ԳԵՎՈՐԳ Բ ԳԱՌՆԵՑԻ

ԳԵՎՈՐԳ Բ ԳԱՌՆԵՑԻ

(876-897)
 

Զաքարիա Ա Ձագեցուն կաթողիկոսական աթոռին փոխարինեց Գեւորգ Բ Գառնեցին՝ ծնված Կոտայք գավառի Գառնի գյուղաքաղաքում: Հովհաննես Դրասխանակերտցին նրան ներկայացնում է որպես կաթողիկոսական տան պատվական այր: Հավանաբար մինչեւ ընտրությունը եղել է եպիսկոպոս եւ դարձել է Հայոց հայրապետ՝ շնորհիվ Աշոտ Բագրատունու, որը հրամայում է ձեռնադրել «ընտրեալ զայր պատուական յառաջնորդութիւն տանս Թորգոմայ»: Չնայած Դրասխանակերտցու այս տեղեկությանը՝ Մ. Օրմանյանը հակված է կարծելու, որ ընտրության հարցում եպիսկոպոսներն ու նախարարները անմասն չեն մնացել, թեեւ իշխանաց իշխան Աշոտ Բագրատունու կամքը գերակշիռ է եղել: Գեւորգ Գառնեցու ձեռնադրությունը կատարվել է մեծ շուքով, ինչպես հավաստում է Ասողիկը՝ «յաւուրս տօնի Թլփատութեան տեառն»: Դա Աստվածահայտնության ութօրյակն է, որն ըստ Օրմանյանի՝ համապատասխանել է 877 թվականի հունվարի 13-ին կամ Հայոց տոմարով՝ ահեկան ամսի 28-ին: Հավանաբար եղել է ուսյալ անձնավորություն, սակայն նրա գրական եւ իմաստասիրական գործունեության մասին պատմությունը տեղեկություններ չի պահպանել:


Մինչեւ Աշոտ Բագրատունու թագավոր հռչակվելը՝ նրա կաթողիկոսությունն անցել է խաղաղ պայմաններում: Իշխանաց իշխանի հզոր բազուկը՝ շնորհիվ ճկուն ու հավասարակշռված քաղաքականության եւ կաթողիկոսի աջակցության, երկիրը պահում էր խաղաղության մեջ: Ապագա թագավորը մեծ քաղաքագետ էր եւ կարողացավ իր իշխանությանը ենթարկել թե՛ հայ ավատատերերին եւ թե՛ արաբ իշխաններին, որոնք տիրույթներ էին ձեռք բերել 774-775 թթ. ապստամբության ճնշումից հետո: Պատմիչների տեղեկությունների համաձայն՝ հայ նշանավոր ավատատերերից էին Գրիգոր-Դերենիկ Արծրունին, Տարոնի կյուրապաղատ Աշոտ Բագրատունին, Մոկքի իշխան Մուշեղ Բագրատունին, Անձեւացյաց իշխան Գուրգեն Արծրունին, Սյունյաց Վասակ Իշխանիկը, Վասակ Գաբուռ Սյունին, վրաց Ատրներսեհ Բագրատունին եւ շատ ուրիշներ: Արաբ իշխաններից էին Յամանիկը՝ Պարտավի կողմերում, Աբըլաբաս Կայսիկը, որ տիրում էր Ապահունիքին եւ շրջակա գավառներին, Ահմադ-իբն-Խալիդը՝ Տարոնի կողմերում եւ ուրիշներ: Օգտվելով նախարարների որոշ անհամաձայնություններից՝ Ահմադ-իբն-Խալիդը կամ Հալթի որդի Ահմադն անգամ արշավեց մինչեւ Դվին, սակայն հանդիպելով Աբաս սպարապետի կողմից առաջնորդվող հայկական զինված ուժերի դիմադրությանը՝ ստիպված էր ետ նահանջել: Օգտվելով այդ կացությունից՝ հայ իշխանները փորձում էին իրար ձերբակալել եւ ժառանգական տիրույթների ինչ-ինչ հարցեր լուծել: Բոլոր նմանօրինակ դեպքերում Հայոց կաթողիկոսը հանդես էր գալիս հաշտարարի դերում:


Աշոտ Բագրատունի իշանաց իշխանի եւ բյուզանդական կայսր Բարսեղ (իմա՛ Վասիլ) Ա-ի միջեւ հաստատվեցին բարեկամական հարաբերություններ: Վերջինս ծնվել էր Ադրիանուպոլսի գավառում, սակայն նրա հայրը Տարոնի Թիլ գյուղից էր: Բարսեղ կայսրը պարծենում էր իր հայ լինելու համար եւ իրեն վերագրում Արշակունիներից ծագում ունենալը: Կայսերական արքունիքում, սկսելով ստորին պաշտոններից, նա արագ թռիչք ունեցավ՝ դառնալով Միքայել Գ կայսեր գահակից կեսարը: Օգտվելով կայսեր ամեն սահման անցնող ցոփ, շվայտ ու անառակ կենսակերպից՝ Բարսեղն անցավ դավադիրների գլուխ եւ նրան սպանելով՝ 867 թվին տիրեց կայսերական գահին՝ դառնալով Բյուզանդիայի առավել նշանավոր կայսրերից մեկը: Կայսր դառնալուց հետո Բարսեղին Արշակունյաց ծագում վերագրելը լայն տարածում գտավ թե՛ հայերի եւ թե՛ օտարների մեջ: Վարդան պատմիչի հավաստմամբ՝ այդ գյուտը կատարել է Տարոնից Վահան անունով մի եպիսկոպոս, իսկ հույների շրջանում այդ հայտնագործությունը վերագրվում է Փոտ պատրիարքին, որը Բարսեղ Ա կայսեր կողմից զրկվելով պատրիարքական աթոռից՝ այս ձեւով փորձում էր ձեռք բերել նրա համակրանքը: Եվ իրոք էլ, ի վերջո, 877-ին նա կրկին տիրացավ պատրիարքական աթոռին: Կայսեր Արշակունյաց ծագումը լուսապսակի մեջ առնելու համար՝ անգամ Սահակ Պարթեւի տեսիլքից հատված էր առաջ քաշվում, եւ Վարդան պատմիչի հավաստմամբ՝ Բյուզանդիայում Արշակունի գահակալի հանդես գալով՝ կարծես թե իրականանում էր Սահակի տեսիլքը:


Հազիվ թե կարելի է մտածել, որ Բարսեղ կայսրը շատ էլ հավատում էր իր Արշակունյաց ծագմանը, սակայն անմիջապես հասկացավ դրա կարեւորությունը, որովհետեւ իր թագավորությունը դրա շնորհիվ օրինական բնույթ էր ձեռք բերում: 876 թին նա Նիկիտ անունով մի ներքինու ուղարկեց Հայաստան՝ խնդրելով Աշոտ Բագրատունուն՝ որպես թագադիր ասպետի, իրեն թագ ուղարկել, քանի որ կամենում էր թագադրվել Բագրատունիների կողմից: Աշոտ Բագրատունին, որի պետական եւ անձնական խնդիրների մեջ կարեւոր դեր եւ նշանակություն ուներ կայսրության հետ բարեկամական հարաբերությունների հաստատումը, կատարեց կայսեր խնդրանքը եւ տասը հազար արծաթ դրամ էլ ուղարկեց կայսեր կառուցած նորաշեն եկեղեցուն՝ որպես ընծա: Մ. Օրմանյանը, չնայած որոշ ուսումնասիրողների վերապահ վերաբերմունքին այս տեղեկությանը, հիշյալ իրադարձությունները համարում է վավերական եւ նշում, որ դրանք իրենց հաստատումն են գտնում Բարսեղ կայսեր կողմից Աշոտ Բագրատունուն արքայական թագ ուղարկելու փաստի մեջ: Շատ հնարավոր է, որ հայազգի կայսրը հայադավան էր, ուստի երկու երկրների միջեւ հարաբերությունները հաստատվեցին առանց դավանաբանական խնդիրներ հարուցելու: Եթե անգամ կայսրը քաղկեդոնական էր, այնուամենայնիվ, նա ոչ դաշինքի եւ ոչ էլ դավանության հետ կապված պահանջներ առաջ չքաշեց:


Մինչեւ Աշոտ Բագրատունու թագավորելը՝ մեծ հռչակ ստացավ Մաշտոց վարդապետը, որն ավելի ուշ արժանացավ կաթողիկոսական աստիճանի: Մաշտոցը եղիվարդեցի Գրիգոր քահանայի որդին էր, որը գալով Սոթք գավառի Մաքենոց վանքը՝ աշակերտում է Ստեփանոս վարդապետին, իսկ Սյունյաց Դավիթ եպիսկոպոսը նրան ձեռնադրում է քահանա: Մաշտոցն այնուհետեւ անցնում է Արտավազդի անապատ, իսկ այստեղից էլ՝ Սեւանա կղզու անապատը, որտեղ էլ իր ճգնակրոն վարքի եւ մեծ գիտելիքների շնորհիվ դառնում է վանքի առաջնորդ: Նրա հռչակը՝ որպես սրբակրոն մարդու, տարածվում է երկրով մեկ՝ հատկապես Սյունիքում: Նրա օրոք մեծանում է Սեւանա վանքի միաբանությունը, որն առաջնորդվում էր սուրբ Բարսեղի կազմած կանոնադրությամբ: Սյունյաց իշխան Վասակ Գաբուռի տիկնոջ՝ Մարիամ իշխանուհու օժանդակությամբ նա 874 թվին երկու ոչ մեծ, բայց գեղեցիկ եկեղեցիներ է կառուցում, որոնցից մեկը կոչվում է Սբ Առաքելոց, իսկ մյուսը՝ Սբ Աստվածածին: Կղզի է այցելում անձամբ ինքը՝ հայոց իշխանաց իշխան Աշոտ Բագրատունին, որը վանքին է նվիրում Խաչափայտի աստվածընկալ նշանը, որը հավանաբար նվեր էր ստացել Փոտ պատրիարքից, եւ վանքին որպես կալվածքներ հանձնում է Վարսեր, Ցամաքաբերդ, Գոմաձոր, Բերդք, Ուտյաց տափ գյուղերը, այգիներ Երեւանում եւ Գառնիում եւ այլ արգավանդ հողամասեր:


Չնայած Մաշտոցի մաքրակենցաղությանն ու հռչակին՝ կաթողիկոսի եւ նրա միջեւ հարաբերությունները լարվեցին, եւ անգամ Մաշտոցին նզովքի ենթարկելու վտանգ առաջացավ: Պատմիչները, խորապես հարգելով հոգեւոր այս առաջնորդներին, միջադեպի մասին տեղեկություններ չեն հաղորդում: Դրա հպանցիկ հիշատակությունը պահպանվել է Մաշտոցի կողմից Աբաս սպարապետին գրված նամակում, որտեղ Մաշտոցն ընդունում է, որ սխալ է թույլ տվել, քանի որ առանց բարձրագույն համաձայնության՝ հաղորդակցության մեջ է մտել քաղկեդոնականների հետ: Նրան սպառնացել են նզովել, իսկ նա էլ, իր մեղքն ընդունելով, ներում է հայցել, որով միջադեպը փակվել է: Մաղաքիա Օրմանյանը ենթադրում է, որ այդ եղել է հավանաբար Փոտ պատրիարքի կողմից ժամանած պատվիրակության եւ Շիրակավանի ժողովի ժամանակներում:


Իհարկե, այս իրադարձությունները, ընդհանուր առմամբ, բոլորովին էլ չէին խանգարում երկրի անդորրը: Ավելին. Հայոց կաթողիկոսը եւ երկրի նշանավոր իշխանները, համաձայն պատմիչների, որոշում են Աշոտ Բագրատունուն թագավոր հռչակել: Ստեփանոս Օրբելյանի հաղորդմամբ՝ այդ գործի գլուխ էին կանգնած Գրիգոր-Դերենիկ Արծրունին, Գրիգոր-Սուփան Սյունին, որը հաջորդել էր հորը՝ Վասակ-Գաբուռին, Վասակ Իշխանիկ Սյունին, որոնք հայոց այլ իշխանների հետ դիմեցին Ահմեդ-Աբուլ-Աբաս (ըստ պատմիչի՝ Ահմադ) անունով խալիֆին կամ ամիրապետին եւ Աշոտ Բագրատունու համար թագ խնդրեցին: Հարցը նախապատրաստել եւ ժամանակին առաջին քայլերն էր ձեռնարկել դեռեւս Զաքարիա կաթողիկոսը, եւ, անշուշտ, դրա շարունակողը եղավ Գեւորգ Գառնեցին: Իշխաններն իրենց խնդրանքը խալիֆին ուղարկեցին Շեխի որդի ոստիկան Հիսեի ձեռքով, ինչպես հավաստում է Հովհաննես Դրասխանակերտցին: Հասկանալի է, որ այս իրադարձություններում Աշոտ Բագրատունին չէր կարող նախաձեռնողի դերում հանդես գալ, սակայն տարակույս չկա, որ գաղափարը ծնվել էր նրա հզոր ուղեղում: Կաթողիկոսը դարձավ նրա խոսափողը եւ նախարարներին կազմակերպողն ու խնդրագիրն ուղարկողը:


Ասել, թե Հայոց կաթողիկոսի եւ իշխանների խնդրագիրը հաճությամբ ընդունվեց Բաղդադում, հազիվ թե ճիշտ կլինի: Երկար ժամանակ պատասխանը ձգձվում էր: Սակայն խալիֆայության թուլացումն ու Բյուզանդական կայսրության ուժեղացումն այնպիսի գործոններ էին, որ ամիրապետը, վախենալով, թե Հայաստանը բացասական պատասխանի դեպքում ընդհանրապես կհայտնվի Բյուզանդիայի ազդեցության ներքո, հարկադրված ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորությունը, իսկ վերջինս պետք է տարեկան հարկ վճարեր: Հարկավ, դրան նպաստեց նաեւ Հիսեի միջնորդությունը, որը, անտարակույս, լիովին վարձատրվել էր, եթե չասենք՝ կաշառվել՝ իր միջնորդության համար: Հենց նա էլ եկավ Հայաստան՝ բերելով խալիֆի ուղարկած թագը, թագավորական հանդերձները եւ բազմաթիվ նվերներ, նժույգներ, զենքեր ու զարդեր: Գահակալության հանդեսներին մեծ շուք տալու համար Աշոտ Ա Բագրատունու օծումը կատարվեց կաթողիկոսի կողմից, որով նվիրագործվեց հայերի մեծ երազանքը՝ Հայոց թագավորության վերականգնումը:


Համաձայն Ստ. Օրբելյանի՝ Աշոտ Բագրատունին օծվեց թագավոր, սակայն Հովհաննես Դրասխանակերտցու հավաստմամբ՝ Գեւորգ Գառնեցին միայն օրհնեց նրա թագը: Աշոտ Ա Բագրատունու թագադրությունը եղավ հայոց 334 թվականին, սակայն օրը հայտնի չէ: Ուստի թագրադրությունը կարող էր տեղի ունենալ 885 թվի ապրիլի 19-ից մինչեւ 886 թվի ապրիլի 19-ն ընկած ժամանակում: Սակայն թագադրության թվականը տարբեր է պատմիչների մոտ: Եթե Կիրակոս Գանձակեցին, Թովմա Արծրունին, Օրբելյանը, Սամվել Անեցին այդ դնում են 334 թվին, ապա ուրիշներն այն հասցնում են մինչեւ 888 թիվը: Ասողիկը եւ Վարդանն այդ դնում են Գեւորգ կաթողիկոսի 12-րդ տարում, իսկ Սամվել Անեցու մոտ 334 թիվը համապատասխանում է 887 թ.: Այնուամենայնիվ, գերադասելի է 334 թիվը, եւ թագադրությունն էլ եղել է, ամենայն հավանականությամբ, 885 թվին:


Հայ Բագրատունիների թագավորությունը սկզբնական շրջանում լիակատար անկախ երկիր չէր, այլ խալիֆայությանը հարկատու: Ըստ որում, դա կատարվում էր միջնորդավորված ձեւով, քանի որ Հայոց թագավորները հարկը պետք է փոխանցեին Ատրպատականի ոստիկաններին, իսկ վերջիններս էլ՝ ամիրապետին: Իսկ այդ հանգամանքը միշտ հնարավորություն էր տալիս նրանց միջամտելու Հայաստանի ներքին գործերին: Մյուս կողմից՝ ստիպված ենք խոստովանել, որ հայերն իրենց որոշ գործողություններով հիանալի առիթներ էին տալիս նրանց: Արաբների կողմից Աշոտ Բագրատունուն թագ ուղարկելը խիստ անհանգստացրեց Բյուզանդական կայսր Բարսեղ Ա-ին: Եվ որպեսզի Հայաստանի վրա ազդելու լծակներ ունենա, ինչպես նաեւ ձեռք բերի նրանց համակրանքը, նա իր հերթին Աշոտին թագ ուղարկեց եւ, ինչպես հավաստում է Հովհաննես Դրասխանակերտցին, «պայման խաղաղութեան եւ սիրոյ հաստատէր, հաղորդակից կացուցանելով յամենայն թագաւորութիւնս թագաւորութեան իւրոյ»: Եթե հավատանք Վարդան պատմիչին, ապա կաթողիկոսն օրհնեց Բարսեղի ուղարկած թագը եւս: Եթե դա եղել է սոսկ պալատական մի փոքր արարողություն, ապա շատ հավանական է, սակայն երկրորդ անգամ թագադրությունը հազիվ թե հնարավոր էր, քանի որ կարող էր առաջ բերել խալիֆի թշնամությունը: Թերեւս, հայերին ուրախացրեց բյուզանդացիների կողմից Աշոտի թագավորության ճանաչումը, սակայն, եթե նրանք հույս ունեին ի դեմս կայսրության դաշնակից ձեռք բերելու, ապա կայսրությունը լոկ Հայաստանն իրեն ենթարկելու ծրագիր էր հետապնդում:


Աշոտ Ա Բագրատունու գահակալության տարիները խաղաղության եւ տնտեսական զարգացման շրջան էին: Հատկապես մեծ աշխատանք տարվեց երկրագործության եւ անասնապահության զարգացման ուղղությամբ: Ի ծնե լինելով խորամանկ ու շրջահայաց քաղաքագետ՝ նա իր գերիշխանությունը տարածեց մինչ Կովկասյան լեռներն ընկած տարածքների վրա՝ իրեն ենթարկելով Ուտեացվոց կողմերը եւ Գարգարացվոց (պատմիչի մոտ սխալմամբ՝ Գագարաց աղխատրոյզ բնակիչներ) երկրամասերը, ինչպես նաեւ Կովկաս լեռների ծործորներում բնակվող ցեղերին: Նա բարեկամություն հաստատեց ափխազների կամ Եգերաց թագավորի հետ եւ հավատարմություն պահպանեց խալիֆայության նկատմամբ, որին Հայոց թագավորի հաջողությունները հյուսիսում չէին անհանգստացնում: Աշոտ Ա-ի հավատարիմ (վասալ) Դերենիկ Արծրունին էլ իր իշխանությունը տարածեց Հերի եւ Զարեւանդի վրա եւ հաճախ ձմեռելու էր մեկնում Հերական դաշտի կողմերը: Տեղի մահմեդականները, որ դժգոհ էին դրանից, 886 թվին դավադրություն կազմեցին նրա դեմ եւ սպանեցին: Իշխանի դիակը բերվեց եւ հողին հանձնվեց Աղբակի Սբ Խաչ վանքում: Հայոց թագավորն իր Շապուհ անունով որդուն ուղարկեց, որ Արծրունյաց ժառանգական տիրույթների խնդիրը լուծի, քանի որ Դերենիկի որդիները, որոնք Հայոց թագավորի թոռներն էին, մանկահասակ էին: Շապուհը Գագիկ Ապումրվանին խնամակալ նշանակեց Դերենիկի զավակներին եւ ետ վերադարձավ:


Բյուզանդական աղբյուրների համաձայն՝ Աշոտ Ա-ն գնացել է Փոքր Հայքի կողմերը եւ այցելել Լեւոն Զ կայսերը Կոստանդնուպոլսում, սակայն հայկական աղբյուրներն այդ մասին ոչինչ չեն ասում: Թերեւս շփոթ կա Աշոտ Ա-ի եւ Աշոտ Բ-ի միջեւ, որովհետեւ նման ուղեւորությունը պետք է շատ վատ ընդունվեր արաբների կողմից: Հովհաննես Դրասխանակերտցու հաղորդմամբ՝ Աշոտ Ա արքան ճանապարհին հիվանդանում է եւ մահանում Բագարանի մոտ գտնվող Քարսպառ կոչված վայրում՝ Կոստանդնուպոլիս գնալու մասին ոչինչ չհայտնելով: Ասենք, որ նկարագրությունից էլ երեւում է, որ նրա շրջայցը Շիրակի սահմաններից դուրս չի եկել: Զգալով իր մոտալուտ մահը՝ Աշոտ Ա-ն իր մոտ է կանչում Գեւորգ կաթողիկոսին, հանձնում նրան արծաթ ու ոսկի՝ տնանկներին ու աղքատներին հանձնելու համար: Եկեղեցուն են հանձնվում նշանակալից հարստություններ: Թագավորի դին տարվեց Բագարան եւ մեծ հանդիսավորությամբ ու շքեղությամբ հողին հանձնվեց: Թագավորի հագին ոսկեհուռ հանդերձներ էին, դագաղը զարդարված էր ոսկեզօծ դրոշներով, առջեւից քայլում էին զինավառ զինվորների խմբեր, իսկ կաթողիկոսը կղերականների հետ, շրջապատելով դագաղը, աղոթք էին անում եւ սաղմոսներ երգում: Աշոտի ավագ որդին՝ Սմբատը, եւ Աբաս սպարապետը՝ եղբայրը, թաղմանը ներկա չէին, իսկ մյուս որդիները՝ Դավիթը, Սահակը եւ Շապուհը, քայլում էին դագաղի հետեւից: Նրանց էին հետեւում երկրի իշխանները եւ հասարակ ժողովրդի բազմությունը: Աշոտ Ա-ն մահացավ հայոց 339 կամ 340 թվին՝ 71 տարեկան հասակում, որը համապատասխանում է քրիստոնեական տոմարի 890 թվին: Աշոտ Ա-ն նշանավոր քաղաքական դեմք էր, եթե չասենք ամենաականավորը Բագրատունյաց արքայատոհմում:


Աշոտ արքայի թագաժառանգ որդին՝ Սմբատը, հոր մահվան լուրն առնելով, արագ ժամանեց Շիրակավան՝ պատրաստվելով գահ բարձրանալ: Սակայն պարզվեց, որ գահի նկատմամբ լուրջ հավակնություններ ունի Աբաս սպարապետը, եւ երբ Վրաց Ատրներսեհ իշխանը եկավ Շիրակավան ու Սմբատին ողջունեց որպես թագավորի, ետդարձի ճանապարհին՝ Կարս քաղաքում, ձերբակալվեց սպարապետի կողմից: Ատրներսեհին երկաթե շղթաներով բանտ դրին: Սմբատն էլ իր հերթին զինված ուժերով ներխուժեց Վանանդ՝ հանդիպելով Աբասի զորամասերի դիմադրությանը: Երկուսն էլ փոխադարձաբար ավերածություններ գործեցին, եւ միայն Գեւորգ կաթողիկոսի միջնորդությամբ Աբասը խոստացավ ազատել Ատրներսեհին՝ իրեն երկու բերդ տալու եւ որդուն պատանդ ուղարկելու պայմանով: Սակայն, չնայած երդմանը, ուզածն ստանալուց հետո էլ Ատրներսեհը բանտից չազատվեց՝ առաջ բերելով կաթողիկոսի մեծ տրտմությունը: Այս ամենը ստիպեց Սմբատ Ա-ին շարունակել պատերազմը, մինչեւ որ Կարսում պաշարված եւ նեղն ընկած Աբասը հաշտություն խնդրեց եւ ազատ արձակեց Ատրներսեհին՝ պատանդ խնդրելով միայն Սմբատի Աբաս անունով որդուն եւ Աշոտ եղբորորդուն:


Աբասի ընկճումով վիճակը երկրում կայունացավ, իսկ շատ չանցած՝ արաբական խալիֆը թագ եւ արքայական հանդերձներ ուղարկեց Սմբատ Ա-ին՝ Ատրպատական ոստիկան Ափշինի միջոցով, որը հաջորդել էր Հիսեին: Թագադրության հանդեսը կատարվեց մեծ ճոխությամբ եւ եկեղեցական արարողությամբ: Թագօրհնեքը, ինչպես Աշոտ Ա-ի ժամանակ, կատարեց Գեւորգ կաթողիկոսը: Թագադրությանը մասնակցեցին Սյունյաց Հովհաննես եպիսկոպոսը, Ատրներսեհ Վրաց իշխանը, Աշոտ Սյունին, Գագիկ Աբումրվանը եւ այլ իշխաններ: Աբաս սպարապետը, որ թագավոր դառնալու հույսը կորցրել էր, որոշեց վրեժ լուծել կաթողիկոսից եւ հասնել նրա պաշտոնանկությանը: Նա կաթողիկոսարանի քսու եւ զրպարտիչ մարդկանց միջոցով բանսարկություններ է կազմակերպում կաթողիկոսի դեմ եւ փորձում է այդ գործում աջակից ունենալ Մաշտոց վարդապետին, որին քիչ էր մնացել նզովքի ենթարկեր Գեւորգ կաթողիկոսը: Բանն այնտեղ հասավ, որ սպարապետը խոստացավ Մաշտոցին կաթողիկոսական աթոռ բարձրացնել: Սակայն վերջինս ոչ միայն չպաշտպանեց Աբասին, այլեւ խիստ պատասխան ուղարկեց՝ հրաժարվելով մասնակցել ամբաստանությանը եւ խորհուրդ տալով նրան հրաժարվել իր մտադրությունից: Մաշտոցի պատասխանը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ Աբասի վրա՝ առաջ բերելով նրա զայրույթը: Սպարապետին չպաշտպանեցին նաեւ ուրիշները, իսկ մի քանի զրպարտիչներ մահացան զանազան ախտերով: Մյուս զրպարտիչները մեղայականով ընկան կաթողիկոսի ոտքերը, որից զարհուրած Աբասն էլ ներկայացավ կաթողիկոսին՝ թողություն խնդրելով: Շատ չանցած՝ սպարապետը մահացավ, եւ նրա պաշտոնը հանձնվեց Սմբատի եղբայր Շապուհին:


Սմբատ Ա-ի իշխանության սկիզբը, ընդհանուր առմամբ, հաջողակ էր: Լավ հարաբերություններ ունենալով արաբների հետ՝ նա կամեցավ բարեկամական կապեր հաստատել նաեւ բյուզանդացիների հետ: Այս կապակցությամբ նա մեծ նվերներով դեսպանություն ուղարկեց Լեւոն Զ կայսեր մոտ, իսկ վերջինս էլ փոխադարձաբար հարուստ ընծաներ ուղարկեց նրան: Հույները սովորաբար առատաձեռն չէին, եւ նման շռայլությունն արդյուն էր Լեւոնի հայկական ծագման: Դեսպանություն ուղարկելով Կոստանդնուպոլիս՝ Սմբատ Ա-ն, անկասկած, որոշակի քաղաքական նպատակներ էր հետապնդում, սակայն դա վատ ընկալվեց արաբների կողմից: Ափշինը, որ Ատրպատականի ոստիկանն էր, եւ ժամանակին ինքն էր թագ բերել Սմբատին, որոշեց պատժել Հայոց թագավորին: Սակայն արշավանքի նախապատրաստությունները ծածկել չհաջողվեց, եւ Սմբատ Ա-ն, իմանալով այդ մասին, 30 հազարանոց բանակով առաջացավ Ռոտակաց գավառը՝ հավանաբար Հերի եւ Զարեւանդի շրջանը, եւ պատգամավոր ուղարկելով Ափշինի մոտ՝ հավաստիացրեց, թե իր՝ բյուզանդացիների հետ հարաբերություններ հաստատելը միայն նպատակ է ունեցել խալիֆայությունը ճոխացնել՝ դյուրացնելով բյուզանդական ապրանքների առեւտուրը, քանի որ կայսրության եւ խալիֆայության միջեւ ուղիղ առեւտրական կապեր չկային: Իր ասածին ավելի ուժ տալու համար Հայոց թագավորն արքայական պարգեւներ ուղարկեց Ափշինին, որն ավելի շուտ ազդվելով հայկական մեծաքանակ բանակից, քան Հայոց թագավորի բացատրությունից, բարեկամական հանդիպում ունեցավ Սմբատ Ա-ի հետ եւ նահանջեց:


Այս դեպքերից հետո Հայոց թագավորը զորքերը շարժեց Դվին, որի կառավարիչներ Մուհամեդը եւ Ուման հրաժարվել էին ճանաչել նրա իշխանությունը: Սմբատը քաղաքը պատերազմով գրավեց 892 թ. ապրիլի 21-ին, հիշյալ արաբ իշխաններին ձերբակալեց եւ որոշ կտտանքների ենթարկելուց հետո ուղարկեց բյուզանդական կայսր Լեւոն Զ-ին: Դժվար է ասել, թե ինչով էր առաջնորդվել Հայոց թագավորը գերիներին Կոստանդնուպոլիս ուղարկելով, համենայն դեպս, որոշումը բոլորովին էլ բանական չէր: Եթե արաբները կարող էին հանդուրժել արաբ ամիրաների ձերբակալությունը Հայոց թագավորի կողմից, քանի որ նրանք հրաժարվել էին ճանաչել նրա իշխանությունը, ապա բոլորովին չհանդուրժեցին գերիներին բյուզանդական կայսրին հանձնելը: Իսկ Սմբատն այդ ընթացքում իր իշխանությունը հաստատեց հյուսիսային երկրների վրա՝ սահմանները հասցնելով մինչեւ Կարին, Կղարջք, Սեւ ծովի ափերը, Տփղիս, Ալանաց դռներ եւ Պարտավ: Ոգեւորված իր հաղթանակներից՝ նա վերցրեց Տիեզերակալ տիտղոսը՝ դրա մեջ կայսերական իշխանության բովանդակություն դնելով, չնայած հետագայում նրան, եղերական մահվան պատճառով, ավելի շատ հիշատակում են Նահատակ մականունով:


Սմբատ Ա-ի երրորդ տարում՝ 893 թվին, տեղի ունեցավ Դվնի ավերիչ երկրաշարժը, որն ավելի աղետաբեր էր, քան 863 թվինը: Քաղաքը ենթարկվեց ահավոր ավերածության, ավերվեցին շատ եկեղեցիներ, եւ երկրաշարժին զոհ գնացին ավելի քան 70 հազար մարդ: Դվնից հեռացավ նաեւ կաթողիկոսը, որովհետեւ հայրապետանոցն ավերվել էր: Նա հաստատվեց Վաղարշապատից ոչ շատ հեռու գտնվող Զվարթնոցի եկեղեցում: Հոգեւոր անձերից Մաշտոց վարդապետը քրիստոնյաներին մխիթարելու համար հատուկ գիր ուղարկեց եւ Սուրբ Գրքի օրինակով բացատրեց, թե աստվածային նախախնամությունը թույլ չի տալիս կորստի մատնել արդարին ամբարշտի հետ, սակայն պատուհասների ժամանակ անհնար է նրանց իրարից զատել, առավել եւս, որ ոչ մեկը արդար չէ: Ուստի արդարները երբեմն ըմպում են պատուհասի բաժակը մեղավորների հետ, ինչպես վերջիններս նրանց հետ վայելում են բարությունը: Այս նամակը մեջբերելուց հետո Հովհաննես Դրասխանակերտցին ավելացնում է, որ «Յիրաւի թէ եւ քրիստոնեայք եւս ի ծուխ բարկութեան հեթանոսաց թմրեալ պատժապարտ գտան. վասն զի ոչ ելեալք ի Սեգովրայ խառնակեցաք ընդ Հագարացիսն եւ ուսաք զգործս նոցա, որ գտաւ իսկ ի գայթակղութիւն մեզ»:


Մոտավորապես այս ժամանակներում Հայոց Սմբատ արքան, որ շատ էլ վստահություն չուներ Ափշինի վրա եւ հոգնել էր Ատրպատականի ոստիկանների միջամտություններից, որոշեց հրաժարվել միջնորդավորված կախյալությունից եւ անմիջապես ենթարկվել խալիֆին: Հայոց արքայի ունեցած հաջողությունները, հասկանալի է, բնավ էլ Ափշինի սրտով չէին, ուստի Սմբատի համար անակնկալ հարձակվեց Հայաստանի վրա՝ հասնելով մինչեւ Դվին: Մինչ նա, Արագածի կողմերը քաշվելով, ուժեր էր հավաքում, կաթողիկոսը փորձեց կողմերը հաշտեցնել: Ափշինը նրան պատվով ընդունեց եւ համաձայնվեց գործը խաղաղությամբ վերջացնել, եթե Սմբատն իրեն ներկայանա: Գեւորգ կաթողիկոսը, որի մտքով անգամ չէր անցնում, թե դա թակարդ է արաբ ոստիկանի կողմից, խոստացավ վերադառնալ եւ Սմբատի հետ միասին ներկայանալ նրան: Թագավորը եւ իշխանները փորձեցին կաթողիկոսին հասկացնել, որ դա սովորական թակարդ է, եւ նրան էլ խորհուրդ տվեցին կրկին չայցելել Ափշինին, սակայն հայրապետը, չանսալով նրանց, ներկայացավ Ափշինին եւ անմիջապես ձերբակալվեց ու շղթայակապ բանտ նետվեց:


Տեսնելով, որ իր խորամանկությունը չհաջողվեց, Ափշինը զորքերը շարժեց հյուսիս, որտեղ՝ Արագածոտնի Դողս գյուղի մատույցներում, ծանր պարտություն կրեց հայկական բանակից: Բանն այնտեղ հասավ, որ նա Սմբատից հաշտություն աղերսեց՝ պահպանելով հարկերն իր միջնորդությամբ վճարելու իրավունքը: Չնայած երկկողմ երդումներին, ընծաների փոխանակությանը՝ Ափշինը կաթողիկոսին ազատ չարձակեց, եւ նա երկու ամիս բանտարկված մնաց: Շրջագայելիս Ափշինն իր հետ էր տանում Հայոց հայրապետին, եւ այս կերպով նա հայտնվեց արքունի քաղաք Պարտավում, որ պատմիչի մոտ Փայտակարան է անվանվում: Բազմաթիվ դիմումներից հետո արաբ ոստիկանն ի վերջո համաձայնեց նրան ազատել փրկագին՝ ստանալու պայմանով, որը հավաքեցին թագավորը, իշխանները եւ Արեւելից իշխան Համամի ձեռքով հանձնեցին Ափշինին: Միայն դրանից հետո Գեւորգ կաթողիկոսն ազատվեց եւ խնդությամբ ընդունվեց ժողովրդի կողմից: Դիմավորողների մեջ էր նաեւ Հովհաննես Դրասխանակերտցին, որն այդ ժամանակ պաշտոնավարում էր հայրապետանոցում:
Արաբական միջամտությունները մշտապես պարարտ հող էին ստեղծում երկրի անդորրը խախտողների համար: Իշխաններից շատերը վարակվել էին թագավոր հռչակվելու ախտով, որը վտանգավոր ձեւեր էր ընդունում Ափշինի խարդավանքների հետեւանքով: Դերենիկ Արծրունու երեք զավակները, հասունանալով, որոշեցին ինքնուրույն իշխել եւ միմյանց միջեւ բաժանեցին Արծրունյաց տիրույթները: Աշոտը ստացավ կենտրոնական գավառները, Գագիկը՝ Ռշտունիքը, իսկ Գուրգենը՝ Աղբակն իր շրջակայքով:


Աշոտ Արծրունին, թագավոր դառնալու վառ հույսերով, առատ ընծաներով ներկայացավ Ափշինին: Նույն երազանքներով արաբ ոստիկանի մոտ եկավ Սյունյաց Գրիգոր Սուփան իշխանը: Սակայն Ափշինը, փոխադարձաբար ընծաներ տալով, նրանց ետ վերադարձրեց՝ առանց նրանց իղձերին հագուրդ տալու: Եվ եթե Գրիգոր Սուփանը, խորապես զղջալով կատարածի համար, հաշտվեց Սմբատ թագավորի հետ, ապա Աշոտ Արծրունին միտք չուներ իր նպատակներից ետ կանգնելու: Գագիկ Աբումրվանը, որ ընդամենը խնամակալ էր, այս ամենը տեսնելով եւ, անտարակույս, քաջալերվելով արքայից, եղբայրներին ձերբակալեց՝ բանտարկելով Աշոտին Նկանում, Գագիկին՝ Սեւանում, եւ Գուրգենին՝ Կոտորում: Փաստորեն նա տիրացավ Վասպուրականին: Իրար դեմ էին մարտնչում Մոկաց Մուշեղ եւ Անձեւացյաց Գուրգեն իշխանները, որոնցից առաջինը պատերազմում զոհվեց, իսկ մյուսը, ձիուց ընկնելով, մահացավ: Աբումրվանից դժգոհ նախարարները փորձեցին միանալ Գուրգեն Անձեւացու որդի Ատոմին եւ դուրս գալ բռնավոր Աբումրվանի դեմ: Սակայն դավադրությունը բացահայտած Աբումրվանը կարողացավ իր իշխանությունը տարածել նաեւ Մոկքի եւ Անձեւացիքի վրա: Վասպուրականի դավադիր իշխանները ստիպված էին ապավինել Տարոնի Գուրգեն իշխանին: Սակայն Տարոնի իշխանությունն էլ իր հերթին հարձակման ենթարկվեց՝ Միջագետքում եւ Ասորիքում իշխող Ահմադ ոստիկանի կողմից, որը գրավեց Աղձնիքն ու Սասունը եւ պատրաստվում էր տիրել ամբողջ Հայաստանին: Նրա դեմ դուրս եկավ Սմբատը՝ 60 հազարանոց բանակով՝ նիզակակից ունենալով Աբումրվան իշխանին, որը կաշառվել էր Ահմադից՝ թագ ստանալու խոստումով:


Արծրունյաց նոր գահերեցի դավաճանության պատճառով հայոց բանակը պարտություն կրեց Թուխ գետի ճակատամարտում եւ նահանջեց դեպի Բագրեւանդ: Սա պատճառ դարձավ, որ Ափշինի՝ Հայաստանը գրավելու հույսերը վերակենդանանան: Նրա հետ համաձայնության պլաններ էր նյութում իր հերթին դավաճան Աբումրվանը, որն արքայական հանդերձները հագին՝ իրեն նվիրել էր խրախճանքների: Արծրունյաց երիտասարդ իշխաններից Գագիկը, որ կալանքներից ազատ էր արձակվել, միաբանեց Վասպուրականի մի շարք իշխանների հետ եւ հարձակվելով Աբումրվանի վրա՝ նրան սպանեց: Գագիկն ազատեց իր եղբայրներին եւս, եւ նրանք տիրեցին իրենց հայրենի ժառանգությանը: Սմբատը, գոհ մնալով դրանից, Աշոտին պատվեց իշխանության, Գագիկին՝ զորավարության, իսկ Գուրգենին՝ մարզպանության աստիճաններով: Մեզ հասած հիշատակարաններից մեկի համաձայն՝ դրանից հետո Տարոնը, ինչպես նաեւ Սասունը հիշվում են Հայոց թագավորության մեջ, ուստի դժվար չէ եզրակացնել, որ որոշ ժամանակ անց Հայոց արքան կարողացել էր վերականգնել իրերի նախկին վիճակը Հայոց պետության հարավարեւմտյան սահմանագլխին:


Այս ընթացքում Ափշինը կրկին հարձակվեց Հայաստանի վրա՝ արշավելով հյուսիսով դեպի Վանանդ: Սմբատն ապաստանեց Տայոց ամուր աշխարհում, իսկ թշնամին պաշարեց Կարս քաղաքը, որտեղ գտնվում էին թագուհին, իշխանազուն կանայք եւ արքունի գանձերը: Բերդապահ կարգված Հասան Գնթունին, հավատալով Ափշինի խոստումներին, համաձայնեց քաղաքը հանձնել՝ բնակչության ազատությունը հարգելու պայմանով: Սակայն արաբ ոստիկանն ազատ արձակեց միայն հասարակ ժողովրդին, իսկ թագուհուն ու հարսին, իշխանազուն կանանց ու Հասան Գնթունուն՝ գանձերի հետ վերցնելով, գնաց Դվին, իսկ այնտեղից էլ՝ Պարտավ: Կարսի գրավման լուրն առնելով՝ Սմբատը եկավ Կարս, բայց մոտակա ձմռան պատճառով քաշվեց Երասխաձորի Կաղզվան բերդը եւ բանակցություններ սկսեց Ափշինի հետ: Չնայած փոխադարձ մեղադրանքներին, բանակցությունների երկար ընթացքին՝ կողմերն ի վերջո հաշտվեցին: Սմբատ արքայի Աշոտ որդին եւ նրա եղբայր Սահակի որդի Սմբատը պատանդ տրվեցին, իսկ Շապուհ եղբոր դուստրը կնության տրվեց Ափշինին: Պայմանները ծանր էին, բայց թագավորը ստիպված էր զիջել, քանի որ նախարարները միաբան չէին իր հետ: Ափշինը Շապուհի դստեր հետ ամուսնանալուց հետո՝ գարնան բացվելուն պես, թագուհուն ետ վերադարձրեց, իսկ Աշոտի կինը ամուսնու հետ մնաց Ատրպատականում: Վերադարձվեցին իշխանազուն կանայք:


Ափշինը փորձեց դավել Արծրունյաց իշխանի դեմ եւ հաջողության չհասնելով՝ նրանց դեմ զորք ուղարկեց՝ Սափի անունով մի մահմեդականացած հույնի գլխավորությամբ: Թշնամու ճնշման ներքո նրանք քաշվեցին դեպի Աղբակ, իսկ Մարդաստան գավառի Համբույրազան ավանում հաստատված արաբների դեմ նրանց ձեռնարկած հարձակումը ցրտի եւ հոգնածության պատճառով անհաջող անցավ: Հայերից բավական թվով գերի ընկան, որոնք, բացառությամբ Արշակ Վարաժնունու, Ափշինի հրամանով սպանվեցին: Չնայած այս ամենին՝ կողմերը հաշտվեցին, եւ խաղաղությունը վերականգնվեց:


Վերը նշված իրադարձություններից շատ չանցած՝ հավանաբար 897 թվի ամռան կողմերը, կաթողիկոսը մահացավ: Մահվան տարին ճշտվում է Գառնիում գտնված Մաշտոց կաթողիկոսի գերեզմանաքարի արձանագրությամբ, որի համաձայն՝ նա մահացել է Հայոց ՅԽԶ կամ 897 թվին: Եվ հաշվի առնելով, որ նա հովվապետել է ընդամենը յոթ ամիս, հաջորդ՝ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսի ընտրությունն ու ձեռնադրությունը կատարվել է արդեն 898 թվի սկզներին: Գեւորգ Բ Գառնեցին մահացավ Վասպուրականում, որտեղ գտնվում էր, հավանաբար, Արծրունյաց իշխաններին համախմբելու նպատակով: Կաթողիկոսի մարմինը տարվեց Վան քաղաքից ոչ շատ հեռու գտնվող Ձորավանք, որից ոչ շատ հեռու Ահեվականք եւ Կոխպանք գյուղերն էին, եւ հողին հանձնվեց Սբ Հռիփսիմեի լուսավորչաշեն եկեղեցու մոտ, որտեղ պահվում էին Լուսավորչի գավազանը եւ շարժական սեղանը: Դա հետագայի Սազնապատի Սբ Գրիգորի վանքն էր՝ Կոխպանց գյուղի մերձակայքում: Մահվան վայրը հայտնի չէ, սակայն, թերեւս, ճիշտ է Մ. Օրմանյանը, որ նրա մահը ենթադրում է Արծրունյաց ոստան Վան քաղաքում: