, թե վանքերը չանցան կայսրությանը, մի բան, որ անհնարին էր, այլ որ դրանք մնացին հայ վանականների ձեռքում: Գործարքը վավերացնելուց հետո Սենեքերիմը, վերցնելով իր հետ Դավիթ, Աբուսահլ, Ատոմ եւ Կոստանդին որդիներին, Դերենիկ, Գագիկ եւ Աշոտ եղբորորդիներին, իշխաններին, 14 հազար զինվորներին՝ իրենց ընտանիքներով, տեղափոխվեց Սեբաստիա՝ իր հետ տանելով նաեւ Վարագավանքի Սբ Նշանը: Սեբաստիայում նա դրա համար նոր վանք ու եկեղեցի կառուցեց՝ Սբ Նշան անունով: Գաղթողների թիվը կազմել է, թերեւս, 75-80 հազար մարդ, ուստի շատ կասկածելի է որոշ հեղինակների այն տեսակետը, թե Վասպուրականից գաղթել է 400 հազար մարդ: Նրան ուղեկցող ժողովրդի մի մասը հաստատվեց Ակնում եւ Արաբկիրում՝ Ակնում կառուցելով Նարեկա վանքը: Վասպուրականցիների գաղթը տեղի ունեցավ 1021 թվականին:
Առանց դժվարության տիրելով Վասպուրականին՝ Բարսեղ (Վասիլ) Բ կայսրը կրկին ուղեւորվեց Արեւելք՝ ամրացնելու համար կայսրության հյուսիսարեւելյան սահմանները: Նա սկզբում ժամանեց Կարնո ընդարձակ դաշտ եւ պահանջեց, որ Ափխազաց Գեւորգ թագավորը գա եւ հնազանդվի իրեն: Սակայն ափխազները չենթարկվեցին, իսկ վրաց Գուրգեն թագավորը Լիպարիտ իշխանի գլխավորությամբ օգնական ուժեր ուղարկեց Գեւորգ թագավորին: Ոչնչի չհասնելով՝ կայսրն ավերեց Բասենի Օկամի բերդը եւ ասպատակեց շրջակայքը, իսկ Ափխազաց թագավորը, հարմար պահ ընտրելով, հարձակվեց Ուղթիսի վրա եւ ավերեց ու այրեց այն: Դրա վրա խիստ զայրացած՝ կայսրը հարձակվեց Ափխազների վրա, ավերեց ու կողոպտեց այն՝ չխնայելով ո՛չ ծերերին, ո՛չ երիտասարդներին եւ ո՛չ էլ կանանց ու երեխաներին: Արիստակես Լաստիվերտցին, որ շատ մռայլ գույներով է ներկայացնում կայսեր արշավանքների հետեւանքները, ահավոր կոտորածները, դրանք համարում է աստվածային պատիժ՝ Անիի խաչերն անարգելու համար:
Կայսրը կամեցավ գրավել նաեւ հայկական մյուս թագավորությունները: Նիկեփորոս Կոմիանոս կամ Կոմնենոս պատրիկին որպես կուսակալ ուղարկելով Վասպուրական՝ նա Հայոց թագավորներից պահանջեց Անին եւ Կարսը: Հայտնի չէ, թե ինչպես, բայց Կարսի Աբաս թագավորը հմտորեն իր գործերը կարգավորեց, իսկ Սմբատ-Հովհաննեսը, որ դեռեւս գտնվում էր Վասպուրականի փոխանակության ուժեղ ազդեցության ներքո, որոշեց բյուզանդացիների պաշտպանությամբ իր կյանքի վերջին տարիները խաղաղ անցկացնել՝ վաճառելով իր պետությունն ու ազգը: Մինուճար տղան մահացել էր, եւ վրեժխնդրությունից դրդված՝ վճռեց անօգուտ դարձնել իր մահից հետո Անին Աշոտ Դ-ին հանձնելու եւ վերջինիս Հայոց թագավոր ճանաչելու պայմանը: Շատ հնարավոր է, որ թագավորին այս հարցում քաջալերեց Պետրոս կաթողիկոսը, եւ ինքն էլ մեկնեց կայսեր հետ բանակցելու: Հենց այդ ժամանակ էլ, ըստ Լաստիվերտցու տեղեկության, մահացավ կաթողիկոսական գործերից հեռացած Սարգիս Սեւանցին:
Կայսրը 1022 թվի ձմռանը գտնվում էր Տրապիզոնում, երբ բանակցելու համար նրա մոտ եկավ Պետրոս կաթողիկոսը: Հանդիպումը կայացավ Աստվածահայտնության մեծ տոնի օրերին՝ մոտավորապես դեկտեմբերի կեսերին կամ վերջերին: Բարսեղ (Վասիլ) Բ-ն ուրախությամբ ընդունեց Սմբատ-Հովհաննես թագավորի առաջարկը՝ իր մահից հետո Անին ու թագավորությունը նրան հանձնելու մասին եւ մեծապես պատվեց Պետրոս կաթողիկոսին, որն Անիի գահակալի անունից ձեւակերպեց կտակը: Տարակույս չկա, որ փաստաթղթի օրինականությունն ապահովելու համար կաթողիկոսն իր հետ վերցրել էր թագավորի կնիքը: Միակ պահանջը, որ դնում էր Սմբատը կայսեր առաջ, դա նրան իր նեղիչներից պաշտպանելն էր: Կայսրը միանվագ կամ տարեկան նպաստ ստացավ: Արիստակես Լաստիվերտցու խոսքերով՝ «Անդ (Տրապիզոնում - Բ. Հ.) եղեւ Հայոց կորստեան գիր եւ նամակ»:
Տրապիզոնում կաթողիկոսի մասնակցությամբ տեղի ունեցավ ջրօրհնեքի հանդեսը: Կտակն ստանալուց խիստ ուրախացած՝ կայսրը, մի կողմ դնելով դավանաբանական խնդիրները, հայոց Աստվածահայտնության ու հունաց Մկրտության տոնի օրը ջրօրհնեքի արարողության կատարումը հանձնեց Հայոց կաթողիկոսին, որը տեղի ունեցավ 1023 թվի հունվարի 6-ին՝ կիրակի օրը: Ջրօրհնեքի հունաց հանդիսություններին մասնակցեց նաեւ Հովհաննես Կոզեռնը, որն ազգային դավաճանության մեջ չի մեղադրվում, հետեւաբար պետք է կարծել, որ նա բանակցություններին չի մասնակցել: Տոնահանդեսը կատարվեց ներկայումս Մաչկա կոչվող գետակի վրա, որը Տրապիզոնի մոտ թափվում է Սեւ ծով:
Պետրոս կաթողիկոսը կայսեր կարգադրությամբ ջուրն օրհնեց ըստ հայոց ծեսի, իսկ հույն եպիսկոպոսները՝ ըստ իրենց ծեսի: Ավելին, կայսրը թույլատրեց, որ Հայոց կաթողիկոսը եւ նրան ուղեկցողներն ավելի բարձր տեղում կանգնեն, քան հունաց կամ բյուզանդական հոգեւորականությունը: Այս հանգամանքը, որ հայ հեղինակները համարում են առանձնահատուկ շնորհ, Կիրակոս Գանձակեցու հաղորդմամբ՝ պայմանավորված էր նրանով, որ հույները հայոց օրհնությունը համարում էին թերի եւ ներքեւում գտնվելով՝ հայերի օրհնածը կկարողանային նորից օրհնել:
Այսպես թե այնպես, երկու կողմն էլ գոհ էր: Հայերն իրենց դիրքի համար, իսկ հույները՝ իբր հայերի՝ ջրօրհնեքի թերակատարությունը վերացնելու հնարավորության համար: Այսուհանդերձ, անգամ Կիրակոս Գանձակեցին, անդրադառնալով ջրօրհնեքի հանդեսին եւ տեղի ունեցած սքանչելիքներին, գրում է, թե հայերին տրված այդ պատվի համար բոլոր հույները ամոթահարվեցին եւ ակամա գովում էին հայերի հավատը:
Ջրօրհնեքի ժամանակ իբրեւ թե տեղի է ունեցել գետադարձության հրաշքը, որի մասին, սակայն, Լաստիվերտցին ոչինչ չի հայտնում: Ըստ նրա եւ Վարդան պատմիչի՝ Պետրոս կաթողիկոսի կողմից տերունական յուղը գետի ջրերի մեջ հեղելուց հետո ջրերից հանկարծակի լույսի ճառագայթներ երեւացին, որ բոլորը տեսան եւ փառավորեցին Աստծուն, իսկ հայերի հավատը խիստ գովեստի արժանացավ ու բարձրացավ: Այլ խոսքով՝ մյուռոնը գետը լցնելու ժամանակ ջրի երեսին փայլուն պղպջակներ են երեւացել եւ արեւի պայծառ ճառագայթների ներքո դարձել են տեսանելի, որը նախապաշարված հույն ռամիկների վրա մեծ տպավորություն է թողել, ինչպես հակված է կարծելու Մ. Օրմանյանը:
Սակայն հետագա հեղինակների մոտ արդեն հրաշագործությունը լույսի ճառագայթներով չի սահմանափակվում: Սամվել Անեցին գրում է, թե Պետրոս կաթողիկոսը կանգնեցրեց գետը՝ ամենազոր սուրբ Նշանի հրաշքով, իսկ Սմբատ պատմիչը նշում է, որ գետի ջրերի վրա սաստիկ հուր երեւաց, եւ ջուրը մի պահ կապվեց, այսինքն՝ արգելակվեց: Կիրակոս Գանձակեցին ավելի հեռուն է գնում՝ հայտարարելով, թե Պետրոս հայրապետի աղոթելով՝ գետի ջրերը ետ դարձան, եւ նրանից ուժեղ լույս ծագեց, որն արեւի ճառագայթներից ավելի ուժեղ էր: Դժվար չէ տեսնել, որ գետադարձության մասին առասպելը հայտնվել է ավելի ուշ: Կաթողիկոսը պատմիչների կողմից Գետադարձ չի կոչվել: Այդ մականունը նրան տրվել է շատ ավելի ուշ: Տրապիզոնի գետակի մոտակայքում՝ մի բարձրադիր վայրում, գտնվել է հայոց Սբ Ամենափրկիչ վանքը, որը Մ. Օրմանյանի կարծիքով, թերեւս, հիմնադրվել է Պետրոս կաթողիկոսի կողմից:
Հիանալի գիտակցելով իր հանցավոր արարքի մեծությունն ու աղետալի հետեւանքները՝ Պետրոս կաթողիկոսը, փոխանակ Անի վերադառնալու, գնաց Սեբաստիա եւ մի քանի տարի հյուրընկալվեց Սենեքերիմ թագավորի մոտ: Պատճառը, անշուշտ, այն էր, որ Տրապիզոնի կտակը կամ կորստյան գիրը ահավոր զայրացրել էր Անիի մեծամեծներին ու ժողովրդին, եւ կաթողիկոսը չհամարձակվեց վերադառնալ, իսկ կայսրն էլ ավելի հարմար գտավ, որ նա երկիր չվերադառնա եւ կրքերի պոռթկման առիթ չծառայի: Այդ առումով Սենեքերիմի «արքունիքը» հարմար վայր էր կաթողիկոսի հանգրվանելու համար, քանի որ հյուրընկալն արդեն իր թագավորությունը հանձնել էր կայսրությանը: Բյուզանդիայում կայսրից դժգոհ իշխանները, որոնց նա իր գահակալության շրջանում զրկել էր պատիվներից, միավորվելով կայսր հռչակեցին Նիկեփորոս Ծռվիզին:
Գագիկ Ա-ի որդիներ Սմբատ-Հովհաննեսը եւ Աշոտ Դ-ն մասնակցեցին այդ շարժմանը. առաջինը՝ կամենալով իրեն անմեղ ցույց տալ հայրենակիցների աչքում կատարված գործարքի համար, իսկ երկրորդը՝ պաշտպանելու համար իր իրավունքները Անիի նկատմամբ: Նիկեփորոսը Սենեքերիմին էլ առաջարկեց իրեն միանալ, սակայն նա գերադասեց հավատարիմ մնալ Բարսեղ (Վասիլ) Բ-ին: Ավելին, Սենեքերիմի որդի Դավիթը իբրեւ թե հավատարիմ օգնական ներկայացավ Նիկեփորոսին եւ հարմար պահ ընտրելով՝ նրան սպանեց, եւ գլուխը հատելով՝ բերեց կայսրին, որը նրան այդ ծառայության դիմաց հանձնեց Կեսարիան, Ծամնդավը եւ Խավարտանեքը՝ իրենց շրջակա գավառներով: Այլ խոսքով՝ հիշյալ տարածքները միացվեցին Սենեքերիմի տիրույթներին: Երբ խորանում ենք հարցի մանրամասների մեջ, կամա թե ակամա հանգում ենք այն մտքին, որ Սենեքերիմի որդի Դավիթն իր նենգավոր արարքը, ամենայն հավանականությամբ, կատարեց կայսեր հանձնարարությամբ, որը Սենեքերիմին հաղորդեց Պետրոս հայրապետը: Իսկ եթե այդպես է, ապա կաթողիկոսի՝ Սեբաստիայում հանգրվանելը նույնպես կատարվել է կայսեր հրահանգով:
Պետրոս կաթողիկոսը մի քանի տարի վայելեց Սենեքերիմ թագավորի հյուրընկալությունը, բայց ոչ այն ճոխությամբ, ինչպես ապրում էր Անիում: Ուռհայեցու հաղորդմամբ՝ նա ունեցել է 500 անվանի գյուղեր, իսկ հայրապետի տանը գտնվել են 12 եպիսկոպոս, 4 վարդապետ, 60 կուսակրոն քահանա եւ 500 ամուսնացած երեց: Պատմիչի խոսքերով՝ կաթողիկոսական աթոռը «չէր նուաստ .... քան զթագաւորութեանն Հայոց»: Անկախ բերված թվերի իրական կամ ոչ իրական լինելուց, տարակույս չկա, որ Պետրոս կաթողիկոսը թագավորության ամենահարուստ մարդկանցից մեկն էր, որը կգերադասեր Անիի կաթողիկոսարանը Սեբաստիայի պատվավոր աքսորից: Բարսեղ (Վասիլ) Բ կայսեր եւ Սենեքերիմ թագավորի մահից հետո՝ հավանաբար 1026 թվին, կաթողիկոսը վերադարձավ Անի, որտեղ կրքերը նախկինի պես գրգռված չէին:
Բարսեղ (Վասիլ) Բ-ն իշխեց 50 տարի եւ հռչակվեց իր մղած հաղթական կռիվներով: Նրան հաջորդեց նրա եղբայր եւ գահակից Կոստանդին Թ-ն, որին, եթե հավատանք Սմբատ պատմիչին, նա հանձնեց հայերի պաշտպանությանը: Կոստանդինը կառավարեց խաղաղությամբ՝ իրեն հեռու պահելով պատերազմական գործերից, սակայն ընդամենը՝ երեք տարի: Նրա օրոք ապստամբեց Վասպուրականի կուսակալ Կոմիանոսը, որն իր իսկ կողմնակիցներից ձերբակալվելով՝ սկզբում ներման արժանացավ կայսեր կողմից, սակայն մեկ տարի անց պատժվեց, եւ Վասպուրական ուղարկվեցին Նիկիտոս եւ Սիմեոն ներքինիները: Թե որքանով է ճիշտ, դժվար է ասել: Ըստ Լաստիվերտցու՝ Կոստանդին Թ կայսրը մահվանից առաջ կամեցավ Սմբատ-Հովհաննեսին վերադարձնել կտակը: Մենք հակված ենք այդ տեղեկությանը վստահելու, քանի որ շատ հաճախ, տարիքի հետ կապված, մարդկանց ազգային զգացումները մի տեսակ արթնանում են, եւ նրանք փորձում են իրենց հայրենիքի համար մի լավ բան անել: Այդ անելու համար կայսրը հայ հոգեւորականներից կաթողիկոսարանի հյուրատես Կիրակոս երեցին է հանձնում կտակը՝ հանձնարարելով. «Տար զգիրդ եւ տուր ի թագաւորն Հայոց», որպեսզի որդվոց որդի իրենց մնա թագավորությունը: Վերջինս կտակը թագավորին չբերեց, այլ պահեց հետագայում դրանից օգտվելու նպատակով:
Պետրոս կաթողիկոսը վերադարձավ Անի Սենեքերիմ թագավորի մահից հետո, որը թաղվեց Վարագա վանքում: 1026-1033 թթ. նրա գործունեությունը ոչնչով արժանահիշատակ չէ: Անիի թագավորը նրան հեռացրեց իրենից, եւ արքունիքում ազդեցիկ դիրք ստացավ Վեստ Սարգիսը, որը հայտնի է որպես բազմաթիվ բերդերի ու եկեղեցիների շինարար, որոնցից հականե-հանվանե հիշվում են Խծկոնքը եւ Ծառաքարը: Ոչ պակաս դիրք ձեռք բերեց Վասակ Պահլավունու որդի Գրիգոր Մագիստրոսը, չնայած դեռ կենդանի էր նրա հորեղբայրը՝ զորավար Վահրամ Պահլավունին: 1029 թվին մահացավ Կարսի թագավոր Աբասը, որին հաջորդեց նրա որդին՝ Գագիկը: Վրացիների եւ ափխազների վրա իշխող Գեւորգի որդի Բագարատը բավական ամրապնդեց իր դիրքերը, իսկ Աշոտ Դ-ն, որ իշխում էր Անիի թագավորության արտաքին աշխարհին, սպասում էր իր եղբոր մահվանը:
Բավական ուժեղացել էր Լոռվա թագավորությունը, որտեղ իշխում էր Գագիկ Ա-ի եղբայր Գուրգենի որդի Դավիթ Անհողինը: 1033 թ. օգոստոսի 10-ին տեղի ունեցավ արեւի լրիվ խավարում, որը սարսափի մատնեց մարդկանց եւ մեծամեծ չարիքների կանխանշան համարվեց: Պետրոս կաթողիկոսը եւ Սմբատ-Հովհաննես թագավորը անգամ հատուկ պատվիրակություն ուղարկեցին Հովհաննես Կոզեռն վարդապետի մոտ՝ իմանալու համար նրա մեծ նշանի մեկնությունը: Պատվիրակության մեջ էին Վեստ Սարգիսը կամ Սարգիս Հայկազնը եւ Գրիգոր Պահլավունին: Պատվիրակությունը վարդապետին գտավ մեծ վշտի, մտածմունքների եւ լացուկոծի մեջ: Մի քանի ժամ պատվիրակներին սպասեցնելուց հետո նա պատգամախոսի ոճով հայտարարեց, որ մարդկանց չարաչար վարքը շարժել է երկնքի բարկությունը, եւ Հայտնության գրքի կանխատեսությունն իրականացել է: Սատանան իր կապանքներից ազատվել է, քանի որ Քրիստոսի մահից հետո անցել է 1000 տարի: Իր խոսքի մեջ նա ամբաստանական արտահայտություններ թույլ տվեց կաթողիկոսի հասցեին՝ առանց անունը հիշելու:
Արեւի խավարումը եւ Կոզեռնի մեկնությունը խիստ ծանրացրին Պետրոս կաթողիկոսի դրությունն Անիում: Անգամ Սմբատ-Հովհաննեսը գժտվեց նրա հետ եւ քինով էր վերաբերվում նրան: Թագավորի եւ իշխանների վրա խիստ զայրացած կաթողիկոսը գաղտնի ուղեւորվեց Վասպուրական եւ բնակություն հաստատեց Սալնապատի Ձորավանքում: Հայոց հայրապետը պարզապես մերժված էր հասարակության կողմից, եւ նրան այլ բան չէր մնում, քան թողնել Անին, ուստի ոչ մի հիմք չունի Մատթեոս Ուռհայեցու մոտ պահպանված այն տեղեկությունը, թե նա թողեց հայրապետանոցն ու Անին, քանի որ թագավորն ու նախարարները եւ հայոց ազատագունդ զորքը չէին լսում նրա աստվածային պատվիրանները: Արդեն Կոզեռնի բնութագրումները կասկած չեն թողնում, որ կաթողիկոսն առանձին նախանձախնդրություն չուներ աստվածային պատվիրանների հարցում, արծաթասեր էր եւ ընչասեր: Արդեն հայրապետանոցը գաղտնաբար լքելը նրան լավ չի բնութագրում: Եթե պատճառը աստվածային պատվիրաններին՝ թագավորի եւ իշխանների ունկնդիր չլինելն էր, ապա նա կարող էր հրապարակավ բոլորին հանդիմանել եւ հեռանալ թագավորության մերձակա վանքերից մեկը: Սակայն նա հեռանում է բյուզանդական տիրույթներ, հաստատվում է Ձորավանքում, որը Գեւորգ Գառնեցու եւ Հովհաննես Դրասխանակերտցու ժամանակներից կաթողիկոսանիստ էր, եւ անգամ գահակալությունից հետո այնտեղ էր ապավինել Վահան Սյունին: Այսպես թե այնպես, գնալով Ձորավանք՝ նա ապավինեց Բյուզանդական կայսրության եւ նրա կուսակալի պաշտպանությանը:
Պետրոս կաթողիկոսին չէր կարելի մեղադրել միայն մի հարցում: Դավանաբանական հարցերում նա երբեք զիջումների չգնաց: Վասպուրականում նա մնաց չորս տարի, եւ այդ ընթացքում թագավորը եւ իշխանները փորձեցին նրան համոզելով ետ վերադարձնել, սակայն նա, հիանալի հասկանալով, որ վերադարձին հետեւելու են պատիժը եւ գահընկեցությունը, հրաժարվեց վերադառնալուց: Եվ իրոք միտք կար նրան աթոռազուրկ անելու, սակայն կաթողիկոսի Վասպուրականում գտնվելը հղի էր Եկեղեցու տրոհման վտանգով, որովհետեւ բյուզանդական իշխանությունները, օգտվելով դրանից, նրան կդարձնեին կայսրության մեջ մտնող հայկական հողերի կաթողիկոս: Ի վերջո, Վասպուրականի կուսակալի օգնությամբ Պետրոս կաթողիկոսը 1037 թվին բռնությամբ բերվեց Անի: Այլ տեղեկությունների համաձայն՝ նա ի վերջո համաձայնվեց վերադառնալ Անի եւ տեղ հասնելուն պես ձերբակալվեց թագավորի հրամանով:
Նրան բանտարկեցին Բջնիի բերդում՝ հանձնելով Պահլավունիների հսկողությանը: Կաթողիկոսին աթոռազուրկ արին եւ հայրապետական աթոռ բարձրացրին Սանահնի վանքի առաջնորդ Դիոսկորոսին: Պետրոսը բանտում մնաց մեկ տարի եւ հինգ ամիս, իսկ Դիոսկորոսը հովվապետեց մեկ տարի երկու ամիս, այլ խոսքով՝ նոր կաթողիկոսի ընտրությունը կատարվեց երեք ամսվա ընթացքում՝ 1037 թվականի նոյեմբերին: Թե՛ առաջինի աթոռակալությունը եւ թե՛ երկրորդի գահակալությունը կանոնական օրինականություն չունեին, ուստի եւ Մ. Օրմանյանը Դիոսկորոսին չի մտցնում գավազանագրքի մեջ: Պատճառն այն է, որ եկեղեցական ժողովը չէ, որ Պետրոսին աթոռազուրկ արեց, ինչպես սովորաբար արվում էր: Քանի որ աթոռակալությունն օրինական չէր, Դիոսկորոսի ձեռնադրությանը եպիսկոպոսներն ու քահանաները եւ վանահայրերը չժողովվեցին, եւ նրա անունը չհիշատակվեց արարողությունների ժամանակ: Անտարակույս է, որ ձեռնադրությանը բավարար թվով եպիսկոպոսներ մասնակցեցին, սակայն եպիսկոպոսների մեծ մասը դիմադրեց: Կամենալով իր դիրքերն ամրապնդել՝ Դիոսկորոսը բազմաթիվ հոգեւորականների եպիսկոպոս ձեռնադրեց, այդ թվում՝ անարժանների՝ առաջ բերելով մեծ դժգոհություն: Պետրոս կաթողիկոսն էլ կարողացավ իր կողմնակից եպիսկոպոսների եւ վարդապետների միջոցով նզովել թագավորին եւ նախարարներին: Հասկանալի է, որ Դիոսկորոսն էլ իր կարգին Պետրոսի կողմնակից եպիսկոպոսներին արձակված հռչակեց: Դիոսկորոսի մասին աղբյուրներն ընդհանրապես լավ են արտահայտվում՝ համարելով «այր սուրբ եւ առաքինի»:
Պետրոսին աթոռազուրկ անելով՝ թագավորն ու իշխաններն առանձնապես չշահեցին: Ներքին կացությունը խառնվեց, եպիսկոպոսները դժգոհեցին, ժողովուրդը գրգռվեց, եւ արքունիքը ստիպված եղավ Պետրոսին վերադարձնել կաթողիկոսական աթոռին: Այդ խնդրում, թերեւս, կարեւոր դեր խաղաց Գրիգոր Մագիստրոսը: Այն իրադրությունը, որ կաթողիկոսը բանտարկվեց Բջնիի ամրոցում եւ հանձնվեց Պահլավունիների հսկողությանը, ցույց է տալիս, որ Գրիգոր Մագիստրոսը նրա գլխավոր հակառակորդներից էր: Սակայն, որքան էլ տարօրինակ լինի, բանտարկյալի եւ բանտապահի անմիջական հարաբերություններն անջրպետը վերացրին, եւ նրանք մտերմացան: Դրան նպաստեց երկուսի էլ բարձր գիտնականությունը, որը փոխադարձ հարգանք ծնեց: Շատ հնարավոր է, որ շփումների ընթացքում կաթողիկոսը կարողացավ Մագիստրոսին եթե ոչ հունամոլ, ապա հունասեր դարձնել: Պետրոսի ազատ արձակմանը եւ վերստին կաթողիկոսելուն նպաստեց նաեւ Գրիգոր Մագիստրոսի կրտսեր հորեղբայր Տիգրան Աբլղարիբը, որն արքունիքում մարզպանի պաշտոն էր վարում եւ հետեւում էր ընտանիքի գլխավոր համարված Գրիգոր Պահլավունու բռնած գծին:
Սակայն, երբ արքունիքը Պետրոսին առաջարկեց վերադառնալ կաթողիկոսական աթոռին, նա երկար ժամանակ հրաժարվում էր՝ պահանջելով, որ այդ կատարվի ոչ թե թագավորի կամքով, այլ եպիսկոպոսական ժողովով: Ստիպված եղան դրան էլ ընդառաջ գնալ: Ժողովը, որ հրավիրվեց 1038 թվի վերջերին, գլխավորեց այսպես կոչված Աղվանից կաթողիկոս Հովսեփը: Որոշվեց, որ Պետրոսի աթոռազրկությունը եղել է անօրինական, եւ պետք է նրան վերականգնել հայրապետական աթոռին: Ժողովի որոշումից հետո հասարակ ժողովուրդը հարձակվեց Դիոսկորոսի վրա եւ անարգանքով դուրս հանեց քաղաքից: Այդ կատարվեց 1039 թ. հունվարի 6-ին կամ հայոց 487 թ. մարգաց ամսի 1-ին՝ շաբաթ օրը: Եպիսկոպոսական ժողովը Դիոսկորոսի ձեռնադրյալներին բանադրեց՝ զրկելով քահանայական կարգից, իսկ անարգված ապօրինի կաթողիկոսը տրտմությամբ վերադարձավ Սանահնի վանք եւ կնքելով իր մահկանացուն՝ որպես նշանավոր անձ՝ թաղվեց եկեղեցու հարեւանությամբ: Հետագայում, երբ երկիրը մեծ փորձություններ ապրեց, անեցիները կարծում էին, որ պատճառը Դիոսկորոսին անարգելն էր: Այդ պատճառով, երբ Գրիգոր Տուտեորդին Սանահնի վանահայրն էր, մի քարակոփ ուղարկեցին Սանահին, որ գաղտնի բերի Դիոսկորոսի նշխարներից՝ Անիին թողություն տալու համար: Քարակոփը չի հանդգնում այդ անել, իսկ Տուտեորդին, որին դիմում է քարակոփը, խորհուրդ է տալիս անեցիներին գալ Սանահին եւ թողություն խնդրել նրա նշխարներից: Սակայն դա հանդիպում է դժվարությունների եւ այնուհետեւ ընդհանրապես խափանվում:
Պետրոսի վերադարձը հայրապետանոց, ինչպես իրավացիորեն նշում է Մ. Օրմանյանը, ոչ այնքան նրա անձնական, որքան, ինչքան էլ ցավալի լինի, նրա քաղաքական գծի հաղթանակն էր: Իրականում նրա հեղինակությունը խիստ ընկել էր Անիում, եւ նա ստիպված էր եղել երեք տարով անցնել Սեբաստիա, այնուհետեւ Վասպուրական, որտեղ նա չորս տարի ապավինել էր բյուզանդացիների պաշտպանությանը: Սակայն, դժբախտաբար, նրա քաղաքական ուղղությանը հարեցին Գրիգոր Պահլավունին եւ Վեստ Սարգիսը՝ դրանով իսկ նոր ուժ հաղորդելով Պետրոս Գետադարձին: Եպիսկոպոսական դասը, լոկ հետապնդելով Հայոց Եկեղեցու կանոնակարգի պաշտպանությունը, պաշտպանեց կաթողիկոս Պետրոս Գետադարձին եւ փաստորեն դրանով իսկ նրան գործակից դարձավ Անին վաճառելու մեջ:
Պետրոս Գետադարձը վերստին հովվապետեց հավանաբար 1039 թվականի սկզբներից, եւ նրա հովվապետության առաջին մի քանի տարիները խաղաղ անցան: Պետությունը հայտնվեց վերը հիշված ազդեցիկ մարդկանց ձեռքում, իսկ Հովհաննես-Սմբատ թագավորը գործնականում կորցրեց իր հեղինակությունը: Նրա եղբայր Աշոտ Դ-ն, որ օրեր էր հաշվում գահին տիրանալու համար՝ սպասելով եղբոր մահվանը, գիտակցելով հիշյալ ազդեցիկ անձանց դերն իր հնարավոր գահակալության դեպքում, նույնպես միացավ նրանց: Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, ուրբաթն ավելի շուտ եկավ, քան շաբաթը: Աշոտ Դ-ն մահացավ Հովհաննես-Սմբատից առաջ՝ հավանաբար 1041 թվի վերջերին: Շատ չանցած՝ 1042 թվականին, մահացավ նաեւ Հովհաննես-Սմբատը, որը ժառանգներ չուներ: Գահի օրինական ժառանգորդ դարձավ Աշոտ Դ-ի 15-ամյա որդին՝ Գագիկը, որը, սակայն ի վիճակի չէր իր ժառանգական իրավունքները պաշտպանել: Եվ այդ բարդ պայմաններում երկիրը հայտնվեց անիշխանության մեջ:
Չնայած տրապիզոնյան բանակցություններից եւ Անիի կտակից հետո շուրջ երկու տասնյակ տարիներ էին անցել, բյուզանդական արքունիքն անմիջապես հիշեց կտակի մասին: Իսկ մինչ այդ դեպքերը զարգացան հետեւյալ ձեւով: 1028 թվին կայսերական գահ բարձրացավ Ռոմանոս Գ Արկիրոսը, որը, լինելով Կոստանդին Թ կայսեր փեսան, ամուսնանալով նրա դուստր Զոյիի հետ՝ ստացել էր կայսերական իշխանությունը: Լինելով ապաշնորհ զինվորական եւ քաղկեդոնականության ջերմ ջատագով՝ նա պատերազմներ մղեց արաբների դեմ, հալածեց Սեւ լեռան միայնակեցներին եւ Ասորվոց եպիսկոպոսին, սակայն Հալեպում եւ Ուռհայում կրած ծանր պարտությունների հետեւանքով վերադառնալով Կոստանդնուպոլիս՝ դավադրության զոհ դարձավ: Դավադիրները նրա կնոջ՝ Զոյիի կամակցությամբ նրան խեղդեցին բաղնիքում 1034 թ. ապրիլի 11-ին: Զոյի կայսրուհին ամուսնացավ իր հոմանու հետ, որը գահ բարձրացավ Միքայել Դ Պափլագոն անունով: Սակայն արտաքին քաղաքանության հարցերում նա իր նախորդներից առանձնապես հաջողակ չեղավ:
Ինչպես հաղորդում է Արիստակես պատմիչը, նրա օրոք բյուզանդական զորքը խայտառակ պարտություն կրեց Արճակի մոտ: Սակայն հաջորդ տարին ավելի հաջող եղավ բյուզանդացիների համար, որոնց զորքերը ետ մղեցին Պարսկաստանից արշավող սելջուկ-թուրքերին եւ իրենց տիրապետության տակ պահեցին Վասպուրականը: Արիստակես Լաստիվերտցու համաձայն՝ Կոստանդին Թ կայսրը, որն ազգությամբ հայ էր, մահվան մահճում հիշել էր իր հայ լինելը եւ Հայոց կաթողիկոսարանի հյուրընկալ կամ հյուրատես Կիրակոս երեցի միջոցով որոշել էր հատուկ նամակով Հովհաննես-Սմբատ թագավորին վերադարձնել Անիի կտակը: Պատմիչի խոսքերով՝ նա նամակը թագավորին չէր հանձնել ու պահել էր իր մոտ մինչեւ Միքայել Դ կայսեր գահ բարձրանալը:
Այժմ նա ներկայանում է կայսրին ու մեծ գումարով նրան վաճառում նամակն ու Անիի կտակը: Մ. Օրմանյանի կարծիքով՝ հավանաբար տասը տարի էր անցել նամակը ստանալու օրվանից, եւ հազիվ թե հայրապետանոցի հյուրընկալն այդքան ժամանակ գտնվեր Բյուզանդիայի մայրաքաղաքում: Համաձայն նրա՝ նշված ժամանակամիջոցը համապատասխանում է Պետրոս Գետադարձի՝ Անիում ունեցած հակառակությունների, Ձորավանքում առանձնանալու եւ Բջնիում բանտարկվելու ժամանակներին: Հետեւաբար, ենթադրում է նա, որ Կիրակոս երեցը, լինելով Պետրոս Գետադարձի ենթական, նրան հաղորդել է նամակի մասին եւ նրա խորհրդով թագավորին չի հանձնել այդ կարեւոր փաստաթուղթը: Եվ որ շատ հնարավոր է՝ հենց կաթողիկոսի խորհրդով, որին խիստ զայրացրել էր թագավորի՝ իր նկատմամբ ունեցած վերաբերմունքը, Կիրակոս երեցը կրկին գնում է Կոստանդնուպոլիս եւ կայսերը վաճառում Անիի կտակը: Սա, անշուշտ, բացատրության փորձ է, եւ Մ. Օրմանյանը, շատ էլ վստահ չլինելով իր բացատրության անվերապահ հավաստիությանը, ընթերցողի դատին է թողել այն ընդունելը կամ չընդունելը:
Օգտվելով դրանից՝ մենք ներկայացնում ենք մեր տեսակետը: Անշուշտ, շատ կասկածելի է, որ պատմիչն ազգությամբ հայ Բարսեղ (Վասիլ) Բ կայսեր եղբայր Կոստանդին Թ-ին ներկայացրել է, փաստորեն, հայրենասիրության լույսով, քանի որ հայազգի կայսրները բյուզանդացիներից էլ ավելի բյուզանդամոլ էին դառնում, եւ ինչպես ասում են՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ: Այսուհանդերձ՝ դատելով մի անուղղակի ցուցումից, չի բացառվում, որ Կոստանդին Թ-ն ինչ-ինչ պատճառներով զարմանահրաշ բացառություն է կազմել եւ իրոք որոշել է հանձնել Անիի կտակը Կիրակոս երեցին՝ թագավորին հանձնելու համար: Այդ դեպքում հավաստին այն է, որ եթե Կիրակոս երեցը նամակը կտակի հետ թագավորին չհանձներ, ապա անպայման կտար Պետրոս Գետադարձին, որն էլ կա՛մ այն անպայման կպահեր իր մոտ, կա՛մ էլ թագավորի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու դեպքում կհանձներ հայոց արքային՝ ամրացնելու համար իր դիրքերը եւ վերադարձնելու համար իր կորսված հեղինակությունը:
Իրականում թագավորի եւ կաթողիկոսի հարաբերությունները չբարելավվեցին, եւ Պետրոս Գետադարձը նամակն ու Անիի կտակն իր մոտ պահեց: Ավելին, երբ այդ հարաբերություններն առավել քան սրվեցին, Պետրոս Գետադարձը, զայրացած, կրկին Կոստանդնուպոլիս առաքեց Կիրակոս երեցին, որը եւ մեծ գումարով այն վաճառեց Միքայել Դ Պափլագոնին: Ամեն ինչից երեւում է, որ գործարքը կատարվեց մինչեւ Հովհաննես-Սմբատ արքայի մահը: Ինչ խոսք, որ հերթական դավաճանության համար դրամի իր մեծաքանակ բաժինը ստացավ նաեւ կաթողիկոսը, չնայած պատմիչը միայն հիշում է Կիրակոս երեցին:
Միքայել Դ Պափլագոնին հաջորդեց նրա քեռորդի Միքայել Ե-ն, որը գահ բարձրանալով որպես կայսրուհու որդեգիր՝ կարգադրեց Զոյիի, որպես պոռնիկի, մազերը կտրել ու աքսորել, իսկ Ալեքսիա պատրիարքին էլ բանտարկել՝ որպես կայսրուհու գործակցի: Սակայն դեպքերը զարգացան միանգամայն այլ ուղիով: Զոյիի քույր Թեոդորայի կողմից գրգռվելով՝ ժողովուրդը դուրս եկավ Միքայելի դեմ, ձերբակալեց նրան ու կուրացրեց, որի արդյունքում կայսերական գահ բարձրացավ Կոստանդին Ժ Մոնոմախոսը, որը դրան հասավ ամուսնանալով Զոյիի հետ: Երբ բյուզանդական արքունիքում իմացան Հովհաննես-Սմբատի մասին, բյուզանդական կայսրը ձեռնամուխ եղավ Անիին տիրանալու գործին:
Սակայն բյուզանդացիներից զատ, Հայաստանի նկատմամբ հավակնություններ ունեին նաեւ սելջուկ-թուրքերը, որոնք Պարսկաստանի եւ Միջին Ասիայի տարածքում արդեն ուժեղ պետություն էին ստեղծել: Եվ քանի որ սելջուկ-թուրքերը սովորաբար Հայաստան էին արշավում Պարսկաստանի տարածքից, հայ հեղինակները նրանց արքաներին պարսից թագավորներ էին անվանում: 1038 թվին սելջուկյան գահ բարձրացավ Թողրուլ-բեկը կամ Տուղրիլ-բեկը, որը Սելջուկի թոռն էր եւ սուլթան հռչակվեց: Հայկական պետականությունը պահպանվում էր ոչ միայն ի դեմս Անիի թագավորության, այլեւ նրան ենթակա Վանանդի կամ Կարսի, Լոռու կամ Տաշրաց եւ Սյունյաց ու Բաղաց թագավորությունների:
Այսրկովկասում գոյություն ուներ նաեւ Ափխազա-վրացա-աղվանից միացյալ թագավորությունը, որի մեծ մասին իշխում էր Օրբելյանների նախնի Լիպարիտ իշխանը: Հայկական մի խամաճիկ ու անվանական թագավորություն՝ ի դեմս Արծրունիների, գոյություն ուներ Սեբաստիայում, որտեղ Սենեքերիմի հաջորդ Դավթի մահից հետո թագավորել էր նրա եղբայր Ատոմը՝ կառավարչակից ունենալով իր եղբայր Աբուսահլին: Անիի թագավորությունում, քանի դեռ կենդանի էր Հովհաննես-Սմբատը, համերաշխ համագործակցում էին Պետրոս Գետադարձը, Վեստ Սարգիսը եւ Գրիգոր Պահլավունին, սակայն նրա մահից հետո, երբ իշխանությունը հայտնվեց հիշյալ եռյակի ձեռքում, նրանց համերաշխությունը վերջ գտավ: Համապետական հարցեր բարձրացնելով՝ իրականում նրանցից յուրաքանչյուրը ձգտում էր առավելագույնս անձնական օգուտներ ստանալ: Պետրոս Գետադարձը Կիրակոս երեցի առք ու վաճառքից հետո հասկանում էր, որ այժմ պետք է Անին հանձնել կայսրությանը եւ բյուզանդացիների հովանավորության տակ անցկացնել կյանքի մնացորդը:
Վեստ Սարգիսը, ընդհակառակը, կամենում էր իր ձեռքը ձգել Անիի թագավորությունը՝ թեպետեւ բյուզանդացիների հովանավորության ներքո, իսկ Գրիգոր Պահլավունին, որի վրա իրապես ազդում էր կրկին քաղաքական ասպարեզում հայտնված ծերունի հորեղբայրը՝ սպարապետ Վահրամ Պահլավունին, չէր կամենում Անին եւ երկիրն օտարին հանձնել եւ այդ նպատակով հորեղբոր հետ միասին զինում էր բանակը՝ հասցնելով այն 30 հազար մարդու: Դեպքերն այնպես դասավորվեցին, որ Վեստ Սարգիսը, լինելով երկրի հազարապետ, հարմար պահ ընտրեց, տիրացավ արքունի հարստություններին եւ ուղարկեց դրանք իր տիրույթները՝ Ափխազաց թագավորության սահմանագլխին: Նա հատուկ որոշել էր տիրանալ թագավորական գահին: