ԹԵՈԴՈՐՈՍ Ա ՌՇՏՈՒՆԻ

ԹԵՈԴՈՐՈՍ Ա ՌՇՏՈՒՆԻ

(930-941)
 

Թեոդորոս Ա-ն, որի Ռշտունի անվանումը նույնպես արդյունք է Մ. Օրմանյանի մոտեցման, կաթողիկոսական աթոռ բարձրացավ 930 թվին եւ հովվապետեց 11 տարի: Եղել է Վասպուրականի եպիսկոպոսներից եւ կաթողիկոս է դարձել Գագիկ Արծրունու նախաձեռնությամբ՝ հայրապետանոց ունենալով Աղթամարի եկեղեցին:


Թեոդորոս Ա Ռշտունու հովվապետության շրջանում Արաբական խալիֆայությունն ավելի թուլացավ. խալիֆներն արագ հաջորդում էին մեկը մյուսին՝ չունենալով գործնական իշխանություն: Թուլացավ նաեւ Ատրպատականի ոստիկանությունը, որտեղ ուժեղացել էին պարսիկ իշխանները: Ուժեղացել էր Բյուզանդական կայսրությունը, որի Ռոմանոս Ա Լեկապենոս կայսրը, օգտվելով արաբների շփոթ վիճակից, ձեռնամուխ եղավ իր պետության սահմանների ընդարձակմանը: Բյուզանդական զորքերի հաջողությանն էապես նպաստեցին հայազգի զորավարներ Հովհաննեսը եւ Թեոփիլե Գուրգենը կամ Կուրկուասը, որոնք տիրացան հազարի չափ քաղաքների, ավանների, գյուղերի եւ ամրոցների: Բյուզանդացիներին էր պատկանում ոչ միայն Փոքր Հայքը, այլեւ Մեծ Հայքի նշանակալից մասը, որի մեջ մտնում էին Ծոփքը եւ Բարձր Հայքի գերակշիռ մասը: Ստեղծված վիճակն այդ ժամանակ դեռեւս նպաստավոր էր հայկական թագավորությունների համար, որոնք, ըստ մեծի մասի, անկախ էին կամ էլ ընծաներով եւ կամավոր հարկերով զերծ էին մնում օտար միջամտություններից:


Աբասի գահակալության տարիները եղան շինարարության շրջան: Նա իր կենտրոնը դարձրեց Վանանդ գավառի Կարս քաղաքը, որն ամրացրեց բերդերով եւ զարդարեց արքունի պալատով ու կաթողիկե եկեղեցով: Աբասի գործերն ավելի հաջող գնացին, երբ մահացավ Աշոտ Բռնավորը կամ Շապուհյանը, որը որպես ինքնագլուխ թագավոր՝ սկզբում հաստատվել էր Դվնում, իսկ այնուհետեւ՝ Բագարանում: Վերջինս հաջորդ չունեցավ, եւ նրա ճյուղը սպառվեց: Շուտով Աբասի գերիշխանությունը ճանաչեցին Սյունյաց իշխանները, իսկ Հայոց թագավորն իր առջեւ խնդիր դրեց վերականգնել իր իշխանությունն Ափխազների ու Վրաց թագավորությունների եւ Կովկասի լեռնաբնակ ցեղերի վրա: Հատկապես իրեն հանդուգն էր պահում Ափխազների Բեր թագավորը, որն Աբասին նամակ ուղարկելով՝ պահանջել էր աբասաշեն եկեղեցու նավակատիքը չկատարել, քանի որ ինքը գալու է՝ քաղկեդոնական ծեսով կատարելու: Հայոց բանակը դուրս եկավ թշնամու դեմ եւ ճակատամարտ տվեց Կուր գետի ափին: Վերջինս ավարտվեց հայերի փայլուն հաղթանակով, եւ Բերը գերի ընկավ: Ափխազաց թագավորին շղթայակապ բերացին Կարս, ցույց տվեցին գեղեցկաշեն եկեղեցին եւ այնուհետեւ կուրացրին: Ստանալով մեծ փրկագին՝ Աբասը Բերին ետ վերադարձրեց՝ պայմանով, որ Հայաստանի վրա այլեւս չհարձակվեն: Հասկանալով խնդրի ողջ բարդությունը՝ Աբասը ձեռնպահ մնաց որեւէ ձեւով կաթողիկոսության հարցը բարձրացնել, որովհետեւ Գագիկ Արծրունին դրա իրավունքը հեշտությամբ չէր զիջելու, իսկ երկրի անդորրը խախտվելու էր:


Մոտավորապես այդ ժամանակներում Նախճավանում հաստատված արաբ ոստիկանը փորձեց անկախանալ եւ հարձակվելով Հայաստանի վրա՝ գրավեց Գողթն ու Դվինը՝ հասնելով մինչեւ Արագածոտն: Աբասն օգնություն խնդրեց Գագիկ Արծրունուց, սակայն մինչեւ նրա հասնելը՝ փորձեց թշնամուն հաղթել սեփական ուժերով եւ պարտություն կրեց: Գագիկի մարտունակ զորամասերը Խորվիրապից ոչ հեռու՝ Գինո բլրի ստորոտում, ջախջախեցին արաբներին, մինչ հայոց հայրապետը Գինո բլրի վրա աղոթում էր՝ հանուն հայոց զորքերի հաղթանակի: Թովմա Արծրունին կաթողիկոսին կոչում է Եղիսե, որը սակայն Գագիկ Արծրունու օրոք հովվապետել չէր կարող, ուստի մնում է կասկածով վերաբերվել տեղեկության այդ մասին: Թեոդորոս կաթողիկոսի օրոք դավանաբանական խնդիրներ ծագեցին, որոնք պահպանվել են «Գիրք թղթոց»-ում՝ մեզ հասած Գագիկ Արծրունու նամակում, որն անթվակիր է, եւ որի վերաբերյալ պատմիչները ոչինչ չեն հայտնում: Մ. Օրմանյանը հակված է կարծելու, որ նամակը գրվել է 930 թվից ոչ շուտ, քանի որ Հովհաննես Դրասխանակերտցին այդ մասին չի հիշում, երբ հայազգի զորավար Գուրգենը կամ Կուրկուասը հասավ մինչեւ Տիգրիսի ափերը: Նամակում ասված է, որ հայերը հույների հետ էին նաեւ դավանությամբ:


Ըստ որում, միասնությունը հաստատուն էր երեք ժողովների ժամանակ, եւ միայն չորրորդ ժողովում անհամաձայնություն ծագեց: Գագիկ Արծրունին դիմած է եղել հայ վարդապետներին՝ պարզելու համար, թե որն է եղել անհամաձայնության պատճառը, եւ նամակում փորձում է գտնել եւ վերացնել անհամաձայնության պատճառ հանդիսացած կնճիռը: Գագիկն իր առջեւ քաղաքական խնդիր է դնում, որի համար կրոնականը միայն միջոց պիտի ծառայեր: Ըստ որում, նա բյուզանդացիներին ենթարկվելուն բացարձակապես դեմ է եւ կամենում է կողմերն իրար մերձեցնել փոխադարձ զիջումների ճանապարհով՝ երկուսից մի մարդ պատրաստելով: Քանի որ Գագիկի նպատակը դա էր, իսկ բյուզանդացիներն էլ իրենց ձեռք բերած հաջողություններից հետո զիջելու պատրաստ չէին, ապա Գագիկ Արծրունու նամակը հետեւանքներ չունեցավ:
Թեոդորոս Ա Ռշտունու գործունեության մասին աղբյուրները գործնականում լռում են: Հետեւաբար, նա մահացավ բնական մահով եւ թաղվեց Աղթամարի Սուրբ Խաչի կաթողիկեի հարեւանությամբ՝ Աստվածածնի ժամատանը, բայց անկասկած՝ ոչ եկեղեցում, որն ընդունված չէր Հայոց Եկեղեցում: