(969-971)
969 թվին հրավիրված Անիի ժողովը, գահընկեց անելով Վահան Ա Սյունի կաթողիկոսին, Աշոտ Գ Ողորմած թագավորի հրամանով կաթողիկոս ձեռնադրեց Ստեփանոս Գ Սեւանցուն՝ Սեւանի այդժամանակվա ամվանահորը: Արշարունյաց Խաչիկ եպիսկոպոսը, որն անտարակույս թեկնածուների մեջ ամենանշանավորն էր եւ հետագայում էլ հասավ հայրապետության աստիճանի, խոհեմաբար չփորձեց հավակնել կաթողիկոսական աթոռին, քանի որ ակտիվորեն հանդես գալով Վահան Սյունու դեմ՝ կարող էր կասկածներ հարուցել, թե իր կեցվածքն անձնական շահեր է հետապնդում: Նոր կաթողիկոսը Մաշտոցի ազգականն էր, իսկ Կիրակոս Գանձակեցու տեղեկության համաձայն՝ հետեւում էր նրա վարքին: Ստեփանոս Սեւանցու ընտրությունը նպատակ ուներ զրկել Վահանին կաթողիկոսական աթոռի նկատմամբ հույսեր փայփայելուց, սակայն դեպքերն այլ զարգացում ստացան: Վասպուրականի թագավոր Աբուսահլը Վահանին իր պաշտպանության տակ առավ, ճանաչեց նրան որպես օրինական կաթողիկոս եւ ընդհակառակը՝ չճանաչեց Ստեփանոսի ընտրությունը: Ըստ էության՝ նա քաջալերեց Վահանին՝ գործելու որպես Հայոց հայրապետ: Վահանը հաստատվեց Ձորավանքում, որը Վանի մոտ էր եւ ուշ շրջանում հայտնի էր Սալնապատ անունով:
Այստեղ էին ապավինել եւ թաղվել Գեւորգ Գառնեցին ու Հովհաննես Դրասխանակերտցին: Մտածելու տեղիք է տալիս այն հարցը, թե ինչո՞ւ Արծրունի թագավորը նրան չհաստատեց Աղթամարում, որն Անանիա Ա Մոկացու օրոք էլ Հայոց հայրապետանոց էր եղել: Ըստ երեւույթին, Վահանն իրեն շատ հաստատուն չէր զգում, սակայն այսուհանդերձ նա իր մեջ ուժ գտավ եւ համարձակություն՝ նզովելու Ստեփանոս կաթողիկոսին եւ նրան օժանդակած Աշոտ Գ թագավորին ու Անիի ժողովի մասնակիցներին: Ստեփանոս կաթողիկոսն էլ իր հերթին նզովեց Վահան Սյունուն, Աբուսահլ թագավորին եւ Վասպուրականի թագավորությանը: Ստ. Օրբելյանի պատկերավոր արտահայտությամբ՝ երկու կողմերը նզովքներով լցրին Հայոց աշխարհը:
Փոխադարձ մեղադրանքների եւ նզովքների պայմաններում առանձին գործունեություն չծավալեց նաեւ Ստեփանոս կաթողիկոսը, որը հովվապետեց, համաձայն բոլոր պատմիչների, ընդամենը երկու տարի: Նրա կաթողիկոսության ոլորտը սահմանափակված էր Աշոտ Գ թագավորի եւ նրա հավատարիմների տիրույթներով, քանի որ Ասողիկի մի հաղորդումից կարելի է եզրակացնել, որ Վահանը փաստական կաթողիկոս էր Վասպուրականում: Սյունիքը, որպես Աշոտ Գ-ի հավատարիմ (վասալ) իշխանություն, ճանաչում էր Ստեփանոսի կաթողիկոսությունը: Հակառակաթոռ Վահանի դեմ պայքարելու համար նորընտիր կաթողիկոսը Անիի մեջ երկրորդ ժողովը գումարեց, որին մասնակցեցին նաեւ Տարոնի, Հաշտյանքի, Ծոփքի եւ Խորձենի կրոնավորները: Սրանք քաղաքականապես չէին ենթարկվում Բագրատունիներին, եկել էին Բյուզանդական կայսրությանը ենթակա տարածքներից, ուստի կարող էին հաշտարար դեր կատարել: Թե ժողովն ինչ որոշումներ ընդունեց, հայտնի չէ, բայց համաձայն այդ որոշման՝ պետք է բանակցություններ վարվեին, որը հանձն է առնում կատարել Ստեփանոս կաթողիկոսը: Իրեն ուղեկից վերցնելով Մովսես վարդապետին եւ Բաբկեն Սյունուն՝ նա մեկնում է Վասպուրական՝ փորձելով ուղիղ ճանապարհի բերել Վահանին եւ Աբուսահլ թագավորին:
Ստեփանոս կաթողիկոսը Եկեղեցու պառակտումը թույլ չտալու համար անգամ պատրաստ էր հրաժարվել հայրապետությունից: Վահան Ա Սյունին եւ Աբուսահլ թագավորը բանակցելու ոչ մի ցանկություն չարտահայտեցին, այլ Ստեփանոս կաթողիկոսին եւ նրա ուղեկիցներին բանտարկեցին Աղթամար կղզում: Շատ չանցած՝ Մովսես եւ Բաբկեն վարդապետներն ազատ արձակվեցին, որպեսզի Այրարատի եպիսկոպոսներին տեղյակ պահեն կաթողիկոսի ձերբակալության մասին, իսկ Ստեփանոսին տեղափոխեցին Կոտորոց բերդը, որտեղ էլ նա բանտարկության մեջ մահացավ: Կաթողկոսական աթոռը մեկ տարի թափուր մնաց: Հասկանալի է, որ պատճառն օրինական կաթողիկոսի կենդանի լինելն էր, որ Աշոտ Գ-ն եւ թագավորության եպիսկոպոսները չէին կարողանում նոր կաթողիկոս ընտրել: Հավանաբար տեղապահ դարձավ Խաչիկ Արշարունյաց եպիսկոպոսը, որը եւ Ստեփանոսի մահից հետո դարձավ Հայոց հայրապետ:
Ստեփանոս Գ Սեւանցին հովվապետեց երկու տարի եւ բանտարկության մեջ մնաց մեկ տարի, ուստի նրա կաթողիկոսությունը պետք է դնել 969-971 թվականներին, իսկ մահը՝ 972 թվին: Հնարավոր է, որ նրա մահն արագացրին բանտային հալածանքներն ու խոշտանգումները, սակայն, ինչպես ճիշտ ենթադրում է Մ. Օրմանյանը, հավանաբար նրան վերացրին Վահան Սյունին եւ Աբուսահլը՝ իրենց ապահովության եւ վրեժխնդրության նպատակով: Համենայն դեպս, այդպիսի կասկածներ ժամանակին արտահայտել է Ասողիկը՝ գրելով, թե «ոչ գիտեմ թէ նենգութեամբ ինքեանց (այսինքն՝ Վահանի եւ Աբուսահլի), եւ թէ այլով պատճառաւ»: Սակայն Վահանն էլ երկար չապրեց: Նա մահացավ, համաձայն Ստ. Օրբելյանի հաղորդման, Ստեփանոս կաթողիկոսի մահվան օրը, իսկ Ասողիկի վկայությամբ՝ նույն տարում: Պատմիչների կողմից Վահանի մահը նույն օրը կամ նույն տարում դիտվեց որպես ի վերուստ պատիժ՝ մահ Աստծու հրամանով: Վահանի մահը հավատացյալ Աբուսահլին վախեցրեց, որի գործողությունները մեծապես պայմանավորված էին Անանիա Ա Մոկացու Արգինա տեղափոխվելու կապակցությամբ Բագրատունիներին տհաճություն պատճառելու անհուն ցանկությամբ: Իր կյանքի համար վախենալով՝ Աբուսահլը ետ կանգնեց հակառակությունից, առավել եւս, որ հակառակության պատճառն այլեւս կենդանի չէր, եւ եկեղեցական խռովությունը դադարեց: Վահան Սյունին թաղվեց Ձորավանքում եւ Աբուսահլի պաշտպանությամբ՝ արժանացավ օրինական կաթողիկոսի պատվին:
Ստեփանոս Գ Սեւանցու թաղման վայրը հայտնի չէ: Հնարավոր է, որ նա հողին հանձնվեց հենց Կոտորոց բերդում՝ առանց պատիվների, քանի որ նրա դին Այրարատ տեղափոխելու մասին որեւէ տեղեկություն չի պահպանվել: Նա կարճ հովվապետեց, սակայն նրա անհուն նվիրվածությունը Հայոց Եկեղեցու միասնությանը, որը նրան կյանք արժեցավ, արժանի է խորին հարգանքի ու ակնածանքի: