ՄԱՇՏՈՑ Ա ԵՂԻՎԱՐԴԵՑԻ

ՄԱՇՏՈՑ Ա ԵՂԻՎԱՐԴԵՑԻ

(897-898)
 

Գեւորգ Բ Գառնեցի կաթողիկոսի մահվան լուրն առնելով՝ Սմբատ Ա արքան ու նրա հետ խնամիացած իշխանները, գահամեծար իշխանները եւ պատվական ազատանին ձեռնամուխ եղան նոր կաթողիկոսի ընտրությանը եւ անվերապահորեն կանգ առան Սեւանի անապատի առաջնորդ Մաշտոց վարդապետի թեկնածության վրա, որը մեծ հռչակ էր ձեռք բերել իր ճգնակենցաղությամբ, իմաստասիրական պատրաստությամբ եւ գեղեցկահարմար խորհրդական ընթացքով: Աղբյուրները նրան ձեռնադրելու մասին ոչինչ չեն հայտնում, որը, համաձայն Մ. Օրմանյանի, հավաստում է նրա հովվապետական աստիճան ունենալու մասին: Ի տարբերություն բազմաթիվ կաթողիկոսական թեկնածուների, որոնք իրոք կամ ձեւականորեն հրաժարվում էին կաթողիկոսական հովվապետական ծանր բեռի տակ մտնելուց՝ ինչ-ինչ պատճառաբանություններ բերելով, Մաշտոցը սիրով ընդունում է կաթողիկոսական աթոռը՝ նպատակ ունենալով իր գործունեությամբ նպաստել Եկեղեցու բարեկարգությանը:


Եվ ինչպես հավաստում են սկզբնաղբյուրները, նրա կարճատեւ հովվապետությունը եղավ Հայոց Եկեղեցու բարեկարգման շրջան: Հովաննես Դրասխանակերտցին, որ նրա ազգակիցն ու աշակերտն էր եղել եւ նրա մահից հետո կաթողիկոսական աթոռ բարձրացավ, նրա մահվան հանգամանքների մասին ոչինչ չի հայտնում: Հայտնի չէ նրա տարիքը, չնայած ոչ ժամանակակից պատմիչ Կիրակոս Գանձակեցու խոսքերով՝ նա էր «հասեալ ի ծերութիւն պարարտութեան», իսկ «Յայսմաւուրք»-ի հաղորդմամբ՝ նա հայոց հայրապետ է դարձել վաթսունամյա հասակում: Թերեւս նրան վաթսունամյա տարիք վերագրելը ճիշտ է, քանի որ ժամանակակիցների վկայությամբ՝ միայն քառասուն տարի ճգնել էր: Հավանաբար նրա մահն արագացրեց կաթողիկոսական նոր կենսակերպը, երբ ճգնավորական կյանքի սովոր Մաշտոցը ստիպված էր վարժվել ճոխ կերակուրների, համակերպվել իշխանական եւ ժողովրդական կենսաձեւին: Եվ վրա հասած մի ինչ-որ հիվանդություն նրան գերեզման տարավ:


Մաշտոցի հովվապետության յոթ ամիսներն անցան խաղաղության մեջ: Հայոց Սմբատ Ա արքան եւ Ափշին ոստիկանը հաշտվել էին, եւ երկրի անդորրը խախտող որեւէ խնդիր չկար: «Յայսմաւուրք»-ի համաձայն՝ նա մահացավ 346 թվի սահմի ամսի 4-ին կամ հոկտեմբերի 13-ին: Ինչպես ճիշտ նկատել է Մ. Օրմանյանը, համեմատությունը կատարված է անշարժ տոմարով, որն այդ ժամանակ դեռեւս կազմված չէր, իսկ շարժական տոմարով 346 թվի սահմի ամսվա 4-ը համապատասխանել է հունիսի 18-ին: Եվ քանի որ 346 թվի սկիզբն ընկնում էր ապրիլի 16-ին, եւ հնար չկա մինչեւ հունիս ամիսը տեղավորել նրա յոթամսյա աթոռակալությունը, Մաղաքիա Օրմանյանը գտնում է, որ հունիսի 18-ը հավանաբար եղել է նրա ընտրության օրը, իսկ մահն ընկել է 898 թվի հունվարի վերջին: Հաջորդ՝ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը կարող էր ձեռնադրվել 898 թվականի փետրվարին, երբ դեռ հայոց տոմարի 346 թվականը չէր ավարտվել: Մաշտոց հայրապետի մարմինը հողին հանձնվեց Գառնիում՝ Խոսրովիդուխտի հովանոցի մոտակայքում, այլ խոսքով՝ Տրդատ Ա արքայի կառուցած՝ Գառնիի հեթանոսական տաճարի հարեւանությամբ: Գառնիում թաղվելու պատճառը, թերեւս, այնտեղ նրա մահանալն էր: Հետագայում նրա գերեզմանի վրա կառուցեցին մի վայելուչ եկեղեցի:


Հայոց Եկեղեցու ծիսարանը ստացել է Մաշտոց անունը, սակայն վեճի առարկա է, թե ո՞ւմ անունն է անցել ծիսարանին՝ Մեսրոպ Մաշտոցի՞, թե՞ Մաշտոց կաթողիկոսի: Ուսումնասիրողներն այդ պատիվը վերագրում են կամ առաջինին եւ կամ երկրորդին, սակայն հավանականն այն է, որ ծիսարանն իր անունը ստացել էր Մաշտոց կաթողիկոսից, որը կազմել էր ծիսարանը դեռեւս Սեւանի անապատում ճգնելու ժամանակ: Ինչպես հավաստում է Կիրակոս Գանձակեցին, «Սա (իմա՛ Մաշտոց կաթողիկոսը - Բ. Հ.), կարգեաց զգիրսն որ ըստ իւր անուան Մաշտոց կոչի, ժողովեալ զամենայն կարգեալ աղօթս եւ ընթերցմունս ի միասին յարմարեալ յաւելուածով իւրմէ»: