ԴԱՎԻԹ Բ ԿԱԿԱՂԵՑԻ

ԴԱՎԻԹ Բ ԿԱԿԱՂԵՑԻ

(806-833)
 

Դավիթ Բ Կակաղեցի կաթողիկոսը ծնվել է Մազազ գավառի Կակաղ գյուղում: Մ. Օրմանյանը հակված է կարծելու, որ Դավիթ Բ-ն, հավանաբար, սկզբում եղել է գավառի եպիսկոպոս, սակայն այդ մասին տեղեկություններ չեն պահպանվել: Հովհաննես Դրասխանակերտցու հաղորդմամբ, ինչպես նաեւ գավազանագրքերի համաձայն, Դավիթ Կակաղեցին հովվապետել է 27 տարի, եւ միայն Ասողիկն է, որ նրան վերագրում է 25 տարվա կաթողիկոսություն: Սակայն, ինչպես ճիշտ նկատում է Մ. Օրմանյանը, տարբերությունը լոկ «Ե» եւ «Է» տառերի ձեռագրական շփոթի արդյունք է, ուստի հովվապետության տարիների թիվն իրականում 27 է, եւ Դավիթ Բ Կակաղեցին հովվապետել է 806-833 թթ.:


Չնայած կաթողիկոսության երկար շրջանին՝ նրա աթոռակալությունը ոչնչով չի նշանավորվել: Դժվար է ասել անգամ, թե այդ ամլությունն ինչով է պայմանավորված. հիվանդությամբ թե ժամանակի դաժան պայմաններով: Դավիթ Բ-ն իր աթոռակալությունը սկսեց Հարուն ալ-Ռաշիդի խալիֆայության օրոք եւ, հավանաբար, Հոլի ոստիկանության շրջանում: Հայոց սպարապետն էր Աշոտ Մսակերը, որին մեծ դեր էր վիճակված խաղալու հայոց պատմության մեջ: Կարծես թե ամեն ինչ պետք է նպաստեր Հայոց կաթողիկոսի գործունեությանը, սակայն կաթողիկոսի, ամենայն հավանականությամբ, համեստ կարողությունները եւ ակտիվությունից զուրկ լինելը պատճառ են դարձել, որ նրա աթոռակալությունը մնա անշուք եւ հետաքրքիր իրադարձություններից զուրկ:


Ձեռքի տակ գործնականում ոչինչ չունենալով Դավիթ Բ-ի գործունեության մասին՝ ստիպված ենք բավարարվել նրա աթոռակալության շրջանում տեղ գտած որոշ իրադարձություններին անդրադառնալով: Նրա հովվապետության սկզբներին տեղի ունեցավ Հովսեփ եւ Սահակ իշխանների նահատակությունը: Կայսիկ ցեղի արաբ իշխաններից մեկը, որի անունը պատմությունը չի պահպանել, ամուսնանում է տեղի հայ մի քրիստոնյա աղջկա հետ եւ թույլատրում կնոջը ոչ միայն քրիստոնյա մնալ, այլեւ զավակներին մկրտել եւ քրիստոնյա դարձնել: Հովսեփը, Սահակը եւ երրորդ զավակը, որի անունը մեզ չի հասել, մեծանում են որպես քրիստոնյաներ՝ կրելով իսլամական Յուսուփ եւ Իսաք անունները: Հովսեփը հասունանալով ամուսնանում է, զավակներ ունենում, սակայն շուտով գաղտնիքը բացահայտվում է, եւ ասեկոսեներ են տարածվում մահմեդականի՝ քրիստոնեացած զավակների մասին:


Փոքրը փախչում է Բյուզանդիա, սակայն երբ Հովսեփը պատրաստվում է տնով հեռանալ, եւ Սահակն էլ նրան օգնում է, լուրը հասնում է արաբական իշխանություններին, եւ եղբայրները ձերբակալվում են: Մինչեւ ձերբակալվելը, ինչպես վկայում է նահատակների վարքը, նրանց փորձում է օգնել տեղափոխվելու Քուրդիկ Մամիկոնյան իշխանը, սակայն եղբայրների ձերբակալությունը նրանց Բյուզանդիա փախցնելու փորձերն ի դերեւ է դարձնում: Իսլամի օրենսգետները փորձում են նրանց համոզել՝ հրաժարվել քրիստոնեությունից, անգամ հայրը հորդորում է առերես ընդունել եւ հետո անցնել հույների երկիր, սակայն եղբայրները կտրուկ մերժում են: Համարելով նրանց իսլամությունն ուրացած անձինք՝ եղբայրները դատապարտվում են գլխատման՝ Կարին քաղաքի քաղաքապետի կողմից: Մինչեւ այժմ էլ Կարնում մահմեդականների կողմից հարգված երկու գերեզման կա, որոնց Կարնի քրիստոնյաները ճանաչում էին Հովսեփի եւ Սահակի հանգստարաններ: Եղբայրների նահատակությունը տեղի է ունեցել արաց ամսի 15-ին՝ հինգշաբթի օրը՝ 808 թվականին, որը համապատասխանել է շարժական տոմարի հոկտեմբերի 19-ին, մինչդեռ «Յայսմաւուրք»-ն անշարժ տոմարով այն դնում է հունվարի 22-ին:


Դավիթ Բ-ի օրոք Աշոտ Մսակեր սպարապետը հաղթանակ տարավ Սեւադա անունով մի պարսիկ իշխանի նկատմամբ, որն ապստամբելով ամիրապետի դեմ՝ կամենում էր սեփական իշխանություն ստեղծել՝ դրանում ներառելով նաեւ Հայաստանի հյուսիսային շրջանները: Պատերազմի ժամանակ սպանվում է Աշոտ Մսակերի եղբայր Շապուհը, որի զավակների խնամքը վերցնում է հայոց սպարապետը: Ամիրապետը, որպես շնորհակալության արտահայտություն, Բաղդադում կամ Սամառայում պատանդության մեջ պահվող սպարապետի որդի Սմբատին վերադարձնում է հորը: Մ. Օրմանյանի հաշվարկներով՝ այս դեպքերը տեղի ունեցան 822 թվին Մեմուն ամիրապետի գահակալության օրոք: Սեւադա իշխանը, որ ամուսնացել էր Բագրատունյաց Արուսյակ իշխանադստեր հետ, փորձում էր իրավունքներ բանեցնել հայկական հողերի նկատմամբ եւ, Հովհաննես Դրասխանակերտցու հավաստմամբ, կնոջ անունով՝ երկրի նշանակալից մասը բռնազավթել էր եւ սեփականել: Ըստ որում, այդ ամենը նա իրագործում էր՝ հանդես գալով որպես հայերի պաշտպան եւ արաբական տիրապետության դեմ մարտնչող:


Հոլ ոստիկանը, համաձայն աղբյուրի, աշխատում է հայերի եւ պարսիկների միջեւ գոյություն ունեցող համաձայնությունը խախտել եւ այնուհետեւ ջախջախել Սեւադային: Կամենալով վերջինիս ջախջախել հայերի ձեռքով՝ Հոլը Դավիթ կաթողիկոսին որպես բանագնաց ուղարկեց Սմբատի եւ Սահակի մոտ՝ համոզելու նրանց ետ կանգնել իրենց մտքից, եւ Սեւադայի մոտ՝ նրա հետ համաձայնության գալու նպատակով: Կաթողիկոսի ջանքերը՝ համոզելն ու աղաչանքները ոչինչ չտվեցին, եւ նա ձեռնունայն վերադարձավ: Հոլը ստիպված եղավ բավականին մեծ ուժերով շարժվել նրանց դեմ եւ Հրազդանի հովտում գտնվող Կավակերտ գյուղի մոտ ճակատամարտ տվեց: Սահակ Սյունին ընկավ ճակատամարտում, իսկ Սեւադան եւ Սմբատը հազիվ մազապուրծ փախուստ տվեցին: Վարելով ճկուն եւ հավասարակշռված քաղաքականություն՝ Հոլ ոստիկանը թույլատրեց պատվով հողին հանձնել Սահակ Սյունու մարմինը, իսկ Սմբատին չզրկեց տիրույթներից:


Դավիթ Բ Կակաղեցին այս դեպքերից հետո աթոռակալեց եւս բավական տարիներ, սակայն նրա գործունեության եւ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին մեզ տեղեկություններ չեն հասել: