ՍՏԵՓԱՆՈՍ Բ ՌՇՏՈՒՆԻ

ՍՏԵՓԱՆՈՍ Բ ՌՇՏՈՒՆԻ

(929-930)
 

Հայոց կաթողիկոսական աթոռին Հովհաննես Դրասխանակերտցուն փոխարինեց Ստեփանոս Բ Ռշտունին, որը հովվապետեց ընդամենը մեկ տարի: Եթե նրան հիշում են Վարդան պատմիչը եւ Կիրակոս Գանձակեցին, ապա Ասողիկի երկը նրա մասին չգիտի եւ որպես Դրասխանակերտցու հաջորդի՝ հիշում է Թեոդորոսին: Տեղեկություններ նրա մասին չեն պահպանվել, ուստի զուտ տրամաբանորեն Մ. Օրմանյանը հակված է կարծելու, որ Ստեփանոսը եղել է Վասպուրականի եպիսկոպոսներից, եւ կաթողիկոս է դարձել Գագիկ Արծրունի թագավորի օժանդակությամբ: Ռշտունի մականունը, որ նրան տալիս է Մ. Օրմանյանը, ոչ մի տեղ վկայված չէ: Զուտ ելնելով այն իրողությունից, որ Աղթամարի կղզին եւ եկեղեցին Ռշտունյաց գավառի մեջ են, իսկ Ստեփանոսի տեղացի լինելը կասկածի ենթակա չէ, նա Ռշտունի է անվանում ոչ միայն Ստեփանոսին, այլեւ նրա երկու հաջորդներին: Եվ քանի որ նրա Ռշտունի անվանումը, մի տեսակ, քաղաքացիություն է գտել, մենք եւս հարկադրված պահպանում ենք:


Ստեփանոսի կաթողիկոսանալուն նպաստեց այն հանգամանքը, որ 928 կամ 929 թվին մահացավ շահանշահ Աշոտ Բ Երկաթը, իսկ 929-ին՝ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը: Մնալով Հայոց թագավորների մեջ գլխավորը, քանի որ Աշոտ Շապուհյանը ոչ ուժ ուներ եւ ոչ էլ ազդեցություն, Գագիկ Արծրունին սեփականեց կաթողիկոս հաստատելու իրավունքը: Աբասը, որ Հայոց գահին հաջորդել էր եղբորը, թագավորեց առանց խալիֆի կողմից հաստատվելու, որ պարզորոշ հավաստում է, թե Արաբական խալիֆայությունը խիստ թուլացել էր եւ ի վիճակի չէր իշխանություն բանեցնելու Հայոց թագավորության նկատմամբ: Աբասը, որ մի որոշ ժամանակ գժտվել էր Աշոտ Բ Երկաթի հետ, համաձայն մեզ հասած անուղղակի տվյալների, հաշտվել էր նրա հետ եւ այդ պատճառով նրա գահակալությունը խնդիրներ չհարուցեց: Գագիկ Արծրունին, որ ստիպված էր բավարարվել Վասպուրականի թագավորությամբ, պահպանում էր բարեկամական հարաբերությունները Հայոց շահանշահի հետ, սակայն նրա հավատարիմը (վասալը) չդարձավ:


Ստեփանոս կաթողիկոսը, թերեւս, Տաթեւի եկեղեցու վերանորոգումից հետո կատարել էր նրա նավակատիքը, սակայն թվականի բացակայությունն այն դարձնում է կասկածելի: Պատմությունը մեզ ոչինչ չի հայտնում նրա մահվան մասին: Հավանաբար, Հովհաննես Դրասխանակերտցու օրինակով, պետք է թաղված լինի Ձորավանքում: