ԽԱՉԻԿ Ա ԱՐՇԱՐՈՒՆԵՑԻ

ԽԱՉԻԿ Ա ԱՐՇԱՐՈՒՆԵՑԻ

(973 – 992)
 

Ստեփանոս Գ Սեւանցու մահվան լուրն առնելով՝ Աշոտ Գ Ողորմած արքան եւ Հյուսիսային Հայաստանի եպիսկոպոսները կաթողիկոսական աթոռ բարձրացրին Արշարունյաց Խաչիկ եպիսկոպոսին, որն իր նախորդած գործունեությամբ մեծ հեղինակություն ուներ հայ բարձրաստիճան հոգեւորականության շրջանում: Մատթեոս Ուռհայեցու այն տեղեկությունը, թե իբր Խաչիկ Արշարունուն ձեռնադրեց Ստեփանոս Գ Սեւանցի կաթողիկոսը, ակնհայտ թյուրիմացության արդյունք է: Սկզբնաղբյուրների մեծ մասը նրա հովվապետությունը հաշվում է 19 տարի, սակայն հեղինակներ կան, որ նրա կաթողիկոսական շրջանը հաշվում են 21 տարի: Մասնավորապես Սամվել Անեցին էլ գրում է, թե նա հովվապետեց 21 տարի, սակայն ստույգ ժամանակաշրջանը 19 տարի է: Երկու թվերի առկայությունը ճիշտ է բացատրել Մ. Օրմանյանը՝ իրավացիորեն ցույց տալով, որ տարբերություն կազմող երկու տարիները ոչ այլ ինչ են, բայց եթե Ստեփանոս Գ կաթողիկոսի ձերբակալվածության շրջանում Խաչիկ Արշարունու տեղապահության շրջան: Հասկանալի է, որ այս բացատրությամբ նրա մահն ընկնում է 992 թվին, այլ խոսքով՝ նա հովվապետեց թե՛ Աշոտ Գ եւ Սմբատ Բ Տիեզերակալ թագավորների եւ թե՛ Գագիկ Ա Շահնշահի իշխանության օրոք: Խաչիկ Արշարունու կաթողիկոսության շրջանում մահացավ Արծրունյաց Աբուսահլ թագավորը, որը Վահան կաթողիկոսից հետո երկար չապրեց: Նրա մահով Վասպուրականի թագավորությունը բաժանվեց երեք մասի, որոնց տիրացան Աբուսահլի որդիներ Աշոտ-Սահակը, Գագիկ-Խաչիկը եւ Սենեքերիմ-Հովհաննեսը: Առաջին երկուսի մահով Վասպուրականը կրկին միավորվեց Սենեքերիմ-Հովհաննեսի իշխանության ներքո: Կարսում շարունակում էր իշխել Մուշեղ Բագրատունին, որն իր եղբոր մահից հետո անգամ փորձ արեց տիրելու Անիի թագավորությանը:


Խաչիկ Ա Արշարունին Անանիա կաթողիկոսի քեռորդին էր: Արդեն իսկ սովորություն կար հայրապետական աթոռը ժառանգել հարազատներին, սակայն արդարությունը պահանջում է խոստովանել, որ այդ արվում էր արժանավոր հարազատների դեպքում, քանի որ դրանց բացակայության դեպքում կաթողիկոսներն իրենց մերձավորներից ընտրում էին հույսեր ներշնչող երիտասարդներին, կրթում եւ նախապատրաստում հայրապետական աթոռի համար: Այնպես որ, Խաչիկ Արշարունին իր կարողություններով միանգամայն արժանի էր կաթողիկոսական աստիճանի, եւ անգամ Ստեփանոս Օրբելյանը նրան համարել է արժանաժառանգ այր, չնայած նա ժամանակին հանդես էր եկել Վահան Սյունու դեմ: Շնորհիվ Խաչիկ Արշարունու ջանքերի՝ պառակտումը Հայոց Եկեղեցու ներսում դադարեց, եւ նրա հովվապետությունը տարածվեց քաղաքականապես մասնատված ամբողջ Հայաստանի վրա: Դրան նպաստեց ոչ միայն Վահան Սյունու մահը, այլեւ Աբուսահլ թագավորի ձեռնպահ մնալը եկեղեցական հակադրիչ քաղաքականությունից: Խնդիրն այն է, որ Վահան կաթողիկոսի Վասպուրականում հաստատվելով, փաստորեն, վերականգնվել էր Աղթամարյան աթոռը, սակայն Խաչիկ Արշարունու եռանդուն ջանքերով այդ գործընթացը հետագա շարունակություն չստացավ: Կաթողիկոսը նորոգեց Արգինայի հայրապետանոցը, որտեղ ժամանակին հաստատվել էր Անանիան եւ այնտեղ էլ թաղվել էր: Խաչիկ Արշարունու աթոռակալությամբ Արգինան վերջնականապես վերածվեց պաշտոնական կաթողիկոսարանի: Նա այնտեղ կառուցեց կաթողիկե եկեղեցի եւ երեք այլ եկեղեցիներ: Կաթողիկոսի գործունեությունը պատճառաբանված էր այն իրողությամբ, որ Անին դեռեւս կառուցապատվում էր, եւ սրահը հարմար չէր կաթողիկոսարանը մայրաքաղաքում հաստատելու համար:


Մինչ հայկական թագավորությունները զբաղված էին ներքին խնդիրներով, Բյուզանդական կայսրությունը զբաղված էր Միջագետքի եւ Ասորիքի համար արաբների դեմ պատերազմելով: Կոստանդին Է Ծիրանածինը, որը կրկին գահ էր բարձրացել 945-ին, իշխեց մինչեւ 959 թիվը, երբ նրա որդի Ռոմանոս Բ Կրտսերը գահին տիրանալու համար թունավորեց նրան: Սա իր զեխ կյանքի պատճառով 963-ին թունավորվեց Թեոփանե թագուհու կողմից եւ կայսերական գահին տիրացավ Նիկեփորոս Բ Փոկաս զորավարը, որն ամուսնացավ Թեոփանեի հետ: Սակայն սա էլ գահը չվայելեց, քանի որ Թեոփանե թագուհին նրան սպանել տվեց եւ ամուսնանալով հայազգի Հովհան Չմշկիկ զորավարի հետ՝ նրան գահ բարձրացրեց:


Հովհան Ա Չմշկիկը, տիրանալով կայսերական գահին, 973 թ. անձամբ արշավանքի ելավ Հայաստանի կողմերը: Կայսրը, որ հայկական աղբյուրներում հայտնի է Կյուռժան անունով, ծնվել էր Ծոփաց աշխարհի Խոզաթ գավառի Հերապոլիս քաղաքում, որը նրա անունով հետագայում Չմշկածագ կոչվեց: Կայսրը պատերազմական գործերում մեծ հաջողության հասավ՝ գրավելով Ասորիքի մեծ մասը եւ Հյուսիսային Միջագետքը՝ միաժամանակ սպառնալիք ստեղծելով Ատրպատականի ու Բաղդադի երկրամասի համար: Չնայած հայ լինելուն՝ կայսրն անտարակույս զավթողական պլաններ ուներ նաեւ Հայաստանի նկատմամբ: Տարոն գավառի Այծյաց բերդի մոտ Աշոտ Գ Ողորմած արքայի կողմից նրան ներկայացան Սմբատ Թոռնեցի իշխանն ու Ղեւոնդ կամ Լեւոն փիլիսոփա վարդապետը եւ այլ եպիսկոպոսներ ու վարդապետներ՝ որպես խաղաղության դեսպաններ, եւ հայտնեցին, որ Աշոտ Գ Ողորմածը եւ նրա հավատարիմ թագավորները, որոնք 80 հազարանոց բանակով ընդառաջ են շարժվում, պատրաստ են օգնել նրան: Ուռհայեցու ժամանակագրությունը հարցն այնպես է մատուցում, թե դեսպանությունը կայսրին հանձնեց Վահան Սյունի կաթողիկոսի նամակը, սակայն դա ընդամենը պատմիչի երեւակայության արդյունքն է, քանի որ Վահանը մահացել էր, իսկ հովվապետն այդ տարիներին Խաչիկ Ա Արշարունին էր: Հետեւաբար, ճիշտ է Մ. Օրմանյանը, երբ ենթադրում է, որ Չմշկիկին կաթողիկոսական ոչ մի նամակ էլ չի ներկայացվել, կամ էլ ներկայացվել է Խաչիկ կաթողիկոսի նամակը:


Համաձայն Ուռհայեցու հաղորդման՝ կայսրը բավարարվեց ընդամենը 10 հազար զինվոր խնդրելով եւ սննդամթերք ու ռոճիկ ընդունելով՝ իր հերթին պարգեւներ տալով դեսպանության պատվիրակներին: Ուռհայեցին մեզ է մատուցում Չմշկիկ կայսեր՝ Աշոտ Գ Ողորմածին ուղարկած նամակի տեքստը, որը Մ. Օրմանյանի կարծիքով՝ վավերականության կնիք չունի եւ ավելի շուտ հրամանատարի՝ իր վեհապետին մատուցած տեղեկագրի բնույթ ունի: Տեղեկություն կա այն մասին, որ Ղեւոնդ վարդապետը Կոստանդնուպոլիս մեկնեց: Մ. Չամչյանը գտնում է, որ ուղեւորությունը ձեռնարկված է եղել, թերեւս, քաղկեդոնականությանը հարելու նպատակով: Սակայն, անկախ այն հանգամանքից, Ղեւոնդ վարդապետը մեկնե՞ց Կոստանդնուպոլիս թե ոչ, քաղկեդոնականության մասին խոսելն ավելորդ է, քանի որ հենց Մատթեոս Ուռհայեցու հավաստմամբ՝ նա «անպարտելի երեւեցաւ ի մէջ վարդապետացն տանն Յունաց»: Կայսրների պատմության համաձայն՝ Չմշկիկը, վերադառնալով արշավանքներից, Բյութանիայում հիվանդացավ եւ Կոստանդնուպոլիս հասնելուն պես մահացավ: Կասկածներ եղան, որ նրան թունավորեց Վասիլ անունով մի ներքինի:


Աշոտ Գ Ողորմածը մահացավ 977 թվին, եւ նրան հաջորդեց Սմբատ Բ Տիեզերակալ արքան, որն իշխեց մինչեւ 989 թվականը: Աշոտ Ողորմածն իր որդուն թողեց բարգավաճող թագավորություն եւ խաղաղ կացություն: Նրա անունը մտել է «Յայսմաւուրքի» մեջ՝ որպես հիշատակելի սուրբ: Հավանաբար նա մահացավ մարերի ամսի 13-ին, որի տակ էլ հիշատակվում է: Ուներ երեք որդի՝ Սմբատը, Գագիկը եւ Գուրգենը, որոնցից ավագը հաջորդեց հորը եւ հավանաբար օծվեց Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսի կողմից: Ինչպես Աշոտ Բ-ից սկսած իր նախորդները, Սմբատ Բ-ն նույնպես կրել է շահանշահ տիտղոսը, սակայն ավելի հաճախ հիշվում է տիեզերակալ տիտղոսով՝ հայ Բագրատունիների մեջ լինելով երկրորդ նմանատիպ տիտղոսակիրը Սմբատ Ա-ից հետո: Սմբատ Բ-ն մեծ զարկ տվեց Անիի շինարարությանը եւ կառուցեց նրա երկրորդ եւ արտաքին պարիսպը, որը մի տեսակ շրջափակեց Աշոտ Գ-ի կառուցած պարիսպը: Այն, ուղիղ գծով սկսվելով Ծաղկոցաձորից, շարունակվում էր դեպի Ախուրյան գետը եւ մեծապես ամրացնում մայրաքաղաքի պաշտպանական համակարգը. իսկ քաղաքը մյուս երկու կողմերից անառիկ էր՝ շնորհիվ անդնդախոր ձորահովիտների: Պարիսպները կառուցվել էին վիմատաշ քարերով եւ կրով, ամրացվել բրգերով, որոնց մնացորդները պահպանվել են մինչեւ մեր օրերը: Պարիսպներն ունեին մի քանի դարպասներ, որոնք ունեին մայրագերան, երկաթագամ, հարահեղույս եւ բեւեռապինդ դռներ:


Աշոտ Գ-ի այրին՝ Խոսրովանույշ թագուհին, ապրելով ամուսնու մահից հետո եւս երեք տարի, ավարտեց Սանահինի եւ Հաղպատի շինությունները՝ ավելացնելով լրացուցիչ կառույցներ: Սմբատ Բ-ն լայն շինարարական գործունեություն իրականացրեց մայրաքաղաք Անիում, եւ չի բացառվում, որ մինչեւ մեր օրերը պահպանված կառույցների մի նշանակալից մասը նրա գործունեության արդյունքն է: Նա կառուցեց Անիի Կաթողիկե եկեղեցին, որի շինարարությունն ավարտվեց նրա մահից հետո՝ Կատրամիդե թագուհու կողմից, եւ որը դեռեւս կանգուն է: Դրան կից կառուցվեց կաթողիկոսարան, որովհետեւ բոլորովին հարմար չէր, որ կաթողիկոսարանը գտնվի մայրաքաղաքից դուրս: Այսուհանդերձ, Խաչիկ Ա Արշարունին այդպես էլ չկարողացավ պաշտոնապես տեղափոխվել Անի, թեպետ բացառվում է, որ նա հաճախ չհայտնվեր Անիի կաթողիկոսարանում՝ տարբեր առիթներով ու պատճառներով: Սմբատ Բ-ի օրոք մեծ հռչակ ձեռք բերեց Տրդատ ճարտարապետը, որը կառուցեց Արգինայի Կաթողիկեն եւ կաթողիկոսարանը: 989 թվին՝ Կոստանդնուպոլսի մեծ երկրաշարժից հետո, երբ փլվեց սուրբ Սոփիայի գմբեթը, նա վերակառուցեց այն՝ տաճարը գեղեցկապես վերաշինելով:


Սմբատ Բ-ի օրոք մի պահ խաղաղությունը խաթարվեց՝ նրա եւ Կարսի թագավոր Մուշեղի միջեւ ծագած հակառակության պատճառով: Մուշեղը, լինելով ավագը Բագրատունյաց տոհմում, թերեւս կամենում էր հավակնել շահնշահի կարգավիճակին, սակայն Սմբատը, նրա վրա հարձակվելով, գրավում է Ճակատք գավառի Շատիկ բերդը: Հայտնվելով ծանր վիճակում՝ Մուշեղը դիմում է Տայքի կյուրապաղատ Դավթի օգնությանը, որի արդյունքում Անիի թագավորը ստիպված եղավ Մուշեղին վերադարձնել Շատիկը, իսկ Դավիթ կյուրապաղատը ետ վերադարձավ՝ առանց վնասելու Սմբատի տիրույթները: Մուշեղը, կամենալով ամեն կերպ վնասել Սմբատ Բ-ին, նրա դեմ է գրգռում Աբլհաճ ամիրային, որը հարձակվում է Անիի թագավորության վրա եւ ավերում Հոռոմոց վանքը՝ եկեղեցու գմբեթից ճոպանով վայր բերելով խաչը: Սակայն Աբլհաճը շուտով պարտվեց Գողթնի Աբուտլուփ ամիրայից եւ կորցնելով իր իշխանությունը՝ թափառում էր այս ու այն կողմ, մինչեւ որ հույսը հույների օգնությունից կտրելով՝ խեղդամահ արվեց Ուղթիս (ներկայումս՝ Օլթի) քաղաքում: Աբուտլուփը (իմա՛ Աբու-Դուլաֆ) հարձակվեց նաեւ Վասպուրականի վրա, որտեղ նա նենգաբար սրախողխող արեց Ճվաշռոտ գավառի Բակյար բերդի բերդակալներ Աբլղարիբ, Գրիգոր եւ Տիգրան իշխաններին, չնայած խոստացել էր հանձնվելու դեպքում կյանքները շնորհել: Բերդն այնուհետեւ ետ վերադարձվեց, սակայն Գողթնի ամիրան իր այս հարձակումների հաջող արդյունքում բավականին ուժեղացավ: Ինչ վերաբերում է Մուշեղին, ապա նա 984 թվին մահացավ, եւ նրան հաջորդեց նրա որդի Աբասը:


Հովհան Չմշկիկի մահից հետո բյուզանդական գահ բարձրացան Ռոմանոս Բ Կրտսերի երկու որդիները՝ Վասիլ Բ-ն եւ Կոստանդին Թ-ն՝ 976 թվին: Պատմության մեջ առավելապես հայտնի է Վասիլ Բ-ն, որի անչափահաս տարիքում, փաստորեն, երկիրը կառավարում էր Վասիլ ներքինին: Սա կրոնական հարցերում մոլեռանդ չէր, սակայն նրա օրոք կայսրության արեւելյան մարզերում բյուզանդական միտրոպոլիտներն ամեն կերպ աշխատում էին հայերի շրջանում տարածել քաղկեդոնականությունը: Հատկապես չափն անցնում էին Սեբաստիայի եւ Մելիտենեի միտրոպոլիտները, որոնցից առաջինը տանջում էր հայ քահանաներին, երկաթե կապանքներով բանտ էր նետում ու չարչարում:


Հալածվածների մեջ էր Սեբաստիայի երեցների ավագ Գաբրիելը, որը տարիքով առաջացած էր, իմաստնությամբ լի եւ հավատի մեջ՝ քաջապինդ: Միտրոպոլիտի կարգադրությամբ արգելվեց Հայոց Եկեղեցում կոչնակ հնչեցնել, եւ հավատի մեջ թույլ որոշ հոգեւորականներ քաղկեդոնիկ դարձան: Դրանցից էին Սեբաստիո Սիոն եւ Լառիսայի Հովհաննես եպիսկոպոսները եւ ինչ-ինչ անհայտ քահանաներ: Մելիտենեի միտրոպոլիտի արածների մասին պատմությունը հիշատակներ չի պահպանել: Դրանով չգոհանալով՝ հիշյալ միտրոպոլիտները սկսեցին Խաչիկ կաթողիկոսին նամակներ գրել՝ հանդես գալով քաղկեդոնականության ջատագովության դիրքերում: Սակայն Խաչիկ կաթողիկոսը ոչ միայն չլռեց, այլեւ պատասխաններ գրեց, որով սանձեց հերձվածողներին: Նրա նամակներից մեկը՝ ուղղված Սեբաստիայի եպիսկոպոսին, ամբողջությամբ պահպանել է Ասողիկը, իսկ Մելիտենեի միտրոպոլիտին առաքվածը՝ «Գիրք թղթոց»-ը: Այլ գրությունների եւ նամակների մասին ոչինչ հայտնի չէ: Երկրորդ նամակը գրի է առնվել Սամվել Կամրջաձորեցու կողմից, որը Պողիկարպոսի մահից հետո դարձել էր վանահայր:


Սեբաստիայի միտրոպոլիտին ուղղված նամակը ոճով խիստ է՝ չնայած Հայոց կաթողիկոսի այն խոսքերին, թե գրել է. «... ոչ թշնամութեան բանս հակառակ թշնամանաց»: Նա միաժամանակ նշում է, որ չի կարող իրեն զսպել՝ տեսնելով, որ «բազում անգամ եռետիկոս յեղանակեալ» են հայերը: Իր ասածները նա փաստարկում է Աստվածաշնչից մեջբերումներ անելով: Դրանով չբավարարվելով՝ նա դիմում է Եկեղեցու սուրբ հայրերի՝ Աթանաս եւ Կյուրեղ Ալեքսանդրացիների, Կյուրեղ Երուսաղեմացու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նյուսացու, Հովհան Ոսկեբերանի եւ ուրիշների ասույթներին, որոնք նշանակալից տեղ են գրավում նամակում: Ըստ որում՝ կռվաններ բերելով այս կամ այն աստվածաբանից՝ նա չի հիշատակում Դիոսկորոս Ալեքսանդրացուն, Պետրոս Անտիոքացուն եւ ոչ էլ հայ վարդապետներին՝ առավելապես հենվելով հույն աստվածաբանների վրա: Պաշտպանելով Հայոց Եկեղեցին՝ նա սկսում է մեղադրել հույներին՝ պատկերները (իկոնա) աստվածարելաբար պաշտելու համար՝ ջատագովելով միաժամանակ հայերի կողմից պատկերները լվալն ու օծելը: Մերժում է բաժակին ջուր խառնելը, ներքինիներին քահանայացնելը, եկեղեցականների մազերը վարսավոր երկարեցնելը եւ այլն:


Նամակի վերջում նա հույներին խրախույս է կարդում «խոստովանիլ մի եւ անբաժանելի բնութեամբ զեկեալն եւ զգալոցն» եւ միասին երկրպագել Երրորդությանը: Ասողիկի հաղորդմամբ՝ այս նամակից միտրոպոլիտը ամոթալից եղավ: Դաժան եղավ Սեբաստիայի միտրոպոլիտի ճակատագիրը: Ուղարկվելով հաշտության բանակցությունների Բուլղարիա՝ նա ստիպված էր ընդունել Բուլղարիայի՝ ազգությամբ հայ, ծագումով Դերջանից Սամվել Կոմսաձագ կոչված թագավորի պահանջը՝ իրեն կնության տալու կայսեր քրոջը: Սակայն կայսրը քրոջ փոխարեն ուղարկեց իր աղախիններից մեկին, եւ երբ խաբեությունը բացահայտվեց, Բուլղարիայի թագավորի հրամանով նա ողջակիզվեց՝ նախապես փաթաթված լինելով եղեգով եւ խռիվով:


Ինչպես վերն ասվեց, Խաչիկ Արշարունին նամակ ուղարկեց նաեւ Մելիտենեի միտրոպոլիտին: Ճիշտ է, այն գրվել էր Կամրջաձորցու կողմից, սակայն, անտարակույս, խմբագրել էր կաթողիկոսը եւ իր անունից էլ ուղարկել: Այս նամակն ավելի իմաստասիրական բնույթ ուներ եւ գիտական տեսակետից լավ խմբագրված էր: Սկզբում բերվում է ստացած նամակի բովանդակությունը, որտեղ հայերից պահանջվում էր հեռանալ մոլորությունից, չհետեւել Դիոսկորոսին, չհարել քաղկեդոնականությանը: Բանն այնտեղ էր հասել, որ միտրոպոլիտը Հայոց կաթողիկոսից պահանջում էր ապաշխարությամբ ու զջղմամբ դիմել կայսրին եւ Կոստանդնուպոլսի պատրիարքին՝ միանալով սուրբ հավատին, այսինքն՝ քաղկեդոնականությանը:


Հայոց կաթողիկոսի պատասխանը շատ հստակ է: Նրա խոսքերով՝ Թադեոս միտրոպոլիտի հրավերն ուշացել է, քանի որ իրենք վաղուց արդեն ճիշտ ուղու վրա են՝ հիմնված Գրիգոր Լուսավորչի, տիեզերական երեք ժողովների եւ հին հայրապետների կողմից, որոնցից 27-ին նշում է հականե-հանվանե: Հայոց կաթողիկոսը պահանջում է, որ դրանց բոլորին օտար հայտարարեն եւ նոր միայն հայերին մեղադրեն: Նշվում է, որ հինգ դար է, որ բաժանումը տեղի է ունեցել, սակայն հայերը միշտ պաշտպանել են իրենց ուղղությունը եւ դրանից հրաժարվելու միտք չունեն: Մեկ առ մեկ անդրադառնալով Թեոդորոսի պատճառաբանություններին՝ նա մանրախույզ ձեւով դրանք հերքում է՝ հենվելով նույնիսկ իմաստասիրական սկզբունքների վրա: Հիմնավոր կերպով ցույց է տալիս քաղկեդոնականների «երկու բնութիւն, եւ անձն եւ դէմ մի» բանաձեւի ողջ խոցելիությունը: Մերժելով Եվտիքեսի վարդապետությունը՝ նա չի ընդունում նաեւ Դիոսկորոսինը՝ ասելով. «մեզ չէ ինչ փոյթ, վասնզի քո է»:


Շարունակելով իր միտքը զարգացնել՝ Խաչիկ կաթողիկոսը նշում է, որ չնայած հայերի՝ տարբեր ազգերի կողմից հալածվելուն՝ նրանք երբեք չեն լքել ճիշտ հավատը: Հայերին դավանության խնդրում ձայնակից են, ասում է նա, Աղվանքը, Լփինքը, Կասպքը, Ճիղբքը, Ասորիքը, Եգիպտացիք, Եթովպացիք, Արաբացիք եւ Հնդիկք, ուստի խորհուրդ է տալիս պահպանել սիրո խաղաղության բարեկամությունը հայերի հետ, ինչպես հայ հոգեւորականներն են նրա նկատմամբ եւ ավելին չպահանջել հայ կղերից: Եթե հավատանք Մատթեոս Ուռհայեցուն, Հայոց կաթողիկոսի նամակը մեծարվեց Թեոդորոսի կողմից եւ հաճելի եղավ լսողներին, սակայն իրականում նամակի հետեւանքների մասին ոչինչ հայտնի չէ, իսկ պատմիչի հաղորդումը պարզապես անհավանական է: Հայոց կաթողիկոսի պատասխան նամակները Սեբաստիայի եւ Մելիտենեի միտրոպոլիտներին տարբեր էին ոճով եւ աստվածաբանական հիմնավորումներով, որը պայմանավորված էր վերջիններիս վարքագծով: Միանգամայն իրավացի է Մ. Օրմանյանը, երբ նշում է, որ Մելիտենեի միտրոպոլիտը ձգտել է «աւելի գիտնականօրէն... ազդեցութիւն գործել, մինչ Սեբաստացին յայտնի բռնութեանց դիմած էր»:


Խաչիկ կաթողիկոսը քայլեր ձեռնարկեց՝ պաշտպանելու համար բյուզանդական Հայաստանում գտնվող Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդներին: Այս կապակցությամբ նա եպիսկոպոսներ ձեռնադրեց, որոնք իրենց ձեռքի տակ քահանաներ ունենալով՝ մեծապես նպաստեցին Հայոց Եկեղեցու դիրքերի ամրապնդմանը: Հայ եպիսկոպոսներ կային Ասորիքի Անտիոքում, Կիլիկիայի Տարսոնում, Սուլինդայում (իմա՛ Սելինունդիա, այսինքն՝ Տրայանուպոլիս Իսավրիայում), ինչպես նաեւ բազմաթիվ հայկական բյուզանդահպատակ գավառներում: Եղե՞լ է նման քաղաքականություն մինչեւ Խաչիկ կաթողիկոսը, հայտնի չէ, թեպետ բնավ չի բացառվում: Ըստ երեւույթին, Խաչիկ կաթողիկոսն էր, որ դրան լայն ճանապարհ տվեց:


Հայոց կաթողիկոսի մյուս կարեւոր ձեռնարկը եղավ Արգինայի հայրապետանոցում մատենադարան հիմնելը, որի չափի եւ ծավալի մասին պատմությունը տեղեկություններ չի պահպանել: Նրա օրոք մեծապես աճեց ուսումնական վարդապետների թիվը, որը շատ կարեւոր էր Հայոց Եկեղեցու վարդապետությունը ջատագովելու եւ Քաղկեդոնական Եկեղեցուն հավուր պատշաճի պատասխանելու գործում:


Խաչիկ կաթողիկոսի հովվապետության շրջանում ուժեղացավ Կարսի թագավորությունը, որտեղ Մուշեղից հետո իշխում էր Աբասը, որը երիտասարդ ժամանակ կայտառ անձ էր եւ անհաղորդ հոգեւոր գործերին, սակայն թագավորական գահին բազմելով՝ իրեն դրսեւորեց որպես հանճարով լի ու իմաստուն եւ բարեգործությունների հետամուտ անձնավորություն: Նա հատկապես հոգ տարավ բանակին, որը թագավորի կողմից զգեստավորվեց կարմիր գույնի զինվորական հանդերձով, եւ իր թագավորության մեջ իսպառ վերացրեց ավազակությունն ու մարդասպանությունը, որոնք այնքան հատուկ էին Վանանդի բնակչությանը: Հայտնաբերված գողերը տեղն ու տեղը մահապատժի էին ենթարկվում:
Թագավորը նախանձախնդիր էր հոգեւոր հարցերում եւ չորեքշաբթի, ուրբաթ եւ շաբաթ օրերին բավարարվում էր միայն հացով եւ բանջարեղենով՝ հրաժարվելով «ի կթեղինաց ինչ եւ... ի ձկանց» ճաշակել: Իր այդ վարքով նա ազդում էր իշխանների եւ ազատների վրա, որոնք որովայնամոլությամբ ապականում էին պահոց օրերը:


Աբասի շինարարական գործերից եղավ մի հոյակապ վանքի կառուցումը Արշարունիք գավառի Շիրիմ կոչված վայրում (թերեւս Կաղզվանի Սելիմ կոչված գյուղում), որի վանահայր դարձավ Մովսես վարդապետը: Վերջինիս հետ էին Հովհաննես եւ Յամզիքոս եղբայրները, որոնք մեծ հռչակ բերեցին վանքին եւ միեւնույն տարվա մեջ՝ 1002-ին, վախճանվեցին: Թրինի վանքը դարձավ Աբասի մոր հոգածության առարկան, որը Փառիսոսի թագավոր Սենեքերիմի քույրն էր: Նա ինքն էլ նույն վանքում կրոնավորեց: Դա, ըստ երեւույթին, կուսանաց անապատ էր, որոնց թիվը շատ չէր Հայաստանում: Վանքի կույսերից հիշատակվում են Մամքանը եւ Ռաչուքանը, որոնք Լոռիում թագավորություն հիմնած Սմբատ Բ-ի եղբայր Գուրգենի սերնդից էին:


Անիի թագավորությունն այս շրջանում ընդհանուր առմամբ խաղաղություն էր վայելում, սակայն Սմբատ Բ-ի կյանքի վերջին շրջանում անհանգիստ օրեր ապրեց: Բյուզանդական Վասիլ (Բարսեղ) կայսեր դեմ ապստամբեց Վարդ Սկլերոսը, որին աջակցեցին հայերը եւ սարակինոսները (արաբները): Նրա դեմ ուղարկված Վարդ Փոկաս զորավարը վերջում ինքն էլ ապստամբության դրոշ բարձրացրեց: Տայքի կյուրապաղատ Դավիթն աջակցեց Վասիլ Բ-ին, որի արդյունքում խիստ ընդարձակեց իր տիրույթները եւ անգամ թագավոր հորջորջվեց: Որպես պատիժ՝ Բարսեղ-Վասիլ կայսրը բազմաթիվ հայկական զորագնդեր ուղարկեց Բուլղարիայի դեմ պատերազմելու, որոնցից շատերն անցնում էին հակառակորդի կողմը: Անցնողների մեջ էին դերջանցի Կոմսաձագ եղբայրները՝ Սամվելը եւ Մանվելը, որոնցից առաջինը հետո դարձավ Բուլղարիայի թագավոր:


Աբլհաճ Ռավվադյանը՝ Ատրպատականի տիրակալը, արշավանք ձեռնարկեց Սմբատ Բ-ի թագավորության դեմ, եւ վերջինս մեծ դժվարությամբ կարողացավ թշնամուն ետ ուղարկել՝ մեծամեծ նվերներ տալով: Աբլհաճը հարձակվեց նաեւ Վասպուրականի թագավորության վրա՝ գրգռվելով Հերի ամիրայից, սակայն նրա անակնկալ մահը Վասպուրականի թագավորությունը փրկեց այդ մեծ վտանգից: Դրանից օգտվեց Գողթնի ամիրա Աբուտլուփը, որը ետ վերադարձրեց իր կորսված իշխանությունը, գրավեց Դվինը եւ հաշտություն կնքեց Սմբատ Բ-ի հետ: Խաչիկ կաթողիկոսը հաշտության բանակցություններում միջնորդ հանդես եկավ: Սակայն Սմբատ Բ-ի իշխանությանը հաշված օրեր էին մնում: Նա սկզբում իր եղբայրներ Գագիկին ու Գուրգենին տիրույթներ էր հատկացրել Տաշիր եւ Գուգարք երկրամասերում, սակայն իր խոսքը դրժելով՝ նա սկսեց հալածել Գագիկին:


Պատմիչները մեղադրում են թագավորին նաեւ Աբուտլուփի հետ դաշինքը դրժելու եւ նրա թշնամի Սալար ամիրային օգնական գնդեր ուղարկելու մեջ՝ չնայած Աբուտլուփը հարգել էր հաշտության պայմանագիրը: Ծանր մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ նա իր քրոջ աղջկա հետ էր խառնակում: Վերջինս մահացավ, եւ Ասողիկի հաղորդմամբ՝ սիրո ցավից Սմբատն էլ իր մահկանացուն կնքեց: Այդ օրերին, անհայտ պայմաններում, Անիի թագավորական համբարանոցում հրկիզվեցին խոտի դեզերը, եւ թագավորը, լուր առնելով, թե նույն օրը եկեղեցում մեկը, բուրվառի միջից կրակ առնելով, գոռացել է, թե այրելու է թագավորի համբարանոցը, առանց քննություն կատարելու՝ այդ մարդուն կուրացնել եւ ողջակիզել տվեց, չնայած վերջինս ցնորվածի մեկն էր: Անապատական կրոնավորները նրա դին հողին են հանձնում, սակայն թագավորը կարգադրում է դին գերեզմանից հանել: Դիակի ապականումը զայրացնում է բոլորին, որոնք անիծում են Սմբատ շահնշահին: Շուտով մահացավ եւ նա՝ 989 կամ 990 թվականին: Գահ բարձրացավ հալածական Գագիկը: Սակայն մի ինչ-որ կին քաղաքի անդորրը խախտեց, թե երազում տեսել է, որ Սմբատը մեռած չէ, այլ թմրադեղերով գերեզման է դրվել: Ստիպված եղան գերեզմանը բացել եւ արտաշիրիմում կատարել, որպեսզի բոլորը համոզվեն, որ թագավորը մահացել է: Դաժան վերջաբանի մի արտահայտությունն էլ այն եղավ, որ թագավորի գերեզմանը բացեց այն անձնավորությունը, որը թագավորի կարգադրությամբ արտաշիրիմել էր ցնորվածի դին:


Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսի վերջին գործերից մեկը եղավ Գագիկ Ա թագավորի օծումը, որը վերջին Բագրատունի թագավորն էր, որ կրում էր շահնշահ կամ թագավոր Հայոց եւ Վրաց տիտղոսը: Նրա վերջին տարիների գործունեությունը թաղված է մշուշի մեջ: Հայտնի է միայն, որ նա մահացավ 992 թ.՝ առաջացած տարիքում, եւ թաղվեց Արգինայի կաթողիկեի հյուսիսակողմում: Նա հայոց ամենահաջողակ եւ գործունյա հայրապետներից մեկը եղավ՝ հայ կաթողիկոսների համար օրինակ ծառայելով իր հայրենասիրությամբ, Հայոց Եկեղեցին միասնական տեսնելու անհողդողդ կամքով եւ նրա վարդապետությունը ջատագովելու իր անկոտրում վճռականությամբ:


Խաչիկ Ա կաթողիկոսի աթոռակալության շրջանում փայլեցին մի շարք հոգեւոր այրեր, նշանավոր վարդապետներ: Դրանցից մեկն Անձեւացյաց Խոսրով եպիսկոպոսն էր, որից մեզ են հասել պատարագի եւ ժամերգության մեկնությունները: Նա Սահակ Անձեւացու միջնեկ զավակն էր, որը մնացել էր նրա մոտ, իսկ նրա եղբայրները՝ անդրանիկ Հովհաննեսը եւ կրտսեր Գրիգորը, մտել էին Նարեկա վանքը: Նա մահացավ 972-ին իր եպիսկոպոսական նստավայրում: Շատ նշանավոր էր Անանիա Նարեկացին, որը ոչ միայն մեծ հռչակ բերեց Նարեկա վանքին, այլեւ Նարեկա դպրոցի հիմքը դրեց: Գրել է թոնդրակյանների դեմ, որտեղ նա բոլոր հնարավոր եղանակներով անիծում է թոնդրակյաններին: Անանիա Նարեկացին Խոսրով Անձեւացու մտերիմն էր՝ նրա կնոջ հորեղբորորդին եւ զավակների ուսուցիչը: Ժամանակին նրան մեղադրել են Անձեւացուն եւ Հակոբ Սյունեցուն հարելու մեջ: Անանիան մերժել է իր կապը հիշյալ անձանց հետ եւ ցավ է զգացել, որ կաթողիկոսը, նրան լավ ճանաչելով, նրանից այդպիսի թուղթ է պահանջել: Անանիա Նարեկացու գրչին է պատկանում «Հաւատարմատ» աշխատությունը, որ ուղղված էր երկաբնակների դեմ: Հայտնի է, որ նա եւ Ուխտանեսը հանդիպել են տրե ամսի 11-ին՝ կիրակի օրը, Ախուրյանի ափին: Թիվը հայտնի չէ, ուստի այն կարող էր լինել 973-987 թթ. միջոցին: Նրա անունով մակագրված են ճառեր, բայց դժվար է որոշել, թե որ Անանիայի գրչին են դրանք պատկանում: Նա հավանաբար մահացավ Նարեկա վանքում, եւ նրան հաջորդեց Գրիգոր Նարեկացու ավագ եղբայր Հովհաննեսը:


Մյուս վարդապետներից հիշատակության արժանի են Կամրջաձորի առաջնորդներ Հովհաննեսը, Պողիկարպոսը եւ Սամվելը, Հովհաննես Հոռոմոսցին, Սիմոն Խլաձորեցին, Վարդիկ Վանգեցին, Կարմիր Պաղնացին, Մովսես Տարոնեցին, Սարգիս Հնձացին, Ստեփանոս Ցախացքարեցին, Հովհաննես Սանահնեցին, Սիմեոն Հաղպատեցին, Հովհաննես Խաչակիր վարդապետը (սրան սպանեցին վրացիները): Թաղված է Բասենի Ակսիգոմս գյուղում, որը նրա անունով կոչվել է Սուրբ Յոհան), Հովսեփ Հնձացի Գերմաքուր վարդապետը, Կիրակոս Գծծակերպ վարդապետը՝ Նիգ գավառի Թեղենյաց վանքից, Երեմիա Թեղենեցին, Սարգիս Աղվան Վայելչաբան վարդապետը, Հովհաննես քահանան եւ ուրիշներ: Սրանց շարքում պետք է դնել Ղեւոնդ վարդապետին (իմա՛ Լեւոն փիլիսոփա), Մեսրոպ Վայոցձորեցին կամ Հողոցմեցին, որ գրել է Ներսես Մեծի պատմությունը:


Հռչակավոր էր Դավիթ Մոկաց եպիսկոպոսը, որը վանք էր հիմնել Ապարանք կոչված վայրում: Նրա գերեզմանը դարձավ ուխտատեղի՝ Մոկաց եւ Կորդվաց աշխարհների հավատացյալների համար: Նրա եղբորորդին էր, հավանաբար, Զափրանիկ Մոկաց իշխանը, որը բյուզանդական ծառայության անցնելով՝ նշանավոր դարձավ որպես զորավար: Դավիթ Մոկաց եպիսկոպոսին հաջորդեց Ստեփանոս եպիսկոպոսը, որը նրա եղբոր թոռն էր: Վասիլ եւ Կոստանդին կայսրները, տեղեկանալով Դավթի գերեզմանի հողի բժշկական զորությանը, Ապարանից վանքին ուղարկեցին Խաչափայտի մի մասը՝ զարդարված ոսկեկուռ ձուլվածքի զարդով: Դրա մեջ այլ մասունքներ եւս դրվեցին, որոնք Դավթի եղբոր որդին, որ Բյուզանդիայում Մանգլավտ անունն էր ստացել, բերեց Մոկք: Այս կապակցությամբ հանդիսավոր տոնախմբություն կատարվեց Ստեփանոս եպիսկոպոսի ղեկավարությամբ եւ Արծրունյաց երեք գահակալների մասնակցությամբ, որոնցից վերջինի՝ Սենեքերիմի տիրույթներում գտնվում էր վանքը: Տոնախմբության կապակցությամբ վերանորոգվեց եկեղեցին, եւ Ապարանից վանքը նշանավոր ուխտատեղիի վերածվեց:


Խաչիկ կաթողիկոսի օրերում պետք է կայանար Մատին Առաքելո վանքի հիմնադրությունը Սասունի Գոմեր գյուղում: Առասպելախառն պատմություն է պահպանվել այն մասին, թե Գոմերի քահանան անիծում է գյուղի տանուտերին եւ անիծելուն պես մահանում է: Եվ քանի որ հանգուցյալ քահանայի անեծքն ուրիշը վերացնել չէր կարող, տանուտերը հասնում է մինչեւ Հռոմ, որպեսզի Պետրոս առաքյալն անեծքն արձակի: Հռոմի հայրապետը եկեղեցական ժողովում որոշում է, որ ուխտավոր տանուտերին երկաթե շղթաներով կապեն եւ թողնեն Պետրոս առաքյալի գերեզմանի մոտ: Եվ եթե նրա երկաթյա շղթաները հրաշքով բացվեն, ուրեմն նա անեծքից ազատվել է: Գիշերը տանուտերը երազ է տեսնում, թե ինչպես Պետրոս եւ Պողոս առաքյալները հանգուցյալ քահանային խնդրում են նրան ներել, սակայն նա չի ներում: Եվ միայն Քրիստոսի հրամանով կապանքները քակվում են, իսկ Հռոմի հայրապետն ու հոգեւոր հայրերը համոզվում են, որ անեծքը վերացված է: Դրանից հետո տանուտերը նշանակվում է առաքյալի գերեզմանի պահապան, եւ յոթ տարի անց նա ատամներով պոկում է սբ Պետրոսի ճկույթը: Երկնային նշաններ են հայտնվում, եւ սուրբ քաղաքի հոգեւոր հայրերը Հռոմի հայրապետի հետ միասին որոշում են ճկույթ մատը թողնել հայերին: Տանուտերն էլ վերադառնում է իր հայրենի Գոմեր գյուղը եւ կառուցում Մատին Առաքելո վանքը:


Մի նշանավոր վանք էլ շինվեց Մարմաշենում, որը Մարմարաշեն անունով էլ է հիշվում: Բոլորովին անհասկանալի ձեւով Ղ. Ալիշանը փորձում է վանքի անունը Մարիամաշեն տեսնել: Մարմաշենի վանքը հիմնադրվեց Գրիգոր Պահլավունու որդի Վահրամի կողմից: Պահլավունիները, որ հետագայում մեծապես հռչակվեցին շնորհիվ Գրիգոր Մագիստրոսի եւ այդ տոհմից ընտրված կաթողիկոսների, իրենց համարում էին Գրիգոր Լուսավորչի շառավիղներ, իսկ Շնորհալին իրենց սերված էր համարում պահլավիկներից: Սակայն այդ տեսակետները որեւէ հիմնավորում չեն գտնում սկզբնաղբյուրներում: Ավելի շուտ, ինչպես կարծել են Կոստանյանցն ու Օրմանյանը, Պահլավունիները սերում են Կամսարականներից, որոնք թողնելով իրենց Երասխաձոր գավառը, անցնում են Այրարատի Վարաժնունիք գավառը, որի կենտրոնն էր Բջնին: Թե ինչ հանգամանքներում Կամսարականներն այստեղ վերցրին Պահլավունի անունը, հայտնի չէ, սակայն այստեղ է, որ նրանք հանդես են գալիս որպես գավառատերեր: